Ուսումնառությունը կդառնա՞ գրավիչ ու արդյունավետ

Որպես 9-րդ դասարանի դասղեկ, որպես բավականաչափ աշխատանքային փորձ ունեցող մանկավարժ, փորձում եմ հասկանալ, թե 9-րդ դասարանի հայոց լեզվի ներկայիս ավարտական թեստով սովորողների ո՛ր կարողություններն ու հմտություններն են ստուգելու և գնահատելու: Այսքան զնգզնգացնում ենք՝ կարևոր է զարգացնել երեխաների քննական մտածողությունը, ստեղծագործական կարողությունները... Քննարկում ենք, որոշում ենք, խոսում ենք, բայց միևնույն է, գործում է անգիրի դպրոցը:

Շա՜տ վաղուց եմ ավարտել այն կրթահամալիրը, որտեղ կարևորում են սովորողների ստեղծագործական, քննական, հետազոտական մտքի զարգացումը: Ամենաբարձր միավորներով եմ բուհ ընդունվել, բայց հիմա հայոց լեզվի քերականական ոչ մի կանոն անգիր չեմ հիշում, ու ոչ ոք չի կարող ապացուցել, որ մայրենի լեզվիս չեմ տիրապետում: Տեսնես՝ թեստերը կազմողները ի՞նչ խնդիր են իրենց առջև դրել: Չնայած հասկացա. երեխաներին ապացուցել, որ մայրենիին չեն տիրապետում... Այսպիսի մոտեցումներով հնացել ու այլևս հետաքրքիր չենք այս թվայնացված սերնդի համար... 

Ուրախացա, որ այս մասին խոսակցություն են սկսել կրթահամալիրի ուսուցիչները։ Սիրով արձագանքում եմ Մարիետ Սիմոնյանի «Ճամփան՝ ո՜ւր, ճամփորդն ուր...» հրապարակմանը։

Եվս մեկ անգամ դիմեցի միջազգային փորձին՝ ուսումնասիրելով տարբեր երկրների թեստերը՝ որպես մայրենի լեզվի ստուգման գործիք: Ու, գուցե ավելորդ անգամ, ներկայացնում եմ առաջադեմ հասարակության պահանջը սովորողից.

  1. բանավոր խոսքի գերազանց իմացություն (արդյունավետ ելույթների, դեմառդեմ հանդիպումների և քննարկումների, տեսակոնֆերանսների, գրավիչ հեռախոսային զրույցների, ՏՀՏ կոնֆերանսների անցկացմամբ),
  2. գրագետ գրավոր խոսքի իմացություն՝ պարզ, ժամանակակից, համոզիչ էլեկտրոնային նամակ և այլ տիպի բիզնես նախագծեր ու ծրագրեր գրելու համար:

Ինչպես նկատեցիք, մեզանից շատ քչերն են այս կարողություններն ու հմտությունները կարևորում: Սովորողների ու մեր ուսուցիչների դժգոհություններն անսպառ են...

Երևանի ՉԵխովի անվան դպրոցում անգլերենի դասաժամերին իրականացվում են թվարկածս գործառույթները: Մեր սովորողները գիտեն՝ ինչպես գրեն անգլերեն պաշտոնական և ոչ պաշտոնական նամակներ: Բայց սա դեռ նախադրյալ չէ գրագետ ու հաջողակ քաղաքացի կրթելու և դաստիարակելու համար: Դեռևս գիտելիքը (հիմնականում՝ անգիրի հիմքով) մնում և կազմում է մեր երեխաների ամփոփիչ ստուգման գնահատականի գերակշիռ մասը: Դա վերաբերում է նաև մայրենի լեզվին. անգիր կամ ջրի պես «քերակականություն» իմացող շատ սովորողներ խուսափում են ուղղակի նամակ գրելուց, ելույթ ունենալուց։  Այնինչ հայոց լեզվի տեսական խորը իմացություն պետք է պահանջել ավագ դպրոցի այն շրջանավարտներից, որ ընտրել են հումանիտար հոսքը:

Հուսով եմ, որ պետական չափորոշչի լրամշակումից հետո ուսումնառությունը կդառնա գրավիչ ու արդյունավետ...

Տաթև Մելքոնյանի էջը դպրոցի կայքում։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский