Բլոգային, նախագծային ուսուցում. ընդհանուր դիտարկումներ

Բլոգային ուսուցումը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բլոգային ուսուցումը վստահաբար կարելի է առանձնահատուկ համարել: Ուսումնական հարթակ լինելուց բացի` բլոգային ուսուցումը տեսանելի է դարձնում կրթահամալիրի հարուստ և բազմազան առօրյան՝ տարաբնույթ նախագծեր, ճամփորդություններ, հանդիպումներ և այլն:

Կրթահամալիրի 30-ամյակին ընդառաջ՝ «Հանրային աուդիտ. հեղինակային կրթական ծրագրային կազմակերպում (ցուցանիշներ)» նախագիծը մի պահ կանգ առնելու և հետադարձ հայացք ձգելու հնարավորություն ընձեռեց: Նման հնարավորությունը, նախ և առաջ, կարևոր էր հեղինակային կրթական ծրագրային կազմակերպումը՝ տվյալ դեպքում՝ բլոգային, նախագծային ուսուցման առավելությունները գնահատելու և հնարավոր թերացում-թերությունները տեսնելու առումով:

Այս պահին կրթահամալիրում, ըստ ուսումնասիրության արդյունքների, գործում է 1929 անհատական բլոգՍակայն սա ամբողջական պատկերը չէ. խմբային ուսումնական հարթակները, այն է՝ ամսագրերը, ռադիոները, TV-ները դուրս են թողնված: Ավելին՝ գրանցվածներն էլ հեռու են ամբողջական պատկեր ստանալու համար, որովհետև կրթահամալիրում չգրացված խմբային հարթակները, համոզված ենք, շատ ավելին են:

Բլոգային ուսուցման հետ կապված` նախորդ տարիների մեթոդական մշակումները և այս տարի արված ուսումնասիրության արդյունքները, թույլ են տալիս կատարել հետևյալ եզրահանգումները.

Առավելություններ

  • Տարիների ընթացքում մեր ուսուցիչների բլոգները վերածվել են ուսումնական շտեմարան-պահոցների՝  դառնալով նրանց թիվ մեկ օգնականն ու խորհրդատուն:
  • Կրթահամալիրում բլոգոլորտը, որպես վիրտուալ կրթական գորգ-ցանց, միավորող գործառույթ է իրականացնում` ուսումնական համայնքի համար դառնալով գիտելիքի փոխանցման կարևորագույն աղբյուր:
  • Բլոգավարության բերած առավելություններից գլխավորը հնարավորինս գրագետ խոսքի առկայությունն է. վստահաբար կարող ենք ասել, որ սովորողները հիմա շատ ավելի գրագետ են գրում, քան ասենք` հինգ կամ տասը տարի առաջ:

Թերություններ

  • Որպես հիմնական թերություն՝ կարելի է նշել սովորողների կողմից արտատպված նյութեր ներկայացնելը։
  • Սովորողները բլոգը հաճախ դիտարկում են որպես էլեկտրոնային տետր` օտարելով իրենցից. այն պատկանում է դպրոցին։

Նախագծային ուսուցումը կրթահամալիրում

Նախորդ տարիներին կատարած մշակումներից ելնելով՝ կարելի է ասել, որ կրթահամալիրում նախագծային ուսուցումը միտում ունի ուսուցչին և սովորողին դուրս բերելու ինքնակրթության արահետ: Սա, անշուշտ, առավելություն է: Մեզանում նախագծերի պատվիրատուն ուսումնական օրացույցն է. ըստ ուսումնական օրացույցի են կազմվում նախագծերը և դրանց իրականացման ժամանակահատվածները: Եվ դա, ինչ խոսք, լավ է. գիտես՝ երբ և ինչ ես անելու:

Իսկ որպես թերություն կարելի է մատնանշել հետևյալը`

  • նախագծերի իմաստն ու բովանդակությունը հաճախ հանիրավի կերպով նեղացնելը,
  • առանց նախատեսված որոշակի արդյունքների նախագծեր իրականացնելը։

Սովորողների նախասիրությամբ նախագծեր կամ տնային աշխատանքը որպես լրացուցիչ կրթություն

Սովորողների նախասիրությամբ նախագծերը, ի տարբերություն ուսումնական օրացույցով նախատեսված կրթահամալիրյան նախագծերի, անհատական են: Այսինքն`սովորողները տանը կատարում են ոչ թե ուսուցչի տված տարաբնույթ վարժություններն ու առաջադրանքները, այլ իրականացնում են անհատական կամ խմբային նախագծեր՝ ըստ իրենց հետաքրքությունների և նախասիրությունների:

Ըստ դիտարկումների՝ նման նախագծերը մի շարք առավելություններ ունեն։

  • Սովորողը հանդես է գալիս որպես նախաձեռնող կողմ` վերցնելով պատասխանատվություն։
  • Ապահովում է ինքնակրթություն և արդյունավետ բլոգավարություն` խմբային հարթակներում ծավալելով աշխույժ, կենդանի, հետաքրքիր ուսումնական գործունեություն։
  • Նման նախագծերը կարևոր խթան են դառնում կրթահամալիրում իրականացվող նախագծային ուսուցման շաբաթների, նախագծային ուսուցման ստուգատեսների, ճամբարների և ուսումնական արձակուրդների ընթացքում՝ ապահովելով ուսումնական գործունեության շարունակականություն:
  • Սովորողը գործնականում կարողանում է կիրառել տարատեսակ հմտություններ՝ գործը սկսելու, ընթացքում առաջացած դժվարությունները հաղթահարելու, սկսած գործը ավարտին հասցնելու, ժամանակը արդյունավետ ծախսելու և այլնի հետ կապված:
  • Նման դեպքերում ուսուցիչը տեղեկատվություն փոխանցողից դառնում է սովորել սովորեցնողի: Իսկ սովորողը պարզունակ ընդունողից վերածվում է իր ուսումնական գործունեությունը կազմակերպողի:

Ամփոփելով ասելիքը՝  վստահաբար կարելի է ասել, որ հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություն համարվող բլոգային, նախագծային ուսուցումը կրթահամալիրի ձեռքբերումն է և, որ այն առավել քան կայացած է: Իսկ սովորողների նախասիրությամբ նախագծերը և խմբային բլոգները, կարծում ենք, կարելի է դիտել որպես լրացուցիչ կրթության զարգացում:

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский