Ներկայացումը՝ որպես ճամբարային գործունեության կազմակերպման ձև
Primary tabs
Կրթահամալիրում ուսումնական գործունեությունը ըստ ուսումնական օրացույցի է կազմակերպվում։ Չնայած նրան, որ բոլոր դասավանդողների համար է օրացույցը ուղեցույց, և ուսումնական նախագծերն ըստ օրացույց են կազմվում, ամեն դասավանդող ազատ է նախագծի ընտրության, նախատեսված աշխատանքի կազմակերpման գործում։ Ինչքան անսպասելի, յուրօրինակ ու հետաքրքիր լինի նախագիծն, այնքան տարբերվող ու հետաքրքիր կլինի սպասվելիք արդյունքը։ Ըստ օրացույցի էլ ուսումնական ամբողջ տարին բաժանվում է չորս ուսումնական շրջանի, որոնցից երկուսը ուսումնական ճամբարներն են։ Եվ հենց այս երկու շրջաններն էլ ինձ համար առավել սիրելի են։ Ինչո՞ւ։
Ասեմ, որ կարևորում եմ այն, որ կրթահամալիրը կա և մնում է անհատի դպրոց՝ ուսումնական գործունեության տարաբնույթ և բազմապիսի տեսակներով, ամեն տարի վերանայվող, թարմացվող ուսումնական օրացույցով, ընտրության գործունեության տարատեսակ ընտրանիով, ճամբարներով (այս շարքը կարելի է շարունակել)։ Այդուհանդերձ, ուսումնական օրացույցի նախագծերը մի տեսակ «պարտադիր են», և շատ քիչ է ժամանակ լինում դասարանում «անել այն, ինչ ուզում ես»։ Հենց այստեղ էլ օգնության են գալիս ճամբարները՝ որպես սովորողի և դասավանդողի անհատականության, հավեսի բացահայտման միջոց։
Ասեմ, որ ճամբարային նախագծերը կազմելն ու ճամբարային գործունեությունը կազմակերպելը հեշտ գործ չէ։ Եթե ուսումնական օրացույցով առաջարկվող նախագծերի դեպքում քիչ թե շատ պատկերացնում ես անելիքը, շատ դեպքերում էլ այդ նախագծերն ամենամյա են և նախորդ տարիներին արդեն փորձարկված, ճամբարային գործունեությունն ավելի բարդ է կազմակերպել, քանի որ․
- Պետք է լինի գրավիչ, որպեսզի սովորողներն ընտրեն։
Ի՞նչ է սա շանակում։ Այս տարի Միջին դպրոցում կազմվեցին սովորողի ընտրությամբ ճամբարային խմբեր, այսինքն՝ սովորողներին ուղարկվեցին բոլոր դասավանդողների նախագծերը, սովորողն իր ցանկությամբ ընտրեց այն նախագիծը, որին ուզում էր մասնակցել։ Այս առումով բոլոր դասավանդողների նախագծերը «մրցակցության դաշտում» հայտնվեցին։ Պարզ էր, որ պետք էր կազմել այնպիսի նախագիծ, որ «մրցունակ», գրավիչ լիներ։
- Պետք է իր մեջ ներառեր գործունեության այնպիսի ձևեր, որ ապահովեր սովորողի տարաբնութ զբաղվածությունը, չհոգնեցներ նրան։
- Պետք է ունենար տեսանելի արդյունք։
- Եվ, որ ոչ պակաս կարևոր է ինձ համար, այն պետք է լիներ նաև ինձ համար հետաքրքիր և ոգևորիչ։
Ասեմ, որ ճամբարային գործունեության կազմակերպման գործում ինձ համար ամենակարևորը վերջին պայմանն է՝ նախագիծը պետք է ինձ համար գրավիչ և ոգևորիչ լինի։ Փորձից գիտեմ՝ ինչ ինձ չի ոգևորում, իմ սովորողին դժվար ոգևորի։ Այս առումով արդեն երկու տարի է՝ հստակ գիտեմ, թե ինչով եմ ուզում զբաղվել ճամբարի ընթացքում։ Ուսումնական առաջին և երրորդ շրջաններում իրար հաջորդող նախագծերն այնքան շատ են, որ միշտ ժամանակ չի լինում թատերական ներկայացման համար։ Իսկ ես շատ էի ուզում որևէ ներկայացում պատրաստել սովորողներիս հետ։ Լավ ճանաչելով նրանց՝ գիտեմ, որ իմ ուզելը շատ քիչ է, նրանք պետք է ուզեն։ Ովքեր աշխատել են Միջին դպրոցում, գիտեն, որ այս տարիքում երեխաները շատ կամակոր են, բարդույթներով, ունեն իրենց հետաքրքրությունները, և միշտ չէ, որ ուսումնական նախագծերը գրավիչ են նրանց համար։ Արդյո՞ք թատերական ներկայացումը կգրավի։
Ինչպես սկսեցինք
Երբ անցած տարի՝ ձմեռային ճամբարի ընթացքում, որոշեցի թատերական ներկայացման նախագիծ ներկայացնել, շատ աղոտ էի պատկերացնում, թե ինչ է ինձ սպասվում։ Այնուամենայնիվ, կազմեցի նախագիծը և ներկայացրի այն սովորողներիս։ Ասեմ, որ նախագծի նախնական տեսքը շատ անհասկանալի, տարտամ էր, միայն հստակ էր այն, որ վերջում ներկայացում է ստացվելու, բայց թե ինչ ներկայացում է լինելու, ինչ ընթացք է ունենալու, ոչինչ նշված չէր։ Այդ ամենը սովորողների հետ պետք է որոշեինք, կազմեինք։ Ես կարծում էի, որ ամենահարմարը ստվերային թատրոնի ձևաչափն է, քանի որ դժվար թե սովորողներս ուզեին բեմ բարձրանալ։ Բայց, փաստորեն, սխալվում էի։ Իմ առաջարկը մի խումբ սովորղների կողմից չընդունվեց, քանի որ պարզվեց, որ լավ էլ ուզում են բեմում խաղալ։ Եղան սովորողներ էլ, որ ընդհանրապես չմասնակցելու փոխարեն համաձայնեցին շիրմայի ետևից խաղալ։ Շա՜տ ուրախացա։ Չկարծեք, թե այդքան հեշտ է այդ տարիքի երեխաներին համոզել բեմ դուրս գալ։ Երբեմն դա մի քանի օրվա հետևողական աշխատանք է պահանջում։ Հաճախ համաձայնում են, հաջորդ օրը՝ հրաժարվում, հետո նորից համաձայնում․․․
Հաջորդ փուլը կերպարների ընտրությունն էր և սցենարի կազմումը։ Քանի որ առջևում Դդմատոնն էր, որոշեցինք դդմի հետ կապել մեր ներկայացումը և կազմեցինք սցենարը։
Այս տարի ավելի դժվար որոշեցինք, թե ինչ պետք է անեինք։ Մի քանի անգամ տարբեր ձևաչափերի վրա կանգ առանք։ Վերջապես բոլորն էլ համաձայնեցին բեմում երևալ, և քանի որ ամանորյա ընթերցանության ժամանակ շատ հավանել էինք Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսը, որոշեցինք այդ ստեղծագործության ասելիքը դնել ներկայացման հիմքում։ Կերպարներ ընտրեցին իրենց համար, և հորինեցինք սցենարը։
Ընթացքը
Երբ արդեն գիտես, թե ինչ պետք է անել, թվում է՝ ընթացքը շատ հեշտ պետք է լինի։ Բայց այս փուլն էլ իր դժվարություններն ունի։ Ազատ միջավայրում՝ մանավանդ բեմում, լրիվ փոխվում է սովորողների վարքը։ Դառնում են անկաշկանդ, այնքան են ոգևորվում, որ երբեմն «չեն բռնվում» բեմում։ Բայց մի քանի օր հետո, երբ բեմն ավելի «սովորական» է դառնում, սկսում են ինքնակազմակերպվել, որոշում են, թե որ հատվածը ոնց պետք է խաղալ, հետաքրքիր, անսպասելի լուծումներ են առաջարկում։ Ամենակարևորը՝ սովորողներդ այլ կողմերով են սկսում երևալ։ Երբեք չէի պատկերացնի, որ դասարանում սուսիկ-փուսիկ Էլենը կամ կամակոր Սելլան իրենց առաջարկով գլխավոր կերպարներ կխաղան և բեմից չեն իջնի, Ռաֆայելը կհամաձայնի դդմի կերպարով հանդես գալ, Դավիթը, Նարեկն ու Մարտինը կենդանիներ կդառնան։ Ահա, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ միջավայրը։
Երեք շաբաթ ամեն օր, ինչքան էլ գրավիչ լինի բեմը սովորողի համար, դժվար է նույն գործունեությամբ զբաղվել։ Բացի դրանից, ներկայացման համար հագուստ, դեկորներ, հյուրասիրության թխվածք և այլ պարագաներ են պետք։ Սկսեցինք նախապատրաստական աշխատանքները․
- Կերպարների, զգեստների, դեկորների պատրաստում
- Դդմաթխածքի պատրաստում
- Կերպարների, ծառի պատրաստում
- Ծառի պատրաստում
Նախապատրաստական աշխատանքներն ավելի են ոգևորում սովորողներին, ամեն աշխատանքից հետո կարծես ավելի են մոտենում «ներկայացմանը»։
Արդյունքը
Երբ արդեն պատրաստ էին զգետսներն ու դեկորները, հայտնի են ներկայացման օրն ու ժամը, անոնս-հրավեր տեսագրեցինք։ Ո՜նց էին իրար հուզվել, խառնվել, հասկանում էին, որ մոտեցել է այդքան սպասված օրը․․․
Ներկայացման օրը բոլորն անհանգիստ և հուզված են լինում։ Պետք է տեսնել նրանց դեմքերը բեմի ետևում, երբ արդեն տեղավորվում է հանդիսատեսը։ Ամեն անգամ ինձ թվում է, որ բեմ դուրս չեն գա, հիմա կիջնեն բեմից ու չեն խաղա՝ տապալելով ներկայացումը։
Ամեն ներկայցումից հետո սովորողների հետ փաստում ենք,որ ընթացքը, նախապատրաստական աշխատանքները շա՜տ ավելի հետաքրքիր ու ոգևորիչ էին, քան ներկայացումը։ Ճամբարային գործունեության ավարտին էլ բոլոր աշխատանքները հավաքեցինք մի փաթեթում և ներկայացրինք «Ձմեռ պապ» մրցանակի։
Շա՜տ ուրախացանք, որ Ձմեռ պապը նկատեց և գնահատեց մեր աշխատանքը։ Շնորհակալ ենք․․․
- Բացվել է 634 անգամ