Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ

Հեղինակ: 

Հայ- վրացական հանրակրթական կամուրջներն արդեն ունեն տաս տարվա պատմություն: Այս նախագիծը տարիների ընթացքում նոր զարգացումներ է ունեցել, վրացական տարբեր դպրոցներ ու կազմակերպություններ են ներառվել:
2009 թվականից էլ, երբ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագիրն սկսեց գործել, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջին և ավագ դպրոցներում իրականացվում է վրացերենի ուսուցումը սովորողների ընտրությամբ:
2018-2019 ուսումնական տարում արդեն ավագ դպրոցի սովորողը կարող է իր անհատական ուսումնական պլանում վրացերենն ընտրել որպես հանրակրթական օտար լեզու մյուս օտար լեզուների հետ: Այս նախագծի միջոցով երեք տասնյակից ավելի սեբաստացիներ սովորում են վրացերեն և հնարավորություն են ունենում լեզվի փորձառություն ստանալու Վրաստանում:
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի տասնամյա պատմությունը նոր գործընկերությունների հաստատման, աշխարհագրության ընդլայնման, նախագծերի բազմազանության հետաքրքիր զարգացում է ապրել:  «Կամուրջները» զարգանում են տարբեր ուղղություններով, նախագծին մասնակից են դառնում տարատարիք սովորողներ ու դասավանդողներ: Ծրագրի շրջանակում կրթահամալիրի սովորողները և դասավանդողներն իրականացրել են բազմաթիվ ուսումնական նախագծեր, մասնակցել են տարբեր մրցույթների, Հայաստանում և Վրաստանում իրականացվել են համատեղ ուսումնական ճամփորդություններ տարածաշրջանի տեսարժան վայրերով:  Կատարվում են թարգմանություններ՝ հայերենից վրացերեն, վրացերենից հայերեն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքի վրացերեն էջը գործուն է, մշտապես թարմացվող:
2018-2019. հայ-վրացական կամուրջների օրացույց:
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի նպատակն է մեծացնել հարևան պետությունների քաղաքացիների, բարեկամ ժողովուրդների հաղորդակցումը, իրականացվող ամենատարբեր համատեղ նախագծերով լուծել կրթական խնդիրներ՝ փոխադարձաբար ավելի լավ ճանաչել ներկայիս Վրաստանը, Հայաստանը՝ իրենց տարածքով, բնակչությամբ ու նրա հոգեբանությամբ, յուրային դարձնել միմյանց, սովորել լեզուները, ծանոթանալ միմյանց մշակութային արժեքներին, յուրացնել միմյանց երգ ու պարը, կարդալ միմյանց գրականությունը: Այս տարիների ընթացքում հայ-վրացական համագործակցությունը ավելի է ընդլայնվել և ամրապնդվել: Ներգրավվել են կրթական նոր հաստատություններ ինպես Թբիլիսիում, այնպես էլ Ջավախքում, Վրաստանի այլ վայրերում: Բազմաթիվ համատեղ նախագծերի և կրթական փոխանակումների-փոխայցելությունների շնորհիվ հայաստանցի սովորողները ձեռք են բերում վրաստանցի ընկերներ, և հայ ու վրացի պատանիների համար ձևավորում են բարեկամության անհատական պայծառ էջեր:
2019-ի  ապրիլի 8-14-ը կրթահամալիրում վրացերենի օրեր էին: Ստուգատեսի շրջանակում՝

  1. կրթահամալիրի վրացախոսների ակումբը հյուրընկալել էր Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակից, հայագետ Նինո Ափցիաուրիին,
  2. սովորողները եղան Գրողների տանը և հանդիպեցին վրաց ժամանակակից  գրողներ Լևան Զարիձեի և Լեքսո Դորեուլի հետ
  3. Թբիլիսիի 98 դպրոցի 50 հոգանոց նախագծային խումբը մասնակցեց վրաց լեզվի տոնին:

Վրաստանի դեսպանատան աջակցությամբ կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողների խումբը արդեն երրորդ տարին է՝ մասնակցելու է միջազգային ճամբարի Անակլիայում: Այս նախագծերը հնարավորություն են տալիս սովորողներին լինելու վրացական միջավայրում, ներկայանալու ու ներկայացնելու կրթահամալիրն ու կրթահամալիրում իրականացվող հայ-վրացական նախագծերը:
Կրթահամալիրի վրացախոս սովորողների հետ վրացական տարբեր կայքերից ուսումնասիրել և թարգմանել ենք Վրաստանում ավարտական քննություններին նոր մոտեցումը:
Փետրվարի 12-17-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոցներում կազմակերպվում էր գարնանամուտի, Տյառնընդառաջ տոնի ու ազգային «Տրնդեզ» ծեսի ուսումնական նախագծեր։ Այդ օրերին` փետրվարի 12 - 17 նախագծին մասնակցում էին նաև Վրաստանի Կախեթիի, ք. Լագոդեխիի «Հերեթի» պարի պատանեկան համույթի սովորողները: «Հերեթի» պարի պատանեկան համույթի սովորողները`Մարիամ Մանջալաձեն, Նինո Մերմանիշվիլին  պատմել են իրենց տպավորությունները:
«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում վրաց սովորողները կրթահամալիրի սովորողներին սովորեցրեցին պար «Ռաճուլի»:  Փետրվարի 15-ին Վրաստանի Կախեթի Լագոդեխիից ժամանած «Հերեթի» պարի պատանեկան համույթը այցելեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանություն: Դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն, որն էլ լավ առիթ էր բարեկամական մթնոլորտում ծանոթությունների և ջերմ շփումների համար: ՀՀ-ում Վրաստանի դեսպանն իր ողջույնի խոսքը հղեց վրացի սովորողներին, իր գոհունակությունը հայտնեց, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Հայաստանը և Երևանը ճանաչելու, կրթական փոխանակումներ իրականացնելու և համագործակցելու հնարավորություն է ընձեռել: Նա նաև մեծ հույս հայտնեց, որ այս փոխայցելությունները կրելու են շարունակական բնույթ: Այնուհետև խմբի ղեկավար Կախա Կոբախիձեն հայտնեց դեսպանին, որ մոտ ապագայում պատրաստվում են Կախեթի հրավիրել կրթահամալիրի գինեգործներին, որպեսզի նրանք ավելի լավ ծանոթանան վրացական գինեգործության մշակույթին։
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեի նախաձեռնությամբ Հայաստանում Վրաստանի դեսպանատանը տեղի ունեցավ 2018 թվականի ամփոփում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի վրացախոս սովորողները դեսպան Գիորգի Սագանելիձեի կողմից ստացան պատվոգրեր:
Իրականացրել ենք «Վրացական խոհանոց Էկա Բաքրաձեի հետ» նախագիծը: Նոյեմբերի 21-ին Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տիկին Էկատերինե Բաքրաձեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի վրացախոս սովորողների հետ պատրաստեց վրացական մճադի, տվիշտարի, գյուղական աղցան (գլեխուրի), կուճմաճի:
Կրթահամալիրի վրացախոս սվորողների հետ միասին իրականացրել ենք «Երևանը վրացերենով» նախագիծը, որը նվիրված է Երևան 2800-ին:Քաղաքի կենտրոնում նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ Ավագ դպրոցի սովորողները վրացերեն ներկայացնում են Երևանի տեսարժան վայրերը։
Հոկտեմբերին Հյուսիսային դպրոցի «Հարթակ» ակումբում տեղի ունեցավ հանդիպում վրաց ժամանակակից նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլի և Բեքա Սակվարելիձեի հետ: Վրաց նկարիչներ Մարիամ Շաքարաշվիլին և Բեքա Սակվարելիձեն կրթահամալիրի տեխնոլոգների, կրտսեր և միջին դպրոցների սովորողների հետ անցկացրին վարպետության դաս: Վրաց լեզվի սովորողների համար սա լեզվի լավ փորձառություն էր: Սովորեցին նոր բառեր և արտահայտություններ:
«Ուսումնական Գյումրի» նախագծի շրջանակում կրթահամալիրի վրացախոս սովորողների հետ մեկնել ենք Գյումրի: Մասնակցել ենք «Վերածնվող Գյումրի» քաղաքի տոնին:
«Հայ-վրացական հանրակրթական կամուրջները» ներկայացվել են տարբեր հարթակներում:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский