Սիմֆոնիա. խնայեք իմ խոսքը
Primary tabs
Ընտանեկան դաստիարակության արվեստը
Մանկավարժական էսսե
Դուք պատրա՞ստ եք օգնելու ինձ, որ զարգանամ:
Մեծ շնորհ արեք:
Եվ առաջին հերթին հոգացեք իմ խոսքի զարգացումը:
Մի՛ կարծեք, թե խոսքը հարկավոր է ինձ միայն մարդկանց հետ շփվելու համար: Խոսքի օգնությամբ ես կշփվեմ թե՛ ձեզ հետ, թե՛ կենդանական աշխարհի, թե՛ բույսերի, թե՛ քարերի, թե՛ աստղալից երկնքի, թե՛ Աստծո հետ: Խոսքի օգնությամբ ես կհասկանամ և կդրսևորեմ ինձ, կարտահայտեմ իմ մտքերը, իմ զգացմունքները, կդաստիարակվեմ:
Խոսքը մեր ոգու արտահայտիչն է:
Դուք ինչպե՞ս եք զարգացնելու իմ խոսքը:
Դեպի ո՞ւր եք ուղղորդելու իմ խոսքը:
Ես ձեզ համար խորհուրդներ ունեմ, խնդրանքս ձեզ:
Առաջին՝ ձեր մաքուր խոսքը իմ խոսքի զարգացման ամենագլխավոր պայմանն է: Այն մաքուր պիտի լինի ոչ միայն ինձ հետ շփման ընթացքում, այլև միշտ:
Ի՞նչ է նշանակում մաքուր խոսք:
Դա ոչ միայն ճիշտ արտասանությունն է, միտքը քերականորեն ճիշտ կառուցելը նախադասության մեջ: Դրանք այնքան էլ կարևոր չեն:
Խոսքի մաքրությունը պայմանավորված է դրա իմաստային և զգայական բովանդակությամբ: Թող ձեր խոսքում հնչեն սեր, տառապանք, փոխըմբռնում, հարգանք, ուրախություն, նպատակասլացություն: Թող ձեր խոսքը ծառայի բարության հաստատմանը, թող այն մարդկանց կենարար ջուր բերի: Ձեր խոսքը մաքուր կլինի, եթե այն անկեղծ է ու ճշմարիտ: Այդ դեպքում բառերն ու ձևերը, դրանց կառույցները գեղեցիկ կդառնան:
Եթե իմ խոսքի անմեղ հնարավորությանը նույնիսկ մի ծեղի չափ դիպչի ձեր կեղծ խոսքը, խոսք, որ անցնում է ձեր գրգռվածության, չարության միջով, խոսք, որ ծառայում է ձեզ նվաստացման, ապականման համար, անկախ նրանից, թե այն բարձրաձայն ինչպես կհնչի, հենց նման խոսքը կվնասի ինձ ու կարող է խեղաթյուրել իմ ճակատագիրը:
Երկրորդ՝ խոսքի հանդեպ իմ ընդունակությունը արթնանում է իմ ծնունդից շատ առաջ: Հինգամսական հասակում, դեռ մայրիկի արգանդում, ես արդեն ընկալում եմ արտաքին ձայնային աշխարհը: Լսում եմ, թե դուք ինչպես եք իրար հետ խոսում, երաժշտություն եմ լսում:
Եթե ձեր խոսքը բարի է, եթե երաժշտությունը, որ լսում եք, վեհացնող է, ինձ ուրախացնում է, ես պատրաստ եմ ներծծելու իմ մեջ այդ ձայնային հոսքերը: Թող մայրիկը լավ գրքեր կարդա, լավ երաժշտություն լսի, թող մտածի գեղեցիկի մասին: Իսկ հայրիկը թող սիրի մայրիկին և բարի խոսքերը չխնայի նրա համար, թող նրանք քննարկեն իմ լույս աշխարհ գալը բերկրալից սպասման զգացումով: Ես խաղաղ եմ, երբ հայրիկը, ականջը դնելով մայրիկի փորիկին, խոսում է ինձ հետ, ասում, թե որքան է ինձ սիրում, ինչ բարի ու գեղեցիկ մայրիկ ունենք: Այդ ժամանակ ես դաստիարակվում եմ, իմ խոսքային ունակությունը լիցքեր է ստանում իմ ապագա լավ խոսքի համար: Խնդրում եմ, պահպանեք ինձ, պահպանեք իմ մեջ իմ ապագա լավ խոսքը:
Երբ մայրիկը հայրիկի հետ կռվում է, ես վախենում եմ:
Երբ արտադրական երաժշտությունն է դղրդում, ես ուզում եմ ինչ-որ տեղ թաքնվել:
Երբ դուք միացնում եք հեռուստացույցն ու դիտում ֆիլմեր, որտեղ գոռում են, բղավում, զազրախոսում, կրակում, պայթեցնում են ու սպանում, ես կծկվում եմ, ուզում եմ փակել ականջներս, ուզում եմ վերադառնալ Երկինք:
Գիտե՞ք, թե ինչ է կատարվում ինձ հետ այդ ժամանակ:
Կոպիտ աղմուկի հոսքերից ուժեղանում են սրտիս զարկերը, արագանում երակազարկս, փոխվում է արյանս քիմիական բաղադրությունը: Իմ խոսքային ընդունակությունը աստիճանաբար վարժվում է կոպտությանը, լպիրշությանը, իմ խառնվածքը հակվում է գրգռվածության: Այդ ամենը կբացահայտվի իմ մեջ, երբ ես երկու-երեք տարեկան լինեմ, երբ լրանա իմ 12-14 տարին: Դուք կմեղադրեք ինձ, բայց չեք հիշի, որ դուք եք մինչև իմ ծնունդը նպաստել իմ խոսքի և խառնվածքի աղավաղմանը:
Խնդրում եմ, այդպես մի պահեք ձեզ: Իսկ թե ինչպես պահեք, որ նպաստեք իմ բարի խոսքի զարգացմանը, դուք արդեն գիտեք:
Երրորդ՝ հարստացրե՛ք իմ խոսքը զգացմունքներով, իմ մեջ զարգացրե՛ք ոչ թե սովորական խոսքը, այլ բարի խոսքը, սիրով խոսքը, գեղեցիկ խոսքը, իմաստուն խոսքը: Թող ձեր խոսքը, որով դուք պիտի լրացնեք ինձ շրջապատող տարածությունը, նույնպես լինի բարի, իմաստուն, իրար նկատմամբ սիրով ու հոգատարությամբ լի: Ամեն մի խոսք, որ պիտի ինձ ուղղեք, թող կրի ձեր սրտացավությունը, սերը, քնքշանքը, իմաստնությունը: Այդպես ես կսովորեմ իմ խոսքի մեջ արտահայտել սերը, հարգանքը, հոգատարությունը, քնքշությունը, երախտագիտությունը, կարեկցանքը, ուրախությունը, ընկալունակությունը ձեր ու մարդկանց հանդեպ. այդպես իմ մեջ կձևավորվի խելացի խոսքը: Եթե դուք ձեր խոսքում զուսպ լինեք, ապա ես էլ կսովորեմ ձեզնից այդ հատկանիշը, ձեր ամբողջական ու զգացմունքային խոսքը կօգնի ինձ սովորել պատկերավոր ու զգացմունքային խոսել: Ձեր հանգիստ խոսքը ինձ համար նույնպես օրինակ կլինի:
Ձեզ ասված է. «Նույն շուրթերից բարի խոսքն էլ է հնչում, անեծքն էլ: Այդպես չպիտի լինի, ի՛մ եղբայրակիցներ»: Այնպես արեք, որ ձեր շուրթերից ճշմարիտ ու բարեշնորհ խոսք հնչի: Այդ ժամանակ իմ խոսքը նույնպես կուրախացնի ձեզ: Ինձ թույլ տվեք իմանալու, որ բառն արարչական էներգիա է կրում իր մեջ ու կրում է նաև ավերիչ էներգիա: Իմ մեջ պատասխանատվություն դաստիարակեք արտաբերած բառիս համար: Սովորեցրեք, թե երբ պետք է լռել ու երբ՝ խոսել:
Հնարավորություն տվեք ինձ խիզախ լինելու իմ խոսքում, բայց և խելացի, ազատամիտ լինելու, բայց և զուսպ, արդարամիտ ու նաև գթառատ:
Մի՛ պարսավեք ինձ և մի՛ սովորեցրեք պարսավել: Բացատրե՛ք ինձ «Մի՛ դատիր, որ չդատվես» պատվիրանը։
Պաշտպանե՛ք ինձ շաղակրատանքից, բացատրե՛ք, թե ինչու չի կարելի տարածությունը դատարկախոսությամբ լցնել:
Մի՛ բղավեք ինձ վրա իմ արարքների համար: Ձեր բղավոցները, սպառնալիքներն ու զայրույթն ավիրում են իմ խոսքն այնպես, ինչպես խառնվածքս են ավիրում:
Թող ձեր խրատներն ու ոգու զայրույթը շեղեն ինձ զազրախոսությունից, չարախոսությունից, կռվից, մանրախնդրությունից, բծախնդրությունից: Իմ խոսքին բարեհնչունություն ու մեղեդայնություն տվեք: Ձեր խոսքն իմ խոսքի զարգացման հիմքն է: Դուք պատասխանատվություն եք կրում իմ խոսքի համար: Այն խոսքը, որ զարգացնում եք իմ մեջ, իմ անհատականության որակն է լինելու ու իմ ներքին աշխարհի բարեշնորհությունը:
Ես ամբողջ կյանքում երախտապարտ կլինեմ ձեզ, եթե դուք իմ խոսքը դարձնեք վառվող մոմ օրը ցերեկով և կերոն՝ մթության մեջ:
Չորրորդ՝ իմ խոսքի զարգացման բնական հնարավորությունները ունեն իրենց օրացուցային ժամկետները. մինչ երեք տարեկան հասակը ես ձեռք եմ բերում խոսքային գործունեության հիմնարար շերտը, հետագայում իմ խոսքն ընդունակ է հարստանալու բարոյականությամբ, զգացմունքներով, իմաստնությամբ, վեհանձնությամբ: Իննից տասնմեկ տարեկան հասակում այդ բոլորը տեղի է ունենալու ազատ ու բնական, եթե դուք ինձ շրջապատեք վեհացնող ու մաքուր խոսքով: Այդ շնորհքը ապագայում միշտ ուղեկցելու է ինձ ողջ կյանքում: Օրացուցային այդ տարիքից իմ խոսքի բնական զարգացման հնարավորությունը թուլանում է: Ու եթե իմ խոսքում հայտնվում են մոլախոտեր (կոպտություն, զազրախոսություն, անզգուշություն և այլն), ձեզ համար դժվար կլինի մաքրել այն դրանցից, իսկ ինձ հարկ կլինի ավելի շատ ջանք թափել, որ ազնվացնեմ խոսքս:
Պահպանե՛ք իմ մեջ խոսքային զարգացման այդ ժամանակահատվածը:
Այդ ժամանակահատվածը մի գաղտնիք էլ ունի իր մեջ. ես կարող եմ միաժամանակ տիրապետել մի քանի լեզուների՝ չվնասելով իմ մայրենի լեզվին: Հնարավորություն գտեք՝ մայրենի լեզվի կողքին ինձ նվիրելու մեկ կամ երկու, ինչպես դուք եք անվանում, օտար լեզուներ: Խոսքի հանդեպ իմ բնական ընդունակությունը կօգնի հեշտորեն յուրացնելու նաև այլ լեզուներ առանց ջանքների: Դուք ինձ՝ մանկահասակիս՝ երկու կամ երեք տարեկան Երեխայիս, չէ՞ որ չեք նստեցնի նստարանին, չեք բացի գիրքը և մայրենի լեզվի դաս անցկացնի: Դուք տեսնում եք, չէ՞, թե ինչպես եմ յուրացնում մայրենի խոսքը. դուք խոսում եք իմ շրջապատում, զրուցում եք ինձ հետ, և իմ բնական լեզվական ընդունակությունը ինքնուրույն կանխագուշակում է լեզվական օրենքները, և ծնունդից մեկուկես, երկու տարի անց ես սկսում եմ ազատ խոսել, արտահայտում եմ իմ զգացմունքները, ապրումները և մտքերը: Իսկ հետո իմ մեջ ավելի ու ավելի է բացահայտվում խոսքային բնազդը, ես սկսում եմ բառեր արարել, խոսքային կերպարներ ստեղծել, որոնք հիացնում են ձեզ:
Այսպիսի բնական-սովորական կարգով ես կարող եմ խոսել ցանկացած լեզվով, և այդ նույն տարիներին (երեքից վեց տարեկանում): Ի՞նչ է հարկավոր դրա համար: Հարկավոր է հասկանալ, որ ես շատ հեշտությամբ եմ յուրացնում մարդկային խոսքը, որ ստեղծում է ինձ համար կենսական անհրաժեշտ միջավայր: Եթե մայրիկն ու հայրիկը, որոնք ինձ կերակրում են, շոյում, լողացնում, բարուրում, խաղում ինձ հետ, տանում զբոսանքի, և անում են այդ բոլորը ռուսերեն խոսքի ուղեկցությամբ, ապա ես էլ, իմ կողմից, կնվիրեմ նրանց իմ ռուսերեն խոսքը, կընկալեմ այդ խոսքը որպես կենսական անհրաժեշտ պայման՝ հայրիկի և մայրիկի հետ հարաբերվելու համար: Բայց ահա հայրիկն ու մայրիկը գնում են աշխատանքի, և ես մնում եմ տատիկի խնամքին: Նա նույնպես կենսականորեն անհրաժեշտ մարդ է ինձ համար. սիրում ու շոյում է ինձ, կերակրում է, լողացնում, փոխում տակդիրներս, խաղում ինձ հետ, երգեր երգում, ոտանավորներ արտասանում ու կարդում: Բայց ասում ու անում է այդ բոլորը ոչ մայրիկի լեզվով, այլ իր լեզվով, ասենք, ֆրանսերեն: Կանցնի նույնքան ժամանակ՝ մեկուկես-երկու տարի, և ես կխոսեմ տատիկի լեզվով՝ ֆրանսերեն: Այդպես կարող եմ խոսել նաև մի երրորդ՝ ասենք դայակի լեզվով, իսկ դա արդեն անգլերենն է: Ինքս դեռ չեմ իմանա, որ ես տիրապետում եմ երեք լեզվի. ես պարզապես, տեսնելով մայրիկին կամ հայրիկին, կխոսեմ նրանց հետ իրենց լեզվով, այդ նույն տարածքում, տեսնելով տատիկին, ես անմիջապես կանցնեմ (իմ լեզվական ընդունակության շնորհիվ) տատիկի խոսքին, նույնը կլինի նաև դայակի հետ:
Երբ մի փոքր մեծանամ, միայն այդ ժամանակ ինձ համար կբացահայտեմ, որ խոսում եմ երեք տարբեր լեզուներով:
Ո՞րը դրանցից ինձ համար մայրենի լեզու կդառնա, այսինքն՝ այն, որ կորոշի իմ հոգևոր-բարոյական փորձը: Այդպիսին կդառնա այն լեզուն, որն ինձ կլցնի այն ժողովրդի մշակույթով, որին պատկանում է այդ լեզուն: Եթե ես ապրում եմ Ռուսաստանում, ապա ուրիշ ինչ պետք է պատմեն ծնողներս, եթե ոչ ամեն ռուսականի մասին: Եվ ուրիշ ինչի մասին պիտի պատմի տատիկս իր ֆրանսերենով, եթե ոչ այն շրջապատի, որում գտնվում եմ: Նույնն էլ դայակը: Եվ ստացվում է, որ ռուսերենը, որի միջոցով ես մշակույթ եմ ամբարում, կդառնա իմ մայրենի լեզուն: Իսկ իմ մեծանալու հետ այլ լեզուների օգնությամբ ես կհասնեմ իմ մայրենի լեզվի ավելի խորքերը:
Խնդրում եմ. եթե կլինի նման հնարավորություն, պարգևեք ինձ իմ մայրենի և այլ լեզուներ վաղ մանկությանս տարիներին: Այդ ժամանակահատվածում դրանք ինձ առանց ջանքների ու հիմնավոր կտրվեն: Իսկ երբ լեզվական ընդունակությունը կսպառի օրացուցային ժամկետը, ես ստիպված կլինեմ լեզուներ յուրացնել կամքի ուժի շնորհիվ՝ հատուկ պարապմունքների միջոցով, անգիր անելու և լեզվի կանոնների իմաստավորման միջոցով: Իհարկե, գիտակցությունը, վարժանքը և կամքի ուժը կանեն իրենցը. ես կսովորեմ խոսել մի ուրիշ լեզվով: Բայց լավ կլինի՝ այդ գիտակից ու կամային էներգիան ես ուղղեմ գիտելիքներին, գիտությանը ստեղծականությանը:
Խնդրում եմ՝ ինձ լեզուներ պարգևեք:
Ժողովուրդն ասում է, չէ՞՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես:
Ակորդ. մի՛ փաթաթեք իմ վզին ձեր մտքերը
Զարգացրե՛ք իմ մեջ մտածողություն և դաստիարակե՛ք պատասխանատվություն իմ մտքերի համար: Ես գիտեմ՝ և՛ Երկրի վրա, և՛ Բարձրագույն Աշխարհներում միտքը արարչական հիմնարար և զորեղ էներգիա է: Բայց այն նաև նույն հզորությամբ օժտված ավերիչ ուժ է: Դրա համար էլ որոշեք, թե ինչ ուղղությամբ պետք է զարգացնեք իմ մտածողությունը և մի՛ շփոթեք իրար հետ մտածողության ձևերն ու մտածողության ուղղվածությունը: Եթե ձեր ձեռքին ջութակ ու աղեղ ունեք բռնած ու կարողանում եք դրանք գործածել, դեռ չի նշանակում, թե կարող եք արարել ոգեշնչող և ոչ թե հիմարացնող մեղեդի: Ամեն ինչ կախված է ոչ այնքան լավ գործիքից, որքան ձեր սրտից ու գիտակցությունից, նրանից, ինչին դուք հավատում եք ու ինչին ձգտում:
Դուք նախընտրում եք զարգացնել երեխաների մեջ տրամաբանական մտածողությունը և երազում երկաթյա տրամաբանության մասին: Ի՞նչ եք ուզում. որ ես կենսական հարցերը երկաթյա տրամաբանությա՞մբ լուծեմ: Տվեք ինձ սրտի տրամաբանություն և ես ավելիին կհասնեմ, քան երկաթյա տրամաբանությամբ: Ձեզ համար մոդայիկ է դարձել երեխաների մեջ քննադատական միտքը զարգացնելը: Նայեք, խնդրում եմ, ձեր անցյալին. ինչո՞վ են մարդիկ իրենց ճակատագրական խաչմերուկներում հաղթել, քննադատական մտածողությա՞մբ, որ մերժում է, թե՞ դրակական մտածողությամբ, որ հաստատում է: Բացատրեք ինքներդ ձեզ ու թույլ տվեք ինձ էլ հասնելու արևելյան իմաստնությանը. «Հաստատողը հարուստ է, մերժողը՝ աղքատ»:
Նպատակաուղղե՛ք ինձ ընդհանուրի բարօրությանը, գեղեցիկին, սիրուն, թույլ տվեք ինձ մտածել վեհացնող բաների մասին, մարդկության ճակատագրի մասին, ծառայության ու նվիրվածության, հոգևորի, հոգու, Աստծո մասին: Նպատակաուղղե՛ք ինձ բարեմտության, գեղեցկամտության, սիրամտության: Միավորե՛ք իմ մեջ սիրտն ու բանականությունը, թող որ բանականությունը սրտից առնի ճշմարտությունը, ազնվացնի իրեն սրտի միջոցով: Ընդարձակեք իմ գիտակցությունը. միասնական դարձրեք իմ մեջ հոգևորն ու նյութականը, բացատրեք ինձ ոգենյութ հասկացությունը, մտածողությունս դարձրեք բազմաչափ և նպատակաուղղեք իմ գիտակցությունը ոչ միայն երկրայինին, այլև այն աշխարհին, որտեղից ես եկել եմ: Իմ գիտակցությունն իր մեջ պահում է տիեզերական մտածողության սերմը, պահպանում զգացմունքագիտությունը: Զարգացրե՛ք իմ մեջ աշխարհաընկալման այս որակները: Ինձ մտավորական դարձրեք, ոչ թե միայն մտածող:
Իմ վզին մի՛ փաթաթեք ձեր մտքերը. դա վտանգավոր է ձեզ համար, քանզի ասված է. «Մտքի բռնությունը ծանր հանցագործություն է»: Վտանգավոր կլինի նաև ինձ համար, քանի որ ես ծնվել եմ իմ մտքերով ու մտադրություններով, իմ կոչմամբ, և դուք, իմ վզին փաթաթելով ձեր մտքերը, կարող եք սպանել իմը, այդժամ ես չեմ կայանա Երկրի վրա:
Թույլ տվեք ինձ հասկանալու, որ չի կարելի շատացնել «մորեխ» մտքերը, որնցում կան շահամոլություն, չարություն, նախանձ, այլանդակություն: Սեփական մտքերի հանդեպ պատասխանատվության զգացումը նպաստում է հոգևոր վերելքին:
Խնդրում եմ, սիրելի՛ ծնողներ, դաստիարակներ, ուսուցիչներ, միավորե՛ք ձեր ջանքերը իմ գիտակցության և մտածողության զարգացման համար: Իմ գիտակցությանը թևեր տվեք, որ ես կարողանամ ավելի բարձր ու ավելի հեռու թռչել, քան դուք եք թռել:
Ակորդ. իմ հիշողությունը բաց է գեղեցկության ու ճշմարտության համար
Զարգացրեք իմ հիշողությունը:
Բայց մի՛ մոռացեք, որ այն ինձ համար հող է, որ սնում է հոգիս, իմ հոգևոր աշխարհը, և կրակ է, որ մղում է ինձ դեպի ապագան:
Սերմանե՛ք իմ մեջ կենդանի գիտելիքներ, որոնք ինձ կտանեն դեպի անիմանալիի սահմանները ու կբացատրեն Անսահմանության իմաստը:
Մի՛ վերածեք իմ հիշողությունը պահեստի, ուր կարելի է նետել հին գիտելիքի թափոնները, որոնցից դուք էլ չգիտեք՝ ինչպես ազատվեք:
Առավել ևս՝ մի ձեռնարկեք ինձ համար տարատեսակ քննություններ՝ ստուգելու, թե որքան հիմնավոր եմ պահպանում իմ մեջ այդ անպետք իրերի «պաշարը»: Ստուգե՛ք ու ամրապնդե՛ք իմ հիշողությունը թարմ գիտելիքների հանդեպ ծարավով, կազմակերպե՛ք իմ գիտելիքների ստեղծագործական ուժի դրսևորմանն ուղղված քննություններ, բացահայտե՛ք, թե որքան հաջողությամբ եմ պաշտպանում իմ հիշողությունը ամեն կարգի աղբից, որ նույնպես գիտելիք ու տեղեկատվություն են կոչում, և որի մեջ ներքաշում են ինձ զանգվածային լրատվության միջոցները:
Հետևե՛ք իմ հիշողության ընտրողական վերաբերմունքին գիտելիքի հանդեպ, որպեսզի հասկանաք իմ բնական հետաքրքրությունները և օգնեք դրանց հասնելու:
Գնահատե՛ք իմ մեջ կյանքը, որով ես ծնվել եմ, ոչ թե «գիտելիքի կապոցը», որը դուք գցում եք իմ ուսերին և ստիպում ամեն պահանջով քանդել այն: Լուրջ մարդկանց, որոնք պատասխանատու են իմ ձևավորման համար, չի սազում զբաղվել դատարկից սինը լցնելով:
Բնակեցրե՛ք իմ հիշողությունը ոգեղեն հերոսների վեհասքանչ կերպարներով, մշակույթ կառուցողներով, մարդկայնության Ուսուցիչներով: Պատմե՛ք նրանց մասին վաղ մանկությունից և այնպես արեք, որ սիրեմ նրանց, դաստիարակվեմ նրանցով, նրանցից իմ մեջ ամբարեմ նվիրվածության, անվախության, ինքնանվիրումի, ծառայության լավագույն հատկանիշները:
Ձեր մասին հիշողություն թողեք իմ մեջ, որ կյանքիս ընթացքում շարունակ հիշեմ ձեզ, զմայլվեմ ձեր մեծահոգությամբ ու առաքինությամբ, ձեր իմաստնությամբ ու ընկալունակությամբ, ձեր սիրով ու հոգատարությամբ:
Ինձ համար մարդկայնության օրինակ դարձեք, և հնարավորություն տվեք, ձեզ հիշելով, հոգուս համար ապաստան փնտրել ձեր մեջ: Այդպես դուք կդառնաք իմ ողջ կյանքի ուսուցիչները, և ես կդաստիարակվեմ ձեր մասին «հիշողության բարոյական միջավարում»:
Աշխատեք իմ մեջ տխուր հիշողություններ ու հիմար միջադեպեր չթողնել:
Դուք պետք է իմանաք, որ իմ հիշողությունը ընտրողական է ու ազատություն է սիրում: Մի՛ օգտագործեք հարկադրական մեթոդներ այն դեպքերի հիշողության համար, որոնց կարիքը իմ հիշողությունը չունի:
Բացատրե՛ք ինձ այն ամենի կարևորությունն ու նշանակությունը, որ դուք ուզում եք՝ ես պահեմ իմ հիշողության մեջ: Հիշողությանս հրավիրեք ձեր հիշողության հետ համագործակցելու, և այն կվստահի ձեզ: Իմ հիշողությունը բաց է գեղեցկության, ճշմարտության, ազնվության, ստեծականության, բարօրության համար: Առաջնորդե՛ք ինձ այդ ուղիներով:
Իմ հիշողությունը իմ անհատականության հիմքն է:
Իսկ ձեզ վստահված է հիշողությանս զարգացումն ու անհատականության դաստիարակումն իմ մեջ:
Խնդրում եմ, մի՛ մոռացեք, թե ինչ պատասխանատվություն է դրված ձեզ վրա:
Ակորդ. իմ մեջ մեծանալու կիրքն է
Ես ուզում եմ մեծանալ:
Ես ուզում եմ արագ մեծանալ, որ ունենամ այն իրավունքները, որոնցից դուք եք օգտվում:
Դուք գիտե՞ք, թե ինչ է իսկական մանկությունը:
Դա անհոգության ժամանակը չէ, կամ էլ պարզապես տարիք:
Իսկական մանկությունը մեծանալու գործընթաց է:
Դուք դա կարող եք տեսնել դեռ իմ նախադպրոցական մանկության ընթացքում:
Հետևե՛ք, թե ես ինչ եմ խաղում: Դուք տեսե՞լ եք Երեխայի, որ համաձայնի ավելի փոքր երեխայի դեր խաղալ, քան արդեն կա: Այդպիսի խաղը չի հագեցնում մեծ լինելու իմ կիրքը: Ես ինձ վրա եմ վերցնելու բժշկի, վարորդի, ոստիկանի, ուսուցչի տիեզերագնացի, մայրիկի, հայրիկի դերը: Բայց Երեխայի դեր չեմ խաղա: Սիրում եմ ձեզ՝ մայրիկի, հայրիկի, տատիկի, պապիկի հետ, խաղալ. ես բժիշկ կդառնամ և ձեզ իմ հիվանդները կդարձնեմ, իսկ դուք պիտի լսեք ձեր բժշկին. ես ուսուցիչ կդառնամ, իսկ դուք կլինեք իմ աշակերտները, պիտի սովորեցնեմ ձեզ, իսկ դուք էլ ինձ մոտ կսովորեք: Ցավոք, դուք միշտ չէ, որ ինձ թույլ կտաք այդ շռայլությունը, դուք ժամանակ չեք ունենա, կվանեք ինձ՝ ասելով «հետո, հիմա ժամանակը չէ»:
Ապագայում, երբ ես պատանի դառնամ, մեծանալու իմ կիրքը ուրիշ ձևեր կընդունի: Ես կուզենամ, որ դուք ինձ մեծ ճանաչեք՝ դրանից բխող բոլոր հետևանքներն ընդունելով. հաշվի նստեք ինձ հետ, վստահեք, լսեք, խորհրդակցեք, ընդունեք իմ ցանկությունները:
Եթե դուք հասկանաք իմ մեծանալու կիրքն ու ճկուն լինեք, ապա ինքներդ ինձ կներքաշեք մեծ կյանք, կընդունեք ինձ ձեզ հավասար: Եվ այդ դեպքում ես չեմ վիճի ձեզ հետ, կվստահեմ ձեզ իմ ապրումները:
Բայց եթե դուք չընդունեք իմ մեծանալու փաստը, անընդհատ հիշեցնեք, որ ես դեռ փոքր եմ, արգելեք, սպառնաք, ապա իմ մեծանալու կիրքը ինձ թույլ չի տա հասկանալ նույնիսկ ձեր ամենաիմաստուն խրատները: Ինձ կթվա, որ դուք ոտնահարում եք իմ իրավունքները, որ դուք անարդարացի եք, եթե այդպես շարունակվի, իմ և ձեր միջև անդունդ կառաջանա, մենք իրար նկատմամբ խուլ կդառնանք: Կսկսվեն բախումներ:
Իսկ դուք գիտե՞ք, թե որն է մեծանալու օրենքը: Ահա այն.
Երեխայի մեծանալը տեղի է ունենում մեծերի հետ շփվելով:
Մեծերին անհրաժեշտ է շփվել Երեխայի հետ որպես մեծի:
Դուք ինձ կարող եք ստիպել «քիթս չխոթել ամենուր» մինչև որոշակի տարիք, բայց դա արդեն չեք կարող անել, երբ ես անցում կանեմ դեռահասության տարիք: Ես լրիվ խուլ կդառնամ ձեզ համար և ձեզանից չեմ վախենա:
Իսկ մեծանալն իմ կիրքն է: Ինչպես էլ որ դուք այն խլացնեք իմ մեջ, մեկ է, այն կգտնի դուրս հորդելու ճանապարհը, բայց ոչ ձեզ հետ, այլ ուրիշների հետ շփման մեջ: Այդ ուրիշները կարող են լինել ավելի մեծ տարիքի տղաներ, որոնք կգայթակղեն ինձ, կամ օտար մեծեր, որոնք նույնպես հետաքրքրված կլինեն, որ ես հայտնվեմ իրենց ազդեցության տակ: Այդպես ես կհայտնվեմ վատ միջավայրում, որտեղ ինձ մեծի տեղ կդնեն ու կսովորեցնեն այն գարշելի բաները, ինչով զբաղվում են մեծերը՝ ծխելը, թմրանյութերը, արկոհոլը, գողությունը:
Եվ երբ իմանաք այդ մասին, սարսափի մեջ կընկնեք՝ փորձելով ինձ դարձի բերել այդ միջավայրից: Բայց ձեր այդ մանկավարժական ուշացած նախաձեռնությունները միշտ չէ, որ հաջող ավարտ կունենան:
Դրա համար.
-ինձ հետ հավասարի պես շփվեք.
-ինձ հետ միշտ անկեղծ եղեք.
-լսեք իմ կարծիքը.
-ինձ վստահեք մեծերի գործեր
-վստահեք ինձ և մի՛ վերահսկեք իմ ամեն քայլը.
-ինձ երբեք մի՛ ասեք, թե ես փոքր եմ.
-ինձ փոքրի նման մի՛ շոյեք.
-ասեք, որ ես մեծ եմ և ինքս կարող եմ լուծել իմ խնդիրները.
-եթե ես ուղուց շեղվեմ, եկեք ինձ օգնության, բայց առանց կշտամբանքի.
-ընկերացեք ինձ հետ, թող ձեր ընկերությունը մյուսների ընկերության համեմատ լինի ամենաթանկը.
-վստահեք ինձ ամենանվիրականը ու դարձեք ապաստան ինձ համար
-իմ ընկերներին ձեր ընկերոջ պես ընդունեք և նման բաներ։
Եթե այդպես վերաբերվեք մեծանալու իմ կրքին, որի հետ ինքս ոչինչ անել չեմ կարող, ապա իմ կյանքը չի բարդանա չլուծված խնդիրներով, իմ մտքով անգամ չի անցնի ձեզ հակառակ գործել՝ թողնել հարազատ տունը, ձեզանից հեռու փախչել կամ ինքնասպանությամբ վերջ տալ կյանքիս: Սրանք այն միջոցներն են, որոնցով երեխաները պատժում են մեծերին:
Մեծանալու իմ կիրքը լցոնված է այնպիսի պայթուցիկով, ինչպիսին ինքնասիրությունն է:
Էլեգիա. աշխարհով անցնում է իմաստունը
Իմաստունը մտավ զբոսայգի ու նստեց նստարանի ծայրին:
Սպասեց:
Մի տղա եկավ, նստեց նույն նստարանին ու խորասուզվեց տխուր մտքերի մեջ:
Իմաստունը մտքում դիմեց նրան. «Հարցրո՛ւ, և ես կպատասխանեմ»:
- Ծերո՛ւկ, ինձ մի բան ասա,- հանկարծ ասաց տղան:
Իմաստունը պատասխանեց.
- Լա՛վ, լսիր ճշմարտացի պատմությունը:
Սատանան տեսավ գնդակ խաղացող հորն ու որդուն: Նրանք ծիծաղում էին, իրար եղբոր պես վերաբերվում:
«Լավ տղա է,- մտածեց սատանան, արի՝ հորից վերցնեմ տղային և առաջնակարգ փոքրիկ չարք դարձնեմ»:
Եվ նրան մի չարք կցեց: Սա վերափոխվեց տղային հասակակից մի դեռահասի և կարծես թե պատահաբար ծանոթացավ նրա հետ համակարգչային խաղերի ակումբում:
- Արի միասին խաղանք,- առաջարկեց նա տղային և խաղային ավտոմատի մոտ քաշեց,- սա շատ լավ կրակոտ խաղ է, սպանում ես ու սպանում ես…
Ապա տղային գայթակղեց խաղով. նրանք շատ կրակեցին ու շատերին սպանեցին:
- Իսկ հիմա արի մյուս խաղը խաղանք,- և նրանք տեղավորվեցին մյուս սարքի առաջ:
Այստեղ նրանք բանկի կողոպտիչներ էին խաղում, և իհարկե, սպանում էին բոլոր նրանց, ովքեր փակում էին իրենց ճանապարհը:
- Հիմա գնանք հաշվեցույցի մոտ, ես գիտեմ՝ ինչպես փող հանել նրանից:
Իսկապես, առաջին իսկ փորձից սարքը աղմուկով մանրադրամների կույտ շաղ տվեց:
- Վերցրու, ամբողջը քոնն է, չէ՞ որ մենք ընկերներ ենք, ասաց տղային նոր «ընկերը»:- Վաղն էլ արի, ավելի ուրախ կլինի:
Տղան գոհ վերադարձավ տուն:
- Որտեղի՞ց քեզ այս փողը,- հարցրեց հայրը:
Եվ նա պատմեց՝ ինչ լավ խաղեր է խաղացել և ինչ նոր «ընկեր» է ձեռք բերել: Հայրը խոժոռվեց:
- Որդիս, այս ամենն ինձ դուր չի գալիս: Խնդրում եմ, այլևս այնտեղ մի՛ գնա, իսկ այդ փողերը կտանք աղքատներին:
Որդին վիրավորվեց, բայց լսեց հորը:
Սատանան տղային մի ուրիշ չարք կցեց:
Նա մի գեղեցիկ աղջիկ դարձավ և գնաց զբոսայգի՝ անվաչմուշկներով սահելու, որտեղ սահում էր նաև տղան: Հանկարծ տղայից մի քանի քայլ հեռու աղջիկը ոլորեց ոտքը և վայր ընկավ: Տղան օգնեց աղջկան, նստեցրեց նստարանին: Նրանք զրուցեցին: Շուտով աղջիկը սկսեց քնքշորեն շոյել նրան:
-Դու կարողանո՞ւմ ես համբուրվել,- հարցրեց աղջիկը,- իհարկե, կարողանում ես, դու տղամարդ ես: Արի՛ համբուրվենք:
Տղայի մարմնով դող անցավ:
Հետո նա գոտուց կապած պայուսակից թմրախոտ հանեց:
-Մենք արդեն մեծ ենք, արի ծխենք, քանի մեր շուրջը ոչ ոք չկա:
Տղան երկմտեց, բայց հանուն գեղեցիկ աղջկա և այն բանի, որ նա ասաց, թե իրենք արդեն մեծ են, նրա հետ ծխեց: Գլուխը պտտվեց, բայց հաճելի էր, թե աղջիկն ինչպես է շշնջում իր ականջին. «Դու տղամարդ ես, ես սիրում եմ քեզ»: Հետո նա ժամադրեց տղային նույն տեղում ու անհետացավ:
Հայրը գլխի ընկավ, որ տղայի հետ ինչ-որ վատ բան է կատարվել, և զգուշացրեց նրան.
-Խնդրում եմ, էլ զբոսայգի չգնաս:
Տղան չլսեց հորը, շարունակում էր հանդիպումները «աղջկա» հետ, և նրա հետ լկստվում: «Նա» տղային իր տղամարդն էր համարում՝ իր բոյֆրենդը:
Հայրը, տեսնելով, որ որդին ներամփոփ է դառնում և ինչ-որ բան թաքցնում է իրենից, վերջիվերջո հայտնաբերում է նրա հափշտակության հետքերը և անմիջապես բժշկի տանում որդուն: Շատ ջանք թափեցին, որ բուժեն տղային, և վերջինս հասկացավ, որ «աղջկա» հետ հանդիպելը վտանգավոր է իր համար:
Այդ ժամանակ սատանան երրորդ չարքին է հանձնարարում գայթակղել տղային: Նա դառնում է ձյուդոյի մարզիչ այն նույն սպորտային ակումբում, որտեղ պարապում է տղան: Նա ամեն ինչ անում է, որ դուր գա տղային: Տանում է նրան մրցումների, գովում: Իսկ մի անգամ՝ մարզումներից հետո, պահում է տղային երկու ուրիշ պարապողների հետ, հյուրասիրում նրանց մի բաժակ օղիով, և իբր պատահաբար նրանք սկսում են փողով զառ խաղալ:
Այդպես լինում է մի քանի անգամ, և տղան, որ սկզբից հաղթում էր, հայտնվում է իր մարզիչի պարտքի տակ: Վերջինս պահանջում է նրանից կա՛մ վճարել, կա՛մ կատարել իր մի հանձնարարությունը:
Հիմա տղան ծանր մտատանջությունների մեջ է. ինչպե՞ս վարվի:
Կվերադառնա՞ արդյոք հոր մոտ, որպես անառակ զավակ, ապաշխարելու, կխզի՞ կապերը խավարի հետ, ինչ-որ մեկից փո՞ղ կգողանա, թե՞ վերջապես կկատարի իր «մարզիչի» սարսափելի հանձնարարությունը: Մի ելք էլ կա, որի մասին նա մտածում է՝ վերջ տալ կյանքին ինքնասպանությամբ:
Օ՜, եթե երեխաներն իմանային, թե ինչ պայքար է գնում իրենց համար Լույսի և խավարի ուժերի միջև: Եթե նրանք հասկանայի՜ն, որ մայրն ու հայրը իրենց պահապան-հրեշտակներն են:
Իմաստունն ավարտեց:
Տղան արցունքների միջից ասաց.
- Դա հենց ես եմ:
Իմաստունն ասաց.
-Ամեն ինչ քո ձեռքում է:
Ակորդ. ինձ ազատ ընտրության հնարավորություն տվեք
Հարգե՛ք ազատության հանդեպ իմ կիրքը:
Ազատությունը հատուկ է իմ ոգուն, դրանով է հագեցած իմ ողջ էությունը:
Նոր Կտակարանը խրատում է. «Դուք ազատության եք կոչված, եղբայրնե՛ր», «Ճանաչե՛ք ճշմարտությունը, և այն ձեզ ազատ կդարձնի»: Իսկ փիլիսոփաները մեկնաբանում են. «Ազատությունը բացահայտված անհրաժեշտությունն է», «Մարդը դատապարտված է ազատության»: Նիկոլայ Բերդյաևը ասում է. «Ազատությունը մարդու ներքին ստեղծագործական էներգիան է: Ազատության միջոցով մարդն ընդունակ է հասարակության ու աշխարհի համար բոլորովին նոր կյանք արարելու»:
Պահպանեք ազատության հանդեպ իմ կիրքը:
Ես ձեզ չեմ խնդրում, որ ինձ մենակ թողնեք իմ ազատության հետ, չեմ ուզում, որ ասեք ինձ. «Արա, ինչ ուզում ես»:
Դաստիարակությունը կրում է իր մեջ հարկադրանքի օրենքը: Դա օբեկտիվ իրականություն է: Չէ՞որ ես չեմ կարող կազմակերպել իմ կրթությունը, դաստիարակությունը, ուսումնառությունն ու զարգացումը: Դա դուք եք անում ու ներգրավում ինձ ձեր մանկավարժական գործընթացներին:
Ինչո՞վ է արտահայտվում ազատությունը:
Ընտրությամբ, սեփական ուղու ազատ ընտրությամբ, այն ամենի ազատ ընտրությամբ, որ մեր առջև է, ազատ ստեղծականությամբ, խղճի ազատությամբ: Ուրեմն՝ ի՞նչն եմ ես ընտրում այն մանկավարժական գործընթացներում։
Ես չեմ ընտրում ձեր դաստիարկչական մեթոդները, ես չեմ ընտրում դպրոցում ուսուցման մեթոդները, չեմ ընտրում, թե ինձ ինչ սովորեցնեն: Այդ բոլորը դուք եք որոշում իմ փոխարեն: Եվ ես կանգնած եմ ձեր կամքին ենթարկվելու անհրաժեշտության առաջ:
Իսկ ազատության կիրքը, որ ավելի է ուժգնանում իմ մեջ մեծանալուս զուգընթաց, ինձ հանգիստ չի տալիս, և ես իմ կրքի գերին եմ: Դրա համար էլ ջանում եմ պաշտպանել ինձ, իսկ դուք դա կարգապահության ու կանոնի խախտում եք անվանում: Եվ դարձյալ մեր միջև բախումներ են առաջանում. իմ ապագայի հետ կապված ձեր բարի ցանկությունները՝ իրենց ավտորիտարությամբ, ես ընդունում եմ որպես ագրեսիա իմ ազատ կամքի հանդեպ:
Ես հասկանում եմ, որ պետք է ընդունեմ անհրաժեշտությունը: Բայց ընկալել այդ ճշմարտությունը դեռ չեմ կարող, ազատության կիրքը մթագնում է իմ գիտակցությունն ու ազատություն տալիս իմ զգացմունքներին ու ապրումներին:
Ինչպե՞ս վարվել:
Ելք կա: Ես կհուշեմ ձեզ ճանապարհը:
Բայց նախ փորձեք հասկանալ ազատության հանդեպ իմ կրքի էությունը: Իմ մեջ ասես Քաոսից Տիեզերքի վերափոխվող տիեզերական մի շարժում է տեղի ունենում: Քաոսում, որն առաջացել է «առաջին պայթյունից» անմիջապես հետո, արդեն ի սկզբանե որոշված է այն կարգը, այն Տիեզերքը, որը ձևավորվել է էոններ անց: Այն Աստղային Երկինքը, որ հմայում է մեզ իր գեղեցկությամբ ու կանոնիկությամբ, չէ՞ որ ինչ-որ ժամանակ առաջ եղել է Քաոսի խորքում: Հիշեք, թե ինչպես էր ասում Էմանուել Կանտը. «Ինձ երկու բան է սքանչացնում. աստղային երկինքն իմ գլխի վերև և բարոյականության օրենքն իմ մեջ»:
Ահա այսպես. իմ քաոսային էությունն արդեն իր մեջ պարունակում է բարոյականության օրենքը, որն ինձ կարգուկանոնի կբերի: Միայն ձեր օգնության կարիքը կլինի. Մի՛ զրկեք ինձ ընտրությունից, իսկ ավելի ճիշտ՝ ազատ ընտրության զգացումից:
Ի՛նչ է դա՝ ազատ ընտրության զգացումը:
Ձեզ այդ զգացումը կօգնի հասկանալ իմ խաղային կյանքը:
Դուք գիտեք՝ ես շատ եմ սիրում խաղալ: Բայց գիտե՞ք՝ ինչու: Որովհետև խաղը ինձ ընտրության զգացում է պատճառում:
Պատկերացրեք այսպիսի մի տեսարան. բակում խաղում են երեխաները: Դուք ինձ բաց եք թողել՝ նրանց հետ խաղալու: Ոմանք մուկն ու կատու են խաղում, մյուսները՝ պահմտոցի: «Արի, մեզ հետ խաղալու»,- կանչում են ինձ այս կամ այն խմբից: Ուժով ոչ ոք չի հարկադրի ինձ խաղալ: Դա արդեն խաղ չի լինի, այլ հարկադրանք: Միայն ես կարող եմ որոշել՝ ինչ խաղալ: Եվ ես ընտրում եմ. ինձ գրավում է պահմտոցին: Իսկ հիմա խաղ ասեք, որտեղ կանոններ չկան: Այդպիսի խաղ չեք ասի, որովհետև գոյություն չունի. խաղը որոշակի կանոններով է լինում, որը գործում է այս աշխարհում: Ի՞նչ կլինի, եթե ես գեթ մի կանոն խախտեմ: Կլինի այն, որ երեխաները, որոնց հետ խաղում եմ, կզայրանան և վերջիվերջո կվռնդեն ինձ խաղից՝ ասելով. «Գնա՛, դու խաղալ չգիտես, խանգարում ես մեզ»:
Ինչի՞ վրա եմ ուզում հրավիրել ձեր ուշադրությունը:
Երկու հանգամանքի վրա:
Առաջին. ես ընտրում եմ խաղը. ընտրում եմ նրանից, ինչ արդեն կա. իմ մեջ ազատության կիրքը չի վրդովվում, նա բավարարված է ազատ ընտրության զգացումով: Ես ինձ ազատ եմ զգում:
Երկրորդ. Ես մտնում եմ խաղի մեջ, որն ունի իր կանոնները. ես պարտավոր եմ դրանց ենթարկվել, որովհետև ես արդեն ազատ չեմ, բայց ես գիտակցում եմ ենթարկվելու անհրաժեշտությունը, դա տեղի է ունենում իմ ազատ կամքով: Ստացվում է, որ ես ձեռք եմ բերում ազատ անազատություն, և իմ ազատության կիրքը չի ընդվզում, այն բավարարված է:
Սա հենց բարոյականության օրենքի գործողությունն է իմ ներսում՝ համատեղված իմ արդիականացված հնարավորությունների օրենքի հետ:
Ի՞նչ ելք եմ ես գուշակում, որ դաստիարակության գործընթացում, որում գործում է հարկադրանքի օբեկտիվ օրենքը, ես հարկադրանք չզգամ, այլ ազատություն զգամ իմ մեջ:
Ահա ելքը.
- Դաստիարակության գործընթացում գործում է հարկադրանքի օրենքը. բայց դուք մի՛ սաստկացրեք այդ օրենքը, մի՛ կառուցեք մեթոդներ, որոնք ամրացնում են հարկադրանքը, այդպես դուք կզրկեք ինձ ազատ ընտրության զգացումից, և իմ ազատ կամքը կապստամբի ձեր դեմ. բախումները՝ բացահայտ, թե թաքուն, անխուսափելի կլինեն, իսկ այն բախումները, որոնք լուծվում են ավտորիտար սկզբունքով, դառնում են դաստիարակության խոչընդոտ: Այս ճանապարհը պիտանի չէ:
Ձեր մեջ իմաստնություն գտեք հարկադրանքի օրենքը հղկելու, այնպես արեք, որ իբր ես ինքս եմ ընտրում այն, ինչ անհրաժեշտ է ինձ մատուցել, պահպանեք իմ մեջ ազատ ընտրության զգացումը. ես ընտրություն չեմ պահանջում, այլ միայն հարգանք իմ ազատ ընտրության զգացումի նկատմամբ: Երբ ես նստած եմ փայտիկի վրա, իբր ձիուկի վրա և վազում եմ սենյակներով մեկ, դուք կարող եք ինձ ասել. «Դա փայտիկ է, ձիուկ չէ», իսկ ես կպատասխանեմ ձեզ. «Գիտեմ, որ ձիուկ չէ, բայց ոնց որ ձիուկ լինի»: Ահա այդ «ոնց որ»-ը հենց ազատ ընտրության զգացումն է: Պահպանեք իմ մեջ այդ զգացումը, և դաստիարակության մեջ եղած հարկադրանքի օրենքը հարկադրանք չի դառնա ինձ համար. ես դա կընդունեմ այնպես, ինչպես ընդունում եմ խաղի կանոնները, երբ խաղալ եմ ուզում:
Ահա թե ինչ ելք եմ հուշում և վստահ եմ, որ դուք դա չեք չարաշահի, որ բթացնեք իմ կամքն ու վզիս փաթաթեք այն, ինչի արժանի չէ իմ դաստիարակությունը: Օգտվեք խորհուրդներից.
-կարողացեք պայմանվորվել ինձ հետ
-անհրաժեշտության դեպքում փորձեք շեղել իմ ուշադրությունը գայթակղություններից
-սովորեք խնդրել ինձ հասկանալ ձեզ, հետևել ձեզ
-եթե զգում եք, որ ձեր դիտավորությունների հետ կապված իմ մեջ ըմբոստություն կծագի, ինձ նախապես զգուշացրեք
-հետաքրքրություն առաջացրեք իմ մեջ այն ամենի հանդեպ, ինչ որ ուզում եք, որ անեմ, յուրացնեմ, ցույց տվեք ինձ այդ գործունեության կամ առարկայի լավ կողմերը
-ինձ ձեր գործերի, իմ նկատմամբ ձեր անելիքների մասնակիցը դարձրեք
-խրախուսեք մեծանալու հանդեպ իմ կիրքը, խնդրեք ինձ օգնել ձեզ
-«հմայեք» ինձ այն ամենի գեղեցկությամբ, ինչն առաջարկում եք
-սովորեք ինձ հետ շփվելու արվեստը։
Բայց երբեք «կաշառք» կամ որևէ պարգև մի՛ առաջարկեք նրա համար, որ ես դաստիարակվածություն, աշխատասիրություն, ազնվություն դրսևորեմ: Կարծում եմ՝ դուք ինքներդ կհասկանաք՝ ինչու:
Եթե դուք ջանաք պահպանել իմ ազատ ընտրության զգացումը, հենց դրանով էլ կճանաչեք իմ դաստիարակության ողջ գեղեցկությունն ու ռոմանտիկան:
Թարգմանություն ռուսերենից
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
- Բացվել է 1345 անգամ