«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5-6 տարեկանների ամսիկ-ստուգատեսներ

Հեղինակ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իր նախագծերով: Ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն անհատի ձևավորումն է: 5 տարեկանների ուսումնական գործունեությունը կազմակերպվում է թե′ ֆիզիկական միջավայրում, թե′ մեդիամիջավայրում:

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի իրականացման շրջանակներում հինգ տարեկանների զարգացման խմբերում որպես հաշվետվություն կազմակերպվում են ամենշաբաթյա ստուգատես-ամսիկներ։ Ստուգատես-ամսիկները միջոցառումներ են, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր ամիս մասնախմբի ղեկավարի հետ անցկացվում են սեմինարներ, որոնց արդյունքում որոշվում է տվյալ շաբաթվա կատարվելիք ստուգատեսի նախագիծը։ Ստուգատեսն առհասարակ մեր առջև դնում է մի շարք խնդիրներ՝ չնայած նրան, որ ամեն խնդիր յուրաքանչյուր 5 տարեկան յուրովի է կարողանում հաղթահարել։ Ստուգատեսի առաջադրած խնդիրներից կարևորներն են երևակայությունը, տրամաբանությունը, ինքնուրույնությունը, ստեղծականությունը, ներառվելը միջավայրին, մտքի զարգացումը․․․

Ստուգատեսին ակտիվորեն ներառվում են նաև սովորողների ծնողները, հյուրերը: Ստուգատեսի պատասխանատուին հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան եզրահանգումներ՝ գտնել և վերացնել թերությունները, անհարթությունները, ակտիվություն ու շարժում մտցնել այդ ամենի մեջ:
Հինգ տարեկանների զարգացման խմբերում իրականացվող ամենշաբաթյա ստուգատեսների նպատակն է շարունակ զարգացող մեդիամիջավայրում ստեղծել միասնական, միմյանց փոխազդեցությունների հիման վրա կառուցված ուսումնական միջավայր, ուր իշխում են ընկերությունը, ստեղծականությունը, և որն էլ տալիս է ստեղծագործ անհատներ: Յուրաքանչյուր ամսիկ-ստուգատես ունի իր մոտիվացիան, որը կազմվում է ըստ տվյալ շաբաթվա ուսումնական բովանդակության: Այն ներառում է մի շարք հմտությունների ու կարողությունների կիրառում՝ մարմնակրթություն, մաթեմատիկա, խոհարարություն ու տեխնոլոգիա, երգ, պար և ռիթմիկա, ուսումնական, ընտանեկան ֆլեշմոբեր:

Լողափնյա ստուգատես

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի իրականացման շրջանակներում հինգ տարեկանների հետ 2018-2019թթ․ առաջին ստուգատեսն իրականացրինք սեպտեմբեր ամսվա սկզբին՝ լողափնյա ստուգատես։ Նշեմ, որ լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով նրանք կոփվում են, լողալու հմտություններ են ձեռք բերում։ Լողուսուցումը մարմնակրթության բաղկացուցիչ է: Լողավազան մտնելուց առաջ կարևորում ենք լողափնյա հիգիենան ու լողի կազմակերպումը։ Ինքնուրույն հագնում ենք լողազգեստները, ռետինե հողաթափերը, վերցնում սրբիչները, կրում գլխարկներն ու ջրային ակնոցը։ Անպայման կատարում ենք նախավարժանք՝ զարգացնելով մկանները։ Անցնում ենք ինքնաստեղծ շատրվանների միջով, նոր մտնում լողավազան։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք շատրվանների միջով և կազմակերպում զգեստափոխումը: Ունենք ոչ միայն բացօթյա, այլ նաև ծածկած լողավազան, որտեղ լողալու դեպքում սաներն ունեն այլ նախասիրություններ։ Նրանց համար մեկ այլ հրճվանք է իսկական հանդերձարաններում զգեստափոխումը, աղջիկներն՝ առանձին, տղաները՝ առանձին։ Այլ հրճվանք է, երբ կարողանում են իրենց հագուստը դնել արկղիկի մեջ, հետո ցնցուղ ընդունել, մարզվել, նոր մտնել լողավազան։ Չեմ զլանա կրկնել, որ լողը սաների ամենասիրելի զբաղմունքներից է։

Տեխնոլոգիական

Տեխնոլոգիական ստուգատես, որի միջոցով սովորողները կատարում են տեխնոլոգիական աշխատանք՝ զարգացնելով երևակայական-ստեղծական հմտությունները։ Տեխնոլոգիական ստուգատեսների ժամանակ կատարում ենք տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ, օրինակ՝ բույսերի խնամք: Սովորողի մոտ զարգանում է սերը դեպի բնություն, հոգատարությունը միջավայրի նկատմամբ։ Այս ստուգատեսի ժամանակ սովորողները սովորեցին ձևավորել տարաներ՝ դարձնելով ծաղկի թաղարներ։ Հետո թաղարի մեջ հող լցրեցին, դրեցին արմատակալած կտրոնները՝ ծածկելով հողով։

Ինքնաշեն ձեռնոցե տիկնիկների տեխնոլոգիական աշխատանք: Սովորողների և ծնողների համատեղ տեխնոլոգիական-ստեղծագործական գործունեության ստուգատես, որի նպատակն էր նախ գործունեության մեջ ներգրավել ծնողներին, ներկայացնել-գրանցել սովորողի տեխնոլոգիական հմտությունները (մկրատից, սոսնձից օգտվելու հմտություններ)։ Զարգացնել խմբով աշխատելու կարողությունները, ստեղծագործական երևակայությունը։
 Խառնաշփոթային պատկերների ստուգատես: Սովորողների մոտ զարգանում է երևակայության, տրամաբանության, տարածական, կառուցողական մտածողություն, խմբով աշխատելու կարողությունները, ժամանակի կառավարման կարողությունները (արագ կողմնորոշվել, հետևել ժամացույցին), սկսած աշխատանքը ավարտին հասցնել։

Խոհանոցային հմտությունների, կարողությունների ցուցադրության ստուգատես։ Ստուգատեսի նպատակն է ձեռք բերել խոհարարական հմտություններ և խոհանոցում աշխատելու կարողություններ։

Շրխկան գործիքների համույթ: Սովորողները պատրաստում են երաժշտական շրխկան գործիքներ։ Ստուգատեսը նպաստում է սովորող֊ծնող զույգի խմբային֊ուսումնական գործունեությանը, զարգացնում տեխնիկական երևակայությունը, նսպաստում ռիթմիկայի, երաժշտական լսողության զարգացմանը։

Մարզական

Մարզական ստուգատեսները նույնպես բազմապիսի են: Դրանցով կարևորում ենք սովորողի մարմնամարզական հմտությունների զարգացումը, ուշադրության կենտրոնացումը, արագ կողմնորոշվելու ունակությունը, աջ ու ձախի տարբերակումը․․․

Մարզական ավազաթերապիայի ստուգատես ։ Սովորողին թույլ է տալիս զարգացնել երևակայությունը՝ ստեղծելով բազմապիսի պատկերներ: Հնարավորություն է ընձեռում սովորողին լիցքաթափել և հանգստացնել ներքին, ինչու չէ՞ նաև չարտահայտված հույզերը: Օգնում է հաղթահարել բարդույթները: Զարգացնում է մանր մոտորիկան: Ավազի կառուցվածքը տարբեր է՝ չոր, փափուկ, ծանր կամ թեթև, ըստ որի էլ հեշտությամբ տարբեր ձևեր կարող է ստանալ:

Մարզական խաղերի շարքին դասում ենք նաև հեծանվավարությունը, ինքնագլորներով մրցախաղը:

Բազմաբնույթ

Բազմապիսի ստուգատեսներ, որոնք ծնվում են միասնական քննարկումների հիման վրա:

Կոմիտաս․ բացօթյա նկարչական պլեներ: Կոմիտասյան երաժշտության ելևէջների ներքո սովորողները փորձեցին սպիտակ թղթին տալ երևակայական-գունավոր ազդեցություններ՝ լսելով Կոմիտասի «Ալ ալյուղս» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ կարևոր էր՝ ինչպես սովորողը կստեղծագործի՝ լսելով Կոմիտասի ստեղծագործությունը։ Գուցե վախ ունեի, որ նրանք չէին նկարի երաժշտության ներքո, բայց ի զարմանս ինձ, ամեն ինչ ստացվեց։

Բարձունքի հաղթահարման նպատակն է հայրենաճանաչողությունը ուսումնական ճամփորդության միջոցով։ Ճամփորդելու, քայլքի միջոցով ճանաչելու շրջակա միջավայրը: Այս նախագծով սովորողի մոտ ձևավորվում է ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություն, միմյանց օգնելու, աջակցելու կարողություն, ճամփորդական, արշավային կանոնների յուրացում։ Սանը սովորում է՝ ինչ անհրաժեշտ իրեր են հարկավոր ճամփորդական պայուսակում դնելու համար, ինչպես հագնվել, որ հատվածով քայլել, օգնել ընկերոջը․․․

Ճաշկերիկ ստուգատեսի  նպատակն է սովորողներին դարձնել էլ ավելի ինքնուրույն։ Հերթապահ սովորողները ինքնուրույն լվացվում են, հագնում գոգնոցները և գնում խոհանոց։ Նախապես պատրաստում են սեղանը, ինքնուրույն սպասքադրում, գալիս և կանչում են մյուսներին։ Ուտելուց հետո նույնպես ինքնուրույն հավաքում են ափսեներն ու բաժակները, օգնում միմյանց, մաքրում սեղաններն ու ուղղում աթոռները։

Paint-դիմանկարի նպատակն է զարգացնել սովորողների՝ համակարգչից օգտվելու կարողությունները, paint ծրագրով աշխատելու կարողությունները, երկրաչափական պատկերները տարբերակելու, անվանելու կարողությունները, ստեղծագործական երևակայության զարգացումը։

Այլընտրանքային տոնածառ․ ընտանեկան ֆլեշմոբ։ Ընտանեկան ֆլեշմոբերի նպատակն է ընտանիքի անդամների ներգրավումը, անմիջական մասնակցությունը գործունեությանը։

Բնագիտական փորձեր։ Նպաստում է սովորողի մոտ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների զարգացմանը, բնագիտական փորձ կատարելու կարողությունների ձևավորմանը:

Ազգային խաղեր։ Այս ստուգատեսի նպատակն է սովորողին ծանոթացնել ազգային խաղերին, զարգացնել խմբով խաղալու հմտությունները, մրցելու-հաղթելու կարողությունները։

Թումանյանական հերոսներ։ Այս հավես խոհանոցային ստուգատեսի նպատակն էր խմբավորել, տեսակավորել մթերքը, պատրաստել համեղ կերպարներ՝ օգտվելով խոհանոցային պարագաներից։

Թումանյանական շրջիկ թատրոն։ «Թումանյանական օրեր. շրջիկ թատրոն» նախագծով սովորողները խաղալով բերանացի ասացին-խաղացին «Էս էն է» ստեղծագործությունը՝ իրենց իսկ պատրաստած տիկնիկները խաղացնելով։

Մեդիագետիկներ։  Paint ծրագրով աշխատելու, կարդալու-գրելու կարողությունների ստուգատես-ցուցադրություն։ Այս ամենը սովորողն անում է  ինքնուրույն։ Ինքնուրույն ստեղծում է  էլեկտրոնային այբբենարանի մեկ էջ՝ կիրառելով paint ծրագրի գործիքները։

Աղայանական-ազգային խաղ-ընթերցումներ։  Շրջակա տարածքի ուսումնասիրություն։ Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում։ Ազգային, բակային խաղերի կազմակերպում:

Այսպիսով՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սաներն ունեն իսկական ազատություն, պաշտպանվածություն, ապրում են իսկական հրճվանք, արտահայտում են իրենց ազատ միտքը, չեն կաշկանդվում, չեն վախենում սխալվելուց: Սանի առջև նպատակ ենք դնում ուսուցումը կազմակերպել խաղի միջոցով, խաղի մեջ այնպես, որ սանը չզգա՝ ինչպես է սովորում, ինչքան է սովորում, երբ է սովորում։ Այս ամենով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, իրար հետ շփվելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ինչն էլ անվանում ենք «Իմացումի հրճվանք» կրթական այլընտրանքային ծրագիր։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский