Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից...
Primary tabs
Փառատոնային խողովակով գեղեցիկը պիտի ողողի-մաքրի մեր գետերը-հուները-շեները…
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ Բլեյանի դպրոցը, դարձավ, դառնում է 30 տարեկան…
Մենք սկսում ենք տոնակատարությունը մայիսյան ստեղծագործական ամենամյա հավաքի օրերին, 13-18-ը մայիսի, հետո կշարունակենք որպես ցնծություն-տոնախմբություն մինչև մայիսի 26-28-ը, հետո Տոնը կստանա ճամբարային-ստուգատեսային կազմակերպում, ուսումնական նախագծերով, մինչև հունիսի 13, հետո հունիսի 13-ից սկսած կթափանցի տոնական ուրախություն ու տրամադրություն՝ ավելին անելու, սարեր շուռ տալու քանդակագործության ու ճարտարապետության միջազգային բաց փառատոնով՝ Երևանում, Իջևանում, Արատեսում… Հայ-իտալական միջազգային փառատոնը տեղավորվել է հարմարավետ իմ գրում, ինչպես Վիգեն Ավետիսը՝ իմ կյանքում, առանց նեղսրտելու, որ Վիգենը այս գիշեր, հայդե՜․․․ Ֆլորենցիա․․․ Մեր կրթական բաց ցանցի պաշտոնական ներկայացուցիչն է Վիգեն Ավետիսը ապրիլի 27-ին Ֆլորենցիայում սկսվող ամենամյա միջազգային սիմպոզիումի․․․
Ստեղծագործական հավաքով կկարևորվեն հունիսի 1-ից սկսվող փառատոնային ճամբարին և ուսումնական ճամբարներին ուղղված նախագծերը-նախաձեռնությունները… Բան չմնաց, ինչպես միշտ չհասցնելու-պռատ անելու ընտրության առաջ ենք կանգնելու… Ես ընտրում եմ չանելը, եթե գործը մարդու կողքով է անցնելու… Ճամբարը կա-առաջացել-իմաստ է ստեղծում-փոխանցում, սրանով հարատևում իր մասնակցով՝ ճամբարական սովորողով-ուսուցչով, ում ասում եմ՝ առա՛ջ եկեք, սիրելիներ-գործընկերներ, գործի գլո՛ւխ անցեք:
Մայիսի 27-ից սկսվող ճամբարները բանգլադեշյան, ուշադի՜ր, հունիսի 1-ից հայտնվում են քանդակագործության և ճարտարապետության միջազգային, այս տարի՝ անդրանիկ, ամենամյա նախագծերում… որպես ճամբարային ստեղծագործական բովանդակություն, իր իսկական հարսանիքով…
Այս օրերին դպրոցում-տանը, անհատական-խմբային, ընտանեկան-հարազատների շրջանում դուք պիտի յուրացնեք և՛ ձեր ուսումնական ճամբարի աշխատակարգը, և՛ փառատոնի ծրագիրը՝ իր նախագծերով ու հարթակներով, ձեր մասնակցությունը հասցնեք հայտերով գրանցել… Ճամբարները մեր ու փառատոնային նախագծերը բաց են. աջակցե՛ք ոչ սեբաստացի ձեր ծանոթ-ընկերների մուտքին…
Կրթահամալիրի բանգլադեշի ճամբարները տարատարիք՝ բացօթյա և ծածկած լողով ամենօրյա, հեծանվով, պարտիզապուրակային գործունեությամբ, մարզախաղերով, կենդանիների խնամքով ագարակում, փառատոնային ծրագրով՝ ձեր ընտրած մասնակցային գործունեությամբ, անհատական ու խմբային… մայիսի 27-ից կսկսեն ու չեն ավարտվի, ամբողջ ամառ անընդհատ կլինեն։
Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային ճամբարները հնգօրյա են, ռազմամարզական, բնապահպանական, արտակարգ իրավիճակներում գործելու, հայրենագիտական, ընթերցողական բաղկացուցիչներով…
Մեր ճամբարները՝ բանգլադեշում, Արատեսում, Սևանում, թե փառատոնային այլ հարթակում, ընկերության՝ ինքնավարության-ինքնասպասարկման, համերաշխության, ստեղծականության, ճանաչումի բնապահպանական հավաքներ են՝ բաց դպրոցներ բնության գրկում… Ի՛նչ մնաց. ուսապարկը հարմար կապելը, ջոկատ, նախագծային խումբ կազմելը, հայտ ներկայացնելն ու հերթափոխը համակարգողի հետ համաձայնեցնելը։
Փառաբանեք ամենասեբաստացիական հունիսը, ու տարածեք իմ այս գիրը՝ որպես ուղերձ, հեռագիր, հրավեր, կանչ, բոլոր ակտիվ հղումներով:
Ողջո՜ւյն, իմ հունիս:
Ուսումնական պլանով որոշված ուսումնական ճամբարների երկրորդ շաբաթը կրթահամալիրի բանգլադեշում ճամբարների կայացածության՝ ճամբարականների նախաձեռնողականության, ինքնավարության-ինքնուրույնության, ճամբարային ավանդույթների փոխանցման (ո՛վ գիտի՝ քանի տարեկան են մեր ճամբարները) ստուգատես է… Լիարժեք ճամբարային շաբաթ, պարտադիր՝ ուսումնական պլանով, ուսումնառության պայմանագրով ու օրացույցով… Կարևոր է դառնում ճամբարային գործունեության շարունակումը… Տարատարիք սեբաստացի սովորողների համար ու իրենց ազատ ընտությամբ, դրանք լրացուցիչ կրթության՝ պլեներային-նախագծային ստուգատեսային ճամբարներն են՝ հունիսի 10-ից սկսվող, որ այս տարի կոչվում են փառատոնային երևանյան՝ կրթահամալիրի Բանգլադեշում, ու արտագնա-վրանային՝ Եղեգիսի Արատեսում, Արգիճիի Մադինայում, Սևանի «Ժայռում»… Ես չեմ, որ շեշտում եմ դրանց բնության գրկում-ծովի ափին լինելը, այլ հունիսը-ամառը, որ իր իրավունքների մեջ է… Հունիսի 10-ից բացվող ճամբարները լիարժեք իրավահավասար մատչելի են նաև ոչ սեբաստացիների համար, առանց որևէ խտրության…
Քոլեջը իր նախագծային խմբով՝ Արատեսում, միջին դպրոցը իր վրանային հետախուզական խմբով՝ Մադինայում, իններորդցի շրջանավարտները մեր՝ ռազմամարզական ստուգարքներով Սևանի «Ժայռում» թող դիմավորեն ամառվա օրացույցային փառատոնային սկիզբը՝ հունիսի 1-ը… Այդ ճամբարների հերթափոխներն սկսենք հունիսի 5-ի մեկնումով. մինչ այդ ժամանակն օգտագործեք՝ վրանային կազմակերպման տարրերը, դաշտային գործունեության անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումը համարձակ բերելու բանգլադեշյան ուսումնական ճամբարներ, ունենալով արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի նման հզոր-հուսալի ուսուցանող աջակից… Այսպես որ գնա, բնապահպանության համակարգն էլ կմիանա. սովորեցրե՛ք մեզ շրջակա միջավայրն ամեն օր դարձնել դպրոց բնության գրկում, իսկական ուսումնական ամառ։
Ես ողջունում եմ կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի, փառատոնի գրասենյակի համաձայնեցված առաջարկը՝ հունիս-հուլիսի բոլոր ճամբարների օրակարգում-գործունեություն-կազմակերպման մեջ փառատոնային նախագծերում ճամբարականներին իրենց ընտրությամբ ներգրավելը, մասնակցություն ապահովելը… Սրանով մեր հունիսյան լողափային ճամբարները կգործեն նաև որպես տարատարիք ուսումնական ստեղծագործական հավաքներ… Արատեսի, Սևանի «Ժայռի», Մադինայի վրանայինով, Ստամբուլի կետրոնական վարժարանի ընդունելությամբ, Փարիզում մեր արտագնա ջոկատով, Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի, Իզմիրի տիեզերագիտական ճամբարի սեբաստացի ջոկատներով մեր ճամբարները դառնում են լիարժեք բաց, միջազգային… Սա դեռ՝ հունիս չմտած…
Հունիսի 10-ից սկսվում են և՛ լողափային բաց ճամբարները, որոնք շարունակվող-միջազգային կդառնան մինչև սեպտեմբեր, և՛ կրթահամալիր մուտքի ճամբարները, և՛ նախագծային՝ փառատոնային ճամբարները… Մեր ամառային-ճամբարային հեղինակային կազմակերպման առանցքում տարատարիք ճամբարական սովորողի և կազմակերպչի հավեսն ու ինքնավարությունն է՝ կարողությունը-ցանկությունը միասին բնության գրկում վրանային-արշավախմբային կյանքով ապրելը… Որպես ժամանակային միավոր՝ ընտրել ենք հինգ օրը՝ նկատի ունենալով ճամբարի կազմակերպիչների արձակուրդային շրջանը… Կլինեն մեծ թվով կամավորներ՝ ուսանողներ, աշխատանք փնտրող մասնագետներ… Համեցեք, դիմեք դպրոցների ղեկավարներին մեր, դիմեք որևէ միջնորդի միջոցով, դիմեք առցանց մանկավարժության կենտրոն՝ լրացնելով այսպիսի հայտ, կամ ներկայացրեք [email protected] հասցեով… Կարող են լինել ճամբարներում և եռօրյա տևողությամբ ստեղծագործական հավաքներ… Ճամբարները բաց են և ընտանեկան ներխուժումների՝ լրացումների համար…
Երեկ ճարտարապետության և քանդակագործության միջազգային ամենամյա բաց փառատոնի հայտերի հրավերները՝ նախագիծ առ նախագիծ, շրջանառվում էին ինտերնետ աշխարհում՝ յուրաքանչյուր ստեղծագործող պատանու, երիտասարդի, մասնագետի փառատոնի մասնակցության հնարավորություն ընձեռնելով, մարզին, նրա համայնքին՝ գյուղական թե քաղաքային բնակավայրին, փառատոնային նախագծային հարթակ, հեղինակ-կազմակերպիչ դառնալու ուսումնական ամառային այս գրավիչ շրջանում՝ հունիսի մեկից սկսած… Հետո չասեք, թե դուք ամառային ստվերում պատսպարված՝ փառատոնը ձեր կողքով անցավ… Խնդիր չէ, չհանդիպեցի՞ք այս տարի՝ պատրաստ կլինեք դիմավորելու-մասնակցելու, անհատապես, խմբով, կազմակերպությամբ, հաջորդ տարի. փառատոնը բաց է ու ամենամյա…
Երեկ մենք փառատոնի գրասենյակի մի խմբով փառատոնի մասնակից Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում էինք. մենք հաջորդ տարի իր հարյուրամյա գոյությամբ ներկայացող հաստատությունը քոլեջի սիրալիր տնօրինուհու ղեկավարությամբ տեսանք ուսումնական-ստեղծագործական զորությամբ, փառատոնին հանրապետությունով մեկ ներկայացված ուսանող-քանդակագործ-նկարիչ-դիզայներների մասնակցային վիճակի բարձրացման հանդիպում ունեցանք… Առաջիկայում Վիգեն Ավետիսի հետ կլինենք Գեղարվեստի ակադեմիայում, կհյուրընկալենք ճարտարապետության ֆակուլտետի մասնագետներին, փառատոնի պատրաստության վիճակի արձանագրման այցեր կկատարենք Մադինա, Եղեգիս, Արատես… Գետամեջ… Հրավիրեք, զանգեք, արձագանքեք փառատոնի փաթեթին ծանոթանալուց հետո, և Դուք անարձագանք չեք մնա:
Իսկ քոլեջի աշխատանքային խմբի հետ երեկվա մեր աշխատանքը պիտի որ խթանի մեր նոր կացարանի ստեղծումը. կկարողանա՞նք վերնատան բացումը հասցնել հուլիսին, այնպես որ այն ընդունի քանդակագործության և ճարտարապետության միջազգային փառատոնի քանդակագործ մասնակիցներին…
Իմ օրը Թորամանյանի մեծարումով է՝ որպես քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի հեղինակավոր խոսք։
«Ահա վեր է կացել հայ ճարտարապետ պ. Թորամանյանը, ցույց է տալիս Եվրոպային ու ամբողջ աշխարհին, թե գոյություն է ունեցել հայկական ինքնուրույն ճարտարապետություն, և հայկական ինքնուրույն ճարտարապետությունը ազդել է թե՛ հարևան և թե՛ հեռավոր ազգերի ճարտարապետությունների վրա, ստիպում է ազգերի արվեստների պատմության մեջ նոր գլուխ բաց անել «հայոց ճարտարապետությունը» վերնագրով»։
Հ. Թումանյան
Գետը բնակավայրում
«Գետը բնակավայրում» նախագիծը փառատոնային նկատի ունի բնակավայրի բնակչի՝ մարդու վերաբերմունքի փոփոխությունը, նոր վերաբերմունքի ձևավորումը բնակավայրով անցնող գետի, ուշադիր՝ գետի վտակի, ջրանցքի, առվի նկատմամբ… Երևանցիների համար գետը Հրազդանն է՝ իր ջրանցքներով, Երևան մեծ համայնքի բնակավայրերով անցնող Զանգուն… Բանգլադեշի՝ Հրազդանի աջ ափով հարավ-արևմուտք փռված բնակավայրի համար «Գետը բնակավայրում»-ը ջրանցքներն են՝ Հրազդանից սկիզբ առնող, մեր բանգլադեշի դաշտերում ջրանցքից սնվող առուներ-ջրագծեր դարձող… Սա Սևանա լճի նկատմամբ նոր վերաբերմունքի՝ ոռոգման խնայող համակարգի ներդրում է, որտեղ ջրի հաշվառումը գնում է դույլերով… կաթիլներով… Անցե՛ք Հրազդանից սկիզբ առնող Արարատյան ջրանցքով ու քայլեք մինչև վերջ, իր բոլոր ճյուղավորումներով…
Իսկ Իջևանում նկարիչ-քանդակագործները, մարզպետարանի աշխատողները պատրաստվում են քանդակագործության և ճարտարապետության 2019-ի անդրանիկ-ամենամյա փառատոնի իջևանյան հարթակին՝ «Իջևանի ծառն ու գետը՝ նախագծեր» անվանումը սկսում է աշխատեցնել, նկարիչ-ճարտարապետ-դիզայներ-փայտագործ-մետաղագործ-քանդակագործ ձեռքերը սկսո՞ւմ են քոր գալ, միտքը սրվի, վերաբերմունք՝ դեպի գետ ու ծառ, պուրակ, կամուրջներ, գետափնյա կենցաղ, նոր գեղագիտություն դառնան… Իսկ 2019-ի աշնանը կրթահամալիրի կազմակերպած, Վիգեն Ավետիսի բերած Իտալիայի գործընկերությամբ՝ իջևանյան բրենդ եղած ու մնացած (մարզպետ Հայկ Չոբանյանի ձևակերպումն է) 1985-1992 թթ Իջևանյան փառատոնի վերածնունդը կլինի… Ոգևորված-գործունյա մարզպետին մենք մենակ չենք թողնի՝ սա մասնակցային պետության մեր հավատամքն է…
Հունիս-հուլիսյան քանդակագործության-ճարտարապետության բաց փառատոնը չենք ուզում՝ շրջանցի Իջևանը․․․ Հայտնի նկարիչ-արվեստաբան Սարո Սարուխանյանի կազմակերպած 1985-1992թթ քանդակագործության ամենամյա փառատոնը Իջևանում՝ իր թողած հետքերով՝ քանդակների հայտնի պուրակով, որի վերականգնման համար պետք եղավ ևս մի փառատոն։ 2013-ին էր դա, ու մասնակցեց նաև կրթահամալիրի Գեղարվեստը՝ Լուսինե Մանուկյանի, Արման Գրիգորյանի, Հերիքնազ Գալստյանի, Սոֆյա Այվազյանի՝ ավագ դպրոցի սովորողների նախագծային խմբով, այնքան տպավորիչ էր, իր հետքերով․․․ Իջևանի Անկախության փողոցի երկայնքով, մարզադպրոցի պատին իր ներկայանալիությունը չկորցրած գունանկարներով․․․ Ամեն մեկը՝ մի-մի պատմություն․․․ Սարո Սարուխանյանի նշանավոր նախագծով ստեղծված, մեր սովորողների շոշափելի մասնակցությամբ վերականգնված քանդակների պուրակով քանդակ առ քանդակ Սմբատ Պետրոսյանի ու Քնարիկ Ներսիսյանի ֆոտոօբյեկտիվով անցնում ենք․․․
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցը, նրա նախաձեռնած քանդակագործության և ճարտարապետության հունիս-հուլիսյան ամենամյա բաց փառատոնը հաջորդ այդպիսի փոխանցման-փոխկապակցության ցանցային կազմակերպումն է, և տեխնոլոգ-նկարիչների մասնագիտական խումբը՝ Կարինե Մացակյան ու ընկերներ, ինքնավստահության բերած ողջ թափով ու գրավչությամբ պիտի հանդես գա: Վիգեն Ավետիսի, Արմինե Թոփչյանի, Նունե Խաչիկօղլյանի հետ այսօրվա մեր այցը Իջևան Վիգենի Իտալիա այցելելության պատրաստությամբ է թելադրված… Վիգենը՝ մի շրջան Ֆլորենցիայում, մեր գործընկեր իտալական կողմի հետ, մենք՝ Հայաստանում… իրական ենք դարձնում այս միջազգային բաց կրթական-մշակութային ցանցի գոյությունը։
Օրեր առաջ մեր մանկավարժության էսկադրիլիան՝ դրոնը, ջախջախվեց Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ծրագրով փորձարկումների ժամանակ… Տարբեր վարկածներ են շրջում… Հակառակորդ-հակահեղափոխականը ձեռքերը ծալած չի նստել և այս ձևով փորձում է միջազգային ամենամյա իրարանցման դեմն առնել, թույլ չտալ նրա մուտքը կրթահամալիրի Բանգլադեշ, հնարավոր բոլոր զարգացումներով… Սադրանք է՝ հայ-ադրբեջանական հաշտեցումը տարիներով հետ շպրտելուն ուղղված… Հայաստանի զինված ուժերը, գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը նման դիվերսիա չեն հանդուրժի, արժանի հակահարված կհասցնեն… Սեբաստացի TV-ի ղեկավար Անի Սարգսյանը պահանջում է տիարից անհապաղ փոխհատուցում որակյալ նոր ֆոտոխցիկի տեսքով…
Մարթայի գրանցած այս արտակարգ պատահարը, սկզբում ոնց որ երեկ իրիկվա շների երախ՝ սարսափ առաջացրեց, հետո… Ժպիտ… Լավ գովազդ է, Մարթա ջան, Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնը մեր, տեսեք, ինչ ընթացքի մեջ է… Դրոնով նկարահանումներ են անում Հրազդանի կիրճում, Հաղթանակի կամրջի մոտ… Մեկ էլ դրոնը կորցնում է արբանյակի հետ կապը, կտրվում է հեռակառավարման վահանակի կապը դրոնի հետ, բախվում կամրջին… Մեկ է, հաղթանակ է սա, հաղթական ընթացք։ Դրոնը և՛ կնորոգենք, և՛ նորը՝ ավելի պաշտպանվածը, ձեռք կբերենք. ուսումնական գործիք է, կարևորը՝ որ ամառ-ձմեռ գործածվի, սովորողի ձեռքին լինի…
Մարիետ Սիմոնյանի խելացի-անաղմուկ-առաջնորդությամբ մանկավարժական ակումբը ցանցային բաց կազմակերպման ու դրանով մեր մանկավարժության տարածման-փոխանցման-մանկավարժական բաց հաղորդակցության հաստատման շրջան է մտնում… Հանգույցներում այսպիսի հեղինակային կոմունիկացիան՝ ակումբը կլինի գրական, հայրենագիտական-ծիսական, մարզական, երաժշտական ակումբը-համույթը-երգչախումբը կլինի, սովորողների-ուսուցիչների նախաձեռնությունը, թե փառատոնը, ստուգատեսը, ճամբարը, բոլորը առաջացնում են մանկավարժության համար նոր հուն՝ քչքչան, ինչպես անցած շաբաթ զարմանքով-հիացմունքով դեպի Արատես մեր ճանապարհին տեսանք-բացահայտեցինք Արգիճի գետի ստեղծումը Վարդենյաց լեռնացքով… Եվ հասկանալի է, ընթերցող, մայիսյան ստեղծագործական հավաքի մասնակից, որ ինչպես քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց փառատոնի համակարգողներ Քնարիկ Ներսիսյանի՝ հիմա Հայաստանում, Վիգեն Ավետիս քանդակագործի՝ հիմա Իտալիայում, փառատոնի կազմակերպիչ կրթահամալիրի, այնպես էլ Բլեյան կրթական ցանցի ու հանգույց քանդակի դպրոցի համաձայնությամբ-կապերով, գործուն-մշտական ցանցային է դառնում փառատոնի կազմակերպումը… որպես հուն, որով գեղեցիկը արվեստով-արհեստով կհոսի ու զուլալ-ազդեցիկ կդարձնի գետերը մեր բնակավայրերում, այնքան ու այնպես, որ ժամանակի մեջ, փառատոնային շարունակական, ամենամյա լիցքերով մեր բնակավայրերում տեսանելի բնապատկերներով կներկայանա մարդու կողմից այլասերված բնությունը… Ու մենք կտեսնենք գետակի ափի մանուկին, կլսենք նրա ու պաղ ջրիկի խոսակցությունը Թումանյանի զարմանալի հորինվածքի պես…
- Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
Բաց հավաքը խոսքեր-հնարավորություն հռչակում չէ… Այսպես, ինչպես Մադինայի՝ կրկին մեր հերոսը դարձած, նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանի աղջիկ Լիլիթը, Արտհաուս-ի հիմնադիր տնօրենը, վստահ մտավ մեր աշխարհ ու… մնաց… Ասում է՝
– Վե՛րջ, ես որքա՛ն ժամանակ է՝ մեր այս հանդիպմանն էի սպասում… Ես մեկնում եմ վաղը Մադինա, իմ հայրիկի արվեստանոց-կենտրոնը մեր հունիսյան փառատոնին պատրաստելու համար…
Արգիճի գետն ու Արմաղան սարը, հովիտի-լանջերի բնակավայրերով- մարդկանցով, դառնում են ճարտարապետության և քանդակագործության միջազգային փառատոնի հարթակ… Հարկ եղավ խիտ օրվա վերջում փառատոնի ծրագրում կատարել լրացում, խորհրդակցել Վիգեն Ավետիսի հետ…
– Գեղեցիկը, վարակի պես պիտի տարածվի…,- եղավ Ֆլորենցիայում ավարտված փառատոնով ավելի հայտնի դարձած մեր Վիգենի պատասխանը…
Մադինայում, պատմել ենք-պատմում ենք-կպատմենք դեռ, մենք մեր հարգանքը Արգիճի-Արմաղանի պայծառ ծնունդին՝ նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանին, հայտնում ենք՝ նրա ժառանգներին-սաներին հրավիրելով մուտք գործել Բլեյան կրթական բաց ցանց, դառնալով քանդակագործության-ճարտարապետության միջազգային բաց փառատոնի՝ Արգիճիի հարթակում գործող հանգույց, Արմաղանի աստվածատուր մշտական աջակցությունը վայելելով…
Փառատոնային հանգույց-հարթակներ, վստահ եմ, Արատեսից, Իջևանի Աղստևից բացի, կարող են ստեղծվել Եղեգիսի կիրճում, Եղեգիս գետի երկայնքով մինչև Արփա, Արփա գետի վրայով մինչև Արաքս, Ամբերդ գետի հունով մինչև Քասաղ, Քասաղի հունով մինչև… Փառատոնի նախաձեռնող, Վիգեն Ավետիս քանդակի դպրոցիղեկավար ու փառատոնի համակարգող Վիգեն Ավետիսի գործունեությանն այս օրերին, Ֆլորենցիայի միջազգային փառատոնում, հետևում ենք, լավ օրինակ է… Կեցցե՛ս, Վիգեն Ավետիս… Մեր կրթական ցանցով, Վիգեն Ավետիսի գցած փառատոնային խողովակով գեղեցիկը պիտի ողողի-մաքրի մեր գետերը-հուները-շեները… Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից:
Ակտիվ դիրքավորվելու ժամանակի մասին է իմ գիրը…
Սևանի, Արատեսի փառատոնային հարթակներ
Ամառային մե՜ծ ճամփորդության ժամանակն է՝ նախահունիսյան պատրաստության այս շրջանով ու ամենասեբաստացիական հունիսով՝ իր ուսումնական բազմազան ճամբարներով՝ բանգլադեշյան, Արատեսի ու Սևանի «Ժայռի» վրանային, փառատոնային-ստեղծագործական հարթակներով… Ճամփորդի ձեր ուսապարկը հավաքեք՝ քնապարկով անհատական, արշավախմբային-դաշտային կենսագործունեության պիտույքներով… Մնացածը, ինչ ընդհանուր է, դուք կունենաք մեր բոլոր ճամբարներում, ստեղծագործական հավաքներում, ուսումնական հայրենագիտական ճամփորդություններում… Հարմար շորտ, կոշիկ, լողազգեստ, որ պետք են ամենուր, պլանշետ-այֆոն-լիցքավորիչ՝ խուրջինի մի անկյունում, ջրամանի ու աղբի տոպրակների հետ…
Սա էլ իմացեք։ Երեկ մեզ այցելել էր «Ժայռի» ղեկավար Ալեքսան Մինասյանը, և կարևոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ արտագնա մեր դաշտային բոլոր ճամբարներում՝ «Ժայռում», Արատեսում, Մադինայում, երիտասարդ կամավորական սերժանտներ կընդգրկվեն՝ ղեկավարելու ռազմամարզական գործունեությունը ճամբարականների։ Այդպիսի կամավորների՝ երիտասարդ-ուսանող նկարիչ-քանդակագործների ընդգրկումը նաև քանդակագործության-ճարտարապետության փառատոնային ճամբարի մեր օրակարգում է։ Կամավորներ պետք կլինեն նաև ճամբարականների բնապահպանական գուրծունեությունը ղեկավարելու համար։ Դարձրե՛ք իմ առաջարկը հայտարարություններ ու տարածեք՝ արձագանքելով իմ գրին։
Երեկ մենք ունեցանք Արտակարգ իրավիճակների նախարարության կոնկրետ հաստատումը. 30 տեղանոց և 10 տեղանոց վրաններն Արատեսի, Սևանի «Ժայռ» գոտու, Մադինայի մեր դաշտային ճամբարներում տեղադրված կլինեն առաջիկա երկուշաբթի… Հունիսի 5-ին սեբաստացի բաց ջոկատները, նախագծային խմբերը կկարողանան շրջակա միջավայրի պաշտպանության օրը դարձնել ամառային ուսումնական ճամբարների սկիզբ… որպես բնության գրկում դպրոցներ՝ հայրենագիտական, բնապահպանական, ռազմա-մարզական, ընթերցողական, փառատոնային բաղադրիչներով…
Աշխատանքային էր շաբաթ օրը և Սևանի «Ժայռ»-ում. Միքայել Ղազարյանի ու Գևորգ Հակոբյանի նախաձեռնությանը միացան Արմանը Երանոսյան, Գևորգը Ստեփանյան, Անդրանիկը մեր նոր մարմնամարզիկ․․․ Ես ու Միքայելը շարունակ կարևոր կապի մեջ էինք փառատոնային-ճամբարային հարթակների կարգի բերելը, որպես ուսումնական գրավիչ գործունեության ֆիզիկական հարմար միջավայրեր, հասցնելու նպատակով։ Ողջ ճանապարհն օգտագործեցի ոչ միայն հայրենաճանաչության, հայրենիի հետ կապի-կարոտն առնելու, հիացումի համար, այլև փառատոնի, ուսումնական ճամբարների, նախաձեռնությունների, ծրագրերի կազմակերպում, կիսատ-պռատի, մարդկային քննարկումների վրա, ինչի ժամանակը, ցայտնոտի մեջ ենք, ցավոք, աշխատանքում, ու Երևանում, աշխատանքային եռքում, չենք ունենում․․․ Մադինայի փառատոնի-ճամբարի նոր հարթակը տարբեր, բայց ոչ պակաս անկրկնելի գրավիչ է, որքան Արատեսի-Սևանի հարթակը․․․
Նկարիչ-մանկավարժ Ներսես Կարապետյանի՝ աշխարհի իր անկյունում, Արգիճիի ձախակողմյան ափին, Ներսեսի աղջիկ Լիլիթը, ոգևորված փառատոնով, հոր կյանքին ու գործունեությանն արժանի, Ներսեսի սաների՝ այսօր հասուն մարդկանց, փառատոնի մեր շահառու-աջակիցների խանդավառ հավաք էր կազմակերպել։
Իսկ ճանապարհը, որ օրեր հետո՝ հունիսից սկսած կանցնի Սևանի «Ժայռ»-ում դադարով, Արտանիշի ափից շուրջսևանյան, թե նավային անցումով, Նորատուս-Մարտունու ափ, Ներքին-Վերին Գետաշենով, շատերին անճանաչ հայրենիով, Արգիճիի հովիտով Մադինա, դադարով ճամբարային, Լեռնահովիտով, Վարդենյաց լեռնանցքով, Սելիմի քարավանատնով, Քարագլխի ձորով Եղեգիսի կիրճ, Եղեգիս գետի հակառակ ընթացքով մինչև Արատես, նրա ճամբարով․․․ իմ խոստումն է, որ տվել եմ 1990-ին «Որն է մեր ճանապարհը» խորագրով ժողովածուի առաջաբանում։ Մեջ եմ բերում ֆինալը առաջաբանի. «…տեսնո՞ւմ եք այս անծայրածիր, բերրի ու հեքիաթային հողը, որը, ավա՛ղ, վատ է մշակվում։ Տերն ու մշակը եղեք այս բեղուն հողի, տեսնո՞ւմ եք ահա այս անեզր, երկնքին ձուլված օվկիանը՝ Սևանը, որքա՛ն վատ է յուրացված այն, հաշտվենք նրա հետ ու որպես Ոսկե ձկնիկ ապրենք… «Եվ երբ այդպես է, աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով… Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծություն է ներկայացնում եւ արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արեւն է ինքը եւ իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։ Արևի նման նայեցեք աշխարհին»։ Ավելի բախտավոր եղեք, ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել։ Սամվել, Լիլիթ, լսո՞ւմ եք»։ Լիլիթը իմ ավագ դուստր, 1990-ի սեբաստացի օրիորդիկն է, Սամվելը Իվանյան՝ իր դասընկերը, մեր Լևոնի որդին։ Այսպես եղավ, մեղավոր եմ․ մե՜ծ դադար եղավ․.. Կանցնի կրթահամալիրի Միջին դպրոց տեղափոխված Սոնան՝ Լիլիթի կրտսեր աղջիկն իր ընկերների հետ, այս ամառ ու հետո, իր հետևից՝ հարյուրները, սեբաստացի, ոչ սեբաստացի․․․ Դուք տեսնում եք իմ ջանքերը օրագրով. ես սրա համար նաև շաբաթ-կիրակի, տոնական օրերն օգտագործելով իմ ընկերների հետ, անհօգնել ջանում եմ։ Շնորհակալ եմ նախագծային խմբին երեկվա ծավալուն-խիտ-գործընկերության համար․․․ Սմբատ Պետրոսյան, Քնարիկ Ներսիսյան, Ալիս Գևորգյան և Անդրանիկ Մանուչարյան, տպավորված եմ։ Ճանապարհին մեր քննարկման կարևոր ձեռքբերում եմ համարում քանդակագործության-ճարտարապետության ամենամյա բաց փառատոնի անվան-բովանդակության լրացումը շրջակա միջավայրով։ Խնդրում եմ նորից անցեք փառատոնի ծրագրով, բայց այսպիսի ճամբարային-նախագծային կազմակերպմամբ, սազական-ամբողջական վերնագրով։
Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի մասնակից Ջավախքի նախագծային խմբին, իհարկե, հատուկ ենք մոտենում։ Մեր Արման Երանոսյան «կապավորը» հիշեցնում է, որ «խումբը, որ կազմված է Ջավախքի տարբեր բնակավայրերի նկարիչ պատանիներից և երիտասարդներից, իր նախագծի հարթակ է ընտրել Սևանի «Ժայռ» ռազմամարզական-արշավային ճամբարը»։ Պարզ է, որ «Ժայռում» նրանց ընդունողը Մացակյան Կարինեն, Ալիս Գևորգյանն ու նրանց ընկեր նկարիչ-տեխնոլոգ պատանիներն են, Թերլեմեզյանի անվան քոլեջի՝ փառատոնի մասնակից քանդակագործ ուսանողների հետ։ Նրանք հունիսի 13-ից ստեղծագործելու են Սևանի ափին, ստեղծագործությունները ներկայացնեն «Ժայռ» ճամբարի առափնյա հատվածում հունիսի 16-ին: Վայելք քառօրյա…
«Ժայռ» ուսումնական վրանային ճամբարը Երևան-Դիլիջան խճուղուց՝ խճուղու «Դիլիջան-Ճամբարակ» ցուցանակից, 18 կմ հեռավորության վրա է։ Բանգլադեշից հասնելը, վերադառնալը, որ Սևանա լճի, Հրազդանի ավազանի-հովտի, Սևան-Հրազդան կասկադի համար լինի առավելագույն ճանաչողական-հետազոտական, նախագիծը մշակելը-իրականացնելն ավելի կարևոր են, քան վեճը՝ ճամբարի եռօրյա-հնգօրյա-տասնօրյայի մասին…
Էլի առավել կարևոր բան ասեմ՝ հարգանքով մասնակցելով կարգի քննարկմանը. դա ճամբարում՝ «Ժայռի» հատվածով-լճի երկայնքով, Սևանի բնապահպանական-շրջակա միջավայրի հետազոտումն ու գործնական ուսումնական աշխատանքների ծավալումն է ճամբարականների միջոցով… շարունակական… Այս աշխատանքի շարունակությունը շրջակա միջավայրի հայրենագիտությունն է, որ նորմալ հարցադրման անգամ բերված չէ, էլ ո՛ւր մնաց ուսումնասիրության պլանի՝ տարատարիք սովորողների համար… Սրան ավելացրեք երրորդ ուղղությունը՝ ռազմամարզականը, արտակարգ իրավիճակում գործելու հմտությունների յուրացումը, ճամբարային-վրանային կազմակերպման հմտությունները, չորրրորդ-հինգերորդը՝ ընթերցողական, ճամբարային-բանավեճային ակումբների, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի ծրագրով լճի ափին-շրջակայքում քանդակագործական-նկարչական, այդ թվում՝ լուսանկարչական գործունեությունը, էլ չեմ ասում՝ պարզապես-ը, ինքն իր համար-ը՝ մենակ, կամ իր ընտրած խմբերով… Ավելի օգտակար կլինի՝ այս շաբաթ ուսուցիչները մեր, ներգրավելով այլ մասնագետների, ուսումնական ճամբարի նշած ու բաց թողած (երբեք չես սպառի) գործունեության մշակումներով, ուղեցույցներով զբաղվեն… Իսկ իր ուսումնական կամավոր-պարտադիր ճամբարային ժամանակը ուսուցիչը մեր կարող է հավաքել երկու-երեք ճամբարներում, ճամբարային հերթափոխներում, ինչպես ուսումնական ծանրաբեռնվածությունը օրացուցային. հո մի դասարանի հետ չի՞ աշխատում ուսուցիչը… Հիմա՝ այս շաբաթ, կարևոր է կապել-կապվել ճամբարներին մեր, Արատեսում և Սևանում, ստեղծել որևէ ժամանակացույցով ճամբարային խմբեր… Իմ շաբաթ-կիրակի աշխատանքային այցերը սրա համար համոզում փոխանցելուն էր ուղղված…
Ճամբարական սովորողն էլ իր ճամբարային հունիս-հուլիսը կարող է անցկացնել, ասենք, Սևանի «Ժայռում», իսկ օգոստոսի իր հերթափոխը՝ Արատեսում… կամ հակառակը։ Հուլիսին ճամբարական խմբերին կմիանան Երևանում իրենց արձակուրդը անցկացնող մեր հայրենակիցները. հաստատ Փարիզի մեր գործընկերները կուզենան լինել և՛ Սևանում, և՛ Արատեսում… Ճամբարային խմբեր-ջոկատներ կհավաքվեն մարզական, լրացուցիչ կրթության, ակումբային, փառատոնային գործունեության շուրջ՝ սեբաստացի սովորող-ուսուցիչների հետ ներգրավելով մեր գործընկերներին, հարազատներին, ընկերներին Հայաստանով մեկ, Հայաստանից դուրս… Կրկնում եմ՝ գլխավորը այս շրջանում ճամբարի հետ կապվելն է, ժամանակացույցի-հերթափոխի իր մասնակցության որոշումով…
Արատեսի դպրական կենտրոնը մեր աչքի առաջ, մեր մասնակցությամբ հետևողական մայիսին կդառնա և քանդակագործության-ճարտարապետության միջազգային փառատոնի և ռազմամարզական ճամբարի հարմար միջավայր: Այս ամառվա հանրակրթական կամուրջը հայրենագետի կապահովի Արատես-Վարդենյաց լեռնանցքով Սևանի շուրջ, Գետիկ գետի հովիտով Աղստև-Իջևան անցումը՝ մի կողմից, մյուս կողմից՝ Արատեսից Հերհեր-Վայքի Զառիթափ-Մարտիրոս-Բարձրունի անցումը…
Արատեսն այսօր էլ պատրաստ է, բայց մեր գծագրումներով, դրանց իրագործումով լրիվ պատրաստ կլինի հունիսից սկսվող ամառային-աշնանային ճամբարային-փառատոնային-արշավախմբային միջազգային բաց հավաքներին… Այս հաստատման համար էինք եկել, ու այն տեսանելի էր, ինչպես օրը ողջ՝ հայելու մեջ, ինչպես մենք՝ իրար հոգու ու բնության հայելային անդրադարձումների մեջ…
Միտքը, որ չկար, որ ճամփորդական մեր հայելիով հայտնվեց ու հավաստի դարձավ՝ Արատես տանող ճանապարհը քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի հարթակը կլինի՝ իր բազում բնապատկերներով, որոնցից յուրաքանչյուրը մնաց մեր ֆոտոօբյեկտիվներից մեկի հայելիում… Ոչ միայն կտեսնեք։ Կհանդիպենք։ Առջևում նախափառատոնային մայիսն է։
Ես հաճույքով եմ քայլում, ինչքան ուզես, հատկապես ավելի ու ավելի հետաքրքիր են պատանիների հետ անցումները, իրար ու հայրենիի բացահայտումները… Սկսենք հավաքել ճամփորդի ճամբարային ուսապարկը…
Ջուլիի-Ալինայի-Սմբատի առաջնորդությամբ պատանի սեբաստացիների խմբին այսօր Մարթա Ասատրյանը, ես ու նորածին Մարտինի հայրիկ Միքայել Ղազարյանը կճանապահենք Արատես մեր: Կրթահամալիրի ռազմամարզական ճամբարի գոտում վրանային բանակումի պատրաստության աշխատանքներին պատանիները մեր գործուն մասնակցություն կունենան։ Հունիսի 1-ին Արատեսում և Սևանի «Ժայռ»-ում հանդիսավոր կմեկնարկեն սեբաստացիական ռազմամարզական ճամբարները մեր՝ լողով, արշավներով հայրենագիտական, մագլցումով շրջակա գագաթներ, ռազմամարզական խաղերով, հնգամարտի պարապմունքներով, բաց նաև ոչ սեբաստացիների համար․․․
Շաբաթ օրը պատանի սեբաստացիների մի այլ խումբ մեկնում է Ջավախք, Վաչիանի մեր գործընկեր, նշանավոր Նասլեդի նախաձեռնած «Մշակութային կամուրջ» փառատոնին մասնակցելու, Ջավախքի մանկավարժներին-սովորողներին մեր մայիսի-հունիսի օրացույցով ստեղծագործական հավաքներին, ստուգատես-փառատոներին, ճամբարներին մասնակից դարձնելու։
Մայիսի 8-ին, հաստատված ավանդույթով Ավագ դպրոցի մի այլ խումբ պատանիներ ազատ Շուշիում կլինեն, իրենց հասակակիցների հետ, եռօրյա արշավով Արցախով կթարմացնեն մեր ուսումնահայրենագիտական կապերը․․․
Ավագ դպրոց մուտքի երկու նոր ճամբարի կազմակերպումն ընթացքի մեջ է… Երևանի պետական համալսարանի հետ՝ հայագիտության 9-11-րդ դասարանների սովորողների ընտրության, որ նվիրում ենք մեր մայր բուհ համալսարանի 100-ամյակին ու կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորման 30-ամյակին… Մյուսը՝ քանդակագործություն, ճարտարապետություն շրջակա միջավայրի, որ հուլիսի 3-ից կսկսի գործել փառատոնի նախագծային հարթակներում՝ Երևանում, կավե-քարե քանդակների հարսանիքով, Գեղարվեստի ակադեմիայի գործընկերությամբ, ծաղկող Արատեսում՝ ճարտարապետության ազգային համալսարանի գործընկերությամբ… Սրանից գրավիչ, փաստարկված ընտրությո՞ւն սովորողի, մանկավարժության, ծրագրի…
Իսկական հարսանիք։ Ժողովրդական օպերա
Որքան էլ որպես հայտնի ամենահաս Տիար՝ հեծանվով, մարզական քայլքով, փորձեցի լեցուն հավաքի խիտ ամփոփիչ օրվա հարթակներն իմ հուշաթերթ-ուղեցույց բերել, ամեն ինչ չէ, որ եղավ… Թույլ տվեք իմ գիրը-պատումը շարունակել որպես Նունե Մովսիսյանի, Քնարիկ Ներսիսյանի, կրթահամալիրի դպրոցների-քոլեջի-ուսումնական կենտրոնների ղեկավարների՝ այսօրվա «Սեբաստիա» սրահում 14։00-15։00 ներկայացումների լրացում… որպես մայիսյան հավաքով հաստատված մեր մանկավարժության ինվարիանտներ…
1.Մեր ուսումնական աշխատանքի հեղինակը լինելով, մեր՝ ստեղծագործ յուրաքանչյուրիս, ստեղծական հավաքանու ազատ գործելով, հիմա նաև ցանցային կազմակերպմամբ՝ առանց սահմանների արձագանքելը, ձեռքբերումները փոխանցելը կարգապահ, օրվա, ամսվա, տարվա օրացույցով, կլինեն ամեն անգամ, երբ լինեն ճամբարներ, թե քանդակագործության, ճարտարապետության միջազգային փառատոն ամենամյա…
2.Ահա ինչու՝ ինձ արտագնա հիացրեց փառատոնի ծրագրում Սուսան Մարկոսյանի՝ «Հունիսի 1-9՝«Իսկական հարսանիք. ազգային օպերա» նախագծեր» հավելումը… Լսեցի՞ք-տեսա՞ք… Ճամբարում մեր փառատոնի ծրագրով ազգագրության հարսանիք կլինի…
Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք
Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն։
Ու հնամյա աշխարհում մենք բախտավոր կլինենք,
Կապուտաչյա՜ սիրուհի՛ս, դրախտայի՜ն իմ թռչուն։
Չարենց
Ոգևորում է «Իսկական հարսանիք կրթահամալիրում» նախագծի հաստատումը ուսումնական օրացույցով, հունիսի 7-ին, Արևելքից մեր Սմբատ Պետրոսյանի՝ Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար-մաթեմատիկայի ուսուցչի, և Հյուսիսից հարսնացու՝ դասվար Սեդա (իմ սիրելի Սիդոնյա) Վիրաբյանի, Մարմարյա սրահով-սկսած, Արատեսի ծիսական կենտրոնում, որպես քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց ամենամյա՝ անդրանիկ փառատոնի պսակ, հունիսյան դաշտային ժողովրդական օպերաների կուտակում-ցնծություն․․․ Ընթերցող, գիշերվա ժամը երկուսին՝ Արատես իմ մեկնումից ժամեր առաջ, ես ինչպե՞ս քեզ ոգևորություն-ջանք փոխանցեմ այսպիսի ուրախության պատրաստության համար․․․ Սկսեցինք՝ «легко и изящно», ինչպես ասում է Դավիթ Բլեյանը։
Հարսանյաց ծեսը փառատոնային ճամբարային հարթակներում Արևելք-Հյուսիս ճառագայթով, օրեր-օրեր նախահարսանիքային շրջանում, հարսանյաց ուրբաթը՝ իր հարսանիքավոր Արևի ու Լուսնի առաջնորդությամբ հարս ու փեսայի ծնողների, հարազատների, խնամիների, սովորող-ուսուցիչ սեբաստացիների թափորի Արևելք-Հյուսիս-Մայր դպրոց անցումով, Մարմարյա սրահ-հարսանքատան ուրախությամբ. հայտնված ծիսական միջավայրում՝ անսովորությունից այսպիսի… հարսանեկան-ծիսական միջավայրի ազդեցությունից խոցված-շփոթված էի… Ասենք՝ շնորհավոր…
Մի խմբով մենք հարսին-փեսային իրենց հարազատներով կուղեկցենք Արատես՝ Սմբատի աշխատավայրը ներկայացնելու, Արատեսը, որպես «Դպրոց-բնության գրկում» հաջորդ շաբաթվան նախապատրաստելու համար։
Ովքեր կուզենան Արատեսում Սմբատին ու Սիդոնյային շնորհավորել, համեցեք. վաղը այնտեղ ենք աշխատում։
Հունիսի վերջին երեկոներից մեկը Աշտարակի Պերճ Պռոշյանի թանգարանում իսկական հարսանիքով կամուսնանա սիրիահայ մի զույգ… Հարսանյաց ծեսի ցանցային տարածման մեկնարկը կտրվի, փառատոնի «Իսկական հարսանիք. ժողովրդական օպերա» նախագծի հարթակ կդառնա Աշտարակը՝ իր ազգագրական միջավայրով, ժողովրդական տներով…
Ամբողջ հունիս-հուլիսը… մինչև Սեյրան Ավագյանի ծննդյան օրը՝ 27-ը հուլիսի, որ Սեյրանի մաեստրո-ընկեր Հարություն Թոփիկյանի նախաձեռնությամբ կրթահամալիրում՝ Մարմարյա սրահում տոնելու ենք որպես Սեյրանի օր, մենք գործում-ապրում ենք ճամբարային կյանքով… Ու իմ շուրջ կատարվող դեռ անշարժ մնացածին ես նայում եմ ճամբարային այս իրողության-իրականության զարգացման-կենդանացման մեջ…
Բանգլադեշը 100 սովորողի աչքերով
«Շաբաթը Ռոբերտո Ռավալիի հետ» քրոնիկոն-ամփոփումից հետո Ռոբերտոյի հետ շրջայցով անցանք կրթահամալիրի Մայր դպրոցից Արևելքով Գեղարվեստ։ Ռոբերտոն մեզ չէր սիրաշահում, երբ Կրթական պարտեզի կրթական կասկադը ճանաչելուց հետո հայտարարեց, որ այսպիսի խիզախ, ինքնավար-մասնակցային-շարունակական-հետևողական լուծումների ինքը չէր հանդիպել:
Իսկ Հյուսիսում՝ Ռոբերտոյի կացարան դարձած «Գեղարվեստի հարթակ» ակումբում ինձ, Ռոբերտոյին ու Վիգեն Ավետիսին անհամբեր սպասում էր 5-րդցի Սոնա Սարգսյանը իր նոթբուքում՝ էկրանին, իր ձևավորած, նոր հագուստը՝ կարած-հագցրած Կրթական պարտեզ բնակելի արվարձանի Րաֆֆու 47, 48 հասցեով շենքերին… Ա՛յ քեզ ինքնազարգացող-ինքնավար մասնակցային նախագիծ… Սկսել ենք ընդամենը օրեր առաջ, իտալացի մեր գործընկերոջ մասնագիտական աջակցությամբ, ու տեսեք՝ սկսել է համակել սեբաստացի սովորողներին… Իսկ նրանք շատ են ու շատանալու են… յուրաքանչյուրն իր ազատ ընտրությամբ, իր թվային միջոցով, շենքի բնակիչներին մասնակից դարձնելով հունիսին օրացույցում մեր սկիզբ-առնող հայ-իտալական քանդակագործության-ճարտարապետության ու շրջակա միջավայրի դիզայնի բաց փառատոնին…
Արևելքից հեծանվային անցումի ճանապարհին է թիվ 181 հիմնական դպրոցը, ու մուտքի դեմ՝ շոգի տակ, ասֆալտին խռնված ծնողների մեծ բազմություն… Իմ ետևում մնացած դպրոց-պարտեզներում տեսարանները աչքիս առաջ են. մեր չորրորդցիները՝ ինքնավստահ, իրենց նոթբուք աշխատանքային գործիքներով, ուսումնական կարողությունների ինքնաստուգման խնամված-անկաշկանդ միջավայրում, իսկ մի քանի ծնողներ՝ սուրճի-թխվածքի սեղանի շուրջ, իսկական հարազատություն, դիմացները՝ ծովում լողացող, կանաչի ու ճամբարային աշխույժի մեջ կորած տարատարիք սեբաստացիներ… Սա ձեռքբերում է մեր մանկավարժության 30 տարով, բաց-հասանելի յուրաքանչյուրին, ու իմ-մեր գործն է, հիմա էլ անուն ենք գտել-հորինել, փրկամիջոց որպես, ցանցային պիտի տարածվի… Ես՝ քաղաքապետարանում երեկ, այսօր՝ կառավարության աշխատակազմում, շրջակա միջավայրի օրվան նվիրված, հունիսյան կլոր սեղաններին, փառատոնային-ճամբարային հարթակներում պիտի տարածենք… Իսկ ո՞ւր են վերցնող-փոխանցող քաղաքապետը, ավագանին, մանկապարտեզի վարիչը, ծնողական խումբը, լրագրողը, հասարակական կազմակերպությունը…
Շրջակա միջավայրի նկատմամբ մեր ներառական վերաբերմունքը կարևորեցինք նաև փառատոնով մեր՝ ուսումնական-ստեղծագործական, նախագծային, բազմահարթակ ու բաց՝ մասնակցային կազմակերպմամբ… Շրջակա միջավայրի միջազգային օրը հունիսյան օրացույցում մեր իր նվաճած տեղով դառնում է նաև սեբաստացիական բազմաբնույթ ուսումնական ճամբարների ստուգատես՝ կրթահամալիրի բանգլադեշում, Արատեսում, Սևանի «Ժայռում», Մադինայում…
2019-ի մայիսյան ստեղծագործական հավաքի օրերին (սեբաստացի աշխատողներով պատրաստ-պատասխանատու ասում ենք) շրջանավարտները գեղարվեստի մառան-թատրոնի սրահում, որպես նորամուտ կխաղան ցտեսության ներկայացումներն իրենց անհատական ու խմբային, իսկ հարևան նոր ցուցասրահ-լաբորատորիայում կբացվի «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» ցուցադրությունը՝ ընդառաջ քանդակագործության-ճարտարապետության միջազգային բաց-ամենամյա փառատոնին։
Գործը՝ ծով, տեսնում եք, փոփոխությունների մեր կյանքի հորձանուտում․․․
Այս օրերին ապրիլյան տեխնոլոգիական «Ձոն» ստուգատեսի շրջանակում գարնան ծաղկունքի ոգևորումն է ամենուր՝ կրթահամալիրի բանգլադեշով մեկ, հյուսիսում, հարավում, արևմուտք-արևելքում, խառնարան-մայր դպրոցում… Ես այս կամ այն ձևով մասնակցում-աջակցում եմ մեր ուսումնական մասնաշենքերում տանիքների ու նկուղների, երկարատև անտեր-անգործ հողակտորների ազատագրմանը՝ մի կողմից, որպես ուսումնական նախագծերի ծավալման նյութական միջավայրեր, նոր հնարավորություններ, մյուս կողմից՝ արդեն նվաճվածների օգտագործմանը, կարճատև-երկարատև նախագծերի իրականացմանը… նորամուտներին… Կեցցեք, դուք, բոլորդ, ազատագործներ:
Հյուսիսում Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ստեղծումը-տեղավորումը նոր թափ հաղորդեց Հյուսիսի մեծ նկուղի օգտագործմանը, քանդակի, դիզայն-ցուցասրահի, թատրոն-մառանի, նախագծման-ճարտարապետության սրահի շինարարական աշխատանքների ավարտին. վերջը երևում է։ Եվ ապրիլի 18-ին՝ Զատկին ընդառաջ, որպես կարմիր խորոտիկ ձու, համեցեք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի, քանդակի-ճարտարապետության միջազգային բաց փառատոնի հանրային ներկայացմանը… Ծանոթացեք նախագծին. լրացեք, առարկեք, առաջարկեք. մինչև ապրիլի 18-ը ժամանակ ունեք։
Ես սկսում եմ ամառային ուսումնական թարմ, ամենա-ամենա նախագծերի հրապարակում. կվերաբերի դա սեբաստացիական ճամբարների կյանքին, թե քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի։ Առաջինը աչքիս զարնեց Շողիկ Պողոսյանի երկու նախագծերը, որ բերում եմ ամբողջությամբ.
«Օրինակելի բակ»։ Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին մասնակցելու եմ «այլ» անվանակարգով՝ այն է «Օրինակելի բակ»: Կներկայացնեմ Հարավարևմտյան Բ-1 թաղամասի Անդրանակի 72 շենքի բակը, որի բարեկարգման աշխատանքներին մասնակցել ու մասնակցում են շենքի բնակիչնեչը՝ երեք սերունդ: Երկու տարի է, ինչ սկսվել են աշխատանքները: Շենքի հետնամասի հողային տարածքը վեր է ածվել բերքատու ծառների այգու՝ մանկական փոքրիկ խաղահրապարակով, տաղավարով, թոնիրով: Շենքի առաջնային մասում բակի ձևավորման համար տրվել են փայտային լուծումներ՝ աղբամաններ, ցանկապատեր, տաղավար: Մշտապես և փառատոնյան օրերին կկատարվեն շենքի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ և պարտեզապուրակային աշխատանքներ, կմիանան նաև Քոլեջի 5-6 տարեկանները:
Փոքրիկ պարտեզ շենքի բակում։ Միշտ ակնածանքով հետևել եմ Քոլեջից մեդիակենտրոն ճանապարհին մի շենքի դիմացի փոքրիկ պարտեզի աղքատիկ ծաղկանոցին ու ցանկացել եմ օգնել: Ու Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը պատճառ դարձավ փնտրելու ու գտնելու ձևեր օգնելու այդ բուսասեր բնակչին՝ Քոլեջի սովորողների հետ ջերմոց-լաբորատորիայում աճեցված բուսատեսակներ տնկել պարտեզում, իսկ մետաղյա ճաղավանդակները փոխարինել բարբարիս բույսի տնկիներով՝ Քոլեջի այգու տնկարանից:
Շողիկն այսպիսով ընդարձակում է փառատոնի Բանգլադեշը 100 սովորողի աչքերով նախագծի բովանդակությունը։ Սա երևի մեր Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա՝ հունիսի 5-ի իմ կենտրանացումից է, որ դրսևորվում է երկրագործ-պարտիզպանի մեր սեբաստացիական ուղերձով, մեր ստուգատեսային հրավերով։
Քոլեջում Կարինե Մացակյանի, Տաթևի ու շինարարների հետ նոր կառուցվող-ստեղծվող կացարանին թափ էինք հաղորդում այսպիսի որոշումով՝ նորամուտը հունիսի 13-ին քանդակագործության և ճարտարապետության միջազգային բաց ամենամյա փառատոնի օրերին․․․
Քոլեջի բակում Անահիտի-Լիլիի 6 տարեկաններն էին․ պարզվեց՝ ֆոտոպլեներ են անցկացնում․․․ աչքերիս մեջ են ու գունեղ լույսի․․․ իսկական պարտեզ․․․ իրական բզեզներով․․․ Երբ դուրս եկա դեպի հեծանիվը, ինձ Իջևանի փառատոնի համակարգող-քանդակագործ Գոռ Դավթյանն էր սպասում, ես մոռացել էի բզեզների մասին, բայց իրենք ինձ ոչ միայն չէին մոռացել, այլև դարանակալել, ինձ էին սպասում․․․ պլանշետներով զինված երկու-երեք տասնյակ վեց տարեկանների շրջապտույտում հայտնվեցի․․․ որպես ֆոտոմոդել․․․ ինձ ոչինչ չէր մնում, արտիստիկ հագնվեցի-զուգվեցի-վայելեցի, որպես տարածաշրջանի ամենա՜․․․ այսպիսին է Բլեյան կրթական ցանցի ուժն ու հմայքը, որ իմ գրով, իմ երազով, գունեղ ձեզ եմ փոխանցում․․․
Ինչ եղավ հետո, երբ սենսեյ Հայկուհին իր էկոզինվորներով աշխարհի բոլոր բակերում օգտագործված ողջ թուղթը հատուկ գործիքներով կտրատելուց, որպես թղթի թափոն հավաքելուց հետո, Երևանյան լճի ու նրա ջրանցքների, աշխարհի բոլոր ջրավազանների՝ գետերի-ծովերի-օվկիանոսների-լճերի-ջրամբարների պլաստիկները հավաքելուց, որպես երկրորդական թափոն, Երևանի վերամշակման գործարան հանձնելուց հետո, որոշեց ու երկրորդական թափոն՝ մետաղի ջարդոն ճանաչեց ցանկապատ-զաբորը մետաղից, թե քարից…
Առաջինն իհարկե սենսեյ բնապահպան-հրամանատարին արձագանքեցին սեբաստացի էկոզինվորները… Նրանք սկսեցին իրենց շենքերի բակերից։ Քանի որ կրթահամալիրի դպրոցների բակերում ցանկապատերն անհետացել էին սենսեյ Հայկուհու էկոհրամանատար դառնալուց առաջ, էկոզինվորերը անցան հարևան մանկապարտեզների, դպրոցների, շենքերի բակերին… Էկո զինվորները սկսեցին ման գալ՝ հատուկ գործիքներով կտրատելով, քանդելով։ Իսկ երբ մարդկանց դիմադրությունը մեծացավ այնքան, որ սպառնաց սեսեյ Հայկուհու ու նրան թև թիկունք-հլու հնազանդ տիար-տնօրենի իշխանությանը, նրանք սկսեցին զաբոռ-ցանկապատերի քանդումն իրականացնել գիշերով, գործիքներին ավելացնելով հատուկ տիպի լապտեր-լուսարձակները․․․ Ցերեկներն էլ էկո զինվորերը վերացնում էին ցանկապատերի հետքերը՝ դրանք դարձնելով լանջեր, կանաչ միջնորմներ, խաղողի թփերի շարքեր, խճի անցումներ… Մետաղի ջարդոնն այնքան շատացավ, որ սկսեցին աշխատել Չարենցավանի մետաղի ձուլարանները։ Իսկ քարերով մարդիկ սովորեցին ներգյուղական ճանապարհներն ու անցումները սալարկել… Վերացան ցեխն ու փոշին, ավելացավ կանաչը, մարդիկ սկսեցին բնությունը տեսնել, ապրել հանրային կյանքով, ուրախությունը շատացավ, հավեսը վերադարձավ, շրջապատը ձևավորելու, ուրիշ դարձնելու, ինստալիացիաներ անելու պահանջ ու շնորհ առաջացավ…
Փոխվեցին, այլ դարձան շեներն ու ավանները, շենքերն ու տները… Մարդիկ սկսեցին քանդել իրեց մոգոնած շուշաբանդները, արևածագ ու մայրամուտ տեսնել, առանց խնամքի թողած, անապատացած հողակտորները․․․ Նախագծելու, ճարտարապետական նոր լուծումներ գտնելու, լանդշաֆտի դիզայնի ճաշակ ու հմտություններ յուրացնելու, կանաչ պուրակներ ու գեղեցիկ քանդակներ ունենալու պահանջը մեծացավ․․․
Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի, կրթահամալիրի գեղարվեստի, խաղողի ու գինու դպրոցի, ուսումնական ագարակի շուրջ հերթեր գոյացան… Մարդիկ սկսեցին իրենց բակերը կապել-միացնել կրթական պարտեզին ու անհամբեր պատրաստվել հունիս-հուլիսյան քանդակի, ճարտարապետության ու շրջակա միջավայրի դիզայնի ամենամյա փառատոնին, բաց ու միջազգային՝ այլոց փորձը յուրացնելու և իրենց ստեղծածը մեկ տարում աշխարհի արվեստագետների ցույց տալու համար․․․
Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում
Երեկ Վիգեն Ավետիս քանդակագործը Վարուժանի ինքնաթափ մեքենայով քարերի առաջին քանակը Բազմահովիտի քարհանքից տեղափոխեց Մայր դպրոցի մեծ պուրակի քանդակագործության հարթակներ փառատոնի հուլիսի 3-ից սկսվող «Քանդակների հարսանիք բնակելի արվարձանում» նախագծով…
Վիգեն Ավետիսը, Ֆլորենցիայում որպես քանդակագործ՝ առանց շաբաթ-կիրակիի, նոր օրացույցով, միջազգային սիմպոզիումում շարունակում է կրթահամալիրի իր քանդակի դպրոցի ղեկավարումը, քանդակի և ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոնի հայկական կողմի համակարգողի իր գործունեությունը… Իսկ Ալիս Գևորգյան քանդակագործը մեր նախաձեռնել է Բլեյան կրթական ցանցով կերպարվեստի-քանդակի-խեցեգործության՝ հանրապետության դպրոցների ուսուցիչների ամենշաբաթյա պարապմունքներ… Հետևեք, հայտարարությունը տարածեք…
Հունիս-հուլիսյան քանդակի և ճարտարապետության միջազգային փառատոնի նկատմամբ Երևանում, Իջևանում, Արատեսում քանդակի-նախագծման-ճարտարապետության՝ ընդգծված հետաքրքրություն դրսևորած սովորողների, երևանամերձ գյուղերի-քաղաքների դպրոցների պատանիների համար ևս մեր քանդակի դպրոցը նախատեսում է ամենշաբաթյա հավաքներ: Մենք անվճար կհյուրընկալենք, կառանձնացնենք, կպատրաստենք և՛ պատանիներին, և՛ նրանց ուսուցիչներին, առաջիկա անդրանիկ փառատոնին ընդառաջ…
Այսօր մեզ կրկին կայցելի Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Կգան նաև հայտնի կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանն ու Միքայել Դովլաթյանը, երիտասարդ գրող Նառա Վարդանյանը․․․ Հետաքրքրությունը կրթահամալիրի, մեր բաց ցանցի նկատմամբ, կտեսնեք, անընդհատ կաճի և՛ ֆիզիկական, և՛ մեդիա միջավայրում։ Հեշտ չէ այսպիսի բազմաբնույթ առաջարկին պատշաճ արձագանքելը․․․ Ենթադրում եմ, որ սրա համար կմեծանա յուրաքանչյուր սեբաստացու ինքնուրույնությունը, ինքնավարությունը, նախաձեռնողականությունը, կոնկրետությունը․․․