Լուսանկարչությունը՝ սովորողի ընտրությամբ դասընթաց

Հեղինակ: 

“When I have a camera in my hand, I know no fear.”1
Alfred Eisenstaedt2

Կյանքի պահերը հավերժացնելու ձգտումը մարդկությունն ունեցել է դեռ վաղ ժամանակներից: Հենց այդ ձգտումն ու ցանկությունն է հանգեցրել նոր և յուրահատուկ արվեստի՝ լուսանկարչության ստեղծմանը: Մեր ժամանակներում անգնահատելի է լուսանկարչության դերը կյանքում: Դա կապված է նրա հետ, որ ժամանակակից արվեստն այժմ մեծ մասամբ վիզուալ արվեստի է վերածվել, և ինչպես հունգարացի գեղանկարիչ Լասլո Մոհոյ-Նադն է ասում, դարձել է գրագիտության աստիճան. «Ապագայում անգրագետ կկոչվի ոչ միայն այն մարդը, ով չի կարողանում կարդալ և գրել, այլև նա, ով յի կարողանում լուսանկարել»:
Լուսանկարչությունը, որպես արվեստի տեսակ կարևոր է համարվում երիտասարդության համար, անկախ հետագայում ընտրած նրանց մասնագիտությունից, որովհետև լուսանկարչությունը զարգացնում է վիզուալ մշակույթ, նպաստում է աշխարհայացքի և անձի զարգացմանը:

Լուսանկարչության նպատակն է լուսանկարչության հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացումը, ինչպես նաև լուսանկարելու համար անլհրաժեշտ գիտելիքների և ճիշտ կարողությունների ուսուցումը:

Լուսանկարչության խնդիրներն են.

  1. Էսթետիկ ընկալման զարգացումը՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով
  2. Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացումը պրակտիկ աշխատանքի ընթացքում
  3. Անձնական որակների, օրինակ՝ հաղորդակցական հմտությունների, հանդուրժողականության, ինքնուրույնության, ինքնավստահության, ինքնաքննադատության, ինքնագնահատականի զարգացումը
  4. Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտությունների ուսումնասիրում, կիրառում
  5. Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն։

Այսպիսով, լուսանկարչությունը հիմա դարձել է մեր առօրյայի մի մասը, և դրա ուսուցումն ու ճիշտ կիրառումը կնպաստեն մեզ շրջապատող սովորականը ոչ սովորական, առանձնահատուկ տեսնելու ու ընկալելու հմտությունների մշակմանը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 4-րդ դասարանից սկսած սովորողը ընտրությամբ գործունեություն իրականացնելու հնարավորություն է ստանում: Հնարավորություն է ունենում իր նախասիրությունները, հետաքրքրությունները ու երազանքները գործի վերածելու: Ընտրությունը բազմազան է`օտար լեզուներ, ռոբոտիքս, դիզայն, մաթեմատիկա, անիմացիա, սպորտ: Կխոսեմ կինո-ֆոտո կամ լուսանկարչություն ընտրությամբ գործունեության կազմակերպման ու դասավանդման մասին: Արդեն 5 տարի է ղեկավարում եմ այս գործունեությունն ու շփվում սովորողների տարատարիք խմբերի հետ, իրականացնում ու համակարգում անհատական և խմբային մի շարք նախագծեր: Առաջին հերթին կարևորում եմ սովորողների հետ անձնական շփումը, փորձում եմ նրանց բոլորին անհատապես ճանաչել, բոլորի հետաքրքրություններն իմանալ: Այդ պատճառով, մեր առաջին դասին այդպիսի մի քննարկում ենք ունենում, որի ընթացքում պարզում ենք մեզնից յուրաքանչյուրի սիրելի ու ոչ այդքան սիրելի երևույթները, առարկաները, ուտելիքները, ֆիլմերը, գրքերը, երաժշտությունը և այլն: Սա շատ է օգնում հետագայում անհատական լուսանկարչական նախագծերի թեմաներն ընտրելուն: 2018-2019 ուսումնական տարում կրթահամալիրում դասավանդում եմ կինո-ֆոտո գործունեության 3 տարբեր տարիքային խմբերի սովորողների՝ կրտսեր (4-5-րդ դաս.), միջին (6-8-րդ դաս.) և ավագ (9-12-րդ դաս.): Խմբում սովորողի ընդգրկվելու առաջին կարևոր պայմանը որևէ նկարահանող սարքի` ուսումնական գործիք ասվածի, առկայությունն է՝ ֆոտոխցիկ, հեռախոս պլանշետ, որովհետև դասի կազմակերպումը ենթադրում է անընդհատ նկարահանումներ:

Պարապմունքի կազմակերպումը
Շաբաթվա ընթացքում մեզ հատկացված 2 օրը՝ երկուական դասաժամով (հիմնականում) բաժանում ենք հետևյալ կերպ. 90 րոպե նկարում ենք. սա նախագծի գործնական մասն է: Սովորողներին առաջարկվում են տարաբնույթ ֆոտոնախագծեր, հնարավորություն է տրվում նաև առաջարկով հանդես գալ՝ առաջարկել անհատական նախագիծ: Նախագծերն իրենց տեսակով լինում են երկարաժամկետ և կարճաժամկետ՝ կախված առարկայական խնդիրներից, նախագծային, առարկայական կոնկրետ նպատակից: Դասերն անցկացվում են թաղամասի, քաղաքի տարածքներում՝ ամենուր: Սովորողների հետ քայլում ենք, գործնական հմտությունները հենց տեղում՝ նկարելիս ձեռք բերում. կոնկրետ հարցերին պատասխանում: Երբ դու նկարում ես ու գործում, հարցեր առաջանում են, եթե ինքդ չես նկարում, բնականաբար հարցեր էլ չեն լինում: Կոնկրետ նախագիծը ծնում է կոնկրետ հարցեր ու ստանում կոնկրետ լուծումներ:
Հաջորդ 90 րոպեում քննարկում, ընտրում ենք նախորդ դասին նկարված նկարները: Խոսում ենք տեխնիկական, լուսային թերությունների մասին, ընտրում նկարները, տեխնիկական մշակման ենթարկում, վերածում նախագծային շարքերի, որոնք հրապարակվում են Սեբասատացի TV կայքում: Անդրադառնում ենք նաև լուսանկարելու ընթացքում առաջացած խնդիրներին, փողոցում նկարվող ու նկարող մարդկանց փոխհարաբերությունների նրբություններին, լուծման ձևեր ենք գտնում, որպեսզի հետագայում խուսափենք խնդիրներից: Ընդհանրապես, բոլոր սովորողների դեպքում, սկզբնական շրջանում լինում են որոշակի բարդույթներ՝ կապված անծանոթ մարդկանց նկարելու հետ: Դրա հաղթահարման միակ միջոցը պրակտիկ աշխատանքն է, շատ լուսանկարելն ու քայլելը, մարդկանց հետ խոսելն ու ճանաչելը, ընկերանալը: Լուսանկարչություն ընտրած յուրաքանչյուր սովորող Սեբաստացի TV կայքում ունի իր առանձին էջը, որտեղ թողարկվում են, տվյալ սովորողի թե՛ խմբային, թե՛ անհատական նախագծերը, կրթահամալիրյան լուսաբանումները: Կարելի է ասել, յուրաքանչյուր սովորող ունենում է իր անհատական պորտֆոլիոն, որը կարող է օգտագործել, երբ ցանկանա: Կրտսեր ու միջին դպրոցներում սովորողներին չծանրաբեռնելու և տեխնիկական բարդ ու ոչ այդքան պետքական պրոցեսներ բացատրելու փոխարեն, դասավանդումը կազմակերպում եմ կոնկրետ լուսանկարչական թեմաներով, ընթացքում հարցերի միջոցով սովորողները ամբողջապես յուրացնում են թեման ու դրա հետ կապված նկարահանման ձևն ու միջոցները: Ավագ դպրոցում արդեն թեմաներն ավելի բարդանում են: Սկսում ենք ավելի խորն ուսումնասիրել լուսանկարչական պրոցեսը, ֆոտոխցիկի ու օբյեկտիվների կառուցվածքը, տեսակները, պատկերի ստացումը, լուսային ճիշտ կարգավորումները այլ անհրաժեշտ ու կարևոր խնդիրներ: Կարծում եմ, որ լուսանկարչության ուսուցման ամենաճիշտ ձևը պրակտիկ գործունեությունն է , որի արդյունքը սովորողների պատկերային մտածողության զարգացումն է, «ճիշտ» պահերը որսալու կարողությունը, կոմպոզիցիոն ճիշտ ու հետաքրքիր լուծումներ ստանալը, նոր տեղերի, նկարահանման հետաքրքիր օբյեկտների բացահայտումը, շրջապատող միջավայրը անընդհատ նորովի տեսնելու ու ընկալելու զգացողությունը, արագ կողմնորոշումը, միջանձնային հարաբերությունները, տարբեր տեսակի մարդկանց հետ շփման առանձնահատկությունների յուրացումը, նկարների որակի բարձրացումը և այլ կարևոր հատկանիշներ:

Կրտսեր դպրոցում (դասավանդում եմ Արևելյան դպրոցում) սովորողների հետ իրականացնում ենք տարբեր ֆոտոնախագծեր, որոնց թեմաները հիմնականում համապատասխանում են լուսանկարչության մեջ կարևոր համարվող ժանրերի նկարահանման ձևերին. դիմանկար, բնանկար, քաղաքային լուսանկարներ, մակրո նկարահանում և այլն: Նախապես որոշված ու քննարկված ամեն մի թեմայից յուրաքանչյուր սովորող ունենում է լուսանկարների իր շարքը: Շարքում հրապարակվում են սովորողների կողմից արված ամենաստացված նկարները: Նկարահանման համար ընտրում ենք տարբեր տարածքներ` դպրոցի ու հարակից շենքերի բակերը, այգիները, կրթահամալիրի լանջերը, ավտոտնակների գունավոր դարպասները, փողոցները: Բացի լուսանկարելուց` կրտսեր դպրոցի խմբի հետ նաև աշխատել ենք տաղավարում: Սովորել ենք նկարահանել տեսախցիկով՝ կանաչ տաղավարում: Սովորողները ձեռք են բերել գործնական հմտություններ` ինչպես ճիշտ գործածել արհեստական լուսավորման աղբյուրները, տեսախցիկը: Այնուհետև իրենք մշակել (մոնտաժել) են, իրենց իսկ նկարած տեսանյութերը: Բացի գործնական աշխատանքներից` կրտսեր դպրոցի սովորողների հետ դասերի ընթացքում ունենում ենք պարտադիր կինոդիտումներ-քննարկումներ:

Միջին դպրոցում լուսանկարչություն առարկան ուսումնասիրելիս շեշտը կրկին դրված է գործնական աշխատանքի վրա: Սովորողները շատ են սիրում նկարահանումներ անել դրսում, հատկապես շատ է գրավում քաղաքային լուսանկարչությունը: Հետևաբար, այս դեպքում նույնպես, լուսանկարչութան բոլոր կարևոր թեմաները ներառում ենք քաղաքային լուսանկարչության շրջանակում: Սովորողները հատկապես շատ են սիրում դիմանկար ժանրը, սիրում են էքսպերիմետներ անել, ստեղծել տարբերվող ու հետաքրքիր դիմանկարներ: Սովորողների հետ հիմնականում աշխատում ենք Հարավարևմտյան թաղամասի տարածքում, քանի որ ժամանակային սահմանափակումներ ունենք, բայց դա չի խանգարում ամեն անգամ հետաքրքիր ու տարբերվող լուսանկարչական շարքեր ստեղծելուն ՝ ներառելով տարբեր թեմաներ: Միջին դպրոցում շատ սովորողներ նաև դասերից դուրս են նկարում: Այդ ֆոտոշարքերը լինում են ամենատարբեր թեմաներով: Սահմանափակումներ չկան: Սովորողները նկարում են այն, ինչ իրենց հետաքրքիր է, ինչ իրենք են ուզում:
Միջին դպրոցի խմբի հետ, բացի լուսանկարչությունից, ունենք նաև «Վիդեոարտ» նախագիծը: Սովորողների հետ միասին որոշել ենք վիդեոտարբերակով ներկայացնել հայկական հայտնի ասացվածքները: Ընտրել ենք ասացվածքները, մտածել ու գրել, թե ինչ ենք պատկերացնում ու ինչ ենք նկարելու: Տեքստային մասի պատրաստ լինելուց հետո, սկսել ենք նկարահանումները, որից հետո էլ հենց իրենք արել են մոնտաժային աշխատանքները: Իրականացնում ենք նաև «Ուտելիքներ կամ ի՞նչ եմ ես ուտում» երկարաժամկետ նախագիծը, որի արդյունքները կամփոփենք շուտով: Մայիսյան հավաքի շրջանակում Միջին դպրոցի խմբի հետ նախատեսում ենք ունենալ աշխատանքների ամփոփիչ ցուցահանդես:

Ավագ դպրոցում ընտրությամբ գործունեության ժամերը դասերից հետո են լինում, հետևաբար հնարավորություն ենք ունենում չսահմանափակվելու նախատեսված ժամանակով ու տարածքով: Ավագ դպրոցում հիմնական շեշտը դրված է լուսանկարչության վրա: Սովորողներից շատերն արդեն ունեն մասնագիտական կողմնորոշում ու շատ կարևորում են լուսանկարչության ավելի խորը ուսումնասիրությունը: Ավագ դպրոցում, սովորողների հետ իրականացնում ենք երկարաժամկետ նախագիծ, որը կոչել ենք «Երևան 2800»: Դասից մի քանի րոպե առաջ խմբով հավաքում ենք, ու գնում նախապես որոշված տեղը՝ նկարահանումների: Ժամերով քայլում ենք ու նկարում, չենք հոգնում, որովհետև այնպիսի տեղեր ենք գտնում քաղաքում, որոնք այսքան ժամանակ չէինք տեսել, ուշադիր չէինք եղել: Ընտրում ենք Երևանի լքված, մոռացված և ոչ այնքան հայտնի հատվածները, լուսանկարում ենք ու փորձում վավերագրել ժամանակին կարևոր, բայց հիմա լքված տարածքների պատմությունը: Նախագծի ընթացքում ուսումնասիրում ենք Երևանի այնպիսի հատվածներ, որտեղ զբոսաշրջիկներ չեն լինում, բայց որտեղ շատ հստակ է զգացվում հայկական կոլորիտը, հյուրընկալությունը, վառ արտահայտված են միջանձնային հարաբերությունները: Դրա վառ օրինակներից մեկը շուկաներն են, որոնցից մենք դեռ հասցրել ենք լինել Մալաթիայի շուկայում: Քայլելու ընթացքում շատ բացահայտումներ ենք անում, խնդիրների ենք բախվում, լուծում ենք դրանք, բարյացակամ ու ոչ այդքան բարյացակամ մարդկանց ենք հանդիպում, ինքներս մեր մեջ նոր ու շատ պետքական որակներ ենք զարգացնում, փոխվում ենք ու փորձում փոխել մեր լուսանկարների, մեր աշխատանքի միջոցով: Հունվարյան ճամբարի ընթացքում Ավագ դպրոցի լուսանկարչության խմբի սովորղների հետ ստեղծեցինք նաև կարճամետրաժ ֆիլմ: Ֆիլմի վրա աշխատեցինք երեք շաբաթ: Փորձեցինք ֆիլմի ստեղծման հիմնական բոլոր օրենքներին համապատասխան աշխատել: Ընտրեցինք պատմվածք, վերածեցինք սցենարի, ապա ռեժիսորական սցենարի: Ընտրեցինք դերասաններին, փորձեր արեցինք, ստեղծեցինք նկարահանման համար անհրաժեշտ տարածք, դեկորներ պատրաստեցինք, նկարահանեցինք ու մոնտաժեցինք: Արդյունքից սովորողները շատ ոգևորված էին, հատկապես ուրախացան, երբ որոշ ժամանակ անց պատմվածքի հեղինակը պատահաբար գտել, տարածել էր ֆիլմը ֆեյսբուքում ու շնորհակալություն էր հայտնել հետաքրքիր գործ ստեղծելու համար: Ավագ դպրոցի լուսանկարչության խմբի սովորղների գործունեության շատ կարևոր մաս են կազմում նաև կրթահամալիրյան իրադարձությունների լուսաբանումները: Սովորողները լուսաբանումների ընթացքում ձեռք են բերում շատ մեծ փորձառություն ռեպորտաժային լուսանկարչության ոլորտում.

Ֆոտոլրագրություն. Ֆոտոռեպորտաժը կամ ֆոտոլրագրությունը մեր օրերում լուսանկարչության ամենատարածված ժանրերից է: Լուսաբանումների ընթացքում սովորողները ձեռք են բերում շատ կարևոր հմտություններ, որոնցից են արագ կողմնորոշվելը, ճիշտ պահը որսալը, ֆոտոռեպորտաժին հատուկ ամբողջական ու հասկանալի ֆոտոշարք ստեղծելը:
Ընտրությամբ լուսանկարչություն գործունեության բոլոր խմբերի դեպքում ունենում ենք ֆիլմի դիտումներ: Հայտնի լուսանկարիչների աշխատանքներ ենք նայում, ծանոթանում նրանց ոճին, նկարահանման տեսակին, նաև դիտում ենք լուսանկարչական ժամանակակից աշխատանքներ՝ հայտնի լուսանկարչական կազմակերպությունների կայքերից: Կինոդիտումները իրենց մեջ ներառում են և՛ ժամանակակից և՛ հին ֆիլմերի, և՛ հայտնի մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ: Սովորողները բացի գործնական գիտելիքներից ունենում են նաև տեսական գիտելիքներ, կինոյի, ֆիլմերի ստեղծման, լուսանկարչության զարգացման թեմաների շուրջ, ինչը շատ կարևոր է աշխարհայացքի, անձի ձևավորման համար:
Երեք տարբեր տարիքային խմբերի դասավանդման հիմքում պահպանում եմ նույն սկզբունքը՝ ժամանակի հիմնական մասը հատկացնելով գործնական գիտելիքներին: Երեք խմբերում էլ աշխատում ենք լուսանկարչության խնդիրների ուղղությամբ ամեն տարիքային խմբին համապատասխանեցված, հարմարեցված ձևով: Հիմքն ու թեմաները հիմնականում նույնն են. տարբեր են մոտեցումներն ու կատարման ձևերը:

Կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խմբերի 2018-2019 ուստարվա աշխատանքների ամփոփում


1 Երբ տեսախցիկ է ձեռքիս, վախը մոռանում եմ։
2 Ալֆրեդ Էյզենշտատ, գերմանացի, ամերիկացի լուսանկարիչ, լրագրող։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский