Ընտանեկան դաստիարակության արվեստը
Primary tabs
Ուսուցում
Ինչպիսի՞ն է այն՝ ուսուցումը։
Հե՞շտ է։ Դժվա՞ր է։
Իհարկե, ուսուցումը հեշտ գործ չէ։ Այն չպիտի էլ հեշտ լինի։
Եթե ուսուցումը դառնա ժամանցային գործընթաց, խաղ, երեխան կմեծանա մտավոր հիվանդ, անկամ ու նաև անհոգ արարած։
Բայց պետք էլ չէ, որ ուսուցման դժվարությունները երեխայի համար ակնհայտորեն ուժից վեր բեռ դառնան։ Չիմանալով, թե ինչպես հաղթահարի այդ ծանրությունը, որ ստիպում են իրեն բարձրացնել, երեխան սկսում է խորամանկորեն խուսափել դրանից։ Եվ մեծանում է նա դարձյալ որպես մտավոր հիվանդ ու անպատասխանատու արարած։
«Մեր դպրոցական ծրագրերը ծանրաբեռնված են», — ամենուր լսում եմ ես, կարդում թերթերում։ Իմ փորձն ինձ հակում է մյուսների հետ վրդովվել հաստ դասագրքերից, ծավալուն տնային աշխատանքներից։ Մյուսների հետ միասին ես էլ խղճում եմ այն աշակերտներին, որոնց համար այնպես դժվար է յուրացնել դպրոցական բոլոր առարկաները։
Ինչո՞ւ են դպրոցականները ավելի շատ կքում ուսումնառությունից։
Ինչո՞ւ են նրանցից շատերը կարծում, որ ուսումնառությունը միայն տանջանք է։
Մի՞թե երեխաներին վախեցնում են մտավոր գործունեության դժվարությունները, իմացության դժվարությունները։
Ո՛չ, երեխաները վախեցողներից չեն։ Նրանք չեն կարող, նրանք չեն ուզում խուսափել դժվարություններից, նրանք դրանք փնտրում են և հաղթահարում։
Բայց նրանք չեն ուզում, ես համոզված եմ, որ իրանց դպրոցում սովորեցնեն այնպես, ինչպես սովորեցրել են երեխաներին անցյալ դարերում։ Նրանք չեն ուզում, իսկապես չեն ուզում, որ իրենց պատրաստի գիտելիք մատուցեն, և իրենց մնա միայն բացել բերաններն ու կուլ տալ այն որոշակի չափաբաժնով։
Ի՞նչ են պահանջում նրանցից ուսուցիչները։
Ուշադիր լսել, անսխալ կրկնել, անգիր ասել, վերապատմել ճշգրտորեն, գրատախտակից արտագրել, պատասխանել հարցերին, հիշել անցածը, չնայել ու չարտագրել ընկերոջից։
Բայց կարո՞ղ է արդյոք երեխան ինքնուրույն մտածել սովորել, եթե չկա այն, ինչի մասին հնարավոր է մտածել, եթե չի կարելի վիճել մանկավարժի հետ «գիտական» խնդիրների շուրջ, բայց ո՞վ նրանց վիճելու առիթ կտա։ Այսպես տարիներն անցնում են և կրկնել, նմանակել, սերտել սովորած երեխան աստիճանաբար անընդունակ է դառնում ինքնուրույն ճանաչելու, ստեղծելու, վերափոխվելու։
Մենք կարծես հենց դրան էլ սպասում ենք, որ մի անգամ ևս հառաչենք ու իմաստնաբար ասենք․ «Ի՜նչ ժամանակներ են եկել, սովորողները չեն ուզում սովորել․․․ Իսկ երբ մենք դպրոցական էինք, ո՛նց էինք սովորում»։ Եվ որպես ճշմարիտ ու հոգատար մեծահասակներ՝ որոշում ենք հանուն երեխայի ապագայի բարօրության հարկադրել նրան ուսումնառության։
«Երեխաներին պետք է հարկադրել, որ սովորեն»։ Ի՞նչ է սա, մանկավարժական աքսիո՞մ։
«Երեխայի մեջ չար նախասկիզբ կա, և այն պետք է ուժով հաղթահարել»։ Եվ դա նո՞ւյնպես մանկավարժական օրինաչափություն է։
Ո՛չ, մանկավարժության ժամանակակակից դասագրքերում ես նման ձևակերպում ոչ մի տեղ չեմ կարդացել։ Բայց ինձ թվում է, որ դրանք փոխակերպվել են այլ ձևակերպումների։
Դարեր ի վեր գոյություն ունի այն համոզմունքը, որ միայն ուժն է ընդունակ սանձելու երեխայի կամակոր վարքը։ Թերթեք, խնդրում եմ, գերմանացի գիտնական Ռոբեր Ալտի ուսանելի ալբոմը, որտեղ հավաքված են նկարների, որմնանկարների, բարելեֆների, պատկերազարդումների վերատպություններ, դասագրքերի նկարազարդումներ, որոնք արտացոլում են ուսումնառության և դաստիարակության գործընթացը՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև ուշ ֆեոդալիզմ։ Դրանք ձեզ կբացատրեն, թե ինչ կոնկրետ ու տարատեսակ զարգացումներ է ունեցել այդ համոզմունքը։
Մերկ երեխային ուժով պահում են տարեկից երկու երեխա։ Եվս երկուսը ծեծում են նրան ճիպոտների խրձով։ Կողքին՝ մարմարե սյուների արանքում ուսուցիչը հանգիստ շարունակում է իր պարապմունքը։
Մորուքավոր ուսուցիչը՝ բավականության մեծ զգացում արտահայտող դեմքով, քաշում է տղայի ականջը, որը տանջող ցավից աղավաղել է դեմքը։
Տաբատը իջեցրած տղային խցկել են աստիճանների արանքը՝ հենելով պատին, և ուսուցիչը ճիպոտի խրձով հարվածում է նրա հետույքին։
Տղային, որի գլխին երկար ականջներով իշուկի դիմակ է դրված, թարս նստեցրած էշի վրա, ամբողջ դասարանը ծանակում է, իսկ վարժապետը, իր դաստիրարակչական մեթոդից գոհ, ճոճում է մահակը՝ վախեցնելով երեխային։
Տղան, ծնկած ուսուցչի առաջ, ինչ-որ բան է անգիր անում գրքից։
Վարժապետը դաս է սովորեցնում իր աշակերտներին՝ ձախ ձեռքին բռնած ունենալով բաց գիրքը, իսկ աջում՝ ճիպոտների խուրձը կամ մահակը։
Այս վերջինը հենց միջնադարյան վարժապետի պատկերն է․ ձախ ձեռքում բաց գիրքն է, իսկ աջում՝ ճիպոտը։ Նրան հնարավոր չէ պատկերացնել առանց փայտի, ճիպոտի, գոտու և պատժի այլ միջոցների։
Այս արմատներից են ծլարձակել ժամանակակից ուսուցման մի քանի մեթոդներ։ Ճիշտ է, շատ բան է փոխվել, ընդ որում՝ կտրուկ ու անվերադարձ։ Սակայն շատ սովորողների համար ուսուցումը, այնուամենայնիվ, չի դարձել կրքոտ հափշտակություն, շատ երեխաներ դրա մեջ այդպես էլ չեն գտնում իրենց կյանքի իմաստը։
Ինձ թվում է`մանկավարժները երեխաներին ավելի շատ սովորել ստիպել են կարողանում, քան նրանց մեջ սեր արթնացնել ուսման հանդեպ, ավելի շատ գիտեն գիտելիք փոխանցել, քան սովորողներին ուղեկցել «մտքերի արքայություն»։
Ինչո՞ւ է այսպես։ Մեզ փոխանցված այն համոզմո՞ւնքը չէ արդյոք պատճառը, որ երեխային հնարավոր է ուսուցանել միայն պարտադրանքի միջոցով։
Իրար հետևից թերթում եմ մանկավարժության դասագրքերը, փնտրում նրանց մեջ հարցասեր, ուրախ, անդադրում չարաճճիներին, փնտրում փոքրիկների, որ ընկերացել են Կարլսոնի, Պետեր Պենի և նրա աղմկոտ ընկերների, Երկարագուլպա Պեպպիի, Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆիննի հետ, որոնք գիշերային զբոսանքներ էին կազմակերպում գերեզմանատանը, փնտրում եմ մեր աղջիներին ու տղաներին, պարմանիներին ու պարմանուհիներին, որ վիճում են կյանքի փիլիսոփայության մասին տների նեղ նախամուտքերում և բակերի թաքուն անկյուններում։ Ես գիտեմ՝ նրանք շատ են, շատ-շատ, նրանք կազմում են մեր երկրի մեկ երրորդ մասը։ Ուզում եմ ունկնդրել նրանց ծանոթ ձայները, երգերը, շշուկները։ Ուզում եմ իմանալ նրանց նպատակների, ուրախությունների, տխրությունների մասին։ Ուզում եմ ներթափանցել նրանց հոգևոր կյանք։ Եվ վերջապես ուզում եմ նրանցից մի հարցի անկեղծ պատասխանն ստանալ` «Աշխարհում դուք հանուն ինչի՞ կտրվեիք ուսումնառության ձեզ բնորոշ ողջ կրքոտությանը՝ այդ անհրաժեշտ, պատադիր և վսեմ գործին»։
Փնտրում եմ այս տղաներին ու աղջիկներին, պարմանիներին ու պարմանուհիներին մանկավարժության դասագրքերում։
Բայց ինչո՞ւ է դաստիարակության այդ տաճարներում այդպես ցուրտ ու սառը։
Ինչո՞ւ է այստեղ այսպես լուռ։
Ինչո՞ւ է այնտեղ հոնքերը կիտած զբոսնում մանկավարժը՝ գնահատականների լեգեոնի ուղեկցությամբ։
Ինչո՞ւ այդ այգում, որտեղ ամբողջ տարին պիտի թագավորի գարունը, մշտապես ձմեռ է։
Ո՞ւր են թռչնակները, ծաղիկները, երեխաները։
Որտե՞ղ են այն երեխաները, ում համար ստեղծված է այս այգին, և գրված են այս դասագրքերը։
Ինձ թվում է, թե ես հայտնվել եմ Եսասեր հսկայի այգում, որ երեխաներից ցանկապատել է իր այգին բարձր պարսպով ու մի ցուցանակ կախել․ «Մուտքը խստիվ արգելվում է»։ Եվ միայն նրա համար, որ Հսկան իր այգուց վռնդել է բոլոր երեխաներին, այստեղ գարնան ու ուրախության փոխարեն ձմեռ է տիրում, ամեն ինչ ցուրտը տարել է, թռչուններն էլ թռել են հեռու-հեռու։ Ցանկապատից այն կողմ եռում է սովորական կյանքը, երեխաները չարաճճիություններ են անում, թռչունները երգում են, փոխվում են տարվա եղանակները։ Հսկայի այգում թագավորում է անշունչ ձմեռը։ Մի անգամ էլ Հսկան, կարոտելով գարունն ու գլխի չընկնելով, թե ինչու է իր այգում հավերժական ձմեռ թագավորում, լսեց թռչնակի դայլայլը և տեսավ ցնցող մի հրաշք իր տխուր այգում․ պարսպի մի հատվածում երեխաները փոքրիկ ճեղք էին հայտնաբերել և մտել այգի, և միայն այդ տեղում երեխաների կողքին շողշողում էր գարունը, ամեն ծառ, որի վրա բարձրացել էին երեխաները, սկսել էր ծաղկել հրաշալի փթիթներով, նրանց վրա նստել էին թռչնակները ու օդը լցրել իրենց գեղգեղանքով։ Բայց հենց երեխաները նկատեցին գաղտագողի իրենց մոտեցող Հսկային, սարսափելի վախեցան և անմիջապես հեռացան այգուց, և այգում կրկին տիրեց ձմեռը։ Միայն մի փոքրիկ տղա չհասցրեց փախուստի դիմել, քանի որ չէր նկատել Հսկային։
Օսկար Ուայլդի այս հրաշալի պատմվածքում ամեն ինչ լավ է վերջանում։ «Ահա, թե որքան չարն եմ ես»։ Հսկան արտասվալից հուզվում է։ «Հիմա եմ հասկանում, թե ինչու գարունը այստեղ չէր գալիս։ Ես ծառին կնստեցնեմ այս խեղճ մանչուկին, իսկ հետո կքանդեմ ցանկապատը, և երեխաները միշտ կուրախանան իմ այգում»։
Հսկան խորապես զղջում է անցածի համար։ Նա թիկունքից գրկում է տղային, նրբորեն նստեցնում ծառին։ Ծառը միանգամից ծածկվում է ծաղիկներով, թռչունները թռչում են դեպի ծառը և սկսում դայլայլել։ Իսկ փոքրիկ մանչուկը մեկնում է ձեռքերը, գրկում Հսկային և համբուրում։ Մնացած երեխաները, տեսնելով, որ Հսկան էլ չար չէ, վերադառնում են, և նրանց հետ գալիս է նաև գարունը։
«Այսուհետև սա ձեր այգին է, իմ սիրելի մանուկներ», — ասում է Հսկան։ Նա վերցնում է հսկա մուրճը և քանդում ցանկապատը։
Այդպես վերցնում են մուրճերը և քանդում ցանկապատները համաշխարհային մանկավարժության հսկաները։
Վիտտորիո դե Ֆելտրեն XV դարի սկզբին երեխաների համար կառուցեց «Ուրախության տուն»։
Յան Ամոս Կոմենսկին XVII դարում կառուցեց «Մեծ դիդակտիկան»՝ ուսուցիչներին և սովորողներին երաշխավորելով հաճելի, ուրախ ուսումնառություն և հիմնարարար հաջողություններ։
Յոհան Հենրիխ Պեստալոցցին XVIII–XIX դարերում Նեյհովի, Ստանցեի, Բուրգդորֆի և Իվերդոնի իր դաստիարակչական հաստատություններում ձգտում էր երեխաների ուղեղի գրգռման, ճանաչողության ակտիվ գործունեության. դա սովորեցնում էր նաև ծնողներին։
Կոստանտին Դմիտրևիչ Ուշինսկին XIX դարում կոչ էր անում այնպիսի ուսումնառության, որի լուրջ պարապմունքները երեխաներին հետաքրքրական կլինեին, խորհուրդ էր տալիս ուսուցիչներին նվաճել իրենց աշակերտների սերը, դասարանից դուրս նետել ձանձրույթը, ոչ մի երեխայի մեկ րոպե անգամ անգործ չթողնել։
Յակով Սեմյոնովիչ Գոգեբաշվիլին ստեղծել է գրավիչ դասագրքեր և ընթերցանության գրքեր, որ միչև այսօր էլ ազգի հոգևոր աշխարհի լուսավոր աղբյուրն են համարվում։
Յանուշ Կորչակը ցուցադրել է մեծ իմաստն ու էությունը իսկական մանկավարժական սիրո երեխայի հանդեպ և նրա դաստիարակությունն ու բարեփոխումը, երեխաներին ինքնադաստիարակության և ինքնակատարելագործման ուղղորդելու հնարավորությունը։
Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկին իր «ուրախության դպրոցով» մեր մեջ հավատ է դրել իմացության հրճվանքի ամենակարող ուժի հանդեպ, ամեն դպրոցականի մեջ ճանաչողության հաջողության հաստատման, սեփական ընդունակությունների նկատմամբ վստահության ամենակարող ուժի հանդեպ։
Ամեն օր թերթերում գրում են ստեղծագործ մանկավարժների մասին, նրանց մասին պատմում են նաև ռադիոյով ու հեռուստատեսությամբ, այդ ուսուցիչները ժամանակակից հրաշքներ են ստեղծում իրենց քառասունրոպեանոց դասերին, նրանք երեխաներին տանում են գիտության խորքերը, բորբոքում նրանց մեջ կիրք մշտական ուսումնառության հանդեպ, արթնացնում սեր ուսման հանդեպ։
Եվ ինչ լավ կլիներ, եթե ստեղծվեին մանկավարժության այնպիսի դասագրքեր, որոնց հիմքում ընկած լինեին մարդասիրական ուսուցման ու դաստիարակության սկզբունքները։ Նրանք հավանաբար հագեցած կլինեին մանկավարժական սիրո և երեխաների հանդեպ հարգանքի պաթոսով, նրանց մեջ իմացության հրճվանքի հաստատման պաթոսով, մեր՝ նրանց հանդեպ վստահության, համագործակցության, համատեղ փնտրտուքի, համատեղ բացահայտումների պաթոսով։
Ես հավատում եմ դաստիարակության և ուսումնառության ուժին, այսինքն՝ դաստիարակություն և ուսումնառություն հենց իրենց՝ երեխաների տեսանկյունից, մարդասիրական ակունքի տեսանկյունից։
Ու նաև հավատում եմ, որ նման կրթական գործընթացում, որում կհայտնվի երեխան և՛ դպրոցում, և՛ տանը, կսիրի ուսումը, և դրա դժվարություններն ու բացահայտումները նրա համար բոլորովին ուրիշ՝ հոգեբանական իմաստ ձեռք կբերեն․ դրանք հաջողութունների բերկրանքը զգալու պայման կդառնան։
Կարլսոն
Տանիքում ապրող Կարլսոնից առաջին նամակը դու ստացար քո ծննդյան օրը՝ փետրվարի 20-ին։ Այն ժամանակ երկրորդ դասարանում էիր։
Մանչուկի և Կարլսոնի գրավիչ ընկերության մասին դու արդեն գիտեիր։ Մի երկու-երեք շաբաթվա ընթացքում, մինչ մենք քեզ համար կարդում էինք նրա մասին գիրքը, դու ապրում էիր Մանչուկի կյանքով և երազում պրոպելլերով ընկեր ունենալ։ Դու պատրաստ էիր հավատալու, որ Կարլսոնն իսկապես գոյություն ունի, որ նա կենդանի մարդ է։
Ընտանիքում քո պարտականությունների մեջ էր մտնում մեր փոստարկղը բացելը և թերթերն ու նամակները տուն բերելը։ Այս անգամ քո ուշադրությունը գրավեց կարմիր և դեղին ներկված մի անսովոր ծրար։ Ծրարի երեսի կողմին քեզ էր նայում մեջքին պրոպելլերով մի մարդուկ։ Ծրարի վրա մեծ ու անհարթ ձեռագրով գրված էր․ «Պաատային։ Գաղտնի։ Գաղտնի։ Գաղտնի։ Կարլսոն՝ տանիքից»։
Տանը միայն տատիկն էր, և դա թեթևացրեց քո վիճակը․ դու թերթերը դրեցիր սովորական տեղում և Կարլսոնի՝ քեզ ուղարկած նամակով մտար գրասեղանի տակ։
Կարլսոնը գրել էր քեզ․«Ես Կարլսոնն եմ։ Ուզում եմ քեզ հետ ընկերություն անել։ Հենց որ հնարավորություն ունենամ, կթռչեմ քեզ մոտ։ Չէ՞ որ ես ամենազբաղված մարդն եմ աշխարհում։ Շնորհավորում եմ քեզ ծննդյան օրվա առթիվ։ Երեկ ես որոշեցի ընդունվել առաջին դասարան՝ առանց անցնելու զրո դասարանը։ Ես, ախր, աշխարհի ամենատաղանդավորն ու ամենախելացին եմ։ Ուզո՞ւմ ես՝ ստուգիր․ ուղարկիր երեք ամենադժվար առաջադրանքները, և ես անմիջապես կլուծեմ ու հետ կուղարկեմ։ Սպասում եմ քո նամակին։ Գրի՛ր, թե ինչ հեքիաթ ես կարդում։ Թող մեր գաղտնաբառը լինի «Պլիմ»։ Նամակը ես պետք է վաղը չէ մյուս օրը ստանամ։ Նամակդ դի՛ր նման գունավոր ծրարի մեջ։ Սոսնձի՛ր այն, վրան գրիր հասցեն․ «Տանիք։ Կարլսոնին։ Գաղտնի։ Պաատա»։ Իսկ հիմա՝ ցտեսություն։ Պլիմ»։
Բառերը գրված էին գույնզգույն ֆլոմաստերներով, տողերը զիգզագ էին, տառերը մեկը՝ մեծ, մեկը՝ փոքր, ծուռումուռ։
Կես տարի անց Կարլսոնի հետ նամակագրությունը ընդհատվեց։ Նա հաղորդեց քեզ, որ շտապ թռչում է հեռու-հեռու մի կարևոր գործով։ «Ես երբևէ կվերադառնամ։ Չէ՞ որ ես միշտ վերադառնում եմ»։ Մի որոշ ժամանակ դու կարոտում էիր ընկերոջդ, քո գաղտնի և զվարճալի խաղերը։
Դու, իհարկե, բոլորովին էլ չէիր մատածում, թե գործ ունես իսկական Կարլսոնի հետ, չնայած մի անգամ մենք, վախեցած բակից քո անսպասելի անհայտացմամբ, գտանք քեզ մեր տան տանիքին։ Դու այն ժամանակ մեզ չբացեցիր քո գաղտնիքը՝ ինչու էիր ելել տանիք, ինչ էիր փնտրում։ «Հենց այնպես։ Ուզում էի նայել՝ ինչ կա այնտեղ», — ասացիր։
Դու երազում էիր ունենալ Կարլսոն-ընկեր, կարիք ունեիր գաղտնիքներով ու գաղտնաբառերով իրադարձությունների։ Դու գիտեիր, որ այս բոլորը կես տարի ձգվող խաղ էր, երևակայության խաղ։
Բայց կարող եմ երդվել, որ դու ամեն ինչ որպես իրարկանություն էիր ընդունում և ամենայն լրջությամբ էիր վերաբերվում Տանիքից եկող բոլոր նամակներին, կոկիկ ուղարկում էիր անտեսանելի Կարլսոնին քո նամակները։
Եթե այն ժամանակ քեզ ասեին, որ այս բոլորը կատակ է, և ցույց տային, թե ով է մեր փոստարկղ գցում Կարլսոնի նամակները ու այնտեղից հանում Կարլսոնին ուղարկած քո նամակները, դու հավանաբար լրջորեն կվշտանայիր, մինչև հոգուդ խորքը կվիրավորվեիր։
Ինչո՞ւ դու հենց Կարլսոնից էիր նամակ ստանում։
Ինչի՞ համար էին գաղտնի խաղերը հատկապես գաղտնաբառով։
Եվ ընդհանրապես՝ ո՞րն էր այս ամենի նպատակը։
Այս հարցերը դու ոչ մի անգամ մեզ չես ուղղել և գուցե մինչև հիմա էլ մտածում ես, որ մենք քեզ պարզապես երես էինք տալիս և զվարճացնում։ Բայց դա այդպես չէր։ Մենք այդ խաղի մեջ ներդրել էինք մեր ընտանեկան մանկավարժության նպատակների մի մասը։ Այժմ արդեն՝ տասը տարի անց, ես բացում եմ քեզ համար «Կարլսոնի հետ նամակագրություն» մեր խաղի գաղտնիքը։
Մեզ հարկավոր էր զարգացնել քո մեջ ճանաչողության համը և սկզբնավորել ուսման մոտիվները։
Հարկավոր էր պահանջ ու հետաքրքրություն արթնացնել ընթերցանության հանդեպ։
Հարկավոր էր քեզ սովորեցնել ճանաչողության, ուսման, գիտելիք հայթայթելու միջոցները։
Հարկավոր էր շատ այլ բաներ դաստիարակել՝ բարեկրթություն, կամք, խոսքին տեր լինելը, հետաքրքրվածություն…
Դպրոցական դառնալը դեռ չի նշանակում, որ դու տիրապետել ես աշակերտի քո մասնագիտությանը։ Ինչպե՞ս սովորել և ինչի՞ համար՝ դու դեռ չես հասկանում։ Բոլոր երեխաները սկզբից ուզում են դպրոց գնալ։ Իհարկե, սոցիալական կարգավիճակն է փոխվում։ Բայց մի քանի տարի հետո՝ գուցե 3-4 տարի անց, պարզվում է, որ շատերի մեջ դասի զանգն առաջացնում է խուճապի, անբավարարվածության, ձանձրույթի, վախի կասկածելի զգացումներ, իսկ դասն ավարտող զանգերը՝ թեթևության, ուրախության, ազատության զգացումներ։ Այնինչ՝ ամեն ինչ հակառակը պիտի լիներ։
Դրա համար էլ մենք պետք է շտապեինք քո մեջ դաստիարակել բերկրալից, վստահելի հարաբերություններ դպրոցի, ուսման հանդեպ, ձգտում՝ իմացության և ուսման դժվարությունների հանդեպ։ Տատիկը, մայրիկը, ես՝ մենք բոլորս միասին և յուրաքանչյուրս առանձին ներշնչում էինք քեզ դպրոցականի կարգավիճակի կարևորությունը, խորհուրդներ էինք տալիս քեզ՝ ինչպես սովորել, օգնում էինք այն պահերին, երբ դու դժվարանում էիր։ Բայց այս բոլորը չոր, ուղղագիծ դիդակտիկա էր։ Մենք կոչ էինք անում քեզ հասնելու նրան, ինչը քո կամքի ուժերից վեր էր։ Մի՞թե հեշտ էր նստել տնային աշխատանքներ կատարելու, երբ հարևան սենյակից քեզ էր հասնում ծանոթ «Դե սպասի՛ր, նապաստակ»-ը և քույրիկի վարակիչ ծիծաղը։ Դու քիչ էր մնում վեր թռչեիր քո աշխատանքային տեղից, բայց տատիկը ետ էր պահում քեզ․ «Նստի՛ր, նստի՛ր պարապի՛ր։ Հեռուստացույց նայել դու դեռ կհասցնես, իսկ ա՛յ սովորելու համար ուշ կլինի»։ Վերջիվերջո դու սկսում էիր լաց լինել․ «Ուզում եմ մուլտֆիլմ նայել․․․»։ Քեզ նորից հիշեցնում են քո կարևոր գործերի մասին, բայց այդ հիշեցումները քեզ չեն հասնում։ «Չե՛մ սովորի, չե՛մ սովորի»։ Դու սկսում ես ապստամբել։
Հիմա դու ուզում ես հեռուստացույց դիտել։ Բայց պետք է լուծել խնդիրը։ Դա է պահանջում քո ապագան։
Հենց այս րոպեին ուզում ես խաղալ ընկերներիդ հետ։ Բայց պետք է բերանացի սովորել բանաստեղծությունը։ Սա նույնպես շատ կարևոր է քո ապագայի համար։
Հենց այսօր ուզում ես կրկես գնալ։ Բայց հարկավոր է շարադրություն գրել։ Առանց դրա քո ապագան կվտանգվի։
Հենց այս պահին ուզում ես զբոսայգի գնալ և խաղալ նոր ատրակցիոններով։ Բայց հարկավոր է կատարել քերականական առաջադրանքները։ Սա նույնպես ապագայի համար է։
Եվ քո պատկերացմամբ այդ անորոշաբար գիտակցվող լուսավոր ապագան դառնում է անտանելի։ Դու ըմբոստանում ես, ապստամբում դրա դեմ ու չես ուզում զոհել ապագային քո իրական, լուսավոր ներկան, որ կախարդում է քեզ հաջողության հեղեղով։
Այսպես քո հուզումներում բախվում են ապագան ու ներկան։
Դու ընտրում ես ներկան։
Ներկան և ապագան բախվում են նաև մեծերի մոտ, բայց լրիվ ուրիշ հարթության վրա՝ բանականության ամենաբարձր շերտերում։ Եվ նրանք նախընտրում են ապագան՝ հանուն իրենց բարօրության։
Եվ ահա ինչ իրավաիճակ է ստացվում․ մեծերի հոգատարությունը քո ապագայի հանդեպ, որի մասին դու գաղափար չունես, ընդունում ես որպես հարձակում քո ներկայի վրա, որն այնքան թանկ ու հստակ է քեզ համար։ Ավելի ընդհանուր ասած՝ մարդկանց քեզ համար արարվող բարությունը դու ընդունում ես որպես չարություն քո հանդեպ։
Ահա թե ինչ անախորժ իրավիճակ է, իսկ գուցե՝ դաստիարակության ողբերգություն։
Դիրքորոշում
Ինչպե՞ս է հնարավոր դուրս գալ այս իրավիճակից։
Գուցե երեխաներին ազատությո՞ւն տալ։ Թող անեն, ինչ ուզում են և ինչպես ուզում են։ Թող վազեն և թռչեն հոգնելու աստիճան, թող հեռուստացույց նայեն, մինչև աչքերը սկսեն վատ տեսնել, թող վերջապես զբաղվեն ուսմամբ, երբ կուզեն։ «Ո՞վ է մեզ իրավունք տվել խլելու երեխաների մանկությունը։ Չէ՞ որ այն մի անգամ է տրվում կյանքում և տևում է ընդամենը մի քանի տարի։ Նրանց ազատություն է հարկավոր»։
Բայց դա, ոչ ավել, ոչ պակաս, հանցագործություն է երեխաների առաջ․ մենք կկործանենք նրանց՝ գերի թողնելով սեփական մղումներին և չուղղորդելով ընդունակությունների զարագացման գործընթացը։ Ես չեմ ցանկանում շարունակել նման տարբերակի վերլուծությունը, որը, թող թույլ տրվի ասել, աբսուրդի հանգեցնող դաստիարակություն է։
Գուցե այդ դեպքում ընտրենք մյո՞ւս ծայրահեղությունը․ ստիպենք, հարկադրենք երեխաներին ենթարկվել իրենց դաստիարակողների կամքին, մեծերի կամքին։ Չէ՞ որ մենք այդպես կվարվենք մեր բարի նկատառումներից ելնելով։ Մենք հսկայական կենսափորձ ենք կուտակել, տիրապետում ենք գիտությունների և դրա համար էլ փայլուն հասկանում ենք, թե ինչ կենսական որակներով ու գիտելիքներով պետք է զինված լինեն երեխաները։ Մեր երևակայության մեջ ստեղծված են այն պատկերացումները, թե որքան կատարյալ ենք ուզում տեսնել նրանց։ Մի՞թե այդքան ժամանակ ունենք նրանց գլխով այդքան պտտելու, քննարկելու, խնդրելու, որ նրանք անեն այն, ինչն այդքան կարևոր է իրենց իսկ կյանքի համար։
Այսպիսի տեսակետը նույնպես ունի իր հիմքերը հազարավոր դաստիարակողների բազմադարյան պրակտիկայում։ Եվ մենք այստեղ կարող ենք բացականչել պաթոսով․ «Բա՛րի մարդիկ, մի՞թե չեք տեսնում, որ երեխաները դույզն-ինչ ընդունակ չեն մտածելու սեփական ապագայի մասին։ Հո չե՞նք տրվելու նրանց կամակորություններին։ Նրանցից պի՛նդ բռնեք ու ազատություն մի՛ տվեք ձեր զգացմունքներին։ Ձեր այսօրվա խստության և բռունցնքերի համար նրանք ջերմորեն շնորհակալ են լինելու ապագայում»։
Ինձ համար դաստիարակության այսպիսի ռազմավարությունը նույնպես ընդունելի չէ։ Ես չեմ կարող ընդունել ո՛չ քաոսային, ավելի ճիշտ՝ անպատասխանատու դաստիարակությունը, ո՛չ էլ ավտորիտար, էլ չեմ ասում՝ հրամայողական դաստիարակությունը։
Ես կողմնակից եմ այլ մոտեցման։ Դա նախորդների միջև ընկած ոսկե միջինը չէ, այլ բոլորովին ուրիշը՝ հումանիստական։ Եվ նրա հիմքում ընկած է իմաստուն, դասական մի ձևակերպում․ «Երեխան ոչ միայն պատրաստվում է կյանքին, այլ նաև ապրում է»։
Նա ապրում է ներկայով, որն իրեն ուրախություն ու հաճույք է պատճառում։ Եվ միայն այդ ուրախության ու հաճույքի միջոցով նա կարող է տեսնել իր ապագայի մոտավոր ուրվագիծը։ Ապագան նրա համար մոտավոր է, որովհետև պատված է եռուն ներկայի ոգևորությամբ։ Երբեմն մեզ հաջողվում է մասամբ ցրել այդ ոգևորության շերտերը կատարյալ մանկավարժական հնարքներով, և այդ դեպքում հարկավոր է շտապել, որ երեխան իր խելքով հասցնի տեսնել այդ շերտերի խորքում իր հնարավոր ապագան, տեսնի իրեն այնպիսին, ինչպիսին կդառնա ինքը՝ խելամիտ և մեծերի խորհուրդների հանդեպ ընկալունակ լինելով և դրսևորելով դիմադրողականություն հաճույքների հանդեպ, որոնք ձգում են նրան դեպի ներկան։ Բայց այսպիսի մանկավարժությունը անհուսալի է, այն կարող է կամովին երեխային «ճշմարիտ ուղու» վրա դնել միայն մի կարճ ժամանակով, որից հետո երեխան կմոռանա, թե ինքը, պարզվում է, ինչպիսին կարող է դառնալ։
Ո՛չ, ավելի լավ է՝ ոչ այդպես։ Ամենալավ, ուրախ, կենսահաստատ մանկավարժությունը, ինչպիսին այն ինձ ներկայանում է, մենք կստանանք, եթե մեզ հաջողվի ապագան «տեղավորել» ներկայում, երեխայի ներկա կյանքում ստեղծել իր ապագա կյանքի մի շերտ, որպեսզի մեր դաստիարակության նպատակը, որ թաքնված է յոթը սարից այն կողմ, տեղակայվի երեխայի կյանքի ծաղկուն արտում։
Ի՞նչ դուրս կգա այդ դեպքում։
Դուրս կգա այն, որ երեխաների ներկա կյանքը հագեցած կլինի իրենց ապագա կյանքի էությամբ։ Դուրս կգա այն, որ մենք կդաստիարակենք երեխաներին հենց իրենց տեսանկյունից։ Իսկ ամենագլխավորը՝ մենք կտրամադրենք նրանց դաստիարակվածության։ Իսկական մարդասիրական մանկավարժությունը նա է, որն ընդունակ է երեխային կամավոր տրամադրել դաստիարակվածության, ընդունակ է արթնացնելու նրա մեջ գիտակցված և չգիտակցված ձգտում դաստիարակվելու և լինելու դաստիարակված։
Մեծերը հաճախ են գրում հասարակության առաջ ելույթ ունենալու տեքստեր երեխաների համար, իսկ հետո երեխաները կարդում են դրանք բարձր ամբիոններից։ Կարդում են ճարտար։ Մենք ուրախանում ենք խորը մտքերի համար, ջերմորեն ծափահարում նրանց։ Բայց հենց ազատվում ենք այդ առաջին զգացմունքներից, մեզ անբավարարվածության մի զգացում է պարուրում, որ երեխաների շուրթերց հնչում են մեծերի մտքերը։ Երեխաները մեզ վրա են ցայտում մեր իսկ իմաստնության շիթը։ Մենք զայրանում ենք․«Թող երեխաները իրենց մտքերն ասեն։ Թող ասեն այն, ինչ մտածում են։ Թող մեր մտքերն ընկալեն իրենց սրտով ու մտքով և ոչ թե լեզվի ծայրով»։
Թող, վաղուց ժամանակն է։
Բայց ես ամեն դեպքում որոշել եմ հորինել կարճ ելույթի մի խոսք մանկական խորհրդարանի ներկայացուցչի համար՝ ուղղված մեծերին։ Չնայած երեխաների փոխարեն ես եմ հորինել, կարծում եմ, որ այն կհորիներ ցանկացած երեխա, եթե տրվեր նրան երջանիկ մի առիթ՝ թեկուզ մի րոպեով իմաստավորելու դաստիարակողների հոգատարությունը, նայելու սեփական ապագային իր դաստիարակների աչքերով, ապրելու իր դաստիարակների սիրո զգացումն այնպես, ինչպես դա զգում է դաստիարակի սիրտը։
Այդժամ նրա փոքրիկ սրտիկը կբռնկվեր, և նրա ուղեղում կճառագեր մի միտք, ու նա մանկական անկեղծությամբ իր հասակակիցների անունից կարտաբերեր հետևյալը․
«Մեր սիրելի՛ դաստաիարակներ՝ մայրիկներ ու հայրիկներ, ուսուցիչներ, մեզ սիրող ու մեր մասին հոգ տանող սիրելի մարդիկ,
Վերցրե՛ք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, և դարձրե՛ք այնպիսին, ինչպիսին պետք է լինի մեզանից յուրաքնաչյուրը։
Մենք կընդդիմանանք, չարաճճիություն կանենք, կթաքնվենք, կխորամանկենք, մենք կուրախանանք կյանքով և կձգտենք հաճույքների։ Ախր դա մեր էությունն է։
Ինչո՞ւ վրդովվել նրա համար, որ դեռ խելամիտ չենք։ Խելամտությունը կձևավորվի մեր մեջ ձեր բարի խնամքի շնորհիվ, գուցե ոչ միանգամից և ոչ շուտով։
Պետք չէ մեր մեջ մեծ տեսնել՝ ձեզ նմանին, և հետո զարմանալ, թե որքան չկռահող ենք, անհասկացող ենք, անշնորհակալ։
Ավելի լավ է՝ մեզ ընդունեք մեր թերություններով հանդերձ և օգնեք՝ հաղթահարենք դրանք։ Միայն թե հարգեք մեր ուրախության զգացումը, որ գտնում ենք մեր չարաճճիություններում, անվերջ խաղերում, դիմադրելու մեջ, րոպեական հաճույքերում։
Ընդունեք այդ ամենը որպես մեր մանկական հիվանդություններ, որոնց դեմ դուք երբեք պատվաստում չեք գտնի, և բուժեք մեզ այնպես, որ մեզ համար շատ ցավոտ չլինի, այսինքն՝ մի՛ զրկեք մեզ մեր ուրախություններից։
Եթե պարզվի, որ մեր մեջ քիչ է տոկունությունը, մենք ծույլ ենք, չենք ուզում սովորել, մի մեղադրեք մեզ։ Դա մեղք չէ, դա մեր ցավն է։ Չէ՞ որ չեք կռվի այն մարդու հետ, ով փոսի մեջ է՝ ինքն էլ չիմանալով, թե ինչու և ինչպես է այնտեղ հայտնվել։ Եվ չէ՞ որ չեք փնովի նրան, որ չի կարողանում դուրս գալ այնտեղից, իսկ գուցե գլխի չի՞ ընկնում, որ պետք է դուրս գալ։ Ավելի շուտ նրա հանդեպ բարություն կդրսևորեք, պարան կիջեցնեք և կսովորեցնեք, թե ինչպես բարձրանա, կօգնեք դեպի լույսը դուրս գալ, իսկ հետո ցույց կտաք, թե որքան երփներանգ է այդ լույսը։
Ուրեմն՝ մեզ էլ օգնեք՝ տարվենք իմացությամբ, ուսմամբ, սովորեցրե՛ք, թե ինչպես հավաքենք գիտելիքը և զարգացնենք ինքներս մեզ։
Գուցե ձեզ կարիք չի լինի այս ամենն ընդունել որպես մեր անկատարություն, այլ կընկալեք այն որպես մեր առաջխաղացման ձև։ Դա ամենից լավը կլինի։
Մեր սիրելի՛ դաստիարակներ, փորձեք մեզանից յուրաքանչյուրի հոգում բացահայտել այն փակ անկյունը, որտեղ ամփոփվում է մեր հակվածությունը ձեր մտադրություններին։ Գուցե դուք այնտեղ գտնեք այն գեները, որոնց վրա ձեր բանականույթունը կկարդա դարերի խորքից եկող մեր աղոթքը․ «Ի՛մ դաստիարակ, ինձ արժանավո՛ր Մարդ դաստիարակիր»։
Մեզ համար դժվար է ձեզ հականալ։ Դրա համար էլ մենք երեխա ենք։
Դուք պետք է բացահայտեք մեզ։ Դրա համար էլ դուք մեծ եք»։
Չափից ավելի շատ չշեղվեցի՞ Տանիքի նամակներից։ Դուրս չի՞ գալիս, որ այս ամբողջ երկարաշունչ մենախոսությունը նվիրում եմ անկոնֆլիկտ դաստիարակության գործընթացի հիմնավորմանը՝ կառուցված հնարովի խաղերի և կատակների վրա։ Որքան ցավալի կլիներ ինձ համար, եթե որևէ մեկը իսկապես գար այդ եզրահանգմանը՝ ծանոթանալով իմ անկեղծությանը։ Ես ձգտում էի ընդհանուր մոտեցում շարադրել դաստիարակությանն ամբողջությամբ, որում Կարլսոնի հետ գաղտնի նամակագրությունը այդ մոտեցման բացահայտումներից մեկն է։ Եվ որ ոչ ոք իմ կոկորդից չբռնի ու ասի․ «Դե՝ շուտ գործի դիր քո մանկավարժությունը», — շտապում եմ հայտարարել․ ես ինքս եմ այն փնտրում, եկեք միասին փնտրենք։
Նամակներ
Մեր նախապապից մենք մի փոքրիկ սեյֆ ենք ժառանգություն ստացել։ Այն երկու դռնակ ունի։ Նախ բացում եմ առաջինը՝ մի քանի փոքր արկղիկներով։ Այդտեղ ես պահում էի ձեր՝ քո և քրոջդ կաթնատամները, ձեր մազափնջերը, համարակալումներով այն ցուցանակները, որ տրվել է ծննդատանը ձեր սկզբնական «անուններով»։ Ապա բացում եմ երկրորդ դռնակը․ այդտեղ կարելի է խցկել տարբեր թղթեր։ Այնտեղ ես պահում էի այն նամակները, որ ուղարկել եմ ձեր մայրիկին և ստացել նրանից, երբ նա ծննդատանն էր։ Այստեղ ես պահում էի ձեր առաջին նկարները, թերթիկներ, որոնց վրա ձեր գրած առաջին տառերն են ու բառերը։
Ես սիրում էի բացել այս սեյֆը և դիտել պարունակությունը։ Իսկ քեզ գրավում էր սեյֆը բացելու գաղտնիքը։ Այդ գաղտնիքը ես վստահել էի քեզ։
-Կարելի՞ է մի բան խնդրել։ Միայն թե դու չնեղանաս։- Իսկ այդ պահին ես հերթական անգամ պեղում էի սեյֆը։
-Կարելի է, իհարկե։ Ի՞նչ է պատահել։
-Դու կարո՞ղ ես քո սեյֆը ինձ նվիրել, երբ մեռնես։
-Կարող եմ, իհարկե։ Բայց ինչի՞դ է պետք։
-Ես մի գաղտնիք ունեմ։ Ուզում եմ դա սեյֆում պահել։
-Բայց ինչո՞ւ սպասել, մինչև մեռնեմ։ Գուցե սեյֆը հենց հիմա՞ է քեզ պետք։ Գաղտնիքը պետք է վստահելի տեղում պանել։
-Բայց այն քեզ դեռ պետք է։
-Ոչինչ։ Իմ թղթերը առանձնահատուկ գաղտնիք չեն պարունակում․․․ Մենակ թե՝ գիտե՞ս՝ ինչ արա․ տախտակից այսպիսի փոքր արկղիկ պատրաստիր, որ ես դրա մեջ տեղափոխեմ իմ թղթերն ու իրերը։
Դու արկղիկը սարքեցիր և ստացար սեյֆն իր բանալիով։ Դու ուրախ էիր և այն վերցնելով՝ ինչ-որ տեղ անհետացար։ Ես գիտեի, թե ինչու է այն քեզ պետք։
Դու սեյֆում դրել էիր Կարլսոնից ստացած նամակները, իսկ քո՝ ինձ համար սարքած արկղում ես դրեցի Կարլսոնին ուղղված քո նամակները։
Անցան տարիներ, և դու ինձ վստահեցիր սեյֆը նամակներով հանդերձ։ Ես ինձ մոտ պահված քո նամակները միացրի դրանց, դասավորեցի ամսաթվերով ու փակեցի սեյֆում։
Մինչև վերջին ժամանակները դու է՛լ չէիր հիշում Կարլսոնին։ Մի՞թե դա նշանակում էր, որ դու մոռացել ես նրան։ Ո՛չ։ Իններորդ դասարանում ինձ համար անսպասելիորեն դու հանկարծ հարցրիր․
-Ասա, խնդրում եմ, ո՞վ էր այդ Կարլսոնը, որ ինձ նամակներ էր գրում։
-Իսկ դու հիշո՞ւմ ես նրան։
-Ո՞նց չեմ հիշում։ Ես մինչև հիմա սպասում եմ նրա վերադարձին։
-Իսկ ինչի՞դ է պետք Կարլսոնը։
-Նա ինձ սովորեցնում էր, ես նրան վստահում էի… Ահա թե ինչու։ Ասա, նա կվերադառնա՞, թե՝ ոչ։
-Ի՞նչ իմանամ։
-Իսկ ո՞ւր է կորել Անտեսանելին, որ գաղտնի նամակներ էր գրում Նանուլկային։
-Դարձյալ՝ չգիտեմ։
Անտեսանելիից նամակներ քույրդ երկու տարի էր ստանում։ Նա էլ անցավ այն նույն դաստիարակչական կուրսը, ինչ դու։ Նինուլկան քեզ վստահում էր իր գաղտնիքները, նա ցույց էր տալիս քեզ Անտեսանելիից ստացած նամակները, քեզ հետ համաձայնեցնում իր պատասխանները։
-Իսկ ով է այդ Անտեսանելին՝ նո՞ւյնպես չգիտես։
Դու ժպտացիր քո բարի ժպիտով, և ես էլ ժպտացի։ Մեր ժպիտները միմյանց ասում էին․ «Իհարկե, գիտենք, մենք ամեն ինչ գիտենք»։ Բայց ես կարողացա չասել դա։
-Ես ծանոթ չեմ Անտեսանելիի հետ։
-Լավ։ Բայց ամեն դեպքում փոխանցի՛ր Կարլսոնին և Անտեսանելիին նույնպես, թող վերադառնան։ Շուտով իմ ծննդյան օրն է։
Քո ծննդյան օրը դու Կարլսոնից շնորհավորական հեռագիր ստացար։
Եկավ ժամանակը քեզ ասելու, որ մեր սեյֆում պահվում են ոչ միայն Տանիքից ստացված նամակները, այլև Տանիք ուղարկածները։ Դու դա դեռ չգիտեիր։
Ինչի՞ մասին էիք դուք գաղտնի գրում ձեր նամակներում։
Ահա թե ինչի մասին. «Ես հորինել եմ աշխարհի ամենադժվար ռեբուսը։ Գուշակիր այն։ Ժամկետը երկու օր է։ Կարո՞ղ ես ավելի դժվար ռեբուս հորինել, որ ես չկարողանամ գուշակել։ Հա՜ա՜։ Շտապ ուղարկիր։ Կարլսոն։ Պլիմ»։
«Քո ուղարկած ռեբուսը ես, իհարկե, գուշակեցի․ «Պրոմեթևս»։ Հա՜ա՜։ Միայն այնտեղ սխալ կար, օ տառը բաց էր թողնվել, դրա համար էլ ստացվել էր «Պրմեթևս»։ Ահա իմ ռեբուսը»։ Հետո կես էջի չափով հաջորդում էր քո ռեբուսը և «Պաատա։ Պլիմ»։
«Ես շատ զբաղված եմ կարևոր գործերով։ Օգնի՛ր։ Լուծի՛ր այս առաջադրանքը իմ փոխարեն և ուղարկի՛ր վաղն առավոտյան։ Կարլսոն։ Պլիմ»։
«Քո շարադրանքի մեջ ես 25 ուղղագրական սխալ հայտնաբերեցի։ Ահա դրանք»։ Հետո հաջորդում էին այդ 25 բառերի ճիշտ գրությունները և «Պաատա։ Պլիմ»։
«Ես չգիտեմ այս բառերի իմստները, որոնք կարմիր ֆլոմաստերով ընդգծված են։ Գտի՛ր դրանց բացատրությունները բառարանում և գրի՛ր վերջում։ Կարլսոն, Պլիմ»։
Առաջարկվում էր թերթից կտրած մի կտոր, որում ընդգծված էր տասը բառ։
«Ինձ դուր է գալիս դժվար օրինակների լուծման քո ձևը։ Դա կանխում է իմ սխալները։ Էլի այդպիսի ձևեր սովորեցրու։ Պաատա։ Պլիմ»։
«Խորհուրդ եմ տալիս քեզ բարեկրթություն դրսևորել․ պետք է շնորհակալ լինել, երբ քեզ ինչ-որ բան են սովորեցնում։ Միայն դրանից հետո ես քեզ նոր ձևեր կսովորեցնեմ։ Կարլսոն։ Պլիմ»։
«Ուռա՜։ Հայտնագործություն արեցի։ Եթե սկզբից երկու անգամ կարդաս այն պարագրաֆը, որ վաղը դասի ժամանակ պիտի բացատրեն, ապա 4 անգամ ավել բան կսովորես։ Եթե լուծես վարժություններն ու օրինակները, որ հաջորդում են առաջադրանքներում, ապա ավելի լավ կհասկանաս։ Ստուգի՛ր քո սեփական փորձով։ Կարլսոն։ Պլիմ»։
«Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես ես նկարում։ Ուղարկիր ինձ քո նկարներից մի քանիսը։ Պաատա։ Պլիմ»։
«Վերջին ժամանակներս չեմ կարողանում գիշերները քնել։ Գրի՛ր ինձ մի երկար, շատ երկար հեքիաթ։ Կարլսոն։ Պլիմ»։
«Ես նեղացրել եմ տատիկին, և նա չի ուզում ինձ հետ խոսել։ Խորհո՛ւրդ տուր, խնդրում եմ, ոնց հաշտվեմ նրա հետ։ Պաատա։ Պլիմ»։
«Քամին իմ տանիք կրկեսի երեք տոմս է նետել, ես շատ զբաղված եմ, աշխատում եմ ևս մի գիտական հայտնագործության վրա։ Գուցե դո՞ւ գնաս քույրիկիդ և հայրիկիդ հետ, հետո կգրես այն ամենի մասին, ինչ կտեսնես։ Հատկապես ծաղրածուների և խիզախ տրյուկների մասին։ Կարլսոն։ Պլիմ»։
«Շատ շնորհակալ եմ կրկեսի տոմսերի համար։ Շատ հետաքրքիր էր»։ Հետո հաջորդում էր մի երկար պատմություն տպավորությունների մասին և Պաատա։ Պլիմ։
«Արդեն 10 օր է՝ դու ինձ նամակ չես գրում։ Ի՞նչ է պատահել։ Գուցե հիվանդացե՞լ ես։ Ես այսօր բարձրացա, մեր տանիքը, բայց քեզ այնտեղ չգտա։ Ինչո՞ւ չես պատասխանում իմ նամակներին։ Իսկ գիտե՞ս, թե ինչ է եղել այսօր մեզ մոտ՝ դպրոցում»։ Հետո հաջորդում է մաթեմատիկայի բաց դասի մասին քո պատմությունը։ «Պաատա։ Պլիմ»։
«Ընթերցանության ձեր դասագրքում ոմն Մալխասի մասին պատմություն կա։ Ասում են, որ պատմվածքը շատ հետաքրքիր է։ Գրի՛ր դրա համառոտ բովանդակությունը։ Կարլսոն։ Պլիմ»։
«Ստացա քո նվերը։ Ամբողջ տասը գրքերը ես արդեն կարդացի։ Շնորհակալ եմ, սիրելի Կարլսոն։ Ուղարկում եմ քեզ շոկոլադի սալիկ։ Դու չէ՞ որ սիրում ես շոկոլադ։ Պաատա։ Պլիմ»։
«Ես աշխարհի ամենահեռատես մարդն եմ։ Ամեն առավոտ կազմում եմ ամբողջ օրվա պլանը և ամեն իրիկուն հաշվետու եմ լինում ինքս ինձ, թե ինչպես կատարեցի այն։ Խորհուրդ եմ տալիս նույնը քեզ անել։ Կարլսոն։ Պլիմ»։
«Ահա նյութեր մեղուների մասին քո զեկուցման համար։ Ի՜նչ հետաքրքիր կյանք ունեն նրանք։ Այս ամբողջը ես դուրս եմ գրել հանրագիտարանից։ Պաատա։ Պլիմ»։
Բերվում է երկու էջանոց շարադրանք։
«Խորհուրդ եմ տալիս քեզ երկու շաբաթվա ընթացքում կարդալ «Վինի Թուխը և բոլոր բոլորը»։ Ես այսօր սկսել եմ կարդալ։ Ով առաջինը վերջացնի, թող միանգամից նամակ գրի իր տպավորությունների մասին։ Կարլսոն։ Պլիմ»։
«Ատամս ցավում է։ Գնացել եմ բժշկի։ Նա ասաց, որ ատամը պետք է հեռացնել և ցավոտ է լինելու։ Բայց ես ամենաուժեղն եմ․ բացեցի բերանս, բժիշկը ունելիով քաշեց-քաշեց ատամս և հազիվ հանեց։ Իսկ ես, կարծես ոչինչ չէր եղել, ո՛չ ձայն, ո՛չ ծպտուն, անգամ ժպտում էի։ Հուսով եմ՝ դու էլ ես ուժեղ։ Չէ՞ որ իզուր չեմ քեզ հետ ընկերացել։ Գրի՛ր, թե ոնց են հանելու քո ատամը։ Կարլսոն։ Պլիմ»։
«Կարլսոն ջան, դու ե՞րբ ես թռչելու ինձ մոտ։ Դու խոստացել ես։ Մայրիկը երեկ ասաց, որ ես լավ տղա եմ։ Գուցե բացեմ նրանց գաղտնիքը։ Նրանք ոչ մեկին ոչինչ չեն ասի։ Պաատա։ Պլիմ»։
«Ես մեր բակում առաջին ծառի կողքին արդեն նոր ծառ եմ տնկել։ Պիտի ամեն օր խնամեմ ու ջրեմ։ Երկրորդ ծառը, որ քո խորհրդով եմ տնկել, քո անունով եմ կոչել՝ «Կարլսոնի ծառ»։ Ես քեզ ցույց կտամ, երբ թռչես ինձ մոտ։ Պաատա։ Պլիմ»։
«Կարլսոն ջան, մի՛ հեռացիր։ Ես քեզ շատ եմ սիրում։ Մինչև քո վերադարձը ես հարյուր գիրք կկարդամ, գուցե ավելին։ Բայց դու մի՛ մեկնիր։ Շուտով կսկսվեն ամառային արձակուրդները։ Մենք միասին կարող ենք գնալ գյուղ՝ տատիկի մոտ։ Նա շատ կուրախանա։ Խոստանում եմ, որ ընկերություն կանեմ մեր բակի բոլոր երեխաների հետ։ Ես չեմ ափսոսի խաղալիքներս և հեծանիվս նրանց համար։ Մի՛ մեկնիր, Կարլսոն։ Շուտ վերադարձիր։ Ես կսպասեմ քեզ։ Պաատա։ Պլիմ»։
Կարլսոնը թռավ գնաց՝ թողնելով իր 55 նամակները, որոնց մի մասը ներկայացվեց այստեղ, և քեզ ստիպեց ուղարկել 80 նամակ, որոնց մի մասը նույնպես ներկայացվեց այստեղ։
Նա սովորեցրեց քեզ դժվարությունների հաղթահարման հաճույքը ։
Նա ուղղորդեց քեզ դեպի իմացության ու ուսման հրճվանքը։ Նա արթնացրեց քո մեջ իմաստալից կյանքի պահանջը։
Նա քեզ հնարավորություն տվեց՝ զգալու մարդկանց հետ շփվելու գեղեցկությունը։
Կարլսոնը մեկնեց՝ թողնելով քո հոգում բարի հիշողություններ մանկության մասին։
Ե՞րբ կվերադառնա Կարլսոնը։
Ինչպես թե՝ «կվերադառնա»։ Նրա մտքով երբեք չի էլ անցել քեզնից հեռանալ։ Նա միշտ քեզ հետ է եղել։ Նա պարզապես վերամարմնավորվել է։
- Բացվել է 1279 անգամ