Երբ քննությունը ինքնագնահատում է

Քննությունը, եթե դիտարկենք դա որպես վերջնարդյունք, սարսռեցնող է։ Եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով սովորողը քննությանը ցանկալի արդյունք չի ցուցաբերում, ուրեմն՝ ի՞նչ. իզո՞ւր է սովորել, քննվող ժամանակահատվածում չի՞ ապրել, կյանքը քնա՞ծ է անցկացրել, լավ, երա՞զ անգամ չի տեսել։

Ինչպես փաստում է ուղեղաբան Տատյանա Չերնիգովսկայան, ուղեղը սովորում է անընդհատ, սովորում է այն ամենից, ինչ շրջապատում է իրեն։

Ցավոք, ավանդական գնահատումը ստուգում-արձանագրում ու արժևորում է միայն այն գիտելիքն ու հմտությունը, որ պաշտոնական հիմնարկներն են սահմանում։ Այդտեղից միանշանակ դուրս է մնում սովորողի փորձառությունը «հաշվետու» ժամանակաշրջանում, ինչն անկասկած բազմաթիվ հմտությունների յուրացման դաշտ է եղել։

Ավանդական գնահատման մյուս ակնառու թերությունը սովորողի չիմացածը ընդգծելն ու դրա վրա շեշտը դնել է։ Այնինչ սովորելու իսկական խթանը իմացա՛ծը հաշվել- «գույքագրելն» է. այսքան ժամանակահատվածում այսքան սովորել եմ (ոչ թե այսքան տրվածից այսքանը չեմ սովորել)։

Այդպես խթանիչ էր 9-րդ դասարանցիների«Ելքի ստուգատեսը»՝ գրականությունից իրենց սովորածը, բլոգներում ունեցած նյութերը ներկայացնելը։

Նախ՝ սովորողին էր թողնված՝ ինչը ներկայացնի, որը կարևորի, ինչի մասին ավելի հանգամանալից խոսի։ Իրենց ելույթները պիտի պատրաստեին, անշուշտ։ Սովորողները սա առիթ դարձրին անդրադառնալու կատարած աշխատանքներին, լրացնելու պակաս թողածը, ավելացնելու այն, ինչ ժամանակին չեն կարևորել (հիմնիականում՝ սեփական նախաձեռնությամբ արածները), ընտրելու հենց այն թեմաները, որ իրենց հետաքրքրել-հուզել է։ Եղան սովորողեր, որ ներկայացրին իրենց կարդացածը արտասահմանյան գրականությունից, ցույց տվեցին իրենց մտքի խորությունը, իրենց տեղեկացվածության ընդարձակությունը, իրենց նախընտրանքը գրականության մեջ…. Եղան, որ ներկայացրին ուսումնասիրած հայ գրականությունը, մեկնաբանեցին իրենց նախընտրած հեղինակներին, բերանացի արտասանեցին ինչ-որ բան՝ ամեն մեկն իր ընտրածը։ Լրիվ հասուն մարդիկ են։ Իսկ ես կարծում էի՝ դեռ երեխա են։

Սովորողներին էր թողնված նաև ներկայանալու-ներկայացնելու ձևը։ Կային սովորողներ, որ ցուցադրություն էին պատրաստել, հավաքել-համակարգել էին, խմբավորել էին կատարած աշխատանքները, ոմանք (իրենք խոստովանեցին) հայելու առաջ փորձել էին ելույթը, կային սովորողներ, որ համակարգումն արել էին հենց բլոգում։ Կային նաև այնպիսիք, որ չէին արել համակարգում, բայց շատ էլ հետաքրքիր ներկայացան։ Սա, արձանագրենք, լավ առիթ էր, որ սովորողները ևս մի խումբ հմտություններ յուրացնեին։

Ներկայացումներն անցնում էին թեթև, ընկերները ոգևորում էին բանախոսներին, երբեմն հարցեր տալիս՝ բացահայտելու համար նրանց թաքնված տաղանդները, անհրաժեշտ պահերին ծափահարում էին։

Անկաշկանդ մթնոլորտը սովորողներին շատ արագ ազատեց ճնշող լարվածությունից, իրենց հնարավորությունների սահմանում ներկայացան նաև հատուկ կարիքով սովորողները։ Ոչ մի սովորողի ինքնագնահատական չտուժեց, իսկ ոմանք նույնիսկ կատակեցին՝ չկրկնե՞նք։

Կարծում եմ՝ ինքնագնահատման այս ձևը գտնված է. քո առաջ կանգնում է մարդը՝ սովորող կամ ոչ այնքան սովորող, հետաքրքրված կամ ոչ այնքան հետաքրքրված, նպատակադրված ու որոշակի ուղղություն ընտրած…
Իսկ բլոգն օգնում է ներկայանալուն, խոսքը կազմակերպելուն և արտահայտվելուն։

Մեզ մնում էր տեսածն ու լսածը վերածել պաշտոնական մարմիններին ու հանրությանը հասկանալի թվերի։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский