Ներբող ախտանիշին

Հեղինակ: 

Բնագիրը

-Լսե՛ք, ախր նա պարզապես գերակտիվ է, - զարամացած հայտարարում է ուսուցչուհին իննամյա տղայի մորը։

Եվ գալիս է  վշտացած մայրը, աղաչում գոնե ինչ-որ բանով օգնել իրեն։ 

Մենք ծանոթանում ենք նրա որդու հետ և պարզում, որ տղան ․․․ պարզապես աշխույժ է։ Այո՛, այո՛,  այն իմաստով, որ մյուսներից աշխույժ է։ Այսինքն՝ ավելի ակտիվ է, անմիջական, պայծառ։ Բայց ախտորոշվել է՝ նա լիովին անպետք աշակերտ է։ Ժամանակակից լեզվում այդ «ախտորոշումը» ունի գիտական անվանում ՈՒՊԳՍ։ Լսե՞լ եք այս հապավումը։ Բացվում է այսպես․

            ՈՒՊԳՍ՝ ՈւՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ԵՎ ԳԵՐԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ  ԱԽՏԱՆԻՇ

Ո՛չ, ո՛չ, մի շտապեք ասել՝ այդ թեման խիստ առանձնահատուկ է, և մենք այդտեղ անելիք չունենք։ Բանն այն է, որ արդեն վաղը ինքներդ կարող եք անսպասելիորեն առնչվել դրան։ Չէ՞ որ ՈՒՊԳՍ-ն այսօր վերագրում են ամեն չորրորդ աշակերտին։ Այսպես կոչված նորմից ցանկացած շեղում ավելի հաճախ  կոչվում է հենց այսպես։ Իմիջիայլոց, շատ հարմար է, չէ՞, երբ ախտորոշումը միշտ ձեռքիդ տակ է, գործընկերներ ջան։

Քննադատո՞ղ է, ՈՒՊԳՍ է։  Տեղը տիկտիկ անո՞ղ չէ, ՈՒՊԳՍ է։  Ընդհատո՞ւմ է մեծերին, ՈՒՊԳՍ է։ Փախչո՞ւմ է, երբ մյուսները վախենում են տեղից շարժվել, ՈՒՊԳՍ է։

Ի՞նչ երևույթ է սա։ Մի կողմից՝  ծնողները, մի անգամ ծանոթանալով այս «ախտորոշմանը»,  վախենում են դրանից ինչպես կրակից՝ համարելով, որ  ՈՒՊԳՍ-ի հիշատակումն արդեն ընդունակ է փչացնելու  կյանքը։ Բայց մյուս կողմից էլ  ավելի շատ  ընտանիքներ են բախվում իրենց երեխայի էության այսպիսի սահմանման հետ։ Եվ դա հաճախ անսպասելիորեն փուլ է գալիս ծնողների վրա՝ նրանց անօգնական ու վշտալի վիճակի մեջ դնելով։ Այնպես որ արժե փորձել հարցը քննելով հասկանալ։     

Նախ կպատասխանեմ հնարավոր հարցին․ ինչո՞ւ եմ «ախտորոշում»  բառը չակերտների մեջ դնում։ Դե, դնում եմ, որովհետև ոչ մի ախտորոշում էլ այստեղ չկա։ Խոսքն այստեղ անհատական յուրահատկության մասին է, ընդ որում՝ զարմանալի յուրահատկության։

«Բայց, կներեք, - կընդվզեն ծնողներն ու ուսուցիչները, - ուրեմն՝ ոչ մի ՈՒՊԳՍ էլ չկա՞։  Ինչո՞ւ ենք այդ դեպքում ավելի հաճախ բախվում այս հապավմանը»։ Իսկ այդ հարցը իսկապես շատ հետաքրքիր է։

Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում երեխաներն իսկապես ավելի քիչ են նմանվում իրենց նախորդներին։ Աշխարհում ավելի հաճախ են պահանջվում այնպիսի որակներ, որոնք մենք ձեզ հետ այսօր չունենք։ Ավելին՝ դրանք այն որակներն են, որոնք մեր նախորդների կողմից ոչ հեռու անցյալում անվերապահորեն հայտարարվեցին անպայման չարիք։  Դրանց մի մասը լիովին կարելի է թվարկել․

  • արձագանքի արագություն (հմմտ․ «առաջ մտածի՛ր, հետո խոսի՛ր»)
  • մի քանի գործ միաժամանակ անելու ունակություն (հմմտ․ «մեկը վերջացրո՛ւ, հետո մյուսը սկսի՛ր»)
  • կենտրոնացում միանգամից մի քանի առարկաների վրա (հմմտ․ «պետք է կարողանալ ընտրել գլխավորը»)
  • մտածելու ընդունակություն շարժման մեջ (հմմտ․ «հանգիստ նստի՛ր, մի՛ շարժվիր»)
  • տարերայնություն (հմմտ․ «լռի՛ր, հետո կհասկանաս»)։

Եվ այսպես՝ շատ ու շատ այլ բաներ։ Մեր աչքի առջև տեխնոլոգիական և կառուցվածքային փոփոխություններից հետո մեր կյանքում բնական կերպով անհատականության կառուցվածքում փոփոխություններ են տեղի ունենում։ Երբ ես (և ոչ միայն ես) ժամանակ առ ժամանակ հաստատում եմ ժամանակակից երեխաների միաժամանակ գրելու, երաժշտություն լսելու, պաղպաղակ ուտելու և կառույց հավաքելու ընդունակությունների մասին, դա հենց այն է, ինչ հաճախ կոչում են ՈՒՊԳՍ։ Բոլորովին վերջերս դա այսպես կոչված նորմից  շեղում էր համարվում։ Դե, հիմա էլ է համարվում։ Այդ թեմայով գրված հոդվածների հեղինակները մի կողմից սարսափում են  ՈՒՊԳՍ յուրահատկությամբ երեխաների աճող տոկոսից (խոսվում է 25% -ի մասին), իսկ մյուս կողմից կոչ են անում ինչքան հնարավոր է արագ գտնել «բուժման» միջոցը։ Իսկ մինչ այդ, եթե խոսքը այդքան զանգվածային երևույթի մասին է, գուցե, ինչպես Մ․ Մ․ Ժվանեցկին էր ասում, «ժամանա՞կն է կոնսերվատորիայում ինչ-որ բան փոխելու»։ 

Բոլորովին վերջերս մեծահասակներն իրենց պարտքն էին համարում անել ամեն ինչ, որ այդ աշխույժ երեխայի կյանքն ու աշխարհընկալումը կռուցեն իրենց ձևանմուշով։ Իսկ մինչ այդ  ավելի հասկանալի է  դառնում, որ այդ ճնշմանը հակադրվում է ներկա սերնդի ինչ-որ հիմնական առանձնահատկություն։ Առանձնահատկություն, որին մենք չենք տիրապետում։ Եվ դրա հետ հաշտվելը մեզ համար դժվար է մի շարք պատճառներով։ 

Իսկ որպես «վրադիր»՝ ժամանակակից երեխաների ևս մի առանձնահատկություն ավելի ակնհայտ է դրսևորվում․ նրանք ընդունակ են ընդվզելու։  Բոլոր հասանելի միջոցներով։ Նրանք մտադիր չեն մեխանիկորեն հավատալու մեր դոգմաներին։ Եվ նկատե՛ք, նրանց  մանկության մեջ, ի տարբերություն մերի, ահռելի հնարավորություններ կան ոչ միայն կասկածելու այդ դոգմաներին, այլև ստուգելու դրանք։ Ահա թե ինչ է գրում Բոստոնի քոլեջի հոգեբանության պրոֆեսոր Պիտեր Գրեյը․

Պիտեր Գրեյ

24 ժամ

 

 «ՈՒՊԳՍ-ն կարելի է կոչել դպրոցի հետ կոնֆլիկտի ախտանիշ։ Ի՞նչ է նշանակում ՈՒՊԳՍ  ախտորոշումը։ Պարզ ասած՝ դա երեխայի՝ սովորական դպրոցի պայմաններին հարմարվելուն ընդունակ չլինելն է։ Ախտորոշումների մեծամասնությունը հիմնված է ուսուցիչների դիտարկումների վրա։ Սովորաբար «խնդրահարույց»  երեխան դառնում է ուսուցիչների մշտական գրգռվածության աղբուրը․ նա անուշադիր է, առաջադրանքները չի կատարում, դասարանին խանգարում է, շուռումուռ է գալիս, խոսում, և ուսուցիչը հետևողականորեն, քայլ առ քայլ  ծնողներին հասցնում է ՈՒՊԳՍ հնարավոր գոյության համար երեխային մասնագետի մոտ տանելու անհրաժեշտության մտքին։ Եթե գնահատականը բավարարում է տրված չափանիշերին, դրվում է ախտորոշում։ Երեխային հետո կարող են «նստեցնել» ․․․ ամենատարբեր դեղամիջոցների վրա․․․, և դպրոցում բախումները միանգամից կտրուկ նվազում են։ Երեխան անում է այն, ինչ ասում է ուսուցիչը, կարգապահությունը դասարանում վերականգնվում է, և ծնողները  թեթևացած շունչ են քաշում․ դեղամիջոցն օգնում է»։

Ամեն դեպքում վերապահում անեմ․անկասկած, կան մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն, այդ թվում նաև դեղորայքային։ Բայց դե երբ մարդը, որ չի կարողանում զսպել իր գրգռվածությունը, ընդունում է հանգստացնող դեղեր, մեր (հուսամ) խելքին հո չի՞ փչում նրան հիվանդ հայտարարել։ Այդպես էլ, մի մասնավոր դեպքի հետ գործ ունենալով, երբ դեղորայքն անհրաժեշտ է, պետք չէ, գայթակղությանը տրվելով շտապել, մասնավորը ընդհանուր հայտարարել։

Հիմա չեմ գրի, թե որտեղից է վերցվում այս անհատական յուրահատկությունը։ Ինքներդ կարդացեք․ այդ մասին բավական շատ կա գրաված։ Որպես օրինակ մեջ կբերեմ անզուգական  Քեն Ռոբինսոնի խոսքերը․

Քեն Ռոբինսոն 24 ժամ․

«Կրթության ժամանակակից մոդելի գործողությունների արդյունքում իսկական համաճարակ է նկատվում, որը մեծ հաշվով ֆիկցիա է։ Դա  ՈՒՊԳՍ-ի (ուշադրության պակասի և գերակտիվության ախտանիշի) համաճարակն է։ Մեր ժամանակներում երեխաների վրա ազդող ավելի շատ գրգռիչներ կան, քան երբևէ եղել է մարդկության պատմության ընթացքում։ Տեղեկատվության ցանկացած աղբյուր ջանում է գրավել նրանց ուշադրությունը, համակարգիչներ են դրանք, թե բջջային հեռախոսներ, գովազդներ թե հեռուստաալիքներ։

Բայց պետք չէ, որ նրանք շեղվեն, հակառակ դեպքում նրանց պատիժ է սպասվում։ Շեղվել ինչի՞ց։ Ամենաձանձրալի տանջանքից, որ դասավանդում են դպրոցներո՞ւմ»։

Գիտեք, թե ինչու եմ սա գրում, ապագա կամ ներկա «ուպգսիկների» սիրելի՛ ծնողներ։ Պարզապես ուզում եմ շնորհավորել ձեզ՝ հրաշալի զավակ ունենալու համար։

Իսկապես հրաշալի։ Հակիրճ պատմեմ, թե մոտավորապես ինչպես է այս երևույթը արտահայտվում  նրա ամենօրյա պրակտիկայում։

 Մարդը, ասենք, ստուգողական է գրում  և հանկարծ պատուհանից դուրս մի չքնաղ թիթեռ է տեսնում։ Շատ համադասարանցիներ պարզապես չեն նկատում։ Իսկ դա, համաձայնեք, այնքան կարևոր է։ Եվ բոլորովին էլ ակնհայտ չէ, որ ստուգողականն ավելի կարևոր է։ Ահա մեր ՈՒՊԳՍ հերոսը ձգտում է ուշադրություն դարձնել այսպիսի բոլոր երևույթներին։  Հասկանալով, որ անսովոր մի կարևոր բան է տեղի ունենում, նա պարզապես պետք է անհապաղ կիսի այդ կարևորությունը  ողջ մարդկության հետ։ Դա ծայրահեղություն չէ․ իսկապես բոլորի հետ։

Մի օրինակ ևս։ «Ուպգսիկը» կարող է միաժամանակ  նկատել ԲՈԼՈՐ իրողությունները, ընդ որում՝ վայրկյանների ընթացքում։ Ո՛չ, նա անուշադիր չէ, նա ուշադիր է միանգամից ամեն ինչի նկատմամբ։ Եվ միանգամից էլ արձագանքում է ամեն ինչին։

Նա տեսնում է, թե ինչպես է հագնված ուսուցչուհին, նկատում է ինչ-որ մեկի ընկած մատիտը, պատից կախված գրողի դիմանկարը, լսում է հետևի նստարանին նստած ընկերների զրույցը, նկատում է, թե ինչպես է շարժվում ժամացույցի վայրկենասլաքը, հիշելով երեկվա երեկոն՝ միաժամանակ մտածում է այսօրվա երեկոյի մասին։ Մեծահասակները պնդում են, որ նա պետք է ընտրի գլխավորը, բայց ինչպե՞ս ընտրի։ Ո՞րն է գլխավորը։  Գնա ու գլուխ հանիր։

Ինչո՞ւ է, ասենք, նա ինչ-որ տեղ սլանում (ոչ թե գնում)։ Դե որովհետև հիմա՝ հենց այս պահին, նա պիտի լինի մի ուրիշ տեղում։ Սովորական մարդը կանգ կառնի ու կմտածի։ Եվ, հնարավոր է, կմնա տեղում։ Իսկ մեր հերոսը, տրվելով րոպեական  պոռթկումին, անհապաղ պիտի լինի հենց այնտեղ, ուր միտքը տանում է նրան։ Իսկ նա մտածում է շատ արագ։ Այո՛, այո՛, նա սովորական պատկերացմանը ճիշտ հակառակ կերպ է մտածում։ Նա մասնատում է վայրկյանները։ 

Մի առանձնահատկություն ևս․ այսպիսի մարդն իր զգացմունքներն արտայատում է մեզ համար արտակարգ, անսովոր կերպով։ Օրինակ՝ եթե նրան նեղացրել են, նա միշտ չէ որ «պատասխանը տալիս է»։  Ավելին՝ նրանից այդպիսի արձագանք պահանջել, նշանակում է բախվել  նրա անձին բնորոշ ամենահիմնարար հատկանիշներին։ Նրա մեջ եղած արդարության զգացումը այլ կերպ է կազմված․ նա ցանկացած իրավիճակ ավելի սուր է տանում, քան մենք բոլորս։ Ասոցացիաների քանակը այդպիսի պահերին սանդղակի վրա պարզապես աճում է, և առաջարկել նրան մեխանիկորեն մի ռեակցիան մյուսով փոխարինել, նշանակում է ստիպել նրան դավաճանել ինքն իրեն։ Պատկերացրեք մուլտֆիլմ շատ վառ գույներով։ Այնպիսի վառ գույներով, որ աչքերդ ծակում է։ Ահա մոտավորապես այդպես  է նա տեսնում մեր աշխարհը, այդպես վառ ու հյութեղ էլ ապրում է նա այս աշխարհում։ (Կարծում եմ՝ դուք հասկանում եք, որ նույն պատճառով ուրիշ խառնվածքի տեր մի «ուպգսիկ» էլ նման իրավիճակում կարող է տեղը տեղին պատասխան տալ)։

Ես լիովին վստահ եմ, որ ՈՒՊԳՍ պիտակավորված մարդկանց համար նախապատրաստված է զարմանալի ճակատագիր։ Եթե, իհարկե, նրանց մանկության տարիներին չմշակես։  Չէ՞ որ իրադարձությունների միաժամանակությունն զգալը զարմանալի շնորհ է։ Հենց շնորհ է, որը կարող է դառնալ իսկական պարգև թե՛ նրա և թե՛ շրջապատի  համար։

Բայց ավա՜ղ, քարացած իրականության մեջ այդ պարգևը կարող է անեծք դառնալ։ Ընդ որում՝ և՛ նրան, և՛ մեզ։ Չէ՞ որ աշխարհը կառուցված է որոշակի ձևանմուշով։ Մենք ուզում ենք նրանց տեսնել ծանրաբարո, լրջախոհ և կշռադատող։ Իսկ «ուգպսիկը» պարզապես հնարավոր չէ, որ այդպիսին լինի, չի կարողանում։  

Դե հիմա ավելացնենք նաև, որ նա գիտե իր այդ յուրահատկության մասին։ Հենց  միայն այն  պատճառով, որ նրան մշտապես մատնացույց են անում։ Դրա համար էլ, երբ նրան նորից ու նորից պախարակում են, խիստ վհատվում է։ Վհատվում է  համաձայն մոդելի, թե՝ «խնդրեմ, ես նորից ձախողվեցի, նորից չկարողացա, նորից պարզ է դառնում, որ ես ոչ մի բանի պիտանի չեմ, բոլորովին նման չեմ նորմալ մարդկանց․․․»

Մեր անելիքն այն է, որ ոչ թե փոխենք նրան, այլ օգնենք ճանաչելու ինքն իրեն։  Օգնենք՝ հիշելով, որ հաճախ մեզ համար անիմանալի են նրա՝ իրականության հետ փոխհարաբերվելու գործիքները։  Ընդ որում՝ պետք է անել դա շատ զգուշորեն ու համբերատար։ Այ այդ ժամանակ էլ նա կսովորի  տիրապետել իր սեփական գործիքներին՝ մեզ համար պատահական ու անսովոր  գույների հավաքածուն վերածելով իր գեղեցկությամբ  զարմանահրաշ մի գունապնակի։

Օգնության գլխավոր միջոցը դրական հետադարձ կապն է։  Ոչ թե «դու ոչնչի չես հասնի», այլ «տես, թե դու ոնց ես կարողանում»։ Ոչ թե «նայիր լավ տղաներին ու աղջիկներին և դարձիր նրանց նման», այլ «պատմիր ինձ, թե դա ինչպես է տեղի ունենում քո մեջ, և մենք միասին կփորձենք գտնել նոր հնարավորություններ՝ քո կարողություններն օգտագործելու համար»։ Ոչ թե «դու պարզապես անտանելի ես», այլ «ես գիտեմ, որ քեզ համար էլ, ինչպես ինձ համար, լինում են դժվար իրավիճակներ, բայց մենք անպայման կգտնենք այդ իրավիճակները փոխելու միջոցը»։  

Եվ այդժամ մեր առջև բացվում են իսկական կապույտ հեռաստաններ։ Եվ պարզ է դառնում, որ ՈՒՊԳՍ-ն  արտիստների ու նկարիչների,  գյուտարարների ու  հոգեբանների, երազողների ու նորարարների ախտանիշ է։ Ավելի ճիշտ, դա բոլոր այն մասնագիտությունների ախտանիշ է, որտեղ պահանջվում է հավելյալ զգայունություն, հակազդման արագություն,  սեփական և ուրիշի ցավը զգալու ընդունակություն, պահանջվում է նկատել այն, ինչի կողքով մյուսները պարզապես անցնում են՝ առանց հետ նայելու։   

Չհուսաք, նրանք երբեք «նորմալ» չեն լինելու։ Եվ հավերժ մնալու են անհարմար։ Բայց նրանց առջև բաց են զարմանալի ու տարբեր ուղիներ։ Եվ որոշակի իմաստով մեզանից է կախված՝ նրանք կդառնան սև մելանխոլիկներ, հիասթափվածներ շրջապատող աշխարհում՝ անընդհատ բախման մեջ լինելով դրա ռիթմի, նորմի, դոգմայի հետ, թե՞ կլինեն գունեղ, թափանցիկ,  ստեղծարար՝ այնպիսին, ինչպիսին ստեղծել է նրանց բնությունը՝ հուրախություն մեզ ու հենց իրենց։  

Կջարդեք, կստացվի առաջինը։ Նեցուկ կլինենք, կստացվի երկրորդը։ Դե՛, ընտրեք խնդրեմ։

Այնպես որ, կեցցե՜ ՈՒՊԳՍ-ն։ Եվ ուրախացեք, սիրելի ծնողներ, եթե դուք անհարմար զավակ ունեք։ Եվ մի՛ շտապեք  նրան փոխել։ Նա, մեկ է, չի փոխվի։ Առավելագույնը՝ կկոպտանա ու կդառնա անհուսալի ջղախտավոր։ Իսկ դրա փոխարեն միշտ հիշեք, որ նա հեշտ չի ապրում։ Ոչ հեշտ, բայց շատ հետաքրքիր է ապրում, շատ ավելի հետաքրքիր, քան ես ու դուք։ Եվ այդ դեպքում, անխոս, պատճառ կա նախանձելու։ Ու սովորելու։

 

«Ինչ որ ցանես, այն կհնձես»

 «Ինչ որ ցանես, այն կհնձես»-ը սարսափելի ու վտանգավոր մակավարժական սկզբունք է։ Որովհետև գործում է։

Զարմանալի է, բայց մանկավարժության մեջ կաղապարները յուրացվում են այնպիսի արագությամբ, որ հաճախ չես հասցնում հետևել։ Ասենք մայրիկի համար շատ-շատ կարևոր է, որ երեխայի կոշիկները միշտ լինեն իրենց տեղում։ Դրա համար նա կարող է օր ու գիշեր ջանք թափել ցանկացած հասանելի միջոցներով։ Ջանք է թափում նա, ջանք է թափում ու հասնում առաջին հայացքից անսպասելի արդյունքի․ որդին ընդօրինակում է նրա անհամբերությունը, յուրացնում տրված նյութը, ինչպես բնորոշ է լավ աշակերտին, և սկսում է օգտվել նոր հմտությամբ։ Կոշիկները նա իր տեղը գուցե չի դնում, բայց մոր «վրայով անցնում» է վարպետորեն։ Ընդ որում՝ ամեն օր ավելի ու ավելի լավ, հատկապես, եթե փորձը ամրապնդվում է նոր «դասերով»։ Մի՞թե դա տիպիկ կրթական գործընթաց չէ։  «Նա մշտապես հիստերիայի մեջ է»։ Հետաքրքիր է՝ որտեղից է սովորել։ 

Եվս մի դեպք։ «Նա մանկուց ուզում էր ամենաուժեղը լինել, երևի դրա համար էլ չի անում այն, ինչ ես խնդրում եմ․դա թուլություն է համարում»։ Սկսում ենք խոսել, և շուտով պարզ է դառնում, որ  «տղամարդը պետք է լինի կոպիտ, իշխող, ինքնուրույն» դրվածքը  կյանքի հիմնական սկզբունք է ճանաչվել ընտանիքի արական հատվածի կողմից, միայն թե չցուցադրվի թուլությունը, միայն թե պարտություն չլինի։ «Ահա, նշանակում է՝  մարդիկ հենց այսպես են ապրում», -  համարում է երեխան և սովորում դա՝ թեթևությամբ ընդօրինակելով  մոդելը, ինչը բնորոշ է իր տարիքին։

Ի դեպ, պատերազմի համակարգը, որն այնքան բնորոշ է այսօրվա երեխաներին, ոչ միայն գալիս է մեծերի աշխարհից, այլև դաժանորեն փաթաթվում է երեխաների վզին, ներկայացվում է որպես ապրելու միակ հնարավոր միջոց։ Աշխարհը ողջ էությամբ  թշնամական է, դրա համար էլ պետք է ուժեղ ու տոկուն լինել, որպեսզի անպայման «բոլորին ճղես», շահես մրցամարտը (որն ամենայն հավանականությամբ չկա ու չի եղել), հաղթես «թշնամուն»։ Ապացույցներ՝ որքան ուզես։ Ասենք, ուսուցիչը դաս է վարում ամենամարդասիրական թեմայով՝ Միշկինի կերպարը «Ապուշը» վեպից։ Ենթադրենք՝ խոսում է խոնարհության և ուրիշին ընդունելու մասին։ Աշակերտներից մեկը «իրեն վատ է պահում»՝ խոսում է, շարժվում, թղթե ինքնաթիռներ բաց թողնում և այլն։ Ուսուցիչը զայրանում է ու բղավում․ «Դո՛ւրս գնա դասարանից»։ Ձեր պատկերացմամբ ի՞նչ է ընկալում աշակերտը։ Մի՞թե մերձավորի հանդեպ սիրո մասին տեսական նյութն ավելի ուժեղ է գործնականից։ Ոչ մի դեպքում։ Դասը փայլուն էր։ Աշակերտը յուրացրեց նյութը։ Ճիշտ է, ոչ այնքան այն նյութը, որը մտադիր էր մատուցել ուսուցիչը, բայց ինչ կարող ես անել․ մասնագիտական ծախսեր են։ Ուզում էիր սովորեցնել խոնարհություն, բայց սովորեցրիր բռնությունը․․․

Ի՞նչ եք կարծում, քանի անգամ է հարկավոր մարդուն՝ սեփական մորը տեսնել ագրեսիայի, վիրավորվածության, նվաստացման վիճակում, որպեսզի ընդօրինակի մոդելը։ Ճիշտ է, մի քանի անգամը բավական է։ Հետո ի՞նչ կլինի։  Տարբերակները շատ են, հաստատ մեկից շատ է։ Հնարավոր է, որ մարդը ճշտի իր համար, որ աշխարհը չարակամ է և հարկավոր է թաքնվել․ հնարավոր է, որ կմտածի՝ անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել հակահարված տալու․ գուցե վախենա ու որոշի՝«գործ չունեմ»․ ամեն ինչ տարբեր է լինում, մասնավորապես՝ մարդկային բնավորությունից  կախված։ Մի բանում կարելի է վստահ լինել․դասը կկայանա և հաջող կլինի։

Ամենահետաքրքիր և բարդ իրավիճակը  մեզ մոտ՝ դպրոցում այն է, երբ մարդը դպրոց է գալիս ուրիշ համակարգից։ Այսինքն՝ երբ նա արդեն «սովորած» է։ Ամենից հաճախ (չնայած ոչ միշտ, իհարկե) նա լիովին վստահ է, որ աշխարհը խորապես թշնամական է։ Այն ուժերը, որոնք մարդը ծախսում է, որ ապացուցի, որ ԻՆՔԸ ԿԱ, իրականում ահռելի են։ Նա պարզապես նախապես չի կարող հավատալ, որ իրեն  ընկալում են անկախ «հաղթանակներից և պարտություններից», որ այդ հաղթանակները պարտությունների հետ միասին հաճախ գոյություն ունեն միայն իր գլխում։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։ Ի՞նչ դպրոց է նա անցել։ Ինչո՞ւ առաջին բանը, որ ծնվում է նրա մտքում ուրիշների հետ շփվելիս, այն է, որ իրեն ուզում են հաղթել։ Որ ինքը գոյություն ունի միայն ուրիշների հետ համեմատության արդյունքում, եթե միայն նա ավելի ուժեղ է, ավելի կարևոր է, ավելի սարսափելի է, ավելի հարուստ է։

Զարմանալի է, որ այդպիսի մարդու մոտ միաժամանակ գույություն  ունի պահվածքի երկու միտում․ կամ «հաղթել»՝ խփել, կռվել, լկտիություն անել, խլել ինչ-որ բան ուրիշներից, այսինքն՝ միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ պայքարել սեփական անձի համար, կամ պարզապես չմասնակցել նրան, ինչն իր կարծիքով  այսպես կոչված «հաղթանակ» չի բերի իրեն՝ սկսած դասից մինչև խաղը։ 

Սովորաբար բավական ժամանակ է հարկավոր, որ մարդը կրկին հավատա․ ինքը հետաքրքիր ու կարևոր է ինքնըստինքյան։ Իսկ ինչպե՞ս առաջ գնալ առանց այդ հավատի։ Ինչպե՞ս սովորել, օրինակ, մաթեմատիկան, եթե գլխում միայն հաղթանակ է կամ պարտություն։ Իսկ եթե զուգահեռ  համակարգը դեռ աշխատում է ու աշխատում․ «Լավ-լավ, կարևորը ոչ թե մաթեմատիկա սովորելն է, այլ բոլորից լավը երևալը, քննությանը դիմանալը, ընդունվելը համալսարան․․․»։ Կասեք՝ մեկը մյուսին չի՞ խանգարում։ Համաձայն չեմ։ Խանգարում է համարյա 100 %-ով։ Դրանք չէ՞ որ տարբեր նպատակներ են՝ հաղթելը  և սովորելը․․․ Իսկ սովորել՝ հարկադրված լինելով, որպեսզի «գլխավոր» դառնաս, բոլորովին ուրիշ մոտեցում, ուրիշ վերաբերմունք է պահանջում ուսման հանդեպ։  Եվ նաև ինքնդ քո հանդեպ։

Գլխավոր հարցը․ ո՞րն է իրականում մեր նպատակը։ Ի՞նչ ենք ուզում սովորեցնել։ Սե՞ր։ Ազատությո՞ւն։ Հնազանդությո՞ւն։ Բռնությո՞ւն։ Վստահ եղեք, շատ դեպքերում ինչ ուզում  ենք, այն էլ կսովորեցնենք։ Միայն պետք է հիշել մի փոքրիկ գաղտնիք։ Պստլիկ։ Մանրադիտակային․․․ Հարկավոր է լավ գիտակցել, թե դուք ինչ եք ուզում իրականում, և ինչ եք համապատասխանաբար անում իրականում։ Նման է «Ստալկեր»-ին․ իրականացվելու է ամենանվիրական երազանքը, և վայ մեզ, եթե դրանում ինքներս մեզ հաշիվ չտանք։ Անակնկալը կարող է շրջվել իսկական դժբախտության։ Եվ ոչինչ անել չես կարող․ դու ես սովորեցրել։ Մի մայրիկ հուսահատության մեջ մեզ էր դիմել․ «Նա շարունակ ինձ խաբում է։ Պատմում է ինչ-որ վերջ չունեցող մրցույթների մասին, որոնցում ինքը հաղթում է, որ իրեն նեղացնում են, իսկ ինքը, այնուամենայնիվ,  «աներեր է մնում», որ ինքը միայն գերազանցներ է ստանում (իսկ իրականում ճիշտ հակառակն է)»։ Զրուցում ենք։ Պարզվում է, որ տղան պարզապես շա՛տ լավ աշակերտ է։ Երկար-երկար ժամանակ նրան բոլոր միջոցներով հասկացրել են, որ իրեն ընդունում են միայն այն պայմանով, եթե ինքն առաջինն է։ Ամեն ինչում։ Ի՞նչն է սխալ այստեղ։  Դասը, պարզվում է, յուրացվել է։  Իհարկե, բացահայտվել են վնասակար հետևանքներ․ դպրոցը տանել չի կարողանում, թույլերին նեղացնում է, ծնողներին՝ խաբում։

Սակայն այս թունելի վերջում լույս կա։ Չարժե մարդու հետ հարաբերությունները (և՛ տանը, և՛ դպրոցում) դիտարկել որպես մանակավարժական անվերջ գործընթաց։ «Սովորեցնել»-ը երերուն հասկացություն է, սովորելը՝ կոնկրետ։ Դրա համար մեր առջև նպատակ դնելիս և իրագործման ուղիներն ընտրելիս եկեք զգույշ լինենք, եկենք հիշենք, որ մենք հաճախ անզոր ենք վերահսկելու, թե մարդն ինչն է սովորում։ Երբ մենք մեզ վրա իրավունք ենք բանեցնում, մեր լսելու, նկատելու, ընկալելու ունակություններն ավելի բարձր են։

Ագրեսիվ, դաժան,  գերիշխող կլինենք, հենց դա էլ կսովորեցնենք։ Կընդունենք սիրելը, լսելը՝ մեզ շանս կտանք լինելու ընդունված, սիրված, լսված։ Ե՛վ մանրուքների մեջ, և՛  խոշոր հաշվով։

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский