Ընտանեկան դաստիարակության արվեստը
Primary tabs
«Մարտյան հասակ։ Նամակներ դստերս»
Նախաբանի փոխարեն
Դժվա՞ր է ընտանիքում երեխաներին դաստիարակելը․
Միամիտ հարց է․ կա՞ ավելի դժվար խնդիր, քան լավ, ազնիվ, աշխատասեր, պատրաստակամ Մարդ դաստիարակելը։ Լավ երեխաները ծնողների հպարտությունն են, վատ երեխաները՝ նրանց ցավը։ Բայց մինչև երեխան բարուրներից Մարդ կդառնա, ծնողներին հարկավոր է անցնել կարծես թե բոլորին ծանոթ, բայց իրականում դաստիարակության անծանոթ արահետներով։
Թվում է, թե ծանոթ են, որովհետև գոյություն ունի դաստիարակության՝ բոլորին հայտնի համընդհանուր ֆորմուլա․ երեխան խախտել է ինչ-որ բան՝ պատժիր, լավ բան է արել՝ խրախուսիր։ Սա պարզից պարզ է։ Այո՛, շատերը այսպես էլ դաստիրակում են։ Բայց չէ՞ որ ամեն մի երեխա եզակի երևույթ է, և ամեն մի դաստիարակչական միջավայր նույնպես չկրկնվող իրականություն է։ Ի՞նչ անել նման պայմաններում։ Հարկավոր է մշտապես փնտրել, ստեղծել ճկուն և արտակարգ մանկավարժություն։
Մի ընտանիքում երկու, երեք ու ավելի երեխաներ են լինում։ Նրանք բոլորն էլ տարբեր են իրենց բնական տվյալներով, և չպետք է զարմանանք, նրանց դաստիարակության պայմաններն էլ տարբեր են։ Մեզ միայն թվում է, թե մի ընտանիքում բոլոր երեխաներին ներկայացվում են հավասար հնարավորություններ։ Դրա հաստատումը, ասենք, մեր ընտանիքի ավագ որդու, որի դաստիարակությունը ավելի հարթ է անցել (չնայած իրականում «հարթ» դաստիարակություն չի լինում) և աղջկա (որ երկու տարի և ութ ամիս փոքր է եղբորից) դաստիարակության փաստն է՝ անցման տարիքի բոլոր փոթորկուն շեմերով հանդերձ։
Թե ինչպես է մեր ընտանիքում դաստիարակվել մեր որդին, դուք արդեն գիտեք։ Սենյակից սենյակ ուղարկվող նամակները, սկզբից գրվել են ոչ նրա համար, որ հիմա պատմեմ ձեզ դստերս դաստիարակության մասին, այլ նրա համար, որ նրա հետ ընդհանուր լեզու գտնենք և նրան ինքնադաստիարակման ուղղորդենք։ Իսկ քանի որ այդ նամակները որոշակի դաստիարակչական ազդեցություն ունեցան, ես որոշեցի հրատարակել, մանավանդ որ դուստրս տվեց իր համաձայնությունը։
«Մարտյան» հասակ։ Նամակ առաջին
Բարի երեկո, իմ անուշ աղջիկ։
Որոշել եմ քեզ մի քանի նամակ ուղարկել սենյակից սենյակ։
Ճիշտ է, սենյակներն իրար կողքի են գտնվում, և դու կարող ես առարկել․ ինչո՞ւ գրել. միանգամից ասա, ինչ ուզում ես։ Բայց ես նախընտրում եմ քեզ հետ խոսել նամակներով։ Նամակը նամակ է մնում․ կարդում ես մի անգամ, երկրորդ, երրորդ անգամ, մտածում ծնողներիդ ուրախությունների ու հոգսերի մասին, և գուցե շատ հաճախ իրար այնպես ենք հասկանում, որ լարվածությամբ հագեցած բառերի կարիք չի լինում, և մենք չենք բովանդակազրկում մեր ամենօրյա շփումները, ընտանեկան կյանքը, ընդհակառակը՝ այն ավելի կենսուրախ, սիրառատ ու բովանդակալից ենք դարձնում։
Նամակները պատրաստելով՝ ես ինքս սկսելու եմ ավելի խորը մտածել և վերլուծել իմ խորհուրդները, խրատները, գնահատականները, հարաբերությունները, հազար անգամ ծանր ու թեթև եմ անելու արդարացիությունն ու հիմնավորվածությունը նրա, ինչին ուզում եմ քեզ կոչ անել․ այդպես մենք կխուսափենք հաճախ անբովանդակ զգացմունքներով ծանրացվող, հապճեպ ասված բառերից։
Նամակներով խոսակցության ինձ մղեց քո հասակը։
Մենք՝ քո ծնողները, զգում ենք, որ մեր փոխհարաբերությունները պետք է փոխվեն ու զարգանան քո մեծանալու հետ մեկտեղ։ Չէ՞ որ 16-17 տարեկան աղջկան մենք բարոյախոսություն և խելք չենք սովորեցնելու, ինչպես մի քանի տարի առաջ։ Այն ժամանակ մենք, օգտվելով ծնողական մեր իրավունքից, կարող էինք թույլ չտալ քեզ անել այն, ինչ խելամիտ չէինք համարում։ Այդ ժամանակ դու էլ թեթևորեն հաշտվում էիր ծնողական պահանջների անվիճելիության հետ։
Հիմա քեզ հաղթում է սեփական խելքով ամեն ինչին հասնելու պահանջը, և դա լիովին բնական երեևույթ է․ չէ՞ որ թռչունի ձագը պետք է թռչի բնից և ձագուկից թռչունի վերածվի։ Բայց խեղճ ձագուկը, եթե չի լսում մայրիկի և հայրիկի խրատական ծլվլոցը և փորձում է առանց թույլատվության, դեռ թևիկները չամրացած՝ բնից թռչել, փոխանակ երկինք թռչելու, կարող է անուժ ընկնել գետնին։ Վերջերս մենք տեսանք այդպիսի մի չլսող ճուտիկի, և կատուն էլ մոտակայքում էր։ Ո՞նց նեղացավ կատուն, որ մենք գլխի ընկանք, բռնեցինք ճուտիկին և տուն բերեցինք։ Մի շաբաթում ճուտիկի թևերը ամրացան, և նա ազատորեն օդ թռավ։
Երեխայի ամբողջ կյանքը հասունանալու ձգտում է. բայց ոչ միշտ ճշմարիտ, այլ՝ հապճեպ, կարծեցյալ, խաբուսիկ հասունանալու։
Գիտե՞ս, թե որն է իրական հասունացումը, իսկական անկախությունը։ Դա մտերիմների հանդեպ քո աշխատանքով ամրապնդվող խնամքն է, դա պարտականություն ու պատասխանատվություն է ուրիշների բարեկեցության ու ճակատագրի համար։
Բայց դե կյանքում միայն աշխատանքը չէ, որ գոյություն ունի։ Մարդը սիրում է ուրախանալ, հանգստանալ և ճամփորդել։ Սիրում է առանձնանալ։ Հասուն մարդը չի վազում ծնողների մոտ՝ թույլատվություն խնդրելու․ «Եթե կարելի է, ինձ թույլ տվեք կինո գնալ»։ Եվ ստացվում է այնպես, որ երեխայի կամ պատանու աչքերում հասունացումն ու ինքնուրույնությունը պատկերանում է զվարճանքների, բավականության, չվերահսկվող արարաքների տեսքով։ Կարծես թե նա, ով արդեն մեծացել է, լողում է հաճույքների ծովում, միշտ անում է այն, ինչ ուզում է, զբոսնում է՝ որտեղ և երբ ուզում է։
Եվ քանի որ մանկության և պատանության տարիներին բոլոր ծնողները հարկադրված են ինչ-որ բան չթույլատրելու որդուն կամ դստերը և ասելու՝ դու դեռ փոքր ես, ցանկությունների կատարման այդ բազում մերժումները (ոմանք՝ դառը արցունքներով ողողված, մյուսները՝ ապագայի երազանքներով պարուրված) աստիճանաբար կուտակվում են և մի գեղեցիկ օր վերածվում հակաճառության կծիկի։ Լավ է գոնե, եթե սիրտը, այդպիսի զգացմունքներով լցված, մտքի հետ բարեկամության մեջ է, որը կհաղթահարի, կհամոզի, կհանգստացնի ու կխաղաղեցնի նրան․ այդ ժամանակ պատանին մուտք կգործի հասունություն՝ որպես տոնականորեն զարդարված ապարանք, որտեղ շատ հարազատ մարդիկ սպասում են նրան, որ սկսեն տոնը։
Բայց եթե խելամտությունը չդիմանա զգացմունքների հորդումին, ապա դաստիարակողները, հատկապես անփորձները, ուսերն են թոթվելու և զարմացած բացականչելու են․ «Ի՞նչ է պատահել այս երեխային։ Որքա՜ն քաղաքավարի էր, դաստիարակված, ուշադիր, լսող, բայց դարձել է կոպիտ ու դաժան»։ Բարեբախտաբար, այդպիսի ծայրահեղությունները հաճախ չեն լինում։ Քո հասակակիցների մեծ մասը զգացմունքների և խելամտության սահմանին է․ մեկ զգացմունքն է գլուխ բարձրացնում, մեկ՝ խելամտությունը։
Այդ տարիքում ձեր բնավորությունը նման է մարտ ամսվա կամակոր եղանակին․ հենց նոր էր արևը բացվել, մեկ էլ տեսար՝ երկինքը պատվում է ամպերով։
Հիմա դու էլ ես «մարտյան» տարիքում։ Քո առաջ շողշողում է թվացյալ հասունությունը, դու ձգվում ես դեպի նա, ձգտում ես մտնել հասունության դրախտ, բայց մեր ծնողական ջանքերը, հուսով եմ, քեզ խելամտություն են պարգևել։
Հիմա քո բնավորության մեջ արևն ու ամպերը ավելի արագ են հաջորդում միմյանց, քան մարտյան երկնքում։
Հասունության շեմին կարծես թե կրկին բացվում են քո աչքերը։ Մի անգամ դու հանկարծ հայտնաբերեցիր․ բակը, որ քո մանկության ժամանակ քեզ այդքան մեծ էր երևում, իրականում շատ փոքր է․ քեզ ծիծաղելի է դարձել այն տիկնիկը, որը դու ամուր սեղմում էիր ու ասում, որ նրա մայրիկն ես։ Տատիկին, ում փեշին կպած էիր առաջ․ «Պատմի՛ր, կարդա՛, զբոսնի՛ր ինձ հետ», — այժմ վերից ես նայում, համարում ես, որ նա կյանքից հետ է մանցել։ Ծնողները, պարզվում է, այն մարդիկ են, որոնք, ճիշտ է, քեզ դաստիարակել են, խնամել, շատ են քեզ սիրում, բայց հիմա արդեն չեն կարող հասկանալ, երբեմն նաև խանգարում են քեզ։ Դու խուսափում ես նրանց գուրգուրանքից, որն առաջ այնպես էիր ուզում, նրանց խորհուրդները քեզ ձանձրացնում են, ու դու հաստատում ես․ «Ես գիտեմ»։
Այո՛, կարծես թե վերստին բացվել են աչքերդ․ քո շուրջը նույն մարդիկ են, նույն առարկաներն ու երևույթները, բայց դու նրանց տեսնում ես հեռադիտակի ապակու հակառակ կողմից։
Առաջ ինքդ էիր փոքր, բոլորը քո շուրջը մեծ էին ու գեղեցիկ․ հիմա դու ես մեծ, ու քո շուրջը եղողները ավելի են փոքրացել, քան իրականում կան։
Եվ ավելի լավ տարիք չկա քննադատելու, չհամաձայնելու, կամակորություն անելու, հակադրվելու, ինչ-որ բանի վրա ծիծաղելու, չհավատալու համար։ Ուրիշ ի՞նչ պատճառ է պետք դրա համար։ Քեզ իսկապես ամեն ինչ այդպես է թվում, և բացի դրանից, դու ինչպե՞ս կհասունանաս, եթե քեզ շրջապատաողներին հասկացնել չտաս․ «Հիմա այնպես հեշտ եմ կարողանում ձեզ չենթարկվել, ինչ իմաստնություն էլ որ դուք բարբառեք, ես այժմ սկսում եմ ապրել իմ խելքով»։
Բայց այն հեռադիտակը, որ փոքրացնում է ու հեռացնում ամեն ինչ քո աչքերին, միաժամանակ անհամաչափորեն մեծացնում է քո սեփական հնարավորությունները, ցանկությունները, ապրումները։ Եթե ինչ-որ բան ուրախացնում է քեզ, ապա դա ոչ թե պարզապաես ուրախություն է, այլ խելահեղ ուրախություն, եթե ինչ-որ բան տխրեցնում է, ապա մինչև հոգու խորքը, եթե որևէ մեկը քեզ դուր է գալիս, ապա՝ ինքնամոռացության աստիճանի։ Քո ուրախությունը, քո ցավը, քո հրապուրանքը, քո ցանկությունները Տիեզերքի վերջն ու սկիզբն են։ Եվ արդյոք կա՞ քո կողքին մեկը, որ քո չափ ուժգին ապրի ուրախությունը, հիասթափությունը, ցավն ու հրապուրանքը։ Ի՞նչ է ուրիշի եսասիրությունը քո եսասիրության համեմատությամբ։
Ահա թե ինչպիսին եք դուք՝ «մարտյան» տարիքի պատանիներդ ու աղջիկներդ։ Դրա համար է պատահում՝ մեկը անվերադարձ փախչում է տանից, իբր ծնողները նեղացրել են․ մեկ ուրիշը, առանց մտածելու, հետևում է առաջին պատահած մարդուն, իբր՝ խելքից դուրս սիրահարվել է․ մյուսը կոպտությամբ լի բառեր է նետում մոր դեմքին ու ցավեցնում մինչև հոգու խորքը, իբր՝ նա է իրեն վիրավորել։ Իսկ մեկն էլ սկսում է գրել բանաստեղծություններ, գրքեր «կուլ տալ», տարվել սպորտով կամ ներանձնանալ իր մեջ։
Այնքան էլ երկար ժամանակ չի անցնի, և եթե գիտակցությունն ու դաստիարակությունը իրար հետ երջանիկ համաձայնության գան, ապա ավելի լավ․ կորոշակիանա բնավորությունը, կդրսևորվի անձը, քաղաքացին, աշխատավորը, հոգատար որդին (կամ դուստրը)։
Բայց ծնողներին նաև մեծ վտանգ է սպառնում․ ինչ-որ անսպասելի, աննկատ սխալ հավիտյան կարող է դեռահասին դուրս նետել հասարակական շղթայից և տաշեղի նման մի կողմից մյուսը նետել, շեղել ճանապարհից ու խեղել ճակատագիրը։
Այդժամ ծնողներին կդիմի որդին (կամ դուստրը), որ երեկ բղավում էր․ «Ինձ հանգիստ թողեք», և դաշույնի պես սուր խոսքերով կխոցի ծնողի սիրտը․ «Ձեր խղճին են իմ տառապանքները։ Եթե ես ոչինչ չէի հասկանում, դուք հո՛ հասկանում էիք»։
Մենք՝ քո ծնողները, բոլորովին նպատակ չունենք սահմանափակելու քո ազատությունը։ Մենք տեսնում ենք, թե դու ինչպես ես մեր աչքի առաջ մեծանում, և զմայլվում ենք քեզանով։ Բայց և այնպես անհանգստանում ենք՝ իմանալով, որ մենք, քեզ դաստիարակելով, չենք խուսափում այն սխալներից, որ անում են հազարավոր ծնողներ․ ազատում ենք քեզ մշտական աշխատանքից, որ շատ ժամանակ մնա ուսմանը, երաժշտական և օտար լեզուների պարապմունքներին։
Չեմ վախենում ասել․ ավա՜ղ, հիմա շատ ընտանիքներում երեխաններին աշխատանքային գործունեության մեջ ներառելը քիչ է մնում կեղեքում համարվի։ «Նրանից ոչինչ չեմ ուզում, միայն թե սովորի», — հպարտորեն հայտարարում են մայրիկներն ու հայրիկները։
Արդեն անցյալ են դարձել այն ժամանակները, երբ երեխայի աշխատանքը թեթևանցում էր ընտանիքի հոգսը։ Այդ հեռավոր անցյալում աշխատավոր մարդկանց երեխաները լավ գիտեին, թե ինչ է կարիքը, սովը, առանց դեղորայքի մնացած հիվանդ մայրը։ Վաղ հոգսերն ու պատասխանատվության զգացումը նրանց ուսերին պարտականություններ էին դնում և արագացնում դեռահասի կայացումը, ինքնուրույն կյանքին նրա պատրաստ լինելը։ 5-6 տարեկանից ընտանիքի, տնտեսության, աշխատանքային գործունեության մեջ ներգրավված երեխայի արյան մեջ 15-16 տարեկանում արդեն հասուն մարդու պարտականության ու պատասխանատվության զգացում էր լինում։ Նա հաճախ աշխատում էր ծնողներին հավասար, իսկ աշխատանքի արդյունքը ավելանում էր ընտանիքի բյուջեին։ Համատեղ աշխատանքը, ընտանեկան ընդհանուր հոգսերը մտերմացնում էին երեխաներին ու ծնողներին, ամրապնդում փոխադարձ ընկալումներն ու փոխադարձ ապրումները։ Անցյալում՝ հին ժամանակներում, ուսումը միայն ընտրյալների մենաշնորհն էր։
Բայց հիմա հանգամանքները այլ են։ Նախ՝ ընտանիքները այնպիսի վիճակում չեն, որ մի կտոր հացի համար պայքարեն, որ հետո ձեռք էր բերվում փոքրահասակ երեխաների աշխատանքով։ Երկրորդ՝ միջնակարգ կրթությունը հիմա ընհանրապես դարձել է պարտադիր բոլորի համար։ Երրորդ՝ մենք արդեն վաղուց ենք հասկացել, որ ուսումը, կրթությունը անձնական կյանքի և հանրային բարեկեցության հիմքն են դարձել, և ոչ մի ընտանիք չի ցանկանում, որ երեխաները թողնեն ուսումը։ «Ամեն ինչ ձեզ համար է», — բացականչում ենք մենք։ Եվ իսկապես աշխատում ենք առանց ձեռքերը ծալելու, որ երեխաների վրա քիչ հոգս մնա, անգամ այն ժամանակ, երբ նրանք մեծանան, հայրիկներ ու մայրիկներ լինեն։ Եթե դա մեր ուժերից վեր չէ, ապա բնակարանի բանալիները այնպես ենք մատուցում, ասես դա ձեռքի ժամացույց է, մեքենան այնպես ենք նվիրում, կարծես հին պարտք ենք հատուցում։
Հենց երեխաների բարեկեցության համար արած մեր չափից ավելի հոգացողությունն է նվազեցրել աշխատանքային բարի ավանդույթները։ «Դու միայն սովորիր, — ասում ենք մենք նրանց, — պետք չէ, որ դու ճաշ պատրաստես, բնակարանը հավաքես։ Ուզում ես ֆաբրիկայում աշխատե՞լ։ Իսկ մի՞թե մենք ինչ-որ բանի կարիք ունենք։ Օգնես թեյի թերթիկների հավաքմա՞նը։ Միայն թե արևի տակ չկանգնես, ուժասպառ չլինես»։
Շատ-շատ ընտանիքներում ահա այսպես են մեծանում պատանիներն ու աղջիկները։ Դա լա՞վ է։ Այդ մասին քեզ կգրեմ մի ուրիշ անգամ։ Իսկ այստեղ կասեմ միայն, որ մենք՝ ծնողներս, մեծ սխալ ենք թույլ տալիս․ փոխանակ հենց սկզբից երեխաների համար գործ առանձնացնենք, մենք հակառակն ենք անում, ձեռքից խլում ենք այդ գործը և անգամ չենք էլ մտածում, որ դրանով հետաձգում ենք նրա մեջ հոգատարության և պատասխանատվության զգացումի ձևավորելն ու ամրապնդելը։
Իսկ երբ մեր երեկվա երեխան անսպասելիորեն թակում է չափահասության և ինքնուրույնության դուռը (տղան ծխախոտ է վերցնում, իսկ աղջիկը սկսում է չափից ավելի շատ պտտվել հայելու առջև), միայն այդ ժամանակ ենք մենք սկսում տեսնել, որ սխալ ենք գործել, չափից ավելի շատ ենք հոգացել ու դայակություն արել նրա համար ապահովության ջերմոցում, որտեղից դուրս են գալիս ծաղիկների նման պճնված աղջիկներ ու տղաներ, կամ էլ՝ դուրս թռչում գունավոր թևերով թիթեռներ։
Եվ դու էլ ես այդպիսի անհոգ թիթեռ, սիրելիս, և մենք այն ծնողներն ենք, որոնք սխալ են թույլ տվել․ շատ երկար ենք պահել քեզ մեր հոգատարության ու քո անհոգության ջերմոցում, ժամանակին քեզ չենք ապահովել գործով, որի համար դու պատասխանատվություն կկրեիր։
Մի՛ կարծիր, թե ես ինչ-որ բանով նախատում եմ քեզ։ Ինչո՞ւ եմ այդ դեպքում ես հոգեբանություն և մանկավարժություն ուսումնասիրել, եթե չիմանամ, որ ամեն տարիքային աստիճան բնութագրվում է սեփական բնույթով և կարիք ունի սեփական մանկավարժության։ Եվ «մարտյան» տարիքն իսկապես կարիք ունի առանձնահատուկ մանկավարժության․ ես հիմա հենց դա եմ հոգում՝ ո՞ր մանկավարժությանը հետևել։ Պիտի խոստովանեմ․ այդ գործում ես քո խորհրդի ու օգնության կարիքն ունեմ։ Ես երկու տարբեր մանկավարժություն գիտեմ։ Առաջինը կոչում են «ավտորիտար», երկրորդը՝ «մարդասիրական»։ Եթե ես հետևեմ ավտորիտար մանակավարժությանը, ապա ստիպված կլինեմ ուշադրություն չդարձնել քո «մարտյան» տարիքի կամակորություններին․ ասացի՝ ու վերջ։ Լա՛ց եղիր, ինչքան ուզում ես, պնդի՛ր՝ իբր, դու արդեն մեծ ես, ու եթե ինչ-որ բան պատահի, միայն քեզ կպատահի, ոչ թե մեզ։ Ես հարյուր անգամ կրկնում եմ ինձ․ այս աղջկանից խստորեն պահանջիր, որ պատասխան տա ցանկացած կամայականության, կոպտության համար, պատժիր արարքների համար։ Դրա փոխարեն խրախուսիր բարի արարքները։ Եվ այս ճանապարհին ես հետևողական պիտի լինեմ։ Այդպես կվարվի նաև մայրիկը։ Եվ դու քիչ-քիչ կհարմարվես, որ առանց ծնողների թույատվության ոչ մի (պատկերացնո՞ւմ ես՝ ոչ մի) իրավունք չունես։ Այդ ընթացքում կանցնեն տարիներ և «մարտյան» տարիքը կխաղաղվի, հետո՞ ինչ, որ դու մեր մասին վատ կմտածես, հետո՞ ինչ, որ ծնողներիդ հանդեպ քո մեջ կարող են առաջանալ վախ կամ անվստահություն։ Վերջիվերջո դու կհասկանաս, որ մենք երբեք քո վատը չենք ցանկացել և ամեն ինչ արել ենք՝ հոգ տանելով քո մասին։
Բայց մարդասիրական մանկավարժությանը հետևելով՝ հարկ կլինի ուղիներ փնտրել, որ դու համաձայնես կամավոր հետևել մեզ։ Մենք կօգնենք քեզ՝ հասկանալու, կռահելու, համաձայնելու։ Հարկ կլինի որոշ հարցերի լուծումը քեզ վստահել այն հույսով, որ ողջախոհ կվարվես։ Մենք պետք է ծայրահեղ անկեղծ ու բաց լինենք միմյանց հանդեպ։ Դու ներկա կլինես ընտանեկան գործերին, մենք կընդունենք քեզ՝ որպես ընտանիքի լիիրավ անդամ, հաշվի կնստենք քո խելացի որոշումների հետ։ Կվստահենք քեզ մեր հոգսերի մի մասը, հնարավոր է, և ամենագլխավորը։ Կջանանք ավելի շատ լինել քեզ հետ, ընկերություն կանենք։
Եթե մենք ընտրենք մարդասիրական մանկավարժության ուղին, այդ ժամանակ հարկ կլինի, որ դու ինքդ մեզ օգնես քո դաստիարակության հարցում։ Հարկ կլինի՝ վստահես, հասկանաս մեզ, փորձես քեզ և քո սեփական արարաքներին նայել մեր՝ ծնողական աչքերով։
Փոխըմբռնում, փոխադարձ հարգանք, բարեկամություն ու արդարադատություն՝ ահա թե ինչ բարոյաէթիկական նորմերի վրա է հենվում մարդասիրական մանկավարժությունը։ Ես ուզում եմ, որ մենք հետևենք այս մանկավարժությանը, մարդասիրական, ավելի բարդ, հղկված, բայց իմաստալից ու ռոմանտիկական մանկավարժությանը։ Չէ՞ որ մենք մինչև հիմա էլ կանգնած ենք եղել այս ուղու վրա։ Մարդասիրական դաստիարակությունը քո սրտում տհաճ զգացումների հետք չի թողնի, այն կօգնի հասկանալու ինքդ քեզ, ցույց կտա, որ մենք իրար համար գոյություն ունենք։ Ճիշտ է, հաճախ հարկ կլինի հաղթահարել ինքդ քեզ, կամավոր հրաժարվել շատ հաճույքներից, բայց դրա փոխարեն քո մեջ կձևավորվի ազնվաբարո բնավորություն, որին էլ երբեք չի դիպչի եսասիրության, կոպտության, նախանձի ու չարի բացիլը։ Քո մեջ կաշխատի ապրումակցելու զգացումը՝ իսկական մարդու բարձրագույն հատկությունը։
Մեզ բոլորիս հարկավոր է միասին անցնել այս «մարտյան» տարիքն այնպես, որ բոլորս էլ հաղթանակող դուրս գանք։ Եվ թող մեզ այս ուղուց չմոլորեցնի ու մեր ճանապարհը չշեղի տարիքին բնորոշ կամակորությունը։ Ի՞նչ ես կարծում, կկարողանա՞նք արդյոք դիմանալ փորձությանը։
Քո հայրիկ
Կնոջ ամենագլխավոր արժանիքը։ Նամակ երկրորդ
Բարի երեկո, իմ քնքուշ աղջիկ։
Սիրում եմ նայել, թե ինչպես ես նկարում․ ձեռքի մեկ-երկու շարժում, և բարակ գծերը թղթի վրա ստեղծում են մեղմ կերպարներ՝ երբեմն ուրախ, երբեմն տխուր։ Կենսական տպավորություններն ու երևակայությունը միահյուսվում են իրար, և ես մտախոհ հետևում եմ քո աշխատանքին․ ի՞նչ է ուզում իր նկարով փոխանցել իմ աղջիկը։
Խոստովանում եմ․ ինձ համար անսպասելի էր նկարելու քո հակումը, ո՛չ ես, ո՛չ մայրիկդ այդ հարցում գլուխ գովել չենք կարող։ Այնուամենայնիվ, ես ինձ նկարիչ եմ երևակայում, որն արդեն 15 տարի է, ինչ արարում է իր ստեղծագործությունը։ Շատ եմ ուզում, որ այն սքանչելի ստացվի։ Երբեմն գործիքը սահելով ընկնում է, կամ անհետանում են դժվարությամբ գտնված ձևն ու ուղղությունը։ Իսկ դա պատահում է, որովհետև «նյութը», որի վրա աշխատում եմ, հաճախ ինձ չի ենթարկվում, հայտարարում է իր կամքի մասին։ Ի՞նչ եմ ես ուզում նրանից ստանալ։ Ոչ ավել, ոչ պակաս՝ ծնողի երազանքը։ Ես ձգտում եմ իրականություն դարձնել իմ երազանքը, և ամեն մի ձև ու ուղղություն ինձ իմ հոգու սածիլում է թվում։
«Դու իմ մասի՞ն ես խոսում», — կասես դու։ Իհարկե, ես խոսում եմ քո՝ որպես վրացուհու, ձևավորման մասին։ Հավատում եմ, որ ցանկացած ազգության կնոջ բնորոշ է առանձնահատուկ որակն ու բնավորությունը, որը պայմանավորված է պատմականորեն ձևավորված ավանդույթներով։ Եվ վրաց ժողովրդի կյանքը դարերի ընթացքում ստեղծել է ավանդույթներ, որոնք սահմանել են կնոջ արժանապատվությունը։ Գուցե դու գիտե՞ս, թե որն է դա։ Ես արդեն լսում եմ քո անհամբեր ու ինքնավստահ խոսքը․ «Գիտեմ, գիտեմ։ Լինել կարգապահ, խելացի և բարի»։ Իսկ ես քեզ ավելի որոշակի կասեմ․ ժողովրդական ավանդույթների համաձայն՝ կնոջ ամենագլխավոր արժանիքը խիղճն է, հավատարմությունը և ազնվությունը։
Դու կին ես։ Ո՛չ, քո իրավունքները ոչնչով չեն սահմանափակվում, կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարությունը վաղուց է սահմանվել մեր երկրում։ Բայց վրաց ժողովուրդի ընտանիքի պատիվը մարմնավորվում է վրաց կնոջ մեջ, վրացի հայրը, եղբայրը, ամուսինը, որդին իրենց արժանապատվությունը կապում են աղջկա, քրոջ, կնոջ, մոր արժանապատվության հետ։
Կնոջ արժանապատվություն և պատիվ։ Ի՞նչ արժեք ունեն այս բառերը այն աղջկա համար, որը ձգտում է առերևույթ մեծ լինել։
Ոմանց համար, հնարավոր է` ոչ մի արժեք։ Այդպիսի աղջիկը ագահ ու պլշած աչքերով նայում է արտասահմանյան ֆիլմեր․ ահա, պարզվում է, ինչպես կարելի է ժամանակ անցկացնել․․․ Եվ սկսում է երկրպագուներ փնտրել, փոխում է մեկին, հետո՝ մյուսին, երրորդին․․․ Նազանքով սիգարետ է քաշում, դրսևորում հակումներ կոնյակի հանդեպ, ներկում աչքերը, թարթիչները, հոնքերը, հագնում նեղ տաբատներ։
Ո՛չ, ես չեմ ծիծաղում այսպիսի աղջիկների վրա, ինձ անհանգստացնում է նրանց ճակատագիրը, ես չեմ կարող արդարացնել ոչ մի մոր, ոչ մի հոր, որոնք այդ ամենի մեջ ժամանակակից լինելու նշան են տեսնում։
Մեր ավանդույթների համաձայն՝ վրաց կնոջ արժանապատվությունը ազգի ազնվազարմության խորհրդանիշ է։ Թբիլիսիում վեր է խոյանում «Մայր Վրաստան» հուշարձանը, և այն նույնպես մարմնավորում է այդ ավանդույթների վեհությունը։ Եվ նա, ով խախտում է բարի ավանդույթները, պետք է իմանա, որ դրանով վիրավորում է իր պատիվը։
Կանցնեն տարիներ, և ո՞վ գիտե, թե որտեղ և երբ կբացահայտվի արատավորված անունը, և նա հետ կվանի երջանկությունը, որ բախում էր դուռը։ Եվ այդժամ աղջիկը, ցավը սրտում, լաց կլինի, նա կոշտ բնավորություն պիտի դրսևորի, որ ոգին չկորցնի և, այնուամենայնիվ, հավատա ապագային։
Անունն ու պատիվը պահում են երիտասարդ տարիքից։ Այո՛, իհարկե, հայրը չի կարող հանգիստ լինել, երբ աղջիկը, ինչպես մի անտուն, անգործ, թափառում է փողոցներով, զբոսայգիներով, երբ նա տեսնում է, որ ինչ-որ մի դատարկապորտ գրկում է իր աղջկան, և դա նրան դուր է գալիս։
Այո՛, և քո եղբայրը ճիշտ էր, որ հրաժարվում էր քեզ հետ թատրոն գնալուց․ նախ մարդավարի սանրի՛ր մազերդ, հետո թատրոնին վայել հագնվի՛ր և այդ ժամանակ՝ կգամ։ Դու նեղացել էիր․ բոլոր աղջիկները տաբատով են գալիս, իսկ ինձ արգելում եք։
Իմ կարծիքով ցանկացած կին ունի սեփական անկրկնելի հմայքն ու գեղեցկությունը։ Ամեն մեկն էլ գեղեցիկ է։ Եվ դու ինձ չքնաղ ես թվում։ Ջահել աղջկա ինչի՞ն են պետք կրեմներն ու շպարը։ Թող գնահատի այն, ինչ տվել է իրեն բնությունը։ Եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի դրանում, թող որ բնությանն օգնի՝ որոշ աննշան մեղանչումներ շտկելու, բայց այնպես, որ չնեղացնի նրան, մարել չտա սեփական գեղեցկությունը՝ հանուն ժամանակակից կոսմետիկայի և մոդայի ցուցադրաման։
Կնոջ իրական գեղեցկությունը նրա ներքին զսպվածության, նրբության ու պարզության մեջ է։ Ցավոք, ոմանք կամ չեն լսում ավանդույթների կանչը, կամ պլշում աչքերը արտասահմանյան հագուստի վրա (փալաս-փուլուսի վրա՝ սովորաբար ասում ենք մենք)։ «Գնե՛ք, գնե՛ք», — լսվում է հիստերիկ, կոպիտ, հրամայական ձայնը այդ աղջիկների։ Այն թափանցում է պատերից դուրս, պատուհանից դուրս թռչում դեպի փողոց, այն լսում են մեծ շենքի բոլոր հարևանները։
-Ի՞նչ է կատարվում, — հարցնում են մարդիկ։
-Պահանջում է․ «Գնե՛ք»։
-Ինչպիսի աներեսություն։ Խե՛ղճ հայր։
-Այո՛, նա նման չէ այն աղջկան, որ ապրում է երկրորդ հարկում, վերջինս այնպես քաղաքավարի է բարևում բոլորիս։
-Աստված չանի, ընտանիքում այդպիսի մեկը ունենաս։
-Իսկ նա, որ երկրորդ հարկում է ապրում, նրա բարձր ձայնը երբևէ լսած կա՞ք։
-Ամբողջ օրը նա դրսում է, ե՞րբ է պարապում։
-Նրա, որ երկրորդ հարկում է ապրում, մայրն էր հիվանդացել, պիտի տեսնեիք, թե ինչպես է խնամում մորը։
-Իսկ սա իր ծնողների հոգին հանել է, բա ամուսնուն ի՞նչ կանի։
Իսկ այդ բնակարանից լսվում է․ «Գնե՛ք։ Գնե՛ք»։ Հայրը շրխկացնում է դուռն ու փախչում տանից։ Ո՞ւր է գնալու։ Կգնի՞, թե կդիմի երկրորդ հարկի հարևանին, որ նա օգնի իրեն աղջկա դաստիրակության հարցում։
Եթե աղջիկը գլուխը լցրել է փալաս-փուլուսի մասին մտքերով, իսկ իր ժամանակը սպանում է հաճույքների փնտրտուքով, ե՞րբ է սովորելու։ Իսկ գուցե կարիք, անհրաժեշտություն էլ չկա, որ սովորի։
Քեզնից և ընկերուհիներիցդ հաճախ եմ լսել․ «Զզվացրին այս ուսուցիչները, մեր ինչի՞ն է պետք մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան (մյուսներն ասում են՝ պատմությունը, գրականությունը, աշխարհագրությունը)»։ Բայց հիշում ես, վերջերս մի այսպիսի քաղվածք կարդացի․ «Կրթված կինը տառապանք է ամուսնու, երեխաների, ընտանքի, ծառաների, մի խոսքով՝ բոլորի համար»։ «Ի՞նչ ես մտածում», — հարցրի ես քեզ։ Եվ դու քեզ վրավորված զգացիր․ «Ո՞վ է դա ասել, մի՞թե դու»։ -«Սա Ժան Ժակ Ռուսսոն է ասել»։ Դու մինչև հոգուդ խորքը վիրավորվեցիր Ռուսսոյից։ Եվ ես հարգանքով ներողություն խնդրեցի նրանից․ «Ներեցե՛ք, մե՛ծ լուսավորիչ, փիլիսոփա և մտածող։ Մենք՝ ես և աղջիկս, մյուս ծնողները, մեր երկրի աղջիկները, չենք կարող համաձայնել Ձեզ հետ, մենք բոլորս միասին հավատում ենք, որ ի սկզբանե կիրթ և դաստիարակված կինն է մարդկանց ուրախություն պարգևում և ամրապնդում երջանկությունն ընտանիքում»։
Իսկ ընտանիքը, ինչպես հիմա ասում ենք, մի փոքր պետություն է։ «Ես քեզ չեմ ամուսնացնի», — վախեցնում եմ քեզ կատակով։ Իսկ դու ծիծաղում ես, իբր այդ ո՞վ է մեր օրերում ամուսնացնում, մենք ինքներս ենք ամուսնանում։
Բայց ես ինչպե՞ս չանհանգստանամ, եթե տեսնում եմ, թե որքան հաճախ է ընտրությունը անհաջող լինում։ Աղջիկը չի ստուգում իր զգացմունքները, ոչինչ չի հասկանում ընտանիքի հոգսերից, բայց պնդում է․ «Սիրում եմ, ուզում եմ ամուսնանալ»։
Կդառնա՞ նա արդյոք ղեկավարն այս փոքրիկ պետության, և վտանգ կծնվի՞ արդյոք ընտանիքի բարեկեցության և ամբողջանակության համար։ Եթե դու չգիտես, ես գիտեմ, թե որքան արագ են կործանվում փոքր պետություններն իրենց ստեղծման հենց առաջին տարում։
Իսկ երեխանե՞րը։ Ի՞նչ դաստիարակ դուրս կգա ջահել, վախեցած մորից։ Դրա համար էլ նրանք կկուների պես իրենց երեխաներին նետում են տատիկների և պապիկների գիրկը, իբր՝ դուք դաստիարակեք։ Տատիկներն ու պապիները, իհարկե, գոյություն ունեն նրա համար, որ սիրեն իրենց թոռնիկներին, բայց և այնպես, մոր բարձրագույն հոգսը համարվում է ազնիվ, աշխատասեր երեխաներ դաստիարակելը։ Մի՛ մտածիր, սիրելիս, որ մեր վեհասքանչ հուշարձանը՝ «Մայր Վրաստանը», որ դարձել է մեր ազգային հպարտությունը, մարմնավորում է միայն մեր անցյալը։ Ո՛չ, նա մեր և՛ ներկան է, և՛ ապագան։ Երբ մենք նայում ենք նրան, մտածում ենք արդեն ոչ թե՝ ինչքան գեղեցիկ է արվեստի տեսանկյունից, այլ թե ինչպիսին են մեր վրաց կանայք ու մայրերը։ Իսկ դու պիտի հավատաս, որ այն ոչ միայն ինչ-որ կորած ժամանակների կնոջ կերպար է, այլև քո ապագա կնոջական ճակատագրի մարմանավորումը։
«Ոմանց կին են ասում, ոմանց՝ կինարմատ», — ասում է վրացական ասացվածքը։ Ովքե՞ր են այդ «կինարմատները»։ Թեթևաբարո և թեթևամիտ, եսասեր, անհոգ և ինքնասիրահարված, անպատասխանատու, րոպեական հաճույքների մեջ ընկնող։ Դրանք այն կանայք են, որոնք ընտանեկան գործեր չեն սիրում, չեն կարող ամուսնուն, երեխաներին, մտերիմներին ոգեշնչել բարի գործեր անելու, չեն կարող երեխաներ դաստիարակել, չեն գիտակցում իրենց պարտքը հասարակության առաջ։ Ո՛չ, ես չեմ ուզում քեզ այդպիսին տեսնել։
Այսպիսի մտածմունքներով ես սնում եմ քեզ՝ իմ յուրահատուկ արարածին՝ ծնողների երազանքին։ «Դու կին ես։ Մի՛ մոռացիր, որ քո պատիվն ու արժանապատվությունը վրաց ժողովրդի պատիվն է ու արժանապատվությունը», — շշնջում եմ ես ու ինքնամոռաց տրվում ստեղծագործելուն։ Գծերի ներդաշնակությունը, հնարավոր է, ավելի գեղեցիկ է, քան վրաց շինարար վարպետների տաճարներում են, ահա թե ինչ է ինձ հարկավոր։ Ես հո չեմ նմանվում այն անբախտ անտիկ քանդակագործին, որ կնոջ չքնաղ կերպար արարեց, իսկ հետո սիրահարվելով նրան՝ վհատության մեջ հարվածեց մուրճով ու բացականչեց․ «Խոսի՛ր, վերջապես»։ Ես շատ լավ գիտեմ, որ իսկական կինը վրձնով չի նկարվում, չի քանդակվում մարմարով, նրան մշտական դաստիարակություն է հարկավոր ծնողների կողմից, որոնք առաջնորդվում են պատասխանատվության բարձրագույն զգացումով։
Ահա թե որքան մեծ ու կարևոր է մեր դերը քո հանդեպ։ Հասկանո՞ւմ ես հիմա, թե մենք ինչու ենք զայրանում, երբ դու անիմաստ վատնում ես ժամանակդ, ինչու ենք այդպես անհանդուրժող քո չմտածված, թեթևամիտ արարքների հանդեպ։ Քո ցանկացած այդպիսի արաք կործանում է մեր երազանքը։ Իսկ դա կարող է նշանակել և մեր կործանումը։ Մի՛ մտածիր միայն, թե մենք ուզում ենք կապկպել քո ձեռքերն ու ոտքերը։ Մեզ ամենամեծ ուրախություն է պարգևում քո գիտակցված ինքնուրույնությունը։ Մենք անգամ չենք վախենում, որ դու անփորձությունից ինչ-որ բանում կսխալվես, տեղի կունենա այն, ինչ դու չէիր ուզում։ Գոյություն ունեն, չէ՞, ամոթը, դառնությունը, կարեկցանքը, խոստովանությունը, ներողություն խնդրելը և ընդհանրապես անկեղծությունը։ Այս բոլորը, ի՛մ աղջիկ, ազնվաբարո, մարդկային լինելու զարդարանք են, սեփական անհատի գիտակցական դաստիարակության միջոց։ Մի՛ ամաչիր դրանցից օգտվելուց։
Փոխըմբռնումով ապրենք, և օգնիր մեզ քեզ դաստիարակելում։ Օգնենք միմյանց, որ դու արժանավոր կին մեծանաս, իսկ մենք էլ լինենք արժանավոր ծնողներ։
Քո հայրիկ
«Ես կատու եմ, բայց դուք հո՛ մարդ եք»։ Նամակ երրորդ
Բարի երեկո, իմ հարազատ աղջիկ։
Չնայած մտադիր եմ քեզ հետ խոսել կատվի մասին, սակայն հավանաբար դու ինքդ էլ գլխի ես ընկնում, որ խոսքը ոչ այնքան կատվի մասին է, որքան մեզանից յուրաքանչյուրի։ Եթե մարդն ուզում է ճանաչել ինքն իրեն, դրանում հավանաբար նրան կարող են օգնել և՛ կատուն, և՛ վանդակում դրված դեղձանիկը, և՛ ակվարիումի ձկները, և՛ բակապահ շունը, որ հավատարմորեն պահպանում է տիրոջ ունեցվածքը։ Բայց դեռ ոչ ոք կատու չի պահում տանը, որ ինքը մկներին որսա ու դրանով նրան կերակրի․ ոչ ոք դեղձանիկ տուն չի բերել՝ նրա առաջ նստելու ու երգելու նպատակով։ Եվ տեր էլ չի եղել, որ գեղեցիկ տուն կառուցի ու հետո վերցնի հրացանը և հայտարարի․ «Հապա թող որևէ մեկը համարձակվի վիրավորել իմ շանը»։ Ամեն ինչ հակառակն է տեղի ունենում․ մարդը կենդանիներ և թռչուններ է պահում իր կարիքների ու հաճույքների համար, այլ ոչ թե նրանց հաճույք ու ուրախություն պատճառելու համար։
Հավանաբար այդպես էլ պիտի լինի։ Սակայն․․․
Հիշո՞ւմ ես մեր գեղեցիկ, ոսկեթև դեղձանիկին, որին մենք Դոնի էինք կոչել։ Ինչքան ուրախություն էր պարգևել մեզ այդ փոքրիկ թռչունը։ Մենք նրան բաց էինք թողնում վանդակից, նա մեկ թռչկոտում էր սենյակով մեկ, մեկ նստում մեր գլխներին ու խառնում մազերը, մեկ էլ թռչում էր սեղանին ու մեզ հետ ճաշում, երբեմն էլ ուտում մեր ափսեից։ Իսկ երբ լսում էր, որ դու դաշնամուր ես նվագում, նա սլանում էր դեպի քեզ, առանց վախենալու նստում աջ ձեռքիդ մատներին, անգամ երբ մատներդ սահում էին ստեղների վրայով կամ ուժեղ ակորդներ էիր վերցնում։ Եվ սկսում էր երգել զարմանահրաշ ներդաշնակությամբ՝ հյուսելով իր մեղեդին քո նվագածին։ Դա իրականում եզակի հրաշք էր։ Այդ ժամանակ մենք ոտքերի ծայրերի վրա էինք մտնում սենյակ, որ տեսնեինք ու լսեինք ձեզ։
Հետո Դոնին վեր էր բարձրացնում կտուցը, ձգում ոտիկներն ու թևիկները և սկսում դիպչել քո ձեռքերին, ասես համբուրում էր՝ ի նշան շնորհակալության։ Եվ այդժամ Դոնին ինձ մարդ էր թվում, որ վերափոխվել էր թռչունի։
Երբեմն ես ուզում էի հարցնել նրան․ «Իսկ հետո ինչ ենք անելու, Դոնի, ի՞նչ ես մտածում․․․»։ Երբեմն ինձ թվում էր, թե նա ջանում է մեզ ինչ-որ բան պատմել իր մասին, այն մասին, ինչը իրեն անհանգստացնում է։
Ես ուզում էի հասկանալ նրա երգեցողության թաքուն իմաստը, դրա համար էլ հաճախ էի զրուցում նրա՝ որպես գիտակից էակի հետ, և վստահ էի, որ մենք հասկանում ենք իրար։
Տատիկն ավելի շատ էր կապվել Դոնիի հետ։ Անկեղծ լինենք․ չնայած Դոնիին ես քեզ էի նվիրել, բայց տատիկն էր նրան խնամում։ Նա գիտեր, թե երբ ինչ ուտելիք տար նրան։ Տատիկը սովորեցրել էր նրան նստել ձեռքի ափի մեջ ու կտցահարել հատիկները։ Նա օրը մի քանի անգամ մաքրում էր վանդակը և մշտապես զրուցում հետը, շոյում, քնքուշ անվանումներ տալիս նրան և երևի, երբ տանը ոչ ոք չէր լինում, պատմում էր թռչնակին իր կյանքի, մեզանից յուրաքանչյուրի մասին, կիսվում էր նրա հետ իր հոգսերից ու վշտերից։
Այդպես մի հինգ տարի ապրեց Դոնին մեր ընտանիքում։ Հավանաբար դեռ երկար մեր ոսկեթևիկ դեղձանիկը կարող էր երգել և ուրախացնել մեզ, բայց դու երևի լավ ես հիշում, թե ինչքան անիմաստ նա զոհվեց։ Վաղ առավոտյան տատիկը մաքրել էր նրա վանդակը, մի կտոր նրբատախտակ դրել, որ նրա համար հատակ էր ծառայում, և հարվածել էր, որ այն տեղն ընկնի։ Բայց նա չէր նկատել, թե ինչպես էր թռչնակը, որ մինչ այդ թռչկոտում էր սենյակում, մտել վանդակի մեջ։ Երկար փնտրտուքից հետո մենք նրան գտանք նրբատախտակի տակ։ Մենք ողբացինք նրա մահը, տատիկը շատ նախատինքներ լսեց։ Նա լալիս էր՝ իրեն մեղավոր զգալով։
Իսկ հիմա՝ ահա կատուն։
Արդեն վաղուց դու երազում ես շուն կամ կատու ունենալ։ Ինչի՞դ են պետք դրանք. որ դրանցով խաղաս, զվարճանաս։ Իսկ երբ ժամանակ չես ունենա, կամ խաղը կհոգնեցնի, քեզ ո՛չ շունը պետք կլինի, ո՛չ կատուն (ինչպես Դոնին)։ Ես փողոցում հանդիպել եմ աղջիկների, որոնք կրծքներին սեղմած ունեն փոքրիկ շնիկների, շոյում ու համբուրում են նրանց և շատ բավարարված են նրանով, որ շնիկները վազում են նրանց հետևից ու ենթարկվում նրանց։ Իսկ ո՞վ է ընտանիքում հոգում կատվի ու շան հոգսերը, մաքրում նրանց անկյունը, ո՞վ է հասկանում նրանց լեզուն ու զրուցում նրանց հետ, ապրումակցում նրանց։ Պապիկնե՞րը։ Տատիկնե՞րը։ Ծնողնե՞րը։ Եվ ի՞նչ իմաստ ունի տանը, օրինակ, փոքրիկ շնիկ պահել, որը չի կարող հսկել բնակարանը կամ օգնել տիրոջը։ Չնայած կարող է կեղտոտել մուտքը, անիմաստ ու շարունակ հաչել հարևանի վրա, գրգռել շրջապատի մարդկանց։ Եվ, այնուամենայնիվ, կենդանիները տանը անհրաժեշտ են երևի նրա համար, որ հասկանաս նրանց, որ սովորես պատրաստակամ լինել։ Եթե դու կարողանաս կարեկցել կենդանուն, հասկանալ նրան, ապա կարելի է ենթադրել, որ ավելի լավ կհասկանաս մարդկանց և նրանց հանդեպ կլցվես կարեկցանքի զգացումով։
Կատվին մենք պատահաբար գտանք փողոցում։ Մենք քեզ հետ ատամնաբույժի մոտից էինք գալիս, երբ հանկարծ ծառի տակ տեսանք սիամական այդ չքնաղ կատվին։ Կատուն մեզ էր նայում և խեղճորեն մլավում։ Մենք կռացանք ու շոյեցինք նրան։ Կատուն չվախեցավ, չփախավ։ «Ահա թե ինչպիսի կատվի մասին եմ երազում», — ասացիր դու։ Կատուն ասես ինչ-որ բան էր ասում մեզ, մլավում էր՝ նայելով մեր աչքերի մեջ։ «Հայրի՛կ, դե՛ հայրիկ, աղաչում եմ քեզ, վերցնենք նրան», — սկսեցիր համոզել ինձ։ — «Բայց ի՞նչ կասի տերը, մենք չենք կարող գողանալ նրան»։ Մենք երկար շոյում էինք նրան և չէինք կարողանում որոշել ինչպես վարվել։ Ճիշտն ասած՝ ես մտադիր չէի տուն տանել նրան։ Ո՞վ պիտի խնամի նրան։ Մենք՝ բոլորս, տարված ենք գործերով, իսկ կատուն խնամք է պահանջում։
Ինչ-որ կին փողոցի մյուս մայթից ձայնեց մեզ․ «Շատ լավ կատու է, — ասաց նա, — տեր չունի, այ այս հիվանդանոցում է տեղավորվել, վերցրեք ձեզ»։ Դու հենց դա էիր ուզում․ «Հայրի՛կ, արի վերցնենք նրան, խնդրում եմ»։
Մի՞թե հայրիկը կարող է աղջկա խնդանքը մերժել։ Շոյում է քեզ աղջիկդ, համբուրում մեկ-երկու անգամ, և դրանից հետո ոչ միայն կատու, այլև կոկորդիլոս էլ տուն կտանես։ Բայց եթե ես ճիշտ հաշվարկեի, ապա հեշտորեն կբացահայտեի, թե ինչ մեղք եմ վերցնում վրաս։ Իսկ դու․ «Վերցրո՛ւ, աղաչում եմ»։ Ինձ թվում է, որ ամբողջ աշխարհում հայրիկները մի ուրիշ զգացում են տածում դուստրերի հանդեպ։ Նրանք լավ գիտեն, որ ամեն դստեր մեջ նստած է եթե ոչ մեծ, գոնե մի փոքրիկ սատանա, գիտեն, որ նրանց միշտ չէ, որ պետք է լսել, բայց հայրիկներին չի բավարարում կամքի ուժը, որ բռնեն այդ փոքրիկ սատանայի կոտոշիկներից ու ասեն նրանց․ «Հենց հիմա թող իմ խելացի աղջկան»։ Հենց այդ փոքրիկ սատանան էլ օգտվում է իմ սիրուց․ «Աղաչո՜ւմ եմ, հայրի՛կ ջան», — և ո՞ւր է կորչում իմ սթափ միտքը։
Մենք վերցրինք կատվին ու գնացինք։ Ճանապարհին մլավում էր արդեն ուրիշ կերպ, մտածում եմ, նա խնդրում էր մեզ իրեն բաց թողնել, բայց նրան ո՞վ կլսեր։ Մենք տաքսի նստեցինք ու ուղևորվեցինք տուն։ Վարորդը, կատվին մեզ հետ տեսնելով, իր կարծիքն արտահայտեց․ «Ո՛չ շուն, ո՛չ կատու ես տուն չեմ թողնի․․․ Ավելի լավ չէ՞՝ իմ երեխաներին շոյեմ կամ ծեր ծնողներիս»։ Տաքսու մեջ մի հասակավոր տղամարդ էլ կար։ «Արտասահմանում հոգեբանները ապացուցել են, — ասաց նա, — որ հենց այն մարդիկ են դառնում դաժան ու ընդունակ լինում հանցագործություն կատարելու, որոնք մանկության տարիներին շներ ու կատուներ են շոյել ու սիրել»։ Ես ևս հոգեբանություն եմ ուսումնասիրել, բայց այդպիսի միտք երբեք ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Հակառակը՝ հայտնի է․ երեխաների մեջ կենդանիների նկատմամբ բարություն կարելի է դաստիարակել՝ նրանց հետ բարեկամություն անելով, միայն պետք է երեխային սովորեցնել հասկանալ ու զգալ կենդանուն, սովերեցնել նրա լեզուն, չի կարելի թույլ տալ, որ երեխան տանջի շանը կամ կատվին, հետապնդի թռչուններին, քանդի նրանց բույնը։
Ինչ վերաբերում է մեծերի հետ բարեկիրթ հարաբերություններին, ապա, իհարկե, աղջիկն ու պատանին, որոնք տանը կատու կամ շուն ունեն, չպետք է մոռանան, որ առաջին հերթին պետք է ուշադրություն և խնամք տածեն տատիկի, մայրիկի և ընհանրապես մարդկանց նկատմամբ։ Ահա թե ինչ էի մտածում, երբ վերցրի կատվին։ «Ի՞նչ ես ասում, հարգելիս․․․․», — բայց ես չհասցրի վիճել հասակավոր տղամարդու հետ, տաքսին կանգնեց, և նա իջավ։
Եղբայրդ տանն էր։ Նա կասկածանքով նայեց կատվին (տղաներն առանձնապես բարեհաճ չեն կատուների նկատմամբ) և ասաց․
-Ինչո՞ւ է այն ձեզ պետք։
-Ո՞նց՝ ինչու։ Շատ էլ պետք է։ Ես այսպիսի կատու եմ երազել, նայի՛ր, ինչ գեղեցիկ է, — ասացիր դու։
-Գեղեցիկ է, բայց․․․։
Դու մինչև վերջ չլսեցիր եղբորդ ու խնդրեցիր, որ օգնի քեզ լողացնել կատվին։
Կատվին մենք լողացրինք, օծեցինք օծանելիքներով, նրա համար կաթ լցրինք և սկսեցինք սպասել մայրիկին և տատիկին․ տեսնենք՝ ինչ կասեն։
Նախ եկավ տատիկը։ Իմանալով կատվի մասին՝ նա խորը շունչ քաշեց․ «Օ՜, իմ ասվածներ, նոր հոգս է հայտնվել»։ Դու անգամ ուշադրություն չդարձրիր, թե ինչու է անհանգստացել տատիկը։ Դու ձեռքերով բռնել էիր կատվին և սենյակից սենյակ էիր տանում, նստեցնում ծնկներիդ շոյում մորթին, գուրգուրում, բայց նա ոչ մի ուրախություն չէր դրսևորում, մլավում էր ավելի շատ տարբեր հնչերանգներով, և տատիկը միանգամից որոշեց․
-Այս կատվին ինչ-որ բան է անհանգստացնում, նա չի ուզում մեզ հետ մնալ։
Դու այդ ժամանակ էլ չլսեցիր տատիկին, երբ նա խնդրեց քեզ արկղ գտնել ու բակից ավազ բերել։ Տատիկն ինքը իջավ ավազի հետևից, բայց դրսում վատ եղանակ էր։ Կատուն միանգամից օգտվեց ավազից, բայց և չդադարեցրեց մլավելը։
-Գուցե նա սովա՞ծ է, — նորից սկսեց տատիկը։
Մենք չնկատեցինք էլ, թե նա ինչպես վերցրեց անձրևանոցն ու գնաց խանութ։ Կատվին երշիկը դուր եկավ, նա ախորժակով կերավ այն, բողոքելով (քո կարծիքով՝ լացելով) մլավեց։
Ավելի ուշ եկավ մայրիկը։
-Օ՜հ, այս կատուն որտեղի՞ց, — բացականչեց նա զարմանքով։ Մենք բոլորս, նրան հանգամանալից պատմեցինք։
-Ո՞վ պիտի նրան խնամի, — անհանգստացավ մայրիկը։ Այնուամենայնիվ, ո՞վ պետք է խնամեր նրան։
Գիշերը դու սովորականի պես քաղցր քնած էիր, իսկ մենք չկարողացանք քուն մտնել կատվի անընդհատ բողոքավոր մլավոցից։ Նա բարձրացել էր պատուհանագոգին ու պատրաստվում էր թռչել իններորդ հարկից։ Նա նայում էր մեզ և այնպես խեղճորեն էր մլավում, որ ուզում էինք լաց լինել։
Առավոտյան ես բոլորի հետ որոշեցի կատվին հետ տանել։ Բայց եթե հայրը չի կարող դիմանալ աղջկա աղաչանքին, առավել ևս չի կարող դիմանալ արցունքներին։ Օրվա ընթցքում դու քո գործերով դուրս եկար տանից, իսկ մինչ այդ զվարճանում էիր կատվի հետ․ մեկ ծնկներիդ էիր դնում, մեկ՝ սեղանին։
Իսկ նրան ոչինչ չէր ուրախացնում, գնդակով էլ չէր խաղում: Տատիկը մի քանի անգամ կատվի համար փոխեց ավազը, կաթ լցրեց ու կերակրեց նրան: Բայց կատուն շուտով հացադուլ հայտարարեց: Քայլում էր մեր ետևից, քարշ տալիս ոտքերը, նայում մեզ ու խղճալի մլավում: Գիշերը դու դարձյալ հանգիստ քնեցիր, իսկ կատուն նորից սկսեց իր մլավոցով տանջել մեր սրտերը: Մայրիկը չհամբերեց: Նա վեր կացավ, սկսեց շոյել, հանգստացնել կատվին՝ նրան կաթ ու պանիր առաջարկելով: Կատուն ոչնչի ձեռք չտվեց, միայն նայում էր նրա աչքերին և ասես խոսում, նախատում, հարցնում: «Նրան ինչ-որ բան որոշակիորեն անհանգստացնում է», — ասաց մայրիկը:
Հաջորդ օրը դու դարձյալ ազատ ժամանակ զվարճացար կատվի հետ, նստեցրիր սեղանին և սկսեցիր նրա հետ զրույց վարել, նա լիզում էր ձեռքերդ ու անօգնական մլավում: Քնից առաջ մենք քեզ զգուշացրինք, որ դու կատվին քո սենյակում պահես: Ի՞նչ եղավ այդ գիշեր: Հավանաբար կատուն չթողեց քեզ քնել, անընդհատ բացատրում ու բողոքում էր քեզ իր ցավից: Եթե ուզում ես կատու ունենալ, սովորի՛ր կատվի լեզուն, եթե ուզում ես շուն ունենալ, սովորի՛ր շան լեզուն: Կենդանիներն ունեն իրենց ցավը, հոգսերը, տխրությունն ու ուրախությունը, նրանք ինչ-որ բան են խնդրում մարդուն, կիսվում նրանց հետ:
Ինձ թվում է՝ այդ գիշեր կատուն քեզ օգնեց ինչ-որ բան հասկանալ, քանի որ առավոտյան դու ինքդ խնդրեցիր. «Կատվին հետ տար»:
Եվ երբ մենք կատվին բարձրացրինք, որ դնենք պայուսակի մեջ, միայն այդ ժամանակ նկատեցինք, թե ինչպես էին կարմրել նրա ծծակները: Կատուն ձագուկներ ուներ: Ահա թե ինչի մասին էր ասում, բացատրում նա մեզ: Իր մլավոցներով նա ուզում էր խղճահարություն առաջացնել մեր մեջ: Նրա ձագուկները սոված ու անխնամ էին մնացել, իսկ մենք նրան տուն էինք բերել՝ զվարճանալու համար:
Ես տաքսի վերցրի ու կատվին իջեցրի այն նույն բակում, որտեղ գտել էինք: Կատուն անգամ ինձ չնայեց: Սկզբում նա շուրջը նայեց, կարծես չէր հավատում ձեռք բերած ազատությանը, ապա իջավ փախչելու, այն էլ ինչպես փախչելու: Նա նետվեց մեծ տան կամարի տակ, թռավ բարձր դարպասի վրայով…
Ես քայլում էի և մտածում. ամեն օր հազարավոր մայրիկներ ու հայրիկներ, քեռիներ ու մորաքույրեր երեխաներին նվիրում են շներ ու կատուներ, դեղձանիկներ ու ակվարիումային ձկներ: Երեխան տեսնում է դա ու թռչկոտում ուրախությունից: Բայց ահա մի հարց. ինչո՞ւ են նրանք երեխային կենդանիներ նվիրում՝ թռչուն, շուն, կատու, ինչո՞ւ ես համաձայնեցի փողոցից վերցնել այդ սիամական կատվին: Չէ՞ որ մենք դա չենք անում նրա համար, որ նա միանգամից ուրախանա, թռչկոտի ու ծափ տա, իրեն սեղմի նվիրած կենդանուն:
Մենք՝ մեծերս, իրավունք չունենք դաստիարակչական բնույթ չտալու երեխաների հետ մեր փոխհարաբերություններին: Եթե դեղձանիկին պիտի խնամի միայն տատիկը, իսկ դու միայն պիտի բավականություն ստանաս նրա երգից, ապա ստացվում է, որ իմ խնդիրը տատիկին դաստիարակելն է:
Ասում են, որ երեխաները սիրում են կենդանիներ: Եթե ես տատիկի օրինակով եմ դատում, հստակ տեսնում եմ, որ թռչունների և կենդանիների հանդեպ իսկական սեր տածում են միայն ծեր մարդիկ: Նրանք սիրում են անօգնական կենդանիներին, որովհետև խղճում են նրանց, որովհետև նվիրվածությամբ հոգում են նրանց մասին, հասկանում են նրանց:
Երեխաները սիրում են կենդանիներին ոչ թե նրա համար, որ խղճում են, այլ որ զվաճանում, խաղում են նրանց հետ: Նրանց ո՛չ շուն է հարկավոր, ո՛չ կատու: Մի՞թե այդպես չէ:
Ի՞նչ էր մեզ ասում այս օրերի ընթացքում մլավող կատուն, որ ջանում էր խղճահարություն առաջացնել մեր մեջ իր անվերջ մլավոցով: Ահա թե ինչ էր ասում. «Ես կատու եմ, բայց դուք հո՞ մարդ եք»:
Իսկ քանի որ մենք մարդ ենք, արի մտածենք, թե ինչպես պիտի սիրենք կենդանիներին և այս չքնաղ ու զարմանալի բնությունը, որի մի մասնիկն էլ մենք ինքներս ենք:
Քեզ բարի գիշեր եմ մաղթում, սիրելիս, ու եթե դու, այնուամենայնիվ, երազ տեսնես, վերափոխվի՛ր բարի կախարդուհու, որ գիտե բոլոր կենդանիների լեզուն:
Քո հայրիկ
- Բացվել է 1433 անգամ