Եկե՛ք ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործենք՝ ինքնակրթվենք
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի բաղադրիչներից մեկը հեռավար-առցանց ուսուցումն է: Հեռավար ուսուցումն այսօր շատ կարևոր առանձնահատկություն է, որով օժտված է կրթահամալիրը։ Այն որոշակիորեն կանոնակարգված և համակարգված ուսուցման մի ձև է, ըստ որի ուսումնական գործունեությունը սովորողի և դասավանդողի միջև իրականացվում է ոչ թե ֆիզիկական, այլ մեդիամիջավայրում տեղեկատվական տեխնոլոգիաների և բազմազան մեդիագործիքների միջոցով: Առցանց ուսուցման նպատակը նաև կրթական ծրագրից ինչ-ինչ պատճառներով ժամանակավորապես հետ չմնալն է։ Ուսուցման այս եղանակը հնարավորություն է տալիս սովորողներին ցույց տալ տարատեսակ հմտություններ ու կարողություններ որոշակի հեռավորությունից։ Մենք գիտենք, որ շատ սովորողներ հաճախ օգտվում են այս հնարավորությունից, քանի որ երկրում չեն, կամ այլ դպրոցներից են և չունեն այդ հնարավորությունը։ Սակայն երբեմն հարկ է լինում, որ ամբողջ կրթահամալիրն (էլ չեմ ասում ամբողջ կրթական համակարգը) անցնի ուսուցման հեռավար ձևին։ Ահա այդպիսի առիթ եղավ 2020թ. մարտի մեկին, երբ Հայաստան ներթափանցած վիրուսը «ստիպեց» սովորողներին նստել տանը։ Բայց մենք չմատնվեցինք հարկադիր պարապուրդի, ինչո՞ւ…որովհետև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վաղուց տալիս է առցանց սովորելու այդ այլընտրանքային հնարավորությունը։
Այսպիսով՝ սկսեցի կազմել յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքային նախագիծը, սովորողներին ներառել տարատեսակ գործունեությունների մեջ՝ բնակավայրը վերածելով յուրատեսակ ուսումնական լաբորատորիայի։ Փորձեցի առկա ուսումնական գործունեությունը տեղափոխել առցանց հարթակ իր բոլոր բաղադրիչներով (հղումներ՝ փաթեթներով)
- երաժշտական,
- մարզական,
- հիգիենայի,
- մաթեմատիկայի,
- ընթերցանության,
- տեղեկատվական,
- ճամփորդական,
- տեխնոլոգիական,
- հայրենագիտական,
- խոհանոցային և այլն։
Առցանց ուսուցման երկրորդ շաբաթվա սկզբին ուղարկեցի աշխատակարգը․ արդյունքները երկար չսպասեցրին։ Սովորողների ակտիվությունն սպասվածից ավելին էր։ Ամեն օր իմ բլոգում հավաքում, հաշվառում էի արդյունքները՝ սովորողոների բլոգների հղումներով, և դա կարծես ոգևորում, մի տեսակ մրցակցության էր մղում նրանց․ հանկարծ ետ չմնա՞ն ընկերոջից։ Մրցակցության նրանց մղում էին նաև խրախուսական «ապրե՛ս»-ներն ու «կեցցե՛ս»-ները, որոնք նրանք պարբերաբար ստանում էին էլհասցեով։ Ավելին՝ ուշադիր հետևում էին իմ բլոգին, տեսնում՝ ով է արել օրվա առաջադրանքը, ով՝ ոչ, ու եթե հանկարծ ես վրիպած լինեի և ինչ-որ մեկի կամ ինչ-որ աշխատանքը դրած չլինեի, ստանում էի այսպիսի նամակ․«Ընկե՛ր Լիլիթ, Դուք իմ աշխատանքը չե՞ք տեսել․․․» կամ՝ «Իմ անունը մաթեմատիկայի փաթեթում չկա․․․» և այլն։ Սովորողները ակտիվ մուտք էին գործում միմյանց բլոգներ, նայում աշխատանքները, սովորում իրարից, ինչը նույնպես իրարից խանդավառվելու, ինքնակրթվելու միջոց է։ Հեռավար ուսուցման շրջանակներում սովորողներին շատ դուր եկավ հատկապես երկու նորույթ՝ վիրտուալ ճամփորդությունը դեպի թատրոն և տեսակապով հանդիպում-դասերը։
Ո՞վ կմտածեր, որ սովորողներով մի օր կգնանք ուսումնական ճամփորդության, բայց չենք գնա…Այսինքն՝ ֆիզիկապես չենք գնա, բայց կգնանք առցանց…ինչպե՞ս է դա հնարավոր։ Ժամանակակից տեխնոլոգիաներն ինչեր ասես, որ թույլ չեն տալիս։ Երբ ունենք աշխատանքային-ուսումնական գործիք՝ հեռախոս, պլանշետ, համակարգիչ, հավատացեք՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ Դե մենք՝ սեբաստացիներս, անկանխատեսելի ենք, ինչեր ասես՝ չենք մոգոնի. ոչնչից մի՛ զարմացեք։ Մի քիչ ստեղծագործական երևակայություն, այլընտրանքային մոտեցում ու…Վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով գնացինք… ճամփորդելու՝ տեսնենք՝ է՜ն սարի հետևը ինչ կա…Հասանք Երևանի պետական տիկնիկային թատրոն՝ դիտելու «Մատնաչափիկը» ներկայացումը։ Դե սովորողի պատում-կարծիքներն էլ՝ իրենց ուրույն ստեղծականությամբ, չուշացան․ «Այսօր ընկեր Լիլիթը մեզ ուղարկել էր առցանց ճամփորդության դեպի տիկնիկային թատրոն․․․», «Այսօր ես և եղբայրս գնացել էինք առցանց ճամփորդության: Մենք դիտեցինք «Մատնաչափիկը» ներկայացումը․․․»: Որոշել ենք այս ընթացքում հաճախ գնալ ճամփորդության ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի վիրտուալ թանգարաններ ու պատկերասրահներ։ Դա շատ է դուր եկել սովորողներին և երբ ինչ-որ տեղ առցանց ներկայացման հրավեր են տեսնում, անմիջապես գրում են․ «Ընկե՛ր Լիլիթ, մեզ հրավիրում են ներկայացման, չճամփորդե՞նք»։
Հեռավար հարթակում մեզ և սովորողների համար նորություն էր տեսակապով շփումը։ Մինչ այդ ինձ հետաքրքրել էին ծնողների դիտարկումներն այս ամենի վերաբերյալ, և խնդրել էի կարծիքներ հայտնել սովորողների բլոգներում՝ հասկանալու համար՝ ինչն է թերի, ինչը՝ անթերի, ինչի վրա կենտրոնանալ, աշխատել։ Ահա՛ դրանցից մի քանիսը։
Նուշ Հարությունյան՝ Կարինայի մայրիկ
«Բարև՛։ Ես Կարինայի մայրիկն եմ, ցանկանում եմ իմ կարծիքը հայտնել հեռավար ուսուցման վերաբերյալ։ Շատ լավ մեթոդ է, այն շատ է դուր գալիս մի պարզ պատճառով, որ արձակուրդների և նմանատիպ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ երեխաները մեկ շաբաթ շարունակ կտրված են լինում դասապրոցեսից, միևնույնն է, թեկուզ հեռվից ունենում են աշխատելու հնարավորություն։ Կա նաև պատասխանատվության մեծ զգացում, չնայած նրան, որ դեռ բոլորը չեն ներառվել այդ աշխատանքներում։ Նաև շատ լավ հնարավորություն է ստեղծվում միշտ աշխատանքային պահել բլոգները, հետևել դասավանդողների բլոգներին։ Մի խոսքով, արձակուրդին էլ պարապ չենք նստում, աշխատում ենք։ Թերությունների դեռևս չենք հանդիպել»։
Նարինե Համբարյան՝ Գեղամի մայրիկ
«Ինձ համար նորություն էր հեռավար ուսուցումը։ Չէի մտածում, որ ամեն օր են դասերը պատրաստելու և հաշվետու լինելու ուսուցիչներին։ Այսպես շատ ճիշտ է։ Ավելի պարտաճանաչ են, ամեն օր ուսումնական պրոցեսի մեջ են։ Դասերից հետ հաստատ չեն ընկնում։ Այսպես մի շաբաթից ավել էլ կարող են տանը մնալ։ Եթե երկար մնային տանը, կամ շատ հիվանդ աշակերտներ լինեին, նոր դասը կարելի էր տեսադասերի միջոցով անել։ Համացանցում ինչքան լավ ուսուցիչների այլալեզու տեսադասեր կան»։
Լիլիթ Մովսիսյան՝ Մանեի մայրիկ
«Առցանց-հեռավար ուսուցումն ունի իր առավելություններն ու թերությունները։ Միայն այն, որ էքստրեմալ պայմաններում այն հնարավորություն է տալիս շարունակել ուսուցման գործընթացը, արդեն շատ մեծ առավելություն է։ Չէ՞ որ ոչ ոք չգիտի, թե քանի անգամ կլինի արտակարգ իրավիճակ, և կամ ամեն անգամ այդ արտակարգ իրավիճակը որքան կտևի։ Մյուս կողմից՝ առցանց-հեռավար ուսուցումը երեխաներին ինքնուրույն սովորելու լավ գործիքակազմ է, քանի որ հայտնի է, որ նույնիսկ դպրոցն ավարտած երեխաները ԲՈՒՀ ընդունվելուց հետո բախվում են այս խնդրին։ Սակայն չեմ կարող չնշել, որ առցանց-հեռավար ուսուցումը ունի նաև իր թերությունները։ Իմ կարծիքով ամենամեծ թերությունն այն է, որ կտրվում է ուսուցիչ-աշակերտ անմիջական շփումը, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել։ Իմ կարծիքով անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ ադ թերության արժեքը մինիմումի հասցնելու համար»։
Տաթև Աբրահամյան՝ Արենի մայրիկ
«Առցանց-հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս կապը պահել դպրոցի հետ, չունենալ բացթողումներ և չմատնվել պարապության և անգործության: Եվրոպական բազմաթիվ երկրներում շատ հաջող կիրառում են այս փորձը, և ուրախալի է, որ մեր դպրոցում նույնպես մշակվում են նոր մեթոդներ՝ ուսուցումը ավելի ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար»:
Մարիանա Դավթյան՝ Եվայի մայրիկ
«Հեռավար-առցանց ուսուցումն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Դրականն այն է, որ երեխան ետ չի մնում ուսումնական ծրագրից, ժամանակը հնարավոր է կառավարել և կատարել բոլոր հանձնարարությունները՝ չսահմանափակվելով ժամանակի մեջ։ Բացասականն այն է, որ կարող է անդրադառնալ միայն ուսուցչի հետ շփման, ինչպես նաև դասարանի հետ անմիջապես շփման վրա, և նյութի քննարկման բացակայությունը կերևա»։
Նարինե Անտոնյան՝ Մարինայի մայրիկ
«Առցանց ուսուցման մասին իմ կարծիքը շատ դրական է, և շատ ուրախ եմ, որ մենք սովորում ենք ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոցում: Կարողացանք շատ արագ կազմակերպել, կատարել առցանց դասերն առանց բարդությունների: Շնորհակալ եմ»։
Ինգա Արշակյան՝ Ալիսայի մայրիկ
«Ես կարծում եմ, որ հեռավար ուսուցումը շատ լավ միտք է: Արձակուրդները հոգնեցուցիչ չեն լինի, կանցնեն հետաքրքիր և կլինեն ուսուցողական: Մտածում եմ, որ լավ կլիներ՝ բոլոր դպրոցներում կիրառեին հեռավար ուսուցումը»։
Նելլի Քոչարյան՝ Էմմայի մայրիկ
Ժամանակակից աշխարհում հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները՝ առցանց-հեռավար ուսուցման մասին խոսելը բավականին արդիական է և անհրաժեշտ: Համենայն դեպս, ինձ համար բավականին ընդունելի տարբերակ էր, երբ մեր դպրոցը որոշեց այդ մեկ շաբաթն օգտագործել և հեռավար ուսուցմամբ աշակերտներին ներգրավել ուսման մեջ: Սեբաստացիները որոշեցին վախի մթնոլորտում մնալու փոխարեն ուսման գործընթացի հետ համատեղ աշակերտներին դրդել վիրուսների դեմ պայքարի միջոցներին ծանոթանալ և ուսումնասիրել, երգ ու պարի միջոցով դեմ կանգնել վախին, խուճապին և լցվել ուրախ երաժշտության ելևէջներով և ծիծաղով հաղթահարել առաջացած խնդիրներն ու դժվարությունները: Սակայն, եթե նման արտառոց իրավիճակներ առկա չեն, ապա նախընտրելի չէ առցանց-հեռավար ուսուցումը: Ես շատ եմ կարևորում ուսուցիչների և աշակերտների, ինչպես նաև աշակերտների՝ միմյանց հետ անմիջական շփումն ու հաղորդակցումը»:
Ինչպես երևում է, մատնանշվող հիմնական բացը ֆիզիկական շփման, միմյանց հետ անմիջական հաղորդակցվելու բացակայությունն է։
Փորձեցի առցանց առաջադրանքներ ուղարկելուց բացի կիրառել հեռավար ուսուցման մեկ այլ գործիք՝ հնարավորութուն տեսնելու և խոսելու միմյանց հետ՝ այն էլ մի ողջ դասարանական խմբով։ Պետք է ասեմ, որ շատ արագ սովորեցինք ու ավելի ուգևորվեցինք միմյանց հետ այս տեսակով շփումից։ Տեսակապով փորձարկեցի ևս մի նորույթ՝ առցանց ծնողական սեմինար․ առաջին տեսահանդիպմանը միացավ դասարանի մեծ մասը։ Խոսեցինք հեռավար ուսումնական գործունեության ընթացքի, արդյունքների մասին, առաջիկա անելիքներից՝ մեր ուսուցումն առավելագույն չափով արդյունավետ դարձնելու համար։
Ուզում եմ նշել, որ պակաս չէր նաև ծնողների ոգևորվածությունը։ Նրանց մեծ մասը, հարկադրված տանը մնալով, կարծես այժմ ավելի պատշաճ ուշադրություն է դարձնում սովորողին, ավելի շատ ժամանակ անցկացնում նրա հետ։ (Դա նաև երևում է նախկինում ավելի պասսիվ, այժմ ակտիվացած սովորողների բլոգներից)։ Այս ձևաչափով աշխատանքը շատ հետաքրքիր էր և ոգեշնչող։ Առաջիկայում «Ուսումնական արձակուրդ»-ն է, որի ընթացքում նախատեսում եմ իրագործել հավես տեսախաղեր, բեմադրել տեսաներկայացումներ, մրցույթներ և այլն․․․
Հուսանք, որ շուտով հեռվից չենք նայի միմյանց, իսկ մինչ այդ՝ եկե՛ք ժամանակը հնարավորինս արդյունավետ օգտագործենք՝ ինքնակրթվենք, չէ՞ որ այն (ինքնակրթությունը) նպաստում է ներքին կազմակերպվածությանը, խթանում նպատակասլացություն, սերմանում աշխատասիրություն։
- Բացվել է 743 անգամ