«Աշխարհում ամեն ինչ միանգամից փլուզվում է» Տատյանա Չերնիգովսկայա

Պրոֆեսոր Տատյանա Չերնիգովսկայան պատմում է շփոթված մարդու մասին, և թե ինչպես պետք է գոյատևել ժամանակակից աշխարհում։ «Աշխարհում ամեն ինչ միանգամից փլուզվում է»։
Ինչպես սովորեցնել ուղեղին աշխատել նոր պայմանններում՝ ներկայացնում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, բնական և հումանիտար գիտությունների զուգորդուման խնդիրների ամբիոնի վարիչ, ճանաչողական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար, բանասիրական և կենսաբանական գիտությունների դոկտոր Տատյանա Չերնիգովսկայան Գայդարյան ֆորումում։
Նրա ելույթի թեզիսներին ծանոթացնում է «Ռոսբալտա»-ի թղթակից Աննա Սեմենեցը
Աղբյուրը

«Մենք ընդհանրապես հայտնվել ենք ուրիշ աշխարհում։ Սա հարահոս, թափանցիկ, անհաստատ, գերարագ, հիբրիդային աշխարհ է։ Այստեղ ամեն ինչ միանգամից փլուզվել է։ Թվայնացված աշխարհի ինքնավար կյանքը մեծ արագությամբ սլանում է՝ տեղի են ունենում իրերի ցանցամիավորում, կապերի ինքնակազմակերպում։ Թվայնացված իրականությունն արդեն հասարակության մեջ կատարվող ընտրության նշան է։ Եթե պատկերացնենք որևէ երկիր, որն իրեն չի կարող թույլ տալ ներառվել թվային աշխարհ, համարի՛ր, որ այն բոլորովին գոյություն չունի։  Նա խաղացող չէ։ Մարդիկ այնտեղ կարող են հենց այնպես ապրել, զամբյուղներ հյուսել, բայց նրանք ընդհանուր գործի մասնակից չեն այլևս», - նշում է Չերնիգովսկայան։ 
«Եվս մի հետաքրքիր նկատառում՝ տեղեկատվության հանդեպ աճող անվստահությունը։ Ես վերջին ժամանակներս շատ եմ մտածում այդ մասին։ Այժմ տեղեկատվության հանդեպ  այնպիսի վերաբերմունք է տիրում, ինչպիսին առաջ կար բամբասանքի հանդեպ։ «Դե, հետո՞ ինչ, թե ով ինչ է ասում։ Ինչո՞ւ պիտի ես հավատամ։ Բայց խնդիրն այն է, որ այդ վերաբերմունքը հիմա ուղղված է տեղեկատվության իսկական աղբյուրին, - ասում է նա։ -----Ստացվում է, որ մարդիկ դեռ չեն սովորել կողմնորոշվել տեղեկատվության աճող հոսքում և նախընտրում են ոչնչի չհավատալ»։
Համաձայն նեյրոլեզվաբանի խոսքի՝ թվայնացված իրականությունը ծնում է մարդու «նոր տեսակ»։ «Ես նրան կոչում եմ «հոմո կոնֆուզուս» կամ «շփոթմունքի մեջ ընկած մարդ»։ Այդ «շփոթված մարդը» դեռ չի հասկացել անգամ, թե որտեղ է ինքը գտնվում։ Դեռ չի գիտակցել, թե ինչ վտանգի մեջ ենք մենք հայտնվել։ Բայց մենք չենք կարող որոշումը հետաձգել, որովհետև սա մեր կյանքն է», - կարծում է Չերնիգովսկայան։
Դրա փոխարեն հասարակության կյանքում ընթանում են միանգամայն հակադիր գործընթացներ։  «Գոյություն ունի այսպես կոչված հետաձգած կյանքի սինդրոմ։ Մարդիկ ապրում են այնպես, ասես սա իրենց կյանքի սևագրությունն է։ Ավելին՝ այդպես էլ դաստիարակում են երեխաներին․ այսպես, դեռ սա արա, հետո՝ սա, իսկ հետո, երբ կսկսես ապրել․․․։  Այնինչ՝ նա արդեն սկսել է ապրել այն պահից, երբ հայրական և մայրական բջիջները միավորվել են։  Սա սևագրություն չէ։ Չի կարելի մարդուն քսան տարի պահել, որ նա հետո ինչ-որ բան սկսի»,- հստակեցնում է Չերնիգովսկայան։

Սկսվում է պարապսարապության քաղաքակրթությունը, որին մենք նույնպես պատրաստ չենք։ «Ի՞նչ են մտադիր անել բոլոր այն մարդիկ, որոնց փոխարինելու են թվային համակարգերը։ Երբ ինձ ասում են, թե տարածություն է ազատվում ստեղծագործելու համար, դեմքիս սարկաստիկ ժպիտ է հայտնվում։ Դուք ի՞նչ է, իսկապե՞ս կարծում եք, որ անհամար ուժեր՝ իրականում միլիոնավոր մարդիկ, ազատվելով դժվարին աշխատանքից, կսկսեն մադրիգալներ գրել և քնար նվագել։ Դուք դա լո՞ւրջ եք ասում։ Տեղի կունենա ճիշտ հակառակը։ Եվ մենք չենք կարող ձևացնել, որ դա այդպես չէ», - ընդգծում է նա։

«Ես խոսքս ուր եմ տանում։ Որքան էլ որ մենք քննարկենք՝ լավ է, թե վատ այն, ինչ կատարվում է մեզ հետ, դա արդեն կատարվում է։ Մենք արդեն ընկել ենք այս աշխարհը, և վերադարձի ճանապարհ չկա։ Անիմաստ է կոտրատվելը։ Պետք է հասկանալ՝ ինչպես ապրել այս աշխարհում։ Ես հարցը ավելի կոշտ կդնեի։ Իսկ մենք շարունակում ենք այս մոլորակի վրա ապրել, թե՞ հանձնվում ենք։ Որովհետև եթե մենք այն հանձնում ենք թվային աշխարհին, խոսելու բան չկա։ Կարելի է գնալ սուրճ խմելու։ Եթե մենք ինչ-որ ծրագրեր ունենք՝ մեր սեփական կյանքի հետ կապված, ապա պետք է մտածել, թե ինչպես ապրենք այստեղ», -հայտարարում է նա։ 
Ըստ Չերնիգովսկայայի՝ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք մեր հաջողություններով ու մեր քաղաքակրթության կանոններով՝ շնորհիվ մեր ուղեղի։ «Մարդիկ ապրում են ոչ միայն աթոռների, միկրոֆոնների ու նարինջների աշխարհում, այլև այն աշխարհում, որ իրենք են հորինել։ Մենք նշաններից գլուխ հանելու ընդունակություն ունենք՝ մարդկային լեզու, մաթեմատիկա, երաժշտություն։ Մեր մեջ իսկապես բարդագույն նեյրոնային կապեր գոյություն ունեն՝ կվադրիլիոն միացություններ։ Եթե սկսենք դրանք հաշվել, ստիպված կլինենք մի տասնյակ թիվ գրել, որին պիտի հաջորդի 85 զրո։ Մեր լեզվում անգամ այդպիսի բառ չկա, որ ասենք այդ թիվը։ Դա ավելին է, քան Տիեզերքի աստղերն են։ Դա ավելին է, քան Տիեզերքի նյութերի մասնիկները։ Այսինքն՝ մենք պետք է մեզ հաշիվ տանք, թե ինչ կա մեր գանգարկղիկում», - նշում է Չերնիգովսկայան։
Թվային աշխարհի փորձագետներն ասում են, որ ուղեղը համակարգիչ է, ալգորիթմների հավաքածու, որ իր համար մեկեր ու զրոներ է արտադրում։ Եվ որ վաղ, թե ուշ  կարողանալու են ստեղծել դրա «սարքը»։ «Բայց մի՞թե ուղեղը միայն ալգորիթմներ են։ Հիմա մենք արդեն հաստատ գիտենք, որ՝ ոչ։ Ու եթե ուղեղը համակարգիչ է, ապա նվազագույնը մեկը չէ՝ իր տեսակով։  Ուղեղի մի մասը գուցե եւ ալգորիթմ է, և նրա ներսում տեղի է ունենում այդ մեխանիկական գործընթացը։ Բայց մյուս հատվածում այլ համանման երևույթներ էլ են տեղի ունենում։ Հիմա չխոսենք պոետների ու նկարիչների մասին։ Բայց անգամ Էյնշտեյնն էր ասում․ «Ինտուիցիան սրբագույն շնորհ է, իսկ գիտակցությունը՝ նրա խոնարհ ծառան։ Նա ուղղակի գրում է․ «Եթե անգամ եզրահանգումը (նկատի ունի գիտական եզրահանգումը) դիտվում է որպես գիտակցական աշխատանքի արդյունք, դա միայն ա՛յդ աշխատանքի ավարտն է։ Աշխատանքի հիմնական մասը հաշիվների-հաշվարկների ճանապարհով չի կատարվում», - նշում է Չերնիգովսկայան։
Բայց գլխավորը, որ պետք է հասկանալ, այն է, որ չկա առարկա, որ տեղեկատվություն է պարունակում։ Միշտ կան առարկա և մեկը, որ այդ տեղեկատվությունը կարդում է։ «Եթե մեր առջև դրված լինի հնագույն պապիրուս, և չլինի մարդը, որը կարողանում է այն կարդալ, ապա դա տեղեկատվություն չէ։ Դա պարզապես ֆիզիկական առարկա է։ Այն, ինչ ես պեղում-կարդում եմ պապիրուսից, կախված է նրանից, թե ես ինչ կրթություն ունեմ, ինչ պլաններ ունեմ, ինչու եմ այն կարդում։
Խոսքս ո՞ւր եմ տանում։ Մենք չենք կարող բռնել այն դիրքորոշումը, թե մարդիկ կարևոր չեն։ Մարդիկ կարևոր են, որովհետև հենց նրանք են կազմակերպում տեղեկատվությունը։ Ինքն իր համարն տեղեկատվությունն ինչ-որ մի տեղ վխտում է, և դա մեզ ո՛չ յուղում է, ո՛չ դաղում», - ասում է նա։ 
Ինչպե՞ս կկիսեն աշխարհը մարդն ու համակարգիչը, դեռ հայտնի չէ։ Այս հարցերում դեռ շատ  անհայտներ կան։ «Օրինակ՝ ի՞նչ է հիմար  մարդը։ Կարո՞ղ ենք մենք արդյոք հաստատել, որ բացարձակապես հիմար մարդու ուղեղը, մեկ է, ամենակատարյալն է Տիեզերքում։ Հարցը մի տեսակ զվարճալի է հնչում, բայց իրականում շատ լուրջ հարցադրում է։ Եթե ուղեղում, միևնույն է, կվադրիլիոն միացություններ են, ապա մենք կարո՞ղ ենք ընդհարապես ասել, թե որ ուղեղն է խելացի, որը՝ հիմար։ Այդ դեպքում մենք արհեստական ի՞նչ ինտելեկտ ենք սահմանում։ Խելացի՞։ Իսկ դա ի՞նչ է նշանակում։ Ինտելեկտի բոլոր թեստերը հիմնականում ստեղծված են այս հաշվարկով․ խելացին նա է, ով արագ հաշվում է։ Կներեք անհամեստության համար, բայց ես ստիպված եմ ասել․ ես շատ վատ եմ հաշվում, բայց ինձ չի թվում, որ ես լրիվ հիմար եմ։ Դրա համար պետք է առանձնացնել այս երևույթները։ Մենք գիտենք․ կարելի է լինել մարդ՝ շատ ցածր ինտելեկտով, բայց փայլուն հիշողությամբ։ Սա բժշկական փաստ է։
Իսկ հնարավո՞ր է արհեստական հանճարեղ ինտելեկտ։ Եվ դա ի՞նչ է նշանակում։ Եթե հնարավոր լինի նման մի բան ստեղծել, մենք ընդհանրապես կիմանա՞նք արդյոք, որ այն հանճարեղ է։ Կիմանա՞նք արդյոք, որ նա անհատականություն է։ Մենք դա ճշտելու համար միջոց ունե՞նք։
Կարո՞ղ է արդյոք արհեստական ինտելեկտը զգալ ցավը, տառապել, ապրումակցել, թե՞ այն կարող է միայն իմիտացիա ստեղծել։ Չէ՞ որ թվային աշխարհում ցավ ու մահ չկա, և դա արմատապես փոխում է ամբողջ պատկերը։ Համակարգիչներն աշխատում են չափելիության մեջ, որում կենդանի արարածները չեն ապրում՝ նանոմետրերում և նանովայրկյաններում։ Եվ դրանք այն համակարգերն են, որոնք պետք է որոշում կայացնեն։ Եվ կարիք չկա սփոփելու քեզ պատրանքներով, թե այնուամենայնիվ կոճակը սեղմող մատը մարդու  մատ է լինելու։ Դրանք միայն խոսակացություններ են աղքատների օգտին։ Վերջին հաշվով ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ տեղեկատվություն նա կստանա»,-կարծում է Տատյանա Չերնիգովսկայան։ 
Եվ միևնույն ժամանակ ակնհայտ է, որ հին ձևով նոր աշխարհին պատրաստել չի լինի։ Դա դժվարագույն հարց է։ Եթե մեկուկես տարեկան երեխան կարող է ասել, «Օքեյ, Գուգլ», և համակարգը նրան կտրամադրի ամենը, ինչ ուզում է, ինչո՞ւ գա դասարան, որտեղ վատ պատրաստված ուսուցչուհին նրա համար դասագիրք է կարդում։ 
Ակնհայտ է՝ համակարգը պետք է փոխվի։ Մենք պետք է ձևավորենք թվային աշխարհում ապրելու ընդունակություն և չկորցնենք մարդկայնությունը։ Չէ՞ որ արդյուքնում ամեն ինչ կախված է նրանից, թե մեզ հաջողվեց արդյոք հարաբերություններ ձևավորել ընտանիքի, երեխաների, գործընկերների և հասարակության հետ ընդհանրապես։ Պետք է սովորենք ստուգել տեղեկատվությունը, հակազդել ստրեսին, դաստիարակել  փոփոխությունների հանդեպ ընկալունակություն, սովորենք մշտապես սովորել։ Եթե մենք խոզ չենք, չենք կարող այդպես «քաշել» մեր երեխաներին՝ չպատարստելով նրանց սպասվելիքին, - կարծում է Չերնիգովսկայան։ Դրա համար էլ ապագայի կրթությունը ընկալելու կրթություն է, այլ ոչ թե հիշողության։   
«Անցյալ տարի ինձ կանչել էին մի համաժողովի, որ կոչվում էր «Կրթության նոր ճարտարապետությունը»։ Ես կարծում էի, թե ճարտարապետությունը փոխաբերական մի բան է։ Բայց պարզվեց, որ այն ոչ միայն փոխաբերական է, այլև ֆիզիկական է։ Ֆինները, օրինակ՝ զանգվածաբար վերակառուցում են դպրոցների շենքերը։ Դրանք գունեղ են, չկան ստանդարտ լսարաններ, դրանք բոլորը փոխում են ձևը։ Երեխաները մեկ այստեղ են դաս անում, մեկ՝ ուրիշ տեղ, մեկ պառկում են, մեկ՝ վազում։ Նրանց սովորեցնում է մեկ մի ուսուցիչը, մեկ՝ մյուսը։ Ամբողջ ժամանակահատվածում փոփոխվում են պայմանները։ Սա շատ կարևոր պայման է։ Դա նշանակում է, որ նրանք պատրաստ են փոփոխությունների», - ասում է փորձագետը։ 
«Ամենավերջինը կուզեի վերցնել ինձ մոտ աշխատանքի մի գերազանցիկի, որը շատ լավ էր հաշվում։ Ես դրա համար համակարգիչ ունեմ։ Նա ամեն ինչ ինքն է հաշվում։ Ինձ հարկավոր է խելագար մեկը, որը ոչ մի բան ճիշտ չի անում, բոլորին խանգարում է, ինչ-որ հիմարություն է մոգոնում։ Նրանից մի իսկական Նիլս Բոր կստացվի։ Ճիշտն ասած՝ նա արդեն Նիլս Բոր է», - ասում է Չերնիգովսկայան։
Ինչպե՞ս մարզել ուղեղը։ «Այն, ինչպես ցանկացած մկան, պետք է ծանրագույն աշխատանք անի։ Եթե մենք պառկենք բազմոցին և մնանք այդպես կես տարի, հետո չենք կարողանա վեր կենալ։ Եթե ուղեղը պիտի ապուշ ամսագրեր կարդա, հարաբերվի հիմարների հետ, լսի թեթև, անիմաստ երաժշտություն և նայի հիմար ֆիլմեր, ուրեմն  բողոքելու տեղ չունենք։ Իմ պատասխանն այսպիսին է․ ուղեղը պիտի ծանր աշխատանք կատարի։ Ծանրը առանցքային բառն է։ Ուղեղի համար պետք է դժվար լինի։ Գիրք, որը գուցե մեկի համար թեթև է, բայց ձեզ համար բարդ է։ Ֆիլմ, որ դուք չեք հասկանում։ Նշանակում է՝ դուք պիտի մտածեք, քննադատություն կարդաք։ Կամ ներկայացում, որտեղ պարզ չէ՝ ինչ է ուզել ասել ռեժիսորը։ Այս դեպքում ուղեղը զբաղված կլինի աշխատանքով։ Պետք չէ ճարպիկ հնարքներ փնտրել, որոնք կլավացնեն ուղեղը։ Դրանք չկան։ Այդ ճարպիկ հնարքները հենց կյանքն է», - ընդգծում է Չերնիգովսկայան։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский