Խոսքը՝ բարեհունչ, ջերմ ու մատչելի

Երբ 2018-2019 ուստարվա սկզբին ինձ առաջարկվեց վարել Քոլեջի «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» մասնագիտությամբ սովորողների անգլերենի դասընթացը, միանգամից սիրով ընդունեցի առաջարկը, քանի որ Հայաստանը, հայկական մշակույթը օտարներին ներկայացնելու առաքելությունը միշտ էլ ինչ-որ չափով իմն եմ համարել: Իմն էի համարում նույնիսկ այն ժամանակ, երբ ինքս էի ուսանող, և օտար լեզուների ուսուցման պետական չափորոշիչների պահանջներն էլ դեռ գրված չէին:
Երբ առցանց հանրագիտարանում բացում ենք «Զվարթնոցի տաճարը» վերնագրով տեղեկատվությունը ու փորձում ենք կարդալ, տեքստի լեզվական բարդ կառույցները, ճարտարապետական տերմինների առատությունը վանում են ոչ մասնագետ ընթերցողին: Որպես ասվածի ապացույց առաջարկում եմ կարդալ այս մեջբերումը. «Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ–ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիրաստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ–ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարը կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում։ Արտաքուստ՝ եռաստիճան՝ հաջորդաբար նվազող 3 գլանաձև ներդաշնակ ծավալների միասնական շինություն է, որի հորինվածքի միջուկը քառակոնքն է։ Վերջինիս խորանները միավորված են 4 զանգվածեղ մույթերով, որոնք վերին՝ կապող 4 կամարների և առագաստների հետ կազմում են գմբեթակիր միաձույլ համակարգ»: Ընդունելի չի լինի գրավոր խոսքին բնորոշ նման խրթին ոճը, որը կարող է միայն մասնագետ ճարտարապետներին հետաքրքիր թվալ:  Զբոսաշրջիկին ուղղված խոսքը պետք է նախ և առաջ մատչելի լինի, ընտրված բառերը՝ ամենօրյա գործածական:
Ահա Զվարթնոցի տաճարի մասին պատմող մեր դասընթացի տեքստը, որը մատչելի է, բարեհունչ է լեզվական կառույցների պարզությամբ, իսկ զբոսաշրջիկներին երկրորդ դեմքով ուղղված նախադասությունները խոսքին հաճելի ջերմություն են հաղորդում:
Մենք հիմա ընդամենը երեք կիլոմետր ենք հեռու Էջմիածնից՝ հայ հոգևոր կենտրոնից: Մեր առջև Զվարթնոց տաճարի ավերակներն են:
Զվարթնոց տաճարը կառուցվել է 643-652 թվականներին՝ կաթողիկոս Ներսես Շինարարի պատվերով: Հին հայերենում «զվարթ» նշանակել է «հրեշտակ», այսպիսով՝ «զվարթնոց» նշանակել է «հրեշտականոց»՝ մի տեղ, որտեղ հրեշտակներն էին ապրում: Ասում են, որ հրեշտակները մինչև հիմա էլ այստեղ են ապրում: Զգոն, սիրալիր ու սիրառատ եղեք միմյանց նկատմամբ: Ձեզ հրեշտակներն են պահպանում ու հսկում: Տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը: Այն տարիների պատմիչները չեն նշել, թե որն է Զվարթնոցի փլուզման պատճառը: Կարծիք կա, որ այն կործանվել է հզոր երկրաշարժից: Մարդիկ ոչինչ չգիտեին Զվարթնոցի մասին մինչև 20-րդ դարի սկիզբը: Հնէաբանների մի խումբ Զվարթնոցի ավերակները հողի տակից պեղեցին 1902-1907 թթ.: 1905 թվականին հայ հայտնի ճարտարապետ Թորոս Թորոմանյանը կառուցեց Զվարթնոցի փոքր մակետը: Ըստ Թորոս Թորոմանյանի՝ Զվարթնոցը երեք հարկ է ունեցել: Պատմամշակութային հուշարձանները օտարերկրացիներին ներկայացնելիս կարևորում եմ շինության ոչ այնքան ճարտարապետական առանձնահատկությունները, որքան դրանց հետ կապված ժողովրդական ավանդապատումները, որոնք վերցված են Արամ Ղալանանյանի «Ավանդապատումներ» գրքից: Օրինակ՝ Գոշավանքի մասին տեքստում Մխիթար Գոշի մասին այսպիսի մի ավանդապատում է ընդգրկված. «Մի անգամ Մխիթարը երազ է տեսնում. Երազում Աստված նրան ասում է. «Մխիթա՛ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ՝ չորային։ Առատության տարիներին պաշար հավաքիր՝ սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի»: Գոշը մեծ–մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությամբ, հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները: Երբ սովն ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ (փայտե կլոր աման) է շինել տալիս և այդ գուշով ցորեն է բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գոշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է, գյուղը նրա անունով կոչում են Գոշի գյուղ, իսկ վանքն էլ՝ Գոշավանք»:Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիների մասին տեքստերում կարևորվել է Հռոմից Հայաստան փախած այդ երկու կույսերի նահատակված կյանքերի մասին պատումները:
Հայաստանի թանգարանների, մշակութային գործիչների տուն թանգարանների մասին պատմող տեքստերը ծանրաբեռնված չեն նրանցում առկա ցուցանմուշների նկարագրությամբ: Երբ զբոսաշրջիկները որևէ թանգարան են այցելում, նրանց դիմավորում ու այդ թանգարանում եղած բոլոր ցուցանմուշների մասին ամենամանրամասն տեղեկություններն է հաղորդում այդ թանգարանի էքսկուրսավարը: Մեր դասընթացի տեքստը կարևորում, արժևորում է տվյալ մշակութային գործչին և նրա նկատմամբ հայ ժողովրդի սերն է փոխանցում օտարերկրացուն և, ընդհանրապես, պատասխանում է այն հարցին, թե ինչու է արժանի այցելել այդ մշակութային օջախը: Որպես օրինակ՝ ներկայացնում եմ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մասին պատմող մեր երկլեզու տեքստը, իսկ տուն թանգարանն այցելելուց հետո Քոլեջի ուսանող Անժելա Շամոյանը ստեղծեց անգլերեն իր տեսաֆիլմը:
Մեր անգլերեն դասընթացի գերակշիռ մասը երևակայական (մի անգամ էլ իրական եղավ) երկխոսություններն են օտարերկրացիների հետ օդանավակայանում, Երևանի փողոցներում, հյուրանոցում, ռեստորանում, առևտրի մոլերում և բացօթյա ցուցահանդեսներում:
Դասընթացի տեքստերի մի մեծ շարք մեկը մյուսի բովանդակային շարունակությունն է կազմում: Օրինակ՝ «Զբոսաշրջիկների դիմավորումը օդանավակայանում – Meeting the Tourists at the Airport», «Օդանավակայանից մինչև Մարիոթ հյուրանոցը. – On the Way to the Mariotte Hotel», «Նախաճաշ հյուրանոցում-Breakfast at the Hotel», «Երևանի կենտրոնը – The center of Yerevan»:
Համացանցում, իհարկե, կան առանձին տեքստեր Հանրապետության հրապարակի, Աբովյան փողոցի ու Հյուսիսային պողոտայի, Օպերայի շենքի, Կարապի լճի ու Ազատության հրապարակի մասին, Մարտիրոս Սարյանի հուշարձանի ու նրա շուրջը ժամանակակից նկարիչների բացօթյա ցուցահանդես-վաճառքի մասին: Մեր դասընթացը տարբերվում է այս բոլորից նրանով, որ այս ամենը օտարերկրացիների հետ երևակայական կենդանի երկխոսությունների միջոցով է ներկայացված, երբ զբոսաշրջիկների հետ քայլում ենք Երևանի փողոցներով ու պատասխանում նրանց հարցերին: Բոլոր երկխոսությունները սկզբում գրվում են հայերեն, որից հետո ուսանողները թարգմանում են անգլերեն: Լեզվական սխալները ուղղելուց հետո սկսվում է տեքստի հետ աշխատանքի երկրորդ փուլը: Երկրորդ փուլի ընթացքում ուսանողները իրենց համակարգիչների, սմարթֆոնների վրա բացում են տեքստի միայն հայերեն տարբերակը և հայերենը մտքում կարդալով՝ խոսում են անգլերեն: Երրորդն ազատ ոճի փուլն է, երբ համակարգիչները, սմարթֆոնները անջատված են և սկսվում է կենդանի երկխոսությունը: Այս փուլում ուսանողները ազատ ու անկաշկանդ ստեղծում են իրենց խոսքը՝ շատ հաճախ էլ շեղվելով բնագրից:
Մենք միասին ստեղծում ենք Քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» մասնագիտության անգլերենի մեր հեղինակային դասընթացը: Դեռ շատ աշխատանք կա անելու:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский