Ուսուցումը արտադրությամբ
Primary tabs
Արտադրական ուսուցումը դպրոցում ամբողջ կրթական գործընթացի մի մասն է, որը ծառայում է սովորողների ինքնության բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը՝ նախապատրաստելով գործնական կենսաձևին։ Սովորողն ընդլայնում է ընկալումների և գաղափարների շրջանակը, բարելավում է ճանաչողական ունակությունները, զարգացնում է գիտելիքներն ինքնուրույն ձեռք բերելու և դրանք գործնականում կիրառելու ունակությունը: Կարելի է եզրակացնել, որ արտադրական ուսուցումը իրականացնում է կրթության կարևոր նպատակը. աշխատանքային խնդիրների լուծման ընթացքում սաներին սովորոցնում է ինքնուրույնություն և հաստատակամություն, զինում է նախագծելու և կոմպլեքս աշխատաքներ իրականացնելու ունակությամբ:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի հետ փոխկապակցված է արտադրական ուսուցումը՝ իր ստեղծական մոտեցումներով, այլընտրանքային լուծումներով: Արտադրական ուսուցումը ինչքան բնորոշ է միջին մասնագիտական կրթությանը, նույնքան և ավել կիրառելի է ու արդյունավետ կրտսեր տարիքից մինչև ավագ դպրոցականների համար: Ապացույցն է կրթահամալիրի տարիների համոզիչ և ոգևորող փորձը: Արտադրական տարածքներում՝ուսումնական ագարակ, կրթական պարտեզ, արվեստանոցներ, արհեստանոցներ, ջերմոցներ, լաբորատորիաներ, տարբեր մեդիատիրույթներ, սովորողները ստեղծում են, արտադրում են նյութական արժեքներ, ինչու չէ, նաև սեփական քրտինքով վաստակում են՝ օր առաջ դառնալով ինքնուրույն: Այսպիսի կրթությունը թերևս հարգանք է սովորողի կյանքի, դաստիարակության, ինքնուրույնության նկատմամբ: Կրթահամալիրում արտադրությամբ ուսուցումը կազմակերպվում է տեխնոլոգիայի դասընթացների ուսումնական նախագծերի, սովորող սովորեցնող նախագծերի, դպրոցը՝ ծեսի բաց լաբորատորիայի, աշխատանքային ջոկատների միջոցով, ինչի արդյունքում ունենք.
- ուսումնական միջավայրի խնամք և բարեկարգում՝ որպես ուսումնական աշխատանք
- կրթական պարտեզի հեծանվային ուղիների, արահետների ստեղծում
- խաղողի այգու ստեղծում
- ընտանեկան ծեսի ձևավորում-կազմակերպում
- ցուցադրություն-վաճառք
- սովորող սովորեցնող նախագծով գիտելիքների, կարողությունների, հմտությունների փոխանցում
- ուսումնական ծառայություններ՝ խնամքի, ուսուցման:
Սովորողի ուսումնաարտադրական-հետազոտական գործունեությունը պետք է լինի տնտեսական հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի հանրակրթական համակարգում առանցքային նպատակ. քաղաքացի սովորողը ուսանելով օր առաջ պետք է ինքնուրույն մասնակցի դպրոցի, համայնքի իրական հասարակական-արտադրական կյանքին: Եթե սովորողը չի ձևակերպելու դպրոցի, համայնքի, երկրի խնդիրները, եթե սովորողը չի փորձելու իր ուսմամբ, ինքնակրթությամբ, իր կարողություններով լուծել այդ խնդիրները, ապա հանրակրթությունը՝ իր բովանդակությամբ ու կազմակերպման ձևերով դառնում է անտեղի և անպիտան: Օրինակ՝ Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հիմնական ուղղություններից մեկը: Եվ մենք՝ որպես աշխարհագրական սահմանափակումերով փոքր երկիր, իրապես պետք է շարժվենք տեխնոլոգիական տնտեսություն կառուցելու ճանապարհով: Ինչ խոսք, դպրոցը, բուհը շատ անելիք ունեն: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորողներն արդեն երկրորդ տարին է՝ իրենց ուսումնական պլանում կարող են ներառել ՏՏ դասընթացը, որի ընթացքում սովորում են, սովորեցնում են և ստեղծում են տարբեր մեդիա արտադրանքներ.
- «Trash Master» բջջային հավելված
- Ուլտրասոնիկով ռոբոտ
- «Դինոզավրի ճամփորդություն» խաղ
- Փոքր արհեստական ինտելեկտ
- Հայակական մատենագրերը կարդացող ծրագիր և այլն:
Թերևս ամփոփեմ ֆրանսիացի մանկավարժ Ֆրենեի խոսքերով. «Վաղվա դպրոցն ուղղված կլինի դեպի երեխան` հասարակության անդամը: Հասարակության պահանջներից կախված նրա հիմնական պահանջներն են որոշելու և´ ֆիզիկական, և´ մտավոր այն աշխատանքները, որոնցով պիտի զբաղվի, ուսումնական այն առարկաները, որոնք պիտի ուսումնասիրի, ինչպես նաև գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համակարգը, ուսուցման ձևերը: Դա մանկավարժության ամբողջական նորացում կլինի, մանկավարժությունն ավելի խելամիտ, արդյունավետ, մարդասիական կդառնա և կօգնի երեխային՝ լիովին իրականացնելու մարդկային իր առաքելությունը»: