Ազատագրում
Primary tabs
Նախկին հրաշամանուկը
Քեմբրիջ, 1913թ. հունիս-1914թ. ապրիլ (շարունակություն)
Նույնիսկ այսքան տարի հետո ինձ համար դժվար է Բերտրան Ռասելի հետ իմ հարաբերությունների և նրա ղեկավարությամբ իմ կատարած աշխատանքի մասին գրելը: Նոր Անգլիայի յուրաքանչյուր բնակչին հատուկ իմ խստակեցությունը բախվեց անառակության նրա փիլիսոփայական արդարացման հետ: Ընդհանուր շատ բան ունեն թեթևսոլիկը, որը ժպտալու և քաղաքավարի լինելու փիլիսոփայական կիրք է զգում, ինչպես նաև անառակը, որը իր կնոջ մեջ սպանում է կապվածության զգացումը, և սպարտացի տղան, որը գողացված աղվեսն իր թիկնոցի տակ է թաքցրել և ստիպված է դեմքի խաղաղ արտահայտություն պահպանել, երբ աղվեսը կծում է: Սա թեթևսոլիկ փիլիսոփայի նկատմամբ սիրո ոչ մի նշույլ չի առաջացնում: Հնաոճ թեթևսոլիկը գոնե իր անտարբերությունից բավարարվածություն է զգում, խստակյացն աշխատում է կոդեքսի շրջանակում, որտեղ հստակ որոշված են սահմանափակումները, որոնք նրան թույլ չեն տալիս տհաճ իրավիճակներում հայտնվել: Փիլիսոփա թեթևսոլիկը նույնպես սահմանափակ է, ինչպես և խստակյացը, և պետք է չշեղվի տրված ճանապարհից, սակայն այդ ճանապարհը վատ է լուսավորված, և ուղենիշներն էլ հազիվ են երևում: Ես չափազանց ազատ եմ արտահայտվել այս հարցի մասին, և վստահ եմ, որ Ռասելը լսել էր, թե ինչպես մի մութ գիշեր այդ մտքերս քննարկում էի ընկորջս հետ, երբ հանդիպել էինք փողոցում և վերադառնում նրա բնակարանը: Եվ չնայած նա ցույց չէր տալիս, որ լսել է իմ բառերը, այդ դեպքը ինձ հատկապես զգուշավոր դարձրեց նրա քննադատությունների նկատմամբ:
Գիտեմ, որ Ռասելը Հարվարդում պաշտպանած իմ դոկտորական դիսերտացիան համարում էր պահանջներին չբավարարող, քանի որ ես բավականաչափ խորությամբ տեղեկացված չէի տրամաբանական դասերի խնդիրներին և պարադոքսներին, որոնք դժվարություն էին հիմնարար աքսիոմների համակարգ ստանալու հարցում` ի հակադրություն ընդունված տրամաբանության հիման վրա կոնկրետ կառուցված աքսիոմների համակարգի: Ինչ ինձ է վերաբերում, արդեն այն ժամանակ զգում էի, որ տրամաբանական համակարգի համար այդ բոլոր ենթադրությունները պնդելը, ներառյալ նրանք, որոնց միջոցով այդ ամենը կարելի էր իրար հետ կապել՝ նոր եզրակացություններ ստանալու համար, դատապարված էր ավարտուն չլինելու: Ինձ թվում էր, ավարտուն տրամաբանություն ձևակերպելու ցանկացած փորձ պետք է հենվի չհիշատակվող, բայց մարդու՝ մանիպուլյացիաներ անելու իրական սովորության վրա, և փորձել նման համակարգը պահպանել մի լեզվով, որը ամբողջովին պահանջներին բավարարի, նույնն է ինչ վերակենդանացնել հենց իրենց մեջ պարադոքսները, հնարավորին վատ տեսքով: Համարում եմ, որ այդ հարցի վերաբերյալ ինչ-որ բան ասել եմ փիլիսոփայական մի հոդվածում, որը հրատարակվել է «Փիլիսոփայության, հոգեբանության և գիտական մեթոդի ամսագրում» («Journal of Philosophy, Psychology and Scientific Method»): Բերտրան Ռասելը և այն ժամանակի ուրիշ փիլիսոփաներ սովորություն ունեին այդ ամսագիրը «Whited Sepulche»[1] անվանելու, քանի որ շապիկը, որով այդ ամսագիրը հրապարակվում էր, սպիտակ թղթից էր:
Իմ հերետիկոսային հայտարարությունները ավելի ուշ հաստատվեցին Գյոդելի աշխատանքով, ով ապացուցեց, որ տրամաբանական պոստուլատների ցանկացած համակարգում կան հարցեր, որոնց հնարավոր չէ դրական պատասխանել` օգտագործելով միայն այդ համակարգի պոստուլատները: Իսկ դա նշանակում է, եթե պատասխաններից մեկը համապատասխանում է սկզբնական պոստուկատներին, կարելի է ապացուցել, որ հակադիր պատասխանն էլ նույն չափով կհամապատասխանի նրանց: Խնդրի նման մեկնաբանությունը Principia Mathematica-ում հրապարակված Ուայթհեդի և Ռասելի արած աշխատանքի մեծ մասը դարձնում է ոչ պարզ:
Այսպիսով, տրամաբանությունը կատարելագործվելու կարիք ուներ: Սահմանափակ տրամաբանությունը, որը պահպանվում է, ավելի շուտ դարձել է նախնական մշակումն այն բանի, ինչ իրականում անհրաժեշտ է դեդուկցիայի համակարգի համապատասխան աշխատանքի համար, քան նորմատիվային հաշվետվություն այն մասին, թե ինչպես այն պետք է մշակել: Այսպիսով, դեդուկցիոն համակարգից մինչև դեդուկտիվ մեքենան քայլը կարճ է: Լեյբնիցի Calculus ratiocinator[2] ընդամենը շարժիչի կարիք ուներ, որպեսզի դառնար machina ratiocinatrix[3]: Ուշագրավ է, որ ինքս էլ, բոլորովին անկախ, նույնպես քայլ էի արել տրամաբանության վերաբերյալ իմ նախկին աշխատանքից դեպի մեքենայի տրամաբանության ուսումնասիրությունը, և այդպիսով նորից հանդիպել էի պարոն Թյուրինգի գաղափարներին:
Վերադառնալով իմ ուսանողական տարիներին, երբ աշխատում էի Ռասելի ղեկավարությամբ, ցանկանում եմ ասել, որ չնայած մեր տարաձայնություններին և նույնիսկ հակասություններին, այդ օրերին ինձ համար շատ բան պարզվեց: Principia-ի նրա շարադրանքը զարմանալիորեն հասկանալի էր, և մեր փոքրիկ խումբը կարողացավ այդ դասընթացից առավելագույն գիտելիքներ քաղել: Փիլիսոփայության նրա դասախոսությունները նույնպես յուրովի գլուխգործոցներ էին: Բացի նրանից, որ Ռասելն ընդունում էր Էյնշտեյնի կարևորությունը, նա նաև տեսնում էր էլեկտրոնի տեսության նշանակությունը ներկայի և ապագայի համար, և ինձ մղում էր այն ուսումնասիրելու, չնայած այն ժամանակ դա ինձ համար շատ դժվար խնդիր էր, քանի որ ֆիզիկայից համապատասխան պատրաստվածություն չունեի: Սակայն ինձ թվում է, որ քվանտային տեսության նրա գնահատականներն էլ նույնքան որոշակի և ճշգրիտ չէին: Պետք է հիշել, որ գիտության մեջ նոր դարաշրջան բացած Բորի աշխատանքը այն ժամանակ նոր էր լույս տեսել, և իր սկզբնական տեսքով չէր տրվում փիլիսոփայական մեկնաբանության: Մոտ տասներկու տարի հետո, 1925թ., Բորի աշխատանքի առաջացրած կարծիքների բախումը սկսեց պարզվել, և Բրոյլի, Բորնի, Հեյզենբերգի և Շրեդինգերի գաղափարները ցույց տվեցին, որ քվանտային տեսությունը նույնքան մեծ հեղաշրջում էր ֆիզիկայի փիլիսոփայական հիմնադրույթներում, ինչպես Էյնշտեյնի աշխատանքը:
Ինչ վերաբերում է կյանքի հասարակական ոլորտին, Բերտրան Ռասելի հետ իմ շփման ամենավառ հիշողությունները կապված են հինգշաբթի երեկոների հետ, որ նա կազմակերպում էր, հրավիրված հյուրերի քանակի պատճառով դրանք «սքվոշ»[4]էին կոչվում: Շատ հայտնի մարդիկ էին հավաքվում: Այնտեղ լինում էր մաթեմատիկոս Հարդին: Լինում էր նաև Լոուես Դիկինսոնը՝ «Չինացի Ջոնի նամակները» և «Ժամանակակից Սիմպոզիում» գրքերի հեղինակը, որ նաև այն ժամանակ լիբերալ քաղաքական մտքի հենարանն էր: Այնտեղ լինում էր նաև Սանտայանան, որ վերջնականապես թողել էր Հարվարդը և Եվրոպայում էր ապրում: Նրանցից բացի հետաքրքիր զրուցակից էր ինքը Ռասելը: Մենք շատ էինք լսել նրա ընկերների՝ Ջոզեֆ Կոնրադի և Ջոն Գոլսուորսի մասին:
Տրինիտիի[5] իմաստունների մեջ, որոնց հետ ինձ հաջողվել է շփվել, կային բարոյական գիտությունների չափազանց կարևոր երեք դասավանդողներ, որոնք հայտնի էին որպես «Խելահող թեյըմպում Տրինիտիում[6]»: Նրանց հնարավոր չէր շփոթել ուրիշի հետ: Ուղղակի անհնար է Բերտրան Ռասելին այլ կերպ նկարագրել, քան ասել, որ նա նման էր Գլխարկագործին: Նա միշտ եղել է հայտնի բարեհոգի Գլխարկագործ, իսկ հիմա ալեհեր Գլխարկագործ է: Տենիլի ծաղրանկարային պատկերները գրեթե ապացուցում են նկարչի կանխատեսումը, չնայած ինձ ասել են, որ Լյուիս Քերոլի և Տենելի ծաղրանկարների համար կերպար է ծառայել իսկական վարպետ գլխարկագործ Օքսֆորդից, և որ նրա «անհարմար դիրքերը» արդյունաբերական սնդիկից թունավորման արդյունք են: Մակ Թագարտը՝ հեգելյան ուսումունքի հետևորդը և Ուելսի «Նոր Մաքիավելու» դոկտոր Քոջերը, իր թմբլիկ, կարծես մանկական ձեռքերով, իր դեմքի անմեղ և քնկոտ արտահայտությամբ, իր մի քիչ թեքված քայլվածքով, կարող էր միայն Քնամուկը լինել:
Երրորդը՝ դոկտոր Ջ. Է. Մուրը, կատարյալ Մարտյան Նապաստակն էր: Նրա հագուստը միշտ կավճով կեղտոտված էր, գլխարկը՝ միշտ ճմրթված կամ ընդհանրապես բացակայում էր, մազերը խճճված էին և վաղուց սանրի երես չէին տեսել այդ մարդու ցրվածության պատճառով: Մազերը ձեռքով ուղղելու սովորությունը ոչ մի բանով չէր օգնում նրա սանրվածքին: Նա դասի գնում էր ամբողջ քաղաքով ոչ այլ կերպ, քան տնային հողաթափերով, իսկ հողաթափերի և փողքերի միջև (որը մի քանի դյույմ կարճ էր, քան պետք է լիներ) երևում էին ճմրթված սպիտակ գուլպաները: Նա գրատախտակին գրված բառերը նշելու տարօրինակ սովորությունն ուներ. դրանք ընդծելու փոխարեն նա կավիճով ուղղակի գիծ էր քաշում այդ բառի վերևից: Փիլիսոփայական վեճերում նա սովորություն ուներ ոչնչացնող դիտողություններ անելու` թեթևակի խեղդվելով, բայց հանգիստ և ժպտալով: «Իսկապես,- ասում էր նա,- չի կարելի սպասել, որ առողջ բանականություն ունեցող որևէ մեկը նման տեսակետը պաշտպանի»: Համենայնդեպս, «Գիտություն բարոյականության մասին» ակումբում նա մի անգամ արցունքների հասցրեց տիկին Ջոունս Գիրթոնին, որ իրենց սխալները պաշտպանողների շրջանում հայտնի էր որպես «Մամի Ջոունս»: Սակայն երբ ստիպված էի մոտիկից ծանոթանալ նրա հետ, և երբ իմ աշխատանքի ընդդիմախոսության պատճառով նրանից կախված էի, նկատեցի, որ նա բարի և բարեհամբույր մարդ էր:
Դասավանդողների շրջանում սովորություն կար պարգևատրել անհատականության դրսևորման համար, ինչը շատ դեպքերում դառնում էր պարգև տարօրինակության համար: Քեմբրիջի իմ մի քանի ընկերներն ասում էին, որ իրենց կարծիքով իմ տարօրինակ սովորություններից մի քանիսը այն հաշվով եմ անում, որ դրանք խրախուսվեն: Համենայնդեպս, դա այդպես էր. և չնայած չեմ կարծում, թե Ռասելի առանձնահատկությունները (որոնք հազիվ նշմարելի էին) այլ բան էին, քան նրա ազնվական ծագման ցուցադրություններ, ես բացարձակապես վստահ եմ, որ Գ.Է. Մուրի թափթփվածությունը և Մակ Թագարտի ակադեմիական անգործնականությունը շատ մանրամասնորեն մշակվում էին: Նրանք հիշեցնում էին հին պորտվեյնի համը, որը անկատար կլիներ առանց գինեգործի հմուտ միջամտության:
Կիսամյակի ընթացքում շատ մարդկանց հետ ծանոթացա, և բուխարիկս զարդարված էր բանավեճերի տարբեր ակումբների հրավիրատոմսերով: Մի անգամ հրավեր ստացա այցելելու պարոն Զանգվիլի ընկերներից մեկին, որը քաղաքից տասնհինգ մղոն հեռու էր ապրում և հայտվեցի այնտեղ փոշոտ և ցեխոտ, քանի որ այդ ամբողջ ճանապարհը ոտքով էի անցել: Ընդհանուր առմամբ, կիսամյակի վերջում իմ ուրույն տեղն ունեի Քեմբրիջի հասարակությունում: Ինձ նույնիսկ սկսել էր դուր գալ իմ նոր շրջապատը:
Բայց ամեն դեպքում, ֆիզիկական իմաստով, ժամանակի մեծ մասը ես ինձ լավ չէի զգում: Տանտիրուհիս ինձանից բավականին քիչ էր ստանում, բայց դա հազիվ թե հարգելի պատճառ լիներ, որ ինձ կերակրեին հում գազարով և բրյուսելյան չուտվող կաղամբով, ինչը նա ներկայացնում էր որպես բուսակերների կերակուր: Իմ սննդակարգը հաճախ էի լրացնում շոկոլադի սալիկներով և նման բաներով, բայց արդյունքում մնում էի խիստ թերսնված:
Ազատ ժամերիս, իսկ այդպիսիք շատ էին, իմ փրկությունը «Յունիոնն» էր և նրա գրադարանը: Հարվարդյան «Յունիոնին» իմ պատկանելն ինձ հնարավորություն էր տալիս օգտագործելու այն ամենը, ինչ ուներ Քեմբրիջյան նմանակը, նույնիսկ մի երկու անգամ մասնակցել եմ բարձր կուրսեցիների հայտնի բանավեճերին: Ավելին, ընկերներիցս ոմանք երբեմն խնդրում էին միասին ճաշել «Յունիոնում», այդ ձևով էլ իմացա անգլիական ակումբի որոշ հաճույքների մասին:
Քեմբրիջում շրջապատն ինձ շատ ավելի հաճելի էր, քան Հարվարդում: Քեմբրիջն ամբողջությամբ ընկղմված էր գիտության մեջ: Ձևացնելը, թե գիտական խնդիրները քեզ չեն հետաքրքրում, հարվարդյան հարգարժան գիտնականի համար sine qua none[7] էր, իսկ Քեմբրիջում ընդունված և հետաքրքիր խաղ էր, որի իմաստն այն էր, որ մենակ մնալով՝ պետք է ջանասիրաբար աշխատեիր, սակայն հասարակության մեջ պետք է ձև անեիր, իբր դրա նկատմամբ անտարբեր ես: Ավելին, Հարվարդում տարօրինակությունը և անհատականությունը միշտ անբարյացակամություն էին առաջացնում, իսկ Քեմբրիջում, ինչպես արդեն ասել եմ, տարօրինակությունն այնքան բարձր էր գնահատվում, որ նրանք, որ զուրկ էին դրանից, ստիպված էին ձևացնել հանուն քաղաքավարության:
Այսպիսով, դեկտեմբերին, երբ ուղևորվեցի Մյունխեն, որպեսզի ծննդյան արձակուրդն ընտանիքիս հետ անցկացնեմ, և երջանիկ էի, և ինձ այնքան լավ էի զգում, ինչպես նախկինում երբեք: Ճանապարհորդությունը զվարճալի էր: Ես մայրցամաքը կտրեցի հարվիչյան[8] ճանապարհով և ամբողջ ճանապարհորդության ընթացքում ժամանակը վատ չանցկացրեցի: Ես արևածագից շատ շուտ էի արթնացել, որպեսզի տեսնեմ Հոլանդիայի ազդանշանային լույսերը, և հաճելի զարմացա լսելով բեռնակիրերի հոլանդերենը: Նախաճաշեցի երկաթգծի մեծ և դատարկ կայարանում, որտեղ յուրաքանչյուր ձայն խուլ արձագանք էր առաջացնում, և արևածագը ինձ հանդիպեց արդեն Ռոտերդամի ճանապարհին: Չգիտեմ, անգլերենի թե իմ վատ գերմաներենի, թե ժեստերի շնորհիվ ինձ հաջողվեց բեռնակրին համոզել, որ իրերս սայլակով տեղափոխի ամբողջ քաղաքով` մինչև մյուս կայարանը, և շուտով արդեն նստած էի Քյոլն մեկնող գնացքում, անհարմար տեղավորված երրորդ կարգի կուպեում, որի պատուհանները հերմետիկ փակ էին, և մթնոլորտը կիսով չափ բաղկացած էր ծխախոտի ծխից, կիսով չափ՝ շրջիկ առևտրականների հոտից:
Քյոլն հասա կեսօրից մի քիչ ուշ և տեղավորվեցի էժանագին մի հյուրանոցում, որը, ինչպես հիմա ինձ թվում է, ոչ այլ ինչ էր, քան մատուցողների կացարան: Նույն օրը արդեն չէի կարող Մյունխեն մեկնել, այնպես որ գնացի քաղաքով զբոսնելու և փորձում էի թարմ տպավորություններս համադրել տասնմեկ տարի առաջ մանկական տարիքում ունեցած ճամփորդական հիշողությունների հետ: Նկատեցր, որ իրականում բավականին բան պահպանվել էր հիշողությանս մեջ. Օրինակ՝ կայարանը, կամուրջը և տաճարը:
Հաջորդ օրը Մյունխեն մեկնեցի ուղիղ չվերթի գնացքով: Ամենը, ինչ տեսա ճանապարհին, ինձ հաճույք էր պատճառում՝ ձյունով թեթևակի ծածկված անտառները, գյուղերն ու կայարանները, որ հիշեցնում էին նկարներ՝ Անկեր շինարարական կոնստրուկտորից, որով խաղում էի երեխա ժամանակ: Գերմաներենի իմ գիտելիքները բավարար չէին, որպեսզի կարողանայի շփվել խցիկիս հարևանների հետ, այնպես որ ճանապարհի մեծ մասը ուշադրությունս գամված էր պատուհանից դուրս երևացող բնապատկերին: Հռենոսի ափերի տեսքը իմ մեջ մանկության տարիներին ունեցած ճանապարհորդության հիշողություններ առաջացրին, իսկ Ֆրանկոնիայի սարերը, որոնց լանջերը ծածկված էին անտառներով, նույնիսկ հեռավոր կապ չառաջացրին Սպիտակ Սարերի հետ:
Ընտանիքս ինձ դիմավորեց Մյունխենի կայարանում, և ինձ տարան հնաոճ, բայց քաղաքի կենտրոնում գտնվող բնակարանը, որը նրանք վարձել էին: Չնայած Ամերիկայում վաղուց կային բազմաբնակարան շենքեր, բայց այդպիսի բնակարնում դեռ չէի ապրել, և ծնողներիս էլ չէր գրավում այդպիսի շենքի բնակարաններից մեկում ապրելը: Դրանից բացի, երեխա ժամանակ ինձ ներշնչել են այն կարծիքը, որ քաղաքում այդպիսի բնակարաններում ապրելը վկայություն է զրկանքների և անհաջողակ մարդկանց մասին, որ ստիպված են այդտեղ տեղավորվել: Փաստը, որ մեր տանտիրուհին անգլերեն չէր խոսում, իսկ մայրս էլ իրեն վստահ չէր զգում գերմաներեն խոսելիս, չէր նպաստում իրավիճակի թեթևացմանը:
Հայրս ժամանակն անց էր կացնում Բավարական դատարանում և Պետական գրադարանում աշխատելով: Հարվարդի գրադարանից հեռու (որտեղ երկարատև աշխատանքի շնորհիվ նա կարողանում էր իրեն անհրաժեշտ գիրքը արագ գտնել) և գրադարակներին մոտենալու թույլտվության սովորական սահմանափակումների և գրքերի հաշվառման՝ Միացյալ Նահանգների սահմաններից դուրս ամենուր ընդունված վատ համակարգի պատճառով նրա աշխատանքը շատ դանդաղ էր առաջ գնում: Ավելին, նա խոր հիասթափություն էր ապրում այն պատճառով, որ իր անունն այնքան էլ հայտնի չէր իր եվրոպացի գործընկերների շրջանում, ինչպես ինքն էր կարծում, և որ նրանց հետ գործնականում փոխհարաբերություն չուներ: Ինչ-որ չափով այդպես էլ պետք է լիներ, քանի որ հայրս իր աշխատանքի սեփական մեթոդն ուներ, կարող էր անհերքելիորեն առարկել գիտնականների, իր ժամանակակիցների ենթադրությունների դեմ և գրում էր խիստ ձևով, ինչը վիրավորում էր նրանց անձնական կարևորության զգացումը: Այդ ժամանակ Գերմանիայում հասարակությունը հիերախային կառուցվածք ուներ. ներքևում բանվոր դասակարգն էր, իսկ ամենավերևում Կայզերն էր. և համալսարաններն էլ իրենց հիերարխիան ունեին: Եվ աննկարագրելի սկանդալ էր, որ այդ համակարգում իր տեղը չունեցող մի արտասահմանցի ելույթ էր ունենում գերմանական գիտական Geheimrats[9] ամբողջ դպրոցի դեմ: Զգայուն մարդ լինելով՝ հայրս չէր կարող չզգալ այն մթնոլորտը, որը խտանում էր նրա շուրջը:
Մինչև այդ հայրս միշտ հիանում էր գերմանական մշակույթով և գերմանական կրթական համակարգով: Չնայած նրա համար միշտ տհաճ էին ռազմականացումը և չինովնիկությունը, որ զարգացել էին նրա երիտասարդության տարիներին, ընդհանուր առմամբ և ամբողջությամբ նա վերջին հարյուրամյակի կեսերի գերմանական ազատական էր: Նրա զարգացման վրա զուգահեռաբար ազդել են ռուսական տոլստոյականությունը և Գերմանիան, և դրանք նրա մեջ հակասություններ չեն առաջացրել: Տարիներ շարունակ նա սպասել էր, թե երբ կվերադառնա Գերմանիա և գերմանացի գիտնականների կողմից կընդունվի որպես մեծ գիտնական: Երբ դա տեղի չունեցավ, նա իրեն մերժված զգաց, կամ, ուղղակի չընդունված, և նրա կրքոտ ցանկությունները վերափոխվեցին ատելության, որը նույնքան դառն էր, որքան կորսված սիրո պատճառով ատելությունը:
Քույրերս համպատասխանաբար լավ դպրոցներում էին տեղավորվել: Չեմ հիշում, թե Կոնստանս քույրս ինչ երաժշտական և գեղարվեստական կրթություն էր ստացել, նախքան գեղարվեստական թեքումով դպրոցում աշխատել որոշելը: Բերտային ուղարկել էին մոդայիկ և հարգված օրիորդաց դպրոց՝ Institut Savaute, որտեղ նա իր ընդհանուր կրթության և Գերմանիան յուրացնելու շնորհիվ հաջողությունների էր հասել: Այնքան էլ լավ չեմ հիշում, թե ինչով էր զբաղվում Ֆրիցը այդ ուսումնական տարվա ընթացքում:
Այդ ժամանակ արդեն բավականին հասուն էի, որպեսզի հորս կողմից որպես ընկեր ընդունվեի: Միասին տարբեր դասախոսությունների էինք գնում կամ գարեջրի գավաթի շուրջ հավաքների, որտեղ հետաքրքիր թեմաներ էին քննարկվում: Հիշում եմ խաղաղությանը և ամբողջ աշխարհում փոխըմբռնմանը նվիրված այդպիսի հանդիպումներից մեկը, որտեղ ելույթ ունեցավ Դավիդ Սար Ջորդանը՝ հայտնի ձկնաբան և Սթենֆորդի համալսարանի նախագահը: Հիշում եմ, որ գարեջուր էի խմում և շատ հասուն զգում գերմանական ուսանողների շրջանում:
Երբեմն ծնողներս ինձ հետները տանում էին Պլեցլ և ուրիշ կաբարեներ. քույրերիս հետ հաճախ կինո էի գնում, որտեղ նոր սկսել էին հայտնվել կինեմատոգրաֆիայի վերջին ձեռքբերումները: Երբեմն էլ այցելում էի տոնավաճառներ և թանգարաններ: Սակայն ինձ հատկապես ուրախացնում էր գիտության, տեխնիկայի և արդյունաբերության Գերմանական թանգարան այցելելը: Ցուցանմուշների մի մասը հնացած էր և պատմական նշանակություն ուներ, բայց թանգարանը համաշխարհային գիտական փորձերի մեթոդների ցուցադրության առաջատարն էր. դրանք այցելուն կարող էր ինքը կատարել ապակե պատնեշի ետևից՝ պարանը քաշելով կամ կարգավորիչները պտտելով: Այնտեղ աշխատում էին հաճելի տարեց հսկիչներ, որոնք միշտ պատրաստ էին այցելուին ծառայություն մատուցելու և ցուցադրելու հետաքրքիր բաներ, որոնք դրված չէին ընդհանուր դիտման: Հատկապես հիշում եմ նրանցից մեկին, որ շատ բարի էր իմ նկատմամբ. նա անգլերեն մի քանի բառ գիտեր և հաճելի բավարական առոգանություն ուներ:
Գերմանական թանգարանում ժամանակակից գիտական գրադարան կար, որտեղ ջանասիրաբար կարդում էի տարբեր գրքեր, որոնք Ռասելը խորհուրդ էր տվել: Դրանց մեջ էր, հիշում եմ, Էյնշտեյնի հոդվածը բնագրով: Արդեն ասել եմ, որ Ռասելը առաջին փիլիսոփաներից էր, որոնք ընկալեցին Էյնշտեյնի աշխատանքի հսկայական նշանակությունը այդ annus mirabilis[10] 1905թ., երբ նա ստեղծեց հարաբերականության տեսությունը, լուծեց բրոունյան շարժման խնդիրը և մշակեց ֆոտոէլեկտրական երևույթների քվանտային տեսությունը:
Այդ արձակուրդներից հաճելի հիշողություն էր նաև Անգլիական այգին, չնայած, որ ձմեռ էր, և այն ձյունով էր ծածկված: Հիշում եմ չինական եղանակի մոտ, լճակների վրա չմուշկներով սահող մարդկանց: Այն ժամանակ չգիտեի, որ Անգլիական այգին բաժանված է Նոր Անգլիայի յանկիների՝ Մասաչուսեթս նահանգի Ուոբուրն քաղաքի հայտնի Բենջամին Թոնփսոնի, կոմս Ռամֆորդի և գանձապահ Բենեդիկտ Արնոլդի ծրագրի համաձայն:
Քեմբրիջ վերադարձա հունվարին: Այս քաղաքում ինձ զգում էի գրեթե ինչպես տանը և առաջվա նման միայնակ չէի: Շարունակեցի փիլիսոփայությամբ և մաթեմատիկայով զբաղվելը և սկսեցի երկրորդ հոդվածը գրել Քեմբրիջի փիլիսոփայական ընկերության համար: Այս անգամ փորձեցի Principia Mathematica-ի տերմիններն օգտագործել նկարագրելու համար մի շարք որակներ, որոնք հայտնաբերվել էին գունային բուրգում և չէին դիտարկվել շարքի Ուայթհեդի և Ռասելի մեկնաբանություններում, քանի որ նրանք անվերջ ձգելի չէին երկու ուղղություններով: Ես անհրաժեշտ համարեցի չափման համակարգերի տրամաբանական մեկնաբանություն տալ դիտարկման արդյունքների շեմային մեծությունների առկայության դեպքում, որոնց միջև տարբերությունը հազիվ նշմարելի է: Հոդվածում օգտագործում էի որոշ գաղափարներ, որոնք կապ ունեին պրոֆեսոր Ուայթհեդի գաղափարների հետ, որ այդ ժամանակ դասավանդում էր Լոնդոնյան համալսարանում, և ով միայն վերջերս էր օգտագործում տրամաբանական միավորներ կառուցելու նոր մեթոդը տարրական միավորներից, որոնք որևէ առանձնահատուկ հատկությամբ օժտված չէին, այն բանի փոխարեն, որ դրանք սահմանի աքսիոմների համակարգի օբյեկտներ: Հանդիպելու խնդրանքով դիմեցի պրոֆեսոր Ուայթհեդին և այցելեցի նրան Չելսիում իր տանը, որտեղ և ծանոթացա նրա ընտանիքի հետ: Այդ ժամանակ չէի էլ ենթադրում, որ պրոֆեսոր Ուայթհեդը իր երկարատև և օգտակար գործունեությունը կավարտի Հարվարդում իմ հարևանի կարգավիճակում, և որ հետագայում ես, որպես անշնորհք աշակերտ, նրա աղջկա մոտ կուսումնասիրեմ լեռնամագլցման որոշ տարրական հիմունքներ Երկնագույն բլուրներում և Քվինսիի հանքերում:
Ես մտադիր էի ուսումնական տարին Քեմբրիջում ավարտել, բայց պարզվեց, որ Ռասելին երկրորդ կիսամյակին հրավիրել են Հարվարդ, այնպես որ գարնանային կիսամյակին Քեմբրիջում մնալով, ես զբաղված կլինեի դատարկ ժամավաճառությամբ: Ռասելի խորհրդով որոշեցի ուսումնական տարին ավարտել Գյոթինգենում՝ ուսումնասիրելով մաթեմատիկա Հիլբերտի և Լանդաուի մոտ, իսկ փիլիսոփայություն` Գուսերլի մոտ: Մյունխեն վերադարձա վերջին երկու քննարշրջանների միջև ընկած ժամանակահատվածում: Հայրս արդեն մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ մխիթարվում էր գերմաներենի բաժնից մի քանի երիտասարդ գործընկերների շրջապատում, բայց մայրս և մեր ընտանիքի մյուս անդամները դեռ Մյունխենում էին:
Այդ տարի կարդացի, որ Հարվարդը ուսանողների մրցանակներ է սահմանել` ինչպես բարձր կուրսեցիների, այնպես էլ ասպիրանտների գրած էսսենրի համար: Պարզեցի, որ ես իրավունք ունեմ մասնակցելու Բոուդոն (Bowdoin) մրցանակներից մեկի մրցույթին և ուղարկեցի բավականաչափ հոռետեսական բովանդակությամբ էսսե, որը անվանեցի «Ամենաբարձր բարիքը» («The Highest Good»): Այն ենթադրվում էր որպես հերքում կամ, ամեն դեպքում, որպես բացառում բոլոր բարոյական բացարձակ նորմերի: Ո՛չ որպես ստեղծագործություն, ո՛չ որպես փիլիսոփայական էսսե այն Բարլետի վրա տպավորություն չթողեց, բայց ինչ էլ որ լիներ, ես մրցանակներից մեկը շահեցի: Բացարձակապես վստահ եմ, որ սըր Ֆրեդերիկը այս ամենը դիտում էր ավելի շուտ որպես Հարվարդի թերությունը, քան իմ անձնական հաջողությունը:
Անգլիայից իմ մեկնելը մռայլվեց տանտիրուհուս հետ կապված մի տհաճ միջադեպով: Երբ հայրս նրա հետ պայմանավորվում էր, կարծում էր, որ նրա մոտ կապրեմ մեկ կիսամյակ կամ ավելի քիչ: Սակայն Քեմբրիջում ընդունված սովորության համաձայն կիսամյակը ունի որոշակի երկարություն, և ավելի երկար է, քան ընդունված ամբողջ կիսամյակը, որի ընթացքում ուսանողները պետք է ապրելու տեղ ունենան, և բոլոր պայմանագրերը կնքվում էին ավելի երկար ժամանակահատվածի համար: Երբ մոտենում էր երկրորդ կիսամյակի ավարտը, տանտիրուհիս այդպիսի պայմանագրի պահանջ ներկայացրեց: Սկզբում նա պահանջում էր, հետո սկսեց ճնշել ինձ, իսկ հետո ճնշելուց անցավ վիրավորանքների: Իմ պատասխան արձագանքը միայն իրավիճակը վատացրեց: Իմ ասպիրանտ ընկերներից մեկը, ում դիմեցի խորհրդի համար, առաջարկեց ոչ մեծ անկարգություն կազմակերպել, բայց չնայած որ ես դմբո էի, այդքան էլ հիմար չէի: Երբ փորձեցի ճամպրուկներիցս մեկը դուրս հանել, տանտիրուհիս մյուսը պահեց, և երբ դիմեցի ոստիկանություն, որպեսզի օգնեն ճամպրուկս ետ ստանալու, հայտարարեցին, որ դա քաղաքացիական գործ է, և ոստիկանությունը ոչինչ չի կարող անել նման դեպքում:
Ես շատ քիչ փողով էի ապրում, այնպես որ երբ տանտիրուհուս վճարեցի ճամպրուկիս համար պահանջվող ամբողջ գումարը, նկատեցի, որ Մյունխեն հասնելու համար փողը չի բավականացնում: Ոչ մեծ գումար պարտքով վերցրեցի «Յունիոնի» պահակից: Ամոթից չափազանց փոքր գումար էի վերցրել: Արդյունքում, Մյունխեն գնացող գնացքում նստած ստիպված էի ընտրել` նախաճաշեմ և մնամ առանց ճաշի, թե՞ հակառակը: Չեմ հիշում, թե որը նախընտրեցի: Ամեն ինչ վերջացավ նրանով, որ երբ Մյունխենում գնացքից իջա, գրպանումս փող չկար: Բարեբախտաբար պահախցիկի համար պետք էր վճարել այն ժամանակ, երբ բեռը վերցնում ես, այդ պատճառով էլ բեռս թողեցի կայարանում և ոտքով գնացի մեր բնակարանը:
Բնակարանում պարզեցի, որ իրավիճակը լարված է: Տանտիրուհու և մորս միջև եղած թեթևակի թյուրիմացությունն այն բանից հետո, որ հայրս մեկնել էր և իր գերմաներենով չէր կարող օգնել, վեր էր ածվել մեծ վեճի: Մայրս գնաց ուրիշ բնակարան փնտրելու և հսկայական ջանքերից հետո մեզ հաջողվեց բնակարան գտնել արվարձանում, գրեթե Անգլիական այգու հյուսիսային մասի հարևանությամբ: Այստեղ մենք հանգիստ ապրեցինք:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի
[1]Երկերեսանի: Աստվածաշնչյան երկերեսանին համեմատվում է ներկված (սպիտակեցված) դագաղի հետ, որը արտաքինից գեղեցիկ է, իսկ ներսում լցված է «մեռելների ոսկորներով և տարբեր կեղտերով»: Ռուսերեն թարգմանչի մեկնաբանությունը:
[2]Հաշվիչ (լատ.)։
[3]Հաշվիչ մեքենա (լատ.)։
[4]Squash – 1. Հրմշտոց, ամբոխ։ 2. Խաղի տեսակ, որ խաղում են թեթև գնդակով և ձեռնաթիակներով։
[5]Trinity-երրորդություն։
[6]Հղում է աչվում Լ.Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքին։
[7]Պարտադիր պայման։
[8] Հարվիչ` նավահանգիստ Անգլիայում։
[9] Գաղտնի խորհրդական։
[10] Նշանավոր տարի։
- Բացվել է 1059 անգամ