Լողավազանը՝ ուսումնական լաբորատորիա

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում լողավազանն ուսումնական լաբորատորիա է,  որից օգտվում են դասվար-դասավանդողները, սովորողները: Դասվարները սովորում են լողալ, ձեռք են բերում լողալու հմտությունները փոխանցելու տարրական կանոնները և հանդես են գալիս որպես մարզիչի օգնական՝ մասնակցելով լողի պարապմունքներին: Կրթահամալիրում դասվարների համար հաճախ կազմակերպվում են սեմինար-պարապմունքներ, որոնց ընթացքում դասվարները սովորում են, թե ինչպես է պետք լողալ չիմացող, ջրից վախեցող սովորողներին օգնել, լողալ սովորեցնել: Շատ կարևոր է սովորողների վախի հաղթահարումը, որը մարդուն հաջողությունների հասնելուն խանգարող ամենաուժեղ գործոնն է: Մեզ մոտ լողալ չսիրող չկա, ջրից վախեցող՝  նույնպես:

Կրտսեր դպրոցում լողուսուցումը պարտադիր ուսումնական պարապմունք է՝ սովորողների ամենահավես, սիրելի-սպասված գործունեության ձևերից մեկը: Արևմտյան դպրոցի ծածկած լողավազանը շուրջտարի սպասարկում է կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցներին: Յուրաքանչյուր դասվար իր լողորդ սովորողների խմբի հետ քայլքով անցնում է Արևելքից Արևմուտք, Հյուսիսից Արևմուտք, Հարավից Արևմուտք ճանապարհը և հասնում է կրթահամալիրի Արևմտյան դպրոցի փակ լողավազան: Սովորողների հետ Հյուսիսային դպրոցից դեպի Արևմտյան դպրոցի ծածկած լողավազան ճամփան անցնում ենք քայլքով-կարդալով, չենք վախենում նույնիսկ ձյունոտ ճանապարհից: Ճանապարհը հարմար-անցանելի է նաև հեծանվով անցնելու համար: Հյուսիսից Արևմուտք քայլքով անցնելիս էլ ամեն անգամ փորձում-փորձարկում ենք տարբեր ճանապարհներ, գրանցում ենք ծախսած ժամանակը, ուսումնասիրում ենք թաղամասը, փողոցները, անցումները: Ըստ սովորողների դիտարկման՝ Բաբաջանյան փողոց-վերգետնյա անցում-Յուրի Բախշյանի այգի-Արևմտյան դպրոց ճանապարհը քայլքի համար ամենահարմարն է, ամենաապահովը:

Լողուսուցումը կրթահամալիրում շուրջտարյա է, անընդհատ՝  թե՛ ձմեռ, թե՛ ամառ...
Բացօթյա լողուսուցումն էլ իր հմայքն ու գրավչությունն ունի՝   խնամված լողափով, գլաքարերով, թարմ-զուլալ ջրով: Սովորողները լողալուց չեն կշտանում, չեն հագենում, թարմ են լինում, առույգ ու ոգևորված: Ծնողները հաճախ կարծում են, որ ձմռանը պետք չէ լողալ, որ երեխաները կմրսեն, կհիվանդանան: Իմ փորձով համոզվել եմ, որ շուրջտարի լողացող սովորողները, որպես կանոն չեն հիվանդանում կամ քիչ են հիվանդանում, նրանք կոփվում են, կազդուրվում, ավելի առողջ դառնում:

Լողի պարապմունքներին նախապատրաստվելիս, զգեստափոխվելիս սովորողներն ավելի ինքնուրույն, կազմակերպված, ժամանակը խնայող են դառնում: Կարևոր է սովորողին հնարավորություն տալ հագուստն ինքնուրույն փոխել, հագնվել, կոշիկների կապիչները կապել, ուսապարկը դասավորել, մազերը չորացնել: Եթե անգամ սովորողը մի փոքր դանդաղ է անում այդ աշխատանքը, հարկավոր է համբերատար սպասել նրան: Կարևոր է նաև իրար օգնելը, ընկերոջը ձեռք մեկնելը:
Կրթահամալիրում դասավանդող յուրաքանչյուր դասվար պիտի կարողանա լողալ, չվախենա ջուրը մտնել, չխուսափի սովորողի հետ լողալուց: Լողացող դասվարի հավեսը, ուրախությունը փոխանցվում է սովորողին, ոգևորում է նրան: Ես հաճախ եմ սովորողների հետ լողում, նրանց հետ վայելում ջրում լինելու հաճույքը: Ո՞վ, եթե  ոչ դասվարը, մարզիչը պիտի ջրի նկատմամբ սեր փոխանցեն, օգնեն, որ սովորողն իր վախերը հաղթահարի, որ իրեն զգա` ինչպես ձուկը ջրում:

Սովորողները շատ են սիրում լողալ, ցատկել ջուրը՝  ազատ, անկաշկանդ, ինքնամոռաց: Նրանք անհամբեր սպասում են, թե երբ պետք է հայտնվեն Արևմուտքի հավես-գրավիչ լողավազանում:

Կարծում եմ, որ լողուսուցման պարապմունքները դասվարի համար հրաշալի առիթ են զարգացնելու իր ունեցած հմտությունները: Ինքս կարևորեցի լողի դերն ու նշանակությունը, երբ սկսեցի սովորողների հետ լողալ, անընդհատ սովորել: Բաց-ներառող լաբորատորիայում՝ լողավազանում, դժվար է ասել, թե ով ումից է սովորում, ով ում է փոխանցում: Վստահ եմ, որ դասվարը շարունակում է գրավիչ-հետաքրքիր լինել, երբ իր սովորողի հետ սովորում է, երբ փոխանցում է հավես և վարակիչ ոգևորություն:

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский