Գնահատման գործընթացի գործառույթները

Ներածություն

Մեր օրերում գնահատանիշը կորցրել և շարունակելու է կորցնել իր ուժը, որովհետև հասարակությանն այլևս պետք չեն բարձր գնահատականներով շրջանավարտներ. այսօր աշխատաշուկան իր պահանջներն ունի, որոնք միանգամայն այլ են: Այս հանգամանքն են փաստում նաև աշխարհում կատարված ուսումնասիրությունները: Ըստ այդ ուսումնասիրությունների՝ սովորողները կիրառում են դպրոցում ստացած գիտելիքի ընդամենը 5-ից 7 %-ը: Ասել է թե` որքան գիտելիքն իրական և կիրառելի է այսօր` դպրոցում, նույնքան հավանական է և դրա կիրառումը վաղը` դպրոցն ավարտելուց հետո:
Մեր խորին համոզմամբ՝  գնահատման հիմնաքարը պիտի լինի սովորողի՝ ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածը, այլ կատարած ուսումնական գործունեությունը: Իսկ որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, ինչ խոսք, պետք է խրախուսվի և գնահատվի:

Համաձայն  Հանրակրթության պետական չափորոշչի՝ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքների՝  հանրակրթական ուսումնական հաստատություններում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով: Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: Քանակական գնահատումն սկսվում է 1 միավորից, չունի անբավարար սանդղակ և ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները։

Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

Հասկանալու համար՝  ինչ ասել է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) գնահաման ձևեր, բացենք  Հայոց լեզվի և գրականանության չափորոշիչը։ Չափորոշչի «Գնահատում» բաժնում նշվում է, որ հայոց լեզվի, գրականության ուսումնառության գործընթացում կիրառվում են գնահատման հետևյալ տեսակները՝

  • ախտորոշիչ
  • ձևավորող կամ ուսուցանող
  • միավորային

Գնահատման այս տեսակների բացատրությունները կարդալուց հետո պարզ չէ՝ գործնականում ինչպես է ձևավորվում միավորային գնահատանիշը։ Չկա գործիքակազմ՝ մեխանիզմ, որի միջոցով հնարավոր կլինի պատկերացնել գնահատումը։ Փոխարենը՝ «Գնահատման գործընթացում շեշտադրվում է ակադեմիական ազնվության պահպանումը»։

Համաշխարհային փորձի ուսումնասիրություն կառուցողական գնահատում

Ուսումնասիրելով աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձը և ուսուցման մեթոդական մշակումները` պարզ է դառնում, որ այդպիսիք իրականացնում են կառուցողական ուսուցում։ Իսկ որպեսզի արդյունավետ դասավանդում իրականացվի, գոյություն ունեն ուսումնառության գնահատման չափանիշներ, որոնք ի սկզբանե ստեղծվել են ուսուցիչներին օգնելու համար. դրանց գործնական կիրառումը նպաստում է յուրացման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:

Հասկանալու համար՝ ինչ ասել է կառուցողական գնահատում, նախ պետք է հասկանանք՝  որոնք են աշխարհի առաջադեմ  կրթություն իրականացնող երկրներում ներդրված ուսումնառության չափանիշները։

Այդ չափանիշներն են․

  • դրական դիրքորոշում և պատկերացում ուսումնառության առարկայի մասին
  • գիտելիքի ձեռքբերում և գիտելիքների միավորում, համադրում
  • գիտելիքի յուրացում և կատարելագործում
  • գիտելիքի նպատակային կիրառում:

Նկարագրված են նաև կառուցողական ուսուցման քայլերը․

  • Կողմնորոշում․ երբ սովորողի նպատակներին և նրա ուսումնառության շարժառիթներին իմաստ է հաղորդվում: Սովորողը պետք է հստակ իմանա, թե ինչ է սովորելու, և այդ նոր գիտելիքն ինչու է իրեն անհրաժեշտ, որտեղ է այն կիրառելու:
  • Հարց ու պատասխան (երկխոսություն)․ երբ սովորողները մտքեր են փոխանակում:
  • Մտքերի վերակառուցում․ երբ սովորղները կատարելագործում են իրենց մտքերը՝ դրանք բառերով ձևակերպելու և այլ գաղափարների հակադրելու համար։
  • Նոր մտքերի բազմազանություն, գնահատում, գաղափարների կիրառում․ երբ սովորողները կիրառում են իրենց գիտելիքները թե՛ ծանոթ, թե՛ անծանոթ իրավիճակներում:

Կառուցողական ուսուցման գնահատման ձևերը բազմազան են․

  • էլեկտրոնային թղթապանակներ
  • գրավոր հաշվետվություն
  • բանավոր հաշվետվություն
  • խմբային քննարկումներ
  • բանավեճ
  • նյութի տպավորիչ ներկայացում, ելույթ
  • տեսանյութեր, ռադիոնյութեր, հրատապ նորություններ
  • լուսապատկերներ (սլայդ)
  • մեդիահաշվետվություն
  • ձայնագրքեր և տեսագրքեր:

Փաստորեն, աշխարհի առաջադեմ կրթություն իրականացնող երկրների փորձը վկայում է, որ կառուցողական ուսուցման մեջ կարևորվում է նույնքան կառուցողական գնահատումը։ Նման գնահատումը, ըստ էության, սովորողին հնարավորություն է տալիս կիրառել ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու այլևայլ կարողությունները:

Հեղինակային կրթական ծրագիր գործունեության գնահատման գործիքակազմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:

Ասել է թե՝ սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է կիսամյակային գնահատականը փոխել:

Փորձեմ ներկայացնել Ավագ դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման գնահատման գործիքակազմը, որը ներդրվել է առնվազն 10 տարի առաջ՝ ամեն տարի լրամշակման ենթարկվելով հենց սովորողների կողմից։ Գնահատման այս սանդղակը ճկուն է, պարզ է և հասկանալի: Այն միանգամայն չափելի և տեսանելի է դարձնում սովորողի ուսումնական աշխատանքը և, ըստ էության, ունի երեք մակարդակ․

  • առաջին մակարդակ` ընդհանուր հանրակրթություն
  • երկրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագիր
  • երրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագրի զարգացում. ինքնակրթություն։

ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ. Ընդհանուր հանրակրթություն, 4-6 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասն է` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարմամբ։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Հեղինակային կրթական ծրագիր, 7-8 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովումն է․

  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
  • այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
  • ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
  • ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։

ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Ինքնակրթություն, 9-10 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասից և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև․

  • նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
  • արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
  • ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք։

Գնահատման գործունեության ներկա համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը: Այն իրականացվում է ժամանակի ընթացքում` հիմնվելով շոշափելի արդյունքի կամ դիտարկելի գործունեության վրա: Նման մոտեցումը խրախուսում է ինքնագնահատումը և սեփական արդյունքների վերանայումը, պահանջում արդյունքների հրապարակում-գնահատում:

Ըստ Կրթակարգի՝  գնահատման հիմնական գործառույթներն են․

  1. սովորողի ուսումնական գործունեության և առաջադիմության գնահատումը, ինքնակրթության և ինքնագնահատման, կրթական մի աստիճանից մյուսին անցնելու հնարավորության ապահովումը, կրթության շարունակականության խրախուսումը
  2. սովորողին ներկայացվող պահանջների կատարման, ուսումնական նյութի յուրացման աստիճանի բացահայտումը
  3. դպրոցի գործունեության արդյունավետության բացահայտումը, ուսուցիչ-սովորող համագործակցային հարաբերությունների զարգացումը
  4. սովորողի հետ տարվող անհատական աշխատանքի բովանդակության և ծավալի ճշգրտումը
  5. սովորողի անձնային որակների ձևավորման և վարքագծի բացահայտմանը նպաստելը, ինքնաճանաչողության ապահովումը
  6. մանկավարժների վերապատրաստման և մասնագիտական աճի ապահովումը
  7. չափորոշիչների, առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական այլ նյութերի, ուսուցման մեթոդների կատարելագործման հիմքերի ապահովումը
  8. հանրակրթության բարեփոխման ուղղությունների հստակեցումը, բովանդակության արդիականացումն ու կրթական համակարգի համապատասխանեցումը միջազգայնորեն ընդունված չափանիշներին
  9. սովորողի ուսումնական գործունեության արդյունքների որակավորումը
  10. դպրոցի հանդեպ ծնողների, համայնքի, հանրության վստահության ձևավորումն ու ամրապնդումը:

Գնահատման գործընթացի վերոհիշյալ գործառույթներին, ըստ էության, մեր ժամանակներում կարելի է ավելացնել ևս մեկը՝

11․ սովորողի կարողությունների գնահատումը

Հարց է առաջանում՝  ինչպե՞ս գնահատել կարողությունները։ Մեր կարծիքով՝ եթե սովորողը ուսումնական գործունեության ընթացքում կարողանում է ներքոհիշյալն ապահովել․

  • սովորել սովորել և սովորել սովորեցնել
  • համագործակցել և որոշումներ կայացնել
  • ինքնագնահատում և ինքնաստուգում իրականացնել
  • դրսևորել ինքնատիպ և ստեղծագործական մտածողություն։

Եվ վերջում՝  մեր ժամանակներում գիտելիքն ավելին է, քան սոսկ տեղեկատվությունը: Եվ որքան այն իրական-շոշափելի-կիրառվող է այսօր, այնքան ավելի հավանական է դրա գործածությունը հետագայում: Առավել քան համոզված ենք՝ կրթության իրական իմաստը ոչ թե սովորողի գլուխը «շտեմարան» սարքելն է, այլ անհրաժեշտ կարողություններ ու հմտություններ զարգացնելը:

Օգտագործված գրականություն, հղումներ

Կառուցողական կրթության հիմունքները և մեթոդները, Երևան, 2005

Հանրակրթության մասին ՀՀ օրենք

Հանրակրթության պետական կրթակարգ

Հանրակրթության պետական չափորոշիչ

Հայոց լեզվի և գրականանության չափորոշիչ

Գործունեության գնահատման համակարգ

Ձևավորող կամ ուսուցանող` կառուցողական գնահատում

Գնահատումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский