Դաստիարակի օրագիր

Դեռ փոքր տարիքում կյանքում եղած ամեն կարևոր իրադարձության, զգացած հույզերի, մտորումների մասին գրում էի օրագրիս մեջ։ 
Արդեն երկու տարի է՝ հայտնվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի` 2-4 տարեկանների մոլորակում։ Եվ երբ սկսեցի սաներից խոսել, ինձ ասացին, որ այդ ամենը կարող եմ գրել դաստիարակի օրագրում։ Իսկ ի՞նչ է դաստիարակի օրագիրը։ Առաջին հարցն էր, որ տվեցի։ Ու հասկացա, որ ամեն մեկն ինքն է գտնում այս հարցի պատասխանը։ Ես ևս գտա այդ պատասխանը։ Ինձ համար այն օրագիր է, որտեղ կարելի է գրել ամեն օրվա ամենահիշարժան, զվարճալի պահերը, խելացի մտքերն ու արտահայտությունները։ Այս փոքրիկ պատումներն օգնում են նկատել աննկատելին, բացահայտել ու ընթերցողին ցույց տալ, թե ինչպես է իրականում անցնում պարտեզային կյանքը։ Սկզբում օրագրի էջերը լցվում էին սաների կողմից արված տարբեր զրույցներով, ժամանակի ընթացքում պատումներին ավելացան նաև փոքրիկ տեսանյութեր ու նկարաշարեր։ Այն օրագիրը դարձրեց բազմասերիանոց ֆիլմ։ Երբ դիտողն անհամբեր սպասում է հաջորդ սերիային։ Այս օրագիր-ֆիլմում ես դառնում եմ իրական ռեժիսոր, բայց ոչ սցենարիստ։ Ես լուռ լսում եմ սաների զրույցները, հետևում ամեն մեկին`իր առանձնահատուկ ազատ միջավայրում։ Դաստիարակի օրագրի էջերում կարելի է գտնել յուրաքանչյուր սանի մասին պատում կամ տեսանյութ։ Այսպես ամեն ընթերցող սկսում է ավելի լավ ճանաչել, հասկանալ, թե ինչպիսին է նրանցից յուրաքանչյուրը։
Օրագիրը հնարավորություն է տալիս հետևել սանին մանկավարժական տեսանկյունից․ ինչպես է զարգանում նրա խոսքը, միջանձնային հարաբերությունների կառուցման հմտությունները, երևակայությունը, թե ինչպես է առարկայական մտածողությունը իր դիրքերը զիջում վերացական մտածողությանը։ Կարևոր է նաև առանձնացնել մեդիագործիքների դերը օրագիրն էլ ավելի խոսուն, կենդանի դարձնելու հարցում։ Ինչպես ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քանի բազում անգամ լսել։ Ամեն պատումին ուղեկցող տեսանյութերն ու նկարները հնարավորություն են տալիս ընթերցողին իրեն ևս զգալ օրագրի մի մաս,  հերոսների հույզերը, խոսքերը, ամեն շարժումը հասանելի են լինում հենց կրթական պրոցեսում։
Օրագրում կան հերոսներ, ում պատմությունը սկսվել է երկու տարի առաջ և շարունակվում է`ընթերցողին ներկայացնելով հերոսների կյանքում եղած փոփոխությունները։ Մեր այս պատմության  հերոսներից մեկը սիրահարված Էդգարն է։
Խմբում սաները երբեմն բաժանվում են ընկերական խմբերի։ Ամեն մեկն ընտրում է մեկ կամ երկու ընկեր, որոնց անունները միշտ հիշում է, առավոտյան պարտեզ գալիս առաջինը նրանց է հարցնում, խաղի ժամանակ աչքերով նրանց է փնտրում, երբ այդ օրը չեն գալիս, տխրում է։ Իսկ Էդգարը հիշում է բոլորի անունները։ Առավոտյան յուրաքանչյուրին դիմավորում է սիրով, ջերմությամբ ու, երբ մեկի գալը չենք նկատում, բացականչում է.
֊Արի՜, եկել է, եկել է։
Այդ նույն ցնծությմամբ ուրախանում է օրվա վերջում, ամեն մեկին առանձին ճանապարհում է։ Ով չի նկատում ծնողի գալը, կանչում է, ցույց տալիս, որ եկել են իր ետևից։
Մի անգամ օգնում էի նրան հագնել կոշիկները, ապա խնդրեցի, որ փորձի ինքնուրույն հագնել։ Հագնելուց հետո պտտվեց դեպի ինձ ու ասաց.
֊Մամա, ճի՞շտ եմ հագել։
Ահա այսպիսին է մեր Էդգարը, հուսով եմ՝ դուք էլ այս պատումի միջոցով ճանաչեցիք ու սիրեցիք նրան։
- Նանե ,Նանե, Նանե,- այս անունով է սկսվում ու ավարտվում Էդգարի օրը։ 
Ահա Նանեն խմբում է։ Դեռ չի հասցրել մայրիկի հետևից լացել, Էդգարն արդեն անձեռոցիկ է բերել, չորացնում է թաց աչքերը։ Արագ վազում, հանում է Նանեի կոշիկները, բերում հողաթափերը։ Իսկ Նանեն աղջկան վայել կամակորությամբ մեկ շատ ուրախ է այդ ուշադրությունից, ժպտում է, մեկ էլ հոգնում է, նայում նեղացկոտ դեմքով, լացում։ Հաջորդ պահին Էդգարի ձայնն է, քաշում է ձեռքիցս.
-Կապի’ր Նանեի կոշիկի կապերը, քանդվել են։ Ջուր տու’ր Նանեին։ 
Ինչպես ասում են՝ սերն է պակասում աշխարհին, սերը։ Մենք էլ ձեզ փոխանցենք մեր սերը։ 
Արդեն երկու տարի է անցել, բայց Էդգարը նույն ուշադրությամբ է վերաբերվում Նանեին։ Եթե առաջ Նանեն խուսափում էր ու ցանկանում էր ամեն ինչ ինքնուրույն անել,  այժմ սպասում է, որ Էդգարն օգնի ու երբեմն էլ իր փոխարեն անի։
Բայց պարտեզում միակ սիրահարվածը Էդգարը չէ։ Խմբում ունենք մեծ ու փոքր Մհերներ՝ իսկը էպոսի պես։ Երբ ասում ենք՝ Մեծ Մհեր, գալիս է մեր մեծ Մհերը, նայում իր տիեզերական մեծ աչքերով ու դանդաղ֊դանդաղ խոսում է։ Մի անգամ զրուցում էինք ես, Մհերը, Էլինան և Նարեն։ Մհերը, ինչպես միշտ, մի հավես ու միամիտ բան ասաց, ես էլ ասացի, որ շատ եմ սիրում իրեն։ Մեկ էլ ասաց՝ դե ամուսնանանք, ընկեր Անուշ։
֊Բա դու Նարե՞ի հետ չես ամուսնանալու։
֊Հա, երկուսիդ հետ։
Նարեն բարձրացրեց հայացքը ու վրդովմունքով ասաց.
֊Երկուսի հետ չի լինում, մեկի հետ։
֊Չէ, երկուսիդ հետ կամուսնանամ։
Մեկ էլ մտածեց, մտածեց․
- Լավ, ընկեր Անուշ, սկզբում Նարեի հետ, հետո` քո։

Սյունեն նույնպես շատ է սիրում իր ընկեր Հայկին։ Սյունեն և Հայկը հասակակակից են։ Նրանք խաղում են իրար հետ, կիսում խաղալիքները, վիճում դրանց համար։ Բայց Սյունեն գիտի, թե ինչպես անի, որ Հայկն անգամ իր ամենասիրած խաղալիքը տա իրեն։  Սյունեն օրագրում իր էջն ունի։ Նա պարտեզի ամենակրտսեր սանն է։ Բոլորը շատ սիրում են, երես են տալիս։ Բայց պարտեզում դեռ չի քնում։ Ավելի ճիշտ այսօր որոշեց, որ քնում է։ Մտավ Լյուսիի անկողինը ու քնեց։ Սյունեն շատ է սպասում իր ծննդյան տարեդարձին․ տարբեր իրերով տորթ է պատրաստում, երգում, փչում երևակայական մոմերը, պատմում, թե ով է գալու։

Այս օրագրի էջերում շատ հաճախ կհանդիպենք Ալենին։ Ալենն այն սաներից է, ով ի սկզբանե չէր ուզում շատ երկար մնալ պարտեզում, գալիս էր, մի քիչ խաղում, ու վերջ՝ տուն եմ ուզում։ Բայց դա նրանից չէր, որ մեզ չէր սիրում։ Շատ էր սիրում, այնքան, որ ասում էր, որ մենք պարտեզի մամաներն ենք։ Նա յուրահատուկ ու շատ զգայուն մարդ է։ Նրա հետ քեզ զգում ես հեքիաթում։ Երբ նոր էր գալիս պարտեզ, ինձ ասում էր․
֊Աղջի’կ, դու մի գնա, ես առանց քեզ վախենում եմ։
Ամեն անգամ, երբ իր դողացող ձայնով ասում էր՝ աղջիկ, ինձ զգում էի հեքիաթի մեջ։
Ամեն օր սպասում էինք, թե երբ պետք է Ալենը երկար մնար, ու ահա եկավ նաև այդ օրը։ Նա պատրաստ էր դրան։ Իսկ թե ինչպես անցավ այդ օրը, եկեք տեսնենք միասին։

Շատ եմ սիրում այն պահը, երբ սաների մեծ մասը գնում է, մնում են մի քանիսը, ու հնարավորություն կա լսել նրանց ամեն ասածը։ Ահա այդ օրն էլ մնացել էին Մհերն ու Ալենը։ Զրուցում էին բնությունից, եղանակից, պաղպաղակ ուտելու ամենահարմար վայրն էին ընտրում։ Դե իսկ ինձ մնում էր միայն վայելել։
Ալենը շատ է սիրում խրատել, բողոքել, սովորեցնել․․․

Սոֆիան ունի երկու հավատարիմ ընկեր` Կայը և Ալենը։ Նրանք անբաժանելի եռյակ են։ Միշտ միասին, միշտ իրար օգնելով, աջակցելով։ Ապրում են իրենց աշխարհում, երբ նրանցից մեկը չի գալիս, շատ են տխրում։ Այսօր Էդգարը որոշել էր, որ Սոֆյան նաև իր ընկերն է, բայց պահապանները վերադարձրին իրենց Սոֆյային։

Դաստիարակի օրագրում ներկայացվում է, թե ինչպես է ընկերությունը օգնում հարմարվել պարտեզին, լինել ինքնուրույն։ Այնքան հաճելի է հետևել, թե ինչպես են տարատարիք սաները իրար օգնում ուտելիս, հագնվելիս․․․ 
Շատ հաճախ եմ լսում, թե անհարմար է, որ մի խմբում երկու և չորս տարեկանները իրար հետ են։ Ասում են, թե պետք է առանձնացնել։ Նման արտահայտություններ անող մարդիկ չեն տեսել, թե ինչպես է մեծը օգնում, աջակցում իր կրտսեր ընկերոջը, թե ինչպես է բացում դուռը, որ նա անցնի, լցնում ջրի բաժակը ու մոտեցնում, որ խմի, քնի ժամին պառկում կողքին, քնեցնում, ապա նոր ինքը քնում։ Այս ամենը բազմիցս կարող եք տեսնել դաստիարակի օրագրի էջերում։ Դե իսկ այսօր  իրենց կրտսեր ընկերոջ համար լեգոմեքենա էին կառուցել ու օգնում էին, որ վարի ։

Օրինակ՝ Սաթենի համար շատ դժվար էր առաջին անգամ քնել պարտեզում, բայց ավագ ընկեր Հայկը օգնեց նրան։ Սաթենը լացում էր ու մայրիկին ուզում։ Բոլորն արդեն քնել էին, իսկ Սաթենը դեռ նստել ու սպասում էր։ Հանկարծ նկատեցի, թե ինչպես է Հայկը իր անկողինը մոտեցնում Սաթենին։ Մոտեցան ու սկսեցին ինչ-որ բան փսփսալ։ Թե ինչ ասաց Հայկը, չգիտեմ (գաղտնիք է, ընկեր Անուշ), բայց դրանից հետո Սաթենը միայն ժպտում ու նայում էր նրան։
Միքայելը նոր սեբաստացի էր։ Դեռ չէր հարմարվել մայրիկից հեռու լինելու մտքին։ Մեկ֊մեկ լացում էր ու մայրիկին ուզում։ Իսկ Նարեկը հմուտ սեբաստացի է։ Սակայն նա էլ ամեն մեկին իր սրտին մոտ չի թողնում։ Բայց ահա այդ օրը ծնվեց նրանց ընկերությունը։ Ահա, թե ինչպես դա եղավ։
Դաստիարակի ամենակարևոր առաքելությունը սաների սրտում ընկերասիրություն, հոգատարություն սերմանելն է։ Ամեն անգամ երբ տեսնում եմ, թե ինչպես են ավագ սաները օգնում կրտսերներին ուտելիս, զգեստափոխվելիս, սովորեցնում են լվացվել, ծորակը բացել, մեծ բավականություն եմ ստանում։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ իրար օգնում են անգամ, եթե դրա կարիքը չկա։ Հոգատարություն, երբ համբերատար կերակրում ես ընկերուհուդ, ով ինքնուրույն էլ է կարողանում ուտել։

Երբ ընկերներից մեկը չի գալիս, այդ օրը նրանք նեղվում են, ցանկանում են իմանալ պատճառը։ Անգամ, երբ ասում ես, որ այդ օրը Սոֆին բացակա է,հավատարիմ ընկերները դեռ համբերատար սպասում են, որ գա ու գտնի իրենց, չէ որ իրենք թաքնվել են։
Դաստիարակի օրագրի կարևոր մաս է կազմում նաև նոր սեբաստացիների անհատական ներկայացումը` պատումի ու տեսանյութի միջոցով։ Երբ պարտեզ նոր սեբաստացի է մտնում, դաստիարակները փորձում են ամեն ինչ անել նրա համար, որ ծնողից բաժանումը, նոր միջավայրին հարմարվելը, ինչքան հնարավոր է հեշտ ու առանց սթրեսի լինի։ Այս ընթացքում ուշադրության կենտրոնում են հայտնվում նրանց ամեն խոսքը, շարժումը, խաղը, լացն ու ժպիտը։ Ու ստեղծվում է նոր սեբաստացիների մասին պատմող օրագրի ևս մեկ բաժին։ 

Դաստիարակի օրագրի իմ ամենասիրելի հատվածը սաների զվարճալի մտքերն են։ Դրանցից ամեն մեկը կարդալիս ժպիտ է գալիս դեմքիս։
Դուք էլ կարդացեք դրանցից մի քանիսը․
• Բոլորը վայելում էին ծննդյան տորթիկը, իսկ ես որոշեցի մի քիչ խտացրած կաթ ուտել։ Հենց քսեցի խտացրած կաթը հացին, Միքայելը հայտնվեց կողքիս․
֊Ինձ էլ տուր։
֊Բա դու տորթիկ չե՞ս ուզում։
֊Չէ, քոնից եմ ուզում։
Տվեցի հավես կերանք։
Վերջում ասացի,թե եթե դուրդ եկավ, մայրիկին ասա` քեզ միշտ կգնի դրանից։
Նայեց ու ասաց։
-Չէ, չի կարա գնի, փող չկա, վերջին փողը ես ու Դավիթը գնացինք զուգարանի թուղթ ու հաց առանք։ Միշտ դու տուր։ 
• Կողքից ինչ-որ մեկն ասում է, որ երեխաները հրաշք են, բոլորը պետք է բազմաթիվ երեխաներ ունենան։
Կարենն անսպասելի ասում է.
֊Ընկեր Անուշ, բա քեզ պետք ա, էրեխա ունենաս, ընկնես կրակը։
• Արևիկը մի հավես աղջիկ է։ Իսկը իր անունի կրողը։
Մոտեցավ․
-Ընկեր Անուշ, գիտես՝ պապիկս քեզ սիրում է։
Դե բնական է, որ մի քիչ շփոթվեցի։
֊Արև ջան, ո՞վ ասաց։
֊Դե,որ չսիրեր, իր այգուց ծաղիկ չէր տա, որ քեզ համար բերեմ։
֊Լավ, ասա պապիկին շնորհակալություն։
֊Ինչի՞,  դու վայֆայ չունես, քո վայֆայով զանգի։
• Նայում եմ Հայկին ու զգում, որ նայում է ու ժպտում։ Ու այսպես մի որոշ ժամանակ։ Մոտեցա ու հարցրի․
֊ Հայկ, ես գեղեցի՞կ եմ։
Առանց մի վայրկյան մտածելու.
-Այո։
֊Իսկ ի՞նչն է իմ մեջ գեղեցիկ։
Նայեց,նայեց։
֊Սպասեք, մտածեմ։
Մտածեց, մի քանի րոպե էլ իր խելացի աչուկներով ուսումնասիրեց ու պատասխանեց․
֊Դեմքդ է գեղեցիկ, ընկեր Անուշ ։

Օրագիրը գնալով տարածում գտավ և մտավ ընտանիք։ Ստեղծվեց նոր բաժին «Մայրիկի և հայրիկի օրագիր» , որտեղ սկսեցին ակտիվ լրացնել կամ իրենց ֆբ էջին մեկնաբանություններ թողնել սեբաստացի մայրիկներն ու հայրիկները։

Այս ամենը կմոռացվեր, եթե չգրվեր ու չմնար մեր օրագրում։ Օրագիրն ամեն օր շարունակում է լցվել տարբեր հիշողություններով։ Իսկ վերջում կդառնա հենց այդ հիշողություններով լի մի գիրք։ Այն շարունակվում է, քանի որ   աշխատում ենք ազատ, բաց ու թափանցիկ միջավայրում, որը  տալիս է հնարավորություն ամեն բան տեսնելու, գրանցելու և ծնողների հետ միասին  հրճվանք ապրելու զգացողություն, որը անսահման է ու անկանխատեսելի, քանի որ յուրաքանչյուր սան ազատ է ու անկաշկանդ։ Հարգում ենք յուրաքանչյուրի կարծիքը և հաշվի նստում`անկախ տարիքից։ Սա է մեր մանկավարժությունը։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский