Հեռավար կրթություն. դժվարություններ և բարդություններ
Primary tabs
Հեռավար կրթություն, ըստ էության, հնարավոր է իրականացնել, եթե որպես բաղկացուցիչներ առկա են հետևյալ գործոնները՝
- բովանդակային մանկավարժություն
- ուսուցչի և սովորողի ներկայություն
- տեղեկատվական համակարգի ներդրում
Հեռավար կրթությունը, նախ և առաջ, եղել և մնում է մանկավարժություն, ավելի ճիշտ՝ բովանդակային մանկավարժություն: Համենայն դեպս, դա են փաստում մինչև այսօր կատարված հազարավոր գիտական ուսումնասիրություններ: Ասել է թե՝ «ավանդական» դասը համակարգչով կամ հեռախոսով անելը և դասի տեսաձայնագրված տարբերակը սոցցանցերով տարածելը դեռևս բավարար չեն, որ արվածը համարվի հեռավար կրթություն:
Եթե բովանդակային, ասել է թե՝ ավանդականի կաղապարներից դուրս, ներդաշնակ և ստեղծական մանկավարժությունը հեռավար կրթության շարժիչ ուժը չէ, այլ ֆիզիկական միջավայրում արված դասապրոցեսի վերարտադրություն-փոխանցումը, ապա այն հեռավար կրթություն չէ, և, որքան էլ որ ուզենանք՝ չի կարող երկար կյանք ունենալ: Ժամանակակից տեխնոլոգիաները ոչ միայն չեն փրկի, այլև ջրի երես կհանեն կրթության՝ տարիների ընթացքում հավաքված տիղմը:
Եկեք չմոռանանք, որ Moodle, Zoom, Microsoft Teams, Google Classroom և նմանատիպ այլ հարթակներ հաղորդակցական գործիքներ են, նյութը փոխանցելու միջոց, որոնք ընդամենը ապահովում են սովորողի և ուսուցչի ներկայությունը:
Թեև հեղինակային կրթական ծրագիր իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հեռավար կրթության համար անհրաժեշտ առաջին և երկրորդ գործոնների հետ, ըստ էության, խնդիր չուներ, բայց և այնպես, առաջացան և շարունակաբար կառաջանան հեռավար կրթության բերած մի շարք դժվարություններ և բարդություններ: Փորձենք դիտարկել՝ որոնք են դրանք:
Հեռավար կրթության անցնել՝ նշանակում է գործ ունենալ առաջին հայացքից ոչ այնքան տեսանելի տեղեկատվական հսկայածավալ աշխատանքի հետ. տվյալների մեկտեղում, ամենօրյա լրացումներ, տվյալների մշակում-լրամշակում: Պետք է հավաքել սովորողի ամենօրյա ուղարկած հղումները, հերթով ծանոթանալ դրանց հետ, գրանցել սովորողի նախագծային աշխատանքի արդյունքները, հաշվառել սովորողի մասնակցությունը տարբեր նախագծերին, հասկանալ՝ սովորողներից ով ինչ նախասիրություններ և հետաքրքրություններ ունի՝ ինքնակրթության այս կամ այն նախագիծն իրականացնելու համար, ընտանեկան ինչ նախագծերի է մասնակցել, ինչ արդյունքներ է գրանցել, սովորողը քանի առցանց պարապմունքի է մասնակցել, քանի օր է բացակայել, և այլն, և այլն: Նույն տարողունակ պատկերն է և դասավանդողի դեպքում:
Կարծում ենք՝ պատկերացրիք աշխատանքի ծավալը: Խոստովանենք՝ այն բավականաչափ բարդ, աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Եվ, եթե հեռավար կրթության առցանց հարթակներում տեղեկատվական տվյալները գրանցվում և հաշվառվում են ավտոմատ կերպով՝ ինքնաբերաբար, ապա հեռավար ուսուցման կրթահամալիրյան բլոգային հարթակներում պատկերն այլ է. անհրաժեշտ տեղեկատվությունն ունենալու համար լրացուցիչ ջանքներ են պահանջվում:
Ինչևէ, փորձեմ ներկայացնել անցնող ամիսների իմ՝ այս ուղղությամբ արված աշխատանքային փորձը:
Նախորդ երկու՝ «Հեռավար ուսուցման մեթոդներ և տեխնոլոգիաներ» և «Հեռավար ուսուցումը՝ բլոգային հարթակ» հոդվածներում ներկայացված են ոչ միայն հեռավար ուսուցման մեթոդները և տեխնոլոգիաները, այլև հնարավորինս մանրամասն նկարագրված է կրթահամալիրի հեռավար ուսուցման կազմակերպման՝ նախապատրաստական փուլից մինչև ամփոփման փուլի գործողությունները՝ քայլ առ քայլ: Որպես հշված հոդվածների անմիջական շարունակութուն՝ ավելացնենք հետևյալը:
Նախ մոտավոր կերպով, բայց անպայման նախանշվում են բոլոր հնարավոր այն նախագծերը, որոնք նախատեսվում են մեկ ամսվա համար: Այնուհետև էլի մոտավոր կերպով կազմվում են մոտակա ժամանակվա համար նախատեսված նախագծի առաջադրանքները: Ինչո՞ւ մոտավոր, որովհետև դրանք, սովորողների հետ քննարկման փուլում, որպես կանոն, էական փոփոխությունների են ենթարկվում՝ փոփոխվում են, վերաձևակերպվում են, լինում են դեպքեր, երբ ընդհանրապես հանվում են: Հեռավար ուսուցման ժամանակ գերադասում եմ տարբեր դասարանների համար կազմված առաջադրանքները նույն էջում տեղադրել: Հաճախ սովորողները կատարում են ոչ թե իրենց համար կազմված առաջադրանքները, այլ՝ մեկ կամ երկու դասարան բարձրերի համար կազմված հարցերը և առաջադրանքները:
Առաջադրանքների հարցը, կարծես թե, լուծված է՝ սովորողները ստացել են, քննարկման արդյունքում արվել են ինչ-ինչ ճշտումներ: Դրան հաջորդում է սովորողների՝ նախագծային աշխատանքի արդյունքներն ուղարկելու գործընթացը: Առաջին արդյունքները ստանալուն պես՝ բլոգում բացվում է նոր էջ, ուր գրանցվում են սովորողների ուղարկած համապատասխան հղումները: Սա հնարավորություն է տալիս, որպեսզի օրվա, շաբաթվա, ամսվա վերջում ունենանք սովորողների մասնակցության հստակ և ամբողջական պատկեր: Նույն էջին հընթացս կցվում է նաև մեկ այլ տեղեկություն, որը հուշում է հեռավար ուսուցմանը չներառվող սովորողների մասին: Որոշ ժամանակ անց, այդ տեղեկությունը փոխանցվում է ծրագրի ղեկավարին և կազմակերպիչներին: Թիմային աշխատանքի շնորհիվ, որպես կանոն, հնարավոր է լինում ներառել սովորողների մի մասին: Չարձագանքողներ ևս լինում են:
Այսպիսով՝ հեռավար կրթության համար, կարծում ենք՝ կարևոր են ուսուցչի հետևյալ գրանցումները՝
- նախագծեր, որին կցված են նաև արդյունքներ
- մասնակիցների ցուցակ, որին կցված է նաև չներառվող սովորողներինը
- սովորողների՝ նախագծերին մասնակցությունը. ով որ նախագծին է մասնացել, ինչ արդյունքներ է ներկայացրել
Ամսվա վերջում՝ մեկտեղելով բոլոր նախագծերը և մասնակցած սովորողների ցուցաբերած բոլոր արդյունքները՝ կարելի է կատարված աշխատանքն ամփոփել հետևյալ կերպ՝
- հեռավար ուսուցմանը սովորողը մասնակցել է, թե ոչ
- որչափով է եղել սովորողի մասնակցությունը նախագծերին
Ուսուցչի բլոգում նման տեղեկատվական էջերի առկայությունը, կարծում ենք՝ օգտակար կարող են լինել սովորողներին և ծնողներին՝ հընթացս հեշտացնելով նաև կազմակերպիչների գործը:
Եվ վերջում՝ տեղեկատվական համակարգի ստեղծումը կարող է նոր էջ բացել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի համար: Մեր կրթահամալիրը ներուժ ունեցող կրթական հաստատություն է և կարող է Հայաստանում առաջինն անցում կատարել որակապես ավելի բարձր կրթական մակարդակի՝ շուրջտարյա հեռավար-առցանց ուսուցման:
- Բացվել է 874 անգամ