Ինչպես դարձա ուսուցիչ

Հիշում եմ 2018 թվականի հուլիս ամիսը… ամռան շոգը հասել էլ +42 աստիճանի։ Դա հաղթանակների տարի էր՝ մեր հանրապետության 100-ամյակը, ես ավարտել էի ԵՊՀ-ն։ Հենց այդ ամռանը ես վերադարձա իմ դպրոց՝ մեր կրթահամալիր։ Վերադարձա, բայց արդեն որպես ուսուցիչ։ Հիշում եմ հուլիսյան մուտքի ճամբարային ամիսը։ Մենք հաղթահարում էինք մի շրջան, որից հետո պետք է մտնեինք ԴՊՐՈՑ։ Սակայն ինչու՞ դպրոց, այլ ոչ մի ուրիշ վայր: Հարց, որի պատասխանը երկար ժամանակ ուզում էի գրել: Համբերությամբ զինվեք, կգամ հեռվից․․․

Մանկության տարիներին դպրոցն ինձ համար մի վայր էր, որտեղ պետք է խելոք նստեինք, չխոսեինք, չարտահայտվեինք։ Ես ատում էի դպրոցը, սակայն հենց այդ «դպրոցն» ինձ ստիպեց մեկուսանալ և գտնել գիտելիքի որոնման ինքնուրույն ճանապարհ։ Դա այն հատկանիշն էր, առանց որի այլևս իմ կյանքը չեմ պատկերացնում՝ պրպտող և ինքնուրույն մտածողություն։ Այդ դպրոցն ինձ բերեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ ինձ նման երեխաների համար ստեղծվել էին ազատ պայմաններ՝ ինքնուրույն որակներ զարգացնելու համար։ Այստեղ ես գտա ազատ հարթակ, և այդ ազատությունն ինձ չվնասեց, չայլասերեց, այլ թույլ տվեց զարգանալ և ձևավորվել՝ որպես անհատականություն։

Համալսարանական տարիներին, երբ մենք՝ սեբաստացիներս, հնացած այդ համակարգում ցուցաբերում էինք ստեղծագործ մտածողություն, միշտ առաջին հարցը լինում էր, իսկ որտեղի՞ց եք դուք: Պատասխանը ստանալով՝ ամեն ինչ պարզ էր դառնում բոլորի համար, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ։ Հակասիստեմը, ոչ պարփակվածությունը մեզ դարձրեց մտածողների, ստեղծագործողների, պրպտողների, պայքարողների խումբ, իսկ կրթական սկզբունքների ծայրահեղ տարբերությունները՝ գնահատողների և վերլուծողների, արժևորողների և համեմատողների առանձին մի «խմբավորում»։ Ինձ միշտ թվացել է, որ ունեմ փոխանցելու, ուղղորդելու կարողություն։ Ես կարող եմ տալ այն, ինչն ինձ մոտ միշտ պակասել է, ինչի կարիքը ես միշտ զգացել եմ, ինչը կունենայի, եթե իմ ուսուցիչները մտածեին այնպես, ինչպես ես հիմա։ Եվ այս մտորումներով բացեցի կրթահամալիրի քոլեջի դռները, բացեցի, արդեն ոչ թե որպես սովորող, այլ որպես ուսուցիչ։ Կասեմ մի բան՝ չեմ փոշմանել իմ որոշման համար. ես հստակ վճռել էի, եթե չստացվի ուսուցիչ-սովորող հոգևոր կապը, ես կլքեմ ասպարեզը՝ որպես աշխարհում ամենաանհաջողակ մանկավարժ։ Հիշում եմ հոկտեմբերի 3-ը, երբ դեռ մի ամիսն էր բոլորում իմ աշխատանքի, բացեցի քոլեջի դուռը ու արտակարգ լռության մեջ գտա այն։ Մի քանի քայլ անելով՝ տեսա իմ սովորողներին, փուչիկներով, ուրախ-զվարթ դեմքերով սպասում էին ինձ, որ առաջինը շնորհավորեին ծնունդս։ Մեր բոլոր ճանապարհորդությունները, բաց դասերը, քննարկումները, հատկապես այն դասերը, որի ժամանակ բոլորը հավաքվում են իմ շուրջը, նրանց ուշադիր ու հիացած հայացքները…այս ամենն ինձ ստիպում է հավատալ, որ իմ աշխատանքը կայացել է։ Կա մեր միջև հոգևոր կապ, և ես տալիս եմ և ստանում եմ բազմապատիկ, և սա, այլևս, ինձ համար մի աշխատանք է, որը միայն գումարով չի վարձատրվում:

Իմ ու սովորողներիս գործունեությունը կարող եք տեսնել իմ բլոգում:

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский