Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ

Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն վաղուց իրողություն է: Կարևորն այն է, որ գործող իրողություն է:

Հայաստանում, նաև աշխարհում, չկա նման ուսումնական հաստատություն, որտեղ 2000-ից ավելի սովորող, 300-ից ավելի մանկավարժական աշխատող ունեն վիրտուալ անհատական ուսումնական տարածքներ: Սրա հետ պետք է հաշվի նստել: Եվ այս իրողությունը շարժվող ու անընդհատ զարգացող է. ստիպված է անընդհատ զարգանալ, որովհետև մեդիաշխարհի զարգացման սրընթաց հոսքը կսրբի, կտանի այն ամենը, ինչ հետ է մնում՝ չի համապատասխանում օրվա պահանջին:

Կրթահամալիրի հայտնի mskh.am-ից բացի, մեր բոլոր դպրոցներն ունեն իրենց առանձին ենթակայքերը, որտեղ էլ առանձին էջերում հավաքված-հաշվառված են տվյալ դպրոցի սովորողների, մանկավարժական աշխատողների բլոգները։

Որպես առանձին իրականություն՝ կարելի է դիտարկել խմբային բլոգները՝ մանկավարժական-մեթոդական, ամսագրային, ռադիո, այլ: Գործող այդ բլոգների թիվը նույնպես պատկառելի է, տեսեք.

Բլոգների այս պատկառելի հավաքանին ղեկավարվում է համապատասխան կարգով: Ինչո՞ւ, որովհետև ուսումնական լինելը, նույն հաստատության կազմի բաղադրիչ լինելը որոշակի նորմեր են պարտադրում: Պարզ է, որ այդ նորմերն ամեն տարի վերանայվում են՝ խմբագրվում ու լրացվում, համապատասխանեցվում օրվա պահանջին՝ կրթահամալիրի զարգացմանն ու մեդիադաշտին համահունչ: Կարևոր է, որ յուրաքանչյուր բլոգեր կարող է ու հնարավորություն ունի կարգի խմբագրման ու լրացման առաջարկով հանդես գալ:

Մեջբերեմ նաև գործող կարգերը.

Ընդհանուր ձևակերպված պահանջները որևէ կերպ չեն խանգարում անհատ բլոգերին ինքնադրսևորվելու՝ բլոգի միջոցով ի ցույց դնելու իր անհատականությունն ու ասելիքը:

Բլոգային իմ ուսումնասիրությունների արդյունքում բախվեցի և այս ֆանտաստիկ՝ մեդիաաշխարհում նոր իրողություն մտցնող թվերի հետ, և տեսա-արձանագրեցի բլոգային ուսուցման կոնկրետ առավելություններ, ձեռքբերումներ, նաև՝  թերացումներ, բացթողումներ:

Առանձին կետերով ուզում եմ շարադրել իմ մոտեցումներն ու դիտարկումները․ տեքստիս վերջում կներկայացնեմ նաև կոնկրետ առաջարկներ:

Առավելություններ, ձեռքբերումներ

  • Բլոգային ուսուցումն ապահովում է անհատակենտրոն ուսուցման համար հարմար մեդիահարթակ։
  • Ուսումնական գործունեության արդյունքները, նաև՝ զարգացումները, բաց են ու տեսանելի։
  • Բլոգերին՝ լինի սովորող, թե մանկավարժական աշխատող, ինքնադրսևորման՝ իր տաղանդը, հմտությունները դրսևորելու կոնկրետ հնարավորություն են տալիս։
  • Բլոգային գրառումները, բլոգի դիզայնը, բլոգում տեղադրված նյութերի մեդիագրագիտությունը ուղիղ համեմատական են բլոգերի այդ պահի մեդիահմտությունների տիրապետման, ուսումնական և մանկավարժական հաջողություններին։
  • Բլոգերը ցանկացած պահի կարող է խմբագրել իր բլոգը՝ ոչինչ վերջնական և ստատիկ չէ: Յուրաքանչյուր վրիպում ուղղելի է, յուրաքանչյուր չիմացած բան՝ ենթակա յուրացման։
  • Բլոգային մշակույթը հստակ արտացոլում է սովորողի, մանկավարժական աշխատողի կրթական առաջընթացը։
  • Հիանալի մեդիապահոց է. ոչինչ չկորցնելու հնարավորություն։
  • Նպաստում է բլոգերի ինքնակրթությանը, առողջ մրցակցային դաշտի ապահովմանը։
  • Զարգացնում է հայալեզու մեդիացանցը։
  • Զարգացնում է հայալեզու մանկավարժական ցանցը, նվաճումները։
  • Կրթահամալիրի դպրոցներում հաշվառված բլոգների գերակշիռ մասն ակտիվ ու գործուն է։
  • Գերակշիռ մասն անընդհատ զարգանում է՝ դրանով ապահովելով իր ուսումնականությունը։
  • Հստակ ցուցադրում է, թե յուրաքանչյուր սովորող, մանկավարժական աշխատող ինչ գործունեություն է ծավալում, ինչպես։
  • Ներկայանում է որոշակի դասակարգմամբ:

Բլոգային ուսուցման բաց ու թափանցիկ լինելու հետ կապված՝ պետք է պատրաստ լինել նաև նրան, որ բաց և թափանցիկ են ինչպես առավելությունները, այնպես էլ՝ թերացումները:

Թերացումներ, բացթողումներ

  • Տեսանելի են բոլոր վրիպումները՝ տեքստային, մեդիա։
  • Բլոգային մեդիահմտությունների վատ իմացության պատճառով կան բլոգներ, որ ընթեռնելի չեն՝ ճիշտ չեն ընտրված հետնանկարները, գույները, թեմաները,  այլ։
  • Զգացվում է ասելիքի պակասը. բացակայում են բաժինները. դատարկ են, կամ տեղադրված չեն համապատասխան խրվակները։
  • Տեսանելի չէ, թե տվյալ անձը ո"ր հաստատության սովորող, մանկավարժական աշխատող է։
  • Թողարկումներն անփույթ են՝ «չկիսվող» նյութեր, տարբեր չափսերի նկարներ, չմեծացող նկարաշարեր։
  • Չկան էջային բաժանումներ, նյութերի նախաբաններ, այլ։
  • Կան բլոգներ, որոնք «նկարախեղդ» են եղած, բայց նկարներին կից չկան պատշաճ նախագծային, մանկավարժական բացատրություններ, մեթոդի նկարագրություն, պատում։
  • Կան բլոգներ, որտեղ տեսանյութերն են գերիշխում ու դարձյալ բացակայում են նախագծային, մեթոդական ձևակերպումները:
  • Դժվարանում է բլոգի խմբագրումը, երբ չի գործում կամ անտեսվում է սովորող-դասավանդող հետադարձ կապը։
  • Խառնվում են էջ-բաժին հասկացությունները:

Բլոգային ուսուցումն իր տեսակով անհատակենտրոն ուսուցում է, անընդհատ զարգացող է, ու շատ բլոգերների համար դժվար, անհնար է դառնում հետևել մեդիազարգացումներին, որոնք սրընթաց են:

Աշխատանք սովորողների հետ

Բլոգների ուսումնասիրությունն իմ անհատական թեման էր, բայց ինչպես դպրոցական բոլոր աշխատանքներում, այստեղ ևս կարևորում եմ սովորողի մասնակցությունը։

Հունվար ամսին միջին դպրոցի ՏՀՏ ընտրությամբ խմբի սովորողներիս հետ սկսեցինք ու ավարտեցինք 6-րդ դասարանցիների բլոգների ուսումնասիրությունը։

Նախագծային խմբում սկզբում ընդգրկված էին երեք սովորող, հետզհետե հետաքրքրվող սովորողների թիվն ավելացավ՝ հասնելով 10-12-ի: Սկզբում սկսեցինք հենց նախագծային խմբում ընդգրկված սովորողների բլոգներից։ Բնականաբար, շատ կետերով իրենց բլոգներն էլ չէին համապատասխանում պահանջներին․ արագ շտկեցինք բացթողումները։

Երբ սովորողներին նման աշխատանք ես հանձնարարում, իրենք իրենց կարևորված, ավելի հասուն են զգում։ Ես կողքից դիտողի դերում էի՝ քննարկում էին իրար հետ, անհամաձայնություն հայտնում իրենց ընկերների նշած որոշ կետերի հետ, հարցադրումներ անում։ Հետաքրքրիր էր նայել, թե ինչպես են իրենք գնահատում իրենց ընկերներին. հետո իմացա, որ մի քանի հոգու զգուշացրել էին, որ իրենց բլոգները կարգի բերեն, թե չէ՝ լավ գնահատական չեն տա։ Ամենահետաքրքիրը սովորողների նկատառումներն էին՝ որոշ դեպքերում խիստ կողմնակալ, որոշ դեպքերում՝ անաչառ։

Փետրվարի-մարտ ամիսներին նայեցինք 7-րդ դասարանցիների բլոգները։ Սկսել ենք ուսումնասիրել 8-րդ դասարանցիների բլոգները։

Միջին դպրոցի դասավանդողների բլոգների ուսումնասիրությունից կառանձնացնեմ նկատված հետևյալ խնդիր-դժվարություններն ու կարգում փոփոխությունների առաջարկներ կանեմ: Նշեմ, որ այս բլոգները նույնպես ուսումնասիրել ենք սովորողների նախագծային խմբի հետ.

  • Ուսումնական բլոգները հիմնականում համապատասխանում էին ներկայացվող պահանջներին՝ արտաքին տեսքի և հղումների մասով, սակայն բաժինների անվանումները ու առանձնացումները այլ էին՝ կախված դասավանդվող առարկայից, դասավանդողի լեզվական մտածողությունից։ Օրինակ՝ դասավանդողի ստեղծած ուսումնական նյութերը տեղադրված էին ոչ թե կոնկրետ բաժնի մեջ, այլ՝ նախագծերի ամփոփման բաժիններում, ստուգատեսային նյութերում և այլն։
  • Օգտագործվող «Այլ ուսումնական նյութեր» պարտադիր բաժինը հիմնականում բացակայում էր բլոգներում. ստեղծելուց հետո էլ չեմ կարծում, որ պարբերաբար կսպասարկվի։
  • «Ուսումնական պարապմունքներ» բաժինը չի սպասարկվում, նախագծային ուսուցման ժամանակ նյութերը տեղադրվում են հենց այդ բաժիններում. բլոգներում չկա օրվա պլանավորումը՝ հատկապես դասարանական աշխատանքի հատվածը։
  • «Ուսուցչի օրագիր» (ուսումնական պարապմունքի վերլուծություն)  բաժնի սպասարկում հանդիպեցի մի քանի  դասավանդողների մոտ, այն էլ ոչ հաճախ սպասարկվող․ առաջարկում եմ կարգի այս կետը պարտադիր չհամարել։
  • «Ելույթներ ԶԼՄ-ներում» բաժինը նույնպես կարելի է ոչ պարտադիր համարել։
  • «Աշխատողին ուղղված հարցեր-պատասխաններ» բաժինը ևս քիչ թվով դասավանդողների մոտ է առկա. սա ևս կարելի է պարտադիր չհամարել։

Սովորողների բլոգներին ներկայացվող պահանջներում կառանձնացնեմ․

  • «Ֆլեշմոբներ» պարտադիր համարվող բաժինը չի գործում․ Միջին դպրոցի ոչ մի սովորողի բլոգում չեմ հանդիպել տվյալ բաժնի սպասարկում՝ հենց բուն նյութերով։ Մեր սովորողները ֆլեշմոբները լրացնում են առցանց հարթակում, բաժնի կարիքը, կարծես, չի զգացվում։
  • «Լրացուցիչ կրթություն» բաժնում չեն տեղադրվում նյութեր․ շատ սովորողներ լրացուցիչ կրթությունը իրականացնում են ոչ կրթահամալիրում՝ գիրք-տետրով կամ այլ՝ ոչ մեդիա ֆորմատով, կրթահամալիրի լրացուցիչ կրթության խմբերը ևս չեն պարտադրում բլոգային-մեդիա աշխատանք։

Բլոգային աշխատանքը հետաքրքիր է, քանի որ գործ ունենք հազարավոր անհատ բլոգերների հետ, որոնցից ամեն մեկը մեդիաաշխարհ է բերում իր մոտեցումները, տեսակը: Հետաքրքիր է, քանի որ ստատիկ չէ. անընդհատ զարգանալու ու առաջ գնալու հնարավորություն կա: Հետաքրքիր է, որովհետև ուսուցումն անընդհատ է ու անընդմեջ, և մենք սովորելու, սովորածը միմյանց փոխանցելու հնարավորություն ու ցանկություն ունենք:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский