Ամսիկների դերն ու նշանակությունը 5-6 տարեկանների «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 5 տարեկանների զարգացման ծրագիրն իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում: Վերոնշյալ ծրագիրը թույլ է տալիս ստեղծել այնպիսի կենդանի, ստեղծական միջավայր, որտեղ խաղ-գործունեության միջոցով փորձում ես զարգացնել սովորողների երևակայական, ստեղծագործական, տրամաբանական մտածողությունն ու բանավոր խոսքը, նպաստել սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացմանը, հնարավորություն տալ կարծիքն անկաշկանդ արտահայտելու, ձևավորել տեխնոլոգիական պարզագույն հմտություններ, կարևորել ու կոփել սովորողների ֆիզիկական վիճակը: Այսպիսի միջավայրում պետք է կազմակերպել այնպիսի գործունեություն, որի հիմնական շեշտադրումը կդրվի սովորողի ինքնուրույնության, հաղորդակցման հմտությունների, երևակայության, ստեղծականության զարգացմանը, արագ կողմնորոշվելու, հաշվելու, համեմատելու, չափումներ անելու հմտությունների ձևավորմանը և այլն: Եվ այս ամենին օգնության են հասնում ամեն հինգշաբթի իրականացվող ամսիկները, որոնց ընթացքում ցույց է տրվում յուրաքանչյուր սովորողի հմտությունների, կարողությունների աճը, և ստուգատեսներից հետո լրացվում են համապատասխան ցուցանիշները: Ճիշտ է՝ ամեն շաբաթ գրվում է նախագիծ, բայց երբ ծանոթանում ես սովորողների հետ, ուսումնասիրում ես նրանց հետաքրքրություններն ու առանձնահատկությունները, փորձում ես արդեն ստեղծված նախագծի շուրջ կառուցել զարգացման իրական ուղիներ: Միջավայրը, որտեղ խաղում է երեխան, պետք է դարձնել ուսումնական՝ չկտրելով երեխային խաղից, իր սիրելի աշխարհից, չարհեստականացնել ուսուցումը, ստեղծել զարգացման ավելի պարզ, արդյունավետ պայմաններ:

Ամեն հինգշաբթի իրականացվող ստուգատեսների բովանդակությունը տարբեր է՝ մարզական, տեխնոլոգիական, բնագիտական, ընտանեկան, ճամփորդական, մեդիագրագիտություն, խոհանոցային, որոնց ընթացքում կազմակերպվող գործունեությանը սովորողները մասնակցում են մեծ հետաքրքրությամբ, պատասխանատվությամբ:

Մարզական ստուգատեսներ

«Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով–պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք են ու վերջ, խաղալիք չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք են մնացել»:

Սա ես չեմ ասել, ասել է մեր տիկին Աիդան:

Երեխան ապրում է, խաղում, մարմինն էլ կրթվում է, մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու մշակույթի:

Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ամենօրյա գործունեությամբ անվտանգ, ճկուն, կառավարելի շարժումների մշակում, հիգիենա, կեցվածքի ձևավորում, հեծանվավարություն, լող…Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում. եթե չբարձրանա, չթռչի աստիճաններով, չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ լինել: Մարզական ստուգատեսների շուրջ կառուցվող վարժությունների մեջ հատուկ տեղ է զբաղեցնում գլուխկոնծին: Գլուխկոնծի կարողանում են տալ ինչպես սովորողները, այնպես էլ դասվար-դաստիարակները. զարգանում է ճկունությունն ու հավասարակշռությունը պահելու հմտությունը, դառնում են ավելի ուժեղ և կոփված:

Տեխնոլոգիական ստուգատեսներ

Տարբեր նախագծերի շրջանակներում տեխնոլոգիան իր կարևոր տեղն ունի 5 տարեկանների զարգացման խմբում, որն իր մեջ ներառում է կավագործություն, նկարչություն, տիկնիկների և կերպարների ստեղծում, ինքնաշեն իրերի պատրաստում: Այս ամենը սանի համար ավելի հետաքրքիր է դարձնում հեքիաթի ու բանաստեղծության ուսուցումը, ծեսերին պատրաստվելը: Խոհանոցային գործունեության ժամանակ անհրաժեշտ պարագաները սանն ինքն է լվանում, դասավորում, հաշվում, համեմատում՝ քանի ձու, որքան ալյուր և շաքարավազ է անհրաժեշտ: Հալեցնում ենք կարագն այնքան, որ տրորել կարողանանք և, ահա, միմյանց օգնելով, հուշելով պատրաստում ենք ամենահամեղ թխվածքաբլիթները: Տեխնոլոգիական ստուգատեսների ընթացքում սովորողները ցույց են տալիս իրենց տեխնոլոգիական հմտությունները, ներկայացնում են ինքնուրույն աշխատելու կարողությունները:

Մեդիագրագիտության կազմակերպում

Իրականացվող ստուգատեսների մեջ առանձնահատուկ էր մեդիագրագիտության զարգացմանը նպաստող ստուգատեսները: Պետք է նշեմ, որ հինգ տարեկանների խմբում համակարգիչները սկսեցինք օգտագործել հենց առաջին հանդիպումից։ Աստիճանաբար սովորեցինք օգտվել գործիքի հնարավոր մատչելի, ընկալելի ծրագրերից: Սովորեցինք paint ծրագրով նկարել, ձայնագրիչից, ֆոտոխցիկից օգտվել: Փորձը ցույց տվեց, որ համակարգիչը սովորողի գործունեության կազմակերպման արդյունավետ միջոց է, պլանշետով աշխատանքը դառնում է նրա գործունեության մի մասը, ամբողջացնում, լրացնում այն պատկերների, տեսադասերի, ֆիլմերի, խճանկարների, տրամաբանական խաղերի և այլ նյութերի միջոցով: Նրանով հնարավոր է կոնկրետ կարողություն, հմտություն զարգացնել, լուծել անհրաժեշտ և նպատակային խնդիրներ: Համակարգչում բեռնված ծրագրերը, խաղերը ուսումնական են, ապահովում են սանի զարգացումը, կարևոր հմտություններ և կարողություններ փոխանցում: Այսպես՝ Paint-ը դարձավ ստեղծագործությունները, մեր մտահղացումներն ավելի գեղեցիկ ներկայացնելու գործիք, դարձավ միջոց ստեղծելու աուդիոգրքեր, բացիկներ, դիջիբացիկներ:Մեջբերեմ ծնողներից մեկի նամակը, ով զարմանքով և հիացած արտահայտվեց.«Ես իսկականից զարմացա, երբ Մանեն նստեց համակարգչի դիմաց ու մոտ 15 րոպեում բավականին հաջող նկարեց մեդիագործիքներով, անկեղծ, ինքս կդժվարանայի որտեղից սկսել...»:

Ամսիկների ընթացքում իրականացվող ստուգատեսների  համալիր, փոխկապակցված իրականացման շնորհիվ 5 տարեկանների հետ անցնում ենք զարգացման հետաքրքիր, ստեղծական ճանապարհ, որը  հնարավորություն է տալիս բացահայտելու ոչ միայն սովորողներին, այլև ինքս ինձ, տեսնելու ինձ տարբեր իրավիճակներում, արագ կողմնորոշվելու, ելքեր գտնելու, գտնելու ուսուցման առավել ժամանակակից մոտեցումներ, ստեղծական և ուսումնական նախագծեր:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский