Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումը՝ ուսումնական նախագիծ

Ուսուցիչների պարտադիր վերապատրաստում կազմակերպող հիմնարկ դառնալու հարցը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում քննարկեցինք այն համատեքստում, որ հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսուցիչը պետք է վերապատրաստվի հեղինակային կրթական ծրագրի որդեգրած սկզբունքներով, մոտեցումներով և տրամաբանությամբ։
Հեղինակային մանկավարժության հիմքում սովորելով սովորեցնելն է՝ միասին նախագծելը, այդ ընթացքում ուսումնասիրելով ու չիմացածը սովորելով, միասին աշխատելն ու համագործակցային հարթակում հանդես գալը։
Վերապատրաստող կազմակերպություն դառնալու ԿԳՄՍ նախարարության հայտարարած մրցույթին մասնակցելն էլ հենց դարձավ մեծ ուսումնական նախագիծ, որի համակարգմամբ ու բովանդակությամբ սկսեցին զբաղվել կրթահամալիրի մասնագետները։
Մրցույթին մասնակցության մեր պատրաստությունը դարձավ ուսումնական նախագիծ, որի ընթացքում և՛յուրացրինք ԿԳՄՍ ներկայացրած փաստաթղթերը, մրցույթին դիմելու ընթացակարգը, և՛ ձևակերպեցինք հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստվող ուսուցչի վերապատրաստմանը ներկայացվող պահանջները։ Իրականում բարդ խնդիր էր, որովհետև պետք էր և՛ ԿԳՄՍ-ի ներկայացրած շրջանակից դուրս գալ, և՛ հեղինակայինը ներկայացնել։ Կրթահամալիրի հիմնադիր տնօրենի՝ Աշոտ Բլեյանի առաջարկով աշխատանքային հանդիպում ունեցանք ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպմանն էլ ներկայացրինք մեր մոտեցումներն ու այն խոչընդոտները, որոնք առկա են։ Փոխնախարարը, իր հետ եկած աշխատանքային խումբը լսեցին, ընդունեցին՝ հնարավորություն տալով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մասնակցել վերապատրաստեղ կազմակերպությունների մրցույթին՝ ներկայացնելով հեղինակային կրթական ծրագրի մոտեցումները։ Այսպիսով չոտնահարվեց նաև հեղինակային կրթական ծրագիր ստեղծող ուսուցչի՝ հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստվելու իրավունքը։ Սա կարևոր քայլ էր․ համագործակցային, երկխոսություն-գործընկերության, հեղինակային ծրագիրը կարևորելուն ուղղված քայլ։
Պահանջվող փաստաթղթերը ներկայացվեցին մրցույթին․ կրթահամալիրն ընտրվեց որպես վերապատրաստող կազմակերպություն։
Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստությունը նախ և առաջ ենթադրում է բաց՝ բոլորին տեսանելի հարթակի առկայություն։ Ստեղծվեց Վերապատրաստման կենտրոնի բլոգը, որտեղ հրապարակվեցին բոլոր կարևոր փաստաթղթերը՝ հրամաններ, ծրագրեր, մոդուլներ, այլ։
Բլոգի ստեղծումը կարևոր քայլ էր՝ վերապատրաստումը հրապարակային հարթակ բերելու և բոլորին տեսանելի դարձնելու տեսանկյունից։
Կրթահամալիրի՝ վերապատրաստող կազմակերպություն դառնալու և հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստում իրականացնելու մասին հայտարարությունը սկսեցինք ուղարկել նաև գործընկեր ուսուցիչներին, դպրոցներին։ Չէինք ենթադրում, որ մեր ծրագրով վերապատրաստվել ցանկացող մասնագետների մեծ հոսք կունենանք՝ ծրագիրը բարդ է, կարդալ-յուրացնել-աշխատելու նյութը շատ, պահանջները՝ այլ։ Էստեղ կարևորում էինք հենց անհատ ուսուցիչների ցանկությունը, ովքեր կուզեին ծանոթանալ հեղինակային ծրագրին և դրա ինչ-ինչ բաղադրիչներ կիրառել իրենց աշխատանքում։ Կարևորը ոչ թե մարդկանց հոսքն էր, այլ կոնկրետ անհատների գիտակցված ընտրությունը։
Առաջին փուլում այլ դպրոցներից ունեցանք 25 մասնակից-ուսուցիչներ 12 դպրոցներից։ Վերապատրաստվող մասնագետների մասին ցուցանշային առավել մանրամասն տեղեկատվությունը՝ Լուսինե Փաշայանի հոդվածում։

Վերապատրաստման կենտրոնը սկսեց աշխատել որպես առանձին ենթակառուցվածք։ Անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը մասնակիցները ստանում էին իրենց էլեկտրոնային հասցեներին։
Վերապատրաստման ծրագրերի հիմքում հեղինակային կրթական ծրագրում ստեղծված հեղինակային առանձին ուղղությունների, շեշտադրումների մշակումներն են, արդեն իրականացրած ճամբարների, նախագծերի մոդելները, կրթահամալիրի ուսումնական օրացույցը՝ որպես ուսումնական գործի կազմակերպիչ։
Հենց այս մոտեցմամբ էլ մշակվեցին և՛ ընդհանուր մանկավարժական, և՛ առարկայական ծրագրերը, որոնց հիմքում ընկած էր անհատ մանկավարժական աշխատողի համար պարտադիր ատեստավորմ,ան փուլը հետաքրքիր, կոնկրետ և արդյունավետ կազմակերպելու միտումը։
Հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթներից է՝ անհատի կրթական պատվերը։ Անհատը՝ ուսուցիչ, սովորող, իր հետաքրքրություններով, օժտվածությամբ ու հնարավորություններով ուսուցման հիմքում է։ Հենց անհատ ուսուցչի վերապատրաստումը ու անհատ ուսուցչի համար ծրագիրը կազմելն ու վերապատրաստում կազմակերպելն էլ դարձավ մեր մոտեցման առանցքը։ Վերապատրաստումը պետք է արդյունավետ լիներ և՛ հեղինակային կրթական ծրագրով աշխատող, և՛ այլ ծրագրերով աշխատող անհատ ուսուցիչների համար՝ ապահովելով ներկայացվող ընդհանուր պահանջները։ Դրանք էին՝

  • ուսումնական բլոգի առկայություն
  • վերապատրաստման ընթացքում ստեղծած նյութերի հրապարակում՝ դրանց հասանելության ապահովում
  • մասնակցություն կազմակերպվող ընդհանուր քննարկումներին, նամակագրությոանը՝ անհատական, խմբային։

Ներկայացված առաջադրանքների բովանդակային բաղադրիչն ուղղված էր նրան, որ՝

  • ուսուցիչը կարդա ներկայացված նյութն ու դիտարկի՝ բերելով իր հիմնավորումը, դիտողությունը, զարգացմանն ուղղված իր տեսլականը
  • կարողանա նախագիծ ձևակերպել՝ ապահովելով նախագծին ներկայացվող պահանջները, տեսանելի դարձնելով դրա իրականացման քայլերը
  • կարողանա ծանոթանալ շրջանառվող նախագծերին, դիտարկել դրանք՝ անհրաժեշտ եզրահանգումներ ու դիտարկումներ անելով
  • կարողանա սպասարկել իր ուսումնական բլոգը՝ այն պատշաճ ու գրագետ ներկայացնելով
  • կարողանա ապահովել իր ներկայացրած նյութերի հանրայնությունը՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով ու պաշտպանելով դրանք
  • կարողանա դառնալ իր գործի հեղինակն ու պատասխանատուն։

Վերապատրաստման կազմակերպումը ևս փորձեցինք անհատականացնել՝ հարմարեցնելով ուսուցչին ու իր աշխատանքային օրվան։ Առաջարկելով՝ վերապատրաստման առկա, համակցված, հեռավար տարբերակներ:
Ե՛վ վերապատրաստող, և՛ վերապատրաստվող մասնագետների բլոգներում առկա էին համապատասխան բաժիններ։ Բոլոր նյութերը հրապարակված են Վերապատրաստման կենտրոնի բլոգում։

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский