Խոսքի մշակման վիրտուալ լաբորատորիա
Primary tabs
Լաբորատորիա - laboratorium, լատ. laboro «աշխատում եմ» բառից, նշանակում է տարածք՝ հագեցած բոլոր անհրաժեշտ նյութերով ու գործիքներով՝ փորձեր և հետազոտություններ անելու համար: Հայոց լեզվի, ընթերցանության իմ կաբինետում անհրաժեշտ գույքի և գրականության հետ ունենք բավարար թվային միջոցներ (համացանց , էլգրատախտակ, պրոյեկտոր, համակագիչ, մեր անհատական համակարգիչները, որ մերը դարձնենք նաև խոսքի մշակման վիրտուալ լաբորատորիան` կայքեր, բլոգներ, սոց.ցանցեր, էլ.գրադարան, գործիքներ՝ հոդվածներ, նյութեր, էլ.բառարաններ, նկարներ, աուդիոնյութեր, և այդ ամենը ստեղծելու, փոխելու, թարմացնելու համար նոր գործիքներ` մոնտաժային և այլ ծրագրեր:
7-9-րդ դասարանի սովորողների հետ աշխատում եմ հենց այս լաբորատորիայում: Կարդում ենք, գրում, կարծիքներ արտահայտում, քննարկում, բանավիճում, իրար ուղղում. կենդանի, գրավիչ շփում, որն աստիճանաբար սովորողին դարձնում է ինքնավստահ, ավելի համարձակ իր խոսքի մեջ, հետազոտող-ստեղծագործող, և ևս մի կարևոր բան՝ ինքն իրեն ռեժիսոր: Խոսքի մշակում ասելով` հենց սա եմ հասկանում. փորձում եմ անհատի մեջ բացել իրեն՝ խոսել համարձակ, արտահայտվել, կարծիք հայտնել, ընթացքում լուծելով նաև լեզվական բազմաթիվ խնդիրներ (ուղղագրական, կետադրական, քերականական օրինաչափությունների յուրացում):
Ուսումնական աշխատանքի յուրաքանչյուր փորձ և հետազոտություն սկսվում է նյութի հետ ծանոթությունից, շփումից. ինչպես պլաստիլինն ենք մի քիչ տրորում ձեռքի մեջ, որ տաքացնենք, տրամադրվենք՝ ընթացքում մտածելով, թե ինչ պիտի սարքենք, այդպես խաղում ենք մեր նյութով): Փորձերի ու հետազոտությունների նյութը դառնում է տեքստը՝ գրական, գիտական, հրապարակախոսական, կենցաղային-առօրյա: Վիրտուալ լաբորատորիայում այդ նյութերն ամենուրեք են և հասանելի բոլորին: Այս լաբորատորիայի պահարաններում` բլոգում (իմ, սովորողների, հայոց լեզվի և մյուս ուսուցիչների), կայքում, էլ.գրադարանում, ամսագրում, սոց.ցանցում, տարբեր մատուցմամբ կարելի է գտնել նյութեր՝ ըստ հետաքրքրության, մատչելիության:
Ուսումնասիրելուց և յուրացնելուց հետո սովորողները փորձում են այդ նյութից ինչ-որ բան պատրաստել, ստանալ: Նյութի հետ աշխատելու տարբերակները, հուշումները նույնպես լաբորատորիայում են՝ էլ.օրագրերում, մանկավարժական բլոգներում: Ցանկացած սովորող (նույնիսկ խմբում ֆիզիկապես ներկա չլինելու դեպքում) կարող է գտնել ուսումնական պարապմունքի առաջադրանքները և´ իր էլեկտրոնային օրագրում, և´ իր ուսուցչի բլոգում: Շատ եմ կարևորում նաև այն փաստը, որ հնարավորություն ենք ունենում աշխատելու «ուրիշների» լաբորատորիաներում: Յուրաքանչյուր «մինի» լաբորատորիա ինքնատիպ միկրոաշխարհ է, զգացողությունն ու մտածողությունը ամեն տեղ՝ տարբեր: Այդ բազմազանությունը օգնում է խուսափելու միօրինակ փորձերից, առաջարկում է սովորողին նյութի հետ աշխատելու ամենատարբեր ոճեր:
Փորձերի, հետազոտությունների արդյունքում սովորողը ստանում է մեկ այլ նյութ՝ իր սեփական խոսքը` գրավոր ու կենդանի հնչող, պատկերներով ու շարժումով, երաժշտությամբ: Նա իր աշխատանքը ոչ թե դնում է պայուսակն ու տուն տանում կամ հանձնում ուսուցչին, այլ պահում է իր լաբորատորիայում՝ որպես նոր ուսումնական նյութ, որով կարող են աշխատել մյուսները:
Վիրտուալ լաբորատորիայի առանձնահատկություններից է նաև այն հանգամանքը, որ հնարավորություն է տալիս հետևելու սովորողի կատարած աշխատանքներին, դրանց գնահատմանն ու ամփոփմանը: Յուրաքանչյուր առաջադրանքի կատարումը նշվում է էլ.մատյանում՝ բաց, թափանցիկ տարածք, որտեղ սովորողը կարող է հետևել իր կատարած աշխատանքի արդյունքներին` շատ հաճախ պարտադրելով ուսուցչին լինել հետևողական արդյունքները գրանցելու հարցում: