Իմ կյանքի պատմությունը
Primary tabs
Հատվածներ
Կարծում եմ՝ սքանչելի, միշտ ուրախ պապիցս, ում անունը հպարտորեն կրում եմ, ժառանգել եմ և´ մշտական լավատեսությունը, և´ հոգսերն ու մռայլ մտքերը ինձանից վանելու կարողությունը, և´ կենսախինդությունը: Կարողանում եմ «բադս կարապ դարձնել». իմ մասին ընկերներս էին ասում: Կարծում եմ, ոգու այդպիսի առույգությունը կյանքում ավելի մեծ նշանակություն ունի, քան հարստությունը: Երիտասարդությունը թող իմանա, որ այդ հատկությունը կարող է իր մեջ դաստիարակել, և, որ հոգին, ինչպես և մարմինը, պետք է լողա արևի շողերում: Քշեք տխուր մտքերը, եթե կան այդպիսիք, և եթե դրանք խղճի խայթից ու սխալ լինելու սեփական գիտակցումից չեն առաջացել: Հիշեք Բյորնսի կտակած կյանքի մեծ օրենքը. «Վախեցիր միայն սեփական խղճի դատաստանից»: Ամենավաղ երիտասարդությունից ղեկավարվել եմ այս օրենքով, և այն ինձ ավելի շատ օգուտ է տվել, քան բոլոր քարոզները, որոնք լսել եմ կյանքի ընթացքում, իսկ դրանք քիչ չեն եղել:
Մայրս նրա երկրորդ աղջիկն էր: Ի վիճակի չեմ նրան նկարագրելու, ինչպես հարկն է, և միայն կասեմ, որ նա իր մորից ժառանգել էր կրթված կնոջ քաղաքավարության արտաքին նազելիությունը: Հնարավոր է, որ երբևէ պատմեմ այդ սքանչելի կնոջ մասին: Չնայած, դժվար թե դա անեմ: Նա ինձ համար չափից մեծ սրբություն է: Ոչ ոք նրան չգիտեր այնպես, ինչպես ես: Հայրս շուտ է մահացել, և նրա մահից հետո մայրս ինձ համար ամեն ինչ էր: Առաջին գիրքս այսպիսի նվիրագիր ուներ. «Իմ ամենաթանկագին հերոսուհուն՝ մորս»: Այս բառերով ամեն ինչ ասված է:
Մանկության տարիներին ինձ համար մեծագույն հաճույք էր ճագարներ և աղավնիներ պահելը: Իմ փետրավոր և չորսոտանի սիրելիների համար հայրս գեղեցիկ տնակ էր պատրաստել, մինչև հիմա երախտագիտությամբ եմ հիշում այդ մասին: Մայրս կարծում էր, որ ընտանիքի ազդեցությունը ամենալավը կպահի տղաներին ճիշտ ճանապարհին, և դրա համար պետք է, որ տունը նրանց համար հարմարավետ լինի: Չգիտեմ, թե ինչ չէին անի հայրս և մայրս, որպեսզի միայն որախություն պատճառեին մեզ և հարևանների երեխաներին: Ճագար պահելու հետ է կապված իմ առաջին գործնական փորձառությունը: Ես ամբողջ ամառը ապահովված էի ընկերներիս ծառայություններով, ինչպես իսկական գործատու, և դրա համար միակ վարձատրություն էի նշանակել. նոր ծնված ճագարիկներին կոչում էի նրանց անուններով: Ամեն շաբաթ օր ընկերներս գնում էին ճագարների համար կեր հավաքելու: Մինչև հիմա էլ խիղճս տանջում է, որ այդպես աղքատորեն եմ վարձատրել իմ խաղի ընկերներին՝ իրենց աշխատանքի համար: Նրանցից շատերը ամբողջ ամառը ինձ հետ միասին խոտ էին հավաքում ճագարների համար, բավարարվելով այդ միակ վճարով, ամենաննշան, որ երբևէ գոյություն է ունեցել: Բայց ի՞նչ կարող էի նրանց առաջարկել: Չէ՞ որ ես էլ ոչ մի պենի չունեի...
Այս հիշողությունը կարևոր է, որովհետև այն առաջին նշանն էր, որ ես օժտված եմ կազմակերպչական տաղանդով, որի զարգացումից էր կախված կյանքում իմ արտաքին հաջողությունը: Այդ հաջողության համար ավելի շատ պարտական եմ իմ այն կարողությանը, որ միշտ կարողացել եմ գտնել այնպիսի մարդիկ, ովքեր ինձանից լավ գիտեն, թե ինչ պետք է անել, քան սեփական գիտելիքներին և կարողություններին: Ես շոգեմեքենայից ոչինչ չէի հասկանում, բայց փորձում էի ներթափանցել ավելի բարդ մեխանիզմ, որը մարդ է կոչվում:
Իսկ վերջալույսին, տնտեսությունից ազատ րոպեներին, նա փոքրիկ եղբորս, ով թելում էր ասեղը կամ մեղրամոմ էր քսում թելին, նստեցնում էր ծնկներին և պատմում էր նրան, ինչպես մի ժամանակ ինձ, տարբեր ուսանելի պատմություններ կամ արտասանում էր շոտլանդական ժողովրդական պոեզիայի լավագույն նմուշներից:
Այս իմաստով աղքատների երեխաները շատ ավելի լավ վիճակում են, քան հարուստներինը, քանի որ մոր տեսքով նրանք ունեն խնամողի, խոհարարուհու, դաստիարակչուհու, ուսուչուհու, պահպանիչ-հրեշտակի: Իսկ հայրը միաժամանակ նրանց համար օրինակ է, ղեկավար, խորհրդատու, ընկեր: Եղբայրս և ես մեծացել ենք այսպիսի պայմաններում: Եվ ի՞նչ կարող է ինչ-որ միլիոնատիրոջ կամ ազնվականի երեխա հակադրել այսպիսի պայմաններին:
... Վերջապես պետք է կարևոր հարց լուծեինք. ես ի՞նչ եմ անելու: Այդ ժամանակ տասներեք տարեկան էի: Դպրոցական կրթությունս դեռ Դանֆերմլինում էր ընդմիշտ ավարտվել: Ամերիկայում միայն մի ձմեռ երեկոյան դպրոց էի հաճախել: Ավելի ուշ որոշ ժամանակ ֆրանսերեն էի սովորել, ուսուցիչս բառի զարմանալի վարպետ էր ու ինձ արտասանել սովորեցրեց: Կարողանում էի կարդալ, գրել, հաշվել և սկսեցի հանրահաշիվ ու լատիներեն սովորել: Նամակը, որը տեղափոխվելու ժամանակ գրել էի քեռուս և հետագայում ետ էի ստացել, ապացուցում էր, որ այն ժամանակ ավելի լավ էի գրում, քան հիմա: Տանջվում էի անգլերենի քերականությունը սովորելիս, և մյուս երեխաների նման չէի հասկանում, թե ինչու են դրանով մեզ տանջում: Շատ քիչ էի կարդում, բացի Ուոլեսից, Բրյուսից և Բյորնսից, բայց փոխարենը անգիր գիտեի հայտնի շատ բանաստեղծություններ: Նաև մանկական հեքիաթներ գիտեի և հատկապես «Հազար ու մեկ գիշեր»-ի հեքիաթները, որոնք իմ առաջ նոր և կախարդական աշխարհ բացեցին: Ուղղակի կուլ էի տալիս այդ հեքիաթները:
Բոլոր մտքերս և ձգտումներս ուղղված էին նրան, թե ինչպես ինքս փող աշխատեմ, որպեսզի մեր ընտանիքը կարողանա նոր հայրենիքում իր համար տեղ ապահովել: Մշտական կարիքի մեջ կյանքի հեռանկարը ինձ հանգիստ չէր տալիս գիշեր ու ցերեկ: Եվ ես միայն այն բանի մասին էի մտածում, թե ինչպես անենք, որ մեր ընտանիքը կարողանա տարեկան երեք հարյուր դոլար ետ գցել. ամսական քսանհինգ դոլարը համարում էի այն անհրաժեշտ գումարը, որը ուրիշներից անկախ լինելու համար անհրաժեշտ էր:
Մեր կյանքը ծանր էր: Ձմռանը հորս հետ պետք է արթնանայինք, երբ դեռ բոլորովին մութ էր, նախաճաշեինք և հասնեինք ֆաբրիկա, նախքան լույսը կբացվեր: Աշխատանքը շարունակվում էր մինչև մութն ընկնելը, միայն ճաշին փոքր ընդմիջում ունեինք: Ժամերն ինձ համար շատ դանդաղ էին ձգվում, և աշխատանքը ոչ մի ուրախություն չէր պարգևում: Բայց հոգիս լուսավորվում էր, երբ մտածում էի, որ աշխատում եմ ընտանիքի, մեր տան համար: Հետագայում շատ միլիոններ եմ աշխատել, բայց դրանցից ոչ մեկը ինձ այնպիսի ուրախություն չի պատճառել, որքան շաբաթվա համար ստացած առաջին աշխատավարձս: Մտածում էի, որ արդեն ընտանիքի օգնական եմ, որ ինքս եմ փող վաստակում և ծնողներիս ուսերին բեռ չեմ: Այո, ես ցանկանում էի նրանց օգնել, ցանկանում էի մեր փոքրիկ նավակը պահել ջրի երեսին:
Մի անգամ, 1850թ. սկզբին, տուն վերադառնալով, ծնողներիցս լսեցի, որ հեռագրատան վարիչ պարոն Դևիդ Բրուքսը քեռի Հոգանից հետաքրքրվել է, թե նա չի ճանաչում հարմար տղայի, որին կարելի լինի հեռագրատան ցրիչի պարտականությունները վստահել: Նրանք երկուսն էլ մոլի շաշկի խաղացողներ էին, և պարտիաներից մեկի ժամանակ էլ ծագել էր այդ կարևոր հարցը: Այդպես մանրուքները հաճախ իրենց ետևից մեծ հետևանքներ են բերում: Երբեմն բավական է լինում բառ, հայացք, ձայնի ելևէջ, որպեսզի ազդի ոչ միայն առանձին մարդու, այլև ամբողջ ժողովրդի ճակատագրի վրա: Ինչ-որ բան մանրուք համարելը մեծ ինքնավստահություն է: Չեմ հիշում, թե ով եղել այն մարդը, ով մանրուքներին ուշադրություն չդարձնելու խորհրդին պատասխանել է, որ ինքը սիրով կհետևեր այդ խորհրդին, եթե իրեն բացատրեին, թե ինչ է մանրուքը:
Մեր բանակցությունների արդյունքը հաջող էր: Հարկ համարեցի հայտնել, որ դեռ վատ գիտեմ Փիթսբուրգը, որ աշխատանքը, կարող է ինձ համար դժվար լինել, քանի որ ես դեռ բավարար չափով ուժեղ չեմ, բայց, այնուամենայնիվ, պատրաստ եմ փորձել: Պարոն Բրուքսը հարցրեց, թե երբ կարող եմ սկսել ծառայությունը, ինչին պատասխանեցի, որ եթե հարկա կա, անմիջապես: Հիմա, հիշելով պատասխանս, կարծում եմ, որ յուրաքանչյուր պատանու չէր խանգարի այդ մասին մտածելը: Ստեղծված իրադրությունից անմիջապես չօգտվելը մեծ սխալ է: Ինձ աշխատանք են առաջարկել, և, եթե անմիջապես չհամաձայնեմ, հետո կարող է ինչ-որ բան պատահել, և իմ փոխարեն կարող է ուրիշ տղա հայտնվել: Բայց հիմա ես այստեղ եմ և հաստատ որոշել եմ մնալ, եթե միայն ամենափոքր հնարավորություն լինի: Պարոն Բրուքսը ինձ հետ շատ սիրալիր վարվեց. սկզբնական շրջանում պետք է պահուստային ցրիչի պարտականություններ կատարեի, նա կանչեց մյուս տղաներին և հանձնարարեց, որ ինձ իրենց հետ վերցնեն և ծանոթացնեն նոր պարտականություններիս: Դեռ ժամանակ էլ գտա, որպեսզի վազեմ հորս մոտ և ասեմ, որ ամեն ինչ կարգին է, և խնդրեմ՝ մորս փոխանցի, որ արդեն ծառայության մեջ եմ:
Այսպիսով, 1850 թվականը շրջադարձային դարձավ իմ հետագա կյանքում: Մութ նկուղից, որտեղ շաբաթը երկու դոլարի համար մրոտ դեմքով տանջվում էի շոգեմեքենայի վրա, տեղափոխվել էի երկինք, որտեղ արևային լույսի մեջ ինձ շրջապատում էին թերթերը, փետուրե գրիչները, մատիտները: Օրվա ընթացքում չկար րոպե, երբ ինչ-որ նոր բան չսովորեի կամ իմանայի, թե ինչքան շատ բան դեռ կա, որ չգիտեմ ու պետք է սովորեմ: Այնպիսի զգացողություն էր, որ ես կանգնած եմ աստիճանի ներքևի հարթակին, որով դեռ պետք է բարձրանամ:
Այն ժամանակ մի հոգս ունեի, որ բավականաչափ արագ չէի հիշում տարբեր առևտրային ընկերությունների հասցեները, ուր պետք էր հեռագրերը հասցնել: Դրա համար ես գրում էի մի մայթի տների բոլոր ցուցակները աճող հերթականությամբ, իսկ մյուս մայթինը՝ նվազող. երեկոյան բոլորը վերահամարակալում էի: Եվ արդեն կարճ ժամանկում կարող էի փակ աչքերով, թվարկել բոլոր ընկերությունների անունները՝ փողոցի մի ծայրից մյուսը:
Իմ հաջորդ գործը մարդկանց հետ ծանոթանալն էր: Որովհետև այն ցրիչը, ով դեմքով ճանաչում էր ընկերությանում ծառայողներին, նա կարող էր խնայել ճանապարհի զգալի մասը՝ հանդիպելով ճանապարհին նրանցից մեկին: Մեզ՝ տղաներիս համար, մեծ հաջողություն էր, եթե կարողանում էինք նրանցից մեկին փողոցում տալ հեռագիրը: Դրան միանում էր նաև հպարտության զգացումը, որ մեծ մարդը (իսկ հեռագիր բաժանողներիս համար բոլորն էլ մեծ մարդիկ են) կանգնում էր փողոցում և ողջույնի մի քանի խոսք ասում:
Մեր կյանքը միայն հաճույքներից չէր բաղկացած. սպիված էինք շատ լարված աշխատել: Երկու օրը մեկ մեր աշխատանքը վերջանում էր այն ժամանակ, երբ փակվում էր գրասենյակը, և այդպիսի երեկոներին հազվադեպ էի 11-ից շուտ տուն հասնում: Մյուս օրերը ազատվում էինք երեկոյան 6-ին: Հասկանալի է, որ նման պայմաններում քիչ ժամանակ էր մնում հետագա կրթությանս համար: Դրանից բացի, ընտանիքի կարիքները այնպիսին էին, որ մոտս գրքերի համար ավելորդ փող չէր մնում: Հանկարծ, ասես երկնքից, իմ առաջ բացվեց գրքերի գանձարան:
Գնդապետ Ջեյմս Անդերսոնը, հավերժ հիշատակ նրան, տեղեկացրեց, որ 400 գրքից բաղկացած իր գրադարանը տրամադրում է պատանի բանվորներին, որոնք ամեն շաբաթ երեկո կարող էին մի գիրք տանել տուն և հաջորդ շաբաթ օրը փոխարինել: Ընկերս՝ Թոմաս Միլերը հիշեցրեց, որ գնդապետ Անդերսոնի գրքերը նախատեսված էին միայն «բանվոր» (working boys) տղաների համար, և, հետևաբար, հայտնի չէր, իրավունք ունենին օգտվել ցրիչները (messenger boys), գրասենյակում ծառայողները և ընդհանրապես բանվոր չհանդիսացողները: Դրա հետևանքն եղավ այն, որ առաջին անգամ հանդես եկա մամուլում. նամակ գրեցի «Pittsburgh Dispatch»-ի խմբագրությանը:
Նամակում համոզիչ խնդրում էի մեզ չանտեսել, քանի որ մեզանից շատերը առաջ սևագործ բանվորներ են եղել, և, հետևաբար, իրավունք ունեին «պատանի բավորներ» կոչվելու: Այդ նամակից հետո գնդապետ Անդերսոնը փոխեց իր սկզբնական կարգադրությունը՝ հօգուտ մեզ: Այսպիսով, մամուլում իմ առաջին ելույթը հաջողություն ունեցավ:
Իմ մտերիմ ընկեր Թոմ Միլերը, ով ապրում էր գնդապետ Անդերսոնի հարևանությամբ, ծանոթացրեց մեզ:
Այսպիսով բացվեցին խավարիս դռները, և գիտելիքի լույսը թափանցեց այնտեղ: Այդ ժամանակից և´ աշխատանքային օրս, և´ երեկոյան ծառայության երկար ժամերը լուսավորվում էին գրքերով, որոնցից երբեք չէի բաժանվում և կարդում էի ամեն րոպե, որը կարողանում էի փախցնել աշխատանքիցս: Երբ մտածում էի, որ հաջորդ շաբաթ ձեռքիս նոր գիրք է լինելու, ապագան լուսավոր և փայլուն էր թվում:
Բայց մեծագույն գրող Շեքսպիրին այն ժամանակ ծանոթ չէի, բացառությամբ դպրոցական դասագրքում եղած մի քանի հատվածների. միայն հետագայում իմ այցելությունը փիթսբուրգյան թատրոն Շեքսպիրի նկատմամբ հետաքրքրություն առաջացրեց: Մոտ ընկերներս՝ Ջոն Ֆիփսը, Ջեյմս Ուլիսոնը, Թոմաս Միլերը և Ուիլյամ Քաուլին, ինձ հետ հավասար ունեին գնդապետ Անդեսոնի գրադարանից օգտվելու թանկարժեք իրավունքը: Նրա մեծահոգության շնորհիվ իմ տրամադրության տակ եղան գրքեր, որոնք առանց նրա անհասանելիկմնային: Նրան եմ պարտական գրականության հանդեպ սիրո համար, ինչը չեմ փոխի աշխարհի բոլոր գանձերի հետ: Առանց դրա կյանքն անտանելի կլիներ: Նրա ազդեցությունը իմ և ընկերներիս պահպանեց վատ շրջապատից և վատ սովորույթներից:
Այսպիսով, սեփական փորձով, հանգեցի եզրակացության, որը հետագայում դարձավ իմ համոզմունքը. լավ կարողություններ և հետագա զարգացման ձգտում ունեցող պատանի աղջիկների և տղաների բարօրության համար չի կարելի փողը ավելի նպատակահարմար ծախսել, քան հանրային գրադարաններ ստեղծելը: Վստահ եմ, որ իմ հիմնած գրադարանները հետագայում կապացուցեն իմ կարծիքը:
Գրադարանի ամենամեծ օգուտն այն է, որ այնտեղ ամբարված գանձերը պետք է ինքնուրույն գտնես: Պատանիները իրենք պետք է ձեռք բերեն իրենց գիտելիքները: Դրանից ոչ մեկը չի կարող ազատվել:
.... Հեռագրատուն իմ ընդունվելուց մոտ մեկ տարի էր անցել: Ջոն Գլասը՝ հասարակությունից հաղորդագրությունների ընդունման բաժնի վարիչը, իր կարճաժամկետ բացակայությունների ժամանակ սկսեց ինձ փոխանցել իր պարտականությունները: Քանի որ նա քաղաքում մեծ ժողովրդականություն էր վայելում և ակտիվ մասնակցում էր քաղաքականությանը, նրա բացակայությունը ավելի հաճախակի և տևական էր դառնում, և շուտով ես ամբողջովին վարժվեցի այդ աշխատանքին: Մարդկանցից ընդունում էի հաղորդագրությունները և հետևում, որ ցրիչները ստացված հեռագրերը ժամանակին հասցնեին հասցեատերերին:
Տղայի համար այսպիսի աշխատանքը վերին աստիճանի գայթակղիչ էր: Այս պատճառով էլ, այդ ժամանակ մյուս տղաների համակրանքին չէի արժանանում, նրանք բարյացակամ չէին վերաբերում ինձ, քանի որ ինձ ազատել էին նախկին պարտականություններից:
Ինձ նախատում էին նաև, որ շատ վատ էի հագնվում: Ես չէի ծախսում իմ անսպասելի աշխատավարձերը, թե ինչու՝ նրանք չգիտեին: Գիտեի, որ տանը կա յուրաքանչյուր պենիի կարիքը, որը ինձ հաջողվում էր խնայել: Ծնողներս շատ խելամիտ էին և ինձանից ոչինչ չէին թաքցնում: Ինձ հայտնի էր, թե որքան է ընտանիքի երեք կերակրողների՝ հորս, մորս և իմ, շաբաթական աշխատավարձը: Գիտեի նաև մեր բոլոր ծախսերը: Միասին էինք քննարկում, թե ինչպես լրացնենք մեր համեստ կահույքը և հագուստը, և յուրաքանչյուր նոր ձեռք բերված իրը, ինչքան էլ որ աննշան լիներ, դառնում էր մեծագույն ուրախության աղբյուր: Դժվար է ավելի համերաշխ ընտանիք պատկերացնել, քան մերն էր:
Յուրաքանչյուր արծաթե կեսդոլարանոցը, որը մորս հաջողվում էր խնայել, ջանասիրաբար թաքցվում էր գուլպայում, որտեղ էլ պահվում էր: Երբ հավաքվեց երկու հարյուր հատ, ինձ հանձնարարվեց վերադարձնել այն քսան ֆունթ սթերլինգը, որը մեզ պարտքով տվել էր մորս բարեկամ միսիս Հենդերսոնը: Ի՛նչ տոն էր մեզ համար: Կարնեգիների ընտանիքը այլևս պարտք չուներ: Ինչքա՛ն երջանիկ էինք այդ օրը: Նյութական պարտքը վճարված էր, բայց շնորհակալության պարտքը երբեք չի կարող մարվել: Մենք չենք կարող մոռանալ միսիս Հենդերսոնին:
Մի երկո, երբ պարոն Գլասը տղաներին բաժանում էր ամսական աշխատավարձերը, ցրիչի իմ կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն ինձ ստիպեց զգալ, ինչպես յոթերորդ երկնքում: Մենք շարք էին կանգնած այն սեղանի առաջ, որտեղից վճարում էին մեր աշխատավարձը. ամենամոտիկն էի կանգնած և ձեռքս մեկնեցի առաջին ծրարին, որի մեջ տասնմեկ և քառորդ դոլար կար: Բայց, ինձ համար անակնկալ, պարոն Գլասը ինձ բաց թողեց և ծրարը տվեց հաջորդ տղային: Մտածեցի, որ նա սխալվել է, քանի որ սովորաբար ես էի առաջինը ստանում: Բայց նույն պատմությունը կրկնվեց, ինչև բոլոր տղաներն ստացան:
Սիրտս այնպես էր բաբախում, կարծես ուզում էր կրծքիցս դուրս թռչել: Բոլորի ներկայությամբ խայտառակվել էի: Ի՞նչ էի արել, ի՞նչ բացթողում ունեի: Հավանաբար, հիմա կլսեմ, որ այստեղ անելիք չունեմ: Ես մեր ընտանիքի խայտառակությունն եմ, և սա ինձ համար ամենասարսափելին էր: Երբ բոլոր տղաները ստացան իրենց աշխատավաձը և ցրվեցին, պարոն Գլաստն ինձ ասաց, որ ես ավելին արժեմ և այդ պահից սկսած ամսական կստանամ տասներեք ու կես դոլար:
Գլուխս պտտվեց, ինձ թվաց, որ չհասկացա: Բայց նա հաշվեց ու տվեց տասներեք ու կես դոլար: Չեմ հիշում՝ շնորհակություն ասացի՞, բայց ինձ թվում է, որ մոռացել եմ դա անել:
Վերցրեցի փողը, մի ցատկով հայտնվեցի դռան ետևում և մինչև տուն ամբողջ ճանապարհն անցա վազելով: Մորս, ով մեր տան գանձապահի պարտականությունն էր կատարում, տվեցի տասնմեկ և քառորդ դոլարը և չասացի, որ գրպանումս ունեմ էլի երկուս և քառորդ դոլար: Մինչև հիմա էլ դրանք ինձ համար ավելի թանկ են, քան հետագայում աշխատած իմ բոլոր միլիոնները:
Կիրակի առավոտյան, երբ ամբողջ ընտանիքը հավաքվել էր նախաճաշելու, գրպանիցս հանեցի երկուս ու քառորդ դոլարը: Զարմանքը շատ մեծ էր, և բավականին ժամանակ անցավ, մինչև ծնողներս հասկացան, թե ինչ է եղել: Եվ այդ ժամանակ հորս երեսի նուրբ հպարտության արտահայտությունը և մորս՝ արցունքներից փայլող աչքերը մատնեցին նրանց զգացումները: Սա իրենց տղայի առաջին մեծ հաջողությունն էր և այն բանի անկասկածելի ապացույցը, որ նա արժանի է առաջխաղացման: Հետագա հաջողություններիցս ոչ մեկը, ոչ մեկի կողմից իմ արժանիքների գնահատումն այդպիսի ուրախություն չեն պատճառել ինձ: Ինձ յոթերորդ երկնքում էի զգում: Ամբողջ իմ փոքրիկ աշխարհը ուրախության արտասուք էր թափում:
.... Գրասենյակը առավոտյան հավաքելիս, մինչև ծառայողների գալը, տղաներով հնարավորություն էինք ունենում սարքերի վրա վարժվելու: Դա նոր հնարավորություն էր: Շոտով սովորեցի հեռագրական սարքով աշխատել և հեռագրական կապեր հաստատեցի այլ գրասենյակների տղաների հետ: Եթե ինչ-որ բան սովորում ես, միշտ կգտնվի սովորածը գործնականում կիրառելու հնարավորություն: Մի առավոտ Փիթսբուրգը կանչող ուժգին ազդանշան լսեցի: Եզրակացրեցի, որ ինչ-որ մեկը ցանկանում է շտապ հեռագիր ուղարկել: Երկար չմտածելով, որոշեցի պատասխանել և միացրի ժապավենը: Պարզվեց, որ Ֆիլադելֆիան ցանկանում է շտապ հաղորդագրություն ուղարկել Փիթսբուրգ՝ մահվան մասին: Կարո՞ղ եմ ընդունել: Պատասխանեցի, որ կփորձեմ, եթե դանդաղ հաղորդեն: Ամեն ինչ հաջող ստացվեց, և վազեցի հեռագիրը հասցեատիրոջը հանձնելու: Հուզմունքով սպասեցի պարոն Բրուքսի գալուն և նրան հայտնեցի, թե ինչ եմ արել: Բարեբախտաբար, նա խրախուսեց արարքս և գովեց՝ ինքնագլուխ գործողության համար պախարակելու փոխարեն: Դրանից հետո, հեռագրավարների կարճաժամկետ բացակայությունների ընթացքում, ինձ թույլատրում էին աշխատել սարքերի վրա: Այսպես սովորեցի հեռագրավարել:
Գրինսբուրգում զբաղեցրի հեռագրական գործում իմ առաջին պատասխանատու պաշտոնը: Այնքան էի ջանում անհրաժեշտության դեպքում միշտ տեղում լինել, որ մի գիշեր, կայծակի ժամանակ, երկար էի մնացել գրասենյակում` չցանկանալով ընդհատել կապը: Շատ էի մոտեցել հոսանքի անջատիչին և, որպես պատիժ այդ թեթևամիտ վարքիս համար, շպրտվեցի աթոռից: Մազ էր մնացել, որ սպանվեի կայծակից: Այդ ժամանակից ձեռք բերեցի կայծակի դեպքում ամենազգույշ աշխատողի համբավ:
Այդ ժամանակ տասնվեց տարեկան էի, ուսման տարիներն ինձ համար ավարտված էին:
Արդեն երեխա չէի, դարձել էի մեծահասակ և աշխատում էի մեծահասակի նման. օրական մեկ դոլար էի վաստակում:
Հեռագրատան գրասենյակը փայլուն դպրոց է երիտասարդի համար: Այստեղ գերազանց ձևով կարող են զարգանալ նրա հնարամտությունը և համադրելու կարողությունը: Ինձ պետք եկան անգլիական և եվրոպական պայմանների մասին գիտելիքներս: Ցանկացած գիտելիք օգտակար է. վաղ թե ուշ այն գտնում է իր կիրառությունը:
.... Այդպիսի ակումբի աշխատանքին մասնակցությունը մեծ առավելություն էր յուրաքանչյուր երիտասարդի համար: Սպասվող քննարկմանը պատրաստվելիս շատ էի կարդում և դա մտքերս դարձնում էր ավելի պարզ ու ճշգրիտ: Այդ ժամանակվանից հասարակական ելույթների ժամանակ ղեկավարվում եմ երկու սկզբունքներով: Առաջին` տանը լավ պատրաստվել, թե ինչի մասին ես ելույթ ունենալու, և ունկնդիրների հետ խոսել ամենապարզ ձևով, ոչ թե նրանց գլուխների վրայից: Երկրորդ` չփորձես ուրիշներին թվալ այնպիսին, ինչպիսին չես, միշտ ինքդ քեզ հարազատ մնա, իզուր չդատարկախոսես այնքան, մինչև գլուխդ պայթի:
Իջա գետափ և սպասեցի նավին, որով երեկոյան ժամանեց հայրս: Մինչև հիմա հիշում եմ, թե որքան ցավալի էր, երբ տեսա, որ նա եկել էր տախտակամածին, որպեսզի ավելորդ փող չծախսի նավախցի տոմսի համար: Վշատացել էի մինչև հոգուս խորքը, որ այդպիսի մարդը ստիպված էր ճանապարհորդել նման պայմաններում: Բայց մխիթարվում էի սիրածս մտքով:
-Ոչինչ, հայրիկ,- ասացի,- հեռու չէ այն ժամանակը, երբ սեփական կառքով մայրիկի հետ կշրջեք:
Հայրս շատ ամոթխած, զուսպ մարդ էր և (որպես իսկական շոտլանդացի) շատ ժլատ էր գովեստների մեջ՝ վախենալով, որ որդիները դրանից կմեծամտանան: Բայց բավական էր, որ նա հուզվեր ինչ- որ պատճառով, և բոլորովին կորցնում էր զգացմունքներին տիրապետումը: Այդպես պատահեց նաև այս դեպքում: Նա բռնեց ձեռքս, նայեց ինձ այնպիսի հայացքով, որը չեմ մոռանա մինչև կյանքիս վերջը, և ցածր ու դանդաղ ասաց.
-Էնդրյու, ես հպարտանում եմ քեզնով:
Նրա ձայնը դողում էր, և թվում էր, որ նա ամաչում է իր խոսքերից: Երբ նա ինձ բարի գիշեր մաղթեց և համոզեց, որ գրասենյակ վերադառնամ, նկատեցի, որ նրա աչքերը թաց էին: Երկար տարիներ նրա խոսքերը հնչում էին ականջներումս և տաքացնում սիրտս: Մենք հասկանում էինք իրար: Ինչքա´ն զուսպ են շոտլանդացիները: Նրանք որքան խորն են զգում, այնքան քիչ են խոսում, և լավ է, որ այդպես է: Կան սրբազան խորքեր, որոնց լուսաբանումը սրբապղծություն կլինի: Հաճախ լռությունը բառերից ավելի պերճախոս է:
- Բացվել է 3975 անգամ