Մակտուբ
Primary tabs
Աշակերտն ասաց.
-Բոլոր ուսուցիչներն ասում են, որ հոգևոր գանձերը ձեռք են բերվում անհատական փնտրտուքի շնորհիվ: Այդ դեպքում ինչո˚ւ ենք մենք այստեղ հիմա միասին:
- Դուք միասին եք, քանի որ անտառը միշտ ավելի դիմացկուն է, քան միայնակ ծառը,- պատասխանեց ուսուցիչը: Անտառը խոնավություն է պահպանում , հակադրվում է փոթորկին և օգնում է հողին արգասաբեր լինելու: Իսկ ի՞նչն է ծառին պինդ պահում, եթե ոչ նրա արմատները: Մի բույսի արմատները չեն կարող օգնել մյուսին` աճելու: Այն, որ մենք միասին ենք մի նպատակով, մարդուն հնարավորություն է տալիս աճելու իր սեփական կերպարին համապատասխան, և սա է նրանց ճանապարհը, ովքեր ուզում են միաձուլվել Աստծուն:
Երբ ճանապարհորդը տասը տարեկան էր, մայրը ստիպեց նրան ֆիզիկական դաստիարակության կուրս անցնել: Վարժություններից մեկը պահանջում էր կամրջից գետը թռչել: Դասընթացի սկզբում նա վախից քարացել էր: Ամեն օր նա կանգնում էր շարքի վերջում և տանջվում, երբ իրենից առաջ կանգնածներից մեկը իր թռիչքն էր անում, քանի որ իր հերթը ավելի էր մոտենում: Մի անգամ մարզիչը նկատեց նրա վախը և ստիպեց նրան առաջինը թռչել: Չնայած նա դեռ վախեցած էր, բայց այդ ամենը այնքան արագ կատարվեց, որ վախը փոխարինվեց համարձակությամբ: Ուսուցիչն ասաց.
-Հաճախ մենք մեզ թույլ ենք տալիս պահը կորցնել: Բայց կան դեպքեր, երբ պետք է քշտենք մեր թևքերը և լուծենք խնդիրը: Այսպիսի դեպքերում ավելի վատթար բան, քան հապաղումն է, չկա։
Մի անգամ Բուդդան նստել էր իր աշակերտների հետ, երբ նրան մի մարդ մոտեցավ:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
-Այո՛, Աստված գոյություն ունի,- պատասխանեց Բուդդան:
Նախաճաշից հետո մի ուրիշ մարդ էլ հայտնվեց:
-Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
- Ո´չ, Աստված գոյություն չունի,- պատասխանեց Բուդդան:
Օրվա վերջում մի երրորդ մարդ Բուդդային նույն հարցը տվեց, և նրա պատասխանն այսպիսին էր.
-Դու ինքդ պիտի քեզ համար որոշես:
-Ուսուցի´չ, բայց դա անմտություն է,- ասաց աշակերտներից մեկը,- դու ինչպե՞ս կարող ես երեք տարբեր պատասխան տալ միևնույն հարցին:
-Որովհետև նրանք տարբեր մարդիկ էին,- պատասխանեց Պայծառատեսը,- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:
Մենք ամբողջությամբ զբաղված ենք ուրիշների սահմանած միջոցառումները ձեռնարկելով, արարքները գործելով և խնդիրները լուծելով: Մենք միշտ փորձում ենք ինչ-որ բան ծրագրել, ուրիշ մի բան լուծել և մի երրորդ բան բացահայտել: Այս ամենի մեջ ոչ մի անճշտություն չկա, վերջիվերջո հենց այսպես ենք մենք կառուցում և փոխում աշխարհը: Բայց Սքանչացումն էլ է կյանքի բաղկացուցիչ մասը: Որպեսզի ժամանակ առ ժամանակ կանգ առնես, որպեսզի ինքդ քեզնից փախչես և որպեսզի լուռ կանգնես Տիեզերքի առաջ : Որպեսզի ծնկի գաս հոգով ու մարմնով՝ առանց ինչ-որ բան խնդրելու, առանց մտածելու, նույնիսկ առանց շնորհակալ լինելու ինչ-որ բանի համար: Պարզապես, միայն ստանալու համար սիրո ջերմությունը, որ շրջապատում է մեզ: Այսպիսի պահերին կարող են անսպասելի արցունքներ գոյանալ, արցունքներ` ոչ այն է՝ ուրախության, ոչ այն է՝ տխրության: Մի´ զարմացեք դրա վրա: Դա նվեր է: Արցունքները մաքրում են ձեր հոգին:
Ուսուցիչն ասաց.
-Եթե պիտի լաց լինես, լա´ց եղիր ինչպես երեխան: Երբ երեխա էիր, առաջին բաներից մեկը, որ իմացել ես կյանքում, լացն է, քանզի այն կյանքի բաղկացուցիչ մասն է: Երբեք մի´ մոռացիր, որ դու ազատ ես, և քո զգացմունքները ցուցադրելը բոլորովին էլ ամոթ չէ: Բղավոցը, բարձրաձայն լացը այնքան աղմուկ են ստեղծում, ինչքան դու ես ուզում, քանի որ այդպես լալիս են երեխաները, իսկ նրանք գիտեն իրենց սիրտը հանգստացնելու ամենաարագ միջոցը: Դու երբևէ ուշադրություն դարձրե˚լ ես, թե ինչպես են երեխաները դադարում լաց լինել: Նրանք դադարեցնում են լացը, որովհետև ինչ-որ բան շեղում է նրանց: Ինչ-որ բան կանչում է նրանց հերթական արկածին: Երեխաները շատ արագ են դադարում լաց լինել: Դու էլ կարող ես այդպես անել, բայց եթե լաց լինես այնպես, ինչպես երեխաները:
Ճանապարհորդը նախաճաշում է իր կին - ընկերոջ` Ֆորտե Լաուդերդեյլում փաստաբանի հետ: Հարևան սեղանից շատ եռանդուն մի հարբեցող համառորեն նրան ընթրիքի հրավեր էր անում: Զայրացած ընկերը հարբեցողին խնդրում է իրեն հավաքել: Բայց նա պատասխանում է.
-Ինչո˚ւ, ես սիրո մասին խոսում եմ այնպիսի միջոցով, ինչը երբեք չի կիրառի ոչ մի սթափ մարդ: Ես երջանիկ եմ և փորձում եմ շփվել օտարի հետ: Ի˚նչ վատ բան կա դրա մեջ:
-Հիմա հարմար ժամանակ չէ,- ասում է կինը:
- Դուք կարծում եք, որ կա հատուկ ժամանակ` երջանկությունն արտահայտելու համա՞ր:
Այս խոսքերից հետո հարբած մարդը հրավեր ստացավ կնոջ սեղանից:
Ուսուցիչն ասաց.
-Մենք պետք է հոգ տանենք մեր մարմնի մասին: Դա Սուրբ Հոգու տաճարն է և արժանի է մեր հարգանքին ու սիրուն: Մենք պետք է լավագույնս օգտագործենք մեր ժամանակը: Մենք պետք է պայքարենք մեր երազանքների համար և համառ լինենք մինչև վերջ: Բայց մենք չպետք է մոռանանք, որ կյանքը կազմված է փոքրիկ հաճույքներից: Դրանք հայտնվել են այստեղ, որպեսզի ազդեն մեզ վրա, օգնեն մեզ մեր որոնումներում և մեր ամենօրյա պայքարից հանգստի պահեր հատկացնեն : Երջանիկ լինելը մեղք չէ: Ոչ մի վատ բան չկա ժամանակ առ ժամանակ սննդակարգի, քնի և երջանկության որոշված կանոնները շաշտելու մեջ: Մի ´ քննադատիր ինքդ քեզ, եթե երբեմն քո ժամանակը վատնում ես չնչին բաների վրա: Դրանք փոքրիկ հաճույքներ են, որ խթանում են մեզ:
Դաշնակահար Արթուր Ռուբինշտեյնը Նյու-Յորքի առաջնակարգ ռեստորաններից մեկում նախաճաշից ուշացավ: Ընկերները սկսեցին անհանգստանալ, բայց Ռուբինշտեյնը վերջապես հայտնվեց մի շքեղ շիկահեր տիկնոջ հետ, որ երեք անգամ տարիքով փոքր էր նրանից: Որոշակի չափով իր ժլատությամբ հայտնի լինելով` նա զարմացնեց իր ընկերներին` պատվիրելով ամենաթանկ անտրեկոտը և խիտ բույր ուեցող շատ եզակի մի գինի: Երբ նախաճաշն ավարտվեց, նա ժպիտով վճարեց հաշիվը:
-Ես տեսնում եմ, թե դուք որքան զարմացած եք,- ասաց Ռուբինշտեյնը: -Բայց այսօր ես եղել եմ իմ փաստաբանի մոտ` կտակս ձևակերպելու համար: Ես իմ հարստության մեծագույն մասը թողել եմ դստերս ու բարեկամներիս և մեծահոգաբար բարեգործական նվիրատվություններ եմ արել: Բայց հանկարծ հասկացա, որ ես կտակում չկամ, ամբողջը գնում է ուրիշներին: Այնպես որ, ես որոշել եմ իմ հանդեպ շռայլ լինել:
Մինչ ուսուցիչը ճամփորդում էր` տարածելով Աստծո խոսքը, տունը, որտեղ ապրում էր նա իր աշակերտների հետ, այրվեց:
-Նա տունը մեզ թողեց, իսկ մենք բավարար չափով չհոգացինք դրա համար,- ասաց աշակերտներից մեկը:
Նրանք անհապաղ սկսեցին նոր տուն կառուցել այրվածի տեղում, բայց ուսուցիչն ավելի շուտ վերադարձավ, քան ենթադրում էր, և տեսավ, թե ինչ են անում:
-Այսպիսով, իրերը նոր տուն են փնտրում,- երջանիկ ասաց նա:
Աշակերտներից մեկը զարմացած հայտնեց նրան, թե իրականում ինչ է եղել. տեղը, որտեղ նրանք միասին ապրում էին, կրակի բաժին էր դարձել:
-Ես չեմ հասկանում,- ասաց ուսուցիչը,- ես տեսնում եմ տղամարդկանց, ովքեր հավատով են լցված և կյանքի մի նոր էջ են բացում: Նրանք, ովքեր կորցրել են ողջ ունեցածը, ավելի լավ վիճակում են, քան շատ ուրիշներ, քանի որ այս պահից սկսած` իրերը կարող են միայն կատարելագործվել:
Ուսուցիչն ասաց.
-Եթե դու ճամփորդում ես քո երազանքների ճանապարհով, ապա դրան պատրաստ եղիր: Դուռը, որը կարելի է որպես գայթակղություն օգտագործել, օրինակ` «Դա բոլորովին այն չէ, ինչ ես ուզում էի», բաց մի´ թող, Այս նախադասությունն արդեն իր մեջ պարտության սերմեր է պարունակում: Անցի´ր քո ճանապարհը, եթե անգամ քո քայլերը հստակված չեն, եթե անգամ դու գիտես, որ դա կարող էիր ավելի լավ անել: Եթե դու քո հնարավորությունները ներկայում ընդունում ես, կասկած չկա, որ կկատարելագործես ապագայում: Բայց եթե դու ժխտում ես, որ սահմանափակումներ ունես, ապա երբեք դրանցից չես ազատագրվի: Քո ճանապարհին համարձակ կանգնիր և մ´ի վախեցիր ուրիշների քննադատությունից: Եվ որ ամենակարևորն է, թույլ մի´ տուր քեզ ինքնաքննադատությունից կաթվածահար լինել: Աստված քեզ հետ է քո անքուն գիշերներին և կմաքրի քո արցունքներն իր սիրով: Աստված խիզախների հետ է:
Ուսուցիչն ու իր աշակերտները ճամփորդում էին և ճանապարհինայնպես դւկրս եկավ, որ ի վիճակի չեղան սնվելու, ինչպես որ հարկն է: Ուսուցիչը ոմանց խնդրեց, որ գնան ու ուտելիք հայթայթեն: Աշակերտները վերադարձան օրվա վերջում: Ամեն մեկը բերել էր այնքան, որքան ի վիճակի էր եղել ձեռք բերելու ուրիշների բարեգործության արդյունքում՝ մրգեր, որոնք արդեն փչանալու ենթակա էին, չորացած հաց և դառը գինի: Աշակերտներից մեկը , այնուամենայնիվ, բերել էր մի ամբողջ պարկ հասած խնձոր:
-Ես պետք է մի բան անեի, որպեսզի օգնեի իմ ուսուցչին ու եղբայրներիս,- ասաց նա՝ բոլորին բաժանելով խնձորները:
-Որտեղի՞ց ես գտել այսքանը,- հարցրեց ուսուցիչը:
-Գողացել եմ,- ասաց նա: Մարդիկ փչացած ուտելիք էին տալիս, չնայած գիտեին, որ Աստծո խոսքն ենք տարածում:
-Կորի'ր այստեղից քո խնձորներով հանդերձ և այլևս չվերադառնաս,- ասաց ուսուցիչը: Նա, ով գողություն է անում ինձ համար, ինձնից է գողանում:
Շարունակությունը
- Բացվել է 3052 անգամ