Մի ամսագրի պատմություն
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ամսագրեր վաղուց ունի։ Շատ տարիներ առաջ կրթահամալիրյան ամսագրերը լույս էին տեսնում թղթային տարբերակով, ապա համակարգչային ուսուցմամբ պայմանավորված՝ ամսագրերը դարձան բլոգային ձևաչափով։ Մեկը մյուսի հետևից կրթահամալիրում սկսեցին բացվել և գործել ստեղծագործական ու թարգմանական ամսագրեր, որոնք բոլորն էլ իրենց ուրույն տեղը գտան կրթահամալիրի գլխավոր կայքի առանձին՝ «Ամսագրեր» բաժնում, ընդ որում բաժնում ըստ տարիների ներկայացված են գործող ամսագրերը։ Կան ամսագրեր, որոնք ընդամենը մեկ տարվա կյանք ունեն, կան, որ ավելի երկար տարիներ է՝ գործում են։ Բաժինը հնարավորություն է տալիս ծանոթանալու, կարդալու նախընտրած ամսագիրը։
Կրթահամալիրում գործում է նաև «Դպիր» մանկավարժական ամսագիրը. հարուստ մի պահոց՝ իր՝ մանկավարժական հոդվածներով, թարգմանություններով, մեթոդական մշակումներով ու վերլուծություններով։
Անցած տարվանից կրթահամալիրում սկսեց գործել նաև Մաթեմատիկական ամսագիր՝ Լիանա Հակոբյանի համակարգմամբ։ Եվ քանի որ այդ ընթացքում ես էլ անընդհատ մտածում էի Լեզվաբանական ամսագրի ստեղծման մասին, Մաթեմատիկական ամսագիրը կարծես խթան եղավ, որ 2020-2021 ուստարում ծնունդ առնի նաև Լեզվաբանական ամսագիրը։
Սովորողների հետ քննարկեցի, նախագիծը հրապարակեցի, ցանկացողներն անմիջապես արձագանքեցին, ու սկսեցինք մտածել ամսագրի բովանդակության ու բաժինների շուրջ։ Ամսագրի համար բացեցի նոր բլոգ՝ ընտրելով Հերմինե Անտոնյանի առաջարկած edublogs կրթական բլոգային հարթակը:
Գլխավոր էջում՝ Ամսագրի մասին բաժնում, անդրադարձա ամսագրի նպատակին, իսկ գլխավոր նպատակը հայերենի հանդեպ հետաքրքրության խթանումն է։
Թողարկվեց առաջին համարը։ Մուտքն ազատ էր բոլորի համար՝ դասավանդող, սովորող, ծնող, հայերենով հետաքրքված ցանկացած մարդ։ Ամսագրի նորամուտն ընդունվեց. շնորհակալ եմ գործընկերներիս ոգևորող արձագանքների համար։ Ամսագիրը դարձավ ուսումնական նյութ սովորողների համար։
Ամսագրի ամենաակտիվ բաժիններից է Լեզվական խաղերի, հարցերի ու առաջադրանքների բաժինը: Սովորողներն օգտվելով տարբեր աղբյուրներից՝ մտածում, ընտրում են հարցեր ու առաջադրանքներ, կամ իրենք են կազմում՝ ներկայացնելով իրենց ընտրանին։ Բաժինն ավելի հետաքրքիր ու կենդանի է դառնում լեզվական տարբեր խաղեր սովորեցնող տեսանյութերով։ Պարզվեց՝ շատերը նայում են, խաղում, տեսանյութով արձագանքում։ Ամանորյա թողարկման համարում Տիգրանը նոր ծրագրով կազմեց ամանորյա խաչբառ, մտածում ենք, որ Ձմեռային ճամբարի ընթացքում վարպետության դասեր կազմակերպենք ավելի փոքրերի համար: Ուսումնական երրորդ շրջանում էլ որոշել ենք բաժինը հարստացնել համակարգչային նոր ծրագրերի օգնությամբ լեզվական տարբեր խաղերի ստեղծումով:
Ամսագրային բաժիններից է՝ Բառերի ու արտահայտությունների հետքերով․ սովորողներն պրպտում ու գտնում են իրենց հետաքրքրող բառերի ու արտահայտությունների մասին, նյութ պատրաստում ու առաջարկում կարդալ ընթերցողներին։ Տիար Գևորգի առաջարկով այս բաժնում սկսեցինք ներառել Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքից հոդվածներ։ Սիրով ընդունեցինք առաջարկը։ Շնորհակալ ենք։ Ամսագրի ամանորյա թողարկմանը Պ․ Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գրքից մեր ընթերցողներին առաջարկեցինք կարդալ «Նոր տարի, Ամանոր, Նավասարդ» բառերի մասին։
Ամսագրի հերթական համարներից մեկում ընդգրկեցի Հրաչյա Աճառյանի ազգանվան ծիծաղաշարժ պատմությունը՝ նպատակ ունենալով այսուհետ ամսագրի առանձին բաժին դարձնել հայ լեզվաբանների մասին պատմությունները և նրանց գործունեությանը ծանոթացնել սովորողներին: Սովորողները ծիծաղելով կարդացին, արձագանքեցին՝ գրելով իրենց ազգանունների պատմությունից, որոնք տեղ գտան ամսագրի հաջորդ համարում։ Ուրախ էի, որ այս ձևով սովորողները կսկսեն հետաքրքրվել ու կարդալ մեր լեզվաբանների մասին, ավելի կսիրեն հայերենը, կզարգանա լեզվազգացողությունը։
Արցախցի սովորողների գալուստով սկսեցինք ուսումնասիրել արցախյան բառերը, կազմել փոքրիկ բառարաններ, ապա անցանք Հայաստանի մյուս բարբառներին։ Սովորողներն իրենց տատիկ-պապիկներից հարցնում ու գրի էին առնում իրենց հետաքրքրող բառերը տվյալ բարբառով, ոմանք սկսեցին անդրադառնալ նաև իրենց գյուղի անվան ծագմանն ու պատմությանը։
Լեզվաբանական ամսագիրը անդրադառնում է նաև կրթահամալիրյան նախագծերին։ Երկրագործության ստուգատեսին սովորողները կազմեցին երկրագործական գործիքների ու երկրագործական գործողություն ցույց տվող բառերի պատկերազարդ բառարաններ։
Առաջին ուսումնական շրջանն ամփոփելիս հաշվետվությունների մեջ անդրադարձանք նաև ամսագրին։ Այն առիթ դարձավ, որ սովորողները մեկ անգամ ևս թերթեն, նայեն, հետաքրքրող նյութեր գտնեն, նույնիսկ դժգոհեն՝ իրենց անունը չգտնելով ամսագրի համարներում, նաև խոստանալով, որ հաջորդ անգամ այնպես կաշխատեն, որ իրենց աշխատանքներից էլ ընդգրկվեն։
Թեպետ ամսագիրը նոր է, բայց հասցրել է Ձմեռ պապի կողմից մրցանակի արժանանալ, ինչն ավելի ոգևորում ու պարտավորեցնում է, շնորհակալ ենք։ Շատ անելիքներ ունենք, որ ամսագիրը դառնա առավել ներկայանալի, բովանդակալից ու բազմաբնույթ, այդ նպատակով առաջիկայում հատկապես կարևորելու ենք համագործակցությունը կրթահամալիրի մյուս կրտսեր դպրոցների հետ։
- Բացվել է 512 անգամ