Երբ ես եմ կազմում գրականության ծրագրի բովանդակությունը

«Չեմ կարողանում»-ը համակերպում է, նահանջ է՝ առանց պայքարի։ Եթե սովորողդ ասում է՝ չեմ կարողանում, ուրեմն համաձայն է, որ ինքը չի բավարարում սահմանված չափանիշին, ինքը ցածր է դրանից։ Ցածր գնահատիր իրեն, ինչ ուզում ես՝ արա, ինքը ցածր է, ուժերը չեն ներում։
Այնինչ այս դառը ժամանակները ցույց տվեցին, որ  աշխարհը չի կործանվի, եթե չլինեն անհամար ուսուցողական, թեմատիկ ու ստուգողական աշխատանքները, չի կործանվի դասարանից դասարան փոխադրվելու, անգամ բուհ ընդունելության քննությունների չլինելուց, և բոլորովին կախված չէ քո գնահատականից։ Հետևաբար՝ այս կամ այն ստուգմանը կամ քննությանը պատրաստելու փոխարեն, անընդհատ գնահատելու փոխարեն թերևս ճիշտ է կրթության սահմանները բացել սովորողի առաջ՝ հրաժարվելով ամենայն «սահմանվածից»։
Այսպես, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ ինձ տված իրավունքով հեղինակում եմ իմ ծրագիրը, որն ավելի շատ ծիածանի է նման՝ կախված անձրևի ու արևի հարաբերությունից։ Կայունն այստեղ մթնոլորտն է՝ սիրով ու հետաքրքրվածությամբ լեցուն։
Հոկտեմբերին առաջարկում եմ Իսահակյան կարդալ։  Օրինակ՝ 11-րդ դասարանցիներին առաջարկում եմ կարդալ նույն «Աբու-Լալա Մահարի» պոեմը։ Հենց էստեղ պարզվում է՝ առաջիկա 4-5 օրը սովորողների զգալի մասը ճամփորդելու է Իրան՝ «Կրթական փոխանակումներ» ծրագրով։ Լավ, ասում եմ, վերցրեք էլեկտրոնային տարբերակը, ճանապարհին կկարդաք։ Կամ էլ  (ինչ բան է տեխնիկան) աուդիոգիրքը վերցրեք, կլսեք։
Առաջին հարցը, որ սովորողներս տվին վերադարձին՝ ինչու է Իսահակյանն ատում կանանց։  Սկզբում զարմանում եմ՝ Իսահակյանը ատում է կանա՞նց. կենսագրությունը, նամակները փորփրե՞լ եք։
Ինքս մտածում եմ՝ հետաքրքիր ընկալում է։ Ինչո՞ւ միայն կանանց։ Չէ՞ որ ոչ ոքի չի խնայում այդ պոեմում։ Սովորողներիս ուշադրությունը հրավիրում եմ 11-րդ դարի արաբ հռչակավոր բանաստեղծի՝ Աբու ալ Ալա ալ Մաարու վրա։ Գտնում, կարդում են կենսագրությունը, տեսնում-արձանագրում են տարբերությունը պոեմի կերպարից, համաձայնում են, որ գեղարվեստական ստեղծագործությունը փաստագրական կենսագրություն չէ, որ ճշգրիտ լինի։ Բայց հարկ կա նաև ստեղծագործությունները կարդալու. իսկապե՞ս այդքան հոռետես էր։ Հայերեն, գոնե համացանցում, շատ չես գտնի։ Սովորողները փնտրում, գտնում են անհրաժեշտը իրենց մատչելի այլ լեզուներով, ոմանք նաև թարգմանում են, հետո սկսում են քննարկել բովանդակությունը։ Այո, պարզվում է՝ Մաարին չէր համարում, թե այս աշխարհը լավագույնն է։
Բայց ինչո՞ւ հենց հոռետեսական մոտեցումը գրավեց Իսահակյանին։ Դարձյալ անդրադարձ կենսագրությանը։ Հա, Վիեննա, Լայպցիգ, Ցյուրիխ... Եվրոպական գրականության ու փիլիսոփայության ուսումասիրում, ի վերջո՝ Շոպենհաուեր... Համացանցից գտնում, կարդում ենք Շոպենհաուերի, նրա փիլիսոփայության մասին, հատվածներ, ասույթներ.... պատկերացում ենք կազմում այս փիլիսոփայի մասին, փնտրում ենք դրա հետքը Իսահակյանի ստեղծագործությունների մեջ... Հիմա կասեք՝ այս ամենի մասին դասագրքում կա։ Իհարկե կա։ Բայց դասագրքում գրված է բեկում չհանդուրժող տողերով։ Փնտրել-հայտնաբերել հարկավոր չէ։ Եվ զարգացում էլ սպասելու հարկ չկա։ Իսկ այստեղ՝
-Ես համաձայն չեմ....
Ռաիսան ինքնուրույն մտածողություն դրսորել է միշտ։ Չենք զարմանում, ուղղակի ճշտում ենք՝ ինչի հետ համաձայն չես։ Իհարկե, կյանքը հնարավոր է դիտարկել նաև այլ տեսանկյունից։ Բայց ի՞նչն է այս տեսանկյան կայունության գրավականը։ Ռաիսան համաձայն չէ, որ տեսանկյունը կայուն է, համարում է, որ Մաարին էլ, Շոպենհաուերն էլ, Իսահակյանն էլ անցյալի մտածողներ են։ Լավ, իսկ ի՞նչ է ասում 20-րդ դարի 2-րդ կեսի մտածող, հանրության գաղնի ու ակնհայտ սիրելի բանաստեղծ Չարլզ Բուկովսկին.

ոչ մի
հնարավորություն չկա
մենք բոլորս գերի ենք
տարօրինակ մի
ճակատագրի...

Բուկովսկուց անցնում ենք ամերիկյան գրականության  «Կոտրված սերնդի» ներկայացուցիչներին։ Մինչ ես խնամքով ընտրում եմ սովորողներիս քիմքին իմ կարծիքով հարմար բանաստեղծություններ, իրենք հենց տեղում կարդում են, ինչ կա, և դեռ փնտրում-գտնում են դրանց անգլերեն տարբերակները, համեմատում հայերենների հետ, գնահատում՝ կարծես թե անգլերեն ուրիշ բան է ասվում։ Շուշանի աչքերը վառվում են իր հայտնաբերածից՝ հոգում պահած գաղտնի վախերն արտահայտել են այս հեղնինակները։ Նանորը զարմացել է, որ բանաստեղծությամբ կարելի է խոսել սպանության ու ուրիշ վատ բաների մասին, Տիգրանը գտել է, որ այս հեղինակները այնպես են խոսում «չի կարելի» բաների մասին, ասես՝ սովորական կենցաղի բաներ են։  Պարզվում է՝ թեման կենդանի է նաև մեր մեջ՝ մեր սովորողների մեջ։
Մեծ մասին անգլերենը մատչելի է։ Առաջարկում եմ փոխադրել դրանք։ Բայց էստեղ պարզվում է, որ բառերի թարգմանությունը բավարար չէ ասելիքը հաղորդելու համար (զարգացնում ենք թարգմանական հմտությունները)։ Օգնության ենք կանչում անգլերենի դասավանդողներին, և արդյունքում ունենում ենք թարգմանությունների ահա այսպիսի հավաքածու։ Իսկ դեռահասներս այնքան ոգևորվեցին, որ որոշեցին ներկայացման վերածել իրենց թարգմանածը։ Ովքեր չհամարձակվեցին բեմ ելնել, բավարարվեցին թարգմանությամբ։ Ովքեր չհամարձակվեցին թարգմանել, ընտրեցին արդեն եղածներից։ Ներկայացումն ստացվեց, իսկ Անգելինան սարսռացրեց իր արտասանությամբ։
Ահագին բան սովորեցինք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի առնչությամբ. Էլ արևելքի գրականություն, էլ եվրոպական փիլիսոփայություն ու ամերիկյան «Կոտրվածների» պոեզիա։ Գրառումներ արեցինք կարդացած-հասկացածի շուրջ (Նանոր, Շուշան, Տիգրան, Լիլիթ, Սարգիս, Գլեա, Մարիամ և այլն), կատարեցինք թարգմանություններ։ Սովորեցի՞նք։ Կարծում եմ՝ այո։ Ի դեպ, հենց այս փուլն անցնելով՝ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրաման ավելի մատչելի դարձավ սովորողներին, ավելի հեշտ հասկացան «ունայնության փոսի» խորհրդանիշը։ Այսպիսի նախագծերում օտար լեզուն ինքնիրեն է համակցվում։ Մեր սովորողները տարբեր նախագծերով թարգմանել են նաև ֆրանսերենից, իսպաներենից, պարսկերենից, վրացերենից։ Երբ Թումանյանի քառյակներն ուսումնասիրելիս որպես արելյան քառյակի կատարյալ օրինակ առաջարկեցի Խայամ կարդալ, Նանորը դասարան բերեց պարսկերեն տարբերակը (իրենք վաղուց են տեղափոխվել Հայաստան, բայց լեզուն պահել են)։ Նանորը մեր կարդացած քառյակների բնօրինակները փնտրում-գտնում էր իր գրքում, հետո դրանք բառացի թարգմանում էր մեզ համար, ինչը թարգմանության որակի շուրջ դատողության հնարավորություն էր տալիս։ Չեմ ուզում կանխատեսել, բայց Նանոր Հովհաննիսյանին, որքան հասկանում եմ, թարգմանչի ապագան հրապուրում է։ Արդեն առցանց ուսուցման շրջանում, երբ կարդում էինք սփյուռքի գրականություն, իմ առաջարկած հեղինակներից զատ նա գտել, կարդացել է, հետո թարգմանել է հայերեն  Լեոնարդո Ալիշան[1] և իր թարգմանածն էլ ձայնագրել է։

Սովորողի ինքնուրույնությունը, ընտրելու կամքը և կարողությունը առհասարակ կրթության գլխավոր նպատակներից պիտի լինեն։ Հրաժարվելով պետական ծրագրի օրինակելի բովանդակության անվերապահ կատարումից՝ մեր ստեղծածը պարտադրելը նույն հետևանքներին էր հանգեցնելու։ Դրա համար բովանդակություն ծրագրելիս ոչ թե նշում եմ կոնկրետ հեղինակներ, այլ շրջան, տարածք, ժամանակ, ոճ և այսպես... Կոնկրետ նշելիս էլ հիշեցնում եմ, որ դրանք օրինակներ են, իրենք կարող են պայմանին բավարարող ուրիշ հեղինակի ընտրել։ Այդ դեպքում սովորողս ընտրելու հանձնարարություն և հնարավորություն ունի, գտնելու, հավանելու և հավանածն իր ձևով ներկայացնելու պարտավորություն ունի։ Եվ հետաքրքիր լինելու համար, թե պարզապես օգտվելով նախընտրելու իր իրավունքից, զգալի դեպքերում ընտրում է ոչ շատ հայտնի, ոչ դասագրքային հեղինակների կամ հայտնի հեղինակների ոչ դասագրքային գործեր։
Այդպես, երբ ընթերցանության համար առաջարկել էի կարդալ այսօր ստեղծվող գրականություն, և հղում էի դրել մի քանի արձակ գործերի վրա, սովորողներից շատերը ընտրել էին բանաստեղծներից, որոնց  ընդհանուր ցանկի վրա էի հղում դրել։ Հետաքրքիրն այն է, որ ընտրածների մեջ կրկնվող բանաստեղծ չկար։

Հատկապես առցանց ուսուցման շրջանում սովորողները նախանձելի ինքնուրույնություն դրսևորեցին։ Արամն, օրինակ (9-րդ դասարան), Տարածաշրջանային գրականություն նախագծով կարդալով առաջարկածներս, որպես վրացական գրականության օրինակ կարդացել է նաև Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վիպակը։ Նարեկը (11-րդ դասարան) նախընտրում է Մայակովսկի կարդալ, ուսումնասիրել , վերլուծել , Բերբերյան Եվան (11-րդ դասարան)՝ դեռ երեկ դպրոցական նստարանը լքած Սյունե Սևադայի պատմվածքը։
Լսում եմ ընդդիմախոսներիս հարցը. Իսկ ե՞րբ են Րաֆֆի ու Մուրացան կարդում։ Փոխադարձ հարց հղեմ. իսկ ե՞րբ էին այս ամենը կարդալու։ Երբ հետաքրքրե՞ր, գուցե՝ երբե՞ք։ Դրանք նաև ձեր հարցի պատասխանն են։ Գրականության բովանդակություն ընտրելիս նպատակներիցս մեկը սովորողին գրականությունից ու ընթերցանությունից չխրտնեցնելն է։ Իսկ դրա համար կարևոր է բովանդակության բազմազանությունն ու ընտրության հնարավորությունը։ Առհասարակ կարծում եմ՝ այս դարի ուսուցիչն իր անելիքն ինքնուրույն ծրագրելու և կազմակերպելու ցանկություն և հնարավորություն պիտի ունենա։ Այդ դեպքում սովորողն էլ իրեն վստահ է զգում, համարձակ ընտրություն է անում, իր ընտրածի վրա ջանք է թափում, կարողանում է... Չի հնչում ավանդական «չեմ կարողանում»-ը։

Ես տարին, չնայած ստեղծված արտակարգ պայմաններին, համարում եմ արդյունավետ։ Վստահ եմ՝ հաջորդ տարի հետաքրքիր գաղափարների պակաս չի լինելու։ Մնում է՝ մտածենք այնպիսի միջոցներ, որ հնարավոր դարձնենք մեր երևակայությանն ու ցանկություններին պատշաճ ցանկացած նախագիծ։




[1] Լեոնարդո Ալիշանը պարսկահայ հեղինակ է, բայց ապրել է ԱՄՆ-ում, զոհվել է սեփական բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ։ Նրա արձակ գործերից շատ քիչ բան կա հայերեն թարգմանած։

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский