Երբ սկսվում է սեպտեմբերը
Primary tabs
Դասավանդողի համար նոր ուսումնական տարին նոր տպավորությունների, նոր հանդիպումների հրաշալի սկիզբ է։ Բայց ինչպես ամեն մի նոր բան, ուսումնական տարին էլ նորի, հետաքրքիրի, գունեղի հետ բերում է նաև իր հոգսերն ու խնդիրները։ Կրթահամալիրի Քոլեջ դիմած սովորողների մեծագույն մասը Երևան քաղաքի և հարակից շրջանների հանրակրթական դպրոցներից է։ Այդ առումով ուսումնական տարվա առաջին օրերի լարումը մեծ է թե՛ սովորողի և թե՛ դասավանդողի համար։ Սովորողները հայտնվում են կրթահամալիրի նոր ու անսովոր միջավայրում, ձևավորվում են նոր ընկերական հարաբերություններ, փոխհարաբերություններ դասավանդողների և ծնողական համայնքի միջև։ Եվ որքան էլ Քոլեջի հմուտ ու փորձառու կոլեկտիվը առաջին իսկ օրերից ջանում է «Մուտք»-ի ճամբարներով, սովորող-դասավանդող անմիջական շփումներով, ծնողական հավաքներով հնարավորինս հստակ ներկայացնել նոր միջավայրը, հեղինակային մանկավարժության մեր ծրագրերը, արագ արձագանքում ու հարթում է ամեն պահի ծագող ցանկացած խնդիր, այնուամենայնիվ ուսումնական տարվա ընթացքում խնդիրներ միշտ էլ լինում են, և միայն հետևողական, շարունակական աշխատանքի շնորհիվ է, որ Քոլեջ ոտք դրած նորեկ սեբաստացիներն աստիճանաբար ներառվում են նոր միջավայրին ու դառնում իսկական սեբաստացի։
Հեղինակային մանկավարժություն իրականացնող մեր Քոլեջում նորը շատ է․ ուսուցումը երկու ուղղվածություն ունի` հանրակրթական և մասնագիտական։ Հանրակրթական ուսուցումն էլ, իր հերթին, շատ տարբեր է այլ դպրոցների ուսուցումից։ Մեդիակրթություն, նախագծային ուսուցում, բլոգային գործունեություն, էլեկտրոնային փոստերի ամենօրյա գործածում, առավոտյան ընդհանուր պարապմունք, ամենուրբաթյա ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, ստուգատեսներ, ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, հավաքներ ու հանդիպումներ. այս ամենը, որքան էլ հետաքրքիր է մեր նորեկ պատանիների և աղջիկների համար, նույնքան էլ լուրջ դժվարություններ է ստեղծում այլ դպրոցներից մեզ մոտ եկած մեր ապագա ուսանողների համար։ Ուստի նրանցից մեծ ջանքներ են պահանջվում՝ ինքնահաստատման, ինքնադրսևորման այս դժվարին ուղին հաղթահարելու համար։
Նոր ու անսովոր է մեդիակրթությունը։ Քոլեջ ընդունված ամեն մի սովորող հրաժեշտ է տալիս տետրին, թղթին ու գրիչին։ Մեր կյանք ներթափանցած նոր տեխնոլոգիաների՝ համակարգչի, հեռախոսի, համակարգչային շատ ծրագրերի յուրացումը, կիրառումը մեր պատանիների և աղջիկների համար այսօր խնդիր չէ, բայց դրանք՝ որպես ուսումնական գործիք օգտագործելը, այնուամենայնիվ դեռ դժվարությունների առաջ է կանգնեցնում նրանց։ Ամենավառ օրինակը՝ այսօրվա պատանին ու աղջիկը շատ վարժ է տիրապետում համակարգչի կամ հեռախոսի ստեղնաշարին, բայց՝ լատինատառ գրելիս։ Եվ երբ բախվում են հայերեն գրելու խստագույն պահանջին, այն հաղթահարելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Իսկ սա, չէ՞ որ ոչ միայն մայրենիի, այլև մյուս առարկաների համար շատ անհրաժեշտ պայման է։
Նախագծային ուսուցումն ու բլոգավարությունը շատ առումներով փոխկապակցված են իրար։ Դժվար է մեկն առանց մյուսի պատկերացնել, և քանի որ նախագծային ուսուցում իրականցնելիս ծագած խնդիրները հավասարապես վերաբերում են և՛ նախագծին, և՛ բլոգավարությանը, ստիպված ես լինում միաժամանակ գործի դնել և՛մայրենիի ուսուցչի, և՛ բլոգավարի հմտություններդ։
Սեպտեմբերին «Հայրենիքիս» նախագիծն իրականացնելու շարժառիթը օգոստոսյան մեր ճամփորդություններն էին։ Հենց ճամփորդելիս՝ Կոշի ամրոցի բարձունքին պարզեցի, որ մեր սովորողներն իրար հետ միասին մի բանաստեղծություն բերանացի ասել չգիտեն։ Փորձեցինք միասին արտասանել «Ես իմ անուշ Հայաստանին․․», բայց ակնհայտ դարձավ, որ մինչև վերջին քառատողին հասնելը շատերի ձայնը մարեց։ Իբրև մայրենիի ուսուցիչ՝ միասին արտասանել կարողանալն ինձ համար կարևոր խնդիր է։ (Այս մասին խոսելիս շարունակ միտս է գալիս Ավ․ Իսահակյանի «Ազգային երգը»)։ Երկրորդ տարին է, ինչ իրականացնում եմ այս նախագիծը։ Նախ խոսում եմ նախագիծ հասկացության, դրա իրականցման՝ միասին, համատեղ կամ առանձին, անհատական կազմակերպելու մասին, ապա շարունակում, որ ամեն մի սովորող կարող է իր բլոգում շարադրել սեփական նախագիծը, բայց պատին եմ բախվում․մեր սովորողների մեծ մասը բլոգավարության տարրական խնդիրներն է դեռ հաղթահարում, փորձում է դեռ գրագետ մի փոքրիկ տեքստ կամ բառաշարք մուտքագրել, այնպես որ շատերի համար նախագիծ շարադրելը պարզապես անհասկանալի աշխատանք է մնում, ի՞նչ պիտի անի, ի՞նչը ինչպե՞ս պիտի ձևակերպի։ Հասկանում ես, որ գուցե շատ ես շտապել, ու որպես ուսուցիչ՝ առանց հուսահատվելու, պիտի առաջնորդվես փոքրիկ քայլերի արվեստով։ Քիչ, բայց արդյունավետ, անհոգնել պիտի առաջ գնաս։ Այսօր մենք դասարանում շատ ենք արտասանում ՝ դասի սկզբին, դասի վերջին րոպեներին, միասին, խմբերով, միմյանց խրախուսելով, մրցակցելով, նախորդ արտասանությունը հաջորդի հետ համեմատելով։ Եվ լավ է, որ միաձայն արտասանելու մեր գործընթացը դուրս է գալիս դասարանական շրջանակներից․ միասին արտասանելու անհրաժեշտ հարթակ են դառնում առավոտյան ընդհանուր պարապմունքը, ամենուրբաթյա առավոտյան ժամերգությունը, ամենամսյա գրական խոսքի ակումբի պարապմունքները, ճամփորդությունները։ Մեր փոքրիկ հաջողությունը արձանագրելով՝ առաջ ենք շարժվում։ Հիմա արդեն աշխատանքային մի նոր փուլ ենք մտել ու փորձում ենք դա հաղթահարել։ Դժվարությամբ, բայց ամեն օր ավելանում են այն սովորողները, որոնք սկսել են ձայնագրել իրենց ընթերցումները, հետո տեսանյութ պատրաստել, ապա այն ձևավորել ոչ թե համացանցից վերցված, երբեմն անճաշակ, պատահական նկարներով, այլ իր իսկ արած նկարաշարերով։ Նախագծային աշխատանքի արդյունքը տեսաֆիլմով ներկայացնելը դարձյալ նորություն է այլ դպրոցներից Քոլեջ եկած սովորողների համար։ Սովորողը չի կարևորում սա, ավելին՝ հաճախ անլուրջ է վերաբերում այսպիսի աշխատանքին։ Ուստի հարկ է լինում երկար համոզել նրան, բացատրել, հուշել, որ սա նույնպես աշխատանք է ՝ գուցե ավելի կարևոր և խիստ անհատական։ Այս ճանապարհն անցնելիս բախվում ես նաև տարիքային մի շարք բարդույթներ հաղթահարելու խնդրին, ասենք՝ մեկին թվում է, որ իր ձայնը տեսաֆիլմում ծիծաղելի ու տարօրինակ է հնչում, մեկ ուրիշն էլ ընդդիմանում է սեփական աշխատանքը youtube-ում տեղադրելուն (ընկեր-ծանոթները կտեսնեն ու կծիծաղեն), դե իսկ սովորողի կենդանի մասնակցությամբ տեսանյութ պատրաստելը դեռ չենք հաղթահարել։
Կրթահամալիրի ուսումնական օրացույցով սահմանված «Կոմիտասյան օրեր», «Գրաբարի օրեր կամ թարգմանչաց տոն» նախագծերը դասավանդողի իմ անհատական օրացույցում մշտական տեղ ունեն։ Քոլեջում հաճույքով են կարդում Կոմիտասի բանաստեղծությունները, ապա մի քանի նմուշներ («Ճանապարհ», «Իմ երազում») բերանացի սովորում, Կոմիտասի մասին հուշեր, նամակներ գտնում, կարդում, քննարկում, տեղադրում բլոգներում։ Եթե առաջին նախագծի աշխատանքները դժվարություն չեն հարուցում առաջին կուրսեցիների համար, ապա նախորդ տարիներից գիտեի, որ բավական դժվարին խնդիր է գրաբարով՝ թեկուզև փոքր ծավալի տեքստերի ընթերցումն ու ըմբռնումը։ Ուստի արդեն մի քանի տարի է, ինչ այդ դժվարությունը հաղթահարելու ճանապարհն անցնում ենք Նահապետ Քուչակի հայրեններով՝ իբրև աշխատանքի առաջին փուլ՝ գրաբարը փոխարինելով միջին հայերենով։ Բայց այնպես ստացվեց, որ այս ուստարում այդ նախագծին նախորդեց ամենուրբաթյա առավոտյան ժամերգությունը, որի համակարգումն այս անգամ իրականցնում էր Քոլեջը, և իբրև միասնական ընթերցանության նյութ՝ ծրագրում ընդգրկել էինք Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» բանաստեղծությունից մի քանի հատված։ Հարկ եղավ այդ օրերին՝ ամենօրյա դասերի ընթացքում, սովորողների հետ առանձին, միասին կարդալ հատվածները, միջնադարի մեծ բանաստեղծի միտքը հասկանալու համար տողերը բացատրել, փոխադրել աշխարհաբար, գրաբար տեքստը կարդալու տարրական մի շարք կանոններ յուրացնել։ Պիտի խոստովանեմ, որ մեր նորեկ սովորողների համար հեշտ չէր գրագետ, սահուն, հետո նաև միաձայն կարդալ սովորելը։ Բավական ժամանակ պահանջվեց տեքստի դժվարությունները հաղթահարելու, ընթերցողական հմտություններ ձևավորելու ու խթանելու համար։ Ժամերգությունից հետո ներկաների խրախուսական խոսքերը սրտապնդեցին մեր սովորողներին։ Գրաբարի ընթերցողական, քերականական կանոնների հմտություններ փոխանցելու առաջին քայլերը կարծես արված էին։ Իհարկե, չի կարելի ասել, որ այս օրերին՝ Քուչակի հայրեններն ընթերցելիս, ընկալելու բոլոր դժվարություններն են հաղթահարված, բայց որ Շնորհալու հատվածների շնորհիվ ընթերցողական մի շարք խնդիրներ լուծվեցին, դա անկասկած է։
Առջևում Սեբաստացիական օրերն են։ Քոլեջում արդեն սկսվել են նախագծի նախապատրաստական աշխատանքները։ Նախագծի շրջանակում մայրենիի դասերին որոշել ենք իրականցնել «Սեբաստացիները Վանո Սիրադեղյան են կարդում» ծավալուն նախագիծը։ Բայց այս մասին՝ նախագիծն իրականացնելուց հետո։
Ահա այսպես աշխատում ես ու արձանագրում, որ ուսումնական գործընթացում հաղթահարումների, վերելքների ու վայրէջքների շարունակական ճանապարհը սեփական աշխատանքից բավականություն ստանալու ամենակարճ ու արդյունավետ ուղին է։
- Բացվել է 1013 անգամ