Հեղինակային ստեղծագործական հավաք․ Paint նկարչական ծրագրից՝ ուսումնական բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրն իրականացնում է դասվարը։
Կրթահամալիրում կրտսեր դասարաններից ուսուցումը կազմակերպվում է թվային գործիքի՝ պլանշետի, նոթբուքի կամ նեթբուքի  միջոցով։
Թվարկածս ցանկացած գործիքի կիրառման դեպքում գլխավոր սկզբունքներն են ստեղծականությունն ու երևակայությունը, ուսումնական կենսական հմտությունների ու կարողությունների ձևավորումն ու զարգացումը։ Թվային գործիքը սովորողի ձեռքին ոչ թե նպատակ է‚ այլ միջոց՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելու համար։

Առաջին դասարան․2017-2018 ուստարի

Սովորողներն առաջին օրվանից դպրոց են հաճախում իրենց անհատական թվային գործիքներով։ Ծանոթանում են ուսումնական գործիքից օգտվելու կանոններին և ուսումնական տարվա ընթացքում աստիճանաբար յուրացնում թվային միջոցների կիրառումն ու գործածումը։

Աշխատանքի նկարագրություն

Բանավոր փուլի ընթացքում սովորողների հետ ծանոթացանք Paint նկարչական ծրագրին, գործիքների յուրացման ու գործածմանը։ Սկսեցինք նկարել Paint նկարչական ծրագրով, այնուհետև սովորեցինք պահպանել նկարը, նկարը պահպանելու համար մուտքագրել բառեր։ Յուրաքանչյուր ուսումնական նախագիծ իրականացնելու շրջանակներում մուտքագրեցինք բառեր, բառակապակցություններ։ Արդյունքում՝ Paint նկարչական ծրագրով սովորողների առաջին աշխատանքը դարձավ Էլեկտրոնային այբբենարանների շարք՝ գունավոր, հետաքրքիր և իրարից տարբերվող։ Շարքը հնարավորություն տվեց հետևելու ուսումնական գործունեության ընթացքին ու զարգացմանը: Եթե սկզբնական շրջանում սովորողը կարողանում էր մուտքագրել միայն բառը կամ տառը, հորինել փոքրիկ պատմություններ բառի շուրջ, ապա աստիճանաբար նա սկսեց մուտքագրել բառակապակցություններ, նախադասություններ։ Բառուսուցման մեթոդով տառուսուցման շրջանում սովորողներն արդեն կարողացան բավականին արագ մուտքագրել բառեր, նախադասություններ: Մուտքագրելն օգնեց նաև կարդալու հմտությունների զարգացմանը: Բանավոր և գրավոր աշխատանքների համատեղ ընթացքն իրականացնելիս օգնեց մյուս թվայի գործիքը՝ ձայնագրիչը, որը նույնպես լուծում է մի շարք խնդիրներ՝ լսելու, հնչյունները ճիշտ արտաբերելու, որոնք հետագայում դառնում են հմտություններ։ Սովորողների հորինուկները, պատումները, ընտանեկան ընթերցումները, հեքիաթասաց մայրիկները, աուդիոհեքիաթները տեղադրվում են մեր դասարանական «Ուրախիկներ» ռադիոէջում։

Ծնողի դերն ու օգնությունը կրթությունն իրականացնելիս

Կրթահամալիրում կրթության կազմակերպման հարցում կարևոր դեր ունեն ծնողները, ընտանիքը։
Առաջին դասարանում ծնողների հետ համագործակցության արդյունքում ստեղծված նյութերը՝ ընտանեկան նախագծերը, վարպետության դասերը`1,2, 3, 4, սովորողների կատարած անհատական աշխատանքները տարեվերջին դարձան ուսումնական մեդիափաթեթներ։

Էլեկտրոնային փոստի և դասվարի բլոգի միջոցով ծնողն ամբողջ տարին ակտիվ հետևում և մասնակցում է ուսումնական գործընթացին, քանի որ առաջին դասարանում էլեկտրոնային փոստի գործածումն իրականացնողը ծնողն է։ Ինչպես էլեկտրոնային փոստը, այնպես էլ դասվարի բլոգն ուղղված է ծնողին և ներկայացնում է դասարանի գրեթե ամբողջական գործունեությունը: Տարեվերջին դասվարի բլոգում ստեղծվում են սովորողների անհատական էջեր, որտեղ հավաքվում և ամփոփվում են մեկ տարվա ընթացքում սովորողների կատարած ուսումնական նախագծերը, ընտանեկան նախագծերը, ճամփորդությունները և այլն։ Սովորողների էջերի օրինակներ՝

Երկրորդ դասարան. 2018-2019 ուստարի

Երկրորդ դասարանում սովորողները շարունակում են զարգացնել մեդիահմտությունները, յուրացնել և գործածել այլ մեդիագործիքներ, համակարգչային ծրագրեր։

Աշխատանքի նկարագրություն

Երկրորդ դասարանում սովորողների հետ շարունակեցինք յուրացնել  Word ծրագիրը՝ մուտքագրել, գծել աղյուսակներ, փոխել տառաչափը՝ ներկել, ընդգծել, ձևավորել էջը։ Սովորողները սկսեցին գործածել էլեկտրոնային փոստը՝ մուտքագրել մուտքանունն ու գաղտնաբառը, պահպանել այն համակարգչի հիշողության մեջ, բացել նամակները, կարդալ հանձնարարությունները, ներբեռնել առաջադրանքները, կատարել և ուղարկել դասավանդողի էլ.հասցեին։ Երկրորդ դասարանում սովորողները ներկայացան «Ես կարողանում եմ» ստուգատեսին. յուրաքանչյուր սովորող պատմում է իր մեդիահմտություններից՝

Նախորդ տարիների հաջողված փորձը հնարավորություն տվեց այս դասարանում էլ իրականացնել բլոգային անհատական ուսուցում։ Երկրորդ դասարանի վերջում մի խումբ սովորողների համար ստեղծեցի անհատական բլոգներ՝  կրթահամալիրի օրացույցով հաստատված նախագծային ուսուցմանը համապատասխանեցված բաժիններով,  ընտանեկան ու անհատական աշխատանքներով տեսանելի մի տարածք։ Կրթության կազմակերպման այս ձևն ունի իր մի շարք առավելությունները՝ սովորողի անհատական ինքնուրույն գործունեությունը, ընտանիքի մասնակցությունը, սովորող-ծնող-դասավանդող կապը: Սովորողների անհատական բլոգների շնորհանդես-ներկայացումը եղավ ԿԳ նախարարի՝ Արայիկ Հարությունյանի կրթահամալիր կատարած այցելության ժամանակ՝ Բարեկամության ճամբար:

Բլոգների նորամուտ

Մեդիակրթության փուլերն իրենց  զարգացման ընթացքով նման են պարուրաձև բուրգի, որտեղ երևում են սովորողի զարգացումը, հմտություններն ու կարողությունները:

Զարգացման հեռանկարում սովորողների անհատական բլոգների ստեղծումն է:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский