Տարբերվող մարտ ամիսը
Primary tabs
Մարտ ամսվա ամփոփումը տարբերվում է մյուս ամիսների ամփոփումներից (կրթահամալիրում յուրաքանչյուր ամիս դասավանդողը ներկայացնում է տվյալ ամսվա իր հաշվետվություն-ամփոփումը), քանի որ մարտ ամիսը սկսեցինք հեռավար ուսուցմամբ: Կրթահամալիրն այդպիսի փորձ արդեն ուներ, երբ 2016թ․ հունվարին նմանատիպ իրավիճակ էր, և մենք հեռավար աշխատեցինք երեք շաբաթ:
Մարտի 2-8-ն ընկարծ ժամանակահատվածի համար սովորողներին առաջարկեցի մի փաթեթ, որտեղ տեղադրված էին ամբողջ շաբաթվա համար կատարելիք աշխատանքները։Սովորողներն իրենք են ընտրել, թե որ օրը որ աշխատանքն անեն: Շաբաթվա աշխատանքներն ընտրել եմ՝ առաջնորդվելով ուսումնական օրացույցով, ժամանակի թելադրանքով։ Աշխատանքները տարաբնույթ էին՝ թե ստեղծական, թո որոնողական, թե ընթերցելու, սովորողներն իրենց հարցերն ու կատարված աշխատանքներն ուղարկում էին ինձ։ Խմբագրելուց, ուղղագրական, կետադրական, մտքի հետ կապված սխալները շտկելուց հետո սովորողներն աշխատանքները տեղադրում էին իրենց բլոգներում, ապա ամբողջացնում ու հրապարակում էի «Խոշորացույց» ամսագրում, Արևելյան դպրոցի ենթակայքում: Արդյունքները հրապարակված են նաև վերոնշյալ փաթեթում։
Մարտի 9-13-ն աշխատել ենք առկա. այդ ընթացքում Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիների հետ սկսել եմ «Կարդում ենք Չարենց» նախագիծը, իսկ 4-րցիների հետ շարունակել ենք Թումանյանական օրերը։
Մարտի 10-ին Մանկավարժական ակումբի օրակագում կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված առարկայական ֆլեշմոբներն էին։
Ներկայացրել եմ Հայոց լեզվի ֆլեշմոբը կրթահամալիրում։
Սակայն մարտի 13-ին ելնելով ՀՀ-ում տիրող արտակարգ իրավիճակից՝ նորից դադարեցվեցին դասերը։ Այդ օրը Չարենցի ծննդյան օրն էր, հանպատրաստից որոշեցի ենթակայքում ֆլեշմոբ կազմակերպել՝ կարդում ենք Չարենց։ Մասնակցեցին թե սովորողները, թե դասավանդողները։
Իսկ մարտի 16-20-ը նորից անցանք հեռավար ուսուցման։ Սկսած նախագծերի հիման վրա՝ կազմեցի հեռավար ուսուցման փաթեթները՝
Մարտի 16-ին Արևելյան դպրոցի ռադիոյի պատասխանատուն «Խոշորացույց» ռադիոն էր, անդրադարձանք Չարենցի անվանը՝
Ինչո՞ւ և ինչպե՞ս է Եղիշե Սողոմոնյանը կոչվել Եղիշե Չարենց՝պատասխանատուներ՝ Արեգ Պարսիլյան, Լեո Աղաբեկյան
Սովորողների աշխատանքները ( Չարենցի բանաստեղծություններից ընտրել ու կարդալ բանաստեղծություն, կազմել անծանոթ բառերի բառարան, բանաստեղծության վերաբերյալ հարցեր, առաջադրանքներ, ընտրած բանաստեղծությունն արտասանել, պատրաստել տեսանյութ կամ ռադիոնյութ) հավաքում էի «Խոշորացույց» ամսագրում, ընդգրկում ուսումնական փաթեթում՝ ուղարկելով բոլորին, այնպես որ սովորողները կարդում, տեսնում էին մեկը մյուսի ընտրած բանաստեղծությունը, կազմած հարցերը, լսում ընկերոջը։
Այդ ընթացքում փորձարկեցինք նաև առցանց ուսուցման նոր հարթակը՝ Microsoft Teams-ը։ Դժվարություններ, իհարկե, կային, քանի որ նոր էր ուսուցման միջավայրը, նախ՝ անհրաժեշտ էր, որ ինքդ կարողանայիր փոքրիշատե գլուխ հանել, ապա՝ ընդգրկել սովորողներին: Սկզբում փոքր խմբով կազմակերպեցինք առցանց-հանդիպումը, ապա բացեցի դասարանական խմբերը բոլոր սովորողներին ընդգրկելու համար: Առցանց ուսուցման այս նոր հարթակը՝ Microsoft Teams-ը, ճիշտ է՝ հնարավորություն է տալիս իրար լսելու, քննարկելու, բացատրելու, սակայն գլխավոր թերությունն այն է, որ շատ մասնակիցների դեպքում ստիպված ենք անջատել բարձրախոսը, միայն խոսողն է միացնում, երբեմն նաև տեսախցիկը, որ կապը անխափան ու լսելի լինի: Այդ նպատակով այս գարնանային արձակուրդին նախատեսել եմ զբաղվել ինքնակրթությամբ՝ նոր, առցանց հարթակների ուսումնասիրությամբ:
Ուրախալի է, երբ տեսնում ես՝ սովորողն ինքն է մտածում ինքնակրթության մասին՝ 5-րդցի Անի Մինասյանը ինքնակազմակերպվել, սկսել է իր անհատական նախագիծը՝ «Հեքիաթասաց» ռադիոն, ամեն օր մի նոր հեքիաթ է կարդում բոլորիս համար:
Շաբաթվա ընթացքում ստեղծված նյութերը, արդյունքները՝ Հեռավար ուսուցում․ 5-րդ դասարան փաթեթում։
Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների հետ սկսել էինք կարդալ Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակսիլ» հեքիաթը, ուստի շարունակեցինք՝ անդրադառնալով անծանոթ բառերին, հերոսներին և այլն, վերջում էլ հորինեցինք նոր վերջաբան։ Շաբաթվա նյութերը, արդյունքները՝ Հեռավար ուսուցում․ 4-րդ դասարան փաթեթում։
Սովորողներն հեռավար ուսուցման ընթացքում բավականին ակտիվ են եղել, նրանցից շատերն անընդհատ նամակագրական կապի մեջ են եղել՝ տարբեր հարցերով, ժամանակ առ ժամանակ կարոտի խոստովանություններով… Հետաքրքիր էր, որ ֆիզիկական միջավայրում որոշ պասիվ սովորողներ բավականին ակտիվ են եղել առցանց ուսուցման ընթացքում և հակառակը:
Մարտի 23-27-ը ուսումնական գարունն է, թեպետ շարունակում ենք մեկուսացած լինել տանը, բայց, ինչպես ասում են՝ ամենալավ ճամփորդությունը մտքի ու հոգու ճամփորդությունն է։ Շաբաթվա նախագիծն այնպիսին է, որ սովորողները ճամփորդեն գրքերի ու ֆիլմերի աշխարհում, վիրտուալ ճամփորդեն թանգարաններում, և հույս ունեմ՝ անհատական նախագծեր իրականացնեն։
Այս ամենի հետ մեկտեղ ասեմ, որ տղաս՝ Գրիշան, սովորում է Արևելյան դպրոցի 5 տարեկանների խմբում: Հեռավար ուսուցման այս փուլում աշխատում եմ օգնել նրան՝ կատարելու ամենօրյա առաջադրանքները:
Վերջում ավելացնեմ Գրիշայի առաջարկը՝ չձանձրանալու համար փազլ պատրաստեք ու խաղացեք:
- Բացվել է 824 անգամ