XIV. Ազատագրում

Հեղինակ: 

Նախկին հրաշամանուկը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Քեմբրիջ, 1913թ. հունիս-1914թ. ապրիլ

Այդ ամառ վերադարձանք Նյու-Հեմփշիր, և ես նոր ուսումնական տարուց առաջ հանգստանալու և սարերի հետ ավելի շատ ծանոթանալու լավ հնարավորություն ունեցա: Սարերն ինձ անվերջանալի ուրախություն էին պարգևում: Դրանք հիմա էլ հոյակապ են, իսկ այն օրերին` պատերազմից, պատերազմի վտանգից առաջ, երկու համաշխարհային պատերազմների մսաղացից առաջ, ավտոմեքենաների հայտնվելուց առաջ, որոնք իրենց հետ բերեցին հեռավորությունների կրճատում և ավտոուղիները դարձրեցին քաղաքային փողոցներ, երկիրը իսկապես հոյակապ էր: Եվ հիմա, երբ ֆիզիկական ակտիվությունս սահմանափակ է տարիքիս և կրած տարբեր փորձանքների պատճառով, որոշակի տխրությամբ մտովի վերադառնում եմ այն ժամանակները, երբ սարերի թեքությունը բարձրանալը առանձնակի ջանքեր չէր պահանջում, և երբ քսան րոպեանոց արագ քայլքից հետո կարող էի բարձրանալ շեկ-մուգ-շագանակագույն անտառով ծածկված սարը: Այդտեղից կարող էի հիանալ հզոր ծառերի բներով, որոնցից յուրաքանչյուրը կարող էր թագավորական նավի կայմ ծառայել: Ես ինչ-որ ռոմանտիկ կապ էի զգում այդ բոլոր բլուրների և անտառների հետ:

Իմ տնային կարևոր պարտականություններից էր փոստը և կաթ բերելը: Ամեն օր քայլում էի երկու մղոն մինչև Ուայթֆեյս գյուղում գտնվող փստատունը և երկու մղոն էլ վերադառնում, և ճանապարհի մի մասը բերանցնում էի նաև կաթի դույլով, որի կանթը խրվում էր ափիս մեջ: Ես հաճույքով էի գնում փոստի ետևից, քանի որ հենց այնտեղ էր ինձ սպասում այն, ինչը պետք է բացեր իմ ճանապարհը դեպի արկածներ՝ ընդունվելու մասին նամակը Ռասելից:

Պրոֆեսոր Հանթինգտոնը խորհուրդ տվեց ամռան ընթացքում, նախքան Ռասելի ղեկավարությամբ աշխատելը, մաթեմատիկայից երկու գիրք կարդալ: Դրանք էին Բոշեի «Ժամանակակից հանրահաշիվ» («Modern Algebra») և Վեբլանի ու Յունգի «Պրոյեկցիոն երկրաչափություն» («Projective Geometry») գրքերը: Առաջին գիրքն այն ժամանակ ինձ վրա առանձնակի տպավորություն չթողեց, չնայած կարդացի մի քանի անգամ, և համարեցի, որ շատ պետքական է մատրիցաների տեսության համար: Երկրորդ գիրքն ինձ դուր եկավ՝ որպես մինչև այդ իմ հանդիպած աքսիոմատիկ մոտեցման ամենահետևողական շարադրանք: Առաջին հատորից, որն այդ ժամանակ ինձ ավելի շատ հետաքրքրեց, գրեթե բոլոր խնդիրները լուծեցի: Գիրքը երկու հեղինակ ուներ, չնայած դարմուտցի Յունգն արդեն շատ էլ արդյունավետ չէր աշխատում, և գրքի հիմնական հեղինակը Օսվալդ Վեբլեն էր Պրինսթոնից: Նա Պրինսթոնի մաթեմատիկական մեծ դպրոցի հիմնադիրն էր, ինչպես նաև Պրինսթոնի հեռանկարային հետազոտությունների իստիտուտի ղեկավարը: Նա, անկասկած, ամերիկյան մաթեմատիկայի հայրերից է:

Մեր ամբողջ ընտանիքը ձմռանը պետք է արտասահման մեկներ: Ավելի շուտ մեկնելու գայթակղությունից այնքան ոգևորվեցինք, որ սկսեցինք տոմսերի հարցով հետաքրքրվել, բայց Բալկաններում պատերազմի ժամանակաշրջանն էր, և հայրս մտածեց, որ քաղաքական մթնոլորտը չափազանց լարված է, որպեսզի համարձակվենք ճամփորդել: Բայց եկավ այն օրը, երբ իսկապես ճանապարհվեցինք: Մենք ընտրեցինք Լիլանդ Լայն ընկերությանը պատկանող ոչ շատ մեծ նավ, որը պատկանում էր Բոստոնից Լիվերպուլ ուղևորներ և անասուն տեղափոխող միջազգային հսկայական սինդիկատի: Հիշում եմ, որ այն երջանիկ օրերին կարելի էր հիսուն դոլարով նավախուց պատվիրել մի մարդու համար, և ամբողջ նավը կլիներ քո տրամադրության տակ:

Մենք Քեմբրիջից ստորգետնյա անցումով և արևելյան Բոստոնի թունելով դեպի ուղևորվեցինք դոկերի և ետնախորշերի լքված այն շրջանը, որը կոչվում էր Արևելյան Բոստոն: Այնտեղ էր կանգնած մեր նավը: Հիշում եմ, թե ինչքան տհաճ էր երկաթգծերի լաբիրինթոսով շարժվելը` ծանր ուղեբեռը ձեռքներիս, հորս խիստ և հակասական հրահանգների ներքո:

Արտասահման մեկնելը երկնքից ուղարկված թեթևացում էր: Սպիտակ ժակետներով ուղեկցորդները մեզ թխվածքաբլիթ և թունդ արգանակ հյուրասիրեցին, նախքան մենք դուրս կգայինք ծովածոցից: Չնայած դեռ Բանկեր Հիլին նվիրված հուշարձանով մեզ ծանոթ հին բոստոնյան նավահանգստում էինք, բայց արդեն ուրիշ պետության տարածքում. ուղեկցորդների շարժուձևը, ուտելիքը, և՛ խմիչքը, և՛ լեզուն, որով մարդիկ խոսում էին, ամենը նոր էր և անծանոթ մեզ համար:

Ծնողներս բնազդային մակարդակի համոզվածություն ունեին, որ անգլերենը, որով իրենք էին խոսում և գիտեին, միակ ճիշտ անգլերենն էր, և մյուս բոլոր ձևերում ինչ-որ տրամաբանական սխալ կար: Համարձակվում եմ ասել, որ հայրս ավելի շուտ կհարմարվեր բասկական կամ տիբեթական բարբառներին, քան կփոխարիներ Բոստոնի ամերկյան անգլերենը Լոնդոնի կամ Լանկաշիրի անգլերենի հետ:

Նավի վրա գերակշռում էր անգլերենի հենց լանկաշիրային տարբերակը: Այդ ժամանակվանից ամենաշատը հենց այդ լեզուն էի լսում, և չնայած, ըստ ամենայնի, դա անգլերենի ամենաբարեհունչ տարբերակը չէ, նրա մեջ մի որակ կա, որը հատուկ է լավ հացին կամ լավ պանրին:

Ուղևորները քիչ էին, և աշխարհի իրադարձությունների մասին ռադիոյով տրվող հաղորդումներն առանձնապես չէին ճնշում: Ճանապարհորդությունը երկար էր, խաղաղությամբ ու հանգստությամբ լի: Սնունդը տանելի էր, բայց ծանր: Նայելու բան էլ չկար, բացի սառը փայլով թափվող ալիքներից կամ ռադիոմեխանիկի հետ ծովային ծեր կապիտանի աղջկա սիրախաղից: Մեկ-մեկ շախմատ և շաֆլբորդ խաղալով՝ շարունակում էինք մեր հարմարավետ ճանապահորդությունը: Եվ մեկ էլ պարզեցինք, որ մեր նավը հասել է Մերսիի նավահանգիստ, որտեղ իջնելու ենք։

Վայրէջքի հետ կապված ձևականությունները պարզ էին: Կիրակի օրվա առավոտ էր, և նախքան Լոնդոն գնալու տոմս կգնեինք, փաբերից մեկում մի կտոր հաց ու պանիր կերանք և շարունակեցինք մեր ճանապարհը: Նայում էի գնացքի պատուհանից և հիշում ագլիական բնապատկերի տպավորությունները, որ մնացել էին երեխա ժամանակվանից: Մասնավորապես հիշում էի թավիշը, փոքրիկ ագարակները և դաշտերը, աղյուսե և քարե կառույցները և հազվադեպ անտառներով ու ցածրահասակ ծառերով բնապատկերները:

Յուստոն կայարանից մեկնեցինք Բլումսբերի, որտեղ այն ժամանակ ավելի շատ, քան հիմա, եկած միջին կարողությամբ գիտական աշխատողին առաջարկում էին մնալու տեղեր: Մենք տեղավորվեցինք Սաութհեմթոն Ռոու հյուրանոցում, որը, ինչպես հետագայում իմացա, փախստականների և հետախույզների մասին տխուր վեպերից մեկում նկարագրել է Գրեհեմ Գրինը, որպես գործողությունների վայր: Մեր Բեդեկերի[1] միջոցով բուսակերների երկու ռեստորան գտանք: Մենք այցելեցինք հորս հին ընկեր Իզրայել Զանգվիլին Թեմպլեի իր բնակարանում և կազմեցինք Քեմբրիջում իմ մնալու ծրագիրը: Մնացած ամբողջ ընտանիքը ձմռանը պետք է Մյունխեն մեկներ: Կոնստանսը պետք է արվեստ ուսումնասիրեր, իսկ Բերտային ուզում էին տալ դեռահաս աղջիկների որևէ մասնավոր դպրոց:

Հայրս ինձ հետ Քեմբրիջ եկավ: Մենք այցելեցինք Բերտրան Ռասելին Տրինիտիի իր տանը, և նա մեզ օգնեց կողմնորոշվելու: Երբ Ռասելի տանն էինք, եկավ մի երիտասարդ, որին հայրս ասպիրանտի տեղ դրեց, և որը ոչ մի հետաքրքրություն չառաջացրեց: Դա մաթեմատիկոս Գ. Հարդին էր, որը հետագայում ինձ վրա մեծ ազդեցություն թողեց:

Պարզվեց, որ ընդունվելու համար ես հատուկ թույլտվության կարիք չունեի, քանի որ Հարվարդի և Քեմբրիջի միջև համաձայնագիր կար խոստումնալից ուսանողների առավելությունների մասին: Այդ պատճառով էլ ես կարծում էի, որ չեմ կարող ապրել քոլեջում, և ստիպված եմ բնակարան վարձել քաղաքում: Հայրս այնքան էլ ջանք չէր թափում ինձ համար վարձով տուն ընտրելիս: Մի տեղ տանտիրուհու ներկայությամբ, ինձ հարցրեց, թե ինչ կարծիք ունեմ այդ բնակարանի մասին: Ինձ թակարդում զգացի: Երբ դուրս եկանք, ստիպված էի հորս խոստովանել, որ այդ սենյակներն ինձ մինչև հիմա իմ տեսածներից ամենավատը թվացին, կեղտոտ և անհարմար: Մեր կնքած բանավոր պայմանավորվածությունը խզելու փոխարեն հայրս հույս հայտնեց, որ ես ստիպված չեմ լինի նորից հանդիպել տանտիրուհու հետ, և այդ խնդիրը թողեց պատահականությանը: Նա Լոնդոն էր շտապում: Վերջապես, ավելի լավ տեղ չլինելու պատճառով, ես մնացի մեկ ուրիշ փոքրամարմին տանտիրուհու մոտ` Նյու-Սքվերում: Նա փոքր վարձի դիմաց համաձայնեց ինձ բանջարեղեն և պանիր մատակարարել, ինչը անհրաժեշտ է հումակերությունս շարունակելու համար:

Այն ժամանակ անհնար էր մտածելը, որ նորմալ դաստիարակված ամերիկացի տղան որոշակի աստիճանի անգլիաֆոբիա չունենար: Երկրու երկրների միջև պատերզմները, ներառյալ չցուցադրվող թշնամական վերաբերմունքը, որը առաջացել էր մեր Քաղաքացիական պատերազմի ժամանակ, իրենց արտահայտությունն էին գտել անգլիական ռեպորտաժներում, որոնք առիթը բաց չէին թողնում յանկիներին կծելու: Բայց ավելի շատ հենց ամերիկացի եռանդուն անգլիասերների ջանքերը ազդեցին, որ ամերիկացի տղան սկսեց դրոշակ թափահարել և ռազմական բացականչություններ անել:

Համենայնդեպս, ավելի ուշ, երբ վերադարձա Անգլիայից, հասկացա, որ իմ և Անգլիայի միջև շատ սերտ և մշտական կապ է հաստատվել, և այդ կապվածությունը հատկապես զգացի Քեմբիջի նկատմամբ: Ես իմացա, որ անգլիացիները խիստ տարբերվում են անգլիասերներից այն հարցում, որ մի անգամ մտնելով պաշտպանական ծածկի տակ, որը նրանց կարծիքով պաշտպանում էր ամերիկացիներից և մյուս արտասահմանցիներից, պատրաստ էին ընդունելու, որ Անգլիայում այնպիսի բաներ կան, որոնք Աստծու տեսադաշտից դուրս են մնացել, և որ աշխարհի հետ ինչ-որ վատ բան է կատարվում: Ես բացահայտեցի, որ որքան ես չէի հավատում անգլիասերների համադարմանին, նույնքան անգլիացիները չեն հավատում նրան, ինչ վերաբերում էր անգլիական հասարակության ներմուծմանը Ամերիկա՝ փոքր մասերով և ծղոտով փաթաթված, Թյուդորների դարաշրջանի դղյակների նման: Կարճ ասած, պարզեցի, որ անգլիասերների Անգլիան հորիված երկիր էր ամպերից վերև, որը գոյություն չուներ օվկիանոսի ո՛չ այս, ո՛չ այն կողմում, այլ կար միայն ընտրյալների հոգիներում:

Նաև իմացա, որ իմ ապրած համայնքներից նրանք, որոնք ամենաշատն էին արտահայտում անգլիական կենսակերպը, իմ մանկության տարիներին համարվում էին իսկական ամերիկական: Գյուղական կյանքը Այերում և Հարվարդում, չնայած այնպիսի գյուղական կյանք չէր, որտեղ կար ազնվական կամ քահանա, այնուամենայնիվ, իսկական անգլիական արմատներ ուներ: Նյու-Հեմփշիրի իմ գյուղական ընկերները, հավանաբար, մինչև երկրորդ գալստյան օրը կդատապարտեն Լճերի երկրում ապրող իրենց նմաններին և նրանց կողմից կընդունվեն իրենց հասցեին նույն կշտամբանքներով, և չնայած փոխադարձ թշնամական զսպվածությանը և բարբառների տարբերությանը, երկու կողմերի դիրքորոշումը գրեթե նույնն էր: Եվ ընդամենը մի քանի շաբաթվա անմիջական շփում էր անհրաժեշտ, որ երկու կողմն էլ գիտակցեր, որ իրենց դիրքորոշումներն և ենթադրություններն այնքան էլ շատ տարբեր չէին:

Անգլիան, որը տեսա առաջին անգամ, դեռ չէր անցել երկու աշխարհամարտերի փորձությունով, և այնտեղ նապոլեոնյան պատերազմից հետո խաղաղություն էր տիրում, եթե չհաշվենք գաղութատիրական պատերազմները և ռազմական բախումները Ղրիմում և Հարավային Աֆրիկայում: Դա Անգլիան էր, որտեղ հարուստներն ապրում էին կարծես դրախտում, իսկ աղքատների կյանքը շատ էր հիշեցնում դժոխքը: Դա Անգլիան էր, որտեղ բանվորի համար շատ ավելի դժվար էր գիտնական դառնալը, քան հիմա՝ մեքսիկական բատրակի: Այդ շերտավորումը և դրան ուղեկցող սնոբիզմը, որը ավելի շուտ աղքատների կողմից ցուցաբերվող մազոխիմ էր, քան հարուստների կողմից ցուցաբերվող սադիզմ, այն էր, ինչը ժամանակի ընթացքում վերջնականապես վերացել էր, ինչպես Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Ֆրանսիայի ci-devants[2], չնայած, հնարավոր է, որ շերտավորման ինչ-որ տարրեր պահպանվել են:

Իմ տանտիրուհին ինձ ծանոթացրեց մի բանի հետ, որ յուրատեսակ անգլիական սնոբիզմ էր և ստրկամտություն, որը այն ժամանակ շատ էր տարածված և հիմա շատ հազվադեպ է հանդիպում: Նա՝ անպետք, չար փոքրիկ կինը, չէր հավանում մեզանից երկու տուն այն կողմ ապրող հարևանին: «Ախր, նա ընդամենը առևտրականի որդի է»,- ասում էր նա, չնայած առևտրականի աստիճանն շատ ավելի բարձր էր, քան այն, որին ինքը կարող էր հավակնել:

Համալսարանի 1913թ. ուսանողները արիստոկրատիայի պատանի զարմերն էին, կամ գոնե պատկանում էին լավ ապահովված միջին դասին: Հենց այդ ժամանակ տեսա ասպիրատուրայի ծնունդը, որին սկսեցին ներդրումներ անել: Աշխատավոր ընտանիքից դուրս եկած պատանին, որը վաղ մանկության հասակում և ավելի վաղ՝ մոր արգանդում վատ սնվելու պատճառով ֆիզիկական զարգացման հապաղում ուներ, փչացած ատամներով, ձեռքի կոշտացած մաշկով, մաշված պիջակով և մեծ կոշիկներով, սովորում է տարրական և միջնակարգ դպրոցում, իսկ հետո իրեն տրվող կրթաթոշակի միջոցով՝ նաև համալսարանում: Դրանք այն մարդիկ էին, ում հիմա ճանաչում եմ որպես երիտասարդ դասավանդողների, նրանց ընդունում էին ընդունակությունների և անձնական որակների պատճառով, բայց հասարակության մեջ նրանց քննադատում էին վատ վարվեցողության համար, որից նրանք չէին կարողանում ազատվել, չնայած ազնիվ և գիտակցական ջանքերին: Մի անգամ չէ, որ նրանցից ոմանք ինձ պատմել են այն ցավագին զգացողությունների մասին, որ տարել են, մինչև սեղանի շուրջ հարգարժան հյուրերի թեթև զրույցին մասնակցել սովորելը:

Երևույթը, որի մասին խոսում եմ, տարածված է անգլիական համալսարաններն անջրպետող սահմաններից շատ հեռու: Հիմա մի տեսակ թեթևություն եմ զգում, որ կարող եմ այգում նստել նստարանին և զրուցել անգլիացի բանվորի հետ, որն ինձ «տեր» չի տեսնում և այդ պատճառով էլ չի վիրավորվում իմ ներկայությունից, ինչպես նաև ինձ հետ զրույցից որևէ օգուտ չի ակնկալում: Հնարավոր է, որ այս գիրքը կարդալով՝ անգլիացիների ժամանակակից սերունդը համարի, որ իր նախնիներին մեղադրում եմ այն թերությունների համար, որ ամենևին հատուկ չեն իրենց, և նոր սերնդի անգլիացին ընդունակ չէ այն հասկանալու: Բայց կարող եմ ասել, քանի որ ամեն տարի այցելում եմ Անգլիա, տեսնում եմ, որ ստրկամտությունը վերանում է, և առաջին պլան են մղվում ընդհանուր արժանապատվության և ընկերության վրա հիմնված հարաբերություններ:

Ահա ամենը, ինչ կապված էր Քեմբրիջի իմ հիշողությունների հետ: Իմ առաջին այցելության ժամանակ այս երկիրը մի քանի օր ուսումնասիրելուց հետո ես բոլորովին հուսահատ և չափազանց մենակ էի: Կիսամյակը դեռ չէր սկսվել, այնպես որ նոր ծանոթություններ դեռ չէի կարող հաստատել: Ես թափառում էի քոլեջների միջև և այգիներում ու լճակների կողքով, և շենքերի ու բուսականության կատարյալ գեղեցկությունն ինձ համար ավելին էին, քան ուղղակի սփոփանքը, որ անցյալի կարոտի ցավ էր: Այդ ընթացքում ծանոթացա երկու ասպիրանտի հետ. մեկը ինդուս էր, որ նույն շենքում էր ապրում, որտեղ և ես, երկրորդը մի երիտասարդ անգլիացի էր, որ երկու շենք հեռու էր ապրում: Նրանք երկուսն էլ սովորում էին սբ. Կատերինայի քոլեջում. նրանք ինձ հրավիրեցին մասնակցելու այդ քոլեջի բանավեճի ակումբի հանդիպումներին:

Հստակ հիշողություններ չեն մնացել այն մասին, թե ինչ էին քննարկում և ինչ էին անում սբ. Կատերինայի քոլեջի այդ ակումբում: Հիշում եմ, որ ինձ մի հոդված տվեցին և խնդրեցին, որ կարդամ ու մի քանի բառ ասեմ դրա մասին: Ես խնդրանքը կատարեցի, և մի աղոտ հիշողություն է մնացել այն մասին, որ խայտառակվեցի: Իհարկե, Քեմբրիջում առաջին մի քանի շաբաթը անցկացրի անգլիացիների կարծիքներն ուսումնասիրելով և ազատվելով իմ վարքի մի քանի անտանելի թերությունից: Գիտեմ, որ իմ անթաքույց ազգայնականությունն ինձ ներքաշել է ինչ-որ մանկական վեճերի մեջ:

Այնուամենայինիվ, զգում եմ, որ դա վճռորոշ փուլ էր իմ ձևավորման համար, և պարտքի մեծ զգացում ունեմ իմ դասավանդողների և ասպիրանտուրայի ընկերների առջև: Նրանց մեջ ես գաղափարների նկատմամբ ընկալունակություն և համբերատարություն տեսա, որ բնորոշ չէր Հարվարդին, և խթանող բանավեճի կարողություն, որով ուսանողին ստիպում էին այդ գաղափարները ներկայացնել:

Թեև ժամանակը շատ լավ էի անցկացնում մի քանի երիտասարդ ասպիրանտների հետ իրենց ակումբներում, ծանոթների խմբերում և հավաքներում կամ ինչ-որ մեկի սենյակում, մի բաժակ թեյի շուրջը, բայց կային տարիքով մի քիչ մեծ, ասպիրանտուրան ավարտող և դասավանդող դառնալու պատրաստվող մի խումբ ասպիրանտներ, որոնք հատուկ բարի էին իմ նկատմամբ և շատ օգնում էին ինձ: Նրանցից մեկը Ֆ. Բարտլետն էր, հիմա արդեն՝ սըր Ֆրեդերիկ Բարտլետ և Քեմբրիջի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր: Ես այնպիսի տպավորություն ունեի, որ նա տեղափոխվել էր ավելի ժամանակակից անգլիական մի համալսարանից, և որ այն ժամանակ նրա առաջընթացի հեռանկարը այնքան էլ լավը չէր: Նրա մշտական հանգստությունը և ցանկացած վեճում իր դիրքերը պաշտպանելու կարողությունը իմ սեփական պոռթկունայնության համար բալասան էին: Նրա քննական դիտողությունները միշտ արդարացի էին, առանց ընկերական հարաբերությունները վնասելու: Ուրախ եմ, որ նրա հետ մեր ընկերական հարաբերությունները պահպանվեցին տասնամյակներ շարունակ և հիմքում որևէ էական փոփոխություն չկրեցին:

Բերնարդ Մասցիոն իմ ավագ ընկերներից մեկն էր, որ իմ նկատմամբ շատ բարի էր և օգնեց հասունանալու: Ավստրալիայում էր ծնվել, այնտեղ էլ ստացել էր իր առաջին աստիճանը: Եռանդը և արձագանքելու արագությունը նրան կարևոր անձ էին դարձրել «Բարոյականության մասին գիտություն» ակումբում, որը ավելի շատ հայտնի էր «Անթույլատրելի բարոյականության ակումբ» անունով, որտեղ մենք նրա հետ մի քանի անգամ ուրիշների հետ բանավեճերի ենք մասնակցել:

Չ. Ք. Օգդենը և Ի. Ա. Ռիչարդեն, որ շատ տարբեր բնավորություն ունեին, իմ առաջին ընկերներն էին: Օգդենը, որ հասել էր նրան, որի ասպիրանտուրայում գտնվելու ժամանակը չլսված շատ տարիներով երկարացվել էր, այդ ժամանակ ապրում էր Պերի Կյուրիի դարպասների մոտ, որտեղ նրա սենյակի պատերը զարդարված էին Անգլիայի գիտական աշխարհի համարյա բոլոր հայտնի մարդկանց նկարներով: Այլ գործերին զուգահեռ նա նաև լրագրող էր և ինձ համոզեց, որ իմ մասին հոդված գրի, որը հրապարակեց «Քեմբրիջ» («Cambridge») ամսագրում, և որի բովանդակությունն իսպառ ջնջվել է հիշողությունիցս տարիների պատճառով: Ռիչարդեն և Օգդենը մոտ ընկերներ էին, և կարծում եմ, արդեն այն ժամանակ, երբ ապրում էին Քեմբրիջում, սկսել էին իրենց համատեղ աշխատանքը, որն ավելի ուշ հրապարակեցին, որպես «Իմաստի իմաստը» («Meaning of Meaning»): Ինչ էլ որ լիներ, արդեն այն ժամանակ նկատելի էր նրանց հետաքրքրվածությունը իմաստաբանությունով:

Քեմբրիջում ինձ շատ զարմացրած բաներից մեկը այն փակ մթնոլորտն էր, որում ապրում էին անգլիական համալսարանների ուսանողները: Իր կրթության ամենաէական և բնորոշ մասը կազմող պատանեկան կարիքներից դրդված՝ նա դպրոցից եկել էր համալսարան՝ ստեղծված սովորողի պատանեկության շատ պահանջների բավարարող սխեմայի համաձայն: Եթե նա լավ էր սովորում, նրա առջև բացվում էր առաջընթացը ամբողջ կյանքի ընթացքում, որը գործնականոում ուղեկցվում էր նույն բարեհաջող հանգամանքերով, ինչ կար ուսման տարիներին:

Անգլիական համալսարանները չնայած այլևս ամուսնանալու իրավունքը ամբողջությամբ բացառող կրթական հաստատություններ չէին, ինչպիսին էին տասնիններորդ հարյուրամյակի սկզբում, այնուամենայնիվ շատ բան էին պահպանել նրանից, ինչը բնորոշ էր վանականների կյանքին: Այսպես, երիտասարդը, ով սկսում է մաթեմատիկա ուսումնասիրել, մաթեմատիկայով պարապելու իր գնահատակնում մեծ ներդրում էր անում իր պատանելան «խաղ ենք խաղում» վերաբերմունքով, որին վարժվում էր կրիկետի դաշտում: Սա, չնայած լավ բաներ շատ էր պարունակում և տանում էր դեպի նվիրվածություն գիտությանը, ինչպիսին դժվար է գտնել մեր առօրյա կյանքում, սակայն չէր նպաստում իր աշխատանքի նկատմամբ հասուն վերբերմունքի զրգացմանը:

Երբ Գ. Հ. Հարդին, և ընթերցողը դա հեշտությամբ կարող է գտնել նրա «Մաթեմատիկոսի արդարացումը» («Mathematician's Apology») գրքում, թվերի տեսությունը համարում է կիրառական օգտակարության չունեցող, նա ամբողջությամբ չի բացահայտում մաթեմատիկայի բարոյական խնդիրը: Իսկապես պետք է մեծ համարձակությամբ օժտված լինես, որպեսզի կարողանաս անտեսել հասարակության պահանջները և հրաժարվես Եգիպտոսի հարստություններից հանուն իսկական մաթեմատիկոսի գիտական ասկետիզմի, որը չի ընդունի մաթեմատիկայի ո՛չ ռազմական, ո՛չ արտադրական նշանակությունը աշխարհի բոլոր բարիքների դիմաց: Այնուամենայնիվ, սա էսկապիզմ[3] է մաքուր տեսքով, որը բնորոշ էր այն սերնդին, ում համար մաթեմատիկան ավելի շուտ ուժեղ դեղամիջոց էր փոփոխվող գիտությունից և աշխարհից, որտեղ ապրում ենք, քան թույլ թմրադեղ, որը օգտագործում են լոտոֆագները:

Երբ արդեն որպես հասուն մաթեմատիկոս Քեմբրիջ վերադարձա, մի քանի տարի աշխատելով ճարտարագետների հետ, Հարդին շատ անգամներ կրկնեց, որ մաթեմատիկային վերաբերող իմ աշխատանքներից շատերում տեխնիկական տերմինաբանությունը ձև թափել է, և որ ես այն օգտագործել եմ, որպեսզի դուր գամ Մասաչուսեթսի ինստիտուտի իմ ընկեր-ճարտարագետներին: Նա համարում էր, որ ես մաքուր մաթեմատիկոս եմ, բայց թաքցնում եմ դա, և որ իմ աշխատանքի այն մասը, որը կապ ուղղակի կապ չունի մաթեմատիկայի հետ, լուրջ չէ: Սակայն դա այդպես չէր: Նույն գաղափարները, որոնք կարող են օգտագործվել այդ «Իմաստունների քավարանում» և հայտնի են որպես թվերի տեսություն, հզոր գործիք են հեռագիրը, հեռախոսը և ռադիոն ուսումնասիրելու համար: Կարևոր չէ, թե որքան է անմեղ իսկական մաթեմատիկոսը՝ իր հոգն և իր շարժառիթները, նա կարծես հզոր ազդակ է հասարակության պատկերը փոխելու հարցում: Հետևաբար նա իսկապես վտանգավոր է որպես ապագայի նոր գիտական պատերազմի մթերապահ: Նրան դա կարող է դուր չգալ, բայց եթե նա այս փաստերը հաշվի չի առնում, նա իր պարտքը ամբողջությամնբ չի կատարում:

Իմ դասընթացը ծրագրելիս Ռասելը լրիվ հիմնավոր նկատեց, որ մարդը, ով պատրաստվում է մասնագիտանալ մաթեմատիկական տրամաբանության և մաթեմատիկայի փիլիսոփայության հարցերում, պարտավոր է ինչ-որ բան էլ իմանալ բուն մաթեմատիկայի մասին։ Այդ պատճառով ժամանակի տարբեր հատվածներում ես անցա մաթեմատիկայի մի շարք դասընթացներ, այդ թվում՝ Բայկերինը, Հարդիինը, Լիթլվուդինը և Մերսերինը: Բայկերի դասընթացին երկար չմասնակցեցի, քանի որ պատրաստված չէի դրան: Իսկ Հարդիի դասընթացն ինձ համար հայտնություն էր: Սկսելով մաթեմատիկական տրամաբանության առաջին սկզբունքներից, հետո անցնելով հավաքածուների տեսությանը, դրանից հետո Լեբեգի ինտեգրալի տեսությանը և իրական փոփոխականի ֆունկցիաների տեսությանը՝ նա ավարտեց Կաշու թեորեմով և կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության համար ընդունելի հիմնավորումով: Իր բովանդակությամբ այդ դասընթացն ընդգրկում էր այն ծավալը, որին ես ծանոթացել էի Քորնելիում պրոֆեսոր Հաթչիսոնի մոտ, սակայն անկասկած այստեղ ուշադրություն էր դարձված այն բաներին, ինչն արգելակում էր դասընթացի իմ ընկալումը: Մաթեմատիկայի դասախոսությունների հաճախելու բոլոր տարիներին երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկը կարողանա այնքան պարզ, այնպես հետաքրքիր և այնպիսի գիտական հիմնավորվածությամբ նյութը շարադրել, ինչպես Հարդին: Եթե երբևէ հարկ լինի, որ ինչ-որ մեկին հայտարարեմ մաթեմատիկայի իմ ուսուցիչ, դա անպայման կլինի Գ. Հ. Հարդին:

Հենց նրա դասընթացում գրեցի մաթեմատիկայից առաջին աշխատանքը, որը հրատարակեցին: Հիմա, երբ հիշում եմ այդ հոդվածը, չեմ կարծում, որ այն շատ լավն էր: Այն նվիրված էր մեծ կարգային թվերի կարգավորված շարքերում դրական ամբողջ թվերի վերակարգավորումներին: Այնուամենայնիվ այն ինձ հնարավորություն տվեց առաջին անգամ զգալու, ինչ է նշանակում հրատարակված լինել, և դա կարևոր ազդակ է երիտասարդ գիտնականի աճը խթանելու համար: Հոդվածը տպագրվեց «Մաթեմատիկայի տեղեկատու»-ում («Messenger of Mathematics»), որը հրատարակվում էր Քեմբրիջում. և ես վայելեցի այն տպագրված տեսնելը:

Բերտրան Ռասելի երկու դասընթացի հաճախեցի: Դրանցից մեկը զգայական տվյալների մասին նրա տեսակետի չափազանց պարզ շարադրանքն էր, իսկ մյուսը Principia Mathematica1 դասախոսական դասընթացն էր: Առաջին դասընթացի մասին պետք է ասեմ, որ ես չէի կարողանում ընդունել նրա տեսակետը զգայական տվյալների բացարձակ բնույթի վերաբերյալ` որպես կենսական փորձի համար ելման նյութ: Ես զգայական տվյալները միշտ դիտարկել եմ որպես պատկերացումներ, ավելին, բացասական պատկերացումներ, որոնք տրամագծորեն հակառակ են ուղղված Պլատոնի գաղափարներին համապատասխանող պատկերացումներին, նաև պատկերացումներ, որոնք հեռու են սկզբնական զգացողությունների չմշակված ապրումներից: Եթե հաշվի չառնենք այս կոնկրետ հարցում մեր տարաձայնությունները, համարում եմ, որ դասընթացի բովանդակությունը նոր էր և խիստ խթանող: Մասնավորապես, ես ծանոթացա Էյնշտեյնի հարաբերականության և դիտարկողի նոր դերի հետ, Էյնշտեյնը, հենց այս դերում լինելով հեղափոխեց ֆիզիկան, իսկ Հեյզենբերգին, Բորին և Շրեդինգերին հաջողվեց հեղափոխել վերջնականապես:

Ռասելի դասախոսական կուրսին երեք հոգով էինք մասնակցում, այդ պատճառով էլ արագ էինք առաջ գնում: Առաջին անգամ լրիվ ընկալեցի տեսակների տրամաբանական տեսությունը և դրանում դրված խորը փիլիսոփայական իմաստը: Ամոթով գիտակցեցի իմ դոկտորական դիսերտացիայի բոլոր թերությունները: Համենայն դեպս, այդ դասընթացի շնորհիվ մի ոչ մեծ աշխատանք գրեցի, որը հետագայում հրապարակեցի, և չնայած այն Ռասելի խրախուսանքին չարժանացավ, ինչպես նաև այն ժամանակ հատուկ ուշադրության չարժանացավ, հարաբերությունների տեսությունը տեսակների տեսության բերելու մասին հոդվածս իր համեստ, բայց հաստատուն տեղը գրավեց մաթեմատիկական տրամաբանությունում: Շուտով, երբ լրացավ տասնինը տարիս, այն հրատարակվեց «Քեմբրիջյան փլիսփոյական ընկերության աշխատանքներում» («Proceedings of the Cambridge Philosophical Society») և իրենով նշեց իմ իրական մուտքը մաթեմատիկական մտքի և ստեղծագործության աշխարհ:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Սմբատ Պետոսյանի


[1]Բեդեկեր- տարբեր երկրներով ուղեցույցի անվանում։
[2] Նախկիններ. Ֆրանսիական հեղափոխության ժամանակ արիստոկրատիայի մասին էին ասում։
[3] էսկապիզմ (փախուստ կյանքում ձանձրութից, տհաճից)։

 

Թարգմանիչ: 
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский