Ընտանեկան դաստիարակության արվեստը

Բնագիրը

Մանկավարժական էսսե

Ժպիտ

Մեղմ է ասված՝ պատրաստվում է։

Դու երբևէ արյան հետ խառնված կաթ խմե՞լ ես։ Մի՛ զարմացիր, մի՛ շտապիր ժխտել։ Մայրիկը պատրաստվում է. նա սեղմում է ատամները, աչքերը լի են արցունքներով, դողացող ձեռքերով նա հանում է կուրծքը, պտուկն ասես հատված է դանակով, վերքից արյուն է ծորում։

Փոքրիկ աքսելերատը, հենց նոր տաք լոգանքից բավականություն ստացած, փաթաթված մաքուր խանձարուրի մեջ, հիմա սկսում է սնվել. նա գայլի պես սոված է, ուտել է ուզում, հարկավոր է, որ քաշն ավելացնի, նա ձայնը գլուխն է գցում և միանգամից, հենց շուրթերով բռնում է մոր պտուկը, ձայնը կտրում է։ Եվ շուտով լիքը բերանից սկսում է հոսել կարմրադեղին հեղուկը։ Մայրիկը հառաչում է, կծոտում սեփական շրթունքները, նրա աչքերից արդեն հոսքով քո դեմքին են թափվում նրա արցունքները, իսկ ամբողջ մարմինը ցնցվում է նոպայից։ Բայց նրա ձեռքերն ասես գիտակից ու ինքնուրույն են գործում, խնամքով օրորում է ու մաքրում քո՝ մայրիկի արցունքներից թրջված դեմքը։

Դու կշտացար ու քնեցիր։ Ձեռքերը քեզ անկողին են դնում։

Դու մի քիչ ձգվում ես։ Քո շուրթերին ասես ներսից հայտնվում է զարմանալի քնքուշ, զարմանալի նուրբ նախնական ժպիտդ։ Ժպիտդ խաղում է ընդամենը մեկ- երկու վայրկյան ու հետո նորից վերադառնում է ներս, անհետանում։ Ասես դա քո միակն էր, ու դու խնայում ես։

Քո այդ ժպիտի մասին շատ բան հայտնի չէ։ Հաստատում են միայն, որ այն՝ քո առաջին ժպիտը, որ այդպես անառիթ ու անսպասելի լուսավորում է մանկան դեմքը, նույնպես ժառանգված է բնությունից՝ մորից։

Ահա թե ինչ է նա մեզ նվիրում։ Իսկ գուցե նա մեզ ակնարկում է՝ ինչպես կառուցել դաստիարակությունը։ Գաղտնիք է։ Ես անձամբ այն ընկալում եմ որպես երեխայի՝ կյանքով ուրախանալու իրավունքի խորհրդանիշ։

Մեր գուշակությունները չեն փարատում մանկան Առաջին Ժպիտի մասին խորհուրդը, այն հանելուկ է մնում։ Ու քանի դեռ այն հանելուկ է, քանի գիտությունը ի վիճակի չէ բացահայտելու այդ հանելուկը, օգտվելով առիթից՝ կհորինեմ մի պատմություն Ժպիտի ստեղծման մասին։

Ահա իմ հորինած միֆը։

Սա վաղուց, շատ վաղուց է եղել, երբ դեռ մարդիկ չէին կարողանում ժպտալ։

Այո, եղել է այդպիսի մի ժամանակ։

Ապրում էին նրանք տխուր ու ձանձրալի։ Աշխարհը նրանց համար սևագորշ էր։ Արեգակի փայլն ու վեհությունը նրանք չէին նկատում, աստղալից երկնքով չէին սքանչանում, չգիտեին սիրո երջանկության մասին։

Այդ անհիշելի ժամանակներում մի բարի հրեշտակ որոշեց Երկնքից Երկիր իջնել, մարմին առնել ու երկրային կյանքով ապրել։

«Բայց ինչո՞վ պիտի գնամ մարդկանց մոտ», — մտածեց նա։

Նա չէր ուզում հյուր գնալ մարդկանց առանց նվերի։

Եվ այդ ժամանակ օգնության համար դիմեց Հորը։

-Մարդկանց նվիրիր ահա սա, -ասաց Հայրը և նրան մեկնեց փոքրիկ մի կայծ, այն շողշողում էր ծիածանի բոլոր գույներով։

-Ի՞նչ է սա, — զարմացավ բարի հրեշտակը։

-Սա ժպիտ է,- ասաց Հայրը։ -Դի՛ր այն քո սրտում և կընծայես մարդկանց։

-Եվ ի՞նչ կտա դա նրանց, — հարցրեց բարի հրեշտակը։

Դա նրանց կյանքի առանձնահատուկ էներգիա կտա։ Եթե մարդիկ տիրապետեն նրան, կգտնեն այն ուղին, որ հաստատում է ոգու ձեռքբերումները։
Բարի հրեշտակը սրտում դրեց զարմանալի կայծը։

-Մարդիկ կհասկանան, որ ծնվել են միմյանց համար, իրենց մեջ կբացահայտեն սերը, կտեսնեն գեղեցկությունը։ Միայն թե հարկավոր է, որ զգույշ լինեն սիրո էներգիայի հետ, քանզի…

Եվ հենց այդ վայրկյանին բարի հրեշտակը Երկնքից իջավ Երկիր, այսինքն՝ մարմին առավ, ծնվեց ու չլսեց Հոր վերջին խոսքերը…

Նորածինը լաց եղավ։ Բայց ոչ նրա համար, որ վախեցավ մութ քարանձավից, խոժոռ ու հազիվ իրարից տարբերվող մարդկանց դեմքերից, որ տարակուսանքով իրեն էին նայում։ Նա լաց էր լինում զղջումից, որ չհասցրեց լսել, թե ինչու պետք է մարդիկ զգույշ լինեն Ժպիտի հետ։ Նա չգիտեր ինչպես վարվել. նվիրե՞ր մարդկանց նրանց համար բերած Ժպիտը, թե՞ թաքցներ նրանցից։

Եվ որոշեց սրտից հանել կայծի շողը և դրեց այն իր փոքրիկ բերանի անկյունում։ «Ահա ձեզ նվեր, մարդի՛կ, վերցրե՛ք այն», — մտովի նրանց փոխանցեց նա։

Քարայրն ակնթարթորեն լուսավորվեց կախարդական լույսով։ Դա նրա Առաջին Ժպիտն էր, և խոժոռադեմ մարդիկ էլ առաջին անգամ տեսան այն։ Նրանք վախեցան ու փակեցին աչքերը։ Միայն խոժոռադեմ մայրիկը չկարողացավ հայացքը կտրել անսովոր երևույթից, նրա սիրտը զարկեց, իսկ դեմքին արտացոլվեց այս զմայլանքը։ Նա լավ զգաց իրեն։

Մարդիկ բացեցին աչքերը, նրանց հայացքը գամվել էր ժպտացող կնոջը։

Այդժամ նորածին մանչուկը ժպտաց բոլորին նորից, նորից ու նորից։

Մարդիկ մեկ փակում էին աչքերը՝ չդիմանալով ուժգին շողարձակումին, մեկ բացում։ Բայց վերջապես հարմարվեցին և նույնպես փորձեցին ընդօրինակել մանչուկին։

Բոլորը լավ զգացին սրտում ծագած անսովոր զգացումից։ Ժպիտը ջնջեց նրանց դեմքի մռայլը։ Աչքերը պայծառացան սիրուց, և ամբողջ աշխարհն այդ պահից սկսած նրանց համար գունեղ դարձավ. ծաղիկները, արեգակը, աստղերը նրանց մեջ գեղեցկության, զարմանքի, սքանչացումի զգացում առաջացրին։

Բարի հրեշտակը, որ ապրում էր երկրային մանկան մարմնում, մտովի փոխանցեց մարդկանց իր անսովոր նվերի անունը, բայց նրանց թվաց, թե «ժպիտ» բառը իրենք՝ մարդիկ են հորինել։

Նորածին մանկիկը երջանիկ էր, որ մարդկանց այդպիսի հրաշագործ նվեր է պարգևել։ Բայց երբեմն նա տխրում էր ու լալիս։ Մայրիկին թվում էր, թե նա քաղցած է, ու մայրիկը շտապում էր նրան կուրծք տալ։ Իսկ նա լալիս էր, որովհետև չհասցրեց լսել Հոր խոսքը և մարդկանց փոխանցել նախազգուշացումն այն մասին, թե ինչպիսի զգուշավորություն պիտի դրսևորեն մարդիկ Ժպիտի էներգիայի հանդեպ։

Այսպես հայտնվեց մարդկանց Ժպիտը։

Այն փոխանցվել է նաև մեզ՝ նոր դարաշրջանի մարդկանց։

Եվ մենք էլ այս էներգիան փոխանցելու ենք հաջորդ սերունդներին։

Բայց արդյո՞ք մեզ գիտելիք է տրվել, թե ինչպես պետք է վերաբերվենք Ժպիտի էներգիային։ Ժպիտը հզորություն է կրում։ Բայց ինչպե՞ս կիրառել այդ հզորությունը հանուն բարու, այլ ոչ թե չարի։

Գուցե մենք արդեն խախտո՞ւմ ենք այդ էներգիայի ինչ-որ կարևոր օրենք։ Ասենք կեղծ ենք ժպտում, անտարբեր ենք ժպտում, ծաղրանքով ենք ժպտում, չարամտորեն ենք ժպտում։ Նշանակում է՝ վնասում ենք ինքներս մեզ և ուրիշներին։

Մեզ հարկավոր է անհապաղ լուծել այդ հանելուկը, կամ ստիպված ենք լինելու սպասել, որ Երկնքից իջնի մեր բարի հրեշտակը, որ Ժպիտի էներգիայի մասին կրում է ամբողջ տեղեկությունը։

Միայն թե ուշ չլինի։

 

Հրաբուխ

Միգուցե դու ժամանակից դո՞ւրս ես ապրում։ Միգուցե քո շուրջը ստեղծված է հատուկ, մեզ անհայտ ժամանակ ու տարածությո՞ւն։ Մի քանի ամիսների, երեք-չորս տարիների ընթացքում դու մարաթոնյան ահռելի վազք ես իրականացնում։ Ամեն օր, ամեն րոպե ու վայրկյան քո զարգացմանն ուղղված դաշտում գրանցվում են զարմանալի փոփոխություններ և նորագոյություններ։

Այդպես ժամանակը միայն կինոժապավենի վրա է դրոշմվում, միայն երազում, միայն երևակայության մեջ. վայրկյանները հավասարվում են ժամերին, րոպեները՝ օրերին, ժամերն՝ ամիսներին, իսկ օրերը՝ տարիներին։

Սակայն իմ երևակայությունը դավաճանում է ինձ․ երեխայի զարգացման այդ առաջին ամիսները, առաջին երեք-չորս տարիները իրականում հավասար են մարդկության զարգացման միլիոնավոր տարիներին։ Չէ՞ որ ես, նայելով իմ որդուն, դարձել եմ զարմանալի մի երևույթի ականատեսը, որ գալիս, հասնում է ինձ ժամանակի հազարավոր հորիզոնների հեռվից։ Ես վկան եմ նրա, թե ինչ ներդաշնակությամբ մայր բնությունը անվերջ տքնանքի միլիոնավոր տարիներ տեղավորել է երեխայի կյանքի առաջին երեք-չորս տարվա մեջ իր մանրակրկիտ արարչական գործի էությունը, հենց իր էությունը։

Խելքից դուրս է։

Մի՞թե հնարավոր է դադարել այդ սքանչելիքով զմայլվելուց, քանի միլիոն անգամ էլ որ այն կրկնվի մեր տեսադաշտում։

Ես ՝ իբրև բնության մի մասնիկը՝ նրա էությունը, նրա պսակը, ես՝ որպես հայր, որպես մայր, որպես արարող և մարդ, ինձ նման մարդկանց մեջ շտապում եմ դառնալ բնության մասնակիցը՝ արարելու համար Մարդուն, որ կգերազանցի ինձ ու կծառայի մարդկանց։

Քո մեջ արթնանում են ուժերը։

Ճիշտ այդպես էլ արթնանում է հրաբուխը։

Քո շուրջն ամեն ինչ սկսում է երերալ, ինչպես հրաբխի շուրջը։

Մարդիկ վախենում են երկրաշարժից, հրաբխի ժայթքումից։

Մայրիկն ու հայրիկն էլ են վախենում, երբ իրենց երեխան սկսում է դուրս նետել իր ուժերը։

Շատ բնակարաններից կարելի է լսել անհավասարակշիռ մանկավարժության անհեթեթ վայնասուններ․

«Չի՛ կարելի… մի՛ արա… ձեռք մի՛ տուր… հանգստացի՛ր․․․ մի՛ նետիր․․․ մի՛ ջրադիր… անմիջապես դո՛ւրս եկ․․․, խաղաղվի՛ր…  հանգստացի՛ր… ա՜խ»։

Հազարավոր երեխաներ հազարավոր բնակարաններում ասես համաձայնության են եկել իրար հետ․ նրանք միաժամանակ կարող են կառչել հյուրերի պատվին գցած սեղանի սփռոցին, քարշ տալ իրենց հետևից, և տանը կհնչի այնպիսի մի շրխկոց, որ մի հարկ ներքև ապրողները սարսափած կբռնեն գլուխները։ Մայրիկները հուսահատության գիրկը կընկնեն, հայրիկներն աջ ձեռքի ափը կբանան՝ պատրաստվելով արդարադատություն իրականացնելու, տատիկներն ու պապիկները ակնթարթորեն ոտքի կելնեն՝ իրենց թոռնիկներին պաշտպանելու։ Իսկ վերջիններս այդ պահին կարող են հրճվել, ոգևորվել, ծիծաղել գետին ընկնելու չափ։

«Երեխայի մեջ չար նախասկիզբ կա», — կշտապեն բացատրել ոմանք։

«Հարկավոր է խեղդել այդ նախասկիզբը», — կշտապեն խորհուրդ տալ մյուսները։

Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ կլինի հրաբխի հետ, եթե մարդիկ փակեն նրան խառնարանում, և լավան նրա միջից չկարողանա ժայթքել։ Բայց ես լիովին հստակ կարող եմ կանխատեսել, հիմնվելով գիտական իմացությունների վրա, թե ինչ կլինի երեխայի հետ, եթե հայրիկներն ու մայրիկներն սկսեն նրան դաստիարակել՝ նախապես կապելով նրա ձեռքերն ու ոտքերը։ Ժայթքելու ձգտող ուժերը կխեղդվեն, անօգնական կդառնան ոչ միայն ձեռքերն ու ոտքերը, այլև միտքը։ Կապից արձակիր այդ կերպ դաստիարակված երեխային մի երկու տարի անց, և նրա մտքով հավանաբար չի էլ անցնի ֆռռիկով սարից գլորվել կամ կատարելագործել կյանքը։

Ի՞նչ չար նախասկզբի մասին է խոսքը։ Երեխան ձգտում է, ինքն էլ դա չհասկանալով, զարգացնել իր հնարավորությունները, կարողությունները, ընդունակությունները, որոնք այդպես շռայլորեն պարգևել է նրան բնությունը։

Նա միջավայր է փնտրում, որտեղ շատ են դժվարությունները։ Նա զգում է, որ իրեն դժվարություններ են պետք, հենց դժվարություններ։ Նա անհանգիստ է։ Եվ հանկարծ․․․

Նա խաղալիքը բերանն է տանում։ — «Գցի՛ր, թո՜ւ-թո՜ւ»։

Նա մտնում է մահճակալի տակ։ — «Դո՛ւրս արի»։

Նա բարձրանում է բազմոցի վրա, որ այնտեղից թռչի։ — «Իջի՛ր»։

Նա փորձում է շուռ տալ աթոռը։ — «Չփորձե՛ս»։

Նա վազում է սենյակներով՝ իր ետևից տանելով գնացքը և փնչալով գնացքի նման։ — «Բավակա՛ն է» ։

Փորձում է գլուխ հանել լարովի խաղալիքից։ — «Չի՛ կարելի»։

Հարցը հարցի հետևից է տալիս՝ ինչո՞ւ, ո՞վ, ի՞նչ։ — «Լռի՛ր»։

Ինչպե՞ս վարվել թիթեռնիկի հետ։ Գուցե պոկոտել նրա գեղեցիկ թևիկները, որ նա չտանջի իրեն՝ ծաղկից ծաղիկ թռչելով, և չփչացնի այդ ծաղիկները։

Ինձ վախեցնում է նաև որոշ հայրիկների ու մայրիկների անտարբերությունը, որ թույլատրում են երեխային ամեն ինչ անել, ինչ նրա մտքով կանցնի։ — «Թող անի»։

Երեխան պատռում է գեղեցիկ, պատկերազարդ գիրքը։ — «Ոչինչ»։

Ջարդում է գեղեցիկ մրգամանը։ — «Ոչինչ»։

Քաշում է մայրիկի մազերից և ճղճղում։ — «Ոչինչ»։

Եվ շատ ընտանիքներում երեխաները դաստիարակվում են մեծերի՝ ամեն ինչ թույլատրելու հրամայական ճնշման կամ ամեն ինչ ավիրելու քաոսային ամենաթողության ներքո։

«Երեխաները հայտնվել են մեծերի իշխանության ներքո։ Հարկավոր է նրանց փրկել»,-զայրանում են որոշ տեսաբաններ և կոչ են անում սրբազան խաչակարաց արշավանքի՝ հանուն երեխաների պաշտպանության։

Այո՛, ճշումը պետք է կոտրել, դեն շպրտել։ Բայց պետք է զգուշանալ նրանից, որ մեծերը չհայտնվեն երեխաների բռնության ներքո։

Մեծերի բռնակալությունը, որ տիրում է ամենաթողության կամային դաստիրակության մեջ, թե երեխաների բռնակալությունը, որ ծաղկում է ամեն ինչ ավիրող քաոսում, կրում են միանման դառը պտուղներ, այն է՝ երեխայի ճակատագրի ավիրումը։ Այստեղ չարժե ոսկե միջին փնտրել։ Հրամայականության և ամենաթողության դաստիարականության մեջ միջին չկա։ Կա միայն միակ ճշմարիտ մոտեցում դաստիարակության հանդեպ՝ հումանիստական։

 

Զարգացում

Երեխային ինչո՞ւ են պետք դժվարությունները։

Ինչպե՞ս թե՝ ինչու։ Որ հաղթահարեն դրանք։

Ինչո՞ւ ստեղծել դժվարություններ, իսկ հետո հաղթահարել դրանք։ Մի՞թե առանց դրանց հնարավոր չէ։

Ո՛չ, հնարավոր չէ։

Դժվարությունները երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր-բարոյական զարգացման համար աստիճաններ են, որոնք հաղթահարելով՝ նա բարձրանում է մարդկայնության պատվանդանով։ Երեխան զգում է՝ ինքն անհրաժեշտություն ունի ուժերն ու իր ձիրքերն ամրապնդելու դժվարությունները հաղթահարելով։ Իսկ մեզ անհրաժեշտ է պատրաստել այդ աստիճանները, որոնցից յուրաքանչյուրը նրա մեջ կարող է խթանել ֆիզիկական ու հոգևոր շնորհների գործունեությունը։

Ես փռում եմ փոքրիկ գորգը և որդուս հետ նստում նրա վրա։ Ընտրում եմ գունավոր պլաստմասսայից խաղալիքը և դնում նրանից հեռու՝ գորգի վրա։ Նա առանց դժվարության հասնում է խաղալիքին, վերցնում ու միանգամից տանում բերանը։ Ապա նետում է այն մահճակալի տակ։

Ես վերցնում եմ մեկ ուրիշը, դնում ավելի հեռու նրանից, որ ավելի դժվար լինի հասնելը։ Բայց հեռավորությունը, պարզվեց, չափազանց շատ է, ու նրա մեջ կորավ հետաքրքրությունը խաղալիքի հանդեպ, չմոտեցնե՞մ այն մի քիչ։ Նա նախապատրաստվում է գրոհել, իսկ ես գորգի վրա չափում եմ խաղալիքի հեռավորությունը նրա նախնական տեղից։ Դա «մոտակա զարգացման գոտին է»՝ չորեքթաթ տալով հասնել խաղալիքին։ Այսպես աստիճանաբար ես խաղալիքը կհեռացնեմ նրանից։

Որդիս մեծանում է, նա մեկուկես տարեկան է։ Նույն գորգի վրա մենք մրցում ենք։ Նա սիրում է կոխ բռնել հոր հետ։ Քրտնում է, փնչացնում, բայց չի նահանջում։ Ես զգում եմ՝ ինչպես են ձգվում նրա մկանները։ Ստիպում եմ պտույտ գալ, հարվածել, գուցե և ցավ եմ պատճառում։ Նա ցնծում է, ինքը հաղթել է, բայց ի՞նչ ջանքերի գնով, այդ միայն ես գիտեմ։ Ամեն անգամ ես դժվարացնում եմ հաղթանակին հասնելու ուղին։ Նա վհատվում է, երբ միանգանից հանձնվում եմ։ Ո՛չ, նա չի ուզում, որ հաղթանակը իրեն հեշտ տրվի՝ առանց ջանքերի։

«Դե, թռի՛ր, թռի՛ր, դե, մի՛ վախեցիր»։ Նա կանգնում է բազմոցին։ Աթոռակից նա արդեն ազատ թռչում է, բայց բազմոցից դեռ չի համարձակվում։ «Թռի՛ր դե, մի՛ վախեցիր»։ Նա թռավ ու ընկավ։ «Ոչինչ, ոչինչ։ Մի անգամ էլ»։ Նա նորից ընկնում է, բայց ուրախանում։ Ռեկորդը կրկնվում է։ Հարկավոր է ավելացնել բարձրությունը։ Գուցե պետք է հնարավորություն տալ նրան վաղը սեղանի՞ց թռչել։

«Արի վազենք, տեսնենք՝ ով արագ կվազի»։ Զբոսայգին մեծ է, բոլորիս կբավարարի։ Մենք վազում ենք, մեկ նա է ինձնից առաջ անցնում, մեկ ես՝ նրանից, մեկընդմեջ։ Տեսնում եմ՝ նա հոգնել է։ Մենք փռվում ենք խոտերի վրա ու սկսում գլուխկոնծի տալ։ Վաղը, մյուս օրը հարկ կլինի արագացնել տեմպը և երկարացնել հեռավորությունը։

«Չե՞ս ուզում ծառ բարձրանալ»։ Նա հինգ տարեկան է։ Նա փորձում է։ Չի ստացվում։ Ես օգնում եմ։ Ամեն անգամ, անցնելով զբոսայգու այդ ծառի մոտով, նա փորձում է բարձրանալ։ Հաղթանա՜կ։

Մենք դեպի կիրճ արշավ ենք գնում։ Այնտեղ շա՜տ մեծ ու փոքր քարեր կան։

«Արի, աշտարակ կառուցենք»։ Նա ուրախ է։ Մենք քարեր ենք հավաքում՝ մեծ ու փոքր, խնամքով դնում ենք իրար վրա, որ քառանկյուն աշտարակը փուլ չգա։ Հոգնել ենք։ Հարկավոր է ճաշել։ Հաջորդ, երրորդ անգամ վերադառնում ենք նույն տեղը՝ ավարտին հասցնելու աշտարակը։ Գագաթին դրոշակ ենք դնում։ Բարձր ու գեղեցիկ է մեր աշտարակը, այն բոլոր անցորդներին դուր է գալիս։

 

Գոնզիկ

Շատ ափսոսում եմ, որդի՛ս, որ մենք մեր անփութության պատճառով կորցրինք մի շատ հետաքրքիր գիրք, որ այնպես խորը ազդեցություն է ունեցել քեզ վրա։ Ես չեմ հիշում հեղինակին ու գրքի վերնագիրը, բայց հիշում եմ գրքի հերոսին, որ ընկերացել ու հարազատացել էր քեզ հետ։ Նա դուրս էր գալիս գրքի էջերից, խաղում քեզ հետ, դուք բնակարանում միասին խառնաշփոթ էիք ստեղծում կամ օգնում մայրիկին, տատիկն օգնում ծաղիկները ջրելու, դասավորում աթոռները, զամբյուղը բերում, բաժակները հանում։

Այդ չեխ մանչուկը՝ այդ Գոնզիկը, քեզ հանգիստ չէր տալիս։

Մենք նստում էին ճաշելու։ Դու կանչում էիր Գոնզիկին։ Տատիկը բացում էր գիրքը՝ հրաշալի, գրավիչ, զվարճալի, չարաճճիի արկածներով։ Գիրքն ամբողջովին գունեղ նկարներով էր։ Տատիկը սկսում էր կարդալ քեզ համար նկարների տակ գրվածները, դու ծիծաղում էիր, ուրախանում, ուշադիր լսում։

Գոնզիկն էլ էր նստում սեղանի շուրջը։

«Տեսնո՞ւմ ես, թե նա ինչ կոկիկ է ուտում, — ասում էր տատիկը։ — Դու էլ կոկիկ կեր։ Արի Գոնզիկին ցույց տանք, թե ինչպես ենք բացում բերանը․․․ ծամում․․․»

Այո, պետք է ցույց տալ Գոնզիկին, որ մենք էլ ենք կարողանում սեղանի շուրջ նստել, շնորհակալ լինել ճաշի համար։

«Տեսնո՞ւմ ես, թե քո Գոնզիկը ինչպես է լվացվում, — շարունակում է տատիկը։ — Նայիր հայելու մեջ. ինչի՞ ես նման։ Արի լվացվենք, թե չէ Գոնզիկը կնեղանա»։

Այո՛, չի կարելի նեղացնել Գոնզիկին, պետք է լվացվել։

«Նայիր, ինչ քաղաքավարի է նա, դու էլ այդպիսին եղիր»։

Հարկավոր է շնորհակալ լինել ճաշի համար, ինչպես Գոնզիկը։

Բայց Գոնզիկը նաև ծովահեն էր, նա անմարդաբնակ կղզիներ ուներ։

Դու բնակարանում աթոռներից նավ ես սարքում, դա էլ հենց անմարդաբնակ կղզին է։

Չնայած քեզ բացատրում ենք, որ հավաքած անկողնու վրա բարձրանալ չի կարելի, դա քեզ անհասկանալի է, չէ՞ որ Գոնզիկն էլ է բարձրացել մահճակալի վրա։

Տատիկը քեզ այգուց տուն է բերել. Դու մինչև ոսկորներդ թրջված ես։ Աշուն է։ Ցուրտ է։

Ի՞նչ է պատահել։ Մի՞թե անձրև է դրսում։

«Բացատրեք ձեր որդուն, որ ինքը Պաատան է, ոչ թե Գոնզիկը․․․ Հո չի՞ կարելի անել այն ամենը, ինչ Գոնզիկն է անում․․․ Նա վերցրեց ու թռավ ջրավազանը, ինչպես Գոնզիկը»։

Դու մրսում ես ու զղջում, որ թռել ես ջրավազանը, խոստանում ես այլևս չանել։

Իսկ երբ գալիս է գիշերը, ու ժամանակն է քնելու, դու սկսում ես ընդվզել։

«Բայց Գոնզիկն էլ է պառկում քնելու այդ ժամին»։

Երկաթյա տրամաբանություն։ Դու պառկում ես և ծածկվում, ինչպես Գոնզիկը ու կանչում ես քեզ մոտ Գոնզիկին։

Դու գիրքը ծածկոցի տակ ես դնում ու շուտով քնում։ Կյանքը շարունակվում է նաև քնած ժամանակ, և դրա համար էլ կողքի սենյակից մեզ է հասնում քո մեղմ, հստակ ձայնը․ «Գոնզիկ…Սիրելիս․․․Ես սիրում եմ քեզ, Գոնզիկ ջան»։

Դրա համար էլ մայրիկը քեզ Գոնզիկ էր ասում, և դու երկար ժամանակ Գոնզիկ էիր խաղում․ խելացի էիր ու հիմար, ինչպես Գոնզիկը, բարի ու չարաճճի, ինչպես Գոնզիկը, բարեկիրթ ու վայրենի, ինչպես Գոնզիկը։

Հավանաբար Գոնզիկի մասին պատմող գրքի բոլոր օրինակները վաղուց արդեն անհետացել են, հազարավոր երեխաներ, տասնյակ հազարավոր անգամներ խաղացել են իրենց հերոսին, բարեկամացել նրա հետ։

Այդպիսի գրքեր չկա՞ն գրախանութում։ Դժվա՞ր է գտնել։ Լա՛վ փնտրեք, հայրիկներ ու մայրիկներ, անցեք գրախանութներով, նաև բուկինիստականով, թե չէ ձեր երեխաները կաղքատանան առանց լավ, չարաճճի հերոսներով գրքերի։

 

Բուրատինո

Ինչպե՞ս կարող էի պատկերացնել, որ տիկնիկային ինքնագործ թատրոնի այս փոքրիկ տիկնիկը քո կյանքին այսքան ուրախություն կբերի։ Ինչպե՞ս կարող էի կանխատեսել, որ նա կդառնա մեր բարի գործընկերը քո դաստիարակության գործում։

Ես հենց այնպես գնեցի այն՝ չմտածելով, թե որքան ավելի հաջող ու տրամադրող ազդեցություն կունենա քեզ վրա որոշ բացառիկ իրավիճակներում, քան մեր, թող որ անգամ խմբային խրատները։

Եթե ես դա կարողանայի կանխատեսել, ապա ջանք չէի թափի այցելելու բոլորր խանութները, կվերցնեի փայտի մի կտոր, կկտրեի ուրախ մի դեմք՝ երկար քթով, ներկերի միջոցով նրան ավելի ուրախ կդարձնեի, ապա կկարեի ու կհագցնեի մի կարմիր սովորական վերնաշապիկ, կանցկացնեի աջ ձեռքիս ու կսկսեի դաստիարակությունը։

Ես տուն բերեցի գնած Բուրատինոն և երեկոյան, երբ քեզ սկսեցին կերակրել շիլայով, որոշեցի ներկայացում ցուցադրել։ Այն ժամանակ դու երկու տարեկան էիր։

Աջ ձեռքիս հագցնելով վերնաշապիկը՝ ես ցուցամատս անցկացրի վզի մասով, մեծ ու միջին մատներս՝ վերնաշապիկի ձեռքերի տեղով, մտա սեղանի տակ ու սկսեցի հանպատրաստից ցուցադրել իմ բեմադրած՝ կյանքիդ առաջին ներկայացման առաջին գործողությունը։

Իսկ այդ ժամանակ սեղանի շուրջ տեղի էր ունենում հետևյալը։ Դու սկսեցիր ցուցադրել քո սովորական համարները՝ թափահարելով ձեռքերդ ու մերժելով ուտելիքը։ Եվ իհարկե, ինչպես լինում էր նման լարված իրավիճակներում, ձեռքդ մտցրիր շիլայի խոր ափսեի մեջ։ Այն քեզ համար տաք էր, և դու երևի պատրաստվեցիր գոռալ, թե թաց ես՝ միաժամանակ տատիկի դեմքին քսելով ձեռքդ, իսկ տատիկը պատրաստվում էր պատասխան քայլեր անել՝ ողողել քեզ խրատների տաք շիթով։ Այսքանով ամեն ինչ դադարեց։

Որտեղից պիտի իմանար տատիկը, որ հայրիկը նստած է սեղանի տակ ու մտածում է իր ներկայացման մասին։ Իսկ դու նույնիսկ չգիտեիր, որ հայրիկը տանն է։

Հանկարծ սեղանի մյուս անկյունից անսպասելի դուրս սողաց Բուրատինոն՝ իր կարմիր վերանաշապիկով, ուրախ ժպտալով, ու բարակ ձայնով ասաց․

-Տղա՛ս, ի՞նչ է քո անունը։

Տատիկը մոռացավ իր շիլայոտ դեմքի ու իր դաստիարակչական նպատակների մասին։ Դու մոռացար, որ պիտի բղավեիր։ Երկուսդ էլ զարմանքով նայեցիք անսովոր տեսարանին։

-Ի՞նչ է քո անունը, տղա՛, — շարունակեց խոսել բարակ ձայնը։ Բուրատինոն թռչկոտելով ու պարելով ուրախ ձեռքով էր անում։

Հանդիսատեսները սթափվեցին առաջին ապշանքից։ Հասկանալի է, մի ակնթարթ շուտ սթափվեց տատիկը․

-Դե պատասխանիր, նա երևի քեզ մոտ է եկել։

-Պաատա, — քո ամբողջ զարմանքն այժմ հնչում էր քո ձայնում։

-Ես Բուրատինոն եմ։ Կրկնի՛ր, խնդրում եմ, իմ անունը։

Ստիպված եղար մի քանի անգամ կրկնել և արտաբերել այդ դժվար անունը։

-Ուզո՞ւմ ես ինձ հետ ընկերանալ։

Դու գլխով արեցիր։

-Իսկ դու ձայնո՛վ պատասխանիր։ Ասա՝ ուրախ եմ ընկերություն անելու քեզ հետ, Բուրատի՛նո։

Դու կրկնում ես։

Բուրատինոն դանդաղ պարային քայլվածքով մոտենում է քեզ՝ միաժամանակ երգելով։

-Ձեռքդ տո՛ւր։ — Բուրատինոյի կարճլիկ ձեռքը ձգվում է քոնին ընդառաջ, բայց տեսնելով, որ քոնը կեղտոտ է, հետ է տանում։

-Խնդրում եմ քեզ, լվա ձեռքերդ, թե չէ շիլադ ինձ էլ կքսվի։

Դու ձեռքդ մեկնում ես տատիկին։ Նա արդեն հասցրել է մաքրել դեմքը, իսկ հիմա պատրաստվում է մաքրել քո ձեռքերը։ Դու աչքդ չես կտրում Բուրատինոյից։ Իրար ձեռք եք սեղմում։

-Դու նեղացրել ես տատիկին, ներողություն խնդրիր… Իսկ հիմա կեր։ Համեղ է, չէ՞։ Ուզո՞ւմ ես, որ ես գամ քեզ մոտ․․․ Բայց ինձ չնեղացնես, լա՞վ։ Ճաշիկդ վերջացրի՞ր։ Շնորհակալություն հայտնիր տատիկին, խնդրում եմ․․․

Մայրիկը, անսովոր բան զգալով, նույնպես միացել է գործին, սկսել է բացատրել Բուրատինոյին, որ Պաատան խելացի ու զուսպ տղա է, Բուրատինոն ուրախ է դրա համար։

Քեզ հրաժեշտ տալով ու ձեռքդ սեղմելով՝ Բուրատինոն հեռանում է քեզանից՝ շարժվելով սեղանի երկայնքով։

Դու անհանգստանում ես․

-Բուրատի՛նո, — կանչում ես նրա հետևից, — էլի կգաս։

Շոտով «գալիս է» հայրիկը, և դու տատիկի և մայրիկի օգնությամբ բացատրում ես նրան, թե ինչ մարդուկ է քեզ հյուր եկել։

Հայրիկը սկսում է լրջորեն սցենար, ելույթի միջոց, շփման բովանդակություն մտածել։

Բուրատինոն հայտնվում է օրվա մեջ մեկ-երկու անգամ՝ նախապես նշանակված ժամին, երբեմն՝ բոլորովին անսպասելիորեն, երբ ստեղծվում է չափազանց լարված իրավիվիճակ։ Նրա հայտնվելը վերականգնում է փոխհարաբերությունների միջավայրը, կասեցնում բախումների առաջացման հավանականությունը։

Բուրատինոյի գալուն դու նախապատրաստվում ես, ինչպես տոնին։ Նա կարող է նստել քո ուսերին, գլխին, քսվել այտիդ, գդալը տալ։ Նա քեզ կոնֆետ, բլիթներ է բերում։ Նա քեզ հետ խոսում է այն ամենի մասին, ինչ քեզ հետաքրքրում է։ Հեքիաթներ է պատմում, ոտանավորներ սովորեցնում, սովորեցնում է լինել քաղաքավարի ու զուսպ։ Նա միշտ գիտի քո ամենօրյա արարքների մասին, ուրախանում է քո բարի արարքներով, տխրում՝ վատ արարքներից։ Նա լիահույս է, որ դու խելացի ես ու լավը։ Բուրատինոն կարողանում է նանիկ ասելով քնեցնել քեզ, և չնայած նրա օրորոցայինը այնքան էլ մեղեդային չի հնչում, այնուամենայնիվ դու քնում ես։

Ես պատրաստ եմ երդվելու, համոզված եմ, որ ոչ մի դաստիարակ չի կարողացել այդպես ուժգին ազդել իմ Պաատայի բարոյաէթիկական և գիտակցական զարգացման վրա, որքան Բուրատինոյի հետ շփումը, որ ձգվեց ընդամենը 8-10 ամիս։

Իմ ծրագրածով Բուրատիտնոն պիտի քեզ ընդմիշտ հրաժեշտ տար և գնար հեռու-հեռու, հենց մենք հայտնաբերեինք, որ նրա ազդեցությունը քեզ վրա սկսում է նվազել։ Բայց ցավալի սխալմունք տեղի ունեցավ։

Անցել է մոտավորապես քառասուն տարի։

Դուք կարծում եք, թե մենք ինչ-որ տեղ կորցրե՞լ ենք այդ կենդանի խաղալիքը։ Բոլորովին ո՛չ։ Մենք Բուրատինոյին հագցրել ենք մի երկար ձողիկի վրա ու տեղավորել գրապահարանում։

Սա ինչո՞ւ է ձեզ պետք, — հաճախ հարցնում էին հյուրերը։ Եվ ես բացատրում էի նրանց նրա մասնակցությունը մանկավարժությանը։ Այս խաղալիքը իր բարի դերն է կատարել նաև աղջկաս դաստիարակության ընթացքում։ Իսկ հետո երկար սպասել է, թե էլ ում դաստիարակի։

Ու ահա ծնվեց Պաատայի դուստրը՝ Նինցան։

Այդ օրն ինձ թվաց, թե Բուրատինոն ձողիկի վրա ժպտաց ու ձեռքերն իրար շփեց։

Պաատան, հայր դառնալով, հանեց Բուրատինոյին ձողիկի վրայից, հագցրեց աջ ձեռքին ու ավելի կատարելագործված ձևով կրկնեց նրա մասնակցությամբ դաստիարակությունը։

Հետո Բուրատինոն վերադարձավ իր տեղը։

Նա մեր ընտանիքի անդամն է։ Մենք նրան շատ ենք սիրում։ Եվ ուրախանում ենք, երբ հիշում ենք անցյալը նրա մասնակցությամբ։ Այդ անցյալի մեջ շատ ուսանելի պատմություններ կան։

Բուրատինոն՝ ձողիկի հագցված, կանգնած է գրապահարանում։ Եվ երբեմն ինձ թվում է, թե նա անհամբեր սպասում է նոր երեխայի դաստիարակության մասնակիցը դառնալուն։

«Ե՞րբ կլինի դա», – հարցնում է Բուրատինոն։

«Կլինի, կլինի», — հանգստացնում եմ ես։

Մի անգամ, աշխատանքից տուն վերադառնալով, մենք մայրիկի հետ քեզ գտանք բազմոցին նստած, աչքերիցդ դառը արցունքներ թափելիս։ Քո առաջ դրված էր անշարժ Բուրատինոն։ Դու նրան գտել էիր պահարանի ամենախոր անկյունում, որտեղ մենք քեզանից թաքցրել էինք նրան՝ կարծելով, որ այնտեղ չես մտնի։ Սակայն լարելով քո բոլոր ուժերը՝ դու մտել էիր պահարան ու գտել Բուրատինոյին։

-Բուրատի՛նո, — ճչացել էիր դու ուրախությամբ։ Կարծել էիր, որ քեզ տեսնելով՝ Բուրատինոն արագ կվազի, կերգի իր բարակ ձայնով, կնստի քո ուսերին, կսկսի հեքիաթ շշնջալ։

-Բուրատի՛նո, վե՛ր կաց․․․ Բուրատինո, քնա՞ծ ես․․․

Դու դառնորեն լաց էիր եղել․ «Բուրատինոն չի ուզում ինձ հետ խոսել․․․ Բուրատինոն չի ուզում արթնանալ»։

Մենք, իհարկե, կարող էինք մի ակնթարթում վերակենդանացնել Բուրատինոյին։ Բայց հասկանալի է, նա այլևս չէր կարող լինել քո դաստիարակը։ Դու կսկսեիր քաշքշել նրան ձեռքի վրայից, և նա՝ քեզ համար հատուկ հեքիաթային աշխարհ ստեղծած այդ մարդուկը, կվերածվեր խղճուկ խաղալիքի։ Դրա համար էլ մենք նրան դրեցինք արկղիկի մեջ ու ասացինք․ «Այո՛, Բուրատինոն այլևս չի արթնանա»։

Չնայած դա այդքան էլ ճիշտ չէ։ Բուրատինոն արթնացավ արդեն քո ամբողջ կյանքի համար, երբ քեզ նվեր բերեցին նրա մասին պատմող գիրքը։

 

Չարաճճիություն

Դու դառնում ես չարաճճի, անորսալի, անզուսպ։ Քեզնից աչք չպետք է կտրել։ Տատիկը քեզ է փնտրում ամեն 2-3 րոպեն մեկ․ դու միաժամանակ կարող ես լինել և՛ պահարանի մեջ, և՛ դրսում, և՛ սեղանին, և՛ աթոռի տակ։ Քեզանից մի քանի անգամ փրկել ենք «Զինգեր» մակնիշի հին մեքենան, որի վրա այնպես դողում է տատիկը։ Դու բարձր տեղից նետեցիր ծաղիկներով լի ծաղկամանը, և եթե չլիներ իմ ու մայրիկի պայմանը, մի լավ ծեծ կուտեիր դրա համար մայրիկից։ Դու շուռ տվեցիր խաղողի հյութով լի հսկա թասը, և հատակին լիճ գոյացավ, ու եթե դարձյալ չլիներ մեր պայմանը, դրան կհաջորդեր հայրիկի բարոյախոսականը։

Դու ապրում էիր տղայի բուռն կյանքով, մեծանում էիր այնպիսին, ինչպիսին նկարագրում է անգլիացի գրող Ալան Բեկը․ «Տղա ասածը ճշմարտությունն է կեղտոտ դեմքով, գեղեցկությունը՝ կտրված մատով, իմաստնությունը՝ մուրաբայոտ մազերով և ապագայի հույսը՝ գորտը գրապանում։

Երբ դուք ուզում եք, որ նա լավ տպավորություն թողնի, նրա ուղեղը վերածվում է ժելեի, կամ էլ նա ջունգլիներից փախած վայրենի, սադիստ է դառնում՝ ձգտելով ոչնչացնել ամբողջ աշխարհն ու նրա հետ՝ իրեն․․․ Մայրիկները սիրում են նրանց, փոքրիկ աղջիկները՝ ատում, մեծերը՝ արհամարհում, դե իսկ երկինքը պաշտպանում է նրանց»։

Մի՞թե մանկավարժությունը վերջիվերջո չի բացահայտի այն հուսալի մեթոդը, որը կիրառելով հնարավոր կլինի քո և քեզ պես միլիոնավոր տղաների հասկացողությանը հասցնել, թե որքան վտանգավոր է կյանքի համար ամեն քայլափոխի հիմարություններ անելը։

Կյանքը մազից կախված՝ ահա թե ինչպիսին է տղաների կյանքը։

Դու փորփրում ես դարակները։ Լսում ես մայրիկի ձայնը․ «Ի՞նչ ես այդտեղ անում»։ — «Ոչինչ»։ Դու հանում ես մկրատը։ «Ի՞նչ ես փնտրում այդտեղ»։ — «Ոչինչ»։ Մկրատով մոտենում ես ակվարիումին ու վախեցնում դրանով ձկներին։ «Ի՞նչ ես թխկացնում»։ — «Ոչինչ»։ Ապա մկրատը խրում ես վարդակի անցքերը, սարսափելի «թըխկ» է լսվում, էլեկտարականությունը անջատվում է, բնակարանը՝ մթնում։ Մայրիկը բղավում է ու վազում քեզ մոտ՝ ճանապարհին դիպչելով աթոռին ու աղմուկով մի կողմ շպրտելով այն, տատիկի սիրտը չոքերն է ընկնում, նա սկսում է բղավել, վազում են հարևանները։ Մեկը կարողանում է միացնել էլեկտականությունը։ Դու, ամբողջովին կապտած, պառկած ես հատակին, ուշքի ես գալիս, սկսում լաց լինել, իսկ մայրիկը կորցնում է գիտակցությունը․․․

Հարևանուհին քեզ տանում է դպրոց (դու արդեն սկսել ես հաճախել նախապատրաստական դասարան) իր դստեր հետ։ Հարկավոր է անցնել նեղ փողոցը։ Բայց հանկարծ դու, փողոցի մյուս կողմում տեսնելով քո ընկերոջը, բաց ես թողնում հարևանուհու ձեռքը և ուրախ բացականչությամբ անցնում փողոցը։ Այ քեզ բան․ այդ պահին փողոցի անկյունից դուրս է թռչում մեքենան։ Անցորդների բղավոցներն են հնչում։ Լսվում է մեքենայի անսպասելի արգելակման սարսափելի գվվոցը։ Մեքենայից դուրս է թռչում վարորդը ու նետվում դեպի քեզ։ Դու մեջքի վրա պառկած ես՝ ոտքերդ տարածած, մեքենայի աջ անիվը արգելակվել է ոտքերիդ մեջտեղում՝ ծնկներից վերև։ Այն միայն վնասել է կարճ տաբատդ ու ձախ ոտքիդ մաշկը։

Բայց քեզ պահպանում էր ոչ միայն երկինքը։

Քեռին մեզ հրավիրել էր իրենց տուն՝ ցույց տալու Ալազանի գետը։ Այն մեծ չէ, բայց արագահոս է ու որոշ տեղերում բավական խորը։ Մենք գնում էինք գետի երկայնքով։ Մենք զմայլվում էինք ծաղիկներով, փասիաններով, դու քարեր էիր հավաքում։ «Գետին շատ մի՛ մոտեցիր, մեր կողքով քայլի՛ր»։ Այս հրամանները տրվում էին ժամանակ առ ժամանակ։ Դու ոնց որ ենթարկվում էիր։ Բայց հանկարծ առափնյա հատվածը ոտքերիդ տակից փախչում է, և մի ակնթարթ հետո գետի արագ հոսքը քշում է քեզ։ Քեռին միանգամից նետվում է ջուրը ու փրկում քեզ, որ վախեցել ու ջուր էիր կուլ տվել։

Եղել է և այսպիսի դեպք։

Մի անգամ դու վերցրիր բաց հովանոցը, որ դրված էր պատշգամբում, ու պատրասվեցիր թռչել երկրորդ հարկից։ Քեզ համար հովանոցը ասես պարաշյուտ լիներ։ «Կանգնի՛ր, չհամարձակվես», — գոռաց տատիկը։ Դու շտապեցիր իրականացնել նպատակդ, բայց տատիկը հասցրեց բռնել քեզ։ «Հիմար տղա․․․ Տղա դու հիմար ես», — լաց լինելով ասում էր նա։ Այդ ժամանակ դու տարված պարաշյուտներ էիր նկարում։ Միայն քո վեց նկարներում, որ նվիրել ես ինձ, ու ես պահում եմ դրանք մինչև այսօր, հաշվել եմ երեսուն բացված պարաշյուտ։ Հիշում եմ նաև, թե ինչ զարմանքով էիր դու հետևում զվարճալիքներով լի զբոսայգում աշտարակից պարաշյուտով թռիչքներին։ Գուցե երկրորդ հարկից քո ցատկը չկայացած քո թռիչքի պատճառով էր։

Երկնքի հետ միասին քեզ պահպանում էին տատիկի զգոնությունը, մայրիկի բացականչությունները, հայրիկի տղամարդավարի զրույցները, քեզ փրկել են մարդկանց զգոնությունն ու անհապաղությունը, որոնք գալիս էին քեզ օգնության։

Քանի՞ կյանքեր ես ունեցել։ Դժվար է հաշվել։ Ու քանի դեռ մեր ենթակայության տակ ունիվերսալ միջոց չկա՝ ձեզ՝ երեխաներիդ, ներշնչելու ուշադիր լինել, ապա ուզում ես ամբողջ ձայնով գոռալ, որ բոլորը լսեն․ «Սիրելի՛ մեծահասակներ, չկան ուրիշի երեխաներ, բոլոր երեխաներն էլ մերն են։ Խնդրում եմ՝ հոգ տարեք բոլորի համար, փրկեք նրանց չարաճճիությունների բոլոր հնարավոր ցավալի հետևանքներից»։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский