Գրավոր և բանավոր փաստարկված քննարկումները՝ որպես անգլերենի հաղորդակցական կարողությունների զարգացման միջոց ավագ դպրոցում
Primary tabs
Լավագույն ուսուցիչները նրանք են, ովքեր ցույց կտան, թե որտեղ փնտրել, բայց չեն ասի, թե ինչ տեսնել:
Ալեքսանդր Կ. Տրենֆոր
Ավագ դպրոցում որևէ թեմայով գրավոր և բանավոր քննարկումներն արդյունավետ են սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացման, ազգային, ուսումնասիրվող լեզվակիր երկրի և համաշխարհային մշակութային արժեքների ճանաչման և դրանց նկատմամբ հարգալից վերաբերմունքի դրսևորման, հասարակության կողմից ընդունելի համարվող արժեհամակարգի ձևավորման, քննական և ստեղծարար մտածողության զարգացման, ինչպես նաև՝ ինքնության՝ անհատի ձևավորման գործում:
Քննարկման նախապատրաստական աշխատանքներ
Քննարկման թեմայի ընտրություն
Քննարկումը պլանավորելիս փորձում եմ պատասխանել այն հարցին, թե ինչ բովանդակային աշխատանք են սովորողներն անելու: Նրանք մի որևէ գեղարվեստական երկի կամ ֆիլմի վերլուծակա՞ն աշխատանք են անելու, իրենց կարծի՞քն են հայտնելու մի որևէ վիճահարույց թեմայի շուրջ, թե՞ քննարկելու են հասարակական նշանակալի հնչեղություն ունեցող խնդիր: Թեմաները բազմաթիվ են ու բազմաբովանդակ՝ ընդհանուր բովանդակության, կրթական, հանրային կյանքին վերաբերող, քաղաքական բնույթի, բնապահպանական, բարձր տեխնոլոգիաներին վերաբերող, առողջապահական, ինչպես նաև՝ դեռահասների և ծնողների փոխհարաբերությունների մասին: Ես առաջարկում եմ, իսկ սովորողներն ընտրում են: Նրանք թեմաներն ընտրում են ըստ իրենց հետաքրքրությունների և նախասիրությունների:
Քննարկմանը նախորդող հետազոտական աշխատանք
Երբ թեման ընտրված է, սովորողները որոնողական, հետազոտական աշխատանք են անում: Համացանցում գտնում են թեմային վերաբերող հոդվածներ, կարդում, նշումներ են անում դրանցում առկա տարբեր կարծիքների վերաբերյալ, որից հետո սկսում են գրել իրենց կարծիքը քննարկվող հարցի վերաբերյալ և ամփոփում: Այս ճանապարհով են նրանք հանգում իրենց առաջ դրված խնդրի լուծմանը: Փաստորեն յուրաքանչյուր քննարկում սովորողի համար դառնում է նաև մի նոր էսսե գրելու թեմա: Սովորողներն իրենց գրավոր աշխատանքները հրապարակում են ուսումնական բլոգներում:
- Pride and Prejudice by Sona Balayan
- My Philosophy for a Better Life by Meline Zhamkochyan
- A Future Marketologist’s Speech by Svetlana Melkumyan
Բուն քննարկման գործընթացը դաս-դասարանային ձևաչափում
Եթե քննարկման է դրված որևէ վիճահարույց թեմա, ես նախօրոք՝ նախքան դասարանական բանավոր քննարկումը, կարդում և խմբավորում եմ սովորողների աշխատանքներն ըստ իրենց տեսակետների: Դասարանում սովորողներն արդեն բաժանված խմբերով պաշտպանում են իրենց տեսակետը: Բանավոր քննարկումների ժամանակ ես չեմ ուղղում սովորողների թույլ տված քերականական և բառագիտական սխալները և դրանով ձգտում եմ, որ մթնոլորտն ավելի անկաշկանդ լինի: Խրախուսում և ոգևորում եմ հատկապես այն սովորողներին, ովքեր խուսափում են իրենց մտքերը բարձրաձայն արտահայտելուց: Այս ձևով աշխատում եմ քննարկումները երկու կամ երեք սովորողի մենաշնորհը չդարձնել: Հաջողված եմ համարում այն քննարկումը, որի ընթացքում առավելագույն թվով սովորող է մասնակցել:
Հանպատրաստից քննարկումներ
Հանպատրաստից քննարկումների դեպքում ստեղծվում են տարբեր իրավիճակներ, արվում հարցադրումներ, որոնք դասապրոցեսը ավելի դինամիկ, ինտերակտիվ և հետաքրքիր են դարձնում: Մի սովորող ստանձնում է քննարկումը վարողի դերը․ նա նախապես տարբեր հարցեր է պատրաստում սկսվող քննարկման համար: Հանպատրաստից քննարկումների ընթացքում օտար լեզվով հաղորդակցական կարողությունների զարգացմանն ուղղված ամենամեծ քայլերն են արվում․
- ընկալել տեղեկատվության հիմնական միտքը, հասկանալ մանրամասները, կոնկրետ հարցադրումներ անել
- քննարկման ընթացքում առաջարկել, համաձայնել, չհամաձայնել, խորհուրդ տալ
- կարծիք արտահայտել և կարողանալ պաշտպանել այն, ապացուցել, արտահայտել զգացմունքներ, համոզել՝ հարգելով այլ սովորողների կարծիքները:
2021-2022 թվականին նախագծային փաթեթի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում քննարկումները: Ուսումնական տարին սկսեցինք «Անգլերեն ասույթների քննարկում» երկարաժամկետ նախագծով, որի նպատակն էր՝
- համաշխարհային մշակութային հոգևոր արժեքների ճանաչումը
- քննական և ստեղծարար մտքի զարգացումը
- բանավոր և գրավոր խոսքի զարգացումը
- բառապաշարի հարստացումը
- թարգմանական հմտությունների զարգացումը։
Քննարկման նախապատրաստական հետազոտական աշխատանքի ընթացքում սովորողները տանը համացանցում գտնում են տարբեր ազգությունների նշանավոր մարդկանց ասույթները, ցիտատներ գեղարվեստական գրքերից, կարդում, թարգմանում և վերլուծում են դրանք: Դասարանում քննարկումը ավելի դինամիկ, արագ անցկացնելու համար սկսում էինք այսպես կոչված «կայծակնային պտույտներով»: Յուրաքանչյուր սովորող ներկայացնում էր իր նախընտրած ցիտատը, դրա շուրջ կազմում հարցեր, կարծիք արտահայտում, լսում ընկերներին: Նախագծի մի փուլում էլ սովորողները հանդես են գալիս գրավոր շարադրանքով:
Գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը նպաստող ևս մեկ քննարկման նախագիծ իրականացրինք՝ «Տեսարաններ, որ երբեք չեն մոռացվում»: Սովորողները ֆիլմերից, գրքերից ընտրում են մի տեսարան, որի շուրջ վերլուծական աշխատանք են կատարում, գրավոր շարադրանքը հրապարակում իրենց բլոգներում, որից հետո դասարանում բանավոր ներկայացնում են նյութը, մեկնաբանում, պատասխանում են ընկերների հարցերին:
Կարող եմ նշել մի քանի հաջողված նախագծեր, որոնք ուղղված են բանավոր խոսքի զարգացմանը քննարկման մեթոդով՝ « Ներկայանում են ապագա մասնագետները» ,
« Չբացահայտված դեպքերի հետքերով»:
Այս ուսումնական տարվա ընթացքում քննարկումներին նոր շունչ և ոգևորություն տվեց «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում Վաշինգտոնից ժամանած կամավորական Քեմերոն Էդրիանը, ով մասնագիտությամբ հոգեբան և ուղղորդող խորհրդատու է: Մոտ 2 ամիս կրթահամալիրում դասեր անցկացրեց 9-12-րդ դասարանցի սովորողների հետ: 9-րդ դասարաններում դասերն ուղղված էին ինչպես մասնագիտական կողմնորոշմանը, այնպես էլ բանավոր խոսքի զարգացմանը, իսկ 10-11–րդ դասարաններում տարբեր թեմաների շուրջ զրույց- քննարկումներ էին: Ներկայացնում եմ 11-րդ դասարանում կազմակերպած քննարկումը « Արդյո՞ք դեռահասները պետք է ապրեն առանձին, թե ծնողների հետ» թեմայով:
Ամփոփում
Համաձայն եմ ֆրանսիացի ուսուցիչ և գիտնական Ռաշիի ասույթի հետ՝ «Ուսուցիչները սովորում են իրենց աշակերտների քննարկումներից»: Քննարկումների ընթացքում ավելի լավ ես ճանաչում սովորողներին, կարողանում ես վեր հանել նրանց թույլ և ուժեղ կողմերը, մոտիվացնել և խրախուսել նրանց: Քննարկումները սովորողներին տալիս են մի հարթակ, որտեղ նրանք կարողանում են անկեղծ, բովանդակալից զրույցներ ունենալ տարբեր հարցերի շուրջ ու ձեռք են բերում օտար լեզվով ազատ հաղորդակցվելու հմտություններ, քննական մտածողություն և ստեղծարար միտք:
Օգտագործված աղբյուրներ՝
- Բացվել է 1102 անգամ