Գրական ակումբը մեր կյանքում
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն յոթ տարի է, ինչ գործում է Գրական ակումբը։ Այն կրթահամալիրում սկսեց գործել Մայրենիի լաբորատորիայի ղեկավար Մարիետ Սիմոնյանի նախաձեռնությամբ։
Ի՞նչ է գրական ակումբը, ի՞նչ է այն տալիս դասավանդողին։ Գրական ակումբը հիանալի հնարավորություն է դասավանդողներին օգնելու՝ իրենց գիտելիքների ու հմտությունների մակարդակի բարձրացման հարցում։ Այն գործընկերներին թույլ է տալիս մտքերով ու գաղափարներով փոխանակվել, վերլուծել ու քննարկել կարդացածը, ավելի խորը հասկանալ ստեղծագործության բովանդակությունը, մեծացնել մտահորիզոնը, ծանոթանալ նոր գաղափարների, ինչպես նաև ստացած գիտելիքները կիրառել։ Գրական ակումբն օգնում է դասավանդողներին ավելի ինքնավստահ զգալու, ինչն ի վերջո բերում է կրթության որակի բարելավմանը։ Գրական ակումբը հրաշալի հարթակ է նաև նոր ընդունվող դասավանդողների համար՝ կրթահամալիրը ճանաչելու, ինքնադրսևորելու ու արտահայտվելու համար, ինչու չէ մեզ էլ օգնում է, որ նրանց ճանաչենք ու բացահայտենք․․․
Գրական ակումբի անդամ կարող է դառնալ ամեն ոք, ով սիրում է կարդալ, ով կարևորում է կարդալը, ով կարողանում է լսել և ցանկանում է լսելի լինել․․․
Յուրաքանչյուր շաբաթ՝ երեքշաբթի օրերին, հավաքվում են կրթահամալիրի տարբեր օղակների ընթերցասերները, հիմնականում բանասերներ, դասվարներ, ժամանակ առ ժամանակ միանում են նաև այլ առարկաներ դասավանդող ուսուցիչները․․․ Մինչ հանդիպումը կարդում ենք Գրական ակումբի բլոգում տվյալ շաբաթվա համար տեղադրված ստեղծագործությունը, քննարկման ընթացքում արդեն փոխանցում տպավորությունները, բարձրաձայնում առաջացած հարցերը, իսկ երբ Գրական ակումբը համակարգողի՝ տիկին Մարիետի առաջարկով, դու ես դառնում ընթերցանության նյութ ընտրելու պատասխանատուն՝ մի քանի օր ամենայն բծախնդրությամբ կարդում ես, վերընթերցում, այդ ընթացքում նորանոր բացահայտումներ անում, ի վերջո, ընտրում․․․
Տարբեր տարիներին Գրական ակումբի հավաքատեղին տարբեր է եղել։ Առաջին հանդիպումը Մեդիակենտրոնում էր․ թվում է՝ նույն բանն էինք անում, ինչպես հիմա, բայց այս տարիների հանդիպումները միավորել են Գրական ակումբի անդամներին, ավելի բովանդակային, հետաքրքիր ու ցանկալի են դարձրել քննարկումները։ Հանդիպումները շարունակվեցին Հյուսիսային դպրոց-պարտեզում, որտեղ միջավայրը՝ դպրոցի՝ դեղին վարագույրներով հյուրատունը, գրավում էր բոլորին։ Մենք դասերի ավարտից հետո անհոգնել շտապում էինք լսելու իրար։
Ամենասիրելի պահերից է, երբ լսում ես ավագ ընկերներիդ․ ամեն անգամ մի նոր գրքի կամ ֆիլմի մասին մի թեթև ակնարկ, հասկանում ես, որ կարևոր բան ես բաց թողել, որ չես կարդացել։ Շտապում ես կարդալ․․․
Հետո Արևելյան դպրոցի Վերնատանը շարունակվեցին մեր հանդիպումները, ի վերջո, մեր տեղը գտանք Մայր դպրոցի գրադարանի առաջին հարկում։ Կարծում եմ՝ բոլորիս է այս տեղը դուր գալիս․ երևի գրքերով ենք շրջապատված կամ այստեղ մեր ակումբային հանդիպումներին մի նոր գույն ու համ են տվել ամանորյա, ապա գրքի տոնին նվիրված մեր՝ իրար նվերներ տալու սիրուն երևույթը։ Ընդ որում, Գրքի տոնին նվեր ստացած գրքերը (մենք արդեն բավականին լավ գիտենք միմյանց գրական ճաշակը, գիրք ընտրել ենք՝ հաշվի առնելով՝ ով ինչ է սիրում կարդալ) կարդում ենք, փոխանցում իրար՝ ստեղծելով Գրական ակումբի շրջիկ գրադարանը։
Մի ուրիշ վայելք է Գրական ակումբով ճամփորդելը։ Ամեն ինչ ուզում ես այնպես դասավորել, որ կարողանաս միանալ ակումբի ճամփորդություններին, իհարկե, միշտ չէ, որ ստացվում է, բայց․․․
Ահա Չանախչիում ենք, մեզ է միացել նաև տիար Բլեյանը՝ լուսանկարվելու սիրահար ու հայրենիքի ամեն թուփ ու ծառի մասին իմացողներից մեկը։ Քիչ եմ ճամփորդել տիար Բլեյանի հետ, բայց միշտ տպավորվել եմ Հայաստանի մասին նրա իմացությամբ։ Չանախչիում քայլում ենք, ու մեզ հետ են գյուղի դպրոցականներից, նրանց մեջ է նաև 44-օրյա պատերազմից մեզ ծանոթ Վրեժը, որ այն ժամանակ աշխույժ, հետաքրքրասեր, իր գյուղին կապված թռվռուն դպրոցական է։ Մեզ ուղեկցում է՝ ձեռքին միշտ բռնած Հայաստանի դրոշը, պատմում իրենց գյուղից ու կյանքից։
Սևակի հայրական տանն ենք, նայում ենք, հիշում հայրական տան մասին գրածները, ապա գնում Սևակի տուն-թանգարան։ Իր ձեռքով սարքած այգում նստում ենք, ընթերցում, տարվում բնությամբ․․․
Հաջորդ ճամփորդությունը, որին բախտ է վիճակվել մասնակցելու, դեպի Գյումրի ճամփորդությունն է՝ արվեստի ու արհեստի քաղաքը։ Այնտեղ նաև հանդիպում պետք է ունենայինք ժամանակակից գրող Ռոզա Հովհաննիսյանի հետ, որ նաև տիկին Մարիետի համակուրսեցին է։ Մի զարմանալի թեթև ու գեղեցիկ հանդիպում։ Այնքան տպավորիչ, որ վերադառնալուց հետո փորձում ես փոխանցել տպավորություններդ՝ Մի օր արհեստի ու արվեստի քաղաք Գյումրիում։ Ընդ որում, այստեղ ուզում եմ ավելացնել, որ Գրական ակումբի նախաձեռնությամբ իրականացրել ենք նաև շատ սիրուն ու հետաքրքիր հանդիպումներ տարբեր արվեստագետների, գրողների հետ։
Մյուս ճամփորդությանը, որին մասնակցեցի, վերջերս էր։ Թումանյանի ծննդյան օրով, Դսեղ գյուղի, Թումանյանի տուն-թանգարանի հետ նախապես ձեռք բերած պայմանավորվածությամբ ճամփա ընկանք։ Երկօրյա ճամփորդության առաջին օրն անցկացրինք՝ ճանաչելով և բացահայտելով հայրենի երկիրը՝ Արդվին, Օձուն, Հոռոմայը, գիշերն անցկացրինք Ալավերդիում, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, մեր ճամփորդությունը շարունակեցինք՝ այցելելով Սանահին, ապա Դսեղ։ Թումանյանի տուն-թանգարանը բազմամարդ էր․ եկել էին շրջակա գյուղերի դպրոցականները, ուսուցիչները, ուղղակի մարդիկ, ովքեր ցանկացել էին այդ օրը լինել Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանում։ Դսեղի դպրոցի ուսուցիչների հետ օրը կարևորեցինք թումանյանական ընթերցումներով՝ Թումանյանի աշխարհում։
Գրական ակումբի բլոգի Ճամփորդություններ բաժնում կարող եք տեսնել ակումբի նաև մյուս ճամորդությունները, իսկ Հանդիպումներ բաժնում՝ տարբեր արվեստագետների, գրողների հետ հանդիպումները։
Նման հանդիպումները ոչ միայն հետաքրքիր, այլև օգտակար են դասավանդողների համար․ նրանք կարող են նոր գաղափարներով վարակվել, լրացուցիչ մոտիվացիա ստանալ, ինչպես նաև կրթական համակարգում իրենց գործի կարևորությունն ու պատասխանատվությունը գիտակցել։ Հանդիպումները կարևոր են երկուստեք․ ժամանակակից գրողները կարևորված են զգում, ավելի հասկանալի դառնում, իրենք են փորձում ընկալել ու ճանաչել ընթերցողին, զգալ սպասելիքները։ Գրողի համար հանդիպումները լավ հարթակ են ասելիքը փոխանցելու, ավելի ընկալելի դառնալու, ինչպես նաև լսելու իր ընթերցողի գուցե և բոլորովին այլ մեկնաբանությունը իր իսկ գործին։
Ի՞նչ են տալիս այս ճամփորդությունները, հանդիպումները դասավանդողներին և, ընդհանրապես, ինչո՞վ է կարևոր գրական ակումբը՝
- Ինչպես ասում են՝ մարդուն ճանաչելու համար, նրա հետ պետք է ճամփա գնաս․ ճամփորդելով ավելի ու ավելի լավ ենք ճանաչում թե՛ մեր ընկերներին, թե՛ ինքներս մեզ, թե՛ հայրենիքը, թե՛ առհասարակ հայ մարդուն
- Ճամփորդելով ենք բացահայտում մեր հայրենիքի սիրուն անկյունները, կապվում, հարազատանում
- Ճամփորդելով ենք կրթական փոխանակումներ իրականացնում, շփվում այլ ուսուցիչների հետ, իրարից սովորում
- Ինքնարտահայտվելու, կարդացածի շուրջ տեսակետը բարձրաձայնելու հնարավորություն
- Լսելու այլոց կարծիքները, մտորելու, նոր տեսանկյունից նայելու կարողություն
- Գրական ճաշակի զարգացում, հոգևոր պահանջների բավարարում
- Ժամանակակից գրականության ներկայացուցիչների հետ հանդիպումների միջոցով ժամանակակից գրականությանն ու զարգացմանը, ժամանակակից գրողին անձամբ ճանաչելու հնարավորություն:
Էջի նկարը՝ Արմինե Մովսիսյանի
- Բացվել է 2049 անգամ