«Իմացումի հրճվանք» ծրագրի մարզական բաղադրիչը

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի հիմնական նպատակը ստեղծող, կրթվող և ինքնակրթվող, ինքնուրույն անհատի ձևավորումն է: Կրտսեր դպրոցում ուսումնական գործունեությունը կազմակերպվում է և′ ֆիզիկական միջավայրում, և′ մեդիամիջավայրում: Մեդիամիջավայրը ձևավորվում է մանր մոտորիկայի՝ մատների մարզանքի «շնորհիվ», իսկ ֆիզիկական միջավայրը՝ տարբեր նախագծերի ու ստուգատեսների։

Մարզական օրն սկսվում է  երթուղայինների միասնական կանգառից, երբ կրթահամալիրի կրտսեր սովորողները քայլքով շարժվում են  Բանգլադեշի չորս կողմեր՝ Հյուսիս, Հարավ, Արևելք, Արևմուտք։ Առավոտյան քայլքն օգնում է ձեռք բերել նախնական մարզավիճակ` հերթական ուսումնական օրը նույն տեմպով շարունակելու համար։ Օրվա հաջորդ մարզաբաժինը առավոտյան ընդհանուր պարապմունքներինն է, որոնք տասնհինգրոպեանոց ամենօրյա ուսումնական գործունեություններ են՝ խաղերգեր, պարերգեր, ընթերցումներ։ Ապա ուսուցումը շարունակվում է դասասենյակներում առարկայական դասընթացներով և նախագծային աշխատանքներով։

Կրտսեր դպրոցի ամենափոքրերը հինգ տարեկանների զարգացման խմբերում սովորողներն են։ Նրանց խմբերում պարբերաբար իրականացվում են ստուգատեսներ, որոնցում մարզական բաղադրիչն անբաժան մաս է կազմում։ Կրտսերիկների ամենշաբաթյա ստուգատեսների ընթացքում անընդհատ տեսնում ենք սովորող-մարզիկին․ չէ՞ որ նա անընդհատ շարժման մեջ է՝ քայլք-վազք-լող-երգ-պար․․․

(տեսանյութը՝ Տաթև Սահակյանի)
Իրականացվող նախագծերի մեջ կան նաև մանր մոտորիկան զարգացնող մարզանք-խաղեր՝ մատնանկարչությունաղագրություն(տեսաֆիլմերը՝ Տաթև Սահակյանի), ազգային խաղերի(տեսաֆիլմը՝ Անահիտ Գրիգորյանի) ստուգատեսներ, մարզախաղեր (տեսանյութը՝ Մարինե Մկրտչյանի) և այլն։

Սովորողները՝ հինգ տարեկան, թե առաջինից երրորդ դասարանցի, ուսումնական գործունեության ընթացքում ակամայից մարզում են մատները և միտքը, կտրում, չափում, շարում, կապում, քաշում, ձգում և այլն։

Նրանք, փաստացի, մանր մոտորիկայի զարգացումից (խոհարարություն, տեխնոլոգիա, նկարչություն) մինչև մտքի զարգացում-մարզանք (մաթեմատիկամրցախաղեր)  ինքնըստինքյան մարզվում են անընդհատ քայլելով, վազելով, լողալով, երգելով ու պարելով, նկարելով ու ներկելով, մտածելով ու մուտքագրելով, այլ կերպ ասած՝ մի շարք հմտությունների ու կարողությունների կիրառում-ցուցադրությամբ՝ իր տարբերակված ձևերով՝ մարմնակրթություն, ուրախ մաթեմատիկա, խոհարարություն ու տեխնոլոգիա, երգ, պար և ռիթմիկա, ընտանեկան նախագծեր, միշտ գերազանց մարզավիճակում են, չէ՞ որ այս բոլորն անընդհատ շարժում են ենթադրում, իսկ որտեղ շարժում, այնտեղ՝ մարզում։

Կրտսեր դպրոցում մարզագործիք կարող է դառնալ ցանկացած առարկա՝ շիշ, խցան, խնձոր, անձեռոցիկ և այլն, իսկ «մարզադաշտ»՝ դասարանը, խմբասենյակը, խոհանոցը, բակը, ինչպես նաև դպրոցի վազքուղին, հեծանվաուղին, որտեղ կազմակերպվում են ստուգատեսներ և գրանցվում սովորողի քայլքի, վազքի, լողի անհատական ցուցանիշները։ Մարզական ուղղվածություն ունեցող բազմապիսի նախագծերով կարևորվում է  մարմնամարզական զանազան կարողությունների ու հմտությունների զարգացումը, արագ կողմնորոշվելու ունակությունը․  սովորողը  խաղում, մարմինն էլ կրթվում է, ու այսկերպ մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու կենսաձևի:

Մարզական բաղկացուցիչը անբաժան մասն է կազմում «Բարձունքի հաղթահարում»  նախագծի, որի  նպատակն է  ճամփորդելու, քայլքի միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, և ճամփորդական կանոնների յուրացումը տեղի է ունենում հենց ուսումնամարզական տարրերով հագեցած միջավայրում ու պայմաններում։  Սանը սովորում է ընկերների հետ ազատ  քայլել, վազել, մագլցել, ցատկել․ սա իսկական  մարմնակրթություն է՝ բնական-իրական մարզանք։ Այս պարագայում նույնպես կարևորվում է ուսուցչի դերը, որը պիտի լինի համապատասխան մարզահագուստով, մարզական տրամադրությամբ և առույգությամբ։

Յուրատեսակ այլընտրանքային մարզումներ են առավոտյան  ընդհանուր պարապմունքները․ դրանք ինքնին մարմնամարզություն են, մարզական-կոփող-զարգացնող ուսումնական գործունեություն, որը ձևավորում  է մարմինը, միտքը, խոսքը։ Ինչպե՞ս հատուկ չընդգծել կրտսեր դպրոցականների մարզական հրճվանքը՝ հեծանիվ, քայլք, լող, մարզախաղեր․․․Տեսապատումները շատ խոսուն են, ներկայացնում են մարզական մի անասելի ցնծություն, որ «թափվում» է յուրաքանչյուր սովորողի աչքերից, փոխանցում հավեսի մարզական տրամադրությունը։

Ո՞ր մանկական խաղը մարմինը կրթելու  մարզական միջոց չէ: Մարզաբաղադրիչն ակտիվորեն մուտք է գործել նաև Ռոդարիի աշխարհ կամ՝ Ռոդարին է մտել մարզաշխարհ․․․կարևոր չէ, այստեղ կարևորը երկուսի միախառնման արդյունքում ծնվող գործունեությունն է, որը անսահման խինդ ու ուրախություն է պարգևում սովորողին։

Հատկանշական է, որ նույնիսկ ազգային տոներն ու ծեսերն են հագեցած մարզական էլեմենտներով։ Զատկամարզականամանորյա տեսապատումները վկայում են այդ մասին։

Ընտանիքի ներգրավվումը ուսուցման գործընթացին  ներառականության լայն հարթակ է: «Ես կարողանում եմ» ուսումնական նախագիծը կրթահամալիրի կրտսեր դպրոցում հենց այդպիսի նախագիծ է, որի շրջանակներում սովորողները ցույց են տալիս նորանոր հմտություններ, կարողություններ՝ անընդհատ փոփոխման մեջ գտնվող, շարունակ յուրացվող ու զարգացող։ Սովորողն իր հմտությունները, այդ թվում՝ մարզական, կարողանում է ներկայացնել նաև ընտանեկան նախագծերի շրջանակներում տեսապատումով։

Շախմատը տրամաբանության զարգացում է, նույնպես մարզանք մտքի, խելքի, որը հնարավորություն է տալիս սովորողին վերլուծել, գտնել լուծումներ, զարգացնել ստեղծագործ մտածողություն և ձևավորել յուրահատուկ մտածելակերպ։

Շրջակա միջավայրի խնամքը ինքնին հուշում է մարզական     տարրի առկայության մասին։ Միջավայրը խնամելիս սովորողը անընդհատ շարժման մեջ է՝ մաքրելիս, փոցխելիս, փորելիս, ջրելիս, տնկելիս, մշակելիս, կռանալիս և այլն։

Ամենօրյա մարզական պարապմունքներ են երգ ու պարի դասընթացները։ Երգ-պարերգերը, անկասկած,  հագեցած են ռիթմիկայով և մարզումներով։  Ո՞ր երգ-պարերն ու խաղերգերը մարզական չեն՝ «Այլիհո» «Հո՛յ, Նազան»Զատկական պարերգեր և այլն, և այլն։ Երգն ու պարը միասին են, փոխկապակցված, միմյանց լրացնող։

Այսպիսով՝ կարելի է «Իմացումի հրճվանք» ծրագրի յուրաքանչյուր գործունեության մեջ ավելացնել մարզական բաղադրիչ, նախագծերը վերաձևավորել, հագեցնել մարզատարրերով, ինչը կապահովի վերջինիս ակտիվությունն ու կենսունակությունը։ Կրթական այս ծրագիրը  լայն հնարավորություններ է տալիս ընդարձակվելու, ստեղծագործելու, ամեն տեղ ներդնելու շարժում՝ այսպիսով պահելով նրան գերազանց «մարզավիճակում», ապահովելով շարունակական զարգացում, լրացնելով նորանոր նախագծերով։

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский