Ագարակը որպես ուսումնական կենտրոն

Արդեն  երեք տարի շարունակ ես աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» Միջին դպրոցում։ Ագրոնոմիական կրթությունս ինձ թույլ տվեց դասավանդել տեխնոլոգիա առարկան, որը Միջին դպրոցում բազմազան է: Այս անգամ կխոսեմ Ագարակում մեր տեխնոլոգիական գործունեության մասին։ Շուրջտարյա նախագծերի շրջանակում շաբաթական երկու օր տեխնոլոգիայի դասաժամերին սովորողների հետ միասին այցելում ենք ագարակ։ Մեր այցելությունների նպատակն է.

  • ճանաչել կենդանիներին, տեղեկություններ ձեռք բերել նրանց ծագման և կենսակերպի մասին
  • սովորողներին ընդգրկել կենդանիների խնամքի զարգացման գործընթացում
  • ծանոթանալ կենդանիների խնամքի նրբություններին, դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքներին

                                       

Խմբում ունենք նաև հատուկ կրթության կարիքով սովորողներ, ում մոտ Ագարակ այցելությունների ընթացքում նկատվել են մի շարք դրական փոփոխություններ` զանազան հոգեբանական խնդիրների հաղթահարում, հաղորդակցման և համագործակցման հմտությունների ձեռքբերում:

Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր, սովորողները դժգոհում էին հոտից, մոծակներից, ամռանը` նաև շոգ եղանակից: Բայց այդ ամենը ժամանակավոր էր. շփվելով կենդանիների հետ` նրանք մոռացան ամեն ինչ:

Ագարակը այն վայրն է, որտեղ կտրվում ես աշխարհից, առօրյա հոգսերից, վատ մտքերից ու զգացողություններից։ Չէ՞ որ մեզ շրջապատող միջավայրը անմիջական կապ ունի մեր հոգեվիճակի հետ։ Այցելելով Ագարակ` անկախ ինձանից հայտնվում եմ իմ մանկության հուշերում, երբ տատիկիս ու պապիկիս գյուղում շան ձագեր, թռչուններ և տարբեր տեսակի կենդանիներ էինք պահում, ծառեր ու ծաղիկներ աճեցնում և խնամում։ Սերը շների և այլ կենդանիների հանդեպ ինձ փոխանցվել է հայրիկիցս։ Երբ ամեն անգամ դրսից անտուն որևէ ձագուկի իր հետ մեր տուն էր բերում, խնամում էինք, կերակրում, սիրում և ընտանիքի անդամ դարձնում։ Սակայն ցավով պետք է ասեմ, որ սերը տարիների ընթացքում վերածվեց վախի` դրսում թափառող սոված և ագրեսիվ շների պատճառով։ Հենց Ագարակ ացելությունները ինձ օգնում են հաղթահարել վախս։ Սովորողներից ավելի ոգևորված ես եմ սպասում Ագարակ այցելության օրերին, այնտեղ ինձ մանուկ եմ զգում։

Ագարակն այն եզակի հանրակրթական, երկրագործական, գյուղական վայրն է, որտեղ սովորողները ծանոթանում և մասնակից են դառնում տարբեր տեսակի գյուղատնտեսական և հողագործական աշխատանքների՝ խաղողագործություն, կենդանիների և թռչունների խնամք , ձիերի խնամք, ձիավարություն, մեղվաբուծություն, և նույնիսկ հացթխիկի ծես են անցկացնում։ Ագարակում կան տարբեր տեսակի թռչուններ, կենդանիներ, բույսեր, որոնց խնամքով զբաղվում են դասավանդողները, տարատարիք սովորողները։ Յուրաքանչյուր դասին սովորողները ձեռք են բերում տարբեր հմտություններ, որոնք չեն կարող յուրացնել այլ վայրում։

Կրթահամալիրում արդեն մի քանի տարի է ինչ գործում է շնասերի ակումբը, մենք էլ մեր տեխնոլոգիայի խմբի սովորողներով ակումբի անդամներ ենք։ Յուրաքանչյուր սովորող, այցելելով Ագարակ, շփվելով չորքոտանի բարեկամների հետ, հաղթահարում է վախը շների հանդեպ, ձեռք է բերում նոր հմտություններ, ծանոթանում և մասնակից դառնում շների խնամքին, կերակրման աշխատանքներին, հիվանդությունների բուժման աշխատանքներին, վարժեցման հմտություններին։ Երբևէ չէի կարող պատկերացնել, որ ես և սովորողներս մասնակից կդառնանք Լեդիի բուժման աշխատանքներին։ Ընկեր Կարոյի օգնությամբ Լեդիին ներարկեցինք հակաբիոտիկ դեղ, որպեսզի բուժենք նրա օրգանիզմում առաջացած բորբոքային գոյացությունը։ Սովորողները շատ տպավորված էին, չէ՞ որ նրանք շատ կարևոր գործ էին արել. բուժել էին իրենց սիրելի շանը։ Ընկեր Կարոն սովորողներին, շների ամենօրյա խնամքից բացի, նաև պատմում է չորքոտանի կենդանիների  հիվանդությունների և դրանց բուժման մասին։ Այս ամենից ոգևորված` սովորողներն ուսումնասիրելով էլ ավելի շատ նյութեր են գտնում համացանցից կենդանիների տարբեր հիվանդությունների, դրանց հետևանքների և մարդկանց համար վտանգավոր լինելու մասին։ Չէ՞ որ միայն սերը կենդանիների նկատմամբ քիչ է, մենք պետք է նաև հոգատար լինենք նրանց հանդեպ։ Փորձը ցույց է տալիս, որ կենդանիների հետ աշխատելիս` հարկավոր է սկսել պարզագույն քայլերից. պարզագույնը չվախենալն է, իսկ երբ չես վախենում (իսկ կենդանին դա զգում է), և փոխադարձ համաձայնություն ու վստահություն կա, գործը ստացվում է։

  

Ձիերն այն քիչ կենդանիներից են, որ կարողանում են անկեղծ ընկերություն անել. ձին մարդուն բնությանը միացնող օղակ է։ Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում: Ձիերի հետ աշխատանքն այլ է. նախ պետք է ընկերանաս նրա հետ, խնամես, կերակրես, սովորես ինչպես ամրացնել թամբը, ինչպես արձակել, նստել ձիու վրա կամ իջնել, ինչպես սանրել ձիու մազերը։ Ձիու մազերից տարբեր սանրվածքներ ստանալը աղջիկների սիրելի գործն է։ Այս բոլոր գործողությունների շնորհիվ ընկերանում ենք ձիերի հետ, հետո նոր հանգիստ մտնում ենք ախոռ, դուրս բերում ձիուն, թամբում և ձիավարում։

Այս բոլոր աշխատանքներին մասնակցում են նաև ներառական կրթությամբ սովորողները, հատուկ կարիքով սովորողներն էլ մասնակցում են հիպոթերապիայի, որի միջոցով հաղթահարում են մի շարք անհնարին թվացող խնդիրներ, ինչպիսիք են կաշկանդվածությունը, դեպրեսիան, սթրեսը, նյարդային լարվածությունը, ինչպես նաև բարձրացնում մկանային տոնուսը և ստանում դրական հույզեր:

Ագարակում միայն կենդանիների խնամքով չենք զբաղվում. շատ հաճախ մաքրում ենք հավաբները, շների վանդակները, փորում և փխրեցնում ենք ծառերի բաժակները, էտում և տեսակավորում ավելորդ ճյուղերը, հավաքում չորացած տերևները:

Սովորողների հետ իրականացրել ենք նաև խաղողատունկ, տնկել ենք մուսկատ տեսակի խաղողի տնկիներ:

Այցելելով Ագարակ` մենք կարող ենք արձանագրել, որ լուծում ենք մեր առջև դրված խնդիրները. սովորողները հաղթահարում են իրենց վախերը, դառնում կենդանիների պաշտպանները և ընկերները, ձեռք են բերում հաղորդակցման և համագործակցման հմտություններ, դրական հույզեր:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский