Երբ դպրոցները չեն համագործակցում
Primary tabs
Սովորեցրեք ձեր սեփականը
Էլի առաջին գլխի ինդիանացի մայրիկից:
«Մենք կապվեցինք մի երիտասարդ, հետաքրքրված և գեղեցկադեմ փաստաբանի հետ, որը որոշ ուսումնասիրություններից հետո պարզեց, որ Ինդիանայում երեխան պետք է դպրոց հաճախի, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական կամ մտավոր այնպիսի խնդիր ունի, որ չի կարող հաճախել. որ երեխային անգլերեն պիտի դասավանդի մի որակավորված ուսուցիչ, և երեխան պիտի ստանա հանրակրթական դպրոցներին համարժեք կրթություն: Մեր փաստաբանը պարզեց նաև, որ «համարժեքությունը» դեռևս սահմանված չէր Ինդիանայում:
Նրա խորհրդով մենք Փ-ին ստուգեցինք մանկական հոգեբանի մոտ՝ հավաստիացնելու իշխանություններին, որ նա չունի էմոցիոնալ կամ մտավոր խախտումներ: Հետո մենք առաջին դասարանի ուսումնական ծրագիր վերցրինք հեռակա դպրոցից և տեղի համալսարանում այն գնահատվեց կրթության բաժնի կողմից:
Մեր այս արշավն սկսելուց չորս շաբաթ անց մեր փաստաբանի հետ մեկնեցինք Ինդիանապոլիս՝ հանդիպելու Ինդիանայի հանրակրթական դպրոցների տեսուչի հետ: Նա սառը հայացքով տգեղ մի մարդ էր և ասաց, որ եթե մեր տղային հանենք դպրոցից, կդատապարտվենք: Ավելի ուշ հարցազրույցի ժամանակ պատմեց մեզ Ինդիանայից մի քանի ընտանիքների մասին, որոնք կրոնական պատճառներից դրդված հանել էին իրենց երեխաներին դպրոցներից և դատական լսումներից և նրանց տնային կրթության որոշ ուսումնասիրություններից հետո ստացել էին երեխաներին տանը կրթելու թույլտվություն: Իմ ամուսինն ասաց, որ մենք փաստաբան ենք վարձել, շատ հեռու ենք գնացել և դիմել մեծ ծախսերի՝ մեր որդուն դպրոցից որքան հնարավոր է սահուն հանելու համար: Նա համոզված էր, որ եթե այս ամենը հասնի թերթերին, դպրոցի կողմն է վնասներ կրելու, և ոչ թե մենք:
Ենթադրում եմ, որ տեսուչը ներքուստ համաձայնեց, քանի որ ուղարկեց մեզ նահանգային խնամքի կենտրոնի պաշտոնյայի մոտ: Նա համակրելի էր, սակայն վստահություն չէր ներշնչում: Նա առաջարկեց, որ մենք հանդիպենք տեղի խնամքի ծառայողի հետ և պատմենք նրան մեր ծրագրերի մասին, հույս հայտնելով, որ մի երկու շաբաթից վկայականը մեզ կհանձնեն:
Երկու շաբաթ անց մենք հարցազրույցներ ունեցանք խնամքի ծառայողի և տարրական դպրոցների տեսուչի հետ:
Ավելի ուշ մեր փաստաբանից տեղեկացանք, որ Ինդիանապոլիսի պաշտոնյաները զանգահարել էին տեղի պաշտոնյաներին՝ խորհուրդ տալով թույլ տալ հանել Փ-ին դպրոցից:
Արտակարգ հանդիպումը նշանակված էր և որոշված էր թույլատրել մեզ իրագործել մեր ծրագրերն առանց խոչընդոտի:
Սա չի նշանակում, թե նրանք ուրախ էին այս կապակցությամբ: Դպրոցների տեսուչն այլայլված էր ու բարկացած: Նա վրդովված էր, այնուամենայնիվ, խնդրում էր ինձ տեղավորել Փ-ին քաղաքի ցանկացած դպրոցում․ նրա համար պատրաստ էին շրջանցելու տեղակայման ընդունված արգելանքները: Բայց շատ ուշ էր դրա համար: Փ-ն ատում էր դպրոցի ցանկացած հիշատակություն: Երբևէ չհիշատակվեց այն փաստը, որ ո՛չ իմ ամուսինը, ո՛չ էլ ես ուսուցիչներ չէինք և երբևէ նույնիսկ չէինք անցել կրթական ծրագիր: (Մենք երկուսս էլ ունենք մագիստրոսի կոչում):
Այսպիսով, մենք կարող էինք նրան հանել կցված դպրոցից և ես ամսական հաճախման հաշվետվություն ուղարկեցի տեղի պաշտոնյային»:
Ցույց տալու համար, թե հանգամանքները որքան տարբեր կարող են լինել նահանգի մի ծայրից մյուսը, ահա մի նամակ էլ Իլինոյսի մի մայրիկից. մի նահանգ, որտեղ մի շարք ընտանիքներ կարողացել են դպրոցից հանել իրենց երեխաներին առանց մեծ անախորժությունների։
«Տնօրենի և Ն-ի ուսուցչի հետ առաջին հանդիպումը լավը չէր: Տնօրենը մերժեց տեղափոխել Ն-ին, քանի որ Սանտա Ֆեի համայնքային դպրոցը Իլինոյսի հաստատված դպրոցների ցանկում չէր: Ինձ դասախոսություն կարդացին տնային կրթության թեր և դեմ կողմերի մասին, ներառյալ բոլոր դասական պնդումները, ինչպիսիք են.
- Մենք որակավորված ուսուցիչներ ունենք, ինչո՞ւ եք կարծում, թե կարող եք ուսուցանել նրան: Դուք գիտե՞ք, թե որքան գումար ենք կորցրել Ն-ի բացակայությունների պատճառով: (Նրանք հաշվել էին յուրաքանչյուր լուման):
Երբ հարցրին, թե ինչպես եմ Ն-ին կարդալ սովորեցնելու, պատասխանեցի, որ նա արդեն գիտե կարդալ և նրան տարածք է պետք դա ինքնուրույն անելու: Ինձ համարյա ծաղրանքով դուրս վռնդեցին սենյակից և ասացին, թե չգիտեմ ընթերցանության հիմնական կանոնները, այնպես որ չեմ կարող սովորեցնել դրանք Ն-ին: Ն-ի ուսուցիչը խորագույն մտահոգությամբ ասաց, որ Ն-ն տարբերակ չունի երրորդ դասարանի թեստը հանձնելու, եթե տարվա մնացած մի քանի ամիսը դպրոցում (իհարկե, իրենց դպրոցում) չմնա: (Տարօրինակն այն է, որ դասարանից դասարան փոխադրվող երեխաների համար նման ստուգողական չկա):
Այլևս չեմ խոսի այս հանդիպման մասին, բացառությամբ նրա, որ պիտի ասեմ, որ ակնկալում էի դիմակայության հանդիպել, բայց տակավին ապշած եմ հարգանքի ի սպառ բացակայությունից:
Իմ հաջորդ հանդիպումը մարզային տեսուչի օգնականի հետ էր:
Նրա պատասխանն առավել հաշվենկատ էր: Նա անմիջապես տեղեկացրեց ինձ, որ անհնար է Ն-ին կրթել տանը, որ դա օրենքին հակառակ է, և որ նրա բացակայություններով մենք խախտում ենք դպրոց հաճախելու մասին օրենքը, և դրա համար մեզ կհետապնդեն: Նա մեջբերեց դրույթը, որում ասված էր․ «Նա, ով խնամք է տանում և իր հոգածության տակ ունի յոթից տասնվեց տարեկան երեխա, պիտի անի այնպես, որ այդ երեխան հաճախի բնակության վայրում գտնվող որևէ դպրոց»:
Ես տեղեկացրի նրան, որ դրույթը ներառում է բացառություն․ «ցանկացած երեխա, որ հաճախում է մասնավոր կամ ծխական դպրոց, ուր դասավանդվում են հանրակրթական դպրոցների դասարանին և տարիքին համապատասխանող առարկաներ»:
Նա անմիջապես նկատեց, թե մենք Ն-ին չենք ապահովում համապատասխան կրթությամբ: Խնդիրն արագ փոխվեց այստեղ: Ես պատրաստ էի ներկայացնելու Ն-ի համար նախատեսված մեր ծրագիրը, բայց նրան հետաքրքիր չէր դա լսելը: Փոխարենը պարզապես հայտարարեց, որ մեր ծրագիրը չի կարող համարժեք լինել ընդունված ծրագրին, քանի որ մենք չենք օգտվում այն դասագրքերից, որոնք Ն-ն օգտագործում էր հանրակրթական դպրոցում:
Ես ասացի, որ փորձել եմ դասագրքերի անուններն իմանալ դպրոցից, սակայն նրանք չհամագործակցեցին մեզ հետ: Նա ասաց. «Դպրոցները չպետք է համագործակցեն»: Այնուհետև ինձ ասաց, որ պիտի մագիստրոսական բանավոր քննություն հանձնեմ, որպեսզի ինքը համոզվի, որ ես բավականաչափ գիտակ եմ Ն-ին կրթելու համար:
Նա անդրադառնում էր բոլոր այն միստիկական բաներին, որոնք միայն ուսուցիչներին են հայտնի, ուսուցման բաղկացուցիչների և առարկաներրի փոխկապակցման մասին:
Նա հայտարարեց, որ դպրոցը պիտի համապատասխանի Դպրոցների խորհրդի #1 փաստաթղթում նշված դրույթներին: Ավելի ուշ մենք հայտնաբերեցինք, որ դա բացարձակ սխալ է, որ սա բոլորովին տարբեր և ավելի զիջողական կանոնների շարք է, քան փաստաթուղթ #1-ը, որը նախատեսված է հանրակրթական դպրոցների համար: Ճիշտ փաստաթուղթն է «Ոչ հանրակրթական տարրական և միջնակարգ դպրոցների գրանցման և ճանաչման ռազմավարություն և ուղեցույցները»:
Ավելի ուշ տեղի ունեցած հեռախոսազրույցում իմ ամուսնուն ասացին, որ «վեց փաստաբաններից բաղկացած բանկ»-ը Սփրինգֆիլդում (մայրաքաղաքն է) ասել է մարզային տեսուչի օգնականին, որ տնային կրթությունն անօրինական է:
Միևնույն ժամանակ իմ ամուսինը դադարեցրել էր հանրակրթական դպրոցում Ն-ի դասագրքերը վերցնելու գործընթացը, որոնք ուսուցիչը մերժեց ինձ տալ՝ ասելով․
- Ինչո՞ւ ես պետք է ձեզ տամ նրա դասագրքերը, ես Ն-ին անբան եմ համարում:
Մենք նաև պահանջեցինք Ն-ի մատյանի գրանցումները՝ դրանք պատճենելու համար: Կրկին մերժում ստացանք:
Իմ ամուսինն այդ ժամանակ պահանջեց, որ այս մերժման գրանցումը ներառվի Ն-ի արձանագրության մեջ: Տնօրենը մերժեց սա արձանագրության առարկա դարձնելը:
Իմ ամուսինն իր ձեռքով մի երկտող գրեց և խնդրեց տնօրենին մտցնել այն Ն-ի գործերի մեջ: Ամուսինս ասաց, որ կթողնի այն տնօրենի սեղանին: Տնօրենն ասաց, որ չի տեսել երկտողը, և որ այն գոյություն չունի: Այնուհետև ամուսինս գնաց քարտուղարուհու մոտ և հայտնեց նրան ի գիտություն, որ երկտող էր թողել տնօրենի սենյակում: Տնօերնը դուրս վազեց իր սենյակից՝ ասելու, որ քարտուղարուհին չի կարող մտնել իր սենյակ, և որ երկտողը գոյություն չունի:
Բարեբախտաբար, Ձեր խորհրդով, և մի լավ ընկերոջ օգնությամբ, որը նախկին ուսուցիչ է, հիմա՝ հավ բուծող գյուղատնտես, սակայն դեռևս Իլինոյսում երկրորդ և երրորդ դասարանի ուսուցչի որակավորում ունի, մենք մի համոզիչ փաթեթ հավաքեցինք պաշտոնյաներին ներկայացնելու համար:
Օգնեց այն, որ մեր փաստաբանն ուղի հարթեց՝ նրանց ուղարկելով որոշ կոպիտ պնդումներ: Այդ ընթացքում ինչ-որ մեկը համոզել էր նրանց՝ փոխելու իրենց վերաբերմունքն ու մոտեցումը. և նրանք լավագույնս համագործակցեցին մեզ հետ: Հեռանալու պահին դոկտոր Հ-ն ասաց, որ համոզված է, որ Ն-ն կստանա լավագույն կրթություն, սակայն վախենում է այս մասին բարձրաձայնել: Երբ իմ ամուսինը, լավ լսած չլինելով, խնդրեց կրկնել, նա պարզապես չկարողացավ կրկնել ասածը:
Ձեր խորհրդով մենք հեռախոսազրույցների մատյան էինք պահում, տալիս շատ հարցեր՝ ցույց տալու համար, որ յուրաքանչյուր անձի հետաքրքրությունը չափազանց արժեքավոր է, և իրավական տեսանկյունից պաշտպանելու ամուսնուս մոտեցումը:
Սա է մեր առաջընթացի ճանապարհը՝ սկզբում խճճվելուց հետո»:
Այս ցավալի փորձառությունն անպայման հաստատում է այն, ինչ մի շարք մարդիկ ասում են: Հենց որ պարզ է դառնում, որ ձեր դպրոցները չեն պատրաստվում համագործակցել, ձեր բոլոր գործերը նրանց հետ պիտի գրավոր արվեն: Եթե չեք կարող խուսափել անձնական կամ հեռախոսային զրույցից, փորձեք ձայնագրել այն:
Եթե չեք կարող անել դա, մանրակրկիտ գրի առեք, եթե հարկ կա՝ ասելով․
- Սպասեք մի վայրկյան, մինչև ես գրի առնեմ,- և աշխատեք բառացի գրել, - ես ճի՞շտ հասկացա, դուք ուզում էիք ասել...
Այնուհետև երկխոսությունից հետո հնարավորինս արագ պիտի հաստատող նամակ գրեք, ասելով․ «Սա այն է, ինչ ես հասկացա մեր այսօրվա խոսակցությունից (ամսաթիվ դրեք):
Եթե այն չի համապատասխանում ձեր հասկացածին, ինձ տեղյակ պահեք. որքան հնարավոր է շուտ՝ գրավոր հաստատեք, որ այս զրույցը ես հասկացել եմ նույն կերպ, ինչ որ դուք»:
Սա տեղափոխում է պայքարը նրանց կիսադաշտ․ եթե նրանք ոչինչ չեն ասում, ձեր տեսակետը գրվում է արձանագրության մեջ՝ իբրև պաշտոնական տեսակետ։ Եթե ցանկանում են փոխել ձեր արձանագրությունը, պիտի դրա փոխարեն դնեն իրենց տարբերակը: Երկու դեպքում էլ ստիպված են ինչ-որ բան անել:
13-րդ, 14-րդ գլուխներում ավելի շատ առաջարկություններ կան, թե ինչպես վարվել համագործակցել չցանկացող դպրոցական համակարգերի հետ:
Այլ մարտավարություն
«Մեծանալ առանց դպրոցի» գրքի ընթերցողները շատ տարբեր մոտեցումներ են փորձել՝ իրենց երեխաներին դպրոցից հեռու պահելու համար: Մի մայրիկ գրում է․ «Անցյալ ձմեռ դպրոցից դուրս գալուց հետո (Մենք դուրս եկանք այդ դպրոցից, որովհետև մեծը դեռ այս նահանգում պարտադիր հաճախման տարիքում չէր), ընդունեցինք երեխաներին մի մասնավոր դպրոց, և սեպտեմբերին նրանք դպրոց գնացին մյուս բոլորի նման, որքանով կարողացանք, նոր հագուստ գնեցինք նրանց համար, նախաճաշի նոր տարաներ, և շատ էինք խոսում այդ մասին հարևանների հետ:
Հետո մենք հանգիստ հանեցինք նրանց: Մենք ոչ մի հիմար բան չէինք անում, օրինակ, չէինք թողնում, որ նրանք ամբողջ շրջակայքով դեգերեն կամ կենտրոն գնան օրվա կեսին, և այլն, և այլն:
Կարծում եմ՝ մասնավոր դպրոցն իրականացնում էր լավ մարտավարություն, որովհետև այն հարևանների կասկածի տեղիք չէր տալիս:
Արձակուրդները, «վաղ արձակել»-ը, նույնիսկ «հատուկ ծրագրերը», բոլորն էլ անծանոթ հարևանությանը, շատից-քչից «օրինական են», քանի դեռ կասկածելի չի թվացել, թե ինչու դասի ժամանակ դպրոց չենք ուղարկում»:
Դեբորա Ջոնսը Նևադայից փորձեց այլ մարտավարություն․ «Պարտադիր կրթության օրենքով մենք դիմեցինք բժշկի թղթի օգնությանը: Մեր բժիշկը համաձայնեց օգնել մեզ և ուղարկեց նամակ, որում ասվում էր, որ մեր երեխաները գերակտիվ են, և որ ինքը խորհուրդ է տալիս պահել նրանց տանը՝ այս խնդիրը լուծելու համար:
Սա ինձ համար ճանապարհ բացեց:
Եթե փոքր-ինչ ավելի ժամանակ լիներ, հավանաբար նամակը ետ կուղարկեի և կխնդրեի, որ այլ ախտորոշում գրվի, և այլ հանգամանքներում ես կպայքարեի այդ ախտորոշման դեմ ատամներով: Բայց հանգամանքների բերումով, քանի որ ես ավելի քան համաձայն էի նրա խորհրդին, մենք որոշեցինք ուղարկել նամակը:
Մենք կից նամակ ուղարկեցինք, որում ասվում էր, որ կպահենք կապը մեր բժշկի հետ, որ անհրաժեշտ չէ, որ դպրոցական խորհուրդը հանդիպի երեխաների հետ, և որ կարծում ենք՝ բավարարում ենք օրենքի պահանջները:
Այդ օրից ի վեր չենք լսել նրանց մասին:
Սկզբում անորոշության մեջ էինք՝ ամեն օր սպասելով նամակի, զանգի կամ դատական ծանուցագրի: Սակայն հետո հասկացանք, որ նրանք բավարարված են:
Մենք այս անցյալ ամիսներին երեխաներին տանն ենք կրթել և կարծում ենք՝ արժե դա անել:
Ես տակավին կարիք ունեմ ավելին սովորելու այս մասին, սակայն կարծում եմ՝ նույնիսկ եթե ոչինչ չանեմ, երեխաները լավ կլինեն, պարզապես, քանի որ տանն են, ոչ թե դպրոցում:
Մեկ անգամ ևս շնորհակալ եմ օգնության համար»:
Արկանզասից մի մայրիկ գրում է մի բացարձակ տարբեր մարտավարության մասին.
«... Ջենան վեց տարեկան էր, և դեռևս դպրոց չէր գնում, քանի որ ըստ Արկանզասի օրենքների երեխաները պիտի դպրոց հաճախեն յոթ տարին լրանալուց հետո:
Ես ուսումնասիրեցի պետական օրենքը և տեղի դպրոցների քաղաքականությունը, հասկանալու համար, թե ինչպես կարող եմ նվազեցնել երեխայի դպրոց հաճախելու պարտականությունը: Ես որոշ բաներ արեցի մինչև Ջենայի յոթ տարին լրանալը․
Ես սովորեցրի նրան, թե ինչպես աշխատել դասագրքով առանց ուսուցչի օգնության: Օրինակ. պտտել բանալի բառերը առաջադրանքներում, խաչաձևել արդեն օգտագործված պատասխանները, երբ բոլոր պատասխանները տրված են խառը ձևով, սկզբից անելով այն, ինչ ինքը գիտի, այնպես, որ կարողանա գտնել չիմացածի ճիշտ պատասխանները պարզ բացառման սկզբունքով, և այլն:
Ես գնացի դպրոց և իրավիճակը քննարկեցի նրա հետ, ով ամենահարմարն էր ու ըմբռնողը. Այս պարագայում դա ուսմասվարն էր, որը մնում է այն մարդը, որ հնարավոր է դարձնում այս ամենն ինձ համար:
Ես խնդրեցի, որ ուսմասվարը Ջենայի ընթերցանության տվյալների հարցաթերթիկ կազմի, և պահեցի այդ հարցաթերթիկի արդյունքները հետագա փաստաթղթերի համար:
Ես որոշեցի, թե որ ուսուչին ընտրելը ճիշտ կլինի, և հետևեցի, որ Ջենան ընկնի այդ ուսուցչի մոտ: Դպրոցները սովորաբար (երբեմն. հեղինակի ծանոթագրությունը) թոյլ են տալիս, որ ծնողներն ընտրեն, եթե ծնողներն արել են դա մինչ դպրոցների սկսվելը:
Ջենան սկսեց առաջատար ընթեցանության խմբում, բայց մինչ այդ ես երկար խնդրում էի, որ նրան թույլ տան ինքնուրույն կարդալ, քանի որ ես սովորեցրել էի նրան կարդալ Քոթմեյերի կոդավորման մեթոդներով, իսկ ապակոդավորման մեթոդները, որ նրան պիտի սովորեցնեին, չէին կարող օգնել նրան սովորել այն, ինչ նա արդեն գիտեր, լավագույն դեպքում կարող էին միայն մոլորեցնել:
Մենք ստացանք ինքնուրույն աշխատելու թույլտվությունը. ցտեսություն, ընթերցանության խմբեր, հուսանք՝ ընդմիշտ: Նա պարզապես դասագրքերով դաս էր անում իմ օգնությամբ, և ուսմասվարը ստուգում էր նրա մակարդակը, երբ ես ասում էի, որ պատրաստ ենք:
Ես ընթերցանության մի գիրք խնդրեցի, սակայն Ջենին չպետք է պատասխաներ «վարժության» հարցերին:
Նա կարդում է այն, ինչ ցանկանում է կարդալ, դպրոցում կամ դպրոցից դուրս, և մենք սովորաբար քննարկում ենք նրա ընթացիկ գիրքը:
Ինչպես ավելի վաղ նշեցի, ես ուսումնասիրել էի հաճախելու մասին պետական օրենքները և հաճախման տեղի քաղաքականությունը:
Յուրաքանչյուր դպրոցական շրջան պիտի ունենա դպրոցի խորհրդի քաղաքականության գիրք. Ծնողները պիտի իմանան սա:
Պետությունը թույլ է տալիս քսանհինգ օրվա բացակայություն, իսկ տեղի քաղաքականությունն ասում է, որ այն աշակերտը, որը լքում է դպրոցը 10:30-ից հետո, չի համարվի բացակա, այսինքն, տեսականորեն, հիսուն օր նա կարող է գնալ 10:30, թեև մենք այդքան չենք բացակայել:
Պետական օրենքը տարբերակում է միայն երկու տեսակի բացակայություն։ Ծնողական անգործության պատճառով է, երբ ծնողը կարծում է՝ երեխան դպրոցում է, սակայն դա այդպես չէ:
Պետական օրենքը ծնողին տալիս է ամբողջական վերահսկողություն՝ որոշելու, իր երեխան անգործության է մատնված, թե ոչ. նրանք պահանջում են ծնողի գրավոր երկտող, որում ասվում է, որ բացակայությունը երեխայի մեղքով է, նախքան երեխային հետապնդելը անգործության համար: Սա կարևոր է իմանալ, քանի որ տեղական դպրոցական շրջանն ունի շատ մարտավարություններ՝ կապված «բացակա լինելու ընդունելի պատճառներ»-ի հետ, և տպավորություն է ստեղծվում, թե դպրոցը կարող է երեխային անբան համարել, սակայն այս ամենը հոգեբանական ճնշում գործադրելու համար արված հիմարություն է:
Երբ ես երկտող գրեցի դպրոցին, պարզապես ասացի. «Ջենան բացակա էր ամսի (ամսաթիվը) այսքանին», որը ցույց էր տալիս, որ սա բացակայություն էր, որից ծնողը տեղյակ էր, ոչ թե պարզապես անգործություն:
Հենց որ Ջենան հասկացավ, որ բոլոր առարկաներից առաջ է անցել դասարանից, ես սկսեցի նրան դպրոցից տուն տանել ամեն օր 1:30, քանի որ այն աշակերտները, որոնք տուն են գնում 1:30-ից հետո, ընդհանրապես չեն համարվում բացակա, նույնիսկ եթե նա երբևէ խախտեր հարյուր հիսուն օր պարտադիր հաճախման պահանջը և հետապնդվեր դատախազության կողմից (անգործները, եթե այդպես են հայտարարել ծնողները, կհետապնդվեն անչափահասների դատարանում, և ավելի քան քսանհինգ օրվա բացակայության պատճառ դարձած ծնողները կհետապնդվեն փորձաքննության դատարանում). հարց է ծագում՝ արդյո՞ք դատախազը հետապնդում կսկսի որոշակի հանգամանքներում։
Դատախազները սիրում են հայցերը շահել, և փաստը, որ ես կարող եմ փաստաթղթերով ձևակերպել, որ Ջենան աշխատում է իր դասարանից բարձր մակարդակում, և այդուհանդերձ, հաճախում է դպրոց, հայցը կարող է անիմաստ ու ծիծաղելի դառնալ:
Ինչևէ, արդեն ժամանակն էր, որ Ջենան գնա երկրորդ դասարան: Ուսմասվարի հետ զրույցն այսպես ստացվեց:
Ես. - Չէի՞ք կարող ստուգել Ջենայի ընթերցանությունը երրորդ դասարանի դասագրքով մոտակա երկու շաբաթների ընթացքում, և խնդրել, որ ուսուցիչը նրան չընդգրկի որևէ ընթերցանության, հեգելու կամ մաթեմատիկական խմբում:
Նաև Ջենան ցանկանում է ձեռագիր սովորել, այնպես որ ես կսովորեցնեմ նրան գրել մոտակա երկու ամսվա ընթացքում: Նա չի աշխատի իր երրորդ դասարանի հեգման տետրում, մինչև ձեռագիր սովորելը, քանզի ուզում է ձեռագրով անել դա:
Նա. - Շատ լավ է:
Ես. - Ես կարծում եմ՝ նա պատրաստ է քննություն հանձնել երկրորդ դասարանի մաթեմատիկայից, բայց հասել է մի կետի, որտեղ պետք չէ անել բոլոր խնդիրներն ու հանձնարարությունները, քանի որ հենց որ իմանա դրանք, կբողոքի միօրինակ ու կրկնվող աշխատանք անելու դեմ, իսկ ես ուզում եմ, որ նա չձանձրանա և պահպանի հետաքրքրությունը:
Նա. - Այո, հենց դա իմանա, կձանձրանա: Ես կխոսեմ ուսուցչի հետ: Դուք նյութը դպրոց կուղարկե՞ք, որ Ջենան ամեն օր կատարի:
Ես. - Այո, բայց նա երաժշտություն, բնագիտություն և հասարակագիտություն է անելու դասարանի հետ:
Նա. - Լավ: Ես կխոսեմ մյուս շաբաթ ստուգողական անցկացնելու մասին:
Սա ազատամիտ դպրոցական շրջան չէ․ տեսուչը շատ խիստ է հսկում: Դպրոցական այս շրջանն ամենախիստ հաճախման քաղաքականությունն է վարում նահանգում:
Այնպես որ, մենք կարողանում ենք գոյատևել, ի հեճուկս այստեղի չափից դուրս խիստ հաճախման քաղաքականության:
Ես գնում եմ դպրոցի խորհրդի ժողովներին, որպեսզի իսկական կրթություն ստանամ այն հարցի մասին, թե ինչ է ինձ սպասում, եթե երբևէ գամ հակամարտության:
Վախենամ՝ տպավորություն թողեցի, թե Ջենան իր ողջ ժամանակն անց է կացնում իր դասագրքերը փորփրելով: Իրականում, շաբաթվա համար նախատեսված աշխատանքը նա անում է մեկ օրում, այնպես որ մնացած օրերն ընդհանրապես չի անդրադառնում դասագրքերին:
Նա կարող է գիրք ընթերցել կամ պարզապես խաղալ, կամ բացակա լինել:
Նա իսկապես շատ սիրում է և զգում է կարիքը հեգման և գեղագրության աշխատանքային տետրերի, որոնք ես ապահովում եմ նրա համար, և որոնք նա հետը դպրոց է տանում (դրանք շարունակական դասեր կապահովեն մինչև ութերորդ դասարան, մինչդեռ դպրոցում մի քանի շարքը կարող են անցնել մի քանի տարում):
Նա այս ամառ շաբաթը ընթերցանության մի դասագիրք է ավարտում: Մենք ընթերցանության դասագրքի հանձնարարություններին շատ լուրջ չենք վերաբերվում, պարզապես «անում ենք էջը»:
Ընթերցանությունից ու մաթեմատիկայից նա պարզապես անում է այնքան, որ սովորի գրքում մատուցվող հմտությունները, որոնք ստուգման ենթակա են, այնպես որ նա շատ ավելի քիչ ժամանակ է ծախսում հանձնարարություններն անելու համար, քան այլ երեխաներ:
Դպրոցի հետ կապված կարևոր բանն այն է, որ նրա առաջընթացը ստուգվում և արձանագրվում է, իսկ ինձ համար կարևորն այն է, որ նա դեռևս ուզում է սովորել»:
Սա տանը կրթելու պատմություն չէ: Բայց կուզեի իմանալ՝ ի՞նչ կպատահեր, եթե դպրոցները ստիպված լինեին առնչվել շատ աշակերտների հետ, որոնք «ինքնուրույն են աշխատում՝ առաջ անցնելով դասարանի մակարդակից և շատ վատ են հաճախում»:
«Միջազգային մամուլի միություն»-ից մի հոդված Փրովիդենսից, Ռոդ Այլնդ, պատմում է տանը կրթվելու մի անսովոր պատմություն․ «Մի տասնչորս տարեկան տղայի, որը բաց էր թողել ավագ դպրոցը և ուզում էր ընդունվել ուղիղ Ռոդ Այլնդի Կրտսերների քոլեջ, թույլ էր տրվել դպրոցում մնալ, մինչ իշխանությունները ստուգեին նրան՝ տեսնելու, թե արդյոք համապատասխանում է քոլեջի մակարդակին: Ջոնաթան Դելինգերն ավարտեց Քրենսթոնի կրտսեր ավագ դպրոցը հունիսին: Պետությունն ասում էր, որ կրթության օրենքն արգելում է տղային ավարտել ավագ դպրոցը մինչև տասնվեց տարին լրանալը: Սակայն տղան ընդունվել էր քոլեջի շարունակական կրթության ծրագիրն այս աշուն և գերազանց էր ստանում իսպաներենից, ներածական քիմիայից, հանրահաշվից և գրության հիմունքներից, երբ քոլեջը ստիպեց նրան դուրս գալ հոկտեմբերի ութին:
Ջոնաթանն ու իր մայրիկը դատի տվեցին քոլեջին՝ պնդելով, որ երբ հեռացվել է տարիքի պատճառով, իր սահմանադրական իրավունքները ոտնահարվել են:
Գերագույն դատարանում հինգշաբթի օրը պետական կրթության նախարարության և տղայի փաստաբանի կողմից ստորագրված պայմանագրի համաձայն, Ջոնաթանը կարող է սովորել քոլեջում մեկ կիսամյակ: Այդ ընթացքում նա քննություններ կհանձնի Ռոդ Այլընդի համալսարանում, և երկու կողմի փաստաբանները երկու շաբաթվա ընթացքում գրավոր փաստարկներ կբերեն, որ հայցը (նկատի ունի մայրիկի հայցը) փակվի:
«Ես անհամբեր սպասում եմ, թե երբ դասերը կսկսվեն»,- ասաց պատանին դատական քաշքշուկի ավարտից հետո:- Իմ բոլոր ընկերներն այնտեղ են: Իմ հաճախած առաջին դպրոցն է, որտեղ ես զգում եմ ինձ իմ տեղում»:
Հիանալի պատմություն:
Դպրոցները հանձնել են մի քննություն, որը, ինչպես իրենք են ասում, «քոլեջի հաջողության լավագույն նախատիպն է»:
Սա նշանակում է, որ քննությունը լավ հանձնող մարդկանցից շատերը հետո քոլեջում բարձր են գնահատվում։
Այնպես որ հիմա, բաց ճակատով, նրանք պատարաստվում են ստուգել այս տղային, որն արդեն քոլեջում գերազանց է ստանում, հասկանալու համար, թե արդյո՞ք նա պատրաստ է քոլեջ ընդունվելու:
Բայց կա մեկ այլ ճանապարհ, որ այն երեխաները, որոնք դպրոցում լավ են սովորում (գիտեն, ինչպես խաղալ դպրոցի խաղը), թռչեն ավագ դպրոցի մեկ կամ մի քանի տարի։ Անշուշտ, «Մեծանալ առանց դպրոցի»-ի մի ընթերցող պատմեց ինձ, որ իր ավագ դպրոցի տարիներին ինքն ազատվում էր ավագ դպրոցի հաճախումներից՝ պետական համալսարանում հեռակա կուրսեր անցնելով:
Կարծում եմ, որ դատարանների մեծ մասը կհամաձայնի, որ քոլեջի կուրսն անցնող և լավ գնահատականներ ստացող երեխան ստանում է տեղական ավագ դպրոցի կրթությանը համարժեք կրթություն, և սրանով իսկ ազատված է այդ ավագ դպրոցը հաճախելուց:
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
- Բացվել է 851 անգամ