Երկարաժամկետ նախագծերը` հեղինակային կրթական ծրագրի ծնունդ

Իմ նախորդ՝  «Բլոգային, նախագծային ուսուցում. ընդհանուր դիտարկումներ»  հոդվածում սովորողների նախասիրությամբ նախագծերը դիտարկվել էին լրացուցիչ կրթության տեսանկյունից: Նման նախագծերը կարող են կարևոր խթան դառնալ կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման շաբաթների, նախագծային ուսուցման ստուգատեսների, ուսումնական ճամբարների և արձակուրդների ընթացքում՝ ապահովելով ուսումնական գործունեության շարունակականությունը:

Սովորողների նախասիրությամբ անհատական և խմբային նախագծերը, որպես կանոն, երկարաժամկետ նախագծեր են: Դրանք կարող են ձգվել մեկ կիսամյակից մինչև մեկ ուսումնական տարի: Լինում են երկարաժամկետ նախագծեր էլ, որոնք դիմանալով «փորձությանը», տարիներ շարունակ նույն գաղափարի շուրջն են հավաքում սովորողների նորանոր խմբերի: Նմանատիպ նախագծերի օրինակ են Առականին, Երգ Երգոցը, Լապտերը:

Այս նախագծերը, ինչ խոսք, ունեցել են թռիչք-վերելքի և անկում-վայրէջքի պահեր` ժամանակի ընթացքում բախվելով շարունակականությունը պահելու անխուսափելի խնդրին​ սկսած գործի հանդեպ հետաքրքությունը թուլանալու բնական պատճառով: Այս առումով, ի տարբերություն կարճաժամկետ նախագծերի, երկարաժամկետ նախագծերը բավականաչափ խոցելի են և, որպես կանոն, ինչ-որ պահից սկսած կանգ են առնում` դադարելով գոյություն ունենալուց:

Երկարաժամկետ տարաբնույթ նախագծերի համատեղման առաջին փորձը գրանցվել է տարիներ առաջ, երբ անսալով  տիար Բլեյանի` «Ուխտադարան-փաթեթի» կոչ-առաջարկին՝ իրակացվեց «Քրիստոսի հետքերով. ուխտագնացություն Երուսաղեմ» մեգանախագիծը:

Անցնող տարիների փորձը ցույց է տալիս, որ սովորողների նախասիրությամբ նախագծերը հաջողությամբ դառնում են նախագծային ուսուցման շաբաթների և ուսումնական ճամբարների շարժիչ ուժը` ապահովելով սկսած գործի շարունակականություն և արդյունավետ գործունեություն: Երբ նախապես գիտես անելիքդ և սպասում ես հարմար ժամանակի` նախագծային շաբաթներին և ճամբարներին, որ շարունակես կիսատ թողած գործդ, միանգամայն այլ են լինում նաև արդյունքները: Դրանք շատ ավելի ամբողջական են, շատ ավելի տեսանելի և շոշափելի:

Վերը ասվածը բացարձակ չի նշանակում, թե երկարաժամկետ նախագծերը սկսում են գործել միայն նախագծային ուսուցման շաբաթների և ուսումնական ճամաբարների ժամանակ: Երկարաժամկետ նախագծերը, որպես տնային աշխատանքին փոխարինող այլընտրանք, գործում են միշտ, ուղղակի նախագծային շաբաթների և ուսումնական ճամբարների օրերին առավել ակտիվություն են գրանցում:

Երկարաժամկետ նախագծերի գործունեության կազմակերպումը  նախագծային շաբաթների և ուսումնական ճամբարի ժամանակ

Երկարաժամկետ նախագծերին առաջակվում է կոնկրետ թեմա, ասենք` «Ամանոր, Սուրբ Ծնունդ»: Նախագծի ղեկավարի և մասնակիցների հետ քննարկվում են հնարավոր ուղղությունները, կատարվում է աշխատանքի բաժանում, ճշտվում է կատարման ժամանակահատվածը: Աշխատանքը կատարելուց հետո նախագծի ղեկավարը հավաքում է համապատասխան ուսումնական փաթեթը` ամբողջական կերպով ներկայացնելով նախագծի մասնակիցների կատարած աշխատանքը:

Օրինակներ`

Հավելեմ նաև, որ վերոհիշյալ երկարաժամկետ նախագծերը դեռևս աշխատանքային փուլում են: Վերջնական փաթեթը պատրաստ կլինի հունվարյան ճամբարի օրերին:

Այսպիսով, երկարաժամկետ նախագծերը, ներուժ ունենալու դեպքում, ի վիճակի են ժամանակ առ ժամանակ այլ նախագծեր ևս իրականացնել` «շեղվելով» իրենց հիմնական ասելիք-անելիքից և մեկ ընդհանուր թեմայի շուրջ «միավորվելով» այլ երկարաժամկետ նախագծերի հետ: Սա, թերևս, նոր հնարավորություններ է ստեղծում և նոր հետաքրքրությունների դաշտ է բացում՝ շարունակականություն, թարմություն և նոր շնչառություն հաղորդելով երկարաժամկետ նախագծերին:

Կարծում ենք՝ լրացուցիչ ջանքեր և մտածված ելք-քայլեր անելու դեպքում  սովորողների նախասիրությամբ երկարաժամկետ նախագծերը նոր որակ-զարգացում կարող են հաղորդել հեղինակային կրթական ծրագրին:

Երկարաժամկետ նախագծերը սովորողների համար, կարծում ենք, կարևոր են նաև մի քանի առումներով`

  • սովորողների կողմից իրականացնում է լիակատար և լիարժեք ինքնակրթություն.
  • նախաձեռնող սովորողի և մասնակիցների մոտ բարձրանում է պատասխանատվությունը.
  • սովորողներըը գործնականում կարողանում են կիրառել տարատեսակ հմտություններ՝ գործը սկսելու, ընթացքում առաջացած դժվարությունները հաղթահարելու, սկսած գործը ավարտին հասցնելու, ժամանակը արդյունավետ ծախսելու և այլնի հետ կապված:

Միով բանիվ` երկարաժամկետ նախագծերում ընդգրկված սովորողներն աստիճանաբար պարզունակ ընդունողից վերածվում են իրենց ուսումնական գործունեությունը կազմակերպողների, այլ կերպ ասած` «գործ անողների»: Սա սովորողին բերում է իսկական աշխատանք անողի իրական բավարարվածություն, հատկապես, երբ, որոշ ժամանակ անց, տեսանելի են դառնում աշխատանքի արդյունք-պտուղները: Նման սովորողների մոտ, որպես կանոն, ավելանում է ինքնավստահությունը և համարձակությունը և, նրանք, ինչ-որ պահից սկսած` իրենք են սկսում ուսուցչին «պարտադրել» իրենց անելիքը: Եվ սա, ինչ խոսք, հրաշալի է:

Ի դեպ, երկարաժամկետ նախագծերի հիմնադիր-կազմակերպիչները կրթահամալիրը ավարտելուց հետո էլ շարունակում են հետևել իրենց նախագծերին` ժամանակ առ ժամանակ թողարկելով իրենց` արդեն ուսանողական պատում-նյութերը: Նրանցից շատերը խոստովանում են, որ այդ նախագծերը շատ են օգնել իրենց` մասնագիտական կրթություն ընտրելիս կամ այլ աշխատանք իրականացնելիս:

Նման նախագծեր իրականացնող սովորողների համար շատ ավելի հեշտ է դառնում տարատեսակ մրցանակներ ստանալը, որովհետև ժամանակի ընթացքում տեսանելի և տպավորիչ աշխատանքային փաթեթ է հավաքվում:

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский