Աստղացուցարանը՝ հանրակրթական գործիք

Աստղագիտությունը ընդգրկուն գիտություն է՝ ֆիզիկա, կենսաբանություն, մաթեմատիկա, քիմիա, աշխարհագրություն, լեզուներ…
Սովորողները, աստղագիտությունն ուսումնասիրելով, ավելի շատ են հանրակրթական առարկաների նկատմամբ հետաքրքրություն ց ուցաբերում,  ավելի կարգապահ են դառնում, զարմանալու ավելի շատ առիթներ են ունենում, զարգանում է երևակայությունը, բառապաշարը, գիտական լեզվամտածողությունը, արտահայտվելու ունակությունը …
Տիեզերքը ուսումնասիրելու գործիքը լույսն է և ամենաուղիղ մեթոդը աստղադիտակներով դիտումներն են, վերլուծությունները, քննարկումները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բացի աստղադիտական դիտումներից, որոնք կատարվում են CELESTRON ֆիրմայի NexStar 8SE մոդելի աստղադիտակով՝ կրթահամալիրի տանիքից կամ Արատեսի բարձունքից, գործում է նաև աստղացուցարանը, որտեղ կարելի է «ճամփորդել» գիշերային երկնքում, հասնել մինչև հեռու համաստեղություններ, գալակտիկաներ:
Միայն 2018թվականին աստղացուցարանն ընդունել է 43 խումբ՝ 700-ից ավելի սան, սովորող և դասավանդող, երբեմն էլ ծնող և՛ մեր կրթահամալիրից, և՛ հյուրերի։ Քանի որ տարածքը սահմանափակ է, յուրաքանչյուր դիտմանը կարող է մասնակցել մինչև 15 մասնակից:
Աստղադիտարանում դիտումներ են անցկացնում նաև կրթահամալիրի այլ դասավանդողներ: Խրախուսելի է, երբ կրտսեր սովորողների համար «Սովորող-սովորեցնող» նախագծով դիտումները անց են կացնում Ավագ դպրոցի սովորողները. այդպես և՛ իրենք են նյութին ավելի լավ տիրապետում, և՛ սովորեցնում են:
Աստղացուցարանը լավ հարթակ է այլ դպրոցների հետ կապեր հաստատելու, մեր կրթական ծրագրերը տարածելու համար: Մեզ դիմում են տարբեր դպրոցներից՝ հատկապես 9-րդ դասարանում ֆիզիկայի «Աստղագիտություն» բաժինը ուսումնասիրելիս: Իսկ մեր կրթահամալիրում աստղագիտության դասերը ամբողջությամբ անց են կացվում աստղացուցարանում: Դասընթացի ավարտից հետո քննարկումների և նախագծերի կատարման արդյունքում սովորողը ավելի ամբողջական պատկերացում է կազմում Տիեզերքի մասին:
Հաճախ, աստղացուցարանում մեկ ֆիլմ նայելով և քննարկելով, սովորողը շատ ավելին է իմանում և պատկերացում է կազմում տիեզերքի կառուցվածքի, տիեզերական օբյեկտների, օրենքների մասին, քան դասագիրք կարդալով: Իսկ տիեզերական թռիչքների մասին ծանոթանում է «Վայրէջք Լուսնի վրա» ֆիլմը դիտելիս: Աշխարհագրության, բնագիտության կամ էկոլոգիայի ժամերին բնական աղետների մասին պատկերավոր ներկայացվում է «Երկրաշարժ» ֆիլմը:

Ի՞նչ ֆիլմեր ենք դիտում.

«Գիտարշավ արեգակնային համակարգով», «Լույս-տեսողություն», «Աստղադիտակներ», «Կլիմա», «Երկրաշարժ», «Վայրէջք Լուսնի վրա», «Համաստեղություններ», «Մայաների օրացույցը»…
Ֆիլմերը ռուսերեն և անգլերեն են, և կրտսեր  սովորողների խմբերում հաճախ անհրաժեշտություն է առաջանում դրանք թարգմանելու հայերեն: Անգլերենի թարգմանչական խմբի սովորողների հետ թարգմանել ենք «Համաստեղություններ» ֆիլմը: Անհրաժեշտության դեպքում հըթացս հայերեն ինքս եմ ներկայացնում նյութը, երբեմն էլ անգլերենից թարգմանում են խմբում լեզուն լավ տիրապետող սովորողները:
Ուսումնական ֆիլմերի դիտումը ինքնանպատակ չէ. դրանք լրացնում, ավելացնում և պատկերավոր են դարձնում տվյալ թեմայի գիտելիքները, սովորողներին մղում նոր տեղեկություններ ստանալուն, իրենց իմացածը ստուգելուն: Դիտումները երբեմն-երբեմն ընդմիջվում են սովորողների հարցերին պատասխանելու, բարդ թեմաները մատչելի ներկայացնելու համար:
Յուրաքանչյուր դիտումից հետո քննարկվում է ֆիլմը, սովորողները պատմում են իրենց տպավորությունները, արտահայտում են իրենց ոգևորությունը, կարծիքը, զարմանքը…
Տարիքային բոլոր խմբերի համար ամենահետաքրքիրը «Գիտարշավ արեգակնային համակարգով» ֆիլմն է, որի դիտումը ուղեկցվում է հատկապես կրտսեր սովորողների տարաբնույթ հարցերին պատասխանելով: Նրանցից շատերի համար  զարմանալի է, որ տիեզերքում էլ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, որ Արեգակը շատ ավելի մեծ է քան Երկիրը և ոչ մի պարագայում այն չի կարող ընկնել մեզ վրա:
Ինչո՞վ են հետաքրքիր այս դիտումները սովորողի և ինձ համար:
Յուրաքանչյուր դիտումից առաջ մասնակիցների հետ պայմանավորվում եմ իրենց՝ աստղացուցարանում պահելու կարգի մասին: Լռություն պահպանելը անհրաժեշտ պայմաններից մեկն է:
Հաճախ սովորողներին թվում է, թե իրենք իրական թռիչք են կատարում դեպի տիեզերք: Այս միտքը առանձնապես դուր է գալիս կրտսեր դպրոցականներին: Նրանցից ոմանք անհանգստանում են՝ արդյո՞ք անվտանգ է մեր թռիչքը՝ «Գիտարշավ արեգակնային համակարգով» ֆիլմը դիտելիս:
Մեր կրթահամալիրի կրտսեր սովորողները իրենց դասվարներից՝ Տաթևիկ Թամազյանի, Դիաննա Գևորգյանի, Սիդոնյա Վիրաբյանի հետ դասարաններում շարունակում են դիտած ֆիլմերի քննարկումները, նկարում են, պատումներ են գրում իրենց բլոգներում և կայքերում:
Ինձ համար հաճելի է օգտակար լինել իմ կրտսեր գործընկերներին, նրանց սաներին:
Դաստիարակները, դասվարները, դասավանդողները դիմում են ինձ իրենց անհասկանելի ամենատարբեր հարցերով, սկսում են իրենց հուզող հարցերը պարզաբանել: Այդ պատճառով համացանցով մշտապես հետևում եմ գիտական նորություններին, ծանոթանում եմ հատկապես Սթիվեն Հոկինգի աշխատություններին:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский