Ընտրությամբ գործունեություն. լրացուցիչ կրթություն, թե՞ սովորողի անհատական կրթական պատվեր
Primary tabs
«Ընտրություն» բառի տարբեր ստուգաբանություններ գտա բառարաններում, սակայն այս դեպքում ինձ ամենաշատը դուր եկավ.
- նա կամ այն, որից կարելի է ընտրել, ջոկել, որոշ իրերի (կամ անձանց) հավաքածու, խումբ և այլն, որորնցից կարելի է ջոկել իր ուզածը, անհրաժեշտը, արժանավորը:
Այս ստուգաբանությունը ամենից ճշգրիտն է բնորոշում այն իրողությունը, որով կարելի է նկարագրել Միջին դպրոցում տարիներ ի վեր իրականացվող ընտրությամբ գործունեությունը: Սովորողն ընտրում է իր ուզածը, իր համար անհրաժեշտ և արժանավոր դարձածը:
Ընտրություն կատարելը բավականին բարդ բան է. երբեմն, անգամ մենք՝ մեծահասակներս, դժվարությամբ ենք ընտրություն կատարում, հազար անգամ «ծանր ու թեթև» ենք անում, «յոթը չափում, նոր մեկը կտրում»: Երևի արժե օրինակ վերցնել պատանիներից՝ նրանք հստակ գիտեն, թե ինչ են ուզում, հստակ ընտրում են, իսկ չհավանելու դեպքում էլ հեշտ ու հանգիստ փոխում ընտրությունը, որոշումը:
Ընտրություն կատարելու հմտության, կարողության մի լավ օրինակ էր այն, երբ ուսումնական տարվա սկզբում սովորողներին առաջարկվեց ընտրել առավոտյան ընդհանուր պարապմունքի իրենց մասնակցության ձևը՝ մարմարյա սրահում՝ պարով, երգով, ընթերցանությամբ կամ էլ դպրոցի սպորտդաշտերում՝ ֆուտբոլի խաղով և մարմնամազության պարապմունքներով: Ձևավորվեց երկու խումբ, երկու ուղղություն, և մինչ օրս այդպես է: Ի դեպ, օր օրի մեծանում է մարզասերների թիվը: Հետաքրքիրն այն է, որ ֆուտբոլասեր շատ սովորողներ սկսեցին դպրոց գալ ոչ թե 8:50, այլ անգամ 8:20, որ մի փոքր երկար խաղան:
Ընտրություն իրականացնելու կարողության ևս մեկ դրսևորում է, երբ Միջին դպրոցի սովորողն ըտրում է գործունեությունն ըստ իր նախասիրության:
Կրթահամալիրում ընտրությամբ գործունեությունը այնքան ներդաշնակ է հանրակրթական առարկաների հետ, այնքան դինամիկ և սովորական է, որ մինչ այս, ինքս էլ ունենալով ընտրությամբ գործունեության իրականացման փորձ, երբևէ այն չէի դիտարկել որպես ինքնուրույն միավոր, որպես հեղինակայինի, այլընտրանքի կարևոր դրսևորում:
Այդ հայացքով սկսեցի նայել մեր հեղինակային մանկավարժության այդ բաղկացուցիչին, երբ սեպտեմբերից ստանձնեցի կրթահամալիրի Միջին դպրոցի ծրագրի ղեկավարի աշխատանքը: Նախ, ասեմ, որ նոր ընդունվող սովորողներին և նրանց ծնողներին որպես մեր ծրագրի կարևոր առանձնահատկություն էի ներկայացնում ընտրության հնարավորությունը: Այս դեպքում սա վերաբերում էր նաև մարզական ակումբներին, քանի որ կրթահամալիրում դրանց ընտրությունը նույնպես ֆենոմեն է հայաստանյան այլ հանրակրթական դպրոցների համար:
Նշեմ, որ սովորողների և ծնողների դպրոցի ընտրության, կողմնորոշման մեջ ընտրությամբ գործունեությունը մեծ դեր է խաղում: Այս դեպքում հաճախ տեղի է ունենում հետաքրքիր հակամարտություն՝ ծնողի ընտրությունն ընդդեմ սովորողի, երբ ծնողը, ծանոթանալով գործունեությունների ցանկին, ինքն է կատարում ընտրությունը: Փաստել ենք, որ շատ դեպքերում ծնողի և սովորողի ընտրությունները տարբերվում են… Նման դեպքում ծնողին խնդրում ենք ազատ թողնել սովորողին, ասելով, որ սովորողի ազատ ընտրությունը մեր ծրագրում կարևորվում է:
Ընտրությամբ գործունեությունն ինձ համար կրկնապատիկ հմայք, հետաքրքրություն ու կարևորություն ստացավ, երբ Միջին դպրոցում նախագիծ իրականացվեց, որտեղ սովորողները ներկայացնում էին իրենց յոթ և ավելի հրաշալիների ցանկը՝ իրենց մեկնաբանություններով: Ռեյտինգային «թոփ տասնյակը» գլխավորեց ընտրությամբ գործունեությունը: Սովորողները առանձնացնում էին ոչ թե ընտրած առարկան, այլ այն, որ իրենք ունեն ընտրելու հնարավորույթուն, որը այդ տարիքի պատանու համար ինքնահաստատվելու, ինքնակազմակերպվելու լավ հնարավորություն է:
Այսօր Միջին դպրոցում գործում է 22 ընտրությամբ գործունեություն, որոնց թիվը սեպտեմբերից կավելանա, քանի որ ավելանում է սովորողների թիվը (ընտրությամբ գործունեության խմբերում, ըստ կարգի, կարող են լինել 12-22 սովորող): Սովորողները նոր գործունեությունների պատվեր են ձևավորում, ինչպես եղավ գերմաներենի դեպքում, որը առայժմ կսկսի գործել առցանց տարբերակով, իսկ սեպտեմբերից արդեն կունենանք առկա գործող խումբ: Էդպես եղավ նաև այս ուսումնական տարվա սկզբում, երբ սովորողների մի խումբ ցանկություն հայտնեց սովորել իտալերեն: Հետաքրքիր էր նաև պարսկերենի խմբի ձևավորումը, երբ տարվա սկզբին ընտրել էր ընդամենը երեք սովորող, սակայն հենց այդ երեք սովորողներն էլ ձեռնամուխ եղան խումբի համալրմանն և ընդլայնմանը:
Ուսումնասիրելով, վերլուծելով ընտրությամբ գործունեությունների աշխատանքները, ընթացքը, մի հետաքրքիր դիտարկում ևս արեցի՝ շատ քիչ սովորող օգտվեց ընտրությամբ գործունեությունը երրորդ ուսումնական շրջանում փոխելու իր իրավունքից, իսկ դա արդեն կարևոր ցուցանիշ է: