Մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգ

Մինչ կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգը ներկայացնելը՝ կպատմեմ, թե որպես դասավանդողի ինչ է տալիս վերապատրաստումների անցկացումն ու ճամբարների համակարգումը:

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի հեղինակ, ունի հնարավորություն իրականացնելու վերապատրաստումներ: Դեռևս 2015 թվականից պարբերաբար իրականացրել եմ քառօրյա վերապատրաստման ծրագրեր, համակարգել եմ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարները:

Որպես կրտսեր դպրոցի դասավանդող (դասվար)՝ այս վերապատրաստումներն ու մուտքի ճամբարները բացի լրացուցիչ աշխատանքի հնարավորությունից, նաև ինքնակրթության, ինքնակազմակերպման, կրթահամալիրն ու հեղինակային կրթական ծրագրերն ավելի լայն տեսնելու ու փոխանցելու հարթակ են:

Ապրիլի 26-27-ը կրթահամալիրում հեղինակային կրթական բաց ցանցի լաբորատորիայի կլոր սեղաններից մեկում ներկայացրել եմ կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության բաց համակարգը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մանակավարժական աշխատողի ընդունելությունն իրականացվում է ըստ համապատասխան կարգի: Այդ նպատակով կրթահամալիրի կայքի  «Գործատու» բաժինն իր ենթաբաժիններով կազմակերպում ու հրապարակային է դարձնում այս գործընթացը:

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողի թափուր (այդ թվում՝ ժամանակավոր) պաշտոնը զբաղեցնում է կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկված մասնագետը:

Կրթահամալիրի կադրերի բանկում ընդգրկվելու համար թեկնածուն.

  • համապատասխան հայտը լրացնելու միջոցով գրանցվում է կրթահամալիրի կայքի «Գործատու» բաժնում.
  • սահմանված կարգով մասնակցում է վերապատրաստման՝ առկա կամ հեռավար, իր ընտրությամբ.
  • իրականացնում է կամավորական աշխատանք՝ ուսումնական նախագծերի ձևով.
  • մասնակցում է «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարին:

Առաջին քայլով թեկնածուն կրթահամալիրի «Գործատու» բաժնում առցանց լրացնում է համապատասխան հայտը: Մեկ ամսվա ընթացքում հայտ լրացրած մասնագետներին կրթահամալիրի կադրերի տեսուչը տեղեկացնում է կրթահամալիրում իրականացվող վերապատրաստման մասին՝ ուղարկելով համապատասխան հրավերը: «Մուտք կրթահամալիր, առաջին քայլ. «Բլոգային-նախագծային ուսուցում»» քառօրյա վերապատրաստման հրավերը հրապարակվում է նաև կրթահամալիրի կայքում:

Կրթահամալիրի ուսումնական օրացույցի համաձայն քառօրյա վերապատրաստումն անցկացվում է յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում:

«Մուտք կրթահամալիր, առաջին քայլ. «Բլոգային-նախագծային ուսուցում»» քառօրյա վերապատրաստման ծրագիրն իր համապատասխան բովանդակությամբ հրապարակվում է վերապատրաստման բլոգում: Այն ունի հետևյալ բովանդակությունը՝

  • Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին
  • Նախագծային ուսուցում. նախագծերի պատրաստում, ներկայացում
  • Անհատական, հեռավար ուսուցում, էլ. փոստի կիրառություն
  • Բլոգավարություն. բլոգի բացում, կիրառում
  • Պարերգերի ուսուցում
  • Մարզական գործունեություն. հեծանվավարություն:

Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստումն իրականացնող մասնագետը ամփոփում է սեմինարները՝ հրապարակելով հաշվետվություն: Հաշվետվությունը հրապարակվում է վերապատրաստման բլոգում, որտեղ բաց, հրապարակային ներկայացվում են մասնակիցների բլոգները, ներկայացված նախագծերը:

Քառօրյա վերապատրաստումից հետո մասնակիցները կարող են իրականացնել կամավորական աշխատանք՝ դպրոցի ղեկավարների համաձայնությամբ ընդգրկվելով ուսումնական ճամբարներում ու նախագծային ուսուցման խմբերում:

Հաջորդիվ «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարներն են, որոնք կազմակերպվում են ուսումնական արձակուրդների ընթացքում: Ճամբարները նպատակ ունեն դիմորդներին ծանոթացնելու կրթահամալիրում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, նրանց հնարավորություն տալով դրսևորել հեղինակային կրթական ծրագրով աշխատելու կարողություններ։

Ճամբարի մասնակից կարող է լինել կրթահամալիրում սահմանված քառօրյա վերապատրաստում անցած դիմորդը՝ կրթահամալիրում աշխատողի գրավոր երաշխավորությամբ:

Ճամբարի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում.
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն.
  • ծանոթացում կրթահամալիրին, հեղինակային կրթական ծրագրին (բլոգային-նախագծային ուսուցում, ներառական կրթություն, կենդանիների խնամք, լող, հեծանվավարություն, մարմնամարզություն).
  • ընտրած աշխատանքի համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի, բլոգավարության կիրառություններ.
  • դասընթացի, նրա որևէ մասի ծրագրի կազմում.
  • կրթահամալիրում առաջարկվող ուսումնական նախագծերի ցանկից մի նախագծի մշակում սահմանված պահանջներով
  • ճամփորդական ուսումնական նախագծի մասնակցություն։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարն ամփոփվում է հաշվետվությամբ, որը ներկայացնում է ճամբարը համակարգող մասնագետը: Վերապատրաստող մասնագետները դիմորդների մասին իրենց կարծիքները գրավոր ուղարկում են կրթահամալիրի կադրերի տեսուչին: Ինչպես նաև, դիմորդը

այդ ընթացքում հետևում է իր էլեկտրոնային փոստին, պատասխանում է  նամակներին: Ունենում և վարում է իր ուսումնական բլոգը: Մասնակցում է կրթահամալիրի հավաքներին, առավոտյան ընդհանուր պարապմունքների, մեդիա-ուրբաթ ընդհանուր պարպմունքների: Վերապատրաստման, ուսումնական նախագիծ իրականացնելու ընթացքում նրա հետ շփվող կրթահամալիրի աշխատողները իրենց կարծիքը թեկնածուի մասին գրավոր ուղարկում են կրթահամալիրի կադրերի տեսուչին: Կադրերի տեսուչի էլ.փոստի պահոցում յուրաքանչյուր թեկնածուի համար հավաքվում է թղթապանակ՝ հասանելի կրթահամալիրի տնօրենին, փոխտնօրենին, դպրոցների, քոլեջի, մանկավարժության կենտրոնի ղեկավարներին:

Կրթահամալիրի թափուր պաշտոնի առկայությունը որոշում է կրթահամալիրի տնօրենը: Դպրոցի տնօրենը կադրերի բանկից ընտրում է թափուր պաշտոնի համար համապատասխան թեկնածու: Իր ընտրած թեկնածությունը նա ներկայացնում է կրթահամալիրի բոլոր մանկավարժական աշխատողներին՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար: Թեկնածուին ճանաչողները կարող են երաշխավորել նրան։

Որոշում կայացնելուց հետո դպրոցի ղեկավարը թեկնածուին ներկայացնում է կրթահամալիրի տնօրենին՝ թեկնածուի ուսումնական բլոգով, նրա աշխատանքի նկարագրության, անհատական պլանի նախագծով։ 

Կրթահամալիրում մանկավարժական աշխատողը ընդունվում է մեկ տարի ժամկետով՝ աշխատանքային պայմանագրում նախատեսելով եռամսյա փորձաշրջան։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский