Քանի դեռ մեզ զբաղեցնում են քննությունները

Հեղինակ: 

«Քանի դեռ մեզ զբաղեցնում են քննությունները» վերնագրով հոդվածը հիշեցի Շանթի եթերը նայելիս… 2015թ. միասնական պետական քննությունները ֆիզկուլտուրայով մեկնարկել են, ու իմ գիրը չի կարող անտարբեր մնալ հասարակությանը մեկ ամսից ավելի գրավող միջոցառումներին… Ես մտադիր եմ հետևողական լինել ու կոնկրետ, առանց մոլորեցնելու, իմ գործընկերների աջակցությամբ, առանց թվախեղդ-տեղեկաթաղ անելու Օրագրի ընթերցողին, 2014-2015 ուստարվա միջնակարգ-ավարտական-բուհի ընդունելության քննությունների օրինակով արձագանքել, որպես հանրային գործիչ, որպես Աշոտ Բլեյան, ներկայացնել սրա այլընտրանքը, որ այս կամ այն չափով ԶԼՄ-ներով տարբեր ժամանակներում ուղղել եմ հասարակությանը։ Ես կանդրադառնամ նաև հիմնական կրթության ավարտական քննություններին, միջին մասնագիտական ու նախնական մասնագիտական կրթությամբ ծրագրերով ընդունելությանը՝ նորից 2014-15 ուստարվա ընթացքով ու արդյունքներով… Ամեն անգամ ես կբերեմ նաև տեղեկատվության աղբյուրը. Սևակն էր ասում.

Ինձ հավատացեք այնքան, որքան որ
Յուրաքանչյուրդ է հաստատ հավատում
Աշխարհի տարբեր լրագրերին…

Հատկապես, որ բացի Աշոտ Տիգրանյանից ու ինձնից, ես սեբաստացիների մեջ չեմ տեսել թղթով թերթ կարդացողների…

Նորմատիվ իրավական ակտերով կարգավորվում են մեզ հետաքրքրող հարցերը: Ահա կարդում ենք.

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունները կազմակերպվում են հանրակրթական մյուս առարկաների քննություններն սկսելուց առնվազն 5 օր առաջ։ «Ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննություններն ընդունվում են Հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հետևյալ կազմով, հանձնաժողովի նախագահ, դասավանդող (քննող) ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ։ Քննություններն անցկացվում են՝ համաձայն Նախարարության կողմից հաստատված՝ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ ավարտական դասարանների «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունների նորմատիվային պահանջների, գնահատումը՝ 10 միավորային համակարգով։ ՀՀ ԿԳՆ «2014-2015 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» հրամանից։

Հասարակությունն իմացա՞վ, որ այս օրերին հանրապետության 1400 պետական միջնակարգ ու ավագ, ոչ պետական դպրոցների 24500-ի չափ շրջանավարտներ քննություն հանձնեցին ֆիզկուլտուրայից: Ինչպիսի՞ն են արդյունքները, ցուցանիշները, ինչի՞ համար են այս միջոցառումները… Հանրակրթության պետական չափորոշիչով «Միջին դպրոցի ծրագրի «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է` 1) ֆիզիկապես առողջ, առողջության պահպանման և ներդաշնակ զարգացման համար ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու անհրաժեշտությունը գիտակցող, 2) սեփական առողջական վիճակին և ֆիզիկական զարգացմանը հետևելու պահանջը կարևորող, 3) բարոյակամային հատկանիշներ և օգնության հասնելու պատրաստակամություն ունեցող, 4) ընկերասեր, հայրենասեր, հայոց պետականության արժեքը և հայրենիքի ամրապնդման ու պաշտպանության համար քաղաքացիական պատասխանատվություն կրելը գիտակցող, 5) բազմակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը նախապատրաստված, առողջ և անվտանգ ապրելակերպի կանոններին տիրապետող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձևավորմանը»։ Սրանից հետո ավելորդ է մի նոր, հանրակրթությամբ չնվաճվող  բարձունք գրանցել՝ միջնակարգ կրթության չափորոշչով որոշված։ Սա ենք անվանում կեղծիքի ու ձևականության մեջ թաթախված հանրակրթություն։ Նախաբանակային պատրաստության, ընտանիքի մայր, հայր, աշխատավոր լինելու առումով կարևոր, ենթադրում եմ, պարտադիր քննական դարձած, Հիմնական դպրոցի 9 տարում 900 ժամ, ավագ դպրոցի 3 տարում 300 ժամ սովորողին զբաղեցրած բնագավառ է ֆիզիկական կրթությունը… Բայց եթերում, ԶԼՄ-ներում, սոցցանցերում, մեդիայում դուք հիշո՞ւմ եք այս օրերին որևէ անդրադարձ այս մեր 15 և 18 տարեկանների հույժ կարևոր գործունեությանը։

Դե, գիտեք, էլի… Չէ՛, չգիտեմ: Պետական քննություն չդառնար, ուսուցիչները, դպրոցները խթաններ ստանային ազատության, հասարակական-պետական անձի՝ դեռահասի-պատանու համար մարմնակրթության կազմակերպումն ուսումնական խնդիր դարձնելու: Ովքե՞ր են հանրապետության դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները… Կա՞ մի ուսուցիչ, որ կարող է իր աշխատավարձով, եկամտով ապրել… արժանավայել-տանելի… Քանի՞սն է նրանցից ծխում… Կարելի է ծխել ու ֆիզկուլտուրայի մարզի՞չ լինել: Քանի՞սն է նրանցից ամեն օր զբաղվում մարմնակրթությամբ. ինչպե՞ս ու որտե՞ղ… բացի սուլիչով դաս տալուց… Նրանց համար կա՞ն մարզչական հավաքներ. որպես զարգացնող-դրական՝ ինչպիսի՞ փորձ է ներկայացվում նրանց… Հանրակրթական ֆիզկուլտուրայի դրվածքի բարելավման ինչպիսի՞ ծրագրեր-ֆոնդեր կան գործող…

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский