Մուտքի ճամբարը՝ հեղինակային կրթական ծրագրի կարևոր ձեռքբերում
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դռները միշտ բաց են թե՛ տարատարիք սովորողների, թե՛ սովորող-ուսուցիչների համար: Միայն թե այդ մուտքը քննությունով, ստուգումով չէ, այլ մարդուն, սովորողին բացահայտելու միջոցով՝ մուտքի ճամբարով: Հենց մուտքի ճամբարով ենք ճանաչում մեր նոր սեբաստացի սովորողներին և ուսուցիչներին, իրենք էլ ճամբարի միջոցով ճանաչում են սեբաստացիներին ու կրթահամալիրը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում վեց տարեկանների ընդունելությունը կատարվում է ըստ համապատասխան կարգի: «Իմացումի հրճվանք» ծրագրի 1-ին դասարան ընդունվում է այն երեխան, ում վեց տարեկանը լրացել է կամ լրանալու է ընթացիկ տարում: 2017-2018 ուստարում ես դասավանդում էի երրորդ դասարանում: 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին ես արդեն հայտ ներկայացրի առաջին դասարանում դասավանդելու համար: Դրանից հետո կազմել եմ ընդունելության տեքստ, որը տարածվել է մեդիադաշտում: Այդ ընթացքում դպրոցի գրասենյակում գրանցվում են այդ տարիքի սովորողները: Սովորողների ծնողները այցելում են դպրոց՝ ծանոթանալու դպրոցին, ծրագրերին, ուսուցիչներին, դպրոցի ֆիզիկական միջավայրին: Ե՛վ ծնողը և՛ սովորողը ունեն ընտրելու հնարավորություն (ընտրել դասվարին, կրթահամալիրի չորս դպրոց-պարտեզներից մեկը): Բացի ընդունելության հայտարարությունից ստեղծվում է նաև նոր դասարանական բլոգ, որտեղ հրապարակվում են ոչ միայն տեղեկություններ դասավանդող ուսուցչի մասին, այլ նաև հրապարակվում են նախորդ տարիներին սովորողների հետ ստեղծած ուսումնական նյութեր (տեսաֆիլմեր, տեսադասեր, թատերական ներկայացումներ, ռադիոնյութեր և այն): Բլոգի միջոցով ծնողները, սովորողները հնարավորություն են ստանում ծանոթանալու կրթահամալիրի մեդիամիջավայրին: Ընթացքում ծնողները կնքում են ուսումնառության համապատասխան պայմանագիր: Հաջորդ քայլը մուտքի ճամբարներն են, որոնք կազմակերպվում են հունիս և օգոստոս ամիսներին՝ հնգօրյա ժամկետով: Մուտքի ճամբարի ծրագիրը և ժամանակացույցը հրապարակվում են նախապես: Մուտքի ճամբարի հայտարարության տեքստը ուղարկվում է ծնողներին, այստեղ էլ ծնողն ունի ընտրելու իրեն հարմար ժամանակահատվածը:
Փորձեմ մի փոքր պատմել 2018 թվականին դպրոց եկող առաջին դասարանցիների մուտքի ճամբարի մասին. Ի՞նչ տվեց մուտքի ճամբարն ինձ, ի՞նչ տվեց սովորողին ու ծնողին: Հունիս ամսվա կեսին Արևելյան դպրոցի առաջին դասարանն արդեն լրակազմվել ու ձևավորվել էր: Յուրաքանչյուր սովորողի հետ ծանոթ էի, քանի որ երբ նրանք առաջին անգամ ծնողների հետ եկան կրթահամալիր, հանդիպեցինք, զրուցեցինք, շրջեցինք, ծանոթացանք և՛ ֆիզիկական (դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ), և՛ մեդիամիջավայրին (կայք, ենթակայք, բլոգ), բայց այս հանդիպումները տեղեկատվական բնույթ ունեին: Բոլորի հետ էլ պայմանավորվեցի, որ ամռանը կհանդիպենք մուտքի ճամբարում, իրար հետ ծանոթանալու, խաղալու, լողալու, պատմելու նպատակով: Հենց գործունեության մեջ է, որ մարդիկ ճանաչում են իրար, իսկ չպարտադրող, ճամբարային գործունեությունը, կրթահամալիրի բաց, հարմար միջավայրը (և՛ ֆիզիկական, և՛ մեդիա) լավ հարթակ է այդ գործունեությունը կազմակերպելու համար: Կազմվեց մուտքի ճամբարի ծրագիրն իր օրակարգով: Ծրագիրն հիմնականում ներառում էր գործունեության հետևյալ ձևերը՝
- Ծանոթություն
- Խոսքային- լեզվական գործունեություն(ռադիոպատումներ)
- Երաժշտական-պարային գործունեություն
- Մարզական գործունեություն (լող, բակային խաղեր)
- Տեխնոլոգիական-ստեղծագործական (նկարչական պլեներ, խեցեգործություն)
Մուտքի ճամբարի խնդիրներն են՝ ծանոթացում միմյանց հետ, միջավայրի յուրացում, ինքնադրսևորման, ինքնարտահայտման հնարավորության ընձեռում:
Մեր սեպտեմբերի մեկը հունիսի 25-ին էր:
Հունիս 25-ին հանդիպեցիք ու սկսեցինք մեր գործունեությունը՝ տարվա եղանակին համապատասխան՝ հավես, խաղային ճամփորդական, լողափնյա:
Մի հատված մեր ճամբարային լողափից ու խեցեգործարանից:
Ճամբարականների հետ ոչ միայն խաղացինք, լողացինք, շրջեցինք, այլ նաև ճամբարականները սկսեցին ներկայանալ մեդիամիջավայրում ու պատմեցին իրենց մասին:
Ճամբարային վերջին օրը մի ռադիոհաղորդում ստեղծվեց: Լսեք ու կտեսնեք, որ հուզված ու շփոթված չեն առաջին դասարանցիները, այլ սպասում են հաջորդ հանդիպմանը:Եթե լսեցիք, շարունակենք՝ ի՞նչ տվեց սովորողին ու ուսուցչին մուտքի ճամբարը:
Սովորողի համար ինքադրսևորման, ինքնաճանաչման լավ հարթակ դարձավ՝ սովորողն այդ միջավայրում ճանաչեց իրեն: Ուսուցիչը հնարավորություն ունեցավ ավելի լավ ճանաչելու իր սովորողներին, սովորողի առանձնահատկությունները, նպատակային նախապատրաստվելու նոր ուսումնական տարվան: Սովորողն ու ծնողը տեսան կրթահամալիրի մոտեցումները, միջավայրը՝ այսպիսով հիմնավորվեց իրենց ընտրությունը:
Մուտքի ճամբարը հեղինակային կրթական ծրագրի կարևոր ձեռքբերումներից է:
- Բացվել է 885 անգամ