Տնային կրթողների աշխատանքը

Հեղինակ: 

Սովորեցրեք ձեր սեփականը

Սկիզբը 
Նախորդ հատվածը

Հետևյալ նամակներում որոշ ծնողներ պատասխանում են հարցին՝ ի՞նչ են մարդիկ անում, երբ դպրոցից հանում են երեխաներին:

Հետևել երեխայի հետաքրքրություններին

Արթ Հարիսը գրում է իր երկու տղաների անկանոն ուսուցումից. «... Մենք չենք գծում ուսումնական ծրագիր կամ դասընթաց: Նման գործողություններն առաջին քայլն են ուսումնական գործընթացը կազմավորելու հարցում, մինչդեռ կարծում ենք, որ լավագույն ուսուցումը կատարվում է կամովին: Դպրոցական դասընթացների նեղ ուղղվածությունը միշտ սարսափոցրել է մեզ: Ո՞վ են դպրոցը, որ որոշի, թե ճարտարապետությունը, հնագիտությունը, մարդաբանությունը, աստղագիտությունը կամ աստղաբանությունը չպետք է դասավանդվեն տարրական դասարաններում:

Մենք կարծում ենք, որ բոլոր առարկաները փոխկապակցված են, և առարկայի պարզ սահմանումն իմանալն առաջին քայլն է նրա միստիկայի որոշ մասը ցրելու համար: Զվարթ սովորելու համար (հիշո՞ւմ եք սա) պետք է հայտնագործել, նույնիսկ առարկաներ հայտնագործել ու բավարարել հետաքրքրասիրությունը:

Ավելի շուտ ձևի համար մենք դպրոցական մեր խորհրդատուից փոխառեցինք մի քանի ձանձրալի դասագիրք և ընթերցարան, մի կողմ դրեցինք դրանք և շարունակեցինք ինքնուրույն, կամ ավելի շուտ, ես կասեի, մեր երկու տղաները շարունակեցին ինքնուրույն, քանի որ հաճախ մեծահասակը շատ է միջամտում սովորողի և նյութի արանքում:

Հավանաբար ես մեղմ եմ արտահայտվում այս մասին: Դրա համար պատճառ ունեմ: Մենք պարզապես ինքնուրույն թողեցինք մեր ավագ տղային:

Երբեմն նա օրը ութից տաս ժամ կարդում էր: Մի քիչ հեռուստացույց էր դիտում, որոշ ֆիլմեր աչքի անցկացնում: Առանց կողքին հրամայող, ստուգող կամ դայակություն անող մեծահասակների նա խորասուզվեց մետալուրգիայի, սննդաբանության (ինքնակամ դարձավ բուսակեր) և ճարտարապետության մեջ: Փաստորեն, կային հիմքեր, որ նա զբաղվեր նաև երկրաբանությամբ, բուդդայականությամբ, օդերևութաբանությամբ և այլն:

Այո, մենք մի քանի գիրք գնեցինք, բայց նա հիմնականում օգտվում էր գրադարանից: Ոչ ոք չէր սովորեցրել նրան Դյուի Դեսիմալի համակարգը․ նա սովորել էր այդ, քանի որ ուզում էր գրքեր գտնել:

Երբեմն ռադիո կամ հեռուստատեսային հաղորդավարը հեղինակի հետ միասին գիրք էին քննարկում: Ավելի հաճախ հաղորդավարը կարդացած չէր լինում գիրքը, բայց (ի զարմանս նրանց, ովքեր կարծում են, թե հեռուստատեսությունը չի նպաստում ընթերցանությանը) մեր որդին հաճախ գնում էր այն գրադարանից գտնելու, նույնիսկ, եթե պետք էր լինում քսանհինգ ցենտ վճարել պատվիրելու համար:

Տասնյոթը լրանալուց մի փոքր անց մեր ավագ որդին հանձնեց իր ավագ դպրոցի քննությունները՝ բոլորն էլ լավ գնահատականներով: Նա անմիջապես ավագ դպրոցի ատեստատ ստացավ:

Առաջին քոլեջը, որ նա դիմեց, Նյու Յորք նահանգի Բարդ քոլեջն էր, ուր նա ընդունվեց ամբողջական կրթաթոշակով: Ես միշտ ասել եմ՝ ընդունող նախագահը պիտի հիացած լինի ինքնակրթությամբ մեծացած երեխայի ընդունելու գաղափարով:

Նա գնաց քոլեջ այս աշուն:

Մեր մյուս տղան առաջ ընթացավ մի ճանապարհով, որ գոհացրեց մեզ:

Մեկ տարի տևեց, որ նա շատ քիչ բան անելով՝ թողեց դպրոցը․ աստիճանաբար ներշնչեց, որ ինքն անբան է: Կարծում եմ՝ Մեքսիկա կատարած մեր վեցամսյա ուղևորությունը շատ բան արեց՝ ցրելու այդ տպավորությունը, քանի որ մեր չորսից ամենալավը նա իսպաներեն սովորեց:

Ոչ ոք նրան բառ «չսովորեցրեց», նա պարզապես մեծագույն վստահությամբ ըմբռնում էր լեզուն։ Մենք բացարձակ ճնշում չէինք գործադրում նրա վրա կարդալու համար:

Ճիշտ է, մենք ընթերցանության մի քանի գիրք գնեցինք և օգտագործելով նրանց առաջարկներն օգնեցինք նրան ծանոթանալ մի քանի պարզ տպագիր բառերի հետ: Եվ երբ իր տարիքի մյուս երեխաները հետաքրքրվում էին հումորային գրքերով, նա իրականում ցանկանում էր կարդալ։

Միայն այդ ժամանակ մենք ճիգ գործադրեցինք օգնելու նրան:

Նա դեռևս դասարանի մակարդակից հետ է մնում ընթերցանությունից, սակայն դա մեզ չի մտահոգում»:

Մի քանի տարի առաջ, երբ իր որդին մոտ յոթ տարեկան էր, Ալբերտ Հոբարթը, որի երեխային տանը կրթելու փորձը հիշատակվել է արդեն, գրեց դպրոցներին, թե ինչպես են ինքն ու կինն աշխատում տղայի հետ:

Լեզվի արվեստ

Ռոբերտը բավականին լավ է խոսում և, հաշվի առնելով տարիքը, մեծ բառապաշար ունի: Չգիտենք, թե սրանից որքանն է մեր ջանքերի արդյունքը, բայց որոշել ենք միշտ նրա հետ հնարավորինս հստակ խոսել և բացատրել յուրաքանչյուր բառը կամ արտահայտությունը, որ նա հարցնում է: Նա դեռևս կարդալ սովորելու կոնկրետ հետաքրքրություն չի ցուցաբերել, թեև գիտե բոլոր տառերը, և դրանց կազմող հնչյունները և կարողանում է կազմել բոլոր պարզ բառերը: Նա կանոնավոր կերպով գրքեր է վերցնում գրադարանից և ոգևորված խնդրում, որ կարդանք դրանք իր համար: Շնաձկները, դելֆինները, ինքնաթիռներն ու հրթիռներն են նրա սիրելի առարկաները։

Նա խնդրում է կարդալ նաև թերթում հրապարակված հետաքրքիր լուսանկարի մակագրությունը:

Նա հաճախ իր սեփական գրքերն է ստեղծում՝ նկարելով կամ կտրելով ու նկարներ փակցնելով, և խնդրում է մեզ իր թելադրած պատմվածքը գրի առնել: Նա կարողանում է այբուբենի բոլոր տառերը ճանաչել և գրել շատ ընթեռնելի, և երբեմն նախընտրում է իր գրքերում բառերն ինքնուրույն գրել, եթե մենք հեգում ենք դրանք բարձրաձայն:

Նա մի հին գրամեքենա ունի, որ գործածում է այբուբենը գրելիս կամ նոր բառեր հայտնագործելիս, որոնք խնդրում է, որ մենք արտասանենք: Մենք կարծում ենք, որ Ռոբերտն այս ամենով կարդալու հզոր հիմք է կառուցում, և որ երբ ժամանակը գա, դա նրա համար հարաբերականորեն հեշտ կլինի:

Ռոբերտը գիտե թվերի արժեքը և կարողանում է գրել թվականները: Կարողանում է պարզ գումարում և հանում անել, և փոքր օգնությամբ կարողանում է հաշվել մինչև հարյուրը:

Թեև մենք ժամանակ առ ժամանակ խնդրում ենք նրան գումարել կամ հանել, մեր գլխավոր մոտեցումն այս հարցին միասին խաղեր խաղալն է, որոնք ներառում են թվեր, ինչպիսիք են դոմինոն, մարտերը և պարզ քարտային խաղերը:

Նրան նաև հետաքրքրում են որոշ տեսակի թվային խաղեր, որ կարելի է գտնել կիրակնօրյա թերթերի հումորային հատվածներում կամ մանկական գործունեության գրքերը:

Ժամանակ առ շամանակ մենք գրպանի հաշվիչ ենք օգտագործում միասին, և նա զարգացնում է ծանոթություն տարածական հասկացությունների հետ՝ դիտարկելով և օգնելով մեզ մի շարք գործողություններով, որ ներառում են չափումներ, ինչպիսիք են ատաղձագործությունը և կոնկրետ աշխատանքը: Նաև ունի բլոկների հավաքածուներ, թինքերթոյներ, լեգոներ և մի էլեկտրոնային հավաքածու, որ կանոնավորապես օգտագործում է:

Ռոբերտը շատ տարված է նկարչությամբ:

Նա լիովին ոգեշնչված է Հայրենասերի օրով և դրա պատմությամբ և Լեքսինգթոնի ճակատամարտի մի շարք նկարներ է արել և մի դիորամա:

Նա նաև մեր տրամադրած մյուս նյութերով՝ գունավոր գրիչներ, ներկեր, մկրատներ, թուղթ, ստվարաթուղթ, սոսինձ, կավ և այլն, վարվելու ինքնավստահություն է ձեռք բերել:

Նա իր սեփական գործիքատուփն ունի և կարողանում է պարզ առարկաներ պատրաստել, ինչպես, օրինակ, նավակը, որ նա վերջերս պատրաստեց:

Բնագիտություն

Ռոբերտը հետաքրքրվում է դրսում՝ տան շուրջը, մեր կատարած աշխատանքով։ Նա համարյա մասնակցում է մեր բանջարանոցի աշխատանքներին: Գիտի բոլոր բույսերի անունները և հաճախ դիտարկում է դրանք ավելի մոտիկից, քան մենք, ու զեկուցում մեզ նրանց վիճակի մասին:

Անցյալ տարվա բերքից նա իր սեփական սերմերն է պահել, ցանել դրանք այս գարուն և իսկապես աճեցրել մի համեղ ձմերուկ:

Նա տեսել է, թե ինչպես ենք ջրում խնձորի ծառերը և օգնում է մեզ հավաքել խնձոր, մեր այգու շրջակայքում՝ հապալաս, ազնվամորի և սև հաղարջ ։

Նա օգնում է մեզ էտել ծառերը և պատրաստել մեր կոմպոստի կույտը:

Նա շատ է սովորում հեռուստացույցից: Նրա սիրելի հաղորդումների թվում են «Քրոքեթների հաղթանակի այգին», «Վայրի թագավորությունը» և Ժակ Կուստոյի արշավախմբերը:

Մենք նաև այցելում ենք ակվարիում, Գիտության թանգարան և Կերպարվեստի թանգարան:

Ռոբերտը կենդանիների մասին էլ սովորում է փորձով, քանի որ մի շուն և երկու կատու ունենք: Նաև հետաքրքրվում է մեր տան շուրջն ապրող կենդանիներով, հատկապես թռչուններով ու դոդոշներով:

Հասարակագիտություն

Ռոբերտին դուր է գալիս մեր տան նորւգմանն օգնող բանվորներին նայելն ու նրանց հետ խոսելը:

Նրանք հաճախ շատ օգտակար էին լինում՝ բացատրելով, թե ինչ են անում, և այսպիսով նա սովորել է շատ բաներ տարբեր զբաղմունքների մասին:

Մենք փորձել ենք նրան մեզ հետ տանել գործ անելու, որտեղ նա առիթ կունենար որևէ բան սովորելու: Վերջերս նա հետաքրքրություն է ցուցաբերում քարտեզների նկատմամբ և հաճախ լուծում է Միացյալ Նահանգների քարտեզ-փազլը»:

Դպրոցներին վերջերս գրված մի նամակից․ «Ինչ վերաբերում է մեր ուսուցմանը, մենք շատ քիչ ենք ուղղորդում նրան, նախ՝ որովհետև նա շատ արդյունավետորեն սովորում է առանց դրա, և երկրորդ, որովհետև իր ակադեմիական առաջընթացն իր ամբողջական առաջընթացի մի փոքր մասն է կազմում միայն: Դրա փոխարեն մենք անում ենք բաներ, որոնք համեմատաբար քիչ ջանք են պահանջում: Առաջին՝ ապահովում ենք նրան նյութերով, որոնք անհրաժեշտ են նրան: Սրանց մեջ մտնում են այնպիսի պարագաներ, ինչպիսիք են թուղթը, մատիտները, գրիչները, նկարչական պարագաները, գրքերը, ամսագրերը, լավ խաղերը՝ բաներ, որ շատ ծնողներ այսպես, թե այնպես ձեռք են բերում իրենց զավակների համար: Երկրորդ, երբ նա հարցեր է ունենում, կամ օգնության կարիք զգում, մենք փորձում ենք օգնել նրան, բայց ոչ ավելի, քան պետք է: Երրորդ, մենք համբերատար ենք:

Մենք չենք ակնկալում, որ նա սովորի մի բան, որին դեռ պատրաստ չէ:

Ահա և ամբողջը:

Մենք պարզապես չենք անցկացնում օրական քսան րոպեից ավելի՝ օգնելով նրան դպրոցի ավանդական առարկաներից, և դա այն օգնությունն է, որ շատ ծնողներ ընձեռում են իրենց երեխաներին, նույնիսկ, եթե երեխաները դպրոց են հաճախում:

Եթե նա խնդրում է մեզ, օրինակ, մենք նրա համար պատմվածք ենք կարդում, կամ ասում ենք նրան նոր բառի իմաստը, կամ պատասխանում թվերի հետ կապված հարցին, կամ լսում ենք նախագծի մասին, որին ինքը մասնակցում է, կամ պատմվածք է կարդում մեզ համար:

Փաստացի մենք վարում ենք մեր տղայի կրթությունն այնպես, ինչպես վարում էինք այն ամենասկզբից: Ոչինչ չենք փոխել այն պատճառով, որ նա հասել է «դպրոցական տարիքի»: Մեր փորձը ցույց է տալիս, որ շատ ծնողներ, որոնք հաջողել են իրենց երեխաների հետ մինչև նրանց դպրոցահասակ դառնալը, կարող են շարունակել սովորեցնել նրանց դպրոց ընդունվելուց հետո առանց որևէ դժվարության: Համոզված ենք, որ մեր մոտեցումը որոշ մարդկանց համար չի հնչում իբրև կրթություն, սակայն կարծում ենք՝ ամենալավ բանը երեխաներին իրենց կրթության հարցում որքան հնարավոր է շատ նախաձեռնություն ընձեռելն է:

Եթե մենք մեր որդու հետ կապված սխալ ենք անում, դա նրանից է, որ փորձում ենք ավելի շատ օգնել նրան, քան հարկավոր է, ոչ ավելի քիչ, և փորձում ենք հետաքրքրել նրան գործունեություններով, որոնց դեռ պատրաստ չէ: Բարեբախտաբար նա անվարան բողոքում է, երբ այդպես ենք անում:

Նրա կրթությանը վերաբերող մեր մեծագույն խնդիրն այն է, որ քաջություն չունենք մեր համոզմունքներն առաջ մղելու: Օրինակ, երբ նա առաջին դասարանցի էր, բացարձակ հետաքրքրություն չէր ցուցաբերում կարդալու հարցում: Մենք լավ գիտեինք, որ յուրաքանչյուր երեխա իր սեփական ժամանակացույցն ունի նման հմտություններ սովորելու, սակայն նաև քաջատեղյակ էինք, որ իր տարիքի շատ երեխաներ առաջին տարվա համար լավ էին կարդում, և անհանգստացած էինք, որ դպրոցի իշխանությունները կստուգեն նրա առաջընթացը և կհայտնաբերեն, որ նա «հետ է» մնում: Բարեբախտաբար, մեր սթափ բանականությունը հաղթեց, և մենք ճնշում չգործադրեցինք նրա վրա, որ կարդալ սովորի:

Հաջորդ ամառ նա հանկարծ սկսեց հետաքրքրվել ընթեցանությամբ, և հիմա, հնարավոր քիչ ճիգով նա սովորել է կարդալ այնպես, ինչպես իրենից երկու կամ երեք տարի մեծ մյուս երեխաները»:

Շարունակությունը

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский