Կրթությունը՝ արգելա՞կ...
Primary tabs
Կրթության բովանդակության, ուսուցման ձևի, մեթոդի մասին քննարկումները, կարծիքների բազմազանությունը, մոտեցումների բևեռականացումը, թվում է, մարդկության ամբողջ պատմության ընթացքի ուղեկիցն են եղել։ Մանկավարժության ողջ պատմությունը դրա ապացույցն է։ Կարդում ես և զարմանում մանկավարժությամբ զբաղված մտավորականների տարակարծության, երբեմն ծայրահեղ իրարամերժության վրա։ Հիանում-զարմանում ես որոշ մանկավարժ-մտավորականների աշխարհայացքի լայնության, դիտարկումների համարձակության, առաջարկների անսպասելիության վրա։ Գրքեր, հատորյակներ են գրվել, որտեղ մանկավարժ-դասականները ներկայացրել են իրենց մանկավարժական սկզբունքները, ձևակերպել իրենց փորձը, կարևոր եզրահանգումներ արել։ Այսօր էլ նրանց մանկավարժական սկզբունքները արդիական են, ցավոք, նաև չիրագործված։
Մյուս կողմից՝ տեսնում ես այսօրվա մանկավարժական մոտեցումների սահմանափակությունը, քարացածությունը, մանկավարժական մոտեցումներում ստեղծականության, երևակայության բացակայությունը։ Տեխնիկական թռիչքային զարգացման կողքին ունենք տասնամյակների անշարժ, հետադիմական, իրականությունից, օրվա հրամայականից կտրված կրթություն։ Հայտնվել ենք փակ շրջանում։ Կրթության գործի գլուխ են կանգնում հենց այդ սխոլաստիկ կրթությամբ անցած, դրա ազդեցությունից դուրս չեկած, այդ կրթության արդյունքում ձևավորված մտածողություն ձեռք բերած մարդիկ։ Թվում է, գոնե մեր երիտասարդները պիտի կարողանային ավելի լայն, առաջադեմ, ժամանակակից մտածել, նրանց մոտեցումները կրթությանը, թվում է, պետք է այլ լիներ, բայց ցավոք՝ ոչ։
Այս մասին էի մտածում, երբ հերթական անգամ վարում էի ,,Մխիթար Սեբաստացի,,կրթահամալիրի Մուտքի ճամբարի մանկավարժական քննարկումների քառօրյա սեմինարները։ Ամեն տարի կրթահամալիր են ընդունվում մեկ տասնյակից ավելի դասավանդողներ, ովքեր ըստ ընդունելության կարգի՝ անցնում են մի քանի փուլ, որոնցից մեկը Մուտքի ճամբարն է։ Մանկավարժական զրույցների միջոցով փորձում ենք ներկայացնել նաև կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը։
Մանկավարժական հերթական քննարկումն է։ Ընդունակ, մտածող, երիտասարդ, բարձրագույն կրթություն ստացած մարդկանց խումբ է։ Քննարկում ենք կրթահամալիրում իրականացվող մեդիա-կրթությունը։ Խոսում ենք ընդհանրապես մարդու կյանքում մեդիայի դերի մասին։ Բոլորն էլ այն կարծիքին են, որ այսօր առանց թվային միջոցների, համացանցի կյանքը պատկերացնել հնարավոր չէ, որ տհտ գործիքները դարձել են մարդու կյանքի կարևոր բաղկացուցիչը, նրա առօրյայի անբաժանելի մասը։ Հասկանալի է, որ բոլորի ձեռքին բազմաֆունկցիոնալ հեռախոսներ են, որոնք օգտագործում են որպես ուսոումնական գործիք՝ քննարկվող նյութն են բացում, նշումներ են անում, համացանցից անհրաժեշտ տեղեկատվությունն են դուրս բերում․․․
Բայց արի ու տես, հենց խոսքը հասնում է սովորողներին, մասնակիցների մի զգալի մաս խոսում է սովորողներին հեռախոսներից, համակարգիչներից, համացանցից հեռու պահելու անհրաժեշտության մասին՝ դա բացատրելով անխուսափելի կախվածությամբ, համացանցից օգտվելու վտանգների առկայությամբ։ Լսում եմ ու զարմանում։ Հասկանալի է, որ այս ամենի հիմքում նույն մոտեցումն է, ինչ որ կա այսօրվա կրթության մեջ․ կյանքը մի ուղղությամբ է գնում, կրթությունը՝ այլ, և դրանք որևէ կետում չեն հատվում։ Բայց իհարկե ոչ մի դեպքում չեմ մեղադրում այս երիտասարդներին։ Նրանց ստացած կրթությունն իրենն արել է։
Հիշում եմ, նոր էի սկսել մանկավարժությամբ զբաղվել և դասվար էի երկրորդ դասարանում։ Ինձ ասացին, որ երկրորդ դասարանում քերականություն՝ ենթակա, ստորոգյալ, անցնելն անիմաստ է։ Չասեմ, թե ինչ մտածեցի ասողների մասին։ Բա երեխան իր լեզվի քերականությունը որ չիմանա, ի՞նչ իմանա, սա ի՞նչ ազգադավ մոտեցում է։ Բայց ինձ երկար ժամանակ պետք չեղավ համոզվելու համար, որ սիզիփոսյան աշխատանք եմ անում, որ լեզվական աշխատանքը այնքան հետաքրքիր շերտեր ունի, որ ափսոս է ժամանակը վատնել անարդյունավետ,նրան անհասանելի, ոչինչ չտվող աշխատանքի վրա։ Տեսա և սկսեցի մտածել, սկսեցի կասկածել․․․ Ու սկսվեց մանկավարժական սեփական փնտրտուքս․․․
Այնպես որ, այս ընդունակ, երիտասարդ մարդիկ էլ, վստահ եմ, գտնվելով մանկավարժական այսպիսի միջավայրում, արագ կյուրացնեն հեղինակային մանկավարժությունը՝ դառնալով այդ մանկավարժության համահեղինակներ։
Ինչքա՜ն է խոսվում երեխաների տհտ միջոցներից կախվածության մասին․․․
Վերջերս լսում էի պրոֆեսոր Լայթմանի հարցազրույցը։
Հեռուստահաղորդման մասնակիցները հարց տվեցին, թե արդյոք նրան չի անհանգստացնո՞ւմ այն փաստը, որ երեխաները նույնիսկ իրար կողքի նստած իրենց վիրտուալ-համացանցային աշխարհում են և համացանցով են իրար հետ շփվում, որ նրանց կյանքում տհտ միջոցները կարևոր դեր են խաղում, ժամանակի մեծ տարածք են զբաղեցնում, և ի՞նչ պիտի անեն մեծահասկաները, որպեսզի կապը չկտրվի երեխաների հետ։
Լայթմանի պատասխանը հետաքրքիր էր։ Նա գտնում է, որ իրականության հետ չի կարելի հաշվի չնստել։ Նոր սերունդ է եկել՝ իր նպատակներով ու խնդիրներով, ժամանակներ և դարաշրջան են փոխվել, և պետք է դա ընդունել որպես ի գիտություն։ Եթե մեծահասկաներն ուզում են լինել երեխաների կողքին, եթե չեն ուզում անջրպետ առաջանա իրենց և նոր սերնդի միջև, իրենք պետք է հայտնվեն այն տարածքում, որտեղ իրենց երեխաներն են, վիրտուա՞լ, ուրեմն՝ վիրտուալ։ Փաստի դեմ պայքարելու, իրականությունը չտեսնել տալու իմաստը ո՞րն է։ Եվ դա լավ կամ վատ չէ, ասում էր պրոֆեսորը, դա արդեն ժամանակի պահանջ է, առկա փաստ։
Մյուս կողմից՝ դա այդքան էլ այդպես չէ, որ մեր երեխաները ամբողջովին վիրտուալ տարածքում են և դրանից դուրս չեն գալիս։ Կա՞ ծնող, որ իր երեխային առաջարկում է միասին խաղալ, ճամփորդել, միասին որևէ գործունեությամբ զբաղվել, իսկ երեխան չի համաձայնում։ Ծնողի հետ շփումից ո՞ր երեխան է նախընտրում հեռախոսը կամ համակարգիչը։ Դժվար է պատկերացնել։ Անընդհատ զբաղված, նույն հեռախոսի մեջ ,,մտած,,, իր առօրյա հոգսերով տարված, երեխայի համար ժամանակ չունեցող ծնողը երեխային մեղադրում է այն բանում, որ նա տնօրինում է իր ժամանակը իր հետաքրքրությունները բավարարող մեդիա միջավայրում, և դրա անունն էլ դնում է կախվածություն։
Մեր կրթահամալիրն իրականացնում է մեդիա-կրթություն։ Բայց մեր սովորողները որքան ակտիվ են վիրտուալ տարածքում, նույնքան էլ գործուն են ֆիզիկական միջավայրում։ Երգ-երաժշտությունը, ամենատարբեր սպորտաձևերը, խեցեգործությունն ու գինեգործությունը, բույսերի, կենդանիների խնամքը, այգեգործությունն ու միջավայրի խնամքը, արշավներն ու ճամփորդությունները, համերգներն ու թատրոնը նույնքան ժամանակ ու ջանք են պահանջում և պակաս հրապուրիչ և հետաքրքիր չեն սովորողների համար, որքան մեդիան։
Իրականությունից կտրվելը կարծես մեր կրթության դարավոր անշարժության մեխն է։ Սովետական կրթությունն իր խնդիրներն ու նպատակներն ուներ, և նրա օրոք ձևակերպված կրթությունը այդ խնդիրները լիովին լուծում էր․ հրամաններ իրականացնող, ինքնուրույն չմտածող, նախաձեռնությունից և անհատականությունից զուրկ քաղաքացի էր պետք այդ հասարակարգին։ Եվ երբ այն փլուզվեց, և կյանքը այլ հրամայականներ առաջ քաշեց, այդ կրթությամբ անցած մարդկանց մի մեծ մաս հոգեբանորեն մնաց այդ փլատակների տակ։
Մեր այսօրը այլ պահանջներ է դնում, այլ դարաշրջան է, այլ իրականություն, այլ բարքեր։ Բայց կրթությունը շարունակում է իր նախկին գործառույթներն իրականացնել, և արդյունքում՝ կյանքը մի հունով է գնում, կրթությունը՝ մի այլ։ Արդյունքում՝ Մուտքի ճամբարի այս բարձրագույն կրթությամբ երիտասարդներն են՝ իրենք մեդիադաշտում, սովորողներին մեդիադաշտից հեռու պահելու անհրաժեշտության գիտակցությամբ։
Վստահ եմ, որ կարճ ժամանակում թուղթն ու գրիչը դուրս կգան գործածությունից, ինչպես ժամանակին թանաքն ու թանաքամանը դուրս եկան։ Հիմա ո՞վ է հիշում դրանք։ Բայց մեր երիտասարդ ծնողների մեծ մասը, չգործածելով թուղթ ու գրիչ, կարևորում է, որ իր երեխան անպայման ,,ձեռագիր ունենա,,, և ցանկալի է՝ գեղեցիկ ձեռագիր։
Օտար լեզվի ուսուցման արդյունավետ մեթոդը վաղուց արդեն ինքնուրույն կիրառում են մեր երեք-չորս տարեկանները՝ օտար լեզվին լիարժեք տիրապետելով մեդիայի շնորհիվ ստեղծված միջավայրի միջոցով։ Զարմանում ենք մեր երեխաների ինքնուրույն սովորած և գործածվող ուսերեն-անգլերենով։ Մեր կրթահամալիրն էլ օտար լեզվի ուսուցման բնական միջավայր ստեղծելու փորձ ունի։ Համացանցը դրա հնարավորությունը տալիս է։ Մեր դասավանդողները արդյունավետ մեդիա-փաթեթներ են հավաքում՝ ապահովելով օտարալեզու կենդանի միջավայր։ Բայց պետական ծրագրերում, հանրակրթության մեջ դեռ գործում է օտար լեզվի՝ արհեստական տեքստերով, քերականական կանոններով սերտման վրա հիմնված ուսուցումը։
Մեդիադաշտում արդեն գործում են խմբագրական ծրագրեր, որոնք ուղղում են գրության մեջ արված կետադրական, ուղղագրական սխալները։ Բայց կրթության մեջ շարունակում է կարևորվել կետադրության և ուղղագրության ուսուցումը, այդպես էլ մի կողմ թողնելով մտքի կարևորությունը։ Մտքի, նորարարության, նախաձեռնության, գործարարության առաջնահերթությունը շարունակում է մղված մնալ երկրորդ պլան։ Հայոց լեզվի քերականությունը հրաշալի միջոց է սովորողին ուսումնասիրելու, հետազոտելու, համեմատելու, հակադրելու, օրինաչափություններ դուրս բերելու եզրակացություններ անելու հմտություններ զարգացնելու համար, ոչ թե որ նա հետագայում հիշի ենթակայի և ստորոգյալի կանոնները, բայի եղանակներն իրենց ժամանակաձևերով, բայի սեռերը և այլն։ Հիշի, որ ի՞նչ անի, եթե լեզվաբանությամբ չի զբաղվելու։ Բայց վերոնշյալ հմտությունները նրա մտքի ձևավորմանն են նպաստելու, զարգացնելու են հմտություններ, որոնք նրան ցանկացած գործունեության համար են անհրաժեշտ լինելու։ Նույնը վերաբերում է մյուս առարկաներին։ Նեղ, առարկայական գիտելիքի մտապահումից այն կողմ չենք անցնում, մեծ ջանքեր ենք գործադրում այնտեղ, որտեղ ի սկզբանե ձախողում է կանխորոշված։
Երբ կյանքում այսքան արագ են փոփոխություններ կատարվում, ինչո՞ւ է կրթությունը այսպես համառորեն անշարժացած։ Ինչո՞վ է պայմանավորված կրթական մտքի ամլությունը։ Կրթությունը կարող էր և պետք է դառնար նոր հասարակության ձևավորման շարժիչ ուժը, հասարակության մտածողության փոփոխության գրավականը։ Բայց այն առայժմ շարունակում է մնալ հասարակության զարգացման արգելակ, շարունակում է վերարտադրել այլև գոյություն չունեցող հասարակարգի քաղաքացուն։
Եվ սա որքա՞ն է տևելու։ Ամեն դեպքում՝ մենք առայժմ ունենք այն, ինչ ունենք։