Օտար լեզվի գործուն, ստեղծական ուսուցում
Primary tabs
21-րդ դարի պատանին գիտակցում է, որ ժամանակի պահանջներին համահունչ լինելու համար անհրաժեշտ է առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: Յուրաքանչյուրը, որ ցանկանում է իր գործունեության մեջ առաջընթաց ունենալ, օտար լեզվի իմացությունը կենսական խնդիր է դառնում: Ժամանակակից կրթական համակարգի պահանջը ոչ միայն հնարավորինս շատ գիտելիք մատուցելն է, այլ նաև այդ գիտելիքները ձեռք բերելու հմտությունները, սովորողի մտածողությունը, ճանաչողական ակտիվությունը զարգացնելը, կիրառելը: Հեղինակային կրթական ծրագրով օտար լեզվի դասավանդման հիմնական նպատակը սովորողների հաղորդակցվելու, համագործակցելու կարողությունների ընդլայնումը և հաղորդակցական իրազեկության կատարելագործումն է:
Ուսուցիչների համար կարևոր է անընդհատ աշխատել դասավանդման մեթոդների վրա, գտնել սովորողներին ոգեշնչելու և ոգևորելու նորանոր հնարքներ դասավանդման պրոցեսը ավելի գրավիչ և ինտերակտիվ դարձնելու համար: Կրթահամալիրը տարբեր հնարավորություններ առաջարկող հաստատություն է:
Իրականացնելով հեղինակային կրթական ծրագիր՝ ազատ ես կազմելու քո դասավանդման ծրագիրը, ներկայացնելու մեթոդը, որոշելու նախագիծը, միջոցն ու միջավայրը։ Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս դասավանդողին անընդհատ ստեղծագործելու, նորանոր մտահաղացումներով ներկայանալու, սովորողների մեջ սեր և ոգևորություն արթնացնելու ուսուցանվող առարկայի նկատմամբ: Ինչպես ասել է Ալֆրեդ Մերսիերը. «Այն, ինչ հաճույքով են սովորում, երբեք չեն մոռանում»:
Նախագծերը հնարավոր են դարձնում ուսուցումը ըստ սովորողների նախասիրությունների: Բլոգում հրապարակվում են նախագծերը, և սովորողները ընտրում են նրանք, որոնք իրենց ավելի շատ են հետաքրքրում: Օտար լեզվի ուսուցումը սովորողի հետաքրքրությունների շրջանակում կազմակերպելը, նրա ընտրությամբ դասընթացին, ակումբին, այլ ուսումնական նախագծի կապելը խնդիր չի առաջացնում, քանի որ դասընթացների ժամանակ սովորողները ունենում են նաև այլ հետաքրքիր առաջադրանքներ. օրինակ կատարում են վերլուծություններ, գրում էսսեներ և նամակներ, լսածի վերաբերյալ հայտնում իրենց կարծիքները, տրված գաղափարի հետ համաձայնում կամ ընդհակառակը, թարգմանում իրենց հետաքրքրությունների շրջանակում այլ նյութեր: Դրանով իսկ ավելի կենդանի է դառնում ուսուցումը, սովորողը՝ ավելի մոտիվացված: Այսպիսով, սովորողը հեշտությամբ և հաճույքով է լուծում իր առջև դրված խնդիրները:
Այս հոդվածում կներկայացնեմ առավել հաջողված նախագծերս: Նշեմ, որ յուրաքանչյուր նախագիծ կազմելիս հաշվի եմ առնում սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները՝ շեշտը դնելով բանավոր խոսքի զարգացման վրա:
Կարևորելով ճամփորդությամբ ուսուցումը՝ այս տարի ավագ դպրոցի սովորողների հետ սկսեցինք երկարաժամկետ «Հետաքրքիր աշխարհը մեր շուրջը» ճամփորդական նախագիծը՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ: Գիտելիքը փորձի, հմտությունների զարգացման արդյունք է. որքան շատ ես կիրառում, արտահայտվում, այնքան ավելի հմտանում ես: Այս նախագծին մասնակցող սովորողները, բացի հայրենագիտական-ճանաչողական աշխարհայացքի ընդլայնումից, հմտանում են թվային միջոցներով ամենատարբեր աշխատանքներ անելիս՝ լուսանկարել, տեսանկարահանել, ձայնագրել, ապա տարբեր ծրագրերով այդ նյութերը շտկել, հրապարակել։ Բարելավում են նաև իրենց բանավոր խոսքը, զարգանում է մայրենի, օտար լեզուներով ճիշտ և գրագետ ներկայացնելու կարողությունը:
Յուրաքանչյուր ճամփորդություն նախագծելիս հաշվի է առնվում առնում կրթահամալիրի ուսումնական օրացույցը, կրթական փոխանակումների ծրագիրը։ Ուսումնական ճամփորդության նախագծով hամագործակցում եմ պատմության, էկոլոգիայի, աշխարհագրության մասնագետների հետ: Նախապատրաստական աշխատանքները կատարելիս սովորողները հետազոտում են այն վայրերը, որտեղ լինելու են, ծանոթանում նյութերին, բառապաշարին: Կարծում եմ, անգլերենի ուսուցումը, գործընկերության հաստատումը, ուսումնական նյութ պատրաստելը կարևոր բաղկացուցիչներ են այս նախագծում:
Յուրաքանչյուր ճամփորդություն սկսվում է նախապատրաստական աշխատանքից. նախ՝ սովորողներն ուսումնասիրում են վայրերը, որտեղ պատրաստվում են ճամփորդել, համացանցից տեղեկություններ են գտնում, դրանք թարգմանում են անգլերեն, նոր բառեր սովորում, աշխատում բառարաններով, կարդում են, լավացնում արտասանությունը՝ պատրաստվելով նկարահանումների: Այդպիսով, ճամփորդության նախապատրաստական մասը դառնում է հետաքրքիր և ուսուցանող։
Նախագծի արդյունքն ամփոփվում է որպես է՛լ ավելի հետաքրքիր ուսումնական պրոցես, քանի որ յուրաքանչյուր ճամփորդությունից հետո սովորողները գրում են հաշվետվություն, պատմում տպավորությունները, պատրաստում տեսանյութեր, ֆիլմեր: Այս տարի ճամփորդելով Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, այցելելով Արցախի Հանրապետություն՝ ստեղծվեցին այս հետաքրքիր տեսաֆիլմերը: Ճամփորդական նախագիծը շարունակական է. առջևում են այլ ճամփորդություններ, որոնք էլի համագործակցային են:
Բանավոր խոսքի զարգացումը լեզվի ուսուցման ծրագրով կարևորվող չորս հմտություններից մեկն է։ Դասվանդողը պետք է ստեղծի այնպիսի իրավիճակներ, կազմի այնպիսի նախագծեր, որոնցում սովորողները, չվախենալով սխալվելուց, կարողանան անկաշկանդ, ինքնավստահ արտահայտել իրենց կարծիքները: Այս առումով քննարկումը խոսքի զարգացման լավագույն միջոց է: Դասարանական քննարկումները միշտ էլ եղել են լեզվի զարգացման կարևոր բաղկացուցիչներից: Շատ կարևոր է յուրաքանչյուր սովորողի մասնակցությունը, այդ պատճառով պետք է քննարկման համար ընտրվի սովորողներին հետաքրքրող թեմա: Հաջողված է այն քննարկումը, որի ընթացքում մասնակցում են շատ սովորողներ:
Սովորողների հետ միասին ընտրում ենք քննարկման թեման, ուսումնասիրում համապատասխան բառապաշար: Թեմաների ընտրությունը ազատ է, տրված է սովորողներին: Սովորաբար ընտրում են իրենց տարիքին համապատասխան, իրենց հետաքրքրող բնագավառի, գործունեության վերաբերյալ թեմաներ, քննարկման նյութ են դառնում նաև աշխարհում, հանրապետությունում, մեր դպրոցում հրատապ թեմաները: Ամեն անգամ քննարկումը վարում են տարբեր սովորողներ: Քննարկումը ավելի դինամիկ, արագ անցկացնելու համար սկսում ենք, այսպես կոչված, «կայծակնային պտույտներով»: Քննարկումը վարողը սկսում է նախապես ընտրված կարճ հարցերով (մոտ 10 րոպե)։ Այնուհետև վարողը «ձնագնդի» մեթոդով անցնում է այլ հարցադրումների: Քննարկման ընթացքում լինում են նաև կարծիքների տարաձայնություններ, բաժանվում են երկու խմբի՝ կողմ և դեմ, սկսվում է խմբային աշխատանքը։ Հարցը ավարտուն է համարվում, երբ կողմերը միասնական հանգում են մի եզրակացության և հնչեցնում են իրենց կարծիքները:
Արդյունքում սովորղները համալրում են իրենց բառապաշարը, փոխանակում կարծիքներ, շփվում միմյանց հետ, ձեռք են բերում ազատ հաղորդակցվելու հմտություններ:
Մեկ այլ երկարաժամկետ նախագիծ, որում ներգրավված են լինում ավելի շատ սովոորղներ, «Թոկ շոու»-ն է: Այստեղ էլ թեման ընտրում են սովորողները, բայց նախագծի հիմքում հորինված պատմություններն ու դեպքերն են: Սա շարժում է նաև սովորողների ստեղծական միտքը, զարգացնում է տվյալ իրավիճակներին համապատասխան բառապաշարը: Այս նախագիծը կազմելիս առաջնորդվել եմ ստեղծագործական մտածողությունը խթանելու նպատակով: Խնդիրը՝ արագ մտածել, ճիշտ ձևակերպել խոսքը, խոսել անկաշկանդ, զարգացնել երևակայությունն ու միտքը։
Սովորողների հետ թեման ըտրելուց հետո, ընտրում և մշակում ենք համապատասխան կառույցներ՝ բառապաշար, ստեղծում հորինված դեպքեր, պատումներ, ինչպես նաև թեմային համապատասխան կերպարներ: Արդյունքում զարգանում է երևակայությունը, օտար լեզվով մտածելու, խոսքը շարադրելու հմտությունը:
Կրթության հիմքում ընկած է համագործակցությունը։ «Խոսենք անգլերեն» նախագծում ընդգրկված են տարատարիք սովորողներ: Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ և իրավիճակներ սովորող-սովորեցնող համագործակցության համար: Կրթահամալիրում արդեն երրորդ տարին գործող «Սովորող սովորեցնող» նախագծից վերցրել ենք փոխանցման գաղափարը: Այս նախագիծը սովորողները կարող են ընտրել կամ չընտրել: Ովքեր ընտրել են, հետաքրքրված են նաև դասավանդման հմտություններով կամ գրավվել են փոքրերի հետ շփմամբ: «Սովորող սովորեցնող» նախագիծն անսպառ է, որովհետև ամեն հանդիպման ժամանակ ավագ սովորղները նկատում են կրտսերների հավեսը, սպասումը նոր հանդիպման, որը նրանց ինքնաարտահայտման հնարավորություն է տալիս, որից ավելի ինքնավստահ են դառնում, ավելի պատասխանատու, պատրաստվում են փոքրերի հետ շփումին, հետևաբար սովորում են մոտիվացված:
Կարծում եմ՝ պրակտիկ գործունեությունը և ստեղծագործական մոտեցումը կարևոր բաղկացուցիչներ են, որոնք սովորողները կիրառելու են կյանքի տարբեր իրավիճակներում, տարբեր միջավայրում։
Սովորողները իրենց իմացածը օգտագործում են պատահական հարցազրույցների ժամանակ, դպրոցում օտարալեզու հյուրերի հետ զրուցելիս։
Ուսումնլական այսպիսի աշխատանքի արդյունքների գնահատման ամենակարևոր ցուցանիշը սովորողի ինքնագնահատականն է, որն արտահայտվում է նաշագծերին մասնակցությամբ, անհատական բլոգում հրապարակումների քանակով, ուսումնական աշխատանքի լուսաբանումներով-տպավորություններով, թարգմանության, ֆիլմի դիտման, ընթերցանության-քննարկման սեփական նախաձեռնություններով, անգլերեն կարծիքներ, վերլուծություններ, տպավորություններ գրելով:
- Բացվել է 969 անգամ