Հեռավար ուսուցումը՝ որպես կրթահամալիրի ձեռքբերում

«Կրթության մասին» ՀՀ Օրենք-Գլուխ 1. Հոդված 12.
-Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան՝ կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով.

ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրություն- Գլուխ 3. Կետ 31.
-Կրթական ծրագրով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր՝ սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, որի բաղադրիչներից մեկը հեռավար ուսուցումն է:
Հեռավար ուսուցումն այսօր համարվում է կրթահամալիրի կարևոր ձեռքբերումներից մեկը, որի արդյունքները ներկայացրինք ապրիլի 27-ին՝ հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիայի կլոր սեղանին՝ -Կլոր սեղան՝ «Հեռավար ուսուցումը հեղինակային կրթական ծրագրում»…

Հեռավար ուսուցումը՝
-անհատականացված և համակարգված ուսուցման ձև է, երբ ուսուցման գործընթացը սովորողի և դասավանդողի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:
Հեռավար ուսուցման նպատակը՝
- հեղինակային կրթական ծրագիրը անմիջապես բնակության կամ ժամանակավոր գտնվելու վայրում յուրացնելու հնարավորություն ընձեռելն է այն սովորողներին, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չեն ունենում առկա ուսուցման:

Մենք գիտենք, որ շատ սովորողներ հաճախ տարբեր պատճառներով բնակության վայրը փոխելու արդյունքում դուրս են մնում կրթություն ստանալու հնարավորությունից, որովհետև ոչ բոլոր դպրոցներն ունեն հեռավար կրթություն իրականացնելու պայմաններ և հնարավորություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այն եզակի ուսումնական հաստատությունն է, որը տալիս է այդ հնարավորությունը ոչ միայն կրթահամալիրի՝ բնակության վայր փոխած սովորողներին, այլև հանրապետության շատ այլ սովորողների:

Ավագ դպրոցի՝ հեռավար ուսուցմամբ սովորող Ավետիս Տետեյանը գրում է. «Պետք է նշեմ, որ ես բավականին ուշ իմացա «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեռավար ուսուցման մասին»։ Ավետիսն այնուհետև գնահատում է հեռավար ուսուցման հնարավորությունը. «… երբ դասարանում լինում են 25-30 աշակերտ, ուսուցչի համար դժվար է յուրաքանչյուր աշակերտի անհատական մոտեցում ցուցաբերել: Բայց հեռավար ուսուցման դեպքում ուսուցիչների հետ հաստատվում է անմիջական և ուղղակի շփում, և այդ դեպքում նրանք առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում սովորողի նկատմամբ: Ես առաջին անգամ եմ հանդիպել այսպիսի շփման, որն առկա է ուսուցչի և աշակերտի միջև: Ինձ դասավանդող բոլոր ուսուցիչները՝ ընկեր Մարթան, ընկեր Վարդանը, ընկեր Յուրան, ընկեր Լիանան, ընկեր Մարգարիտը՝ բոլորը ուշադիր, անմիջական և հետաքրքրիր շփում են ապահովել, միևնույն ժամանակ՝ շատ հաճելի մարդկային վերաբերմունք»:

Սովորողի ընդունելությունը կրթահամալիր ուսուցման հեռավար ձևով
Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա համար: Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիր՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց դպրոցի ղեկավարի հրամանով: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է: Անհրաժեշտ է նաև, որ 1-ին, 2-րդ դասարանի սովորողի ծնողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, օգտագործի էլեկտրոնային փոստ, ծանոթ լինի բլոգավարությանը, որպեսզի կարողանա հետևել իր երեխայի ուսումնական գործընթացին։ Սովորողները mskh.am տարածքում ունեն էլեկտրոնային հասցե, որի միջոցով կարողանում են հեռահաղորդակցվել ուսուցիչների, ընկերների հետ, ստանալ առաջադրանքներ ու պատասխանել դրանց:

Սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ
Սովորողին առաջադրանքներ ուղարկում է դասավանդողը: Նույն նամակը դասավանդողն ուղարկում է նաև դպրոցի գրասենյակ և սովորողի ծնողին: Առաջադրանքները տեղադրված են դասավանդողի բլոգում: Սովորողը կատարած աշխատանքը տեղադրում է իր բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին (խորհրդատուին), դպրոցի գրասենյակին: Դպրոցի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի համար գրանցում է ուղարկված առաջադրանքը՝ օրը, ժամը, առաջադրանքի հղումը, ինչպես նաև պատասխանը: Ամեն ամսվա վերջում դպրոցի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում յուրաքանչյուր դասավանդողի ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:
Սակայն կան սովորողներ, ոորոնք բլոգ չունեն: Այդ դեպքում նրանք կատարած աշխատանքները ուղարկում են դասավանդողի էլեկտրոնային hասցեին, իսկ դասավանդողը պատասխան նամակով աշխատանքների վերաբերյալ իր դիտարկումներն է անում և ուղարկում սովորողին։

Յուրաքանչյուր դասավանդող իր բլոգում ունի հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթ՝

Մարգարիտ Սարգսյան-Հայոց լեզու-գրականություն՝
Փաթեթ 1-«Հեռավար ուսուցմամբ սովորողներն ընթերցում են Թումանյան»
Փաթեթ 2-«Հեռավար ուսուցմամբ սովորողները կարդում են Տերյան»
Փաթեթ 3-«Թարգմանում են հեռավար ուսուցմամբ սովորողները»
Փաթեթ 4-«Նախագծային առաջադրանքների ընթերցարանների փաթեթ»

Վարդան Կարապետյան-Պատմություն-Հասարակագիտություն՝
-Հեռավար ուսուցմամբ սովորողներ և առաջադրանքներ
-Ավետիս Տետեյան-«Իմ կարծիքը հեռավար ուսուցման մասին»
«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին»
«ԱԺ Արտահերթ ընտրություններ»
-Աստղիկ Խաչատրյան-«Երևան ևՍուջոու քաղաքների մասին»
«Նախընտրական ուսումնասիրություններ»
-Միքայել Մնացականյան-«Հին Երևանի մասին»
-Աշոտ Հովհաննիսյան-«Ամանորը հայրենիքից հեռու»

Մարթա Ասատրյան-Աշխարհագրություն-Էկոլոգիա՝
-Հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթ

Հասմիկ Ղազարյան-Հայոց լեզու-գրականություն՝
-Հեռավար ուսուցման առաջադրանքների փաթեթ և ուղեցույց
-Հեռավար ուսուցման կարճաժամկետ նախագծեր և արդյունքներ

Յուրա Գանջալյան-Օտար լեզու՝
Հեռավար ուսուցման դաս-առաջադրանքներ 
-Ֆլեշմոբը որպես հեռավար ուսուցման գործիք
–Պրեզենտացիա–Ֆլեշմոբ և ուսումնական ֆլեշմոբ

Սեդա Այվազյան-Ռուսերեն՝
-Ռուսերենի առաջադրանքներ

Նվարդ Սարգսյան –ՏՀՏ՝
Տեսադասեր հեռավար ուսուցմամբ սովորողների համար

Նարինե Բարսեղյան-Իսպաներեն՝
-Իսպաներեն առցանց նյութերի փաթեթ

Վեներա Խառատյան-Քիմիա՝
-Հեռավար ուսուցման առաջադրանքներ

Անուշ Ասատրյան-Կենսաբանություն՝
-«Հեռավար ուսուցման փաթեթ»
-կենսաբանություն /1/
-կենսաբանություն /2/

Թամարա Մարիմյան-Դասվար՝
-Հեռավար ուսուցում

2018-2019 ուսումնական տարում կրթահամալիրի 4-12-րդ դասարաններում հեռավար ուսուցման պայմանագիր են կնքել 20 սովորող՝

  • Արևելյան դպրոց՝ 1 սովորող- 5-րդ դասարան, Չինաստան
  • Հարավային դպրոց՝ 1 սովորող- 4-րդ դասարան, ՌԴ
  • 1 սովորող- 2-րդ դասարան
  • Միջին դպրոց՝ 2 սովորող- 6-րդ և 8-րդ դասարաններ, Չինաստան և ՌԴ
  • Ավագ դպրոց՝ 15 սովորող- 9-12-րդ դասարաններ, ՌԴ, ԱՄՆ, Չինաստան, Ռումինիա:

Ես ուզում եմ ուշադրություն դարձնենք նաև աշխարհագրությանը՝ Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան, ԱՄՆ, Ռումինիա, որտեղ ապրող սովորողի համար այսպիսի հեռավորությունը չի խոչընդոտում իր կրթության իրավունքի իրականացմանը:
Սակայն պետք է փաստենք, որ ծրագիրը դեռևս  տարածման կարիք ունի։ Ինչպես տեսնում ենք, հաճախ ինչ-ինչ պատճառներով սովորողը ստիպված է լինում տեղափոխել բնակության վայրը՝  պայմանագրային աշխատանքի մեկնած ընտանիքներ, արտագնա աշխատանքի մեկնած ընտանիքներ, ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող սովորողներ, ժամանակավորապես առողջական խնդիրներ ունեցող սովորողներ և այլն, որոնց համար հեռավար ուսուցումը  լավ հնարավորություն է սովորելու իրենց նախընտրած ծրագրով, իրենց բնակության վայրից՝ չզրկվելով կրթության իրավունքից։
Հեռավար ուսուցմամբ սովորողի ծնողը գրում է. «Մենք շատ շնորհակալ ենք կրթահամալիրին մեզ տված հնարավորության համար, որը պետք է օրինակելի լինի նաև մեր երկրում մյուս դպրոցների համար: Մեր երկրում նախկինում ընդունված է եղել տնային ուսուցումը ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաների համար: Սակայն լինում են դեպքեր, երբ խնդիրները կապված չեն ֆիզիկական դժվարությունների հետ, այլ ունենում են այլ պատճառներ»:
Պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ արտերկրում ապրող սովորողների համար առաջանում են բազմաթիվ խնդիրներ՝ լեզվական, քաղաքացիության հետ կապված և այլն, և այդ պայմաններում սովորողը չի կարողանում լիարժեք օգտվել  իր կրթության իրավունքից։ Իսկ շատ դպրոցներ  պարզապես տեղեկություն չեն ունենում իրենց սովորողից, թե  ինչպես է հետագայում նա իրացնելու իր կրթության իրավունքը, ինչպես է շարունակելու, դուրս է մնալու, թե ոչ։ Այս դեպքում մեր կրթահամալիրը կարող է այդ դպրոցներին աջակցել՝ առաջարկելով հետևյալը.
-Հեռավար ուսուցման ծրագիրը տարածել հանրապետության բոլոր դպրոցներում. կրթահամալիրը կարող է հանդես գալ իբրև մենթոր՝ ցանցի դպրոցներին ներկայացնելով իր փորձը.
– դպրոցներին օգնել իրականացնել հեռավար ուսուցում այն սովորողների համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող օգտվել առկա ուսուցման ձևից, օրինակ՝ դպրոցներին տրամադրել հեռավար ուսուցման մեր ծրագրերը, նյութերը.
-եթե դպրոցները չունեն համապատասխան հնարավորություններ հեռավար ուսուցում իրականացնելու համար, ապա նրանք կարող են սովորողին և ծնողին ուղղորդել կրթահամալիր, որտեղ կկազմակերպվի այդ սովորողի հեռավար ուսուցումը.
-դպրոցների հետ իրականացվող կրթական փոխանակումների ծրագրերում ընդգրկել նաև հեռավար ուսուցումը՝ նրանց իրազեկելու և այդպիսով «Բլեյան կրթական ցանցում» ներառելու նպատակով.
-ներկայացնել ֆլեշմոբը՝ որպես հեռավար ուսուցման մի ձև, գործիք:

 

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский